Այս օրը հայ ժողովրդի համար խորհրդանշում էր ոտքի կանգնելու, մեջքը ուղղելու հնարավորություն

«Ես շատ լավ հիշում եմ այն օրերը, երբ սրտատրոփ ստասում էինք, թե երբ տեղի կունենա Շուշիի ազատագրումը։ Ու Շուշիի ազատագրումն արցախցիների եւ ամբողջ հայ ժողովրդի համար խորհրդանշում էր ոտքի կանգնելու, մեջքը ուղղելու հնարավորություն։ Շուշիի ազատագրումը մեզ բոլորիս համար չանցնող մի մեծ արժեք է՝ անկախ նրանից Շուշին այսօր մեր տիրապետության տակ է, թե ոչ։ ժամանակները փոխվում են, մենք կունենանք դեռ հնարավորություն՝ վերադառնալու Շուշի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախյան շարժման ակտիվիստ, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։

Նրա խոսքով՝ շատ կարեւոր է այսօր խոսել այն ահռելի վնասների մասին, որոնք կրում է հայ ժողովուրդը Արդբեջանի կողմից Արցախի օկուպացիայի հետեւանքով։ «Ադրբեջանական վարչախումբն ամեն օր, ամեն վայրկյան ոչնչացնում է հայկական ժառանգությունը։ Այսօր ամենամեծ թիրախում հայտնվել է Ստեփանակերտը՝ Արցախի մայրաքաղաքը, որը շատ արագ տեմպերով ոչնչացվում է։ Ոչնչացվում է նաեւ այն մշակութային ժառանգությունը, որը կար ու թողնվել էր Ստեփանակերտում։ Խոսքը մոնումենտալ արվեստի հուշարձանների մասին է, պատմության եւ մշակույթի հուշարձանների մասին է»,- ասաց նա։

Սերգեյ Շահվերդյանը նշեց, որ կան բազմաթիվ փաստեր, որ Արցախում զանգվածաբար ոչնչացվում են նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի հիշատակին կառուցված համալիրները, արձանները, որոնք եղել են Արցախի բոլոր գյուղերում։ Այս փաստերը հրապարակվում են, սակայն, Շահվերդյանի խոսքով, չեն արժանանում թե միջազգային հանրության, թե ՌԴ գնահատականներին։ «Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը, համապատասխան միջազգային կառույցները, այդ թվում՝ Հայաստանում գործող կազմակերպություններն իրենց դիրքորոշումներն այդ հարցերի շուրջ պետք է արտահայտեն։ Նաեւ շատ կարեւոր է, որ ՀՀ իշխանություններն իրենց օրակարգ վերադարձնեն հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդիրներն Արցախում»,- հավելեց նա։

Հարցին, թե որ դեպքում է հավականական, որ Արցախ վերադարձը կարող է տեղի ունենալ, Սերգեյ Շահվերդյանը պատասխանեց․ «Առաջին խնդիրն այն է, որ ՀՀ-ն՝ որպես հայ ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպան, պետք է վերադառնա հայկական օրակարգին ու սկսի զբաղվել արցախցիների վերադարձի իրավունքների առաջ մղումով։ Մյուս պայմանների մասին արցախահայությունն իր տարբեր ներկայացուցիչների ու մարմինների միջոցով բազմիցս արտահայտել է։ Պայմանը միջազգային կառույցների հովանու ներքո ու միջազգային երաշխիքների ներքո վերադարձն է, մշտական ցամաքային կապի ապահովումը ՀՀ հետ ու տեղական իշխանության ձեւավորումը կամ պաշտպանումը՝ մինչեւ հարցը կհասնի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությանը»։

ՀՀ վերնախավը միայն 1945-ի հաղթանակն է տոնում

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հարցին ի պատասխան խուսափեց խոսել Շուշիի ազատագրումից։ Հարցին, թե իր համար մայիսի 9-ը եռատո՞ն է, Գրիգորյանը պատասխանեց․ «Ոչ»։ Նա ասաց, թե ինչու է եկել Հաղթանակի զբոսայգի․ «Եկել ենք հարգելու Երկրորդ համաշխարհային պատերազմում իրենց կյանքը զոհած բոլոր այն մարդկանց հիշատակը, ովքեր իրենց կյանքն են դրել այդ հաղթանակը կերտելու համար»։ Հարցին, թե Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հարգելու համար չի եկե՞լ, նա պատասխանեց․ «Նաեւ իրենց հիշատակը հարգելու համար։ Դուք ասում եք տոն, բայց եռատոնն ու զոհերի հիշատակը հարգելը տարբեր բաներ են»։

Նա անդրադարձավ ադրբեջանսական կրակոցներին եւ հարցին, թե ի՞նչ տեղեկություններ են Հայաստանն ու Ադրբեջանը փոխանցում միմյանց այդ հարցով։

«Հայաստանը խնդրել է դիվանագիտաական ճանապարհով տվյալներ տրամադրել խախտումների վերաբերյալ, որոնց մասին Ադրբեջանը հայտարարում էր։ Դրանց մասին հետաքննություն է կատարել Հայաստանը եւ փոխանցել է Ադրբեջանին բոլոր միջադեպերի վերաբերյալ։ Իսկ Հայաստանի հայտարարած խախտումների մասին, որ Ադրբեջանն է խախտումներ կատարել, դրանց վերաբերյալ Հայաստանը տվյալներ է փոխանցել Ադրբեջանին եւ ակնկալել մանրամասն հետաքննություն։ Իրենց կողմից, ըստ իրենց, հետաքննություն են կատարել դրանց մասին, եւ պարզվել է, որ ընդհանուր առմամբ այդպիսի խախտումներ չեն եղել»,- ասաց Գրիգորյանը։

«Վստահեցնում եմ ձեզ, որ Արցախի նախագահի ինստիտուտը պահպանված է»

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ի՞նչ է սպասվում Արցախի իշխանություններին մայիսի 21-ից հետո, երբ գործող խորհրդարանի ժամկետը լրանում է։ «Վստահեցնում եմ ձեզ, որ Արցախի նախագահի ինստիտուտը պահպանված է, շարունակելու է աշխատել։ Եվ հենց ժամանակը մոտենա, անպայման մենք հայտարարությմաբ հանդես ենք գալու»,- ասաց նա։

Ըստ Հակոբյանի՝ Արցախի Սահմանադրությունում կատարված փոփոխությունները ցանկացած ֆորսմաժորային իրավիճակի համար լուծում ունեն։ «Հետեւաբար, կենտրոնանալ կոնկրետ ընտրության վրա կա որեւէ գործընթացի վրա, կարիք չկա։ Շարունակվելու է Արցախի նախագահի ինստիտուտի գոյությունը, դա ամենակարեւորն է, որը մենք կարողացել ենք անել։ Բնականաբար, նիստ տեղի կունենա, որի մասին մենք հետագայում արդեն տեղյակ կպահենք։ Եկեք կենտրոնանանք այն փաստի վրա, որ նախագահի ինստիտուտը պահպանված է»,- հավելեց Հակոբյանը։

Ըստ նրա՝ Արցախի իշխանությունների ցանկացած գործողություն ուղղված է նրան, որ նախ թույլ չտան փակել Արցախի հարցը։ Երկրորդ հարցը արցախցիների իրավունքի իրացման հետեւից գնալն է, որն անում են պետական ինստիտուտները։ «Մեր բոլոր գործողությունները, երբեմն համեստ, երբեմն հասարակության համար անհասականալի, զուտ բխում են Հայաստանի անվտանգությունից։ Մեզ համար որեւէ տարբերություն չկա՝ Արցախ, թե Հայաստան։ Մեզ համար երկու հայկական պետությունները գերագույն արժեք են, հետեւաբար, մեր գործողությունները, որոնք բխում են արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքից, որեւէ այլ գործընթաց չեն ենթադրում։ Մենք փորձում ենք ստեղծված հանձնախմբի միջոցով թույլ չտալ, որ արցախցիների իրավունքների հարցը մարի միջազգային հարթակներում, առ այն պահը, մինչ Հայաստանում կհաստատվեն ազգային իշխանություններ»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։

Այն, ինչ հիմա տեղի է ունենում Խոզնավար, Խնածախ գյուղերի ուղղությամբ, նման է Կարմիր շուկային

«Ժողովուրդը չի պարտվել, չի հանձնել ու չի կորցրել, ժողովրդին դավաճանել են։ Իրականում, այո, հենց իշխանական դավաճանության հետեւանքով, ինչին ցավոք պատմության ընթացքում ժամանակ առ ժամանակ ականատես ենք եղել, մենք հայտնվել ենք այս իրավիճակում։ Բայց ես մի եզրակացության եմ հանգել, որ ինչպես 33 տարի առաջ պիտի ազատագրվեր Շուշին, Շուշին հերթական անգամ պիտի ազատագրվի, որովհետեւ առանց Շուշիի մենք կորցնում ենք մեր ինքնությունը, չենք ունենա խաղաղություն»,- այսօր Եռաբլուրում լրագրողներին ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նա նշեց, որ Արցախը լուծարված չէ, հարցադրում արեց․ «Կարո՞ղ է արդյոք ՀՀ ղեկավարը ստորագրել եւ լուծարել ՀՀ-ն կամ որեւէ այլ երկրի նախագահ կամ ղեկավար, իհարկե, ոչ։ Պետությունները ստեղծում են ժողովուրդները, եւ որեւէ անձ չունի լիազորություն պետություն լուծարելու։ Հետեւաբար, Սամվել Շահրամանյանը եւս չէր կարող եւ չի լուծարել Արցախի Հանրապետությունը։ Արցախի Հանրապետությունը կա, այն օկուպացված է թշնամու կողմից ու առանց հայերի է»։

Նրա խոսքով՝ ՀՀ-ն այսօր վտանգված է, երբ չկա հայկական Արցախ։ «Այն, ինչ հիմա տեղի է ունենում Խոզնավար, Խնածախ գյուղերի ուղղությամբ, պրոցեսը խիստ նման է Կարմիր շուկայում տեղի ունեցող պրոցեսներին։ Իրականում Արցախի հայաթափումը սկսվեց Կարմիր շուկայից»,- ասաց նա։

Մետաքսե Հակոբյանը նաեւ նշեց, որ արցախցին չի ապրելու Արդբեջանի անձնագրերով, այդ ընտրությունը արել են 2023-ի սեպտեմբերին։

Շուշիի հայկական լինելը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի

«Մայիսը խորհրդանշական է մեր ժողովրդի համար, մայիսին մենք շատ հաղթանակներ կետրեցինք։ 1992 թվականի մայիսյան հերոսամարտով՝ Շուշիի ազատագրումով հայությունը նորից ապացուցեց, որ կարող է հայրենիքի ու ազատության համար կռվել, անկախ նրանից՝ թվաքակմանակով շատ ենք, լավ ենք զինված, թե վատ։ Այսօր մենք պետք է երկրպագենք մեր այդ հերոսներին, եւ սերունդների համար դաստիրակաչական օրինակ դա պետք է հանդիսանա»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը։

Նա հավելեց, որ Շուշիի հայկական լինելը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի՝ ով տիրում է Շուշիին, նա տիրում է այս երկրամասին։ «Անհնարին էր չազատագրել Շուշին ու ունենալ հայկական Արցախ։ Ցավոք, կյանքը դա ապացուցեց, եւ վերջին զարգացումներն էլ դա ապացուցեցին։ 2020 թվականին հանձնվեց Շուշին, եւ կանխորոշվեց նաեւ պատերազմի հետագա ելքը, ես նկատի ունեմ 2023 թվականի իրադարձությունները։ Սա մեզ համար դաս պետք է լինի, որովհետեւ երբ 18-րդ դարի երկրորդ կեսին Շուշին հանձնվեց մեր հակառակորդներին, այն ժամանակ ողբերգության հիմքը դրվեց։ Ճիշտ է, մեր ժողովուրդը կարողացավ ապացուցել, որ Շուշին կարող է հայությանը նոր մղումների ու հաջողությունների լիցք հաղորդել, բայց, ցավոք սրտի, դա մինչեւ վերջ չկարողացանք առաջ մղել։ Եվ այդ քաղաքի կորստով մենք բացեցինք մեր անհաջողությունների դուռը»,- հավելեց Բալայանը։

Նրա խոսքով, սակայն, այնպես չէ, որ այս պարտությամբ մենք կորցրել ենք ամեն ինչ։ Դարերի ընթացքում մենք եւ հաղթանակներ ենք ունեցել, եւ անհաջողություններ։ Բայց մեր ժողովուրդն անցնում է այն ուղին, որը Հայկ նահապետն է գծել մեր ազգի համար։ «Եվ պատահական չէ, որ հազարամայակների ընթաքում, լինելով շրջապատված թշնամական երկրներով, մենք կարողացանք հաղթահարել եւ հասնել այսօրվան։ Մեր տարեկից ժողովուրդներն ու պետություններն այսօր չկան, փառք Աստծո, որ մենք այսօր ունենք ՀՀ եւ պետականություն, եւ աչքի լույսի պես պետք է փայփայենք այդ պետականությունը՝ հետագա մարտահարվերներին դիմակայելու համար»,- հավելեց Վահրամ Բալայանը։

Որպեսզի Շուշին ու ամբողջ Արցախն ազատագրվի, Բալայանի խոսքով, պետք է լինի համազգային միասնություն։ Մեր ժողվորդին կարելի է հաղթել միայն բաժանումների միջոցով, եւ այսօր հասարակությանը պառակտելու փորձեր են արվում, որը թշնամիների ծրագիրն է։ «Պետք է ամենախիստ պատիժների ենթարկել այն մարդկանց, որոնք խաթարում են այդ միասնականությունը։ Նույնիսկ պատասխանատու մարդիկ են այդպիսի բաժանարար գծեր դնում, սա վտանգավոր է, սա մեր պետականության ու ազգի օգտին չէ»,- նշեց նա։

ԱՄՆ-ն համաձայն չէ «տալ» չօկուպացված տարածքները Ռուսաստանին, իսկ օկուպացվածները ОК է

Ուկրաինա365 ալիքը փոխանցում է ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ հարցազրույցի համառոտ ակնարկը։

Երբ նրան հարցրեցին, թե արդյոք ԱՄՆ-ն դուրս կգա բանակցություններից, թե՞ ժամանակն է ուժեղացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը, ԱՄՆ փոխնախագահը պատասխանեց. «Կտեսնենք, թե ինչ կլինի»։

«Մենք կշարունակենք աշխատել այս հարցի վրա մինչև որոշենք, որ վերջնականապես չենք կարող հետագա առաջընթաց գրանցել։ Մենք չենք ուզում, որ Ուկրաինան փլուզվի։ Մենք ակնհայտորեն ուզում ենք, որ Ուկրաինան մնա ինքնիշխան պետություն։ Ռուսաստանը չի կարող ակնկալել, որ իրեն կտրվեն տարածքներ, որոնք նա նույնիսկ դեռ չի նվաճել։ Եվ սա այն բաներից մեկն է, որը նրանք ներառել են այդ սկզբնական խաղաղության ծրագրում»։

Հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը կհեռանա նման դեպքում, Վենսը պատասխանեց. «Մենք դա կանեինք»։

Այս կարճ ամփոփումից հետևում է, որ ԱՄՆ-ն պատրաստ չէ կատարել Կրեմլի պահանջները՝ Ռուսաստանին «վերադարձնել» ոչ միայն այն տարածքները, որոնք ներկայումս գրավել է Ուկրաինայում, այլև Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի տարածքները, որոնք երբեք չեն գրավվել ռուսական զորքերի կողմից։

Ռուսաստանին արդեն իսկ օկուպացված տարածքների փոխանցման վերաբերյալ, ըստ երևույթին, համաձայնություն կա։

Ինչ է Շուշին հայոց աշխարհի համար

ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՍՏԻՏՈՒՏԻ ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շուշին, որպես Արցախի և ընդհանրապես Հարավային Կովկասի կարևորագույն պատմամշակութային և քաղաքակրթական կենտրոններից մեկը, բնակեցված է եղել դեռևս հնագույն ժամանակներից։ Իր պատմության ընթացքում Շուշին դարձավ հայ ժողովրդի ազգային, հոգևոր և մշակութային ինքնության կերտման առանցքային կենտրոններից մեկը։ Քաղաքի աշխարհագրական դիրքը՝ բարձունքի վրա, նպաստեց ոչ միայն նրա ռազմական կարևորության, այլև՝ մշակութային և կրթական կենտրոն դառնալուն։

Շուշիի դերը և նշանակությունը

  • Բերդաքաղաքը, որպես Հայոց պետականության և հայ ժողովրդի անվտանգային համակարգի կարևոր բաղադրիչ։

Դեռևս վաղ միջնադարից Շուշին կարևոր դերակատարություն է ունեցել Մեծ Հայքի տարածքում հայակական պետական միավորների անվտանգության պահպանման, իսկ ուշ միջնադրարում՝ հայ ժողովրդի ազգային -ազատագրական պաքարի կազմակերպման գործում:

  • Մշակութային կենտրոն. 19-րդ դարի վերջից Շուշին դարձավ Հարավային Կովկասի խոշորագույն մշակութային կենտրոններից մեկը։ Այստեղ գործել են թատրոններ, տպարաններ, հրատարակվել են թերթեր և գրքեր, ձևավորվել է հայկական մշակույթի ինքնատիպ հոսք, որը միավորում էր ժողովրդական և դասական արվեստը։
  • Կրթության կենտրոն. քաղաքում հիմնադրվել են բազմաթիվ հայկական դպրոցներ, գիմնազիաներ, ուսումնական հաստատություններ, որոնք նպաստել են հայ մտավորականության ձևավորմանը։
  • Հոգևոր կենտրոն. Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը դարձել է Արցախի և ամբողջ Կովկասի հայկական համայնքի հոգևոր խորհրդանիշներից մեկը։ Բացի այդ, Շուշիում գործել են բազմաթիվ եկեղեցիներ, որոնք արժեքավոր մշակութային հուշարձաններ են։
  • Քաղաքական և հասարակական կենտրոն. Շուշին նաև եղել է հայկական քաղաքական և հասարակական կյանքի կիզակետ՝ նոր հասարակական միտումների և ազգային շարժումների ձևավորման վայր։
  • Տնտեսական զարգացում. 19-րդ դարում Շուշին հայտնի էր զարգացած արհեստագործությամբ, առևտրով և արդյունաբերությամբ՝ իր շուկաներով և ձեռնարկություններով կարևոր տեղ զբաղեցնելով տարածաշրջանում։

Շուշին Արցախում և Կովկասում հայ ինքնության, կրթության և մշակույթի խորհրդանիշն էր և ունեցել է համամարդկային նշանակություն՝ հանդիսանալով համաշխարհային մշակույթի և քաղաքակրթության կարևոր բաղադրիչ։

Ադրբեջանի կողմից Շուշիի հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացում և յուրացում

Արցախյան հակամարտության սրման և հատկապես 2020 թվականի պատերազմից հետո։ Ադրբեջանի իշխանությունները որդեգրել են Շուշիի հայկական պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացման և յուրացման քաղաքականություն, որը ներառում է հետևյալ ուղղությունները.

  • Ֆիզիկական ոչնչացում և վնասում. Շուշիի հայկական եկեղեցիները և հուշարձանները ենթարկվել են վնասման և ավերման։ Մասնավորապես՝ 2020 թվականի հոկտեմբերին հրթիռակոծվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ պատճառելով ծանր վնասներ դրա ճարտարապետական ամբողջականությանը։
  • Մշակութային յուրացում. հայկական ժառանգությունը ներկայացվում է որպես «աղվանական» կամ «ադրբեջանական քրիստոնեական» մշակույթ՝ նպատակ ունենալով ջնջել հայկական ինքնության հետքերը։ Այս գործընթացը հաճախ իրականացվում է եկեղեցիների վերանորոգման անվան տակ՝ հայկական դիմագիծը փոխարինելով «ադրբեջանական» տարրերով։
  • Պատմության ռևիզիա. Շուշիի հայկական պատմությունը խեղաթյուրվում է, հայկական տեղանունները ադրբեջանացվում են, և հայկական մշակույթի վերաբերյալ տեղեկատվությունը վերացվում է պաշտոնական աղբյուրներից։
  • Քաղաքային միջավայրի ձևափոխում. ավերվում են հայկական ոճի կառույցները՝ փոխարինվելով ադրբեջանական կամ իսլամական ճարտարապետական տարրերով՝ նպատակ ունենալով վերափոխել քաղաքի պատմական դիմագիծը։
  • Միջազգային հանրության մոլորեցում և քարոզչություն. Շուշին միջազգային հարթակներում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակույթի մայրաքաղաք», կազմակերպվում են միջոցառումներ և փառատոններ՝ շրջանցելով քաղաքի հայկական ինքնության մասին հիշատակումը։

Վերը նշված գործողությունները լիովին համապատասխանում են մշակութային ցեղասպանության սահմանումներին և միջազգային իրավունքի լուրջ խախտում են՝ հակասելով մասնավորապես 1954 թվականի «Մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիային և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի շարք որոշումներին։

Այսպիսով՝ Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղաքակրթական ժառանգության անբաժանելի մասը, որի դերը համամարդկային մշակույթի զարգացման մեջ չի կարելի թերագնահատել։ Ադրբեջանի կողմից իրականացվող համակարգված ոչնչացման և յուրացման գործողությունները վտանգում են ոչ միայն հայկական, այլև՝ ամբողջ մարդկության մշակութային ժառանգությունը։

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաքական զարգացումների գիտական խումբը և Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը կոչ են անում միջազգային հանրությանը.

  • Ակտիվ միջամտել Շուշիի հայկական մշակութային ժառանգության պահպանման, փաստագրման և վերականգնման ուղղությամբ,
  • Ադրբեջանից պահանջել դադարեցնել ինչպես՝ Շուշիում, այնպես էլ՝

ողջ Արցախի տարածքում մշակութային ցեղասպամնական քաղաքականությունը,

  • Սահմանել Ադրբեջանի նկատմամբ համապատասխան իրավական և քաղաքական պատասխանատվություն՝ միջազգային իրավունքին համահունչ։

Ադրբեջանը կրակ է բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ

Մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։ Տուժածներ չկան:

Ամենահարազատները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նստած Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողքին, լսում է «Ինչից է սկսվում հայրենիքը» («С чего начинается Родина») երգը, որը Կրեմլում կատարում է մանկական երաժշտական ​​խումբը։

Լուկաշենկոն նստած է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձախ կողմում։

Պուտինի կողքին՝ աջ կողմում, նստած է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը, իսկ ՉԺՀ առաջնորդի կողքին՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Հռոմի նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը

Վատիկանում ավարտվել են Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր հովվապետի ընտրությունները։ Քիչ առաջ Սիքստինյան մատուռի ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս եկել՝ վկայելով քվեարկության հաջող ավարտի մասին։

Վատիկանը հայտարարել է, որ 69-ամյա ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը ընտրվել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Նա հայտնի կլինի որպես Հռոմի պապ Լևոն XIV:

Կարդինալ Դոմինիկ Մամբերտին դուրս եկավ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբ և լատիներեն հայտարարեց. «Habemus Papam!», որը նշանակում է «մենք ունենք պապ»։ Այնուհետև նա ներկայացրեց նոր պապին և հայտարարեց նրա անունը որպես եկեղեցու ղեկավար։

Մի քանի րոպե անց պատշգամբում հայտնվեց նոր պապը։

Իր ելույթում Լևոն XIV-ը շնորհակալություն հայտնեց նախորդ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին և խոսեց մարդկանց միջև կամուրջներ կառուցելու անհրաժեշտության մասին։ «Մարդիկ Քրիստոսին կարիք ունեն որպես կամուրջ, որով կարող են մոտենալ Աստծուն և նրա սիրուն։ Օգնեք մեզ և թույլ տվեք, որ մենք օգնենք միմյանց կամուրջներ կառուցել», – ասաց պապը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անմիջապես արձագանքեց իր ընտրվելու լուրին։ «Շնորհավորում եմ կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստին, ով նոր է դարձել Հռոմի պապ։ Մեծ պատիվ է իմանալ, որ նա առաջին ամերիկացի պապն է։ Դա շատ ուրախալի է և մեծ դեր ունի մեր երկրի համար», – գրել է Սպիտակ տան ղեկավարը իր Truth Social սոցիալական ցանցում։

Ադրբեջանի կեղծ դատավարությունները՝ որպես քաղաքական գործիք Հայաստանի դեմ

Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարությունների ընթացքում վերջերս Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարների դեմ ներկայացվեցին պատերազմի ժամանակ նկարահանված կադրեր և արխիվային նյութեր, որոնք իբր ապացուցում են նրանց «մեղքերն» ու ծառայում են որպես փաստական հիմքեր։

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը վստահ է․ «Ադրբեջանը, 23 հոգու պահելով, քաղաքական խնդիրներ է լուծում՝ թե՛ քաղաքացիական անձանց, թե՛ զինվորականների, թե՛ Արցախի նախկին ղեկավարության միջոցով։ Այդ պատճառով այս հարցերը չի կարելի դիտարկել միայն մարդկանց ազատ արձակման տեսանկյունից, թեև դա, իհարկե, շատ կարևոր է», – նշել է Arman Թաթոյանը Step1.am-ի հետ զրույցում։

Թաթոյանի խոսքով՝ այս դատավարությունների հիմքում թիրախավորվում է Հայաստանը։

«Պայքարը պարտադիր է մղել նաև այդ տեսանկյունից, որովհետև նրանք արհեստական ցուցմունքներ են ներկայացնում։ Մարդիկ են տարել, որոնք պատմում են իբր հայերի կատարած դաժանությունների մասին։ Դաժանություններ, որոնք կազմակերպվել են իբր ոչ միայն Արցախից, այլև՝ Հայաստանից։ Ամբողջ աղբյուրը փորձում են տեղափոխել Հայաստան», – ընդգծում է իրավապաշտպանը։

Նախկին ՄԻՊ-ի կարծիքով՝ Ադրբեջանը ոչ միայն չի պատրաստվում խաղաղության, այլ իր հասարակությանը նախապատրաստում է հնարավոր նոր ագրեսիայի ու պատերազմի՝ ցույց տալով, թե իրենց հարցերը դեռ լուծված չեն Հայաստանի հետ, իսկ նպատակը՝ Հայաստանի ամբողջական ոչնչացումն է։

«ՀՀ քաղաքական իշխանությունը կոպիտ սխալներ է անում՝ հայտարարելով, թե պետք է չխոսենք այս մասին, լռենք, թե չէ գերիները հետ չեն գա։ Դա սխալ հաշվարկված մոտեցում է՝ իրականությանը չհամապատասխանող։ Պետք է հրապարակայնություն մտցնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և աշխարհին ցույց տալ, որ Ադրբեջանը ամբողջությամբ արգելափակել է իրավական գործընթացները՝ վերածելով ամեն ինչ քաղաքական հարցի», – շեշտում է Արման Թաթոյանը։

Թաթոյանի համոզմամբ՝ այս կեղծ դատավարությունների արդյունքը կլինի այն, որ Ադրբեջանը կստեղծի ֆորմալ փաստաթուղթ՝ Հայաստանի վրա շանտաժի համար, իսկ անհրաժեշտության դեպքում կօգտագործի այն որպես հիմք՝ խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու համար։

Մարիամ Սարգսյան