Շուշիի երկրաբանության թանգարանը՝ վերածնունդ թվային աշխարհում

2014 թվականին հիմնադրված Շուշիի պետական երկրաբանության թանգարանը, որը կրում է պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անունը, իր մեջ ներառում էր եզակի հավաքածու՝ 574 ցուցանմուշ 47 երկրներից, այդ թվում՝ Արցախից ու Ռուսաստանի 20 աշխարհամասերից։ Թանգարանի ցուցանմուշները պատմում էին Երկրի միլիոնավոր տարիների զարգացման մասին՝ պահելով գիտական ու մշակութային անգնահատելի արժեք։
Այսօր մենք շարունակում ենք թանգարանի հավաքածուի թվայնացումը, որը մեկնարկել էր դեռ 2022-ին։ Մեր նպատակն է վերականգնել ու հանրայնացնել այս բացառիկ ժառանգությունը՝ դարձնելով այն հասանելի ամբողջ աշխարհի համար։
Այս աշխատանքը հնարավոր չէր լինի առանց թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանի և գիտաշխատող Արմինե Հարությունյանի նվիրական աջակցության։
Շարունակեք աջակցել մշակութային ժառանգության պահպանմանը։

Ինչ է պարզել արտաքին հետախուզությունը Հայաստանին սպառնացող վտանգի մասին

«Այս պահի դրությամբ հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր փաստերի եւ ազդակների համախումբը բացակայում է։ Սակայն իրավճակն արագ է փոխվում, եւ մենք հետեւում ենք իրավիճակին»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի կողից հարձակման վտանգ կա՞։

Ըստ Գրիգորյանի՝ ՀՀ անվտանգությանն ու սուվերենությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին հոգեներգոծուն միջոցներ են տվել։ Հարցին, թե ի՞նչ է պարզել արտաքին հետախուզությունն այս հարցով՝ գերիներին խոշտանգում ու հոգեներգործուն միջոցներ տալի՞ս են, Քրիստինե Վարդանյանը պատասխանեց․ «Ծառայությունն իր մանդատի շրջանակներում իր հիմնական գործառույթն է իրականացնում՝ հետախուզական տեղեկություններ հավաքել, ամփոփել եւ ներկայացնել քաղաքական ղեկավարությանը։ Եվ ձեր կողմից բարձրացված գերիների հետ կապված հարցերը նույնպես եղել են մեր աշխատանքի թիրախում»։

ՆԳ նախարարը կոչ արեց արցախցիների հարցերը չբերել պառակտման էմոցիոնալ դաշտ

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ ոստիկանության Վանաձորի բաժանմունքում խոշտանգման ենթարկված արցախցի Տիգրան Ուլուբաբյանի ահազանգին։

Արփինե Սարգսյանն ասաց, որ Ուլուբաբյանի դատաբժշկական փորձաքննութամբ սալջարդեր ախտորոշումը չի հաստատվել։

«Տուժողն ասում է՝ ինտենսիվ ծեծ, 8 հոգի, հարվածներ դեմքին, վերնաշապիկը հանելու պրոցես, բայց փորձագետը չի հաստատել, ի՞նչ կարելի է եզրակացնել սրանից։ Սրանք ուղղակի փաստեր եմ արձանագրում, որպեսզի յուրաքանչյուրս իրավիճակին տանք օբյեկտիվ գնահատականներ, չսեւացնենք որոշակի անձանց»,- ասաց նա։

Արփինե Սարգսյանը նշեց, որ հարուցված է քրեական վարույթ, ընթանում է ծառայողական քննություն, եւ բոլոր այս հանգամանքները պետք է մանրակրկիտ քննարկվեն։

«Եթե քննությամբ պարզվի, որ ոստիկանները մեղավոր են, միանշանակ կենթարկվեն պատասխանավության։ Եվ եթե պարզվի, որ կա կեղծ մեղադրանք ոստիկանության ծառայողների նկատմամբ, պիտի վրա հասնի պատասխանատվությունը՝ սուտ մատնություն տրամաբանության մեջ»,- հայտարարեց նա։ ՆԳ նախարարը նաեւ պահանջեց պառակտում չմտցնել արցախցիների ու հայաստանցիների միջեւ։

«Այս դեպքի համատեքստում տարբեր մտքեր են հնչեցվում, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին ՀՀ-ն չի պաշտպանում, թիրախավորում է, նրանք մենակ են, նրանց պետք է պաշտպանել ոստիկաններից, ոստիկանության բաժանմունքներում արցախցիների նկատմամբ կա առաձնահատուկ վերաբերմունք եւ այլն։ Ես պիտի հստակ արձանագրեմ, որ Լեռնային Ղարաբաղյից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն առանց այդ էլ իրադարձությունների բերումով տուժել են եւ գտնվում են խոցելի իրավիճակում, տեղահանվել են, ունեն բազմաթիվ կարիքներ, եւ անընդհատ փորձել էմոցիոնալ դաշտ ստեղծել նրանց համար, դա որեւէ մեկի համար օգուտ բերող պրոցես չի կարող լինել։ Հակառակը, այդպես ավելի են թիրախավորվում մեր հայրենակիցները։ Եվ կարծում եմ, որ այս պառակտչական գործողություններն ընդհանուր հանրային խոսույթում պիտի դադարեցվեն, որովհետեւ դա առնվազն բարոյական չէ»,- ասաց նա։

Ոչնչացվել են Ավետարանոց, Ջրաղացներ, Զարդանաշեն, Մադաթաշեն և Սարգսաշեն գյուղերի գերեզմանոցները

Ադրբեջանի իշխանությունների կողմից Էթնիկ զտումների ենթարկված Ավետարանոց, Ջրաղացներ, Զարդանաշեն, Մադաթաշեն և Սարգսաշեն գյուղերի գերեզմանոցները ոչնչացվել են: Այս մասին հայտնում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը:

«2025 թվականի մարտ ամսին հրապարակված արբանյակային պատկերներից (03/02/2025 թ.) երևում, որ նշված գերեզմանոցների տապանաքարերի մեծ մասը 2024 թ. ընթացքում անհետացվել են: Լուսանկարներից պարզ չէ վնասի չափերը»,-ասված է հայտարարության մեջ:

Լոխ լավա՞, պարոն Միրզոյան։ Իսկ Ալեն Սիմոնյանը ո՞նցա

«Ես այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերի վերադառնալու եւ անվտանգ ապրելու պայմաններ չեմ տեսնում»,- այս մասին Ազգային ժողովում օրերս ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք վաղուց ֆիքսել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ նրանց ֆիզիկական անվտանգ գոյությունը հնարավոր չի եղել։ Եվ տեղի է ունեցել բռնի տեղահանություն։ Ուզում եմ շատ ուղիղ ասել, որ ես այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնօրրան, իրենց տներ վերադառնալու եւ անվտանգ ապրելու պայմաններ չեմ տեսնում։ Եվ, անկեղծ ասած, չեմ տեսնում նաեւ Ադրբեջանի կողմից ջանքեր՝ այդ պայմաններն ապահովելու ուղղությամբ»,- ասաց Միրզոյանը։

Արարատ Միրզոյանը, կարծես․ որոշել է ճշմարտությունն ասել, քանի որ մինչ հիմա նա կրկնում էր Փաշինյանի անհեթեթ թեզն առա այն, որ արցախցիներին ինչ-որ լավ առաջարկներ էին արել, և նրանց մնալու համար պայմաններ կային, բայց Արցախում «հեղաշրջման» պատճառով բոլորը դուրս են եկել։

Ալեն Սիմոնյանը նույնիսկ ասում էր, որ արցախցիներին ենքան “յուղը վրա” զենք են տվել, նույնիսկ միջանցքը չէինք բացում, որ արցախցիները, վայ ղարաբաղցիները, մնան ու զոհվեն, վայ, կռվեն, բայց նրանք լքեցին Ղարաբաղը։

Հիմա Միրզոյանն ասում է, թե ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ նրանց ֆիզիկական անվտանգ գոյությունը հնարավոր չի եղել, հիմա էլ հնարավոր չէ։

Լոխ լավա՞, պարոն Միրզոյան։ Իսկ Ալեն Սիմոնյանը ո՞նցա։

Հայաստանի «ռազմատենչ կառուցողականությունը». Բաքուն շոկի մեջ է

Արսեն Թորոսյանի խոսքով, Հայաստանը ջախջախիչ հարված հասցրեց Ադրբեջանին՝ միանգամից համաձայնելով «խաղաղության պայմանագրի» բոլոր պայմաններին։ Այժմ Բաքուն շոկի մեջ է և չգիտի, թե ինչ անել Հայաստանի «ռազմատենչ կառուցողականության» հետ. ինչպես արժանիորեն ձևակերպել հաղթանակը, եթե չկա դիմադրություն։ Կպարզվի, որ սա ոչ էլ հաղթանակ է:

Դատելով Արսեն Թորոսյանի խոսքերից՝ Հայաստանը պատրաստ է շարունակել շփոթեցնել Ալիեւին՝ նույն պահին համաձայնելով յուրաքանչյուր նոր պահանջի։ Իսկ պահանջներն աճում են։

Խոսքը, մասնավորապես, Տիգրանաշենը հանձնելու պահանջի մասին է, ինչը թույլ կտա Ալիևին այլևս չմտածել Մեղրիիմասին, քանի որ եթե Հայաստանը հանձնի Տիգրանաշենը, ապա Մեղրին կմնա Ադրբեջանի խորը թիկունքում, ինչպես Հայաստանի և Իրանի սահմանը։ «Զանգեզուրի» մայրուղին կանցնի Ջերմուկ-Երասխ-Մարգարա երթուղիով՝ բացառապես Բաքվի վերահսկողության տակ։

Միաժամանակ, ինչպես գրում են լրատվամիջոցները, Ալիևը պահանջում է Տավուշի գյուղերը, ինչպես նաև Հայաստան-Վրաստան մայրուղու մի մասը։

Ինչպես ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նիստում, խաղաղության պայմանագրի տեքստում Հայաստանի և Ադրբեջանի տարածքները նշված չեն։ Այնպես որ, Տիգրանաշենի և Տավուշի մի երկու գյուղերի հանձնումը ոչ մի «խախտում» չի լինի։

Սրանից հետո Ալիևը կհայտնվի մի վիճակում, որտեղ բժիշկ Արսեն Թորոսյանի շտապ օգնությունը կպահանջվի։

Ադրբեջանի զորքերի տեղաշարժ չկա. Պապիկյան

Բաքուն դեռևս չի ներկայացրել Հայաստանի կողմից առաջնագծում հրադադարի ռեժիմը խախտելու փաստեր և ապացույցներ, լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա նշել է, որ ադրբեջանական կողմից զորքերի տեղաշարժ չկա։
Նախարարը չհաստատեց նաև սոցցանցերում տարածված այն տեղեկությունները, թե երեկ երեկոյան հակառակորդը ինտենսիվ գնդակոծել է Սոթքի և Երասխի հայկական դիրքերը։

«Մեզ պետք են տեսագրություններ, քանի որ մեղադրողը մենք չենք, այլ մեր հարեւանը, դրա համար մենք ասում ենք՝ եթե ունեք ապացույցներ, տեսանյութեր, տրամադրեք մեզ, մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել։ Մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանք»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությանը, թե իբր հայկական զինված ուժերը վերջին օրերին կրակ են բացում իրենց ուղղությամբ։

Հարցին, թե ադրբեջանական կողմից զորքերի տեղաշարժ կա՞, Պապիկյանը պատասխանեց՝ «Ոչ, չկա»։ Ըստ նրա, որպեսզի զորքերի կուտակման մասին գնահատական տա, պետք են հետախուզական տվյալներ։

«Այս պահին գետնի վրա նման երեւույթ տեսանելի չէ։ Մամուլում առկա ապատեղեկատվությունն այն մասին, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, Պաշտպանության նախարարությունը չի հաստատում»։

Ի պատասխան այն հարցի, թե երեկ Սոքթի ու Երասխի տարածքում հայկական դիրքերը գնդակոծվե՞լ են թշնամու կողմից Պապիկյանը պատասխանեց․ «Բոլոր վտանգավոր կրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի վրա, մենք Պաշտպանության նախարարության հաղորդագրություններով դրանց անդրադառնում ենք»

Մակրոնը հայտարարեց մարտի 27-ին Փարիզում Ուկրաինայի հարցով կոալիցիայի գագաթնաժողովի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ Ուկրաինային աջակցող երկրների կոալիցիայի առաջնորդները կհանդիպեն Փարիզում հաջորդ հինգշաբթի՝ քննարկելու խաղաղապահներ ուղարկելու և Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը, եթե Ռուսաստանի հետ խաղաղություն ձեռք բերվի։

Bloomberg-ն ավելի վաղ հայտնել էր, որ եվրոպացի առաջնորդները հաջորդ շաբաթ կհանդիպեն Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ քննարկելու Ուկրաինայում խաղաղ բանակցությունների վերաբերյալ համատեղ դիրքորոշումը:

«Մենք կանցկացնենք «կամավորների կոալիցիայի» հերթական հանդիպումը հաջորդ հինգշաբթի Փարիզում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայությամբ», – ասել է Մակրոնը լրագրողներին Բրիտանիայում ավելի քան 20 երկրների ռազմական ղեկավարների հանդիպումից հետո։

Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Փարիզի հանդիպմանը մասնակցելու են Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, ինչպես նաև Մեծ Բրիտանիան և Կանադան։

Հինգշաբթի օրը Բրիտանիայում կայացել է ավելի քան 20 երկրների գլխավոր շտաբների ղեկավարների փակ նիստը, որոնք ցանկանում են միանալ այսպես կոչված «կամավորների կոալիցիային», որը գլխավորում են Բրիտանիան և Ֆրանսիային։ Սա այն երկրների ասոցիացիա է, որոնք պատրաստ են օգնել Ուկրաինային իրենց խաղաղապահ զորակազմով։

Շտաբերի ժողովում ընդգրկված էին անձինք հետևյալ 26 երկրների համազգեստով՝ Ավստրալիա, Ալբանիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Իսպանիա, Իտալիա, Կանադա, Կիպրոս, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Թուրքիա, Ուկրաինա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Չեխիա, Շվեդիա, Էստոնիա: Գումարած Մեծ Բրիտանիան, որտեղ տեղի է ունենում միջոցառումը:

3.7 մագնիտուդով երկրաշարժ Սպիտակի մոտ

Մարտի 21-ին` տեղական ժամանակով ժամը 05:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 01։03-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44.27⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․7 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզում՝ 4 բալ, Շիրակի մարզում՝ 3-4 բալ  և Արագածոտնի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

ԵՄ դիտորդները կարող են մնալ Հայաստանում, պարտադիր չէ՝ սահմանին

Հայաստանում գտնվող «Ռասմուսեն գլոբալ» կազմակերպության նախագահ, ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղար, Դանիայի նախկին վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենը Պետրոս Ղազարյանի հետ  զրույցում ադնդարձել է խաղաղության գործընթացին, ԵՄ դիտորդական առաքելությանը եւ մի շարք այլ կարեւոր հարցերի:

Պետրոս Ղազարյանը Եվրոպայի կողմից տրվող 10 մլն եվրոն ծիծաղելի գումար է անվանել եւ ավելացրել, որ Հայստանին պետք է եւ գումար, եւ ինտելեկտ, եւ զենք: Այստեղ Արեւմուտքը կարո՞ղ է մեր դաշնակիցը լինել, թե ոչ, հարցրել է Պետրոս Ղազարյանը, որովհետեւ Հայստանում ընդդիմախոսները ասում են դա չի լինի, եկեք լավ, թե վատ բռնենք Ռուսաստանի պոչը:

Դե, հաշվի առնելով վերջին իրադարձությունները, գիտենք, որ Ռուսաստանն ընդհանրապես բան չի անում  Հայաստանին պաշտպանելու համար: Մասնավորապես, Ադրբեջանի հարձակումների ժամանակ: Ոչ Լեռնային Ղարաբաղում, ոչ այլ տեղերում: Ռուսաստանի այսպես կոչված խաղաղապահները լուռ են եղել: Հետեւաբար չեմ կարծում, որ պատմությունը որեւէ կերպ փաստում է Ռուսաստանի ցանկությունը Հայաստանին օգնելու: Ես չեմ կարող խոսել բոլոր Արեւմտյան երկրների անունից, բայց գիտեմ, որ օրինակ Ֆրանսիան օգնել է Հայաստանին ռազմականորեն: Եվ ես համաձայն եմ, որ Ադրբեջանին ապագա հարձակումներից զսպելու գործիքներից մեկը, այո, պետք է լինի ռազմական հավասարակշռության վերականգնումը, ինչն էլ ենթադրում է լրացուցիչ ռազմական աջակցություն Հայաստանին, պատասխանել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

Անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելությանը Հայաստանում, Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է.

Կարծում եմ դեռ շատ վաղ է այդ մասին խոսել, քանի դեռ համաձայնագիրը չի ստորագրվել, սակայն վստահ եմ, և նրանք (ԵՄ դիտորդները) նույնպես վստահ են, որ դեռ հնարավոր կլինի ներկա լինել Հայստանում: Միգուցե ոչ սահմանին մոտ, բայց կարող են ունենալ, օրինակ, գրասենյակներ Հայստանի տարբեր հատվածներում եւ շարունակել իրենց դիտորդական առաքելությունը: Ես անձամբ վստահ եմ, որ այդ առաքելությունը չափազանց կարեւոր է, կարեւոր է ունենալ օտարերկրացի դիտորդներ սահմանին, ովքեր կկարողանան հստակ տարանջատել սուտը ճշմարտությունից` հաշվի առնելով այն մեղադրանքները, որ հնչում են ժամանակառժամանակ: Հետեւաբար հուսով եմ, որ ԵՄ դիտորդական առաքելությունը կմնա հայակական հողի վրա եւ ինչպես գիտենք, նրանց մանդատը երկարաձգվել է եւս երկու տարով:

Հարցազրույցն ամբողջությամբ:

Արցախցիները մարտի 29-ին կապացուցեն, որ իրենց խնդիրները սոցիալական մակարդակի իջեցնելն ամենամեծ սխալն է

«Հանուն Արցախի» միավորման նախաձեռնությամբ ստեղծված «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդըը» հայտարարել է, որ մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին Երեւանի Ազատության հրապարակում մեծ հանրահավաք է անցկացնելու։ Հանրահավաքի օրակարգային հարցերն են՝ Արցախ հավաքական վերադարձի իրավունքի ապահովում, տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրների լուծման, ֆինանսական և բնակարանային ապահովման ծրագրերի արժանապատիվ իրականացման պահանջ, Բաքվի բանտերից հայ գերիների վերադարձի պահանջ եւ Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանության պահանջ։

Step1.am-ը զրուցել է «Հանուն Արցախի» նախաձեռնության անդամ Սայիդա Պողոսյանի հետ։

Ի՞նչ ակնալիքներ ունեք այս հանրահավաքից, ինչո՞ւ է կարեւոր այս հարցերի շուրջ արցախցիներին միավորելը։

-Շատ կարեւոր է, որ ոչ միայն արցախցիները համախմբեն  այս իրավիճակում, այլ նաեւ Հայաստանում ապրող մեր բոլոր հայրենակիցները, քանի որ այս խնդիրները վերհանելով՝ մենք նաեւ հնարավորություն կունենանք պաշտպանել մյուսներին։ Օրինակ՝ ոստիկանության կողմից խոշտանգման ենթարկված Տիգրանի դեպքը միջոց էր, որ ավելի շատ մարդիկ համախմբվեին։ Պարզ երեւում է, որ հարցը շատ մարդկանց է մտահոգում, եւ մարդիկ կարողացել են ժամանակ գտնել ու կանգնել Տիգրանի կողմից։

Մենք հիմնական 4 կետեր ենք առանձնացրել։ Ես էլ եմ միացել մի ամբողջ մտահոգ թիմի, եւ ջանք ու եռանդ չենք խնայում՝ կազմակերպելու մարտի 29-ի ցույցը։ Իրականում շատ մեծ ակնկալիքներ  չունենք, բայց նաեւ առանց ակնկալիքների էլ հնարավոր չէ։ Ես ակնկալում եմ, որ մեր կառավարությունն ավելի սթափ ուղեղով կվերանայի արցախցիներ համար նախատեսված այն ծրագրերը, որոնք առաջ են քաշել սոցիալական հարթակում։ Մենք մասնակցեցինք հանրային քննարկմանը եւ մեր առաջարկները ներկայացրեցինք, բայց դա մերժվեց իրենց կողմից։ Եվ այստեղ միայն գումարի հարցը չէ, անարդարության հարցն է։

-Ինչպե՞ս եք պատկերացնում արցախցիների հավաքական վերադարձը, առաջարկներ ունի՞ նախաձեռնությունը։

-Առաջարկությունների ու մեթոդների մասին այսօր չէի ցանկանա խոսել, որովհետեւ խոչընդոտող միջոցներ ավելի շատ են լինելու։ Այդ պատճառով մենք նախընտրում ենք այդ մասին խոսել եւ մեր տեսլականը ներկայացնել մարտի 29-ին՝ բեմից։ Ես ասեմ, որ համախմբվելը դժվար չէ, միայն ցանկություն է պետք, իսկ արցախցիների մեծ մասը համախմբված են։ Մենք փորձելու ենք համախբվել ու համախմբել բոլորին։ Նաեւ այս հարցում շատ մեծ դերակատարում ունի մեր Սփյուռքը։ Ես պետք է խնդրեմ մեր Սփյուռքի աջակցությունը, որովհետեւ իրենց շատ մեծ գործ ունեն անելու։ Իրենք իրենց միջոցներն են ներդրել Արցախի զարգացման համար, շատ ծրագրերի իրագործման հարցում են մեզ օգնել, հիմա էլ Արցախի ժողովուրդն իսկապես ունի Սփյուռքի կարիքը։ Պետք է իրենք էլ աշխարհի տարբեր ծայրերում փորձեն բարձրաձայնել այն անարդարությունները, որոնք կատարվում են, օրինակ, գերիների հարցը։ Այսօր հաստատված գերիների թիվը 24-ն է, բայց գիտենք, որ չհաստատված մոտ 100 գերի ունենք։ Այնպես որ, ես այս համախմբումը տեսնում են նաեւ Սփյուռքի հետ, Սփյուռքը մենակ չպետք է թողնի մեզ։

Հայաստանի իշխանություններն այնպիսի պայմաններ են ստեղծում, որ արցախցիների խնդիրները սոցիալական մակարդակի են իջեցնում, որպեսզի հանրությանը թվա, թե արցախցիների համար ամենակարեւորը սոցիալական հարցերն են։ Իրականում դա այդպե՞ս է։

-Ոչ, արցախցիներին առաջնահերթ սոցիալական հարցերը չէ, որ հուզում են։ Այստեղ վիրավորվածության ու արհամարհված լինելու հարց կա։ Այսինքն՝ եթե ստեղծվեն պայմաններ, որ արցախցին կարողանա աշխատել եւ իր ընտանիքը պահել, իր համար այդ 40 կամ 50 հազարն արժեք չէ։ Չմոռանանք, որ այդ աջակցության գումարները հազիվ բավարարում են իրենց վարձերի վճարմանը։ Արցախցիներն աշխատող մարդիկ են, հնարավորություն ունեցող մարդն օրինբուն աշխատում է։ Մի շատ վտանգավոր թեզ են նաեւ առաջ քաշում՝ երբեմն բազմազավակ ընտանիքներին են փորձում պախարակել, ասում են՝ ձեզ ո՞վ էր ասել այդքան երեխաներ ունենալ։ Երբ այդ մարդը երեխաներ էր ունենում, ապրում էր իր հողում, իր տանը, ամբողջ ընտանիքով աշխատում էին ու գերազանց պահում էին իրենց ընտանիքը։ Հիմա իրենք հայտնվել են անելանելի վիճակում։ Արցախցիները մարտի 29-ին կապացուցեն, որ իրենց խնդիրները սոցիալական մակարդակի իջեցնելն ամենամեծ սխալն է։ Եթե դու թերագնահատում ես քո ժողովրդին, ինքը պտտվում է ու ապացուցում, որ հավաքական է, ուժեղ է, կարող է։

Մի օր իրենց կատարած սխալների համար պետք է պատասխան տան։ Կառավարության այն ծրագրերը, որոնք առաջարկովւմ են արցախցիներին, ուղղակի անընդունելի են, ոչ մի պայման բավարար չէ, որպեսզի Արցախից բռնի տեղահանված քաղաքացին արժանապատիվ ապրի։ Նախ սկսենք այնտեղից, որ Արցախի քաղաքացիները Հայաստանի Հանրապետության քաղաքացի են։ Եվ նրանց այսքան ճնշումների ենթարկելը շատ սխալ է։ Ասում են՝ դարձիր ՀՀ քաղաքացի, որպեսզի պետական համակարգում աշխատես, եւ այդպիսի շատ կետեր են իրենք առաջ քաշում։ Այնինչ, հակառակը պետք է անեին, պետք է մարդկանց ասեին՝ դու Արցախի լավագույն ռազմական գործիչներից ես եղել, արի, բանակն ունի քո կարիքը, դու լավագույն ուսուցիչն ես, դպրոցն իսկապես ունի քո կարիքը։ Այսինքն՝ Հայաստանի իշխանությունը կարող էր բոլորին համախմբել, եւ բոլորը կհամախմբվեն, եթե պետությունը ճիշտ ուղղությամբ գնա։

Ռոզա Հովհաննիսյան

Հայաստան – Վրաստան՝ 0:3. պատսխան հանդիպումը Թբիլիսիում մարտի 23-ին

Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Վրաստանի հավաքականին եւ պարտություն կրեց 0:3 հաշվով։

Հայաստանի հավաքականը 2 հարված կատարեց մրցակցի դարպասին։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նորամուտը նշեց հոլանդացի Ջոն վան’տ Սխիպը։

Հանդիպման վերջնամասում հայ երկրպագուները վանկարկում էին «Հեռացի՛ր»՝ պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը։

Պատասխան հանդիպումը Թբիլիսիում տեղի կունենա մարտի 23-ին։

Հայաստան – Վրաստան՝ 0:3 (0:2)

Քոչորաշվիլի, 33, Միկաուտաձե, 37, 59