Իսրայելի կառավարությունը արգելել է համագործակցել Haaretz անկախ թերթի հետ

Իսրայելի կառավարությունը կիրակի հավանություն է տվել առաջարկին, որով կառավարության կողմից ֆինանսավորվող բոլոր կազմակերպություններին հանձնարարվում է դադարեցնել համագործակցությունը Haaretz-ի հետ և հանել իրենց գովազդը թերթից:

Կառավարությունը հայտարարել է, որ որոշումը պայմանավորված է «բազմաթիվ հոդվածներով, որոնք խաթարում են Իսրայելի պետության օրինականությունը և նրա ինքնապաշտպանության իրավունքը, և հատկապես Haaretz-ի հրատարակիչ Ամոս Շոկենի՝ Լոնդոնում արած հայտարարություններով, որոնք աջակցում են ահաբեկչությանը և պահանջում են պատժամիջոցներ սահմանել կառավարության դեմ»։

Առաջարկը, որը վերջին պահին է ընդգրկվել  կառավարության նիստի օրակարգում, արժանացել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հավանությանը։

Ի պատասխան՝ Haaretz-ը հայտարարություն հրապարակեց, որում ասվում է. «Haaretz-ը բոյկոտելու պատեհապաշտական ​​որոշումը, որն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում առանց որևէ իրավական ստուգման, ևս մեկ քայլ է իսրայելական ժողովրդավարությունը քանդելու Նաթանյահուի ճանապարհին։ Ինչպես իր ընկերներ Պուտինը, Էրդողանը և Օրբանը, Նաթանյահուն նույնպես փորձում է լռեցնել քննադատորեն տրամադրված  ​​անկախ թերթը»։

Վիլնյուսի օդանավակայանի մոտ Boeing-ը ընկել է շենքի վրա եւ կործանվել

Երկուշաբթի առավոտյան Վիլնյուսի օդանավակայանում վայրէջք կատարելիս DHL բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել, հայտնել են Լիտվայի իշխանությունները։

Ինչպես հայտնում է Delfi-ն, ինքնաթիռն ընկել է երկհարկանի բնակելի շենքի վրա։ Տեղում խոշոր հրդեհ է բռնկվել.

Հաղորդվում է, որ ինքնաթիռում չորս մարդ է եղել՝ երկու օդաչու և երկու DHL աշխատակից։

LRT հեռարձակողը, վկայակոչելով Ներքին գործերի նախարարության հրշեջ վարչությանը, հայտնում է, որ առնվազն մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։

«Երկուսին բժիշկները տեղափոխել են հիվանդանոց, մեկը մահացել է։ Նախնական տվյալներով՝ դա մարդիկ են, ովքեր եղել են ինքնաթիռում»,- ասել է վարչության ներկայացուցիչ Սաուլիուս Ռաշևսկիսը։

Նախնական տվյալներով՝ մահացածը օդաչուներից մեկն է։ Փրկարարները հայտնաբերելուց հետո նա գիտակցության մեջ է եղել, սակայն մի քանի րոպե անց մահացել է։

Դատելով Flightradar24 ծառայության տվյալներից՝ խոսքը Boeing 737 բեռնատար ինքնաթիռի մասին է, որը թռչում էր Լայպցիգից։

Ինքնաթիռը արտադրվել է 1993 թվականին և շահագործվում է իսպանական Swiftair ավիաընկերության կողմից։

Հաղորդվում է, որ Վիլնյուսի օդանավակայանի աշխատանքը չի խաթարվել։

Վիլսոնի արբիտրաժի օրը Երեւանից բաց նամակ են ուղղել Բայդենին եւ Թրամփին

Նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը որոշող իրավարար վճռի 104-ամյակին նվիրված համաժողով, (ստորագրված և կնքված 1920թ․ նոյեմբերի 22-ին):
Մասնակիցների անունից բաց նամակ է ուղղվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին։
Բաց նամակ նախագահ Ջո Բայդենին և ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Վուդրո Վիլսոնի Թուրքիայի և Հայաստանի սահմանը որոշող իրավարար վճռի 104-ամյակի առիթով
Մեծարգո նախագահ Բայդեն և ընտրված նախագահ Թրամփ,
Մենք՝ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 104-ամյակին նվիրված համաժողովի մասնակիցներս, ձեզ ենք գրում՝ արտահայտելու մեր խորը հարգանքը արդարության, միջազգային իրավունքի և մարդասիրության սկզբունքերի նկատմամբ, որոնք մարմնավորված են նախագահ Վիլսոնի գործողություններում։ Այս կարևոր առիթով մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգների ղեկավարությանը վերահաստատել իր նվիրվածությունը այս բախտորոշ որոշման ձևավորած արժեքներին և ընդգծել դրա կարևորությունը տարածաշրջանային կայունության և ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ապագայի համար։
1920թ. նոյեմբերի 22-ին նախագահ Վիլսոնը ստորագրեց և Միացյալ Նահանգների Մեծ կնիքով կնքեց Իրավարար վճիռը, որով որոշվում էր Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը՝ ըստ Փարիզի խաղաղության համաժողովի հայցի (1920թ. ապրիլի 26) և Սևրի պայմանագրի (1920թ. օգոստոսի 10): Այս որոշումը հիմնված էր ինքնորոշման, արդարության և տառապյալ բնակչության պաշտպանության սկզբունքների վրա։ Հայ ժողովրդի համար, որը նոր նոր էր ուշքի գալիս Հայոց ցեղասպանությունից, Վիլսոնի միջամտությունը ոչ միայն հույսի խորհրդանիշ էր, այլև համաշխարհային հարթակում ԱՄՆ-ի բարոյական առաջնորդության դրսևորում։
Վիլսոնի ժառանգությունը դիվանագիտությունից անդին է։ Նրա առաջնորդությամբ իրականացված Միջինարևելյան նպաստամատույցի (Near East Relief) օգնության ծրագրերը փրկեցին հարյուր հազարավոր հայ որբերի և ցեղասպանությունը վերապրածների կյանքը։ Այս քայլերը ցույց տվեցին Ամերիկայի կարեկցելու ունակությունը ու մարդասիրական օգնության համար միջազգային ջանքերը ջանքերը խթանելու նրա կարողությունը։ Այսօր այդ փրկված հայերի սերունդները վկայությունն են ճգնաժամերի ժամանակ ԱՄՆ առաջնորդության անսասան ազդեցության մասին։
Իրավարար վճիռը մնում է միջազգային իրավունքի անկյունաքարերից մեկը՝ ներկայացնելով առանց ուժի կիրառման հակամարտությունների լուծման իրավական ճանապարհը։ Հարավային Կովկասի առումով այն սկզբունքները, որոնք դրվել են այս վճռի հիմքում, այսօր նույնքան արդիական են, որքան մեկ դար առաջ։ Տարածաշրջանը շարունակում է բախվել չլուծված վեճերից և պատմական անարդարություններից բխող մարտահրավերներին։ Իրավարար վճռի կարևորության վերահաստատումը կարող է հիմք հանդիսանալ խաղաղության, հաշտեցման և կայուն զարգացման խթանման համար։
Մենք հավատում ենք, որ Միացյալ Նահանգները ունի բացառիկ հնարավորություն ՝ օգտագործելով իր պատմական կապերը Հայաստանի հետ և իր բարոյական ժառանգությունը իր օրինակով առաջնորդելու՝ հանուն տարածաշրջանում կայունությունն ու արդարության։ Վիլսոնի իրավարար վճիռի արդիականության ճանաչմամբ ձեր առաջնորդությունը կարող է վերահաստատել Ամերիկայի նվիրվածությունը իրավունքի վրա հիմնված աշխարհակարգին և պատմական անարդարությունները լուծելու իր հանձնառությունը։
Ավելին, երբ Հարավային Կովկասը անցնում է արագ փոփոխվող աշխարհաքաղաքական տեղանքով, ԱՄՆ-ի նորացված ներգրավվածությունը կարող է նպաստել տարածաշրջանի կայունությանը։ Հայաստանը՝ որպես ապագա ժողովրդավարություն, մեծապես գնահատում է իր գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ և ակնկալում է շարունակական աջակցություն՝ կառուցելու բարգավաճ և խաղաղ գալիք։ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների պատմական համատեքստի և Վիլսոնի կողմից սահմանված բարոյական նախադեպի ճանաչումը կարող է հիմք հանդիսանալ երկկողմ կապերի խորացման համար։
Այս նշանակալի տարեդարձը նշելով մենք կոչ ենք անում ձեզ՝ որպես Միացյալ Նահանգների առաջնորդներ, վերահաստատել Վիլսոնի իրավարար վճռի մարմնավորած արժեքները։ Հարգենք այն պետական գործչի ժառանգությունը, ով պայքարեց արդարության համար, փրկեց անհամար կյանքեր և դրեց միջազգային իրավունքի մնայուն սկզբունքների հիմքերը։ Այս քայլով մենք կարող ենք նպաստել արդարության հաղթանակին, պատմական վերքերի բուժմանը և ազգերի համագործակցությանը՝ հանուն ընդհանուր բարիքի։
Հարգանքով և հույսով,
ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին և տարածաշրջանային խաղաղությանը նվիրված Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 104-ամյակի համաժողովի մասնակիցներ,
23 նոյեմբերի 2024թ․,Երևան, Հայաստանի Հանրապետություն

Բաքուն և Անկարան պատրաստվում են ուժով տապալել Հայաստանի վերջին հիմնաքարը

COP29-ի ավարտից անմիջապես հետո Բաքվի պաշտպանության նախարարը հայտարարեց Հայաստանի հետ սահմանին զորքերի մարտունակության ուժեղացման մասին։ Նախկինում Փաշինյանը ասել էր, որ ՄԱԿ-ի համաժողովից հետո չի բացառել Բաքվի կողմից ռազմական գործողություն։ Իսկ նրա վերջին հարցազրույցը ցույց է տալիս, որ «կարգավորման» բոլոր խոչընդոտների վերացումը հարց չի լուծում։

Միջազգային հարաբերությունները կրկին հայտնվել են տուրբուլենտ վիճակում, երբ բոլոր «կարմիր գծերը» փլուզվում են. ԱՄՆ-ն իրավունք է տալիս Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերը, Ռուսաստանն ինքն է օգտագործում «Օրեշնիկ» միջին հեռահարության հրթիռներ, Իսրայելը ռմբակոծում է Բեյրութը, ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տալիս, քարոզչությունը շեփորում է հինգ րոպե պակաս միջուկային պատերազմի մասին:

Նման իրավիճակում ուժ կիրառելու գայթակղությունը մեծանում է։ Այս գայթակղությունը կարող է անդիմադրելի դառնալ Ալիևի համար, որը ոչ մի “կողմ” փաստարկներ չունի, միայն “խոչընդոտներ”։ Ու թեև Փաշինյանի կառավարությունը հերթով «վերացնում է» խոչընդոտները, ուժային լուծումը մնում է միակ հնարավորը։

Ալիևի համար ամենակարևոր արգելքը եղել և մնում է Արցախը և ազգային ինքնորոշման իրավունքը, ու թեև թվում է, թե այդ «պատնեշը» վերացվել է 2020-2023 թվականներին, սակայն այն չի “հաջողվել” փաստաթղթավորվել։

Անկարային և Բաքվին խանգարում է հայկական սփյուռքը, լոբբին, և թեև Հայաստանի կառավարությունը խզել է կապերը ավանդական սփյուռքի հետ, չի համագործակցում հայկական ազդեցիկ լոբբիի հետ և տորպեդահարում է նրա գործունեությունը, հայկական լոբբին կարողանում է պահպանել ազգային իրավունքների արդիականությունը։

Բաքվին ու Մոսկվային խոչընդոտում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, և թեև պաշտոնական Երևանը դադարել է խոսել ԵԱՀԿ ձևաչափով բանակցությունների մասին, սակայն Մինսկի խմբի մանդատը չեղյալ չի հայտարարվել։

«Խնդիր» է դարձել հայկական եկեղեցին՝ որպես հայկական ինքնության հենակետ, և թեև Փաշինյանը նույնիսկ բարձրաձայնում էր, որ Առաքելական եկեղեցին չպետք է «կալվածքներ ունենա Հայաստանից դուրս», ըստ երևույթին նկատի ունենալով Երուսաղեմը, Անթիլիասը և Պոլիսը, հայ եկեղեցին շարունակում է հզոր ուժ մնալ, եւ Թրամփը զանգահարում է Արամ Առաջինին։

Բաքվին, Անկարային և Մոսկվային խոչընդոտում են Ֆրանսիան, Իրանը և Հնդկաստանը, որոնք զինում և աջակցում են Հայաստանին։ Ու թեև Երևանը բացառեց նրանց մասնակցությունը բանակցություններին և որոշումների կայացմանը՝ հայտարարելով, որ կողմ է «երկկողմ» ձևաչափին, այդ երկրները Հայաստանի հետ կապերը չընդհատեցին։

Բաքվի համար պատնեշը պատմությունն է, որը հնարավոր չէ հետ շրջել։ Ու թեև Փաշինյանը սկսեց տարանջատել «իրական» Հայաստանը «պատմականից» և կոչ արեց Արարատը փոխարինել Արագածով, սակայն բավական է, որ Իրանը հայտարարի Հայաստանի հետ հազարամյա սահմանի մասին, և բոլոր փաստարկները սկսում են ընկնել։

Բաքուն վերջերս հայտարարեց ևս երկու խոչընդոտի մասին՝ եվրոպացի դիտորդների առկայության և միջազգային ատյաններում դատական ​​հայցերի մասին։ Փաշինյանը երեկ ասել է, որ այդ արգելքները կվերացվեն, բայց միայն այն դեպքում, եթե «Բաքուն համաձայնագիր ստորագրի»։

Այժմ հերթը հասել է վերացնելու վերջին, ամենագլխավոր խոչընդոտը՝ անկախ Հայաստանի Սահմանադրությունը, որը կառուցված է միացումի և ցեղասպանության հետևանքների վերացման գաղափարի վրա։ Բայց այս խոչընդոտը կարող է անհաղթելի լինել։

Բաքուն, Մոսկվան և Անկարան, նույնիսկ պաշտոնական Երևանի աջակցությամբ, ստիպված են հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ՝ առանց իրենց օգտին որևէ փաստարկ ունենալու։ Նրանք մեկը մյուսի հետևից ձգտում են վերացնել Հայաստանի օրինական փաստարկները և Փաշինյանի կառավարության օգնությամբ մտադիր են տապալել Հայաստանի վերջին հենքը։ Բայց իզուր չէ, որ Բաքվի պաշտպանության նախարարը պատրաստվում է ուժային լուծման՝ հայ ժողովրդի իրավունքները անձեռնմխելի են և չեն կարող վերացվել բանավոր որոշումներով եւ հարցազրույցներով։

COP29-ն ավարտվեց առանց վերջնական հայտարարության, որը կարող է չընդունվել

Գրետա Թունբերգը Երևանում բողոքի ցույց է կազմակերպել Բաքվի COP29-ի դեմ՝ այն անվանելով կեղծավորություն

Ադրբեջանի հյուրընկալած ՄԱԿ-ի կլիմայական ամենամյա համաժողովը պաշտոնապես ավարտվել է, Բաքվում ապամոնտաժում են հավաքի ենթակառուցվածքները, սակայն COP29-ի վերջնական գործարքը դեռ չկա։

Հավաքը նախագահով՝ Ադրբեջանի իշխանությունը երեկ ներկայացրել էր համաձայնագրի ևս մեկ նախագիծ, որը համաժողովի մասնակիցները կտրականապես մերժել են։ Բանակցությունները շարունակվել են ամբողջ գիշեր, ակնկալվում է, որ առաջիկա ժամերին կհրապարակվի համաձայնագրի վերջնական տարբերակը։

Ոչ մի բառ Արցախի մասին. վերջին լուրը՝ 2020-ի օգոստոսի 29-ին

Երեկ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ու ոչ մի նոր բան չի ասել։ Նա միայն հաստատել է, որ 2023-ին «ստացել է իրեն տանջող հարցերի բոլոր պատասխանները», եւ ոչ մի բառ չի ասել Արցախի մասին։ Նա օգտագործել է «միանձնյա» եւ «կացին» բառերը, ազդարարելով «թավշյա հեղափոխության» վերջը եւ իր կերպապափոխումը “թռաշված դիկտատորի”։

ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում դեռ կա «Լեռնային Ղարաբաղ» բաժին, եւ վերջին լուրը՝ 2020 թ․ օգոստոսի 29-ից է։ Դրանից հետո բաժինը չի նորացվել։ 2020-ի օգոստոսի 29-ին կայացել է Փաշինյանի վերջին այցը Ստեփանակերտ։

Նախավերջին լուրը 2020-ի մայիսից է՝ Արայիկ Հարությունյանի երդումնակալությունից եւ վերնագրված է «Թավշյա հեղափոխությունը անխուսափելի պիտի բերի Արցախի ինքնորոշման ճանաչմանը»։

Երեկ Փաշինյանը չի խոսել ներկայիս եւ այն ժամանակվա Փաշինյանի կապի մասին։ Նրան թվում է, որ եթե նա չխոսի Արցախի մասին, բոլորն այն կմոռանան եւ հարցեր չեն տա․ որտե՞ղ է Արցախը, որտե՞ղ է Արայիկ Հարությունյանը։ Թե՞ 2020-ի օգոստոսին նա արդեն գիտեր, ինչ է լինելու։ Եւ այսօրվա Փաշինյանը չի տարբերվում 2020-ի Փաշինյանից։

 

Բերձորում երկրաշարժ է գրանցվել

Նոյեմբերի 23-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:10-ին գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ 4․3 մագնիտուդով երկրաշարժ: էպիկենտրոնը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Խոսքը Բերձորի մասին է։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Արցախցիների մեծ հանրահավաք․ փողի՞, թե՞ իրավունքների համար

ՀՀ կառավարության վերջին որոշումներից հետո պարզ է դարձել, որ արցախցիներին ուղղված աջակցությունը շուտով կավարտվի, բնակապահովման ծրագիրը ի սկզբանե բլեֆ էր, ինչպես եւ զբաղվածության ծրագիրը, եւ կառավարությունը ոչ մի բան այլեւս չի խոստանում արցախցիներին, միջազգային դոնորներն էլ գումար չեն տրամադրում, քանի որ համարում են, որ Հայաստանը ամեն ինչ ապահովում է։

Հանրային ասպարեզում առաջարկ հնչեց՝ դուրս գալ փողոց, բոլորս միասին։ Առաջարկը հավանեցին հազարավոր մարդիկ, սակայն հարց առաջացավ՝ ի՞նչ են պահանջելու փողոց դուրս եկած արցախցիները։ Փո՞ղ, այսինքն ողորմությո՞ւն, թե՞ իրավունք՝ մասնակցել որոշումների ընդունմանը։ Նաեւ պահանջ՝ պատասխանատվության ենթարկել ՀՀ եւ Արցախի իշխանավորներին, որոնք պարտավոր էին կառավարել արցախցիների մասնավոր եւ կոլեկտիվ միջոցները եւ ում մեղքով մարդիկ կհայտնվեն փողոցում՝ բառ իբուն իմաստով։

Հարցերը միայն փողոց դուրս գալով հնարավոր չէ լուծել։ Խիստ անհրաժեշտ է ստեղծել միասնական Համակարգող կենտրոն, որը կստանձնի Արցախի իրավասուբյեկտության և արցախցիների իրավունքների պաշտպանության մոդերատորի դերը։ Առանց նոր կառույցների ստեղծման՝ հնարավոր է համադրել արդեն իսկ առկա զգալի ներուժը և այն ուղղել բոլորի համար ընդունելի ընդհանուր խնդրի՝ Արցախի իրավասուբյեկտության և արցախցիների իրավունքների պաշտպանությանը։

Համակարգող կենտրոնի հասարակական կարգավիճակը կպաշտպանի այն ներքաղաքական անախորժություններից ու ճնշումներից և թույլ կտա տարբեր քաղաքական նախասիրություններ ունեցող մարդկանց խոսել միասնական դիրքերից։ Իսկ կոլեգիալ Իրավական խորհուրդը թույլ կտա մշակել բոլորի համար ընդունելի մարտավարական քայլերի համալիր։

Արցախցիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ հիմա էլ արվում են քայլեր, գործողություններ, հայտարարություններ, որոնք, չենթարկվելով ընդհանուր ռազմավարության, արդյունավետ ազդեցություն չեն ունենում որոշումների կայացման վրա։

Տեղահանությունից հետո արցախյան հասարակությունը միտումնավոր մասնատվեց. Արցախի պետական մարմինների լիազորությունները չեն ճանաչվել Հայաստանի կառավարության կողմից, Արցախի մանդատ ունեցող պաշտոնյաները ակտիվ չեն ինքնակառավարման կազմակերպման գործում։

Արխիվները չեն պահպանվել կամ դիտավորյալ չեն օգտագործվում, ինչը հանգեցնում է մարդկանց «կենսագրության ջնջմանը» և բարդացնում նրանց սոցիալական իրավունքների իրականացումը` թոշակներ, նպաստներ ստանալը և այլն։ 2024 թվականի հունիսին մեկնարկած արցախցիների բնակարանաշինության ծրագիրը տապալվել է։ Կարիքների, կորցրած գույքի և կոլեկտիվ սեփականության համակարգային գույքագրում չի իրականացվել։

Չնայած այն հանգամանքին, որ մեկ շաբաթում Հայաստան է ժամանել ավելի քան 115 հազար արցախցի, և միլիոնավոր դոլարներ են հատկացվել աջակցության համար, վերջին մեկ տարվա ընթացքում չի ստեղծվել Միասնական սոցիալական մարմին, որը կհամակարգեր օգնության տրամադրումն ու մոնիտորինգը։

Առաջարկում ենք ստեղծել Միասնական հիմնադրամ, որտեղ կկոնսոլիդացվեն արցախցիների համար տրամադրված գումարները՝ թե ՀՀ Կառավարության կողմից, թե միջազգային դոնորների։ Այդ հիմնադրամի Հոգեբարձուների խորհրդում կարող են ընդգրկվել եւ ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, եւ Արցախի Համակարգող խորհրդի անդամներ, որոնք համատեղ կորոշեն, թե ինչպես օգտագործել գումարներն եւ ինչպես լուծել արցախցիների սոցիալական հարցերը։

Մինչ օրս մենք չգիտենք, ինչքան գումար է տրամադրվել արցախցիների կարիքները հոգալու համար եւ ինչքան է ծախսվել։ Մենք չգիտենք, գումար տրամադրվե՞լ է բնակապահովման ծրագրի համար, եւ եթե այո, որտե՞ղ են այդ չօգտագործված գումարները։

Հանրահավաքի ժամանակ համակարգային լուծումներ պետք է առաջարկվեն։ Քաղաքական լուծում, կարգավիճակ պահանջելը կամ ուղղակի ողորմություն ուզելը՝ երկու անընդունելի ծայրահեղություններ են։ Նախ արցախցիները պետք է իրենց սոցիալական խնդիրների համախմբված համակարգային լուծում առաջարկեն, հետո գտնեն իրավաքաղաքական լուծումներ։

Այսօրվանից Ռուսաստանը քաղաքացիությունից կզրկի երդման արարողակարգը չանցած անձանց

Ռուսաստանի ՆԳՆ-ն այսօրվանից սկսում է զրկել ՌԴ քաղաքացիության կարգավիճակց ՌԴ քաղաքացիություն ստացած անձանց, որոնք չեն անցել երդման արարողակարգը։ Համապատասխան նորմերն ամրագրված են ՌԴ նախագահի քաղաքացիության հարցերի վերաբերյալ հրամանագրում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Ինչպես պարզաբանել են ՆԳՆ մամուլի կենտրոնում, նոյեմբերի 22-ին լրացել է այդ կարգի քաղաքացիների երդում տալու ժամկետը։ «2024թ. նոյեմբերի 23-ից այդ անձինք կհամարվեն Ռուսաստանի քաղաքացիություն չստացած, իսկ նրանց քաղաքացիություն տալու որոշումները կհամարվեն անվավեր»,- ասել են գերատեսչությունում։ Միաժամանակ, հրամանագրի կետերը չեն վերաբերում նրանց, ովքեր ՌԴ քաղաքացիություն ստացել են մինչեւ 2017թ. սեպտեմբերի 1-ը, երբ ուժի մեջ է մտել երդում տալու պարտավորությունը, կամ ազատվել են դրանից քաղաքացիություն ստանալու պահին։

ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ զգուշացրել էր հայրենակիցներին, որոնք քաղաքացիություն են ստացել  2017թ. սեպտեմբերի 1-ից հետո, որ անհրաժեշտ է կարճ ժամկետում երդում տալ։ Այս կարգը տարածվում է նաեւ երեխաների վրա, եթե նրանց քաղաքացիություն տալու մասին որոշումը ընդունվել է մինչեւ նրանց 18 տարեկան դառնալը։

Պարտադիր երդում մտցնելու առաջարկը ՌԴ քաղաքացիություն ստանալիս պատկանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որն արվել է 2017թ. ամռանը։ Արարողակարգը ենթադրում է տեքստի ընթերցում եւ ստորագրություն ձեւաթղթի վրա։ 2023թ. ընդունվել է դաշնային օրենքը եւ ստորագրվել նախագահի հրամանագիրը, որոնք պահպանել են այդ նորմերը։ Վերջին նախագահական փաստաթղթում ասված է, որ անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացիություն ստացողները երդում տան մեկ տարվա ընթացքում։

«Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» տոնավաճառ

Երևանի պետական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի գործակցությամբ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագրի շրջանակում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվել է «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի առաջին տոնավաճառը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵՊՀ-ից հայտնում են, որ տոնավաճառը նպատակ ունի աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանվածների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը Հայաստանի Հանրապետությունում՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության խնդիրների լուծմանը:

Տոնավաճառի շրջանակում անցկացվել են հանդիպումներ 40-ից ավելի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, կրթական միջոցառումներ՝ ուղղված աշխատանք գտնելու հմտությունների զարգացմանը, կլոր սեղան-քննարկումներ՝ առկա խնդիրների և մարտահրավերների շուրջ:

Տոնավաճառում ներկայացված էին ավելի քան 20 թափուր աշխատատեղեր տարբեր ոլորտներում, ինչը մասնակիցներին հնարավորություն է տվել անմիջապես դիմելու գործատուին:

Աբխազիայի նախկին նախագահը մեկնում է Մոսկվա

Աբխազիայի նախկին նախագահ Ասլան Բժանիան, որ այս շաբաթ հրաժարական տվեց, ռուսական ՏԱՍՍ-ին ասել է, որ գտնվում է ինքնահռչակ հանրապետությունից դուրս։

«Ես հիմա Աբխազիայում չեմ, մի քանի օրով թռչում եմ Մոսկվա»,- ասել է նա։

Նոր ընտրությունների օրը դեռ որոշված չէ, սակայն Արցախի օրինակով կարելի է ենթադրել, որ “անկախ հանրապետություն” պռոյեկտը սպառել է իրեն, եւ եկել է ժամանակը “ինտեգրվել” Ռուսաստանին։

Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել 18 տարվա ազատազրկման

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սարգիս Գալստյանին լրտեսության մեղադրանքով դատապարտել է 18 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը՝ հղում անելով դատախազությանը։

Գալստյանը բարձր պաշտոններ է զբաղեցրել Արցախում, այդ թվում՝ Շուշիի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալի, կրթության նախարարի տեղակալի ու նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները։

Գործի նյութերի համաձայն՝ 2020 թվականին Գալստյանը հավաքագրվել է օտարերկրյա պետության հետախուզական ծառայությունների կողմից։ 2020-2023 թվականներին նա տեղեկատվություն է փոխանցել Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական իրավիճակի, հասարակական տրամադրությունների, ռազմական գործողությունների նկատմամբ բնակչության վերաբերմունքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից հնարավոր ռազմական օգնության տրամադրման մասին, նույնիսկ 2023 թվականի սեպտեմբերի ագրեսիայի ժամանակ։

Արցախի օկուպացիայից հետո Գալստյանը Ստեփանակերտում մնաց մոտ վեց ամիս։ 2023 թվականի մարտի վերջին նա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանավորությամբ մեկնել է Հայաստան, որտեղ շուտով կալանավորվել է։