«Կոթիի պատշգամբից՝ Արցախին մոտ». Մարիամ Սարգսյանի օրագրից

Կանգնում եմ երկարավուն պատշգամբին, որտեղից երեւում է գյուղի մեծ մասն, ու փակում աչքերս։ Լսում եմ էլեկտրական սղոցի ձայն, հավերի կրչկրչոց, օդում՝ աշնանային տերեւների վառված ծխի հոտը, այն ամենն, ինչ նոյեմբերյան օրերին հաճախ էի զգում Մարտունում։

Կոթին հիմա նարնջագույնի եւ մոխրագույնի մեջ է, կիսամերկ ծառերին մնացել են վառվռուն արքայանարինջները, որոնք այնքան շատ են, որ գրեթե ամեն բակում ծառերին շքեղություն են հաղորդում։

Հաճախ, երբ ծանոթներս ու ընկերներս հարցնում են՝ «հարմարվե՞լ եք», հարցը շատ տարօրինակ է թվում, որովհետեւ 2023թ-ից հետո ես վերջապես ինձ օտարության մեջ չեմ զգում, վերջապես տան զգացողություն ունեմ, որովհետեւ տունը սեփական կամ շքեղ շինությունը չէ, այլ բնությունը, որ այնքա՜ն շատ է նման Արցախին, գյուղն իր երկհարկանի շուշաբանդե տներով, դեղին ներկված գազատարը, կարալյոկի ծառերը, փայտե վառարաններից արձակվող ծխի հոտը, հոգատար ու սրտացավ հարեւանները, որ ամեն անգամ միրգ, ձու, կաթ են նվիրում, առանց ավելորդ շեշտադրման։

Վերջին շրջանում շատ եմ համացանցային հարթակում լուսանկարներ ու իրական կյանքի պատառիկներ հրապարակում եւ հասկացել եմ, որ արցախյան իմ լսարանն այնքան կարոտ է այս կյանքին՝ մեր կյանքին․

2023թ․ հետո սահմանային գյուղում ապրելը պատժի պես մատուցվեց, եւ դժվար էր մի քանի պատերազմ տեսած, անհամաչափ պատերազմից հետո մազապուրծ եղածին ու ամեն ինչ կորցրածին վստահեցնելը, որ սահմանում ապրելը անվտանգ է։

Նայում եմ գյուղում կառուցվող նոր թաղամասերին ու անընդհատ մտածում՝ ինչո՞ւ ամեն գյուղում այսպիսի թաղամաս չկառուցվեց եւ չառաջարկվեց արցախցիներն իրացնել իրենց վկայականները գյուղում՝ հնարավորությամբ վերականգնելու նախկին գյուղի մթնոլորտը։

Տեղահանածները դարձան «կառավարության բյուջեն ճեղքողներ», «իշխանափոխության ջատագովներ», այնինչ տեղահանվածները պարզապես հանգիստ կյանք են փնտրում՝ հեռու քաղաքական աղմուկից, խժդժությունից՝ հողին մոտ, հողին կառչած մի տուն են փնտրում, որի համար ամսվա վերջին աստղաբաշխական թվով վարձ չպիտի վճարեն։

Այս պատշգամբից նայելով՝ հասկանում եմ, որ սահմանային գյուղում ապրելը դժվարություն չէ․ այն նաև նոր շունչ է, նոր տուն, որտեղ բնությունն ու մարդիկ միասին են ստեղծում ապահովության զգացողություն։

Տեղահանվածների համար սա ոչ թե քաղաքականության կամ վիճակագրության հարց կլիներ, այլ կյանքի շարունակության՝ հողի հետ կապի, տան և արժանապատվության որոնում։

Մարիամ Սարգսյան

Ինչպե՞ս կարող է Էջմիածնի ՔՊ քաղաքապետը անել այն, ինչ ոչ ոք չէր արել

Վաղարշապատ համայնքի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի հաղթանակից հետո Փաշինյանը վաղ առավոտյան ֆեյսբուքյան իր գրառման մեջ նաև արձանագրել է. «Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»։

Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը հակադարձում է վարչապետ Փաշինյանին՝ «որևէ ընտրության արդյունք չի կարող դիտարկվել իբրև եկեղեցու ինքնավարությանը միջամտելու գործոն»:

Ինչպե՞ս կարող է Էջմիածնի ՔՊ քաղաքապետը անել այն, ինչ ոչ ոք չէր արել։ Քաղաքապետը չի կարող միջամտել եկեղեցու գործերին. կաթողիկոսի հրաժարականին կամ ընտրությանը։ Բայց նա, անշուշտ, կարող է հասնել նրան, որ Ավագանին որոշում կայացնի եկեղեցու սեփականության վերաբերյալ։ Կառավարությունը, որը 1990-ականներին եկեղեցիները որպես սեփականություն փոխանցել է Հայ Առաքելական Եկեղեցուն, չի կարող չեղյալ համարել իր սեփական որոշումը, քանի որ դա կվտանգի ողջ սեփականաշնորհման գործընթացը։ Սակայն առանձին համայնքները կարող են բռնագրավել իրենց տարածքներում գտնվող եկեղեցու սեփականությունը՝ հղում անելով «համայնքային գերակա շահերին»։

Ստեղծվել են հայ-ամերիկյան աշխատանքային խմբեր

Հայ-ամերիկյան աշխատանքային խմբերը սկսել են աշխատել՝ վաշինգտոնյան համաձայնագրերի իրագործման ու «Թրամփի ուղու» զարգացման համար: Այդ մասին հայտնի է դառնում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի և վարչապետ Փաշինյանի այսօրվա հանդիպման մասին կառավարության տարածած հաղորդագրությունից:

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ ամերիկյան կողմից աշխատանքային խումբը կգլխավորի պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քալթերը, որը վերահսկում է Ռուսաստանի և Կենտրոնական Եվրոպայի քաղաքականությունը:

Էլիսոն Հուքերը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում շեշտել է, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև շարունակական համագործակցությունը, զուգորդված Հայաստանի և Ադրբեջանի միջև լիարժեք խաղաղության համաձայնագրի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի հետ, խոստանում է բացել Հարավային Կովկասը՝ որպես կենսականորեն կարևոր առևտրային ուղի։

Փաշինյանն ու Հուքերը քննարկել են վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրականացմանը, աշխատանքային խմբերի գործունեությանը, TRIPP նախագծի իրականացմանը և առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր։

Փաշինյանը կարևորել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների իմպլեմենտացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը՝ նախատեսված ժամանակացույցի համապատասխան։

NYT. Մադուրոն Թրամփին առաջարկել է վենեսուելական նավթ՝ ռազմական ճնշումից հրաժարվելու դիմաց

Միացյալ Նահանգները կարող է վերահսկողություն ձեռք բերել մոլորակի ամենամեծ նավթային պաշարների՝ մոտ 300 միլիարդ բարել վենեսուելական նավթի նկատմամբ: Ըստ The New York Times-ի՝ Նիկոլաս Մադուրոն գաղտնի կերպով Դոնալդ Թրամփին առաջարկել է հենց այս ծավալը՝ Վաշինգտոնի կողմից ռազմական ճնշումից հրաժարվելու դիմաց:

Այս առաջարկը գործնականում դարի գործարք է: Եթե ԱՄՆ-ն հասանելիություն ստանա վենեսուելական նավթին, համաշխարհային գները կարող են փլուզվել՝ ծանր հարված հասցնելով Ռուսաստանին, որի տնտեսությունը խիստ կախված է նավթի արտահանումից:

Միաժամանակ, Politico-ն հաղորդել է, որ Թրամփի վարչակազմը ակտիվորեն քննարկում է մի սցենար, որի դեպքում Մադուրոյին թույլատրվում է աննկատ լքել երկիրը՝ գործնականում փախչել, ինչպես արդեն արել են Մոսկվայի այլ դաշնակիցները:

Այնուամենայնիվ, Թրամփի թիմի որոշ անդամներ պահանջում են, որ բռնապետը չազատվի, այլ ձերբակալվի և դատվի Միացյալ Նահանգներում:

The Atlantic-ի աղբյուրները հավելում են, որ Մադուրոն պատրաստ է հեռանալ, եթե Վաշինգտոնը երաշխավորի համաներում և անվտանգություն:

44-օրյա պատերազմի մասնակից Սերգեյ Կարապետյանի ընտանիքը խնդրում է աջակցություն

44-օրյա պատերազմի մասնակից, Եվրոպայի սամբոյի առաջնության չեմպիոն Սերգեյ Կարապետյանը այս օրերին բուժում է ստանում Ռուսաստանի Դաշնությունում՝ «Институт мозга и нейротехнологии» հիվանդանոցում։ Բժիշկների գնահատմամբ՝ նախատեսվող մեկամսյա բուժման արժեքը կազմում է 3 միլիոն ՀՀ դրամ։

Ընտանիքի տեղեկացմամբ՝ վերջին հինգ տարիներին Սերգեյը բուժում է ստացել արտերկրի մի շարք կլինիկաներում, սակայն ներկայիս ծրագիրը եզակի հնարավորություն է տալիս իրական առաջընթացի․ մասնագետները կանխատեսում են, որ բուժման հաջող ընթացքի դեպքում հնարավոր է քայլելու և խոսելու կարեւոր գործառույթների վերականգնում։

Երաշխիքներ, ըստ բժիշկների, չեն կարող տրվել, սակայն դրական կանխատեսումները նախկինից ավելի մեծ են։

Վերջին ամիսների ընթացքում ծնողների միջոցները սպառվել են, և բուժման շարունակման համար ընտանիքը կրկին դիմում է հանրային աջակցությանը՝ ընդգծելով, որ Սերգեյի բուժումը կանգնեցնել չեն կարող։

Ցանկացողները կարող են աջակցել հետևյալ տվյալներով (ստացողը՝ Սերգեյի հայրը, Արսեն Կարապետյան)․ IDram – 596025446 МИР – 2202206299508858 Unibank (AMD) – 24100490901600 Unibank (USD) – 24100490901601 Unibank (EUR) – 24100490901602

Ընտանիքը շնորհակալություն է հայտնում յուրաքանչյուր փոխանցման և հաղորդագրության համար՝ ընդգծելով, որ ցանկացած աջակցություն կարևոր է բուժման շարունակման համար։

Մարիամ Սարգսյան

Իրանի իշխանությունները փորձում են արհեստականորեն անձրևներ առաջացնել

Իրանի իշխանությունները սկսել են ամպերի ցանումը՝ արհեստականորեն անձրևներ առաջացնելու համար քիմիական նյութեր ցողելով երաշտից տուժած երկրում, հաղորդում է BBC-ն։

Ամպերի ցանումը ենթադրում է արծաթի կամ կալիումի յոդիդ քիմիական նյութերի ներարկում ամպերի մեջ ինքնաթիռներից կամ գետնից։ Սա արագացնում է ջրային գոլորշու խտացումը և հետագա տեղումները։

Իրանի պաշտոնական «Իրնա» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ շաբաթ օրը այս գործընթացը իրականացվել է Ուրմիա աղի ջրավազանի վրա։

Ուրմիան Իրանի ամենամեծ լիճն է Կասպից ծովից հետո, սակայն մի քանի տարվա երաշտը զգալիորեն չորացրել է այն և վերածել աղի ճահճի։

Գործակալության տվյալներով՝ ամպերի ցանումը կշարունակվի լճին սահմանակից Արևմտյան և Արևելյան Ադրբեջան նահանգներում (Իրանի նահանգները սահմանակից են Ադրբեջանի Հանրապետությանը)։

Իրանի օդերևութաբանական կազմակերպության տվյալներով՝ երկրում այս տարի տեղումների քանակը 89%-ով ցածր է երկարաժամկետ միջին ցուցանիշից։

Մայրաքաղաք Թեհրանում, որն ունի ավելի քան 9 միլիոն բնակչություն, ջրամբարները սպառվել են իրենց հզորության 10%-ից պակաս։ Իշխանությունները չեն բացառում ջրամատակարարման սահմանափակումները, և նախագահ Մասուդ Պեզեշկիանը նույնիսկ ենթադրել է, որ կարող են անհրաժեշտ լինել տարհանումները։

«Տաշիր Կապիտալ»-ի լիցենզիան չեղյալ է հայտարարվել. ընկերության սեփականությանը կարող է անցնել պետությանը

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չեղյալ է հայտարարել «Տաշիր կապիտալ» ընկերության՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատիրոջ լիցենզիան։ Հանձնաժողովի նիստը տևել է երեք օր։

Հանձնաժողովը չեղյալ հայտարարելու պատճառների մեջ նշել է ուրոշ խախտումներ, այդ թվում՝ տվյալների կեղծումը, ուշացած միացումները և անտեղի վարկային երաշխիքներ։

Հանձնաժողովը նաև գրանցել է էլեկտրաէներգիայի մատակարարման ցուցանիշների վատթարացում 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակներում (2024 թվականի նույն ժամանակահատվածների համեմատ)։

«Էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ ներկայացուցիչները, այդ թվում՝ նախկին պաշտոնակատար տնօրեն Դավիթ Ղազինյանը, հայտարարել են, որ վարույթը զուտ քաղաքական է և սկսվել է Նիկոլ Փաշինյանի՝ ընկերության սեփականատեր, ձերբակալված գործարար Սամվել Կարապետյանի դեմ արված հայտարարություններից անմիջապես հետո։

«Տաշիր կապիտալ»-ի փաստաբան Արամ Օրբելյանը շեշտեց, որ ընկերությանը «Էլցանցի»-ն կառավարելու լիցենզիայից զրկելը փաստացի ենթադրում է սեփականության իրավունքից զրկում, և որ դա պետք է գնահատվի՝ միջազգային իրավունքի և ՀՀ Սահմանադրության համապատասխանությունն ապահովելու առումով։

2016 թվականից ի վեր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պատկանում է ռուսաստանյան հայ գործարար Սամվել Կարապետյանի կողմից հիմնադրված «Տաշիր» ընկերությունների խմբին։ Հուլիսի 22-ին Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը կասեցրեց ՀՀ խորհրդարանի կողմից ընդունված օրինագծերը, որոնք թույլատրում էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ազգայնացումը, և կոչ արեց զերծ մնալ ընկերության ակտիվները բռնագրավելու հետագա քայլերից։

Պետությունը և «Էլցանց»-ի սեփականատերերը պետք է համաձայնության գան ընկերության ակտիվների փոխանցման վերաբերյալ երեք ամսվա ընթացքում, լրագրողներին ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը։

«Հաջորդ երեք ամիսների ընթացքում պետությունը կսկսի բանակցություններ սեփականատիրոջ հետ գույքի սեփականության փոխանցման վերաբերյալ։ Եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ այս երեք ամիսների ընթացքում, պետությունը կարող է բռնագրավել սեփականությունը՝ հիմնվելով գերակա հանրային շահի վրա», – նշել է Մեսրոպյանը։

Նրա խոսքով՝ սեփականության իրավունքը պետությանը փոխանցելուց հետո այն կորոշի ընկերության կարգավիճակը։ Մասնավորապես, հնարավոր է երեք տարբերակ՝ վաճառք մեկ այլ ընկերության, պետական ​​բաժնեմասով կոնսորցիումի կառավարում կամ պետական ​​կառավարման շարունակություն։

“Արցախցիներին ասում են՝ կռվեիք, բայց որ հասել է իրենց կռվելու օրը կամ ժամանակը, գնացել թուրքի դեմ ծնկի են իջել”

Գործարար Սամվել Կարապետյանի աջակիցներն ի պաշտպանություն Կարապետյանի ակցիա են կազմակերպել դատարանի շենքի մոտ։

Արցախցի գործիչ Անաստաս Իսրայելյանը լրագրողների հետ զրուցյում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի թեզերին, թե «արցախցիները չեն կռվել» եւ «Արցախի հարցը թոկ էր Հայաստանի վզին»։

«Նիկոլ Փաշինյանը թող իր խոստումները իրականություն դարձնի, հետո նոր արցախցիներին մեղադրի չկռվելու համար։ Արցախցիներին ասում են՝ կռվեիք, բայց որ հասել է իրենց կռվելու օրը կամ ժամանակը, գնացել թուրքի դեմ ծնկի են իջել, խաղաղություն են ողորմում։ Սա խաղաղություն չէ, սա խայտառակություն է, մենք ուզում ենք արժանապատիվ խաղաղություն ձեռք բերել։ Մեր հազարամյա պատմությունը ցույց է տալիս, որ մեր հաղթանակներն ու գոյատեւումը եղել է հզոր առաջնորդների շնորհիվ, ոչ թե նմանատիպ ղեկավարների թեզերի»,- ասաց նա։

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե Բաքվի հետ խաղաղություն է հաստատված, սահմաններին չեն կրակում, Իսրայելյանն ասաց․ «Սահմաններին ինչո՞ւ կրակեն, եթե առանց կրակել ամեն ինչի հետ համաձայնում են։ Իր ասած ամեն միտքը համընկնում է թշնամու շահերի հետ»։

Արցախցի փոքր կազմով ընտանիքներին աջակցություն տրամադրելու ծրագրում չպետք է տարբերակում լինի

«Արցախցի փոքր կազմով ընտանիքներին աջակցություն տրամադրելու ծրագրում չպետք է տարբերակում լինի, աջակցությունը պետք է հատկացվի բոլոր ընտանիքներին, մեր առաջարկությունը դրան էր վերաբերում»,- step1.am-ի հետ զրույցում ասաց Արցախի գործիչ, «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ» Գագիկ Ավանեսյանը՝ անդրադառնալով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից հանրային քննարկման դրված նախագծին։ https://step1.am/blog/2025/11/15/40594/

Նշենք, որ այս նախագծով նախատեսվում է կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցման եղանակով սոցիալական աջակցություն տրամադրել Արցախից բռնի տեղահանված՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում հաշվառված, ծրագրի շրջանակում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիր չստացած կամ այն չեղարկած 1-3 անդամ ունեցող այն ընտանիքներին, որոնք բաղկացած են միայն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող կամ 60 եւ ավելի տարեկան անդամներից, կամ որոնց անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է՝ 2 անդամի դեպքում, կամ որոնց անդամների տարիքների հանրագումարը 175 և ավելի է՝ 3 անդամի դեպքում:

 Նախագծի նպատակն է ստեղծել տեղահանված ընտանիքների կացարանով ապահովման խնդրի կարգավորման այլընտրանքային տարբերակներ՝ մինչև 3 անդամներից բաղկացած այն ընտանիքների համար, ովքեր իրենց բնակարանային խնդրի լուծուման հարցում ծրագրով առաջարկվող աջակցության փոխարեն կգերադասեն բնակվարձի երկարաժամկետ փոխհատուցումը։

 Նախատեսվում է սոցիալական աջակցությունը տրամադրել 120 ամիսների ընթացքում՝ աջակցության ամսական չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար սահմանելով 40000 դրամ:

Գագիկ Ավանեսյանը նշեց, որ «Արցախիցների իրավունքների պաշտպանության խորհուրդը» կառավարությանն առաջարկել էր կամ փոքր կազմով արցախցի բոլոր ընտանիքների համար դրամական աջակցության տարբերակը կիրառել, կամ էլ սերտիֆիկատի ֆիքսված գումար սահմանել, որի շրջանակներում մարդիկ կկարողանան բնակարան գնել։ Այնպես, ինչպես դա արվել է Արցախից բռնի տեղահանված վերաբնակիչների դեպքում 2020 թվականի պատերազմից հետո։

«Բայց այս նախագծում իրենց շեշտադրել են հաշմանդամություն ունենալը կամ տարեց լինելը, ինչն անընդունելի է, հիմա եթե մարդը հաշմանդամ կամ տարեց չէ, ի՞նչ է անելու։ Այդ տարբերակումը պետք է հանեն, մեր առաջարկությունները փոքր կազմով բոլոր ընտանիքներին էին վերաբերում, ֆիլտրեր չպետք է լինեն։ Այո, այս որոշումը մի մասի խնդիրները լուծում է, ինչպես ասում են՝ այն, որ փորձում են մի բան փոխել, դա արդեն լավ է, բայց անընդունելի է, որ տարբերակում են դրել»,- ասաց նա։

Ըստ կառավարության նախագծի՝ ստացվում է, որ երկու անձից բաղկացած ընտանիքում, եթե յուրաքանչյուր անդամ 50 տարեկան է, չի կարող օգտվել այս ծրագրից, քանի որ նրանց գումարային տարիքը 100 է լինում, իսկ ըստ նախագծի՝ գումարային տարիքը պետք է լինի 115 եւ ավելի, որպեսզի ծրագրի շահառու լինեն։ Գագիկ Ավանեսյանը հարցադրում է անում․ «Ինչու 50 տարեկան անձը երիտասարդ է համարվո՞ւմ, այդ մարդիկ ի՞նչ են անելու, որտե՞ղ պետք է աշխատանք գտնեն կամ ինչպե՞ս գտնեն։ Սա անընդունելի է»։

Ավանեսյանը նաեւ նշեց, որ նախկինում «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը» հաշմանդամություն ունեցողների համար առաձին առաջարկություն էր ներկայացրել կառավարությանը։ «Մենք առաջարկել էինք սերտիֆիկատը տալու ժամանակ միավոր հաշվել, քանի որ հաշմանդամություն ունեցող մարդկանց սպասարկելու համար լրացուցիչ մակերես է պետք։ Մեր առաջարկությունները ամբողջությամբ չեն ընդունել, փորձում են ցույց տալ, որ մարդասիրական որոշում են ընդունել։ Հա, բան չունեմ ասելու, սա մարդասիրական քայլ է, բայց հարց է ծագում՝ բա մնացա՞ծը»,- ասաց նա։

Ռոզա Հովհաննիսյան

«Վատ ռուսներ» Երևանի և Վաշինգտոնի ներկայացումը կարող է միայն մեկ արդյունք ունենալ

Երևանում Աղոթքի նախաճաշը անուղղակիորեն բացահայտեց կապը Հայաստանի կառավարության կողմից Արցախից հրաժարվելու և ակտիվորեն խթանվող «խաղաղության գործընթացի», եկեղեցու նկատմամբ հալածանքների և «Տաշիր Գրուպի» կողմից Հայկական Էլեկտրական Ցանցը շահագործելու լիցենզիայի հնարավոր չեղարկման միջև։

Աղոթքի նախաճաշի մասնակիցները, լրագրողների հետ զրուցելով, բացահայտեցին այս կապի էությունը, որի մասին, ըստ երևույթին, անձամբ լսել էին Հայաստանի կառավարության ներկայացուցիչներից։

Մասնավորապես, պարզվեց, որ Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության վրա կառավարության հարձակումները բխում են Եկեղեցու կողմից միջազգային հարթակներում Արցախի ժողովրդի իրավունքների և Արցախի պատմական ժառանգության պաշտպանությունից։ Այսպիսով, նախաճաշի մասնակիցների խոսքով, Եկեղեցին, իբր, խոչընդոտում է կառավարության «խաղաղության» քաղաքականությանը և Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններին։ Կառավարությունը ցանկանում է, որ Եկեղեցին հրաժարվի Արցախում իր սեփականության նկատմամբ պահանջներից (որը ներառում է հարյուրից ավելի եկեղեցիներ) և դառնա «կառավարության գործակալ»՝ Հայաստանը «խաղաղության խաչմերուկի» վերածելու գործում։

Միևնույն ժամանակ, մասնակիցները նշում են, որ Հայաստանի կառավարությունը մեղադրում է Հայ եկեղեցուն Հայաստանում «ռուսական գործակալ» լինելու մեջ, և չնայած դրա վերաբերյալ որևէ ապացույց չկա, կառավարությունը ցանկանում է զրկել Եկեղեցուն ռուսական օրակարգը առաջ մղելու հնարավորությունից։

Այս մանիպուլյացիան չի դիմանում որևէ քննադատության և կարող է փլուզվել միայն մեկ հարցից. արդյո՞ք Ռուսաստանն է դրդում պաշտպանել Արցախի ժողովրդի և Արցախում հայկական ժառանգությունը, որի մեջ մեղադրվում է Եկեղեցին։

Մի՞թե 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը Պուտինի միջնորդությամբ չէր։ Մի՞թե Պուտինը առաջինը չէր, որ «ճանաչեց», որ Ռուսաստանը միշտ Արցախը համարել է Ադրբեջանի մաս։ Մի՞թե Մոսկվան չէր, որ մերժեց ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Մի՞թե ռուսական զորքերը չէին արգելում «օտարերկրացիներին», այդ թվում՝ միջազգային կազմակերպություններին, մուտք գործել Արցախ 2020-2023 թթ․։ Մի՞թե Մոսկվան առաջինը չէր, որ ողջունեց Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերը։

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ոչ մի տարաձայնություն չկա ո՛չ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» պայմանների, ո՛չ էլ թյուրքական միջանցքի ներքո Հայաստանի հարավի օտարման վերաբերյալ՝ դա կլինի Պուտինի, թե Թրամփի հովանու ներքո։ Կան նույնիսկ կասկածներ, որ Վաշինգտոնը, Բաքուն և Մոսկվան կհամաձայնվեն ավելի սերտ համագործակցության. օրինակ՝ «Ռուսական երկաթուղիները» երկաթուղի կկառուցեն Իրան-Հայաստան սահմանի երկայնքով, իսկ ռուս սահմանապահները կպահպանեն նոր միջանցքը։

Ու՞մ շահերն են հետապնդում Երևանը, Մոսկվան և Վաշինգտոնը, «վատ ռուսների» այս թատրոնը բեմադրելով, իբր Մոսկվան Եկեղեցու և իրենց գործարարների (Սամվել Կարապետյան) միջոցով խոչընդոտում են «խաղաղությանը» և «Թրամփի ճանապարհին»։ Այս խաղաղությունը ենթադրում է ոչ միայն ռուս-թուրքական պայմանագրերով Հայաստանից խլված այլ տարածքներից վերջնական հրաժարում՝ Արցախից, Նախիջևանից, Կարսից, այլև հրաժարում բուն Հայաստանի Հանրապետությունից՝ Չորրորդ Հանրապետություն ստեղծելու մշուշոտ հեռանկարով։

Հայաստանում տաքացումը կսկսվի նոյեմբերի 17-ին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ նոյեմբերի 17-ին ամբողջ Հայաստանում սպասվում է տաքացման միտում։
Նոյեմբերի 17-ից 21-ը տեղումներ չեն սպասվում։ Ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևանում նույնպես տեղումներ չեն սպասվում։ Հայաստանի մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի 16°C-ի։
Գագիկ Սուրենյանի խոսքով՝ Հայաստանում տաք եղանակը կպահպանվի մինչև ամսվա վերջ։

Մասիսի նոր քաղաքապետը խոստանում է շարունակել աջակցել արցախցիներին

«Դավիթ Համբարձումյան» դաշինքն այսօր Մասիսի քաղաքապետ ընտրեց Նորայր Հակոբյանին։ Նա համայնքապետի առաջին տեղակալն էր, Դավիթ Համբարձումյանի կալանավորումից հետո կատարում էր համայնքի ղեկավարի պարտականությունները։

Հայտնի է, որ Մասիս համայնքում տեղակայված են մեծ թվով արցախցիներ։ Նորայր Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ շարունակելու են լուծել Մասիսում տեղակայված արցախցի ընտանիքների խնդիրները։

«Մենք մեր ծրագրերը արել ենք, անելու ենք եւ պետք է անենք։ Մենք ունենք մի շարք ծրագրեր Դավիթ Համբարձումյանի կողմից նախաձեռնված, որոնք պետք է նպաստեն, որ արցախահայության բարբառային կենտրոն պետք է ունենք, պետք է ունենանք արցախցիների հավաքման կետ, որտեղ նրանք իրենց առօրյան կկարողանան անցկացնել միասին, մտքեր փոխանակել։ Եվ ամենակարեւորը՝ մենք պետք է ունենանք այնպիսի տեղեր, որտեղ պետք է ապրեն ու խոսեն Արցախի յուրաքանչյուր բնակավայրի բարբառով»,- ասաց նա։