Առաջանում է նոր խնդիր՝ կապված Արցախում սեփականության ոչնչացման հետ

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ոչնչացնել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի թաղմասերն ու շինությունները։ Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը տեղեկություն է տարածել․ ուրբաթ օրը տարածված տեսանկարահանումները փաստում են, որ ադրբեջանական վարչակազմը սկսել է քանդել Ստեփանակերտի համալսարանական հանրակացարանին հարող եւս մեկ բնակելի թաղամաս: Քանդվել են 4 բազմաբնակարան բնակելի շենք եւ ԼՂՀ Պաշտպանության նախարարության 3 վարչական շենք։ 2024 թվականի ամռանից ի վեր ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում հողին է հավասարեցրել առնվազն 15 բազմաբնակարան շենք։

Նշենք, որ վերջերս տարածված տեսանյութերից նաեւ պարզ էր դարձել, որ Ադրբեջանն ավերել է Ստեփանակերտի Թումանյան թաղամասը, որը քաղաքի հին թաղամասերից է։

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին, ասել էր․ «Այն, ինչ անում է Ադրբեջանը Ստեփանակերտում, մշակութային զտում է: Ավերելով Ստեփանակերտի հին թաղամասերը՝ նա փորձում է Ստեփանակերտից հայկական հետքը ջնջել: Մեր քաղաքի պատմական դիմագիծը վերացվում է միջազգային հանրության աչքի առաջ: Քաղաքակիրթ աշխարհն էլ լուռ հետևում է մի ամբողջ քաղաքակրթության վերացմանը։ Հերթական անգամ համամարդկային արժեքները և միջազգային մարդասիրական իրավունքը ստորադասվում են քաղաքական շահերին»։

Սերգեյ Շահվերդյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ են Ադրբեջանի իշխանությունները հատկապես ոչնչացնում Ստեփանակերտի հին թաղամասերը։ Ըստ Շահվերդյանի՝ սա Արցախում հայկական հետքի վերացման քաղաքականության շարունակությունն է։ «Պատմական թաղամասերի շինությունների զգալի մասը պատմամշակութային հուշարձանների ցանկում են ներառված, եւ այս կամ այն ձեւով ամբողջ թաղամասը կապված է մեր անցյալի, քաղաքի ստեղծման ու զարգացման հետ։ Այդ թաղամասերի ամբողջական քանդումը երկու նպատակ ունի՝ առաջին նպատակը մեզ վերադառնալու հնարավորությունից զրկելն է։ Երկրորդը՝ ադրբեջանական իշխանությունները փորձում են դրանով նվազեցնել քաղաքի բնակելի ֆոնդը։ Մենք բոլորս գիտենք, որ Ադրբեջանի իշխանություններին չի հաջողվում ադրբեջանցիներով բնակեցման գործընթացն իրականացնել իրենց ուզած չափով»,- ասաց Սերգեյ Շահվերդյանը։

Հարցին՝ եթե քանդվում են արցախցիների տները, սեփականության իրավունքը հարցը փակվո՞ւմ է, Սերգեյ Շահվերդյանը պատասխանեց․ «Ոչ, ընդհակառակը առաջանում է նոր խնդիր՝ կապված Ադրբեջանի իշխանությունների կողմից սեփականության ոչնչացման հետ։ Եվ արդեն կան դեպքեր, երբ միջազգային դատարաններ են դիմել մարդիկ՝ փոխհատուցում ստանալու ոչ թե հողի համար, այլ հենց շինության, սեփականության ոչնչացման համար։ Եվ ես վստահ եմ, որ եթե այդ գործընթացը թափ ստանա, եւ արցախցիների էական մասը դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հարցը մեզ համար կստանա դրական ընթացք»։

Շահվերդյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ որեւէ իրավապաշտպան կազմակերպություն մինչ այժմ չի ուզում իր վրա վերցնել խորհրդատվություն իրականացնելու գործառույթը։ «Իսկ առանց իրավական խորհրդատվության միջազգային դատարաններ դիմելու խնդիրը գրեթե անլուծելի է։ Մենք հիմա փորձում ենք հասկանալ՝ արդյոք որեւէ իրավապաշտպան կազմակերպություն կամ անհատ իրավապաշտպան կարո՞ղ է մի ձեւաթուղթ ստեղծել, որը լրացնելով քաղաքացիները կարող են դիմել միջազգային դատարաններ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ռոզա Հովհաննիսյան

Փաշինյանը հեղափոխական կոմիտեներ կձևավորի. ինչի՞ մասին էր զրույցը Թրամփի հետ

Լուսանկարում 2018 թ․, Երևան, հեղափոխություն

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցից հետո Նիկոլ Փաշինյանի սկսած հերթական «կադրային խառնաշփոթը» կարող է ավարտվել նոր՝ այլևս ոչ «թավշյա հեղափոխությամբ»։ Մասնավորապես, սեփականազրկման վերաբաժանման «հեղափոխական կոմիտեների» և պետական ​​նոր կառուցվացքի ձևավորմամբ։

Թրամփը աշխատելու է ոչ թե դեմոկրատ, այլ բռնապետ Փաշինյանի հետ։ Փաշինյանի դեմոկրատից բռնապետի վերածվելու գործընթացը սկսվել է նրանից, որ բռնապետի խոսքը պետք է վեր լինի օրենքից և ինստիտուցիոնալ կառույցներից։

«Կոռուպցիայի դեմ պայքարի» թեմայով հայտնի հանդիպմանը, որի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ «իր համբերության բաժակը լցվել է», նա ասաց, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո ոմանք սպասում էին, որ իր գլխավորությամբ կամ ցուցմունքով կստեղծվեն հեղափոխական խմբեր, որոնք կվերադարձնեն պետությունից գողացված գումարները եւ կձերբակալեն անօրինական ունեցվածք ունեցողներին։ «Բայց մենք այս ճանապարհով չգնացինք, մենք ասացինք, որ պետք է գնանք ինստիտուցիոնալ ճանապարհով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիմա, քանի որ «ինստիտուցիոնալ ճանապարհն» իրեն չի արդարացրել, կարելի է հեղափոխական կոմիտեներ ստեղծել և սկսել սեփականության յուրացումն ու վերաբաշխումը։

Բայց հիմնական խնդիրն այն է, որ նախկին հաղթանակները, դիվանագիտական ​​հաջողությունները և ինքնիշխանությունը մնան անցյալում, ինչպես պատերազմն ու պարտությունը։ Պետք է պարտությունն օրինականացնել որպես հաղթանակ և վերջնականապես «դուրս գրել» կորուստները, այդ թվում՝ տարածքային։

Պատահական չէ, որ Գնել Սանոսյանը հայտնվել է հրաժարական տված “ուժայինների” ցուցակում։ Կարծես թե նա ուժային չէ, բայց տարածքների հետ առնչություն ունի, և քարտեզների և տարածքային ամբողջականության իրավական այլ հիմքերի պատասխանատուն հենց նրա նախարարությունն է։

Հրաժարականի դիմումում Գնել Սանոսյանը որպես հիմնական մարտահրավեր հիշատակել է նոր ճանապարհների կառուցումը, Ղարաբաղից բռնագաղթը և Լոռու ջրհեղեղը։ Նա «մոռացել է» Տավուշի գյուղերի, Ջերմուկի և Հայաստանի «սահմանները» դեռևս հստակեցված չլինելու մասին։ Բայց հենց դա են անելու նրանք, ում աշխատանքի կընդունի Փաշինյանը։

Չպետք է մոռանալ, որ ամեն ինչ սկսվեց արդարադատության նախարարի հրաժարականից հետո, երբ նա հայտարարեց, որ Սահմանադրությունը փոխվելու է 2027 թվականից ոչ շուտ։ Իսկ արդարադատության նոր նախարարն արդեն հայտարարել է, որ աշխատելու է հիմնավորել «իրական Հայաստանը»։

Անվտանգության և իրավական կառույցների նոր «հեղափոխական» ղեկավարներին տրվելու է կոնկրետ խնդիր՝ լուծարել Երրորդ Հանրապետությունը, որոշել «իրական» Հայաստանի սահմանները՝ համաձայն ռուս-թուրքական պայմանագրերի և քարտեզների, նոյեմբերի 9-ի հայտարարությունը ներկայացնել որպես ձեռքբերում եւ գլխացավանքից ազատում, չեղյալ համարել Անկախության հռչակագիրը, բացել տարածաշրջանային ճանապարհները, բայց առանց Իրանի և ԵՄ-ի կարծիքները հաշվի առնելու։

Ընդհանուր առմամբ, խնդիրները փոխվել են, և դրա համար պետք են ոչ թե նախարարություններ, այլ հեղափոխական կոմիտեներ։

Ռուսական հրթիռային հարձակում Սումիում բարձրահարկ շենքի վրա. 11 մարդ է զոհվել

Նոյեմբերի 17-ի երեկոյան Սումիի վրա ռուսական հարվածի ժամանակ հրթիռը խոցել է ինը հարկանի բնակելի շենքը, ինչի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 68-ը վիրավորվել են, հաղորդում է Suspilne հրատարակությունը երկուշաբթի՝ նոյեմբերի 18-ի առավոտյան՝ վկայակոչելով քաղաքապետ Արտեմ Կոբզարին։. Մահացածների թվում կա երկու երեխա՝ 9-ամյա տղա և 14-ամյա աղջիկ, իսկ վիրավորների թվում կա 10 երեխա։

Ավելի վաղ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հաստատել էր ավելի քան 400 մարդու տարհանումը վնասված տան փլատակների տակից։ Հարևան վեց բարձրահարկ շենքերում կոտրվել են ապակիներ, ոչնչացվել է չորս ավտոմեքենա։

«Հրթիռային հարձակում Սումիում ինը հարկանի շենքի վրա. բոլոր անհրաժեշտ ծառայություններն արդեն տեղում են, և իրականացվում է փրկարարական աշխատանքներ։ Ցավակցում եմ ընտանիքներին և մերձավորներին»,- Telegram-ի իր ալիքում մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Կեսգիշերից անմիջապես հետո ռուսական բանակը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Սումիին։ Հարձակման հետեւանքով քաղաքը հոսանքազրկվել է, հաղորդում է Սումիի շրջանային ռազմական վարչությունը։

Ստեփանակերտում մահացած հայուհու դին Հայաստան վերադարձնելու համար հարազատները պատրաստ են դիմել դատարան

70-ամյա Վերա Աղասյանը մեկն էր այն 14 ղարաբաղցի հայերից, որոնք Արցախում մնացին 2023 թվականի աշնանը տարածաշրջանից զանգվածային արտաքսումից մեկ տարի անց։ Կինը մահացել է հոկտեմբերի 20-ին Ստեփանակերտում։ Հարազատները դեռ չեն կարողացել ստանալ նրա մարմինը։

Նրանց խոսքով, իրենք ցանկանում են պատշաճ թաղում կազմակերպել՝ հայկական հավատքի ու ավանդույթների համաձայն։

Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը նշել է, որ դատարան դիմելն առայժմ միակ հույսն է մահացած կնոջ հարազատների համար։

Խոսելով Ստեփանակերտում գտնվող մնացած 13 հայերի մասին՝ օմբուդսմենը նշեց, որ նրանց մասին տեղեկանում է հարազատներից՝ գրեթե ամեն շաբաթ նրանք հնարավորություն են ունենում մի քանի րոպե հեռախոսով խոսել։

Կարմիր Խաչի առաքելությունը պատրաստ է աջակցել 70-ամյա Վերա Աղասյանի մարմինը Հայաստան արտահանձնելու և հարազատներին հանձնելու գործընթացին, բայց միայն այն բանից հետո, երբ երկու կողմերը՝ հայկական և ադրբեջանական, համաձայնության գան։

Ալվարդ Գրիգորյան

Թուրքիան փակել է օդային տարածքն Իսրայելի նախագահական ինքնաթիռի համար, որը Բաքու էր ուղեվորվում

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի՝ Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին (COP-29) մասնակցելու համար Ադրբեջան այցի չեղարկելու պատճառը Թուրքիայի կողմից օդային տարածքի փակումն էր նրա ինքնաթիռի համար, գրում է թուրքական Milliyet թերթը՝ հղում անելով իսրայելական և թուրքական դիվանագիտական աղբյուրներին։

Ակնկալվում էր, որ Իսրայելի առաջնորդը կօգտագործի «Սիոնի թև» պաշտոնական օդանավը։ Միևնույն ժամանակ, ֆորումին մասնակցող իսրայելցի նախարարները Բաքու են հասել առևտրային ավիաչվերթներով՝ Վրաստանի միջոցով, նշել է պարբերականը։

«Հայորդի» հիմնադրամը մանուկների համար միջոցառում է կազմակերպել

«Հայորդի» հիմնադրամը նոյեմբերի 17-ին կազմակերպել է Հայաստանում առաջին ամենամեծ հավաքը, որը միավորել է զոհված անձանց այն երեխաներին, ովքեր ծնվել են հոր զոհվելուց հետո։

44-օրյա պատերազմի, 2022թ սեպտեմբերյան ագրեսիայի, տավուշյան մարտերի և արցախյան վերջին պատերազմի, պայթյունի հետևանքով զոհված անձանց երեխաները, որոնք դեռ հորը չտեսած կորցրին, հավաքվել են մեկ վայրում։

Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել հյուրասիրություն, անակնկալ նվերներ, ցուցադրվել է Հայաստանում առաջին կորստի մասին հեքիաթը՝ «Էլի նապաստակը»:

Մասնագետները զրուցեցին, թե ինչպես աջակցել երեխային դժվար պահերին։

Ներկա էին նաեւ ԶԻՆԱՊԱՀ հիմնադրամը և այլ գործընկերներ։ Միջոցառմանը զուգահեռ տարբեր մանկական խաղային ծրագրեր են կազմակերպվել։

Ծրագիրը կազմակերպվում է «Հայորդի» և «Դեկավա» բարեգործական հիմնադրամների համատեղ ջանքերով։

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

 

Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային

Հայաատանի ազգային հավաքականը 2:1 հաշվով Լատվիայի նկատմամբ հաղթանակ տարավ մրցակցի հարկի տակ։

«Ստացվեց այն, ինչ կանխատեսել էինք, այսինքն՝ ծանր խաղ։ Երկու թիմերի համար էլ սկզբունքային էր այս խաղը։ Երկրորդ խաղակեսում փոխվեց խաղը։ Տղաները կարողացան այն հանձնարարությունը, որ կար, կատարել։ Ամենաառաջին բանը, որ պահանջել էի տղաներից, համբերությունն էր», – ասաց հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնականատար Սուրեն Չախալյանը։

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի 6 տուրերից հետո առաջատարը Հյուսիսային Մակեդոնիան է, Հայաստանի ընտրանին 2-րդն է։

Բայդենը թույլ է տալիս Ուկրաինային հարվածել Ռուսաստանին հեռահար զենքով. ԶԼՄ-ներ

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեղարկել է սահմանափակումները, որոնք արգելում էին Ուկրաինային օգտագործել ամերիկյան զենքը ռուսական տարածքի խորքը հարվածելու համար։

The New York Times-ը, AP-ն և Reuters-ը վկայակոչում են հարցին քաջատեղյակ աղբյուրների:

Սպիտակ տունը չի մեկնաբանել այս լուրերը։

Եթե դա հաստատվի, կնշանակի ԱՄՆ քաղաքականության լուրջ փոփոխություն՝ Կիևի կողմից նման գործողություններ թույլ տալու երկարամյա խնդրանքների ֆոնին:

Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Կիևը նախատեսում է առաջիկա մի քանի օրվա ընթացքում իրականացնել նման հեռահար հարձակումներից առաջինը, սակայն մանրամասներ չի հայտնել։

Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, կօգտագործի ATACMS հրթիռները, որոնք ունեն մինչև 300 կիլոմետր հեռահարություն, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրների։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել է, որ Արևմուտքը «պատերազմի» մեջ կմտնի Ռուսաստանի հետ, եթե թույլ տա Ուկրաինային հարվածել արևմտյան արտադրության հեռահար հրթիռներով, իսկ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը շեշտել է, թե այդ դեպքում Ռուսաստանը կարող է ոչնչացնել Ուկրաինայի մայրաքաղաքը սովորական սպառազինությամբ։

ԶԼՄ-ներ․ Փաշինյանը պաշտոնանկ է անում ուժայիններին

Հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն ու ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը։ Տեղեկությունը հայտնում է Radar Armenia-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլը գրել էր, որ ազատման դիմումներ են գրել նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Ըստ շրջանառվող տեղեկությունների`  Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ևս աշխատանքից ազատման դիմում է գրել:

Խոսվում էր նույնիսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասին, սակայն այդ լուրը հերքվեց։

ԶԼՄ-երը գրում են, որ ՔՊ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը վայր կդնեն մանդատները։

Նոյեմբերի 21, կարիերայի առաջին տոնավաճառ, որը կազմակերպում է ՀԲԸՄ-ը

Ս․թ․ նոյեմբերի 21-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կանցկացվի «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի առաջին տոնավաճառը, որը կազմակերպվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ» ծրագրի շրջանակում, Երևանի պետական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի գործակցությամբ։
Միջոցառման հիմնական նպատակն է աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը ՀՀ-ում՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության խնդիրների լուծմանը։
Տոնավաճառի շրջանակում կկազմակերպվեն հանդիպումներ գործատուների և աշխատանք փնտրողների միջև, կանցկացվեն աշխատանք գտնելու հմտությունների զարգացման կրթական միջոցառումներ և կլոր սեղան-քննարկումներ առկա խնդիրների և մարտահրավերների շուրջ։
Սիրով հրավիրում ենք մասնակցելու միջոցառմանը:
Նոյեմբերի 21-ին` ժամը 11։00-17։00-ն
«Արմենիա Մարիոթ» հյուրանոց
Հարցերի դեպքում զանգահարել (+374 60) 710 171, (+374 60) 710 180 հեռախոսահամարներով։
«Լեռնային Ղարաբաղի փախստականների մարդասիրական օգնություն և ներգրավում» ծրագիրը («Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ») իրականացնում է ՀԲԸՄ-ն (HEKS/EPER կազմակերպության ֆինանսավորմամբ, «Շեն» ԲՀԿ-ի և «Սյունիք-Զարգացում» համայնքային ՀԿ-ի հետ համատեղ)։

Sեպտեմբերի 19-ին Արսենը ծառայության մեջ էր, Հարավի ուղղությունում՝ թշնամու հարվածների տակ

Արսենն Արցախի Ասկերան քաղաքում է ծնվել, մեծացել ու դպրոց գնացել։ Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել էր ԱՀ ՊԲ շարքերը՝ կատարելու հայ երիտասարդին վերապահված սուրբ առաքելությունը։ 2023-ի սեպտեմբերի 19-ին նա մարտական ծառայության մեջ էր։

Հարավի ուղղությունում էր՝ թշնամու առաջին հարվածների տակ։ Օրեր շարունակ ոչ մի լուր չկար Արսենից շրջափակման մեջ էր։ Մայրը չէր գտնում իր տեղը, և երբ Ստեփանակերտի օդանավակայանում մինուճար որդուն անսպասելի տեսավ, աչքերին չէր հավատում։ Ի՞նչ իմանար, որ արհավիրքը դեռ  առջևում է։ Սկսվել էր Արցախի հայաթափումը, մարդիկ վառելիքի փնտրտուքի մեջ էին։

Սեպտեմբերի 23-ը կամ 24-ն էր, երբ վերջին անգամ տեսա Արսենին։ Ստեփանակերտի Հեքիմյան փողոցում էի,և հանկարծ նկատեցի Արսենին։ Ընկերոջ՝ Դավիթի հետ էր։ Իրենք ինձ չէին նկատել։ Կանչեցի։ Լսել էի, որ Արսենը վտանգի մեջ է եղել, բայց չգիտեի, որ ողջ ու առողջ վերադարձել է դիրքերից։ Տղաները մտազբաղ ու տխուր էին։ Ակամա հարցրի՝ ինչո՞ւ են այդքան տխուր, երկուսն էլ ինձ նայեցին արտասվաթոր հայացքով ու պատասխանեցին՝ տխուր չենք, հոգնած ենք։ Ու գնացին։ Երկար նայում էի նրանց հետևից ու փառք տալիս Աստծուն, որ ողջ են, և ինքս ինձ նախատելով շարունակեցի ճանապարհս ինչպե՞ս կարող են տխուր չլինել, ինչերի՜ միջով են անցել, քանիքանի՜ տղաներ են զոհվել նրանց աչքերի առաջ։

Եկավ չարաբաստիկ սեպտեմբերի 25-ը՝ Արցախի պատմության ամենացավոտ օրերից մեկը։ Արսենն այնտեղ էր անբաժան ընկեր Դավիթի հետ։ Արսենը ծանր այրվածքներով տեղափոխվեց Երևան, սակայն բժիշկներն ի զորու չէին փրկել նրա կյանքը։ Սեպտեմբերի 27-ին դադարեց բաբախել բազում երազանքներով պարուրված նրա սիրտը։

Արսենի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանը կարոտով է հիշում սիրելի աշակերտին, ցավում նրա կորուստը

-Իր համար մի սիրուն հեքիաթ էր հյուսել Արսենը․ կավարտի դպրոցը, կընդունվի համալսարան, հետո կծառայի բանակում, գեղեցիկ ընտանիք կկազմի (սիրած աղջիկ ուներ արդեն) ու իր որդիներին կպատմի իր ու սերնդակիցների պայքարի մասին։ Պատերազմի ժամանակ, մի կերպ դուրս գալով օղակումից, այլ փորձանքի մեջ հայտնվեց։ Պատրաստվում էր ընտանիքը դուրս հանել դավաճանված Արցախից։ Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած առեղծվածային ու ամենակուլ պայթյունին զոհ գնաց Արսենը։

Ընկերները կարոտում են

-Նրա հետ կարելի էր մինչև աշխարհի ծայրը գնալ ու միշտ ապահով զգալ։ Սիրում էր կյանքը, շատ երազանքներ ու նպատակներ ուներ։ Ծառայությունն ավարտելուց հետո մտադիր էր մեծ կյանք մտնել, ծնողներին նեցուկ լինել։

Արսենի ծնողները՝ Վիգենն ու Նարինեն, քույրը՝ Անին, հաստատվել են Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Այդտեղ է իր վերջին հանգրվանը գտել Արսենը։  

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