Տաշիրում արցախցիները չեն շտապում օգտվել բնակապահովման ծրագրից

Արցախի բնակչության համար բնակարանային ապահովման ծրագրի նախագծում կառավարությունն ավելացրել է այն բնակավայրերի թիվը, որտեղ բնակարան ձեռք բերելու դեպքում ընտանիքի յուրաքանչյուր անդամին կտրամադրվի 4 մլն դրամ։

Այս ցանկում ներառված են Լոռու մարզի Տաշիր համայնքի բոլոր բնակավայրերը։ Իսկ դրանք 20-ից ավելի են։

Սակայն արցախցիները չեն շտապում օգտվել ծրագրից։ Միայն մի քանի ընտանիք է դիմել։ Հիմնական խոչընդոտը՝ Հայաստանի քաղաքացիություն ընդունելու պահանջն է, հաղորդում է Տաշիրի համայնքապետարանը։

Տաշիրում արցախցիները Step1.am-ի հետ զրույցում ասացին, որ ՀՀ քաղաքացիություն չընդունելու մի քանի հիմնական պատճառ ունեն. նրանք մտավախություն ունեն, որ որպես Հայաստանի քաղաքացիներ իրենց թույլ չեն տա վերադառնալ Արցախ կամ կզրկվեն Արցախի ճակատագրին մասնակցելու իրավունքից, ինչպես նաև կզրկվեն Արցախում մնացած սեփականության իրավունքից։

Ալվարդ Գրիգորյան

Ժողովուրդը գուցե հիշի 2009 թվի համավարակից H1N1 տեսակը գրիպի, H3N2–ը։ Հենց այս երկու շտամներն են հիմա շրջանառվում

Հայաստանում պահպանվում է սուր շնչառական վարակների ակտիվությունը։ Ավելացել է դիմելիությունը բուժհաստատություններ, այդ թվում՝ հիվանդանոցներ։ Մասնավրապես, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կա հոսպիտալացման թվի աճ, հատկապես մանկահասակ տարիքի, մինչև 5 տարեկան երեխաների, որոնք պայմանավորված են գրիպի բարդություններով, այդ թվում՝ թոքաբորբով։

«Ժողովուրդը գուցե հիշի 2009 թվի համավարակից H1N1 տեսակը գրիպի, H3N2–ը։ Հենց այս երկու շտամներն են հիմա շրջանառվում, Ա գրիպի այս երկու ենթատեսակները, որոնք որ ունակ են առաջացնել անգամ համավարակներ, այսինքն, շատ արագ տարածվում են, շատ արագ վարակում են մեծ թվով մարդկանց, և պատճառ դառնում բարձր հիվանդացության», – ասում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Անահիտ Գրիգորյանը։

Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, 2025 թվականի 5–րդ շաբաթվա ընթացքում, առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ է դիմել 9105 պացիենտ։

«Իրավիճակը վերահսկելի է, սա ընդամենը սեզոնին բնորոշ վիճակագրություն է», – ասում է Աիդա Հովհաննիսյանը։

Նորվեգիայում Արարատ Միրզոյանին հիշեցրել են Ցեղասպանության եւ Նանսենի անձնագրի մասին

Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդը պատմել է առաջին հայի հետ իր ծանոթության մասին, որից հետո վերջինը շատ կապվել է Հայաստանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով եղել է Նորվեգիայում, որտեղ էլ հանդիպել է Յագլանդին ու ծանոթացել յուրօրինակ և գեղեցիկ պատմությանը։
«Առաջին անգամ ես ծանոթացա հայի և Հայաստանի հետ, երբ արտգործնախարար էի։ Ես այցելել էի Ռամալլահ քաղաք, երբ Ռամադանի վերջն էր, և Յասեր Արաֆաթը (Պաղեստինի ազատագրման կազմակերպության նախագահ – խմբ.) սովորություն ուներ տարածաշրջանի, Երուսաղեմի բոլոր կրոնական առաջնորդներին ճաշի հրավիրել։ Ինձ էլ հրավիրեցին, քանի որ այնտեղ էի, և ես նստած էի Յասեր Արաֆաթի կողքին, իսկ իմ աջ կողմում՝ մի տարեց մարդ։ Նա շատ տարօրինակ հագուստ ուներ, ինչպես մյուս բոլոր կրոնական առաջնորդները։ Նա որոշ ժամանակ անց նա իմացավ` ով եմ ես։ Իր գրպանից հանեց մի փաստաթուղթ և ասաց. «Այս փաստաթուղթը հետևել է ինձ ողջ կյանքում, այն փրկել է իմ կյանքը»։ Դա Նանսենի անձնագիր էր»,– նշել է Յագլանդը։
Նա կարծում է, որ հենց դա է եղել պատճառներից մեկը, ինչու է առաջին անգամ ինքն այդքան կապվել Հայաստանի հետ։
Նշվում է նաև, որ Միրզոյանը Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով։

Ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

Հանրապետության տարածքում` փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-13-ին հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8  աստիճանով։

Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում փետրվարի 8-ի և 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-ի գիշերը քաղաքի բարձրադիր հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ +3+5։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -1-4,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -9-14, ցերեկը՝ 0-4,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +1+4,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -11-16, ցերեկը՝ -2-5,

Լոռիում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -3+1,

Տավուշում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ -1+3,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -11-15, ցերեկը՝ -2-6,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝-3-8, ցերեկը՝ +1+4,

Արարատում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +1+5,

Արմավիրում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +3+6,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -2-5,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝-5-8, ցերեկը՝ +2+6,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +2+6,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2+2։

Ի տարբերություն Սուխումի, Ստեփանակերտի աէրոպորտը միայն ռուս առեւտրա-ռազմական ուղղաթիռներին ծառայեց

Աբխազիայի Սուխում օդանավակայանն երեկ ընդունել է իր առաջին չվերթը վերջին ավելի քան 30 տարվա ընթացքում՝ Մոսկվայից աբխազ ուսանողներ տեղափոխելով: Փորձնական թռիչք է իրականացվել:

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից օդանավը վայրէջք է կատարել Աբխազիայում Մոսկվայի ժամանակով մոտավորապես 13:30-ին։ Ավելի վաղ ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտնել էր, որ Մոսկվայի և Սուխումի միջև կանոնավոր հաղորդակցություն կհաստատվի մինչև մայիս, գրում է Կոմսոմոլսկայա պրավդան:

Այդպես էլ Ստեփանակերտի օդանավակայնը չկարողացավ ընդունել ոչ առաջին ուղեւոր Սերժ Սարգսյանին, ոչ Air France-ի Airbus-երին, ընդունեց միայն ռուս ‘խաղապահների’ առեւտրա-ռազմական ուղղաթիռները ու պաստառներով արցախցի երեխաներին:

Արցախի ոչ միայն հողը, այլեւ երկինքն էր “անջատողական”: Արցախի երկնքում ինքնաթիռի սպիտակ ծուխ չէր ուրվագծվում: Ինքնաթիռների մասին արցախցիների հիշողություններն այլ են: Դրանց ձայնը միայն ակուստիկոֆոբիա (ձայնի հանդեպ վախ) է առաջացնում նրանց մոտ:

Առաջին Ղարաբաղյան պատերազմի տարիներից հետո արցախցի երեխաները Հայաստան էին եկել, եւ երբ քաղացիական ինքնաթռ էին տեսնում երկնքում, պառկում էին են գետնին։ Նրանց տեղացի ընկերները ծիծաղում էին, մինչեւ ծնողները հանդիմանեցին‘ “չի կարելի, իրենք Ղարաբաղից են, այտեղ պատերազմ է, ռմբակոծում են ինքնաթիռներով”:

Ստեփանակերտի Օդակայանում ամեն ինչ կար: Վարձատրվող անձնակազմ, մեկնում, ժամանում, նստարաններ, ATCS (օդային երթևեկության կառավարման աշտարակ), բայց չկային ինքնաթիռներ ու ուղեւորներ:

Մարութ Վանյան

 

Սարուշենցի կնոջ Ազգի մասին պատմությունը․ երբ հասանք Գորիս, Վաչեն արդեն այնտեղ էր

Երիտասարդ կնոջ փխրուն ուսերին են մնացել երեք երեխաների հոգսն ու դաստիարակությունը

 Արցախից տեղահանվելուց հետո Ռուզաննա Գասպարյանը երեք երեխաների հետ բնակություն է հաստատել Օշական գյուղում։ 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմն իր անողոք կնիքն է թողել նրա ընտանիքի վրա՝ մահվան ճիրանների մեջ առնելով ամուսնուն, եղբորը, հորեղբոր տղային։ Սեպտեմբերի 25-ի պայթյունին զոհ է դարձել նաև քրոջ ամուսինը։ Երիտասարդ կնոջ փխրուն ուսերին են մնացել երեք երեխաների հոգսն ու դաստիարակությունը։

2023-ի սեպտեմբեր, Սարուշեն․․․ Ռուզաննան պատմում է

-Սեպտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը պայթյունի ուժեղ ձայն լսեցինք, ինչը թերևս նորություն չէր 2020-ից հետո սահմանամերձ դարձած Սարուշենի համար։ Ամուսինս հանգստացրեց՝ ասելով, որ հերթական պայթյուն է։ Առավոտյան երեխաները գնացին դպրոց, ես էլ ճաշ էի պատրաստում։ Այդ պահին հորեղբորս կինը զանգեց ու ասաց, որ չվախենամ, բայց ադրբեջանցիները մտել են գյուղ՝ հարևան Սարգսաշենի կողմից։ Հասցրի վերցնել միայն փաստաթղթերս ու վազել մորս տուն, որը գյուղի վերևի մասում էր գտնվում։ Որոշ ժամանակ անց ամուսինս զանգեց ու ասաց, որ գնամ տուն՝ մի քանի հագուստ վերցնելու։ Քրոջս հետ իջա մեր տուն։ Գյուղում խուճապ էր, տղամարդիկ արդեն գնացել էին դիրքերը, այդ թվում նաև եղբայրս՝ Արտակը։ Ամուսինս ասաց, որ տղաները սոված են և պետք է ուտելիք տանի իր հետ։ Վերցրեց՝ ինչ կար և պատրաստվեց միանալու դիրքապահներին։ Դարպասի մոտ կանգնեց, հետ նայեց, և, հանելով ոսկյա վզնոցը, տվեց ինձ։ “Եթե չվերադառնամ, կտաս մեր տղային”,- ասաց ու համարյա վազելով հեռացավ։

Այդ պահին սկսեցին հրետակոծել գյուղի շուրջբոլորը՝ առանց մեկ րոպե անգամ դադար առնելու։ Մեր համայնքի ղեկավարը կազմակերպեց բնակչության տարհանումը Մարտունու շրջանի Մսմնա գյուղ։ Բոլորս միասին ոտքով ճանապարհվեցինք ու երեկոյան հասանք Մսմնա։ Այդտեղ մեկ գիշեր մնալուց հետո համայնքի ղեկավարի ուղարկած ավտոբուսներով ճանապարհվեցինք Ստեփանակերտի օդանավակայան։

Երեխաներիս հետ ես մեկ օր մնացի այդտեղ։ Ոչ ոքի հետ չէի կարողանում կապվել, օդնավակայանում քաոսային վիճակ էր։ Տարբեր շրջաններից մարդիկ գալիս ու այդտեղ էին ապաստան գտնում։ Դիրքերից ոչ մի լուր չկար։

Հաջորդ օրն ինձ հետ կապվեց ամուսնուս ընկերը և մեզ տեղափոխեց Հովսեփավան, որտեղ մնացինք մի քանի օր։ Հետո հասկացա, որ բոլորը գիտեին, որ ամուսինս, եղբայրս, հորեղբորս տղան զոհվել են, սակայն չէին համարձակվում ասել։

Զանգեցի համայնքի ղեկավարին, չպատասխանեց։ Զանգեցի նրա հորը և լսեցի գույժը՝ մերոնք չկան․․․ Ոչինչ չէի հասկանում, չէի ցանկանում հավատալ։ Մտածում էի՝ գուցե շփոթմունք է։ Հոգուս խորքում շարունակում էի հույս պահել։ Հետո լսեցի, որ ռուս խաղաղապահների միջոցով համայնքի ղեկավարը գնացել է դիրքեր և բերել ամուսնուս ու հորեղբորս տղայի աճյունները, սակայն չի կարողացել գտնել եղբորս մարմինը։

Մեզ հնարավորություն տրվեց մարմինները տեղափոխել Հայաստան։ Սեպտեմբերի 25-ին դուրս եկանք Արցախից և, անցնելով այդ դժոխային ճանապարհը, օրեր հետո հասանք Երևան։ Հոկտեմբերի 1-ին Եռաբլուրում հողին հանձնեցինք Վալերիին ու Անդրեյին, իսկ 40 օր հետո՝ եղբորս, երբ նույնականացվեց ԴՆԹ-ն։

Ռուզաննան կարողանում է իր մեջ ուժ հավաքել, փորձում է անել հնարավորը, որ երեխաներին պատշաճ դաստիարակություն տա։ Սակայն չի հարմարվում առանց Արցախի ու հարազատ գյուղի կարոտով սպասում է հետվերադարձին

 -Արցախից տեղահանվելուց հետո նախ հաստատվեցինք Կոտայքի մարզի Հանքավան գյուղում, իսկ հետո տեղափոխվեցինք Արագածոտնի մարզի Օշական գյուղը։ Այստեղ մեզ լավ են ընդունել։ Մարդիկ հոգատար ու սրտացավ են։ Սարուշենից շուրջ 10 ընտանիք է այստեղ ապրում։ Դա ևս կարևոր հանգամանք է՝ դժվարությունները մի փոքր հեշտությամբ հաղթահարելու։ Սակայն միևնույն է՝ ես չեմ կարողանում հարմարվել իրականությանը, ապրում եմ կարոտով և երբեք չեմ կորցնում հույսս, որ տուն եմ վերադառնալու։

Երեխաներս հաճախում են դպրոց, ացելում են խմբակներ, մասնակցում են տարբեր պարապմունքների։ Շատ են կարոտում հորը, հիշում մեր ընտանեկան կյանքի ամեն մի դրվագը։ Չկա մի օր, որ մենք հիշողություններով չգնանք Արցախ։ Ինչքան էլ դժվար է, սակայն ես փորձում եմ ուժ հավաքել, որ կարողանամ ոտքի կանգնեցնել բալիկներիս։

Ռուզաննան պատմում է, թե ինչպես են 2020-ից հետո Սարուշենի իրենց տանը 2 տարի հյուրընկալել կամավորական Վաչե Վարդանյանին։ Այն ժամանակ Գասպարյանները չգիտեին, որ տարիներ հետո Վաչեն է լինելու իրենց թիկունքը

 -Վաչեն 2020-ի պատերազմի կամավորականներից է։ Նրա հետ մենք ծանոթացել էինք 2020-ին, Հայաստանում։ 25-ամյա երիտասարդը պատերազմից հետո որոշել է տեղափոխվել ու բնակություն հաստատել Արցախում։ Եկավ մեր գյուղ, մի քանի օր մնաց մեր տանը, հետո ասաց, որ ցանկանում է վարձավճարով տուն գտնել Ստեփանակերտում ու տեղափոխվել։ Վալերին ու ես կտրականապես դեմ եղանք և առաջարկեցինք նրան ապրել մեր տանը։ Վաչեն դարձավ մեր ընտանիքի անդամը։ Երկու տարի ապրեց մեզ հետ, հետո վերադարձավ Հայաստան։ Ապրում է Երևանում՝ վարձակալած բնակարանում։

2023-ին, երբ հասանք Գորիս, Վաչեն արդեն այնտեղ էր։ Դիմավորեց մեզ և շուրջ 70 ընտանիքի տեղավորեց Հանքավան գյուղում, ապահովեց սննդով ու գիշերակացով։ Որոշ ժամանակ անց բոլորս բնակություն հաստատեցինք տարբեր բնակավայրերում։ Վաչեն իր բարեգթությունը շարունակում է առայսօր՝ լինելով իմ ընտանիքի կողքին։ Ամեն անգամ ասում է՝ ես Վալերիի արածը երբեք չեմ մոռանա․․․

Վերջերս Վաչեն Երևանում համալիր աջակցության կենտրոն է բացել ու անվանել “Խոխա”։ Կենտրոնում ընդգրկված են 2020-ի և 2023-ի պատերազմներում զոհվածների 3-6 տարեկան շուրջ 60 երեխա։ Գործում է շաբաթ և կիրակի օրերին։ Երեխաների հետ աշխատում են զոհվածների կանայք։ Կենտրոնում գործում են տարբեր խմբակներ։ Ամենակարևորն այն է, որ երեխաները հնարավորություն ունեն խոսելու արցախյան բարբառով, շփվել իրար հետ, պահպանել արցախյան կոլորիտը։ Նրանք կարողանում են անկաշկանդ ու լիաթոք մանկություն վայելել։ Ըստ կարիքի՝ երեխաներին տրամադրվում է նաև աջակցություն։ Երեխաների համար ամառային շրջանում կազմակերպվել է ճամբար Հանքավան գյուղում։ Արցախցի երեխաների համար նման ճամբարներ Վաչեն կազմակերպում էր 2020-ից հետո։ Բարեգործությունները կատարվում են Վաչեի ընկերական շրջապատի աջակցությամբ։

Զոհվածի կինը կարևորում է, որ Սարուշեն համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանն ուշադրության կենտրոնում է պահում համագյուղացիներին

 -Արցախից տեղահանվելուց ի վեր՝ մեր համայնքի ղեկավարը մշտական կապի մեջ է բնակչության հետ։ Թեև ցրված ենք տարբեր երկրներում ու Հայաստանի տարբեր բնակավայրերում, սակայն մենք մեզ համայնք ենք զգում, ու դա համայնքի ղեկավարի շնորհքն է։ Արցախում մեր համայնքը համերաշխ, միասնական ու գիտակից էր և շարունակում է այդպիսին մնալ։ Ցավոք, ծանր կորուստներ ունեցանք և դեռ երկար ժամանակ չենք կարողանա ուշքի գալ ու մեր տեղը գտնել։ Թեթևություն ենք զգում, որ մենակ չենք, և մեր ցավը կիսում է ողջ համայնքը։ Լավ կլիներ, որ արցախցիներին հնարավորություն տրվեր ապրել իրար կողքի։ Միասին հեշտ կհաղթահարենք դժվարությունները։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

19 պաշտոնական պահանջ է դրված Հայաստանի առջեւ․ թող մարդիկ մտածեն իրենց զավակների մասին

Step1.am-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Պարոն Պապյան, Նիկոլ Փաշինյանը ցեղասպանությունը եւ մեր պատմությունը մոռանալու մասին թեզեր է դրել շրջանառության մեջ, ինչպե՞ս ես սա գնահատում, ի՞նչ հետեւանք կունենա այս քաղաքականությունը։

-Պարզապես սա Նիկոլ Փաշինյանի կողմից Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջների իրականացում է։ Ես ինքս բազմիցս ասել եմ, որ դեռեւս 1990-ական թվականներից Թուրքիան երեք պահանջ էր դնում Հայաստանի առջեւ՝ Ցեղասպանության մոռացություն, հրաժարում տարածքային, բարոյական կամ նյութական պահանջներից եւ հօգուտ Ադրբեջանի Արցախի հարցի լուծում։ Ես պետք է ասեմ, որ անգամ այն ժամանակ զիջումների հակված Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ զիջումներին չգնաց։ Հիմա Փաշինյանը գնաց, եւ պահանջներն արդեն երեքը չեն։ Արդեն 19 պաշտոնական պահանջ է դրված Հայաստանի առջեւ։ Այդ 19-ից 19-ին էլ Նիկոլն արդեն համաձյանել է, այդ թվում՝ համաձայնել է հրաժարվել միջազգային դատարաններում առկա մեր հայցերից։

Սա պարզապես Նիկոլ Փաշինյանի կեղծ դրույթի իրականացումն է, որ իբր թե Թուրքիան եւ Ադրբեջանը մեր նկատմամբ քաղաքականությունը մշակում են՝ ելնելով մեր քաղաքականությունից։ Ասում է՝ եթե մենք ամեն ինչից հրաժարվենք, իրենք իբրեւ էլ պարտք ու պահանջ չեն ներկայացնի, իբրեւ կլինի «խաղաղության պայմանագիր» եւ «խաղաղություն»։ Իրականում խաղաղություն չլինի, եւ ցեղասպանության հարցը կասկածի տակ դնելը ցեղասպանությունից հրաժարում է նշանակում, Լեմկինի ինստիտուտը դա հաստատեց։ Մենք արդեն այստեղ խնդիրներ ենք ունենում ոչ միայն մեր բարոյականության ու մեր պետության անվտանգության հետ, այլեւ հարվածի տակ ենք դնում բոլոր այն երկրներին ու կառույցները, որոնք հանդես են եկել հօգուտ ցեղասպանության ճանաչման։

-Նա փորձում է հայ ժողվորդին ներկայացնել, թե իբր պարտության միջոցով ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն եւ պետք է օգտագործենք դա։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

-Նման անհեթեթություն ես առաջին անգամ եմ լսում, թեեւ բավական ծանոթ եմ թե համաշխարհային պատմությանը, թե միջազգային հարաբերություններին։ Ընդհանրապես ինքնիշխան պետությունը ստեղծվել է միշտ հաղթանակի շնորհիվ՝ կլինի Գերմանիայի միավորումը, Իտալիայի միավորումը։ Միշտ հաղթողն է ինքնիշխան պետություն ձեւավորվել, պարտությամբ ինքնիշխանություն ձեւավորելն առնվազն անհեթեթ է, հատկապես այն պարագայում, երբ 19 այնպիսի պահանջ են դնում, որոնցից յուրաքանչյուրի կատարումը կասկածի տակ է դնում քո ինքնիշխանությունը։ Եթե քո Սահմանադրությունը, որը քո հիմնական օրենքն է, փոխել են տալիս, ի՞նչ ինքնիշխանության մասին է խոսքը։ Երբ քո ներքին տնտեսական քաղաքականությունը, թե որտեղ ինչ պետք է կառուցես, վերահսկվում է արտաքին ուժերի կողմից, դա ինքնիշխանություն չէ։

Նիկոլ Փաշինյանը մի բան է անում՝ հնարավորինս երկարաձգում է իր իշխանությունը, դրա դիմաց պատրաստ է վճարել ամեն ինչով, թեկուզեւ Հայաստանի ինքնիշխանության վերջին մնացորդներով։ Ինքը պատրաստ է թուրքական վիլայեթի կամ պրոտեկտորատի կարգավիճակ ստանալ, այսինքն՝ ամբողջ արտաքին ու ռազմական քաղաքականությունը հանձնել Թուրքիային եւ Ադրբեջանին։ Եթե մի ժամանակ դա Ռուսաստանն էր վերահսկում, հիմա աստիճանաբար դա տեղափոխվում է Թուքիայի ու Ադրբեջանի հովանու ներքո, անունը դնում է ինքնիշխանություն։ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես հայտնի է անտրամաբանական ձեւակերպումներ անելով, սա էլ դրանցից մեկն է, եթե չասենք, որ սա ուղղակի դավաճանություն է, որը հանցակազմ է պարունակում։ Դա նշանակում է, որ այն պատերազմը, որը մղել են մեր դեմ, իսկ մենք պաշտպանվել ենք, ովքեր պաշտպանել ու կռվել են, նրանք դեմ են եղել մեր ինքնիշխանությանը։ Հիմա էլ Նիկոլը սկսելու է պատժել նրանց, ովքեր հայրենիք են պաշտպանել։

-Դուք արտերկորւմ տարբեր հանդիպումների եք մասնակցում, ի՞նչ եք նկատում, Հայաստանի իշխանության այս քաղաքականությունն ի՞նչ արձագանք է ունենում դրսում, Արցախի կամ ցեղասպանության հարցերը հնարավո՞ր է փակել։

-Միջազգային ասպարեզում այս հարցերը կան, եւ ես կասեմ, որ խորը զարմանաք կա, որ հայկական կողմից որեւէ դիմադրություն չկա։ Բոլորը զարմացած են, Հայաստանի դիրքերը այդ բոլոր հարցերում բավական ուժեղ են, ինչո՞ւ անգամ փորձ չի արվում։ Մարդիկ, ովքեր փորձ ունեն, հասկանում են, որ ինչքան դու զիջես, այնքան պահանջելու են։ Եվ եթե իսկապես խաղաղություն ես ուզում, պետք է դիմադրես, պարտադիր չէ միայն զենքով, ի վերջո, կա նաեւ դիվանագիտական դիմադրություն։

Նիկոլի մասին ասում են, բառացի կարող եմ մեջբերել, «ինքը շիզոֆրոնիկ է»։ Բոլորը դա հասկանում են, ուղղակի աշխատում են այդ մարդու հետ, որովհետեւ հայ ժողովուրդը չակերտավոր «ընտրել» է նրան, նա է մեզ անամոթաբար ներկայացնում դրսում եւ ամեն տեսակի հիմարություններ է դուրս տալիս։

Վերաբերմունքը Նիկոլի նկատմամբ շատ վատ է, բայց խնդիրն այն է, որ իրենք մեր փոխարեն հարցը չեն լուծելու։ Իրենք պատրաստ են մեզ օգնել, բայց Հայաստանի իշխանության հարցը պետք է լուծի Հայաստանի ժողովուրդը։ Ժողովուրդն ինքը պետք է դուրս գա ու լուծի իր հարցերը, եթե չի ուզում, որ հենց այդ ժողովրդի զավակներն իրենց արյունով Նիկոլի սխալները փակեն։ Քաղաքական գործիչների սխալների համար վճարում են մարդիկ՝ իրենց կամ իրենց զավակների արյունով։ Նիկոլի այս քաղաքականությունը՝ թեկուզ հենց ցեղասպանությունը կասկածի տակ դնելը, բաձրարցնում է հնարավոր պատերազմի հավանականությունը։ Թող մարդիկ մտածեն իրենց զավակների մասին ու դուրս գան փողոց։

Ինչ վերաբերում է Սփյուռքին, 2015 թվականին նույն Լոս Անջելեսում 100 հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ ցեղասպանության 100 ամյակ էին նշում ու ոգեկոչում։ Բա ո՞ւր են հիմա այդ հարյուրները կամ հազարները, թող բողոքեն։ Նիկոլ Փաշինյանը գնաց Վաշինգտոն, Վաշինգտոնից, Նյու Յորքից մեզ լիքը խելք սովորեցնողներ կան, բացի մի քանի դպրոցականի ու ուսանողից մարդ չկա՞ր բողոքող։ Բա կանգնեիք բողոքեիք, նույնը վերաբերում է Նիկոլի հետ հանդիպման գնացած մարդկանց, բա մի կես բերան չեք ասում՝ այս ի՞նչ եք անում։ Ի վերջո կա բարոյականություն, այդ մարդկանց մեծ մասի ծնողները ցեղասպանությունից փրկվածներ են։

Ռոզա Հովհաննիսյան

«Հրապարակ». տերերին ասել են, որ հյուրանոցներում պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ

«Հրապարակ» թերթը գրում է. «Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գեւորգյանն օրերս հանդիպել է հյուրանոցային բիզնեսով զբաղվող սեփականատերերի հետ եւ շոկի է ենթարկել նրանց՝ ասելով, որ հյուրանոցներում պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից։ Ոմանք հակադարձել են, թե սահմանված չափորոշիչների մեջ նման պահանջ չկա:

Գեւորգյանն ասել է` մտնում ենք արաբական շուկա, դա պարտադիր է։ Ոմանք կասկածել են, որ դա արվում է ադրբեջանցիների համար, որոնք մոտ ապագայում հնարավոր է ազատ ելումուտ ունենան Հայաստանում․ ըստ Ալիեւի հայտարարությունների՝ 300 հազար ադրբեջանցի պետք է վերադառնան իրենց «տները»։

Արամ Ա-ն Թրամփին կոչ է անում միջամտել Ադրբեջանի բանտերից հայերի ազատագրման համար

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն ԱՄՆ նախագահին հիշեցնում է նրա հայտարարություններն ընտրարշավի ժամանակ:

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հատուկ նամակ է հղել Միացալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրա միջամտությունը խնդրելով Ադրբեջանում բանտարկված հայերի ազատագրման հարցում:

Կիլիկիո կաթողիկոսության հաղորդագրության համաձայն՝ Արամ Ա Վեհափառը ողջունում է «ոսկե դարաշրջան» բացելու և խաղաղության համար աշխատելու Թրամփի խոստումը, ապա ԱՄՆ նախագահին հիշեցնում «ընտրապայքարի ընթացքում նրա կատարած դատապարտումը՝ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու բռնագաղթի, ինչպես նաև արցախահայության վերադարձի իրավունքի շեշտումը»:

«Վեհափառ Հայրապետը նախագահի ուշադրությունն է հրավիրում համայն հայությանը ցավ ու ընդվզում պատճառող Արցախի քաղաքական ապօրինի բանտարկյալների վրա, որոնց շարքում՝ նախկին նախագահներ, վարչապետներ և պետական բարձրաստիճան պատասխանատուներ, Բաքվում դատավարությունը, որը տեղի է ունենում դռնփակ ու առանց միջազգային դիտորդների ներկայության և առանց դատական հստակ գործընթացի», – ասված է հաղորդագրությունում:

Արամ Ա կաթողիկոսը Թրամփին գրում է, որ «հայ ժողովուրդը մեծապես կգնահատի նրան, եթե անձնապես միջամտելով՝ կոչ ուղղի նախագահ Ալիևին՝ շուտափույթ կերպով և առանց պայմանի ազատ արձակելու բանտարկյալներին»։ «Նման քայլը կնպաստի Հայաստանի ու Ադրբեջանի միջև և ամբողջ տարածաշրջանում խաղաղության գործընթացին, Արցախի հայերի Արցախ վերադարձի ուղղությամբ դրական պայմանների ստեղծմանը, ինչպես նաև շոշափելի արտահայտությունը կլինի նախագահ Թրամփի խաղաղության առաքելության», – ընդգծում է Արամ Ա Վեհափառ Հայրապետը:

ԱՄՆ նախագահական ընտրարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը զանգահարել էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին, վերահաստատել իր աջակցությունն Արցախի հայերին և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին։

Մասիս քաղաքը Մարտակերտի “թյունինգ” տարբերակն է

Երբ չորս տարի անց մարդ գնում էր Մարտակերտ, նույն տեսարանին էր ականատես լինում. սվետաֆորի տակ ջրափոսից երինջները ջուր են խմում` իրենց կովային անդորրով, շականակագույն մանեկենները հենված են խանութների պատերին, ասես բոյ են չափում հիվանդանոցում: Փոշոտ կիպարիսները կլոր տարի կանգնած էին վարչակազմի շենքի դիմաց, ժանգոտ թիթեղի վրա սպիտակ ներկով գրված է գրադարան, որտեղ ոչ ոք չի մտնում: Ոչինչ այս քաղաքում չէր փոխում, մի խոսքով, մինչեւ 2020թ. ադրբեջանական հրետանին որոշեց դա անել. հնձեց կիպարիսները, եղածն էլ ավիրեց, ինչպես ասում են:

Հայաստանի Մասիս քաղաքը Մարտակերտի ‘թյունինգ’ տեսքն է պատկերվում: Իր տաք կլիմայով, մի քիչ անխնամ տեսքով, էտած ծառերով, էներգետիկայով, առանց հաճախորդ տաքսիների պարկով, հուշարձան, գեղեցկության մի սրահ, շինանյութի մի խանութ, կանգառ` որտեղ վերջին անգամ վերջին անձրեւից հետո է հնարավոր եղել նստել, դոմինո խաղացող պապիկներ, կապույտ ներկած կենդանի ձկան մի չան ու եկեղեցու գմբեթը վերեւում:

Բայց զուտ նրա համար, որ Մասիս քաղաքից Մասիսը երեւում է, եւ որ ոչ պակաս կարեւոր է, Երեւանը մոտ է եւ առավելություններ շատ կան, հետեւաբար Մարտակերտի հետ այս համեմատությունը արժէ թողնել այնտեղ ապրողների երեւակայությանը: Թե տեղացիների, թե արցախցիների:

Մասիս բանկոմատների մոտ միշտ հերթ է: Հիմանկանում արցախցիներ են: Մարտակերտցի մի պապիկ իր մի գրպանից բանկային քարտը, մյուսից  թուղթ է հանում` PIN քոդը գրչով գրած, տեղացի մի աղջիկ օգնում, բացատրում է, թե ինչպես գործարք կատարել: Զգում ես հերթում սպասողների անհամբերությունը, նյարդային լինելը: Չէ, ոչ պապիկի, այլ ֆինանսական խնդիրների համար:

Շահիր տուն Երեւանում, կարդում ես Ամերիայի բանկոմատի էկրանին, ասես աղ լցնեն արցախցիների վերքերի վրա:

Անցած ամառ ես կիսափլված ու ահավոր պայմաններով սեփական տան սենյակ էի վարձել Մասիս քաղաքում, պատմում է իմ ընկերներից մեկը: Բառիս բուն իմաստով գոմից քիչ էր տարբերվում: Ոչ դուռ էր փակվում, ոչ պատուհան, հատակ չկա, մոծակները չէին թողնում քնել: Տանտերն հիսուն հազար էր պահաջել, ապա բարձրացրել մինչեւ ութանասուն (փողն էն գլխից), ինքն էլ կողքի սենյակում է քնում, օգտվում սառնարանի իմ գնումներից, հանդիմանում զգույշ լինել սառնարանն օգտագործելիս, ցուցմունքներ տալիս, թե ինչպես բացել ծորակը, ասես կյանքում ոչ սառնարան, ոչ ծորակ էի տեսել:

Երեք քառակուսի մետրանոց մեկ այլ սենյաում էլ մի ուրիշ արցախցու էր ‘պահում’: Պարբերաբար նա ամոթանք էր տալիս իր համաքաղաքացիներին, որ արցախցիներից աստղաբախշական թվերով են վարձ պահանջում: Ասում ու հայհոյում է նրանց:

Ինչպես մոծակները, տանտերը նույնպես գիշերը չէր քնում: Ծխում ու Դոգ էր նայում: Իմ ու իր սենյակը կարտոնի մի վահան է բաժանում, որտեղ դուռ պետք է լիներ, եւ ամբողջ ծուխը գալիս էլ իմ սենյակ` Դոգի քֆուրների հետ միասին: Տանտերը վստահեցնում էր, որ միայն Դոգի վերադարձի դեպքում է այս երկիրը երկիր դառնալու: Նա նաեւ չէր հոգնում համոզել, որ արցախցիները մինչեւ հունվար վերադառնալու են: Եւ ամեն օղի խմելով ասում էր դա:  Չդիմացա ու փախա այդ տնից, ասում է ընկերս:

Ինչպես Մարտակերտի գրադարանը, Մասիսի Զարգացման կենտրոն նույնպես մարդ չի մտնում: Մարտակերտի գրադարանը գոնե բաց էր լինում, իսկ այստեղ փակ է:

Երեկ էլ մի տաքսիստ, ով վատ լսողություն ուներ, հետաքրքրվում էր, թե ես վարձով եմ ապրում Հայաստանում: Այո, ասում եմ ես, նա միանգամից սկսում է անհասցե հայհոյել: Ինչ օր գցեցին այս մարդկանց, մի օր վարձով ապրեք` կիմանաք թե դա ինչ է, ասում էր նա: Չգիտեմ, ինքն անձամբ որքան է դա հասկանում, ամեն դեպքում, վարձով ապրելն իրոք ծանր հոգս է:

Մենք էլ հադրութեցիներին չէինք հասկանում Ստեփանակերտում: Մեր օրին կհասնեք` կհասկանաք, ասում էին հադրութցիները: Հասել ենք…

Մարութ Վանյան

ՀՀ–ն ու Ադրբեջանը հանդիպում են անցկացրել անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու հարցով

Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպում են անցկացրել անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու հարցով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

«2025 թվականի փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը»,– ասված է հաղորդագրությունում:

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերի վերաբերյալ և համաձայնության եկել, որ հանձնաժողովների միջև փոխադարձ համաձայնությամբ քննարկումները կշարունակվեն:

Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5,5 տարի ժամկետով: Հունվարի 15–ին Սյունիքի մարզի դատարանը նրան մեղավոր է ճանաչվել։

Նշենք, որ մեղադրանքը վերաբերում է 2020թ․ հոկտեմբերի 12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստներին։

Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել «զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածով։