30 ժամ ջուր չի լինելու Երեւանի Արաբկիր, Աջափնյակ եւ Մալաթիա-Սեբաստիա շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզական-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 17-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնցի,  Շիրվանզադեի,  Ն.Տիգրանյան,  Շահսուվարյան,  Մամիկոնյանց,  Բուդաղյան,  Տոլբուխինի,  Գրիբոյեդովի, Մալխասյանց փողոցների՝ իրենց նրբանցքներով, Ղափանցյան, Արաբկիրի 39, 41, 43, 49, 51, 53 փողոցների, Կոմիտասի 1-ին, Վրացական 4-րդ, Ն.Զարյան՝ 21-140 համարների՝ իրենց կոտորակներով, Ազատության պող. 7/1, 7/2, 9/1, 9/2, 9/3, 9/4, 21, 23, 24, 25, 26, 27 համարների՝ իրենց կոտորակներով, Հովսեփ Էմինի 135-150 համարների՝ իրենց կոտորակներով, Վրացական 12-21 համարների՝ իրենց կոտորակներով, Կոմիտասի  պող. 35-67 կենտ և 52-66 զույգ համարների՝ իրենց կոտորակներով, Թբիլիսյան խճուղի,  Կորեայի ձոր,  Շրջանցիկ Թունել և Քանաքեռ ՀԷԿ թաղամասերօ, «Արաբկիր» Բժշկական կենտրոնի,

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր. Զոհրապի, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Ալիխանյան Եղբայրների, Սպորտի, Թերլեմեզյան, Ա. Սարգսյան, Ռոստոմյան, Միրաքյան, Լուկաշին փողոցների, Շահումյանի 17-րդ փողոցի և նրբանցքի, Բաշինջաղյան փողոցի անհատական տնատիրությունների, Ֆուչիկի 1/3, Միկոյան 2, 2/2 համարների, Եղվարդի խճուղու իրավաբանական բաժանորդների, Հալաբյան փողոցի՝ Հրշեջ կայանի, «Մոնթե Մելքոնյան» ռազմական վարժարանի;

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Արարատյան 1, 2 զանգվածների՝ իրենց նրբանցքներով, Կուրղինյան և Մեծարենցի փողոցների՝ իրենց նրբանցքներով, Իսակովի պողոտայի, Անդրանիկի թաղ. Ա-1, Ա-2, Ա-3, Բ-1, Բ-2, Բ-3, Բ-4 բնակելի զանգվածների, Սեբաստիայի 10, 12, 14, 16, 18, 18ա, 20, 22, 23, 23ա, 24, 24/1, 24/2, 25, 25/1, 26/1, 27, 28, 30, 30ա, 30բ, 78, 80, 82, 86, 141, 141/1, 141/2, 141/3, 141/5 համարների, Տիչինայի փող. 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքների, 1-ին փակուղու և  34 շենքի, Ծերենցի փող. 1-ին, 2-րդ նրբանցքների և 3, 5, 7, 7ա շենքերի, Շրջանային փող. 2/3, 2/4, 2/5, 2/6, Մանուկյան փող. 2, 4, 6, 8, 10 շենքերի, Ռ. Մելիքյան փողոցի և 2ա, 2/2, 2/3 շենքերի, Ջիվանու փողոցի և 11/1 շենքի, Միքայելյան փող. 1, 3 շենքերի, Հովնաթանի, Վեգների, Քեսաբցիների, 14-րդ փողոցի և 1-ին նրբանցքի, 16-րդ, 17-րդ փողոցների, Քուչակի, Միրաքյան, Օտյան, Մ.Գոշի, Ջամբուլի, Սեբաստիայի, Բատիկյան, Ոսկանյան, Դ.Վարուժանի, Շրջանային, Մալաթիայի, Շերամի, Անդրանիկի, Բաբաջանյան, Օհանովի, Սվաճյան, Րաֆֆու փողոցների, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի՝ իր նրբանցքներով, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 11-րդ փողոցների, Նոյ և Մուշ թաղամասերի;

Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի;

Արմավիրի մարզի՝ Թաիրով, Փարաքար գյուղերի և հանրային բաժանորդների;

Արարատի մարզի՝ Արգավանդ, Գեղանիստ, Խաչփառ, Ազատաշեն գյուղերի և հանրային բաժանորդների;

Կոտայքի մարզի՝ Եղվարդ և Նոր Հաճն քաղաքների, Զովունի, Քանաքեռավան, Պտղնի, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Բանավան, Գետամեջ գյուղերի, Առինջ գյուղի վերին հատվածի, Արգել գյուղի ամառանոցների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Փաշինյանը ուզում է Բաքո՞ւ գնալ եւ հեծանիվ քշել Արմենիքենդում

Որքան տեղյակ եմ, հոկտեմբերի 7-8-ը Մոսկվայում տեղի ունեցած ոչ ֆորմալ շփումների ժամանակ վարչապետ Փաշինյանը նախագահ Ալիեւին առաջարկել է երկկողմ հանդիպում ունենալ: Ավելի ճիշտ, առաջարկվել է, որ ԱԳ նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա առաջնորդները նախքան Բաքվում COP-29-ի կայացումը ստորագրեն պայմանագիրը: Ես, անկեղծ ասած, Ադրբեջանի արձագանքից տեղյակ չեմ, բայց հույս ունեմ այս տրամաբանությունը հնարավոր կլինի իրագործել:

Այս մասին տեղեկացրել է Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ «Արմենպրես»-ին։

Ինչի՞ համար է Փաշինյանը ուզում մինչ COP-29-ի կայացումը ստորագրի պայմանագիրը։ Ի դեպ այսօր Ալեն Սիմոնյանն ասել է, որ 16 կետ արդեն համաձայնեցված են, եւ փաստորեն մնացել է 1 կետ։ Թե որ կետը չի համաձայնեցված, հրապարակավ չի ասվել։ Սակայն քանի որ Ալիեւն ասել է, թե պայմանագիրը կստորագրի, եթե համաձայնեցվեն բոլոր կետերը, կարելի է ենթադրել, որ Երեւանը համաձայն է նաեւ վերջին կետով զիջումների գնալ։  Փաշինյանն ուզում է գնալ Բաքո՞ւ СОР29-ին եւ հեծանիվ քշել Պրիմորսկի բուլվարում եւ Արմենիքնդում։  

Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» ձևաչափով երրորդ հանդիպմանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնում է Թուրքիա, որտեղ կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը: Այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Լավրովը կմասնակցի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք «3+3» հարթակի հանդիպմանը

Ռուսական կողմը հաստատում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ծրագրված մասնակցությունը հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք Հարավային Կովկասի «3+3» հարթակի հանդիպմանը։ Այս մասին ТАСС-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հաստատում ենք Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի ծրագրված մասնակցությունը»,- նշել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած Լենդրուշ Խաչատրյանը մինչև այսօր գամված է անկողնուն

Չորս տարի շարունակ Խաչատրյանների ընտանիքը պայքար է տանում Լենդրուշի վերականգնման համար։

2020-ի 44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած Լենդրուշ Խաչատրյանը մինչև այսօր գամված է անկողնուն։ 4 տարի շարունակ նա բժիշկների վերահսկողության տակ է՝ Զինվորի տանը։ Ոչ մի դրական տեղաշարժ չկա նրա մոտ։ Բժիշկները նրա «Վեգետատիվ ստատուս» ախտորոշմամբ վիճակը գնահատում են ծանր։ Ի ուրախություն հիվանդների ու նրանց հարազատների՝ վերականգնողական կենտրոնի անձնակազմը տանում է ամենահոգատար ու սրտացավ վերաբերմունքը ինչպես Լենդրուշի, այնպես էլ օգնության կարիք զգացող հարյուրավոր վիրավոր զինծառայողների։

Մարտունու շրջանի Աշան գյուղից տեղահանված Լենդրուշ Խաչատրյանի ընտանիքը հաստատվել է Երևան քաղաքում, որ ավելի մոտ լինի մինուճար զավակին։ Մայրը, կինը և երեք անչափահաս երեխաները, քույրերը երազում են Լենդրուշին առաջվա պես տեսնել։

Կինը՝ Ռուզաննան, դժվարությամբ է հարմարվում առանց հարազատ ծննդավայրի ու Արցախի։ Ասում է․

-Շատ դժվար է հարմարվել նոր միջավայրին, որտեղ ամեն ինչ անծանոթ է քեզ, գործում են կյանքի ուրիշ կանոններ ու ամեն ինչ տարբեր է քո ծննդավայրից ու հայրենիքից։ Միանգամից սկսվում են համեմատություններ, դժգոհություններ, ու բախվում ես դաժան իրականության հետ։ Մեր պարագայում՝ բազմապատկվել են դժվարությունները, քանի որ ունենք երեք անչափահաս երեխա ու․․․ Լենդրուշը։ Առանց նրա հեշտ չէ երեխաների դաստիարակությամբ զբաղվել։ Փաստաթղթերի հետ կապված՝ ևս ունենք խնդիրներ, որոնք դեռ ստանում են իրենց լուծումները։ Չեմ կարողանում գտնել իմ տեղն այստեղ ու դեռ հարմարվելու և դժվարությունները հաղթահարելու ճանապարհին եմ։

Սկզբնական շրջանում ինչպես մենք, այնպես էլ երեխաները սպասում էինք հայրիկի ապաքինմանը։ Ինչքան ապաքինման ժամանակը երկարում էր, ավելանում էին երեխաների հարցերը հոր վերադարձի մասին։ Հարցնում էին՝ պապան հաշմանդամության սայլակով կվերադառնա՞, թե՞ նորմալ վիճակով։ Ժամանակի ընթացքում իրենք էլ հասկացան, որ հնարավոր է պապան այլևս չապաքինվի։ Հիմա տղաներս կարծես հարմարվել են հոր բացակայության հետ և փորձում են ամեն ինչ ստանալ ինձնից։

Ավելի դժվար է, երբ աղջիկս՝ 4-ամյա Նանեն է հարցնում հոր մասին։ Նա երկու ամսական էր, երբ հայրը վիրավորