Կարեն Արզումանյանին վերջին հրաժեշտ են տվել հերոսավայել

Արցախյան պատերազմի մասնակից, <<Մարտական խաչ>> երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ, քաղաքական և տնտեսական ղեկավար, լավագույն հայր, նվիրված ընկեր․․ Խոսքը Կարեն Արզումանյանի մասին է: Նա ծնվել է 1961 թվականին, Ստեփանակերտի շրջանի Պատարա գյուղում՝ մանկավարժներ Վերդի Արզումանյանի և Լիդա Հարությունյանի ընտանիքում:

Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի <<Ֆինանսներ և կրեդիտ>> բաժինը և ավարտելուց հետո վերադարձել հայրենի Պատարա։

 Հարազատներն ու ընկերները պատմում են

Ծովինար Արզումանյան

-Ինստիտուտն ավարտելուց հետո եղբորս հնարավորություն ընձեռվեց բնակություն հաստատել և աշխատել Երևանում, սակայն նա հրաժարվեց այդ հնարավորությունից։ Շատ էր սիրում գյուղը, կապված էր նրա ամեն մի մասնիկի հետ և պարզապես չէր կարող ապրել առանց հայրենի հողի։ Վերադարձավ գյուղ և աշխատանքի անցավ ԼՂԻՄ բանկի Ասկերանի շրջանային մասնաճյուղում: Տեսնելով եռանդուն երիտասարդի նվիրական աշխատանքը և կազմակերպչական ունակությունները՝ Ասկերանի շրջկոմի ղեկավարությունը նրան երաշխավորում և աշխատանքի է ընդունում կոմերիտմիության շրջկոմում՝ որպես հրահանգիչ, այնուհետ՝ քարտուղար: Արդեն գաղտնի պայմաններում սկսվել էին Արցախը Մայր Հայաստանին միացնելու ստորագրահավաքները, որոնցում իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերել Կարենը։ Մի խումբ առաջամարտիկների հետ միասին, արհամարհելով ամեն մի վտանգ, նա շարունակում էր տարբեր գյուղերում իրականացնել քարոզարշավներ: Կարենի ներդրումը մեծ է Արցախյան շարժման գործում։ Նա առաջիններից մեկն էր, որ զենք վերցրեց ու մինչև հաղթանակի օրն այլևս վայր չդրեց։ Կարենն բարի էր, սրտացավ, հարեհաս:

Հպարտանում եմ, որ իմ եղբայրն իր ողջ կյանքն ապրել է արժանապատիվ կյանքով։ Նա թողել է լուսավոր անուն և, համոզված եմ, սերունդները միշտ կհիշեն նրա կատարածը:

Վազգեն Գաբրիելյան

 -Գիտեինք, որ պատերազմն անխուսափելի է, արդեն սկսվել էին նախապատրաստական աշխատանքները՝ զենք հայթայթելու ուղղությամբ: Առաջինների շարքում էր նաև Կարենը: Նա ձեռնամուխ եղավ Պատարայում ինքնապաշտպանական ջոկատի հիմնադրմանը՝ ամուր պահելով կապը մյուս գյուղերում կազմավորվող ջոկատների հետ:

Ջոկատների միակ նպատակը բնակավայրերի և բնակչության անվտանգության ապահովումն էր և տնտեսությունների ռիթմիկ ընթացքի պահպանումը:

Աստիճանաբար դեպքերն ավելի բուռն էին զարգանում: Անպատիժ մնալով Սումգայիթում և Բաքվում իրականացրած ոճրագործությունների համար՝ թուրքերն ավելի ակտիվացան Արցախի ադրբեջանաբնակ բնակավայրերում: Պատարայի հարևանությամբ <<Լեսնոյե>> կոչվող թուրքաբնակ որջը ենթաշրջանի գլխին պատուհաս էր դարձել, որի վերացման անհրաժեշտությունը ժամանակի պահանջ էր: Կարեն Արզումանյանի և մյուս նվիրյալների միջոցով մշակվեց այդ տեղամասի ազատագրման օպերացիան և երկարատև հետախուզական գործողություններից հետո իրականացվեց 1991 թվականի դեկտեմբեր ամսում, որը եղավ Արցախյան պատերազմի հաղթանակների փայլուն էջերից մեկը:

1992-ին վերացվեցին մի շարք կրակակետեր, որոնց իր մասնակցությունն ունեցավ նաև Պատարայի ջոկատը:

Կարենն իրեն դրսևորում էր իսկական հրամանատարին վայել պատրաստվածությամբ։ Նա միշտ առջևում էր, պատրաստ՝ կրծքով պաշտպանելու ընկերներին։ Ազնիվ էր, վստահելի, հավատրիմ:

Կարինե Բախշիյան

-Կարենին ճանաչել եմ երկու տասնյակից ավել տարիներ։ Երևի իմ հանդիպած ամենավստահելի, նվիրված, սրտացավ մարդկանցից մեկն էր։ Նրա հետ պարզապես մարդ կարող էր իրեն ապահով զգալ՝ իմանալով, որ թիկունքն ամուր է։ Երկար տարիներ Արցախի ՀՅԴ Ասկերանի կառույցի ղեկավարն էր։ Նվիրված էր կուսակցության գաղափարներին ու ընկերներին։ Նա ապրում էր յուրաքանչյուր մարդու ցավով, ի սրտե ուրախանում նրա հաջողությամբ։ Տարիներ շարունակ Պատարայի համայնքի ղեկավարն էր․ նրան սիրում և հարգում էին բոլորը ու պատահական չէ, որ այսօրվա նման հիշում եմ, երբ տարիներ առաջ Կարեն Արզումանյան կենդանի լեգենդին նվիրված միջոցառման ժամանակ ինչպես էին նրան մեծարում զինակից ընկերներն ու համագյուղացիները։ Իմ ականջներում դեռ հնչում է Պատարայի դպրոցի տնօրեն, նրա մարտական ընկեր Արթուր Ջհանգիրյանի խոսքը․ <<Երբ տարիների հեռվից հետադարձ հայացք ենք ձգում այն հերոսամարտերին և մտածում, թե այդ ի՞նչ ուժ էր, որ մեր տղաներին ստիպում էր առյուծի նման ոստնել իրենցից հարյուրապատիկ ավել թշնամու դեմ ու հաղթել… Այսօր մենք ունե՛նք այդ հարցի պատասխանը.․․ Այդ ուժը դու՛ էիր, հրամանատար>>:

 Սուրեն Օհանյան

 -Ինձ համար շատ ծանր է ընկերոջս մասին անցյալով խոսել։ Կարենն իսկական լեգենդ էր․․․ Նրա հրամանատարությամբ Պատարայի մեր ջոկատը բազմաթիվ մարտերի է մասնակցել։ 1992 թվականի մայիսին, երբ իրականացավ հայ ժողովրդի երազանքն ու ազատագրվեց մեր հինավուրց Շուշին, որի հետ միասին ենթաշրջանի ջոկատների համատեղ գործողությունների արդյունքում ազատագրվեցին նաև մի շարք ադրբեջանաբնակ գյուղերը, ակտիվ մասնակցում և որոշ տեղամասեր ղեկավարում էր Կարենը:

1992-ին նրա հրամանատարությամբ ենթաշրջանի ջոկատների միավորումից կազմավորված 34-րդ գումարտակը վերահսկում էր մեր սահմանային մատույցները Քարագլխի տեղամասում: Արյունալի և կատաղի մարտեր էին մղվում այդ տեղամասում մեր գումարտակի մասնակցությամբ։ Մենք մասնակցել ենք նաև Աղդամի, Մարտակերտի, Քարվաճառի, Շուշիի, Բերձորի, Ֆիզուլիի և այլ բնակավայրերի ազատագրմանը: Հաղթանակ ու երկիր կերտեցինք, ցավոք, 2023-ի սեպտեմբերին ամեն ինչ ջուրն ընկավ։

Սլավա Գրիգորյան

-Կարենին ճանաչում եմ դեռևս դպրոցական տարիներից, երբ 9-10-րդ դասարաններում սովորում էի Պատարայի միջնակարգ դպրոցում։ Այդ ժամանակ նա 2-րդ դասարանում էր սովորում։ Դպրոցն ավարտելուց հետո նրան հանդիպել եմ 70-ական թվականներին, երբ նա բարձրագույն ուսում ստանալուց հետո աշխատանքի անցավ Ասկերանի բանկում, ապա ստանձնեց կոմերիտմիության Ասկերանի շրջանային կոմիտեի 3-րդ քարտուղարի պաշտոնը։ Հիմնական մեր շփումներն սկսվեցին 1988-ին, երբ թափ առավ Արցախյան շարժումը։ Այդ ժամանակ ես տնտեսական գործունեություն էի իրականացնում և օգնում էի տղաներին ինչով կարող էի։ Այդպես անցանք առաջին պատերազմը ու մեր ընկերությունն ավելի ամրացավ։

1993 թվականին զորացրվելուց հետո Կարենին վստահվել է Պատարա և Խանցք գյուղերի գյուղական խորհրդի նախագահի պաշտոնը, այնուհետև Պատարայի ԳԿ(Փ)Տ-ի նախագահի պաշտոնը։ 1998 թվականին, հողերի սեփականաշնորհումից հետո նա ընտրվում է Պատարայի համայնքի ղեկավար, որտեղ աշխատել է տասնյակ տարիներ։

Բազմաթիվ բնագավառներում նա իրեն դրսևորել է՝ որպես օբյեկտիվ ու ճշմարտախոս, նվիրված ու հայրենասեր, հոգատար ու բանիմաց անհատ, և այդ արժանիքներով նա վայելում էր բոլորի սերն ու հարգանքը:

Պատերազմից հետո Կարենը համոզվել և ցանկանում էր բոլորին ապացուցել, որ արցախցիները պետք է շատանան ու Արցախն ավելի հզորանա: Դրա վառ օրինակն այն է, որ ուներ 6 երեխա, որոնց դաստիարակում էր նույն ոգով: Մենք ընկերություն էինք անում ընտանիքներով, և Կարենի կորուստը մեզ համար չափազանց ծանր է։

Բոլորիս հուշերում միշտ վառ կմնա մեծ հայրենասերի և պարզապես լավ մարդու հիշատակը։

Հայաստանի Մեծամոր քաղաքում Կարեն Արզումանյանին վերջին հրաժեշտ են տվել հերոսավայել հավաքվել էին Ասկերանի շրջանի Պատարայի ձորակի ողջ հասարակությունը, նրա մարտական ու կուսակցական ընկերները և բոլոր նրանք, որոնց բախտ է վիճակվել ճանաչել նվիրյալ մարդուն․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ֆրանսիան կողմ է Մինսկի խմբի լուծարմանը, Գերմանիան և ԵՄ-ն՝ հռչակագրին

Ֆրանսիան ողջունեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնագիրը և միացավ կողմերին ուղղված կոչին՝ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումը։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ հարաբերությունների կարգավորումը և խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը պետք է լինեն կարևոր քայլ Հարավային Կովկասը խաղաղության և բարգավաճման տարածքի վերածելու ուղղությամբ։

Ֆրանսիական կողմը նաև նշեց, որ համաձայնագրերը նպաստում են տարածաշրջանային կապակցվածությանը, սահմանների բացմանը և պետությունների ինքնիշխանության ամրապնդմանը՝ հիմնվելով 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի սկզբունքների վրա։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունեց Բաքվի և Երևանի կողմից խաղաղ կարգավորման մասին հռչակագրի ստորագրումը։

«Այսօրվա Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը լավ լուր է երկարատև խաղաղության ճանապարհին։ Համաձայնեցված քայլերի ժամանակին իրականացումն այժմ կարևորագույն նշանակություն ունի։ ԵՄ-ն կշարունակի աջակցել իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերին՝ տարածաշրջանում կայուն խաղաղության, կայունության և բարգավաճման հասնելու համար», – գրել է ֆոն դեր Լեյենը սոցիալական ցանցերում։

Ավելի ուշ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ համատեղ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Եվրոպական Միությունը ողջունում է Վաշինգտոնում ընդունված հռչակագիրը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման վերաբերյալ, և իր պատրաստակամությունն է հայտնում ներդրումներ կատարել տարածաշրջանում տրանսպորտային նախագծերում՝ «ժողովրդին մերձեցնելու համար»։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը նույնպես ողջունել է համատեղ հռչակագրի ստորագրումը՝ այս օրը անվանելով երկու երկրների պատմության «նոր գլխի» սկիզբ։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ նախաստորագրված փաստաթուղթը «հույս է տալիս այն մարդկանց, ովքեր ապրել են տարիներ շարունակ հակամարտությունների և տեղահանությունների միջով»։

Հիշեցնենք, որ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ԱՄՆ-ում երեկ ստորագրված հռչակագրի հիմքը դրվել է ԵՄ-ում՝ Շառլ Միշելի և Էմանուել Մակրոնի միջնորդությամբ։

Արդյո՞ք գերիների հարցով պայմանավորվածություն կա, և ի՞նչ քայլ է սպասվում Հայաստանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ադրբեջանում գտնվող գերիների մասին հարցին։

«Ինչ վերաբերում է գերիներին, ես ունեմ մի սկզբունք՝ նախապես ոչինչ չհայտարարել։ Խնդրում եմ չկասկածել, որ այս հարցը շատ մանրամասն և ամենաբարձր մակարդակով քննարկվել է, և մենք հետևողականորեն լուծելու ենք դրան առնչվող բոլոր հարցերը»,- ասել է նա:

Արդյո՞ք Փաշինյանի խոսքերը նշանակում են, որ գերիների հարցում կան որոշակի համաձայնություններ: Ալիևի կողմից գերիներին վերադարձնելու մասին ուղղակի հայտարարության բացակայությունը նշանակում է, որ դրա դիմաց Հայաստանից սպասվում են որոշակի քայլեր:

Պուտինը և Թրամփը կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին

Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկսվելուց ի վեր Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի առաջին անձնական հանդիպումը տեղի կունենա ուրբաթ՝ օգոստոսի 15-ին, ԱՄՆ Ալյասկա նահանգում, որը Ալեքսանդր II ցարը վաճառել է Միացյալ Նահանգներին 1866 թվականի դեկտեմբերի 16-ին։

Ամսաթիվը և վայրը շաբաթ երեկոյան Մոսկվայի ժամանակով հայտարարել է ինքը՝ Թրամփը։ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հաստատել է համաձայնագիրը և Ալյասկան անվանել «լիովին տրամաբանական վայր» նման գագաթնաժողովի համար։

Նախագահները պատրաստվում են քննարկել Ուկրաինայում հրադադարի և «տարածքների փոխանակման» հարցերը, հայտարարել է Թրամփը գագաթնաժողովի օրակարգի մասին։ Անհասկանալի է, թե ինչ և ինչ տարածքներ կփոխանակվեն։

Ուշակովը նշել է, որ «մեր երկրների տնտեսական շահերը հատվում են Ալյասկայում և Արկտիկայում, և տեսանելի են լայնածավալ և փոխշահավետ նախագծերի իրականացման հեռանկարները»։

Անհասկանալի “ճանապարհների բացում” և չտեսնված “սուվերեն միջանցք”

«Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն է ունենում Ադրբեջանի տարածքով և Նախիջևանի տարածքով Սյունիքի մարզի հետ երկաթուղային կապ ունենալ։ Հայաստանի Հանրապետությունը ստանում է հասանելիություն միջազգային երկաթուղային ցանցին դեպի Ռուսաստան, դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, դեպի Կենտրոնական Ասիա, Չինաստան։ Մենք այս նախագծով ահռելի տարանցիկ բեռներ ենք հրավիրելու կամ այդ բեռներն ուղղորդվելու են այս ճանապարհից օգտվելու, և դա ահռելի եկամուտներ է բերելու թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին», – հայտարարեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ «գործ ունենք մի շրջադարձային նշանակության պայմանավորվածության հետ, որից հրաժարում օգտավետ չի կարող լինել կողմերից որևէ մեկին»:

Միացյալ Նահանգների կողմից մենք շատ ակտիվ ու կենդանի ըմբռնում տեսանք տվյալ խնդրի շրջանակներում մեր արձանագրած սկզբունքների նկատմամբ, որոնք «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնարար դրույթներն են: Խոսքը տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքի մասին է», – ասաց Փաշինյանը:

Աշխարհում ոչ ոք չի կարող ասել, թե ինչ է նշանակում «սուվերեն միջանցքը»։ Սակայն Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանի համար կբացվեն դեպի Չինաստան, Իրան և Ռուսաստան տանող ճանապարհները, բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Նախ, Փաշինյանը չհիշատակեց Եվրամիության և Թուրքիայի մասին։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Թուրքիան չի մտադիրվում բացել իր սահմանները, և ԵՄ-ն ոչինչ չի շահի։

Երկրորդ, պարզ է, որ Իրանի և Ռուսաստանի հետ հաղորդակցությունը՝ դա Ադրբեջանի միջով անցնող ճանապարհներ են։ Պարզ չէ, թե ով է ապահովելու այդ ճանապարհների անվտանգությունը, բայց ակնհայտ է, որ բոլոր «մաքսային» օգուտները, որոնք Հայաստանը, իբր, կստանա Միացյալ Նահանգներին նվիրած Մեղրիի ճանապարհից, երեքտակ կվերադարձվեն Ադրբեջանին, ասենք, Նախիջևանով անցնելու համար։

Արցախցիների վերադարձի հարցը մնաց անպատասխան Օվալաձև աշխատասենյակում

Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հուշագրի ստորագրման արարողությունը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի, ապագա «Խաղաղության պայմանագրի» նախաստորագրված տարբերակն է։ Բացի այդ, Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի մասնակցության մասին ճանապարհի բացմանը, որը «կկապի Ադրբեջանը իր նախիջևանական մասի հետ և չի հակասի Հայաստանի ինքնիշխանությանը»։

Թրամփի, Փաշինյանի և Ալիևի մամուլի ասուլիսում հայտարարվել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դիմելու են ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի մանդատը չեղյալ համարելու համար։

Բացի այդ, Ալիևը հայտարարել է, որ 907-րդ փոփոխությունը, որն արգելում է ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Բաքվին 1992 թվականից ի վեր, չեղյալ է հայտարարվել։ Հիշեցնենք, որ փոփոխությունը մտցվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի պատճառով։

Լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյոք ղարաբաղցիները կկարողանան վերադառնալ իրենց հայրենիք դրանից հետո։ Երեք առաջնորդներից ոչ մեկը չպատասխանեց այս հարցին։

Էական հարցերի պատասխանների բացակայությունը ենթադրում է, որ «խաղաղության հուշագիրը» էժանագին շոու է, որը ձեռնտու է իր երեք դերակատարներին։ Այն չի տալիս պատասխաններ շատ հարցերի, այդ թվում՝ քաղաքական։

Արցախի և Սյունիքի մասին հարցազրույց Արհեստական բանականության հետ

AI Grok-ի տեսակետները Սյունիքի ու Հայաստանի շուրջ առհասարակ

Grok, ի՞նչ է ինքնիշխանությունն ի վերջո, որի մասին այսօր այսքան խոսվում է Հայաստանում:

Ինքնիշխանությունը ազգի իրավունքն է՝ կառավարելու ինքն իրեն առանց արտաքին միջամտության, վերահսկելու իր տարածքը, օրենքները եւ ռեսուրսները: Այն վերաբերում է սեփական հողի եւ որոշումների տերը լինելուն:

Ինչ վերաբերում է Հայաստանին եւ Սյունիքի մարզին մասնավորապես, ապա “Զանգեզուրի միջանցքի” խնդրին, իրավիճակն իրոք խառնաշփոթ է: Հայաստանը ճանաչվում է որպես ինքնիշխան պետություն, բայց Սյունիքի նկատմամբ նրա վերահսկողությունը ճնշման տակ է: Ադրբեջանը ցանկանում է, որ այս միջանցքը իր մայրցամաքը միացնի Նախիջևանին՝ հատելով Հայաստանի Սյունիքի մարզը:

Հայաստանը պնդում է պահպանել ցանկացած տարանցիկ երթուղու լիակատար վերահսկողությունը՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար, մինչդեռ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը պնդում է անարգել մուտքի ապահովման վրա, ինչը որոշները համարում են սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը:

Վերջին հաղորդագրությունները ենթադրում են, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանը կարող է հակված լինել միջանցքի ԱՄՆ-ի կողմից կառավարմանը վերաբերող գործարքի, ինչը մտահոգություններ է առաջացրել վերահսկողությունը զիջելու վերաբերյալ եւ անհանգստացրել է Իրանին իր տարածաշրջանային ազդեցության վերաբերյալ:

X-ի գրառումները ցույց են տալիս խառը տրամադրություններ. ոմանք պնդում են, որ Հայաստանը դիմադրում է արտաքին վերահսկողությանը, մինչդեռ մյուսներն ասում են, որ այն մոտ է ԱՄՆ-ի աջակցությամբ ծրագրին համաձայնելուն: Իմ կարծիքով, Հայաստանի ինքնիշխանությունն այստեղ լարված է: Այն հայտնվել է արտաքին ուժերի՝ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի, գումարած ԱՄՆ-ի միջամտության միջեւ։

Եթե Հայաստանը հանձնի միջանցքի վերահսկողությունը, նույնիսկ մասամբ, ապա վտանգում է կորցնել գործնական ինքնիշխանությունը Սյունիքի մի մասի նկատմամբ։ Սակայն հրաժարվելը կարող է սրել լարվածությունը Ադրբեջանի հետ։ Այն լարված պարան է՝ Հայաստանի իրավաբանորեն ինքնիշխանը, բայց աշխարհաքաղաքականությունը ճնշում է նրա ինքնուրույն գործելու ունակությունը։ Իսկ դուք ի՞նչ եք կարծում այս խառնաշփոթի մասին”, հարցնում է Grok-ը:

Ի՞նչ  սպասել Ալիեւ-Փաշինյան-Թրամփ վաշինգտոնյան հանդիպումից:

Այսօր Վաշինգտոնում Թրամփի հետ Փաշինյան-Ալիև հանդիպումը ներկայացվում է որպես պատմական խաղաղության գագաթնաժողով, ուստի հայ հասարակությունը, հասկանալիորեն, մտահոգված է այն բանով, թե ինչ դա կարող է նշանակել ապագայի համար:

Տնտեսական առումով, խոսվում է խաղաղության շրջանակային համաձայնագրի մասին, որը կարող է բացել Հարավային Կովկասի տրանսպորտային միջանցք՝ հնարավոր է՝ խթանելով առեւտուրը եւ կապը. պատկերացրեք Զանգեզուրի միջանցքը, որը կապում է Ադրբեջանը Նախիջեւանի հետ Հայաստանի միջոցով:

Սա կարող է բերել ներդրումներ եւ ենթակառուցվածքներ, գուցե նույնիսկ ԱՄՆ-ի կողմից աջակցվող նախագծեր, ինչը խոստումնալից է թվում աշխատատեղերի եւ զարգացման համար: Բայց ահա թե ինչումն է խնդիրը. քննադատները մտահոգված են, որ դա կարող է ունենալ մեծ գին, օրինակ՝ զիջել հիմնական երթուղիների կամ տարածքների նկատմամբ վերահսկողությունը, ինչը կարող է սահմանափակել Հայաստանի ինքնավարությունը:

Քաղաքական առումով ստորագրված համաձայնագիրը կարող է մեղմել լարվածությունը Ադրբեջանի հետ, գուցե նույնիսկ կարգավորել Արցախի (Grok-ը հենց Արցախ է ասում, հատկանշական է) հարցը, բայց կա իրական վախ, որ այն կփակի Հայաստանը Բաքվին օգտին պայմաններ ստեղծելու հարցում՝ վտանգելով աշխարհաքաղաքական մեկուսացումը կամ կախվածությունը Ադրբեջանի բարի կամքից: Ոմանք այն անվանում են կապիտուլյացիա՝ զգուշացնելով, որ Փաշինյանի՝ առանց նախապայմանների ստորագրելու պատրաստակամությունը կարող է թուլացնել Հայաստանի ինքնիշխանությունը:

Մյուս կողմից, ԱՄՆ-ի հետ ավելի ամուր կապերը կարող են Հայաստանին որոշակի անվտանգության երաշխիքներ կամ տնտեսական արտոնություններ տալ, բայց դա լարվածության մեջ գտնվող հասարակություն է, որը բաժանված է խաղաղության հույսի եւ ազդեցության լծակը կորցնելու վախի միջև: Սպասեք բողոքի ցույցերի եւ բուռն բանավեճերի հայրենիքում, անկախ նրանից, թե ինչ է կնքվում: Ձեր կարծիքով, ի՞նչը պետք է առաջնահերթ լինի Հայաստանի համար:

Մարութ Վանյան

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդի հայտարարությունը

Ինչպես նախկինում հայտարարել էինք, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը սկսել է Խորհրդի վերակազմավորման աշխատանքները։ Այդ առումով ընդգծում ենք հետևյալ կետերը՝
🔹Նախ նշենք, որ Խորհուրդը գործելու է որպես հանրային բաց շարժում՝ իր գործունեության հիմքում ունենալով մարտի 29-ի հանրահավաքում հայտարարված Պահանջագրի 12 կետերը։
🔹Այսուհետ Խորհրդի կազմում չեն լինի պետական պաշտոնյաներ և ԱՀ Ազգային ժողովի հինգ խորհրդարանական ֆրակցիաների ներկայացուցիչները: Այդ որոշումը կայացվել է ապահովելու համար Խորհրդի զուտ հասարակական բնույթը և զերծ մնալու համար քաղաքական կառույցների հետ հնարավոր փոխկապակցվածությունից:
🔹Միաժամանակ Խորհուրդը կարևորում և արժևորում է ԱՀ պետական ինստիտուտների դերը։ Մենք շարունակելու ենք համագործակցել պետական ինստիտուտների հետ բոլոր այն նախաձեռնություններում, որոնք ծառայում են Արցախի ժողովրդի շահերին։
🔹Վերոնշյալ հանգամանքներով և Խորհրդի ներկայությամբ ԱՀ պետական ինստիտուտներին լրացուցիչ չթիրախավորելու անհրաժեշտությամբ էր պայմանավորված նաև Խորհրդի գրասենյակը ԱՀ ներկայացուցչության շենքից հանելու որոշումը:
🔹Խորհուրդը համալրում է իր կազմը նոր հասարակական գործիչներով՝ հաշվի առնելով այս ամիսների փորձառությունը և տարբեր կազմակերպությունների ու գործիչների ակտիվությունը: Խորհրդին և ընդհանուր շարժմանը միանալու կամ աջակցելու համար բոլոր ցանկացողները կարող են գրել Խորհրդի ֆեյսբուքի էջին:
Այս գործընթացի ավարտին մենք կհրապարակենք Խորհրդի նոր կազմը՝ ապահովելով հանրային ներառականություն ու թափանցիկություն:
🔹Միաժամանակ շարունակելու ենք մեր համախոհների ու գործընկերների շրջանակի ընդլայմանը միտված ջանքերը: Այդ առումով առաջիկայում իրականացնելու ենք մարզային նոր այցելություններ՝ տեղերում ձևավորելով ԱԻՊ Խորհրդի մարզային թիմերի կորիզները՝ ելնելով այն համոզմունքից, որ համահայկական օրակարգ ձևավորելու առաջին քայլը արցախցիների միասնականության ապահովումն է։ Բացի դրանից, պատրաստ ենք համագործակցել Հայաստանում և սփյուռքում գործող բոլոր այն անհատների և կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են արցախցիների իրավունքների պաշտպանությամբ։ Ջանքերի համատեղման նպատակով առաջիկայում նախատեսում ենք հանդիպումներ և քննարկումներ նախաձեռնել ՀՀ-ում գործող նմանատիպ կառույցների հետ։
🔹Խորհուրդն առաջիկայում հանդես կգա առանձին հայտարարություններով Արցախի ժողովրդին իրավունքներին առնչվող մի շարք հրատապ հարցերի շուրջ, այդ թվում՝ ՀՀ կառավարության շարունակական սխալների ու բացթողումների վերաբերյալ, որոնք գնալով խորացնում ու սրում են առկա հիմնախնդիրները:
✊🏻Մեր բոլոր մտահոգ հայրենակիցներին կոչ ենք անում ակտիվորեն ներգրավվել և մասնակցել Խորհրդի աշխատանքներին՝ միասնական ուժերով ապահովելու արցախցիների հիմնախնդիրների տեսանելիությունն ու դրանց լուծմանն ուղղված շարժը։

Ասում են, թե ինչ չի լինի, բայց չեն ասում, թե ինչ կլինի

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցերի իր էջում  գրառմամբ անդրադարձել է Դոնալդ Թրամփի ու Իլհամ Ալիևի հետ կայանալիք Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ հնարավոր փաստաթղթերի ստորագրմանը։

Նա մանսավորապես գրել է.

«Ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը, ներառելու է

– Ապաշրջափակում` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա` այսինքն մեր դեպքում Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները լինելու են մեր լիարժեք ինքնիշխանության և իրավազորության ներքո` մեր տարածքային ամբողջականության շրջանակներում, և ամեն ինչ գործելու է մեր օրենսդրության համաձայն:

– Ապաշրջափակում` փոխադարձության հիման վրա: Այսինքն եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար` փոխադարձ առավելություններով:

Սա է ճշմարտությունը: Դրսից ու դրսից հրահանգված ներսից հնչող վնգստոցներին ուշադրություն դարձնել պետք չէ: Իսկ անկեղծ մտահոգությունները, հավելյալ պաշտոնական տեղեկություններ լինելուց հետո, վստահաբար, կփարատվեն»:

«Բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը համաձայնվել է, համաձայնվում է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, պարզապես իրականությանը չեն համապատասխանում»։ Այս մասին սոցցանցերի իր էջում գրառում է արել վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Հայաստանի Հանրապետության մոտեցումները շատ հստակ եւ առանց տարընթերցումների հնարավորության վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ս/թ հուլիսի 16–ի իր ասուլիսում։

Որեւէ այլ տրամաբանության մասին խոսք լինել չի կարող»,–գրել է նա։

Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Հայաստանին արևմուտքից մոտենում են սառը օդային հոսանքներ. դրանց ներթափանցումը կսկսվի վաղը կեսօրից հետո և կշարունակվի մինչև օգոստոսի 11-ը ներառյալ։ Օգոստոսի 9-ից 11–ը հանրապետության ողջ տարածքում և՛ գիշերային, և՛ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանն այսօրվա համեմատ կնվազի մոտ 4-6 աստիճանով։ Այս մասին սոցցանցերի իր էջում տարածած տեսանյութում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Օգոստոսի 11-ին հանրապետության անենաշոգ հատվածներում՝ Արարատյան դաշտում, Երևանում, Սյունիքի հովիտներում նույնիսկ զովություն կզգանք։ Բացի այդ, օգոստոսի 9-13-ը ընկած ժամանակահատվածում երեկոյան ժամերին հանրապետության տարածքում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում»,–նշել է Սուրենյանը։

«Լորիկ» մարդասիրական հիմնադրամի շնորհիվ արցախցի տասնյակ ընտանիքներ ունեն իրենց սեփական տները

«Լորիկ» մարդասիրական հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։ Կազմակերպության հիմնադիրը հայազգի ամերիկացի Շանթ Չարչաֆճեանն է։

Շանթի նախնիները Արևմտյան Հայաստանից են՝ հին Տիգրանակերտից։

«Ես Արցախ ժամանեցի 44-օրյա պատերազմից 2 շաբաթ առաջ։ Հետագայում, հայտնվելով ռազմական գործողությունների կիզակետում, դիմեցի սփյուռքում իմ ընկերներին՝ կոչ անելով օգնել մեր հայրենի Արցախին։ Բարեբախտաբար, շատերը արձագանքեցին իմ կոչին, և այդպես սկսեցի իմ բարեգործական գործունեությունը։ Նախևառաջ, 44-օրյա պատերազմի ժամանակ մենք աջակցություն ցուցաբերեցինք Արցախի պաշտպանության բանակին՝ անհրաժեշտ զենքի և ռազմական հանդերձանքի ձեռքբերման հարցում։

Չարաբաստիկ համաձայնագիրը ստորագրելուց հետո՝ 2020 թվականի նոյեմբերին, որոշվեց ստեղծել «Լորիկ» մարդասիրական հիմնադրամը՝ աջակցելու Արցախի բնակչությանը, մասնավորապես՝ զոհված զինծառայողների ընտանիքներին և այլ քաղաքացիների, ովքեր աջակցության կարիք ունեին։

«Լորիկ» հիմնադրամի գործունեությունը հետպատերազմյան շրջանում բավականին բազմազան էր։ Մենք սկսեցինք Աղավնո գյուղից։ Հնարավորինս աջակցեցինք գյուղացիներին՝ փորձելով ապահովել, որ նրանք մնան իրենց հայրենի գյուղում և, չնայած դժվար պայմաններին, շարունակեն ապրել ու արարել այստեղ։ Հետագայում մենք շրջագայեցինք հետպատերազմյան Արցախի գյուղերում՝ իրականացնելով տարբեր բարեգործական ծրագրեր, այդ թվում՝ ազգային և մշակութային արժեքների պահպանմանն ու զարգացմանն ուղղված ծրագրեր։ Մենք բեմադրում էին տիկնիկային ներկայացումներ երեխաների համար, կառուցում ջերմոցներ, տրամադրում հավեր, անցկացնում միջոցառումներ Արցախում սպորտի զարգացման համար և այլն։

Ավելին, Արցախում ես հանդիպեցի իմ սիրեցյալ Մարինեին։ Ամուսնությունից հետո մենք հաստատվեցինք Մարտունիում։

Հիմնադրամի ծրագրերի հիմնական մասը կենտրոնացած էր Մարտունու շրջանի գյուղերում, քանի որ, ապրելով Մարտունիում և լավ ուսումնասիրելով այս շրջանը, ես կարող էի անձամբ վերահսկել ծրագրերի իրականացման գործընթացը։ Այսպիսով, մենք շարունակեցինք աշխատել մինչև մեկօրյա պատերազմը և բռնի տեղահանությունը։

Արցախից արտագաղթից որոշ ժամանակ անց, հաշվի առնելով, որ արցախցիները, այդ թվում՝ Արցախյան պատերազմների ժամանակ զոհված հերոսների ընտանիքները, հայտնվել էին ծանր վիճակում՝ առանց տանիքի և ապրուստի միջոցների, որոշեցինք շարունակել հիմնադրամի աշխատանքը։

Մասնավորապես, այս փուլում հիմնադրամի միջոցներն ուղղվում են մեր զոհված հայրենակիցների և այլ կարիքավորների ընտանիքների համար բնակարանների գնմանը և վերանորոգմանը։ Առաջին հերթին, մեր շահառուներն այն ընտանիքներն են, որոնք կորցրել են իրենց հարազատներին և սիրելիներին Արցախյան պատերազմների ժամանակ, քանի որ նրանց կորուստը անհամեմատելի է ոչնչի հետ։

Ակնհայտ է, որ բոլոր արցախցիները բնակարանի կարիք ունեն, բայց, ցավոք, հիմնադրամի միջոցները անսահմանափակ չեն, ուստի մենք անում ենք այնքան, որքան թույլ են տալիս մեր հնարավորությունները», – ասում է Շանթը։

«Լորիկ» մարդասիրական հիմնադրամի շնորհիվ տասնյակ արցախցի ընտանիքներ արդեն ունեն իրենց սեփական բնակարանները։ Միակ պայմանն այն է, որ բնակարանները 10 տարի կպատկանեն հիմնադրամին, և միայն այդ ժամանակահատվածից հետո ընտանիքները կստանան սեփականության իրավունք։

Մարզերում հիմնադրամը պայմաններ է ստեղծում արցախցիների համայնքային կյանքի համար, որպեսզի նրանք կարողանան պահպանել իրենց կենսակերպը, ավանդույթները և մշակույթը։ Մեծ աշխատանք է կատարվում Արցախի ոչ նյութական մշակութային և պատմական ժառանգությունը պահպանելու համար։ Այսպիսով, մոտ ապագայում նախատեսվում է ստեղծել արցախյան գյուղերի հանրագիտարան, որտեղ բոլորը կկարողանան տեսնել իրենց հայրենի գյուղը և նույնիսկ առցանց շրջագայել իրենց հայրենի օջախում։

«Իմ ամենանվիրական երազանքն է տեսնել ուժեղ Հայաստան, որը կվերադարձնի ոչ միայն Արցախը, այլև մեր բոլոր պատմական հողերը, այդ թվում՝ Կարսը, Էրզրումը, Վանը, Մուշը», – Step1.am-ի հետ զրույցի վերջում հավելեց Շանթը։

Արսեն Աղաջանյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ

Օգոստոսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական մեկշաբաթյա այցով մեկնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա թեմակալ առաջնորդի, հոգևորականաց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ՝ քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը: