Ինչո՞ւ է Ռուսաստանը և «հեռացնում» Հայաստանին, և զրկում ինքնիշխանությունից

Երեկ Նիկոլ Փաշինյանը լուրջ մեղադրանքներ հնչեցրեց Ռուսաստանի հասցեին՝ այն անվանելով «մետրոպոլիս», որը վերջին տարիներին երրորդ անգամ փորձում է «զրկել Հայաստանին  ինքնիշխանությունից»։

Փաշինյանը խոսեց ոչ թե Հայաստանում կառավարությունը տապալելու փորձի, այլ հենց երկրի ինքնիշխանությունից զրկվելու մասին։

Նա որպես առաջին փորձ նշեց 2023 թվականի իրադարձությունները, երբ ռուսական զորքերի ներկայությամբ Արցախից մարդկանց հոսք ուղղվեց դեպի Հայաստան, զուգահեռ հնչեցին քաղաքական իշխանության փոփոխության կոչեր։ Երկրորդ փորձը, նրա պնդմամբ, արվել է 2026 թվականի ամռան ընտրությունների ժամանակ, բայց երկ փորձն էլ ձախողվել են։ Այժմ, երբ Ռուսաստանը պահանջում է հանրաքվե անցկացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության վերաբերյալ, երրորդ փորձն է արվում, ասաց Փաշինյանը։ Այս ֆոնին նա չբացառեց Հայաստանում վաղաժամկետ ընտրությունների հնարավորությունը։

Փաշինյանը իր կառավարությունը տապալելու փորձերը նույնացնում է որոշ երկրների և «մետրոպոլիայի»՝ Հայաստանը ինքնիշխանությունից զրկելու մտադրությունների հետ։ Այս մոտեցումը Փաշինյանին վերածում է ինքնիշխանության անփոխարինելի պահապանի, որը որոշում է՝ արդյոք Հայաստանը ինքնիշխան կլինի, թե ոչ։

Մոսկվան պատասխանեց Փաշինյանի մեղադրանքներին, հայտարարելով, որ նոյեմբերի 11-ին կքննարկվի ՀԱՊԿ-ից և դեկտեմբերին՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի հեռացման հարցը։ Փաշինյանն ասում է, որ սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մետրոպոլիան հեռացնում է իրենից Հայաստանին, այլ ոչ թե փորձում դեպի իրեն ձգել։

Փաշինյանի երկու հակասական հայտարարությունները՝ Ռուսաստանի կողմից Հայաստանին ինքնիշխանությունից զրկելու մտադրության և այն մասին, որ Ռուսաստանը հեռացնում է իրենից Հայաստանին, կարող են ունենալ միայն մեկ տրամաբանական բացատրություն. Ռուսաստանը պատրաստվում է «զիջել» Հայաստանը մեկ այլ մետրոպոլիայի։ Եվ դա ո՛չ Միացյալ Նահանգներն է, ո՛չ էլ Եվրամիությունը։ Դա Թուրքիան է, որի հետ Ռուսաստանը 1921 թվականին կնքել է անօրինական պայմանագրեր, որոնցով գծած սահմանները մինչ օրս ուժի մեջ են։

«Իշխանության տապալումը», ինքնիշխանությունից զրկվելը և մետրոպոլիայի փոփոխությունը սպառնում են ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին։ Եվ այս ֆոնին Ալիևի և Էրդողանի միջև սրվող պայքարը պատահական չէ։ Ադրբեջանը շատ ավելի մեծ հնարավորություն ունի դառնալու թուրքական գաղութ, քան Հայաստանը, և Ալիևը կարող է կորցնել իր բոլոր «ձեռքբերումները», եթե Ռուսաստանը և Թուրքիան կնքեն նոր «Կարսի պայմանագիր»։

Ի՞նչ կլինի, երբ Ռուսաստանը հեռացնի Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից։ Ի՞նչ անվտանգության համակարգում կարող է հայտնվել Հայաստանը, ո՞ւմ միջուկային և օդային պաշտպանության հովանոցի տակ։ Արդյո՞ք կչեղարկվի 1921 թվականի Կարսի պայմանագիրը, և ինչպե՞ս կորոշվի հայկական Նախիջևանի ճակատագիրը։

Հայ քաղաքական գործիչները, քննարկելով Հայաստանի՝ ռուսական ազդեցությունից դուրս գալու հետևանքները, հիմնականում հիշատակում են տնտեսական բաղադրիչը, որը չափազանց կարևոր է։ Սակայն անվտանգության հարցը գլխավորն է, և այս հարցը մնում է անպատասխան։

Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանի՝ իրեն նույնականացնելու Հայաստանի ինքնիշխանության հետ, ապա արտահերթ ընտրությունների արդյունքում աննկատ անհետանալու փորձերը նման են ինքնիշխանության անխուսափելի ճգնաժամի նախապատրաստության։

Ինչպես Փաշինյանը 2023 թվականին արցախցիների ցեղասպանությունն ու տեղահանությունը բացատրում է որպես Ռուսաստանի մտադրություն՝ տապալելու Հայաստանում իշխանությունը և զրկելու այն ինքնիշխանությունից, վաղը նա Հայաստանի ինքնիշխանության կորստի համար կմեղադրի ընդդիմությանը, արցախցիներին, Ռուսաստանին և «անմիտ» ժողովրդին։ Ինչպես 2023 թվականին նա կոչ արեց արցախցիներին մնալ և ապրել ադրբեջանի իրավասության ներքո, այնպես էլ կոչ կանի հայ ժողովրդին ապրել «այլ» մետրոպոլիսի տիրապետության ներքո։