Բաթումիի առաջնության ոսկե մեդալակիրներից մեկը արցախցի Դավիթ Հովհաննիսյանն է

Օրերս կայացած Բաթումիի միջազգային բաց առաջնությանը Հայատանի ավանդական ուշուի ֆեդերացիան ներկայացել է 26 մարզիկ։

Միջոցառման մասնակիցները մրցում էին ուշուի երկու ոճում` սանդա և թաոլու։ Արդյունքում սանդա ուշուի ոճում Հայաստանի թիմը նվաճեց 9 ոսկի, 6 արծաթ, 4 բրոնզե, իսկ թաոլու ոճում` 2 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզե մեդալներ։

Առաջնությանը պատվով հանդես է եկել արցախցի մեր հայրենակից Դավիթ Հովհաննիսյանն, ով տանելով բացարձակ հաղթանակ, նվաճեց ոսկե մեդալ։

Ավանդական ուշույով Դավիթը զբաղվում է փոքրուց և արդեն ունի բազմաթիվ մրցանակներ։

Շնորհավորում ենք Դավիթին և առաջնության մյուս մասնակիցներին և մաղթում նորանոր հաղթանակներ։

Արսեն Աղաջանյան

Քանի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Սինիրլիօղլուն է. ու՞մ է պետք Մինսկի խումբը

ԵԱՀԿ-ն պատրաստ է իրականացնել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի եռակողմ հռչակագրի դրույթները։ Այս մասին ասվում է կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Սինիրլիօղլուն Թուրքիայի նախկին արտաքին գործերի նախարարն է։

«ԵԱՀԿ-ն հանձնառու է Հայաստանում և Ադրբեջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու բոլոր ջանքերին», – ասվում է կազմակերպության գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված Փաշինյան-Թրամփ-Ալիև գործարքի կետերից մեկը Երևանի և Բաքվի համատեղ դիմումն էր ԵԱՀԿ-ին՝ 1992 թվականին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը չեղյալ համարելու խնդրանքով։ Խումբը նպատակ ուներ գտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներ։ Իր փաստաթղթերում ԵԱՀԿ-ն ելնում է 1994 թվականի իրողություններից։

Ֆրանսիան անմիջապես աջակցեց Մինսկի խմբի մանդատը չեղյալ համարելու մտադրությանը։ Ռուսաստանը դա արել էր ավելի վաղ, իսկ Թրամփը, ստորագրելով հռչակագիրը, նույնպես աջակցեց այս որոշմանը։

Հիմա, երբ Երևանն ու Բաքուն խոսում են խաղաղության մասին, 1994 թվականի իրականությանը վերադառնալը ոչ մեկին ձեռնտու չէ։ Հայկական կողմը պետք է խոսեր այս մասին, բայց լռում է։

Թրամփը հայտարարել է, որ Ալիևին կխնդրի ազատ արձակել հայ բանտարկյալներին

Դոնալդ Թրամփը խոստացել է Նիկոլ Փաշինյանին խնդրել Իլհամ Ալիևին ազատ արձակել հայ գերիներին։

Երկխոսությունը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին Սպիտակ տանը երկկողմ հանդիպման ժամանակ։

Թրամփը հիշատակել է Բաքվում գերի պահվող 23 քրիստոնյա հայերի մասին և ընդգծել, որ ինքը կխնդրի Ալիևին ազատ արձակել նրանց։

«Կարծում եմ՝ նրանք դա կանեն ինձ համար։ Դա կարևոր է, այնպես չէ՞», – դիմել է նա Փաշինյանին։

Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը Թրամփի հայտարարությունը լուրջ քայլ է անվանել և X-ում առաջնորդների երկխոսության տեսանյութի տակ թողած մեկնաբանության մեջ հույս է հայտնել Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարարի ազատ արձակման հարցում։

Գորիսում էլ եմ ջուրը խնայում ու պլան “Բ” մշակում՝ 2023 օգոստոսից հետո

2023 օգոստոսի կեսերին հացի գիշերային հերթերում կանայք շշուկներ էին տարածում, որ ջուր չի լինելու Ստեփանակերտում: Շրջաններում արդեն իսկ չկար: Այդ օրերին Ճարտար գնացող տրասպորտում, որտեղ շնչելու օդ չկար, մի մարդ ասում էր “մի ջուր է մնացել, դա էլ կտրեն` “լոխ լավ” կլինի”:

Նախօրեին ինչ-որ մեկը գրառում էր կատարել Ֆեսյբուքում, որ իբր ադրբեջանցիները կով են հրել-գցել քաղաքը ջուր մատակարարող Կրկժանի ջրամբար: Այդ թաղամասի բնակիչները իջել եկեղեցում էին գիշերում, պարզ չէր` ադրբեջանցիներն արդեն այնտեղ են, թե ոչ:

Ռուսների զրահամեքենան էր միայն բարձրանում այդ թաղամս: Գիշերները բլուրների վրա խարույկներ էին նշմարվում: Կովի լուրը ճիշտ էր, թե ոչ, բայց այլեւս կասկածը չէր թողնում բաժակը ծորակին մոտեցնել (Ստեփանակերտում ծորակից խմում էին բնակիչները):

Զրի պակաս քաղացում արդեն զգացվում էր, Պյատաչոկի երեք պուպլուլակների մոտ քրտնած երեխաներին ու Հայկազովից ոտով տեղ հասած զինվորականներին հերթ էին տալիս մարդիկ:

 

Երեք ծորակներից երկուսը պետք էր ցուցամատերով փակել, որ երրորդից հնարավոր լինի խմել: Շատրվանների ավազանում, որին մեջքով կանգնել էր Ստեփան Շահումյանը` ջուրը կանաչել ու արդեն տհաճ հոտ էր արձակում: Մինչ այդ էլ ես քայլել էի Սարսանգի ջրամբարում, բայց ոչ ինչպես Քրիստոսը՝ ջրի վրա, այլ ճաքեր տված տիղմով: Բոլորը գիտեին, որ ջրի խնդիրը վատ է լինելու հացի խնդրից: “Առանց հաց էլի հնարավոր է, բայց ջուրը…”, ասում էին մարդիկ:

Առավոտյան մեր մուտքում ինչ որ դիահոտ զգացվեց: Ոչ սուրճ, ոչ ջուր չկար: Դե, “պարլուս”: Բաղնիքի հայելում իրար ենք նայում, ապա բացում ծորակը, որը մի քանի կաթիլ ժանգոտած ջուր է թափում ու ինչ որ ձայն զկռտում հետեւից: Չի ստացվում “հարություն առնել” քնից: “Հարեւանին ամիս առաջ են հուղարկավորել, սա ուրիշ հոտ է”, փորձում եմ ինձ համոզել, որ քնից արթնացել եմ: Հացի հերթում անցկացրած գիշերը ավելի էր ծարավացրել: Դուռը բացում, տեսնում եմ հարեւանները դույլերով ու պլաստիկ շշերով իջնում են աստիճաններով: “Դիմացի խանութի նկուղում ջուրը գալիս է”, ասում են նրանք: Խոհանոցից մի պլաստիկ շիշ էլ ես եմ վերցնում ու հետեւում նրանց:

Մինչ այդ արդեն ջրի ֆոբիան տարածվել էր: Այդ օրերին հեծանիվով հաճախ էինք գնում Բալուջա գյուղ, եւ ես “թաքուն պլան” էի մշակել, որ եթե ջուր չլինի` ապա միանգամից Բալուջայի գետ կգնամ: Մի ամերիկացի, ով Ստեփանակերտում էր ապրում, ասում էր, որ ծորակի ջրին չի վստահում, եռացնում ու շշերում պահում էր սառնարանում` դառչինով ու մեխակով համեմելով: Ինչեւէ, ես 1.5 լիտր ջուրը դրեցի խոհանոցում ու ճանապարհվեցի դեպի հիվանդանոցի բակ` իմ “կաֆեն”, գուշակելով, որ ոչ մի գումարի դիմաց սուրճ չի տա այս անգամ սրճի ապարատը: Այդպես էլ եղավ, բայց ես պլան Բ ունեի` դեպի Բալուջա գետ: Հենց այս առավոտյան մարզանքն էլ ինձ էներգիա տվեց ու քնից արթնացրեց:

