Բելգիայի դաշնային խորհրդարանում լսումներ կանցկացվեն Արցախի վերաբերյալ բանաձևի նախագծի շուրջ

Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 2-ին տեղի կունենան լսումներ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագծի շուրջ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ բանաձևի նախագիծն ամիսներ առաջ առաջարկվել է դաշնային պատգամավորներ Էլս Վան Հուֆի և Միշել դը Մաեգդի կողմից։

Բանաձևի նախագիծը ներկայացրած բելգիացի դաշնային պատգամավոր Էլս Վան Հուֆը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է՝ շատ է կարևորում փաստը, որ Բելգիան աջակցի Հայաստանին՝ մի երկրի, որը կիսում է ժողովրդավարության, իրավունքի գերակայության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի նույն արժեքները։

«Ես խորապես ցնցված էի Լաչինի միջանցքի շրջափակումից, Ադրբեջանի հետագա ագրեսիայից ընդդեմ Արցախի ժողովրդի և Ադրբեջանի շարունակական ագրեսիվ հռետորաբանությունից՝ ընդդեմ Հայաստանի։ Բելգիան և Եվրոպան պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի այն լիովին հարգի Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և անկեղծորեն աշխատի կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։ Եթե Ադրբեջանը շարունակի խախտել միջազգային իրավունքը, անհրաժեշտ է, որ եվրոպական մակարդակում սահմանափակումներ կիրառվեն, և ԵՄ-ի հարաբերությունները Ադրբեջանի հետ վերանայվեն։ Սա է իմ բանաձևի կոչը», – ասել է Էլս Վան Հուֆը։

Միշել դե Մաեգդն էլ նշել է, որ անընդունելի է, որ հայ գերիները դեռևս անմարդկային պայմաններում պահվում են Բաքվի բանտերում։ Դաշնային պատգամավորը շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է գործի։

«Մենք պետք է բարձրացնենք մեր ձայնը։ Մենք պետք է հնարավոր բոլոր միջոցներով ուժեղացնենք ճնշումն Ադրբեջանի վրա։ Այս հարցն այս շաբաթ կրկին քննարկել եմ արտաքին գործերի նախարարի և վարչապետի հետ։ Խնդիրը հրատապ է։ Այս բանաձևի առաջարկը հենց այս նպատակին է ծառայում։ Այն հորդորում է կառավարությանը գործել և կիրառել իր լծակները։ Պահանջում է Ալիևի վարչակարգի նկատմամբ պատժամիջոցներ։ Ես կմնամ լիովին ներգրավված, ինչպես միշտ, և երբեք չեմ հրաժարվի այս պայքարից», – Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Միշել դը Մաեդգը։

Բանաձևի առաջարկված նախագծի առանցքային կետերի թվում են արցախահայության անվտանգ վերադարձի հարցը, Ադրբեջանի թշնամական հռետորաբանությունը, տարածաշրջանում կայուն խաղաղության անհրաժեշտությունը,  հայ գերիների ազատումը, հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունն ու շատ այլ հարցեր։ 

Իրանի արտգործնախարարն այսօր կժամանի Հայաստան

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այսօր կայցելի Հայաստան, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Ըստ իրանական կողմի՝ Արաղչին Երևան է ժամանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հրավերով՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային հարցեր։

Նշվում է, որ Իրանի արտգործնախարարը կհանդիպի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանում վերջին զարգացումները։

Հայկական կողմը փոխանցում է, որ Արաղչին Հայաստան է ժամանում մեկօրյա այցով, վաղը արտգործնախարարությունում նա կհանդիպի Միրզոյանի հետ, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Այցի շրջանակներում կկայանա նաև նախարար Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը։

Սա արտգործնախարարի պաշտոնում նրա առաջին այցն է Հայաստան։

Էքրեմ Իմամօղլուն առաջադրվել է Թուրքիայի նախագահի թեկնածու

DW

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը (CHP) կիրակի օրը՝ մարտի 23-ին, առաջադրել է պաշտոնանկ արված և բանտարկված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին որպես նախագահի թեկնածու։ CHP-ի փրայմերիզներին մասնակցել է Թուրքիայի 15 միլիոն քաղաքացի, ինչը կազմում է երկրում գրանցված ընտրողների գրեթե մեկ քառորդը։ Նրանցից 13,2 միլիոնը աջակցություն է հայտնել Իմամօղլուին, ով միակ թեկնածուն էր։

CHP-ի նախագահ Օզգուր Օզելը կոչ է արել Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել և մրցակցել Էքրեմ Իմամօղլուի դեմ։

Նույն օրը ընդդիմության տասնյակ հազարավոր կողմնակիցներ հավաքվել էին Ստամբուլի քաղաքապետարանի մոտ՝ բողոքարկելու այն, ինչ նրանք համարում են Էրդողանի մրցակցի քաղաքական դրդապատճառներով հետապնդում: «Իմամօղլուն մի կողմից բանտում է, իսկ մյուս կողմից՝ նախագահական գնալու ճանապարհին»,- հանրահավաքում Օզելի խոսքերը մեջբերում է AP-ն։ Ցուցարարների առջեւ ելույթ է ունեցել նաեւ նախագահի նոր թեկնածու Դիլեք Քայա Իմամօղլուի կինը։

Ցուցարարները փորձել են բարիկադներ կառուցել և բախվել ոստիկանության հետ, գրում է Milliyet-ը։ Արդյունքում, նրա տվյալներով, 66 ցուցարար բերման է ենթարկվել, հինգ ոստիկան վիրավորվել է։

Ուկրաինա-ԱՄՆ բանակցությունները «կառուցողական» էին. ինչ է առաջարկում ԱՄՆ-ը

Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը սոցցանցերում գրել է, որ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ ներկայացուցիչների հետ երեկվա հանդիպումն ավարտվել է։

«Զրույցը եղել է կառուցողական և առարկայական. մենք քննարկել ենք առանցքային հարցեր, մասնավորապես էներգետիկայի ոլորտում»,- գրել է նա՝ չհստակեցնելով, թե արդյոք երկուշաբթի նոր հանդիպումներ են նախատեսվում։

ԱՄՆ-ը նախատեսում է քայլեր առաջարկել Ուկրաինայում հրադադարի հասնելու համար՝ սկսած ենթակառուցվածքների և Սև ծովի վրա հարձակումների դադարեցումից, այնուհետև անցնելով հրադադարի ռեժիմի ողջ ճակատային գծի երկայնքով: Համապատասխան հայտարարությունն արել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը Fox News-ի եթերում։

Առաջին քայլը պետք է լինի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների փոխադարձ դադարեցումը: «Երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արձակումը ատոմակայանների, նավթամուղերի և էներգետիկ ցանցերի ուղղությամբ», – ասել է նա։

Հաջորդ քայլը կարող է լինել գերիների փոխանակումը որպես բարի կամքի ժեստ: Այնուհետեւ ամերիկյան կողմն առաջարկում է անցնել Սեւ ծովում անվտանգության ապահովմանը։ Հացահատիկի, գազի և նավթի առևտուրը կարևոր է երկու երկրների և այլ ազգերի համար, ասել է Ուոլցը: Ամերիկացի առաջնորդի խորհրդականի խոսքով՝ այս կետերի իրագործումից հետո կարելի է լուծել ամենադժվար խնդիրը՝ հրադադարի ռեժիմը ողջ ճակատային գծում։

«Դա խրամատային պատերազմ է, որը ձգվում է գրեթե 800 մղոն», – ավելացրեց Ուոլցը: Խորհրդականը նշել է, որ Սպիտակ տան նախագահ Դոնալդ Թրամփը հասկանում է իրավիճակի բարդությունը և այն, թե ինչպես են «երկու կողմերն էլ ամուր ամրացրել իրենց դիրքերը»։

Ավելի վաղ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հնչեցրել էր այն, թե ինչ ԱՄՆ-ն տեսնում է որպես լուծում.

▪️Սև ծովում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել արդեն հաջորդ շաբաթ
▪️Ուկրաինան համաձայնել է նախագահական ընտրություններ անցկացնել. Դրանք տեղի կունենան
▪️ԱՄՆ-ը գրավյալ տարածքների ճանաչումը դիտարկում է որպես ռուսական «կենտրոնական խնդիր».
Դոնբասը, Ղրիմը ռուսախոս են։ Եղել են «հանրաքվեներ, և մարդկանց մեծամասնությունը նշել է, որ ցանկանում է լինել Ռուսաստանի օրենսդրության ներքո»։
▪️Կենտրոնական հարցը մնում է այն, թե արդյոք Զելենսկին կարող է գոյատևել քաղաքականապես, եթե դա ընդունի
▪️ԱՄՆ-ն կենտրոնացած է արդյունքի և համաձայնության վրա, որով կարող է ապրել ուկրաինացի ժողովուրդը
▪️Ուկրաինան դեռ չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ՝ պայմանավորված Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի դիրքորոշմամբ, սակայն Հավաքական պաշտպանության դաշինքի 5-րդ հոդվածով նրան երաշխիքներ տրամադրելու հարցը բաց է մնում
▪️Ուկրաինայի նախագահը հայտնվել է բարդ իրավիճակում՝ դիմակայելով չորս անգամ ավելի մեծ բնակչությամբ միջուկային պետությանը։

Ավելի ուշ Սթիվ Ուիթքոֆը բացատրեց իր հայտարարությունը Ուկրաինայի օկուպացված տարածքներում «հանրաքվեների» մասին։ Fox News-ում արված նոր հայտարարության մեջ նա ասել է, որ ինքը ոչ թե իր, այլ Կրեմլի կարծիքն է արտահայտում։ «Ես որևէ կողմ չեմ բռնում», – ասել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը։

Նրա խոսքով, առանց փաստերի հաստատման ոչ մի հակամարտություն չի կարող լուծվել։ «Եվ դա հենց այն է, ինչ մենք անում ենք՝ հաստատելով փաստերը»,- հավելեց նա:

Ավելին, Ուիթքոֆը պնդում է, որ Պուտինը «Եվրոպայի վրա հարձակվելու մտադրություն չունի»: Նա այսպես պատասխանեց լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Կրեմլն ավելի առաջ չի գնա, եթե իրեն «վերադարձնեն» Ուկրաինայի օկուպացված տարածքները։ Ուիթքոֆը նշել է, որ եվրոպական երկրները ՆԱՏՕ-ի անդամ են և ունեն այն զենքը, որն անհրաժեշտ է իրենց պաշտպանելու համար։ Նա «ակադեմիական հարց» է անվանել դեպի Եվրոպա պատերազմի ընդլայնման հեռանկարները և կոչ է արել կենտրոնանալ Ուկրաինայում պատերազմի ավարտի վրա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է մինչև ապրիլի 20-ը պայմանավորվել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարի շուրջ։ Եվ դա չնայած այն բանին, որ Կրեմլը խաթարում է հրադադարի մասնակի ռեժիմը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։

“Արցախ” կամերային նվագախմբի համերգը կայացավ․ սիրո մեղեդի

Երեւանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը այսօր կայացավ “Արցախ” կամերային նվագախումբի համերգը։ Գեղավերստական ղեկավար, մենակատար եւ գլխավոր դիրիժոր՝ սիրված Նարեկ Հախնազարյանը։

Համերգը կոչվում էր “Սիրո մեղեդիներ”։ Եւ թեկուզ այն նվիրված էր սիրո տոներին, սակայն ակնհայտ է, որ աշխարը այս օրերին ամենաշատը սիրո կարիքն ունի։

ՀԲԸՄ-ի աջակցությամբ 2004 թվականին ստեղծված նվագախումբը դժվարությունների բախվեց հակամարտությունների և տեղահանության պատճառով։

Աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի, սոպրանո Հասմիկա Պապյանի նոր էներգիայով և ՀԲԸՄ-ի ֆինանսական աջակցությամբ նվագախումբը վերադառձավ բեմ:

ՆԳՆ․ եթե պարզվի՝ Տիգրան Ուլուբաբյանի գործով ոստիկանները մեղավոր են, կպատժվեն

ՆԳՆ պաշտոնյան պարզաբանումներ ներկայացրեց բողոքի ակցիա անող արցախցիներին։ Նա ասաց, որ եթե պարզվի՝ Տիգրան Ուլուբաբյանի գործով ոստիկանները մեղավոր են, կպատժվեն։

«Բավարարված ենք այնքանով, որ ոստիկանության ներկայացուցիչները հարկ են համարել դրսեւորել հարգանք եւ դուրս գալ, այսպիսի պարզաբանումներ տալ։ Վստահ եղեք որ այսպիսի հավաքներից եւ անհամաձայնություն հայտնելուց հետո նրանք դրսեւորելու են ավելի լուրջ վերաբերմունք տեղի ունեցածի վերաբերյալ եւ այլեւս կանաչ լույսի տակ չեն քայլելու։ Ես գտնում եմ, որ այսօր մեր ակցիայով եւ ճանապարհը փակելով՝ հասել ենք մեր ուզածին, եւ ՆԳՆ ներկայացուցչի ասածից էլ բխում է, որ այս ամենի վերաբերյալ լինելու է լուրջ վերաբերմունք»,- հայտարարեց փաստաբան Ռոման Երիցյանը։

Նա ասաց, որ արցախցիները ակցիան դադարեցնում են մինչեւ մարտի 29-ը։ Հիշեցնենք, որ մարտի 29-ին արցախցիները հանրահավաք են անցկացնելու։

Լրացված․ Արցախցիների երթի մասնակիցները փակեցին ճանապարհը, ոստիկանները սպառնացին, որ ֆիզիկական ուժ կկիրառեն

Բողոքի ակցիա անող արցախցիները Ներքին գործերի նախարարության շենքի մոտ փակել են ճանապարհը՝ պահանջելով, որպեսզի ոստիկանությունից իրենց հստակ պատասխաններ տան իրենց հարցերի վերաբերյալ։

«Ճանապարհը փակում ենք եւ սպասում՝ մինչեւ ՆԳՆ-ն մեզ պատասխան կտա» ,- հայտարարեց փաստաբան Ռոման Երցյանը։

Ոստիկանությունը հայտարարեց, որ քաղաքացիների գործողությունները չեն բխում օրենքից, պահանջեցին բացել ճանապարհը։ Ոստիկանները սպառնացին ճանապարհը չբացելու դեպքում ֆիզիկական ուժ կկիրառեն։

Այսօրվա ակցիան իրականացվում է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի կոչով։ Նա երեկ հայտնել էր, որ ՆԳՆ-ն իր դեմ նյութեր է պատրաստել եւ ուղարկել Քննչական կոմիտե, եւ, ըստ տեղեկությունների, խնդիր է դրված ամեն գնով կալանավորել իրեն։ Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը, հիշեցնենք, վերջին օրերին ակտիվ զբաղվում է Ոստիկանության Վանաձորի բաժանմունքում խոշտանգված արցախցի Տիգրան Ուլուբաբյանի շահերի պաշտպանությամբ եւ բարձրաձայնում է այս գործով բոլոր խախտումների մասին։

Լրացված ՆԳՆ-ից խոստացան պատասխանել արցախցիների հարցերին, նրանք բացեցին ճանապարհը։

Իմամօղլուն կալանավորվել է, բողոքի ակցիաները շարունակվում են

Թուրքիայի դատարանը պաշտոնապես կալանավորել է Ստամբուլի քաղաքապետ և հաջորդ ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավանական մրցակից Էքրեմ Իմամօղլուին։

Իմամօղլուն ձերբակալվել է չորեքշաբթի՝ մարտի 19-ին, կոռուպցիայի մեղադրանքով։ Դա տեղի ունեցավ 2028 թվականին նշանակված նախագահական ընտրություններում նրան որպես թեկնածու առաջադրելուց ընդամենը օրեր առաջ։

Իմամօղլուն հերքում է իր դեմ առաջադրված մեղադրանքները, և բողոքի ցույցերը նրա ձերբակալության դեմ, որոնք վերջին տասնամյակում ամենախոշորն են Թուրքիայում, շարունակվում են արդեն չորս օր:

«Ես երբեք չեմ ենթարկվի»,- գրել է նա իր սոցցանցում։

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-14 աստիճանով

Հանրապետության տարածքում` մարտի 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 24-28-ին ցերեկային ժամերին կբարձրանա 11-14 աստիճանով։

Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետում», Երեւանում մարտի 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +12+14։ 

Շիրակում գիշերը՝ -7-129, ցերեկը՝  +6+9,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -8-13, ցերեկը՝  +5+8,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝  +9+11,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -7-11, ցերեկը՝  +2+6,

Լոռիում գիշերը՝ -5-10, ցերեկը՝  +7+11,

Տավուշում գիշերը՝ -5-9, ցերեկը՝  +7+12,

Արագածոտնի լեռներում գիշերը՝-7-12, ցերեկը՝  +2+6,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝  +7+11,

Արարատում գիշերը՝0-3, ցերեկը՝  +7+13,

Արմավիրում գիշերը՝ -1+2, ցերեկը՝  +12+15,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -6-10, ցերեկը՝  +2+5,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝  +11+15,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -1+4, ցերեկը՝  +12+15,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝  -2-5, ցերեկը՝  +4+5։

Ռուսաստանն ու Իսրայելը Արցախի օրինակով արտաքսում են բնիկներին

Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Գազայի հատվածից կամավոր արտագաղթի հետ կապված մարմնի ստեղծմանը։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի աշխատակազմի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ կարծիք էր հայտնել, որ Գազայի հատվածի բնակիչները կարող են վերաբնակեցվել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հորդանանում և Եգիպտոսում՝ հավելելով, որ ԱՄՆ-ն «վերահսկելու է» Գազայի հատվածը։

Ուկրաինայի քաղաքացիները, ովքեր գտնվում են Ռուսաստանում առանց օրինական հիմքերի, պետք է լքեն երկիրը կամ կարգավորեն իրենց իրավական կարգավիճակը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 10-ը, գրված է Վլադիմիր Պուտինի հրամանագրում։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական պորտալում։

Հիշեցնենք, որ խոսքը ուկրաինացիների մասին է, որոնք ապրել և բնակվում են Դոնբասում և Ռուսաստանի կողմից օկուպացված այլ տարածքներում։

Այսպիսով, Արցախի օրինակը, որտեղից Ռուսաստանն ու Թուրքիան, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ կոնսենսուսով, արտաքսեցին բնիկ հայ բնակչությանը, դարձել է վարակիչ։ «Ռազմական լուծումից» և տեղահանությունից մեկուկես տարի անց ոչ մի միջազգային մարմին կամ օտար պետություն քաղաքական գնահատական ​​չի տվել Արցախում տեղի ունեցածին։ Առավել «համարձակները» սա անվանում են «էթնիկ զտումներ», թեև իրավական իմաստով այս տերմինը որևէ պատասխանատվություն չի ենթադրում։

Մյուս կողմից, Արցախի ժողովրդին «թույլատրվում է» միայն անկապ «վերադարձի իրավունքը», որը նույնպես իրավաբանորեն ոչ պարտադիր կատեգորիա է։

Այնպես որ, Ռուսաստանն ու Իսրայելը կարող են հեշտությամբ վտարել բնիկ բնակչությանը օկուպացված տարածքներից՝ չվախենալով պատասխանատվությունից։ Ավելին, ԱՄՆ-ն արդեն խոսում է օկուպացված տարածքները ռուսական ճանաչելու մասին, քանի որ Դոնբասը և Ղրիմը ռուսալեզու են։ «Եղել են հանրաքվեներ, և մարդկանց մեծամասնությունը նշել է, որ ցանկանում է լինել ռուսական օրենսդրության ներքո», – ասել է ԱՄՆ նախագահի խորհրդական Ուիթկոֆը:

Ինչ վերաբերում է Պաղեստինին, ապա ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ Իսրայելն ունի «բիբլիական իրավունք» այդ տարածքների նկատմամբ։ Իսկ բնիկ ժողովուրդը թող ապրի որտեղ ուզում է։

Արաղչիի գրքի հայերեն տարբերակը կներկայացվի Երևանում. նախաբանը գրել է Արարատ Միրզոյանը

Շուտով լույս կտեսնի ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի հայերեն թարգմանությունը։ Այս մասին հայտնում է Pars Today կայքը:

Հատկանշական է, որ գրքի նախաբանը գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Գիրքը թարգմանվել և հրատարակվել է Հայաստանում Իրանի դեսպանության ջանքերով։