Բլոկադայի լավ կողմն այն էր, որ բնությունը սկսել էր հաղթել մարդկանց: Առաջվա զագորոդները չկային, պլաստիկ տոպրակներից ու շշերից մաքրվել էին գետափները, պարզվել ու բարակել, այնքան, որ երեխաները փորի վրա պառկում էին ու ջուրը մի կերպ ծածկում էր նրանց: Ես էլ միացա երեխաների լվացքին ու լողին:

 

Քաղաքում եկեղեցու բակում այգեպանը հավաքում էր նարնջագույն խողովակը, կողոսկրերը բաց շները լեզուներն հանած դեսուդեն էին գնում կամ պառկում հովին, իսկ Կարմիր Խաչը ջրի տարաներ էր տեղադրել բակերում: Մեր բակի տարայի պտտուտակը Կարենը հանել էր, որպեսզի երեխաները “վարդավառ” չանեն: Այսպես ամեն առավոտ Կարենից վերցնում էի հարթաշուրթը` բացում ծորակը, վերցնում իմ բաժին 1.5 լիտր ջուրն ու ուղեվորվում նորից դեպի Բալուջա:

Ջրի պակասի վախը մինչեւ այսօր չեմ հաղթահարել: Գորիսի արխերով անցնելիս, դարձյալ “պլան Բ” եմ մշակում մտքում: Եթե հանկարծ… տեսնես այս ջրից կարելի՞ կլինի խմել: Գուցե ինչ որ մետաղե տարա գնեմ, գուցե պետք լինի եռացնել` բակտերիաները սպանելու համար, ինչպես իմ ամերիկացի բարեկամն էր անում: Չնայած Գորիսում ջուրը համարձակ են օգտագործում, գորգեր լվում, բակեր ջրում, քար վոշեր ու փրփուր մի խոսքով, բայց ես տնտեսում եմ: Երեւի ոչ թե էկոլոգիայի, ավելի շուտ՝ գլուխս եկածի համար:

Իմ կյանքում առաջին կոնֆլիկտին ականատես լինելու պատճառը դարձյալ ջուրն էր: Մեր գյուղում մի բասեյնից 6-7 ընտանիք էր լոբին ջրում ու անընդհատ վեճ ու կռիվ էր առաջանում, թե որ օրը ում հերթն է: Տատիկիս տանն ինչ դատարկ տարա կար` ջրով լիքն էր պահում, անգամ այն սովետական էմալապատ բաժակը, որից բոլոն ունեին:

Մարութ Վանյան

Ռուսամետները անհարմար վիճակում են. Մոսկվան աջակցում է Մեղրիի ճանապարհը ԱՄՆ-ին փոխանցելուն

Վաշինգտոնում տեղի ունեցած անպատվությունից և Հայաստանի կողմից սեփական հարավից հրաժարվելու մասին փաստաթղթի ստորագրումից հետո, Հայաստանի ռուսամետ ուժերի շրջանում սկսեցին «զգուշացումներ» հնչել. ուր որա Մոսկվան ուշքի գա և իր բոլոր ուժերը կներդնի Հայաստանի հարավի համար պայքարում, այ, կտեսնեք։ Արևմտյան մամուլը ևս փորձեց բացատրել Հայաստանի հարավի բանալ անեքսիան այն փաստով, որ իբր «Ռուսաստանին դուրս են մղում տարածաշրջանից, և սա արդեն լավ արդյունք է»։

Այս խոսույթը՝  այլ փաստարկների բացակայության նշան են։ Ինչպե՞ս միջազգային վերլուծաբանները բացատրեն կնքված համաձայնագրերի «դրականությունը» Հայաստանի համար։ Չկա որևէ օգուտ, որը կարելի է նշել որպես Հայաստանի կողմից ձեռքբերում։ Եվ որպեսզի սա չանվանեն ուղղակի անեքսիա, սկսեցին ասել, որ սա «Ռուսաստանի վտարումն» է տարածաշրջանից։

Սակայն Մոսկվան ամեն ինչ փչացրեց. նրա արձագանքը անսպասելիորեն բարեկամական էր, ինչը լիակատար շփոթության մեջ գցեց նրանց, ովքեր փորձում էին շահարկել ռուսական գործոնը և աճող «զայրույթը»։

«Հարավային Կովկասի հանրապետությունների ղեկավարների հանդիպումը Վաշինգտոնում, որը միջնորդվել է ամերիկյան կողմից, արժանի է դրական գնահատականի», – ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա միայն հիշեցրել է, որ «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլը սկսվել է Ռուսաստանի անմիջական աջակցությամբ և կենտրոնական դերով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտարարության ընդունմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերաբերյալ» և ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայմամբ։

«Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ համաձայնագրերը, որոնցից ոչ մի կողմ առ այսօր չի դուրս եկել, մնում են արդիական։ Կարևոր է նաև հաշվի առնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄին և միասնական մաքսային տարածքը, մասնավորապես՝ տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպման առումով», – ասվում է մեկնաբանության մեջ։

Այսինքն՝ ոչ մի առարկություն, ամեն ինչ ОК է։ Քիչ էր մնում Զախարովան ասեր, որ այս ամենը Մոսկվան վաղուց համաձայնեցրել է Թուրքիայի հետ՝ Կարսի պայմանագրից դուրս գալու և Հայաստանը վերացնելու կոնտեքստում, և լավ է, որ Թրամփը ամեն ինչ արեց Ռուսաստանի և Թուրքիայի փոխարեն։

Այնուամենայնիվ, նա նշեց, որ «ցանկալի կլինի խուսափել Մերձավոր Արևելքում հակամարտությունների լուծման գործում Արևմուտքի օգնության տխուր փորձից»։

Այսպիսով, Մոսկվան ճանաչում է, որ Հայաստանը վերածվել է Սիրիայի և Պաղեստինի՝ միասին վերցված, որտեղ ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ում պրոքսիներն են կռվում միմյանց դեմ և ով ունի բռնության օրինական իրավունք։

Ինչպես Ռուսաստանը սիրով զիջեց Սիրիան Թուրքիային և Իսրայելին, այնպես էլ զիջում է Հայաստանը։ Դրա դիմաց, իհարկե, Մոսկվան շատ ավելին կստանա. օգոստոսի 15-ին Ալյասկայում կկայանա Պուտին-Թրամփ հանդիպում, և չի բացառվում Ուկրաինայի բաժանումը։ Բացի այդ, Պուտինի և Թրամփի միջև «ընկերությունը» կարող է վերածվել ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի վրա վետո դնելու խոստման, եթե Ռուսաստանը որոշի վերադարձնել Բալթիկան։

Իհարկե, այս ամենը անհարմար վիճակի մեջ է դնում Հայաստանի ռուսամետ ուժերին, որոնք հիմա չգիտեն՝ ինչ անել՝ հանե՞լ սուրը և «կռվել» Ռուսաստանի շահերի համար՝ Մոսկվայի փոխարեն, թե՞ սկսել գովաբանել Փաշինյանի և Թրամփի միջև կնքված գործարքը։

Շփոթությունն այնպիսին է, որ նույնիսկ Երևանի աղբանոցը հրդեհվեց։ Երկու օր է անցել այն բանից, երբ Երևանը համաձայնվեց իր սեփական տարածքի անեքսիային, իսկ Երևանում ամեն ինչ նման է Բաղդադին՝ շուկա, սրճարան, աղբի այրումից առաջացած մառախուղ և ամոթից կախ աչքեր։

Նաիրա Հայրումյան

Հիմա ո՞վ է պաշտպանելու Հայաստանի հարավը իրանցիներից

Հայ պաշտոնյաներից մեկը, պատասխանելով հարցին՝ եթե Ադրբեջանով հայերի համար ճանապարհ բացվի, ո՞վ է ապահովելու անվտանգությունը, զարմացած պատասխանեց․ “Որ Վրաստանով գնում եք, ո՞վ է ապահովում։ Վրաստանը։ Այս դեպքում էլ Ադրբեջանը կապահովի”։ 

Լոգիկան ինչպես ասում են երկաթյա է, միայն մի հարց է մնում․ ո՞նց է ստացվում, որ Բաքուն չի վստահում Հայաստանին և չի ուզում “հայի երես” տեսնել, իսկ հայերը լիովին վստահում են Բաքվին, որը 2 տարի առաջ հայերի ցեղասպանություն է իրականացրել Արցախում։ 

Ըստ էության, ոչ մի ճանապարհ էլ չի բացվելու, նույնիսկ Մեղրիով, այս ամենի իմաստը՝ հայ-իրանական սահմանի և Հայաստանի հարավի վերացումն է։ Վաշինգտոնյան փաստաթուղթի ստորագրելուց հետո Բաքուն և ԱՄՆ-ն լիգիտիմ իրավունք են ստանում ցանկացած պահի մտնել և վերցնել այն, ինչ Հայաստանը նվիրել է։     

«Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»,- նշված է հռչակագրում:  Փաշինյանը հավաստիացնում է. «Նկարագրված է մի առավելություն, ասված է, որ այդ նույն առավելությունը փոխադարձաբար պետք է ունենա ՀՀ-ն»:

«Փոխադարձություն նշանակում է, որ բացվում են ճանապարհները Ադրբեջանի համար, բացվում են Հայաստանի համար, չեն բացվում ճանապարհները Ադրբեջանի համար, չեն բացվում Հայաստանի համար», անորոշ ասել է Փաշինյանը:

Փաշինյանն ասաց՝ պետական ինստիտուտները թե մաքսային, թե անձնագրային հսկողություն պետք է իրականացնեն, բայց և խոսեց պարզեցումներից, այդ թվում՝ տեխնոլոգիաների կիրառմաբ:

Այս նախագծում ուժային կոմպոնենտ չկա, ամերիկյան ներկայությունը նկատի ունենալով հայտարարեց Փաշինյանը:

Հիմա, երբ Իրանը ասում է, որ ցանկացած գնով կխոչընդոտի “Զանգեզուրի միջանցքի” բացումը, ո՞վ է պաշտպանելու Հայաստանի հարավը իրանցիներից՝ դեռ այնտեղ կանգնած ռուս սահմանապահնե՞րը, ամերիկացիները, թե՞ թուրքերը։    

Արցախը դեռ այրվում է

Բաքվի լրատվամիջոցները հաղորդում են նոր հրդեհների մասին Արցախում, որն վաղուց կրակի մեջ է։ Այս անգամ գրում են Ակնայի և Մարտունու մոտակայքում բռնկված հրդեհների մասին։

Արցախում հրդեհներ եղել են նաև նախկինում, բայց այս հողերի տերերը մոբիլիզացրել են բոլոր ուժերը՝ իրենց հազարամյա ժառանգությունը փրկելու համար։ Այժմ անտեր մնացած Արցախում ոչ ոք չկա, որ հոգ տանի պապենական հողի մասին։

Ավելին, նվաճողները կրակն օգտագործում են Հայկական Արցախն ամբողջությամբ ավերելու և հայաթափելու համար։ Մեկնաբանություններում գրում են, որ կարելի է կրակն օգտագործել հայկական մասնավոր սեփականությունից, հուշարձաններից, անտառներում հնարավոր զենքի պահեստներից, ականներից «ազատվելու» համար։ Կրակի վրա կարելի է նաև դուրս գրել միլիոնավոր դոլարներ, որոնք հատկացվել են Արցախի «վերականգնման» վրա։

Արցախը վերածվում է այրված հողի։

Արցախցիների հանդեպ ատելության դատապարտումը խախտում է խոսքի ազատության իրավունքը

Դատախազությունը բողոքարկել է դատարանի այն որոշումները, որոնք վերաբերում էին արցախցիների դեմ ատելության խոսքի դեպքերով քրեական վարույթ նախաձեռնելու անհրաժեշտությանը։  Այս մասին գրում է փաստաբան Ռոման Երիցյանը:

«Ըստ դատախազության՝ նման ատելության դրսևորումները թույատրելի ու նորմալ երևույթներ են, իսկ դրա առթիվ վարույթ նախաձեռնելը խախտում է քաղաքացիների խոսքի ազատության իրավունքը»,- գրել է նա։

Պարզվում է, որ եվրոպացիները դեմ են տարածքների ուժային բաժանմանը. Ուկրաինայի, բայց ոչ Հայաստանի

Եվրոպացի և այլ առաջնորդներ, որոնք ոգևորությամբ ողջունեցին Հայաստանից Արցախի, իսկ այժմ նաև Հայաստանի հարավի բռնակցումը, փորձում են ձևացնել, թե դեմ են Ուկրաինայի փաստացի բաժանմանը։

Ուկրաինայի ապագայի վերաբերյալ բանակցությունները չեն կարող վարվել առանց նրա մասնակցության, և մինչև հրադադարը Ռուսաստանին տարածքային զիջումները որպես խաղաղության պայման անհնար են։ Եվրոպական երկրների առաջնորդները նման համատեղ հայտարարություն արեցին շաբաթ օրը Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցություններից և խորհրդակցություններից հետո։

Սա պատասխան է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը նախատեսում է օգոստոսի 15-ին ԱՄՆ-ում հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հեռանկարները քննարկելու համար։ Դրա համար Մոսկվան և Կիևը պետք է «տարածքների փոխանակում» անցկացնեն, ասել էր Թրամփը նախորդ օրը։

«Իմաստալից բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների կրճատման պայմաններում», «խաղաղության ուղին չի կարող որոշվել առանց Ուկրաինայի մասնակցության» և «միջազգայնորեն ճանաչված սահմանների ուժով փոփոխությունը անհնար է», – նշել են կոմյունիկեի հեղինակները։

Յա, իրո՞ք՛, հենց նոր դուք բոլորդ միաձայն ողջունեցիք «Հայրենիքի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագիրը», որը հաստատում է, որ «միջազգայնորեն ճանաչված սահմանների ուժով փոփոխությունը» ոչ միայն հնարավոր է, այլև տարածք զավթելու միակ և խրախուսվող միջոցն է։ Ինչո՞ւ այն, ինչ հնարավոր է Հայաստանի հետ, անհնար է Ուկրաինայի կամ որևէ այլ եվրոպական երկրի հետ։

Ռուսաստանն ու Թուրքիան գործում են լիակատար համաձայնությամբ Եվրասիան բաժանելու հարցում, Մոսկվան նույնիսկ ախ չարեց, երբ ԱՄՆ-ն վերցրեց Հայաստանի հարավը և տվեց Թուրքիային։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ ստացավ Ռուսաստանը դրա դիմաց։ Ոչ միայն Թուրքիայի, Իսրայելի և ԱՄՆ-ի համաձայնությունը՝ Ղրիմը և Դոնբասը Ռուսաստանի մաս ճանաչելու համար։ Հավանաբար, նա նաև ստացավ Թուրքիայի համաձայնությունը՝ վետո դնելու ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը կիրառելու որոշման վրա, եթե Ռուսաստանը մի օր օկուպացնի Էստոնիան կամ Լիտվան։

Կամ ընդունեք, որ միջազգային հարցերը լուծելիս ուժի կիրառումից հրաժարվելու սկզբունքը այլևս չի գործում, կամ պատրաստվեք Ուկրաինայի բաժանմանը և Վարշավայի պայմանագրի վերականգնմանը, որը կներառի նաև ԱՄՆ-ն և Թուրքիան։

Առանց այն էլ երկերեսանի աշխարհակարգի փլուզման գործում Արցախի օկուպացիայի նշանակությունը դեռևս թերագնահատված է, սակայն արցախյան նախադեպն արդեն իր ետևից քարշ է տալիս քայքայվող պետությունների մի ամբողջ շարք՝ Ուկրաինա, Սիրիա, Լիբանան, Հայաստան, Պաղեստին…

Իրանն ու Թուրքիան չհավատացին “հեղափոխությանը”

Վաշինգտոնում գիշերային «հեղափոխությունից» հետո, որը, ինչպես КВН-ում, ուղեկցվեց «կառնավալներով և հրավառությամբ», սկսվեց ձեռք բերված համաձայնությունների սթափ գնահատումը:

Մասնագետները, ըստ էության, խոսում են այդ համաձայնագրերի անբովանդակության և դրանց զուտ հուզականության մասին: Նույնիսկ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ համաձայնագրերի իրականացման համար դեռ երկար աշխատանք կա: Ինչպես հայտնի է, այս ճանապարհին շատ անհայտներ կան:

Մասնավորապես, Իրանն ու Թուրքիան բավականին զուսպ արձագանքեցին «հեղափոխությանը», իսկ Կովկասի հարցերով հայտնի փորձագետը նույնիսկ խոսում է «Բաքվի և Երևանի տրամագծորեն հակառակ տեսակետների» մասին:

Անկարան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և Վաշինգտոնում արձանագրված հանձնառությունը այս առումով, հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:

Թուրքիայի ԱԳՆ-ը նշել է, որ Հարավային Կովկասի համար ստեղծվել է պատմական հնարավորություն՝ հասնելու խաղաղության և բարգավաճման. – «Մենք կշարունակենք նպաստել այս հնարավորության իրացմանն ուղղված ջանքերին և աջակցել մեր եղբայրական Ադրբեջանի նվիրված ջանքերին»։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ որպես կայունության ուղղությամբ կարևոր քայլ։ Միաժամանակ, Իրանը մտահոգություն է հայտնում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող ցանկացած արտաքին միջամտության հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ։

Այս մասին ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության X ցանցում արված գրառման մեջ։

Իրանը համոզված է, որ հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կնպաստի տարածաշրջանի ժողովուրդների կայունությանը, անվտանգությանը և տնտեսական զարգացմանը, բայց միայն տարածաշրջանի երկրների շահերի, ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի պայմաններում՝ առանց արտաքին միջամտության։

Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Լորենս Բրոերսը գրել է, որ «Խաղաղության համաձայնագիր չի ստորագրվել. կա միայն արդեն համաձայնեցված պայմանագիր ստորագրելու պարտավորություն։ Ստորագրման համար ադրբեջանական նախապայմաններից մեկը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը բավարարվեց, բայց կան նաև այլ նախապայմաններ, որոնց իրագործումը շատ ավելի դժվար է կանխատեսել կամ կառավարել։

Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղին (TRIPP) փոխարինում է «Զանգեզուրի միջանցքը» վերահսկելու ռուսական նախագիծը (ինչպես նշված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրադադարի մասին հայտարարության 9-րդ կետում)», – իր գրավոր մեկնաբանությունում նշել Բրոերսը:

Այնուամենայնիվ, այս երթուղու գործարկման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի տեսակետները դեռևս շատ հեռու են միմյանցից, և դեռ վաղ է ասել, թե այս տարաձայնությունները ինչ դրսևորում են ստանալու», – նշել է նա։

«Հարց է նաև՝ եթե ԱՄՆ-ն հիմա ներգրավվի, կմնա արդյոք հանձնառու նաև այն ժամանակ, երբ խնդիրներն ու խոչընդոտները կկուտակվեն, իսկ դա անխուսափելիորեն տեղի կունենա։ Աշխարհագրորեն Եվրամիությունը մնում է հանձնառու, սակայն Բրյուսելը անտեսված է վաշինգտոնյան համաձայնագրերում», – նշել է Լորենս Բրոերսը։

Փորձագետն ընդգծել է նաև, որ «դեռևս պարզ չէ, թե ինչ են նշանակում այսօրվա համաձայնագրերը Ադրբեջան-Նախիջևան երթուղուց այն կողմ կապի համար»։

«Հայաստանը պնդել է փոխադարձության և նմանատիպ պայմանների վրա հայկական տարանցման համար Ադրբեջանի միջով, բայց TRIPP-ից բացի նման այլ երթուղու մասին չի հաղորդվել։ Եթե սա լինի ասիմետրիկ կապ, այն չի համարվի օրինական Հայաստանում և կդիտարկվի որպես «հաղթողի պարտադրած խաղաղություն», – նշել է նա։

Ալիևի հաղթանակներով ուրախացող Զելենսկին պատրա՞ստ է Դոնբասը 99 տարով վարձակալության տալ ռուսներին

«Ուկրաինացիները իրենց հողը չեն նվիրի օկուպանտին», – առավոտյան տեսաուղերձում ասաց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ուկրաինայի տարածքային հարցի պատասխանն արդեն իսկ Ուկրաինայի Սահմանադրության մեջ է։ Ոչ ոք չի նահանջի և չի կարող նահանջել դրանից», – հավելեց նա։

Նրա հայտարարությունը հնչեց Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի, ԱՄՆ-ի և մի քանի եվրոպական երկրների ներկայացուցիչների հնարավոր հանդիպումից առաջ՝ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովին ընդհանուր դիրքորոշում մշակելու համար։ Զելենսկին նաև ընդգծեց, որ Ուկրաինան «պատրաստ է իրական լուծումների, որոնք կարող են խաղաղություն բերել»։

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանի և Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որի ժամանակ հայտարարվեց Հայաստանի հարավային մասը ԱՄՆ-ին և Ադրբեջանին «99 տարի ժամկետով» փոխանցելու մասին, Թրամփը հայտարարեց, որ կհանդիպի Պուտինի հետ և կքննարկի, «հավանաբար, տարածքների փոխանակում»։

Կիևում, որտեղ ավանդաբար ուրախանում են Ալիևի հաղթանակներով և Հայաստանի պարտություններով, այժմ քննարկում են Թրամփի առաջարկած որոշակի նախագիծ, որը, ըստ ներքին աղբյուրների, ևս ենթադրում է ուկրաինական տարածքների Ռուսաստանին փոխանցում «99 տարվա վարձակալության պայմանով»։

Զելենսկու հայտարարությունները, որ նա պատրաստ է խաղաղության, բայց ոչ Սահմանադրությունը խախտելու և հողեր նվիրելու, նշանակում են, որ «վարձակալության» տարբերակը համարվում է ընդունելի։

Մոսկվան պահանջում է միայն մի փոքր բան՝ որ Ուկրաինան դուրս գա Սլավյանսկ, Կրամատորսկ, Պոկրովսկ, Կոնստանտինովկա, Դրուժկովկա, Սևերսկ և Լիման քաղաքներից։

Թրամփի առաջարկած Ուկրաինայի և Ռուսաստանի միջև «խաղաղությունը» ոչ միայն լեգիտիմ տարածքների (այս դեպքում՝ ուկրաինական և հայկական) բռնազավթման օրինականացումն է, այլև սահմանադրական տարածքները հանձնելու հարկադրանք։

Ուկրաինան, ԵՄ-ն և ուրիշներ, որոնք ուրախանում են Երևանի կողմից ցեղասպանության սպառնալիքի տակ  2020-23 թվականներին իր սահմանադրական տարածքներից հրաժարվելու կապակցությամբ (ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Արցախը Հայաստանի մաս է կազմում), պետք է ստանաին ճիշտ նույն որոշումը Ուկրաինայի հարցում։

Ուրախացե՛ք, Թրամփն ու Պուտինը խաղաղություն կբերեն ամբողջ աշխարհին։

«Արցախի քարե առյուծը»՝ հիշողության և ճշմարտության դեմ պատերազմում ևս մեկ ավերված հուշարձան

Այն փաստը, որ ադրբեջանական իշխանությունները մեթոդաբար ջնջում են ամեն ինչ հայկական՝ Արցախի երեսից, վաղուց դադարել է հարց լինել. սա դաժան, նպատակային քաղաքականություն է։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակից Հովիկ Ավանեսովն ասում է. «Հատկապես դաժան են 1990-ից մինչև 2023 թվականը կանգնեցված հուշարձանների նկատմամբ։ Դրանք ոչնչացվում են, կարծես ուզում են գետնից պոկել Արցախի և նրա ժողովրդի հաղթանակների հիշողությունը»։

Շուշիի օկուպացիայից հետո քաղաքի բոլոր մշակութային խորհրդանիշների ճակատագիրը անհայտ է։ Քարե առյուծը, որը կանգնեցվել է 2011 թվականին՝ մայիսյան հաղթանակների և պատերազմից չվերադարձած զինվորների պատվին, անհետացել է։ Այն կանգնած էր Շուշիի մատույցներում՝ ճանապարհորդներին դիմավորելով հպարտ հայացքով և զով ջրով։ Դա պահակ էր, որը լուռ հիշեցնում էր. «Այստեղ կռվել և հաղթել են»։

Այն հավերժ կմնա մեր հիշողության մեջ, քանի որ իմաստը, որի համար այն կանգնեցվել է, չի կարող ջնջվել, ինչպես նաև պատմությունը։

Քարե առյուծը ստեղծվել է քանդակագործ և նկարիչ Ալբերտ Սարգսյանի կողմից։ Նրա աշխատանքները հայտնի են Արցախում և նրա սահմաններից դուրս։

Ալվարդ Գրիգորյան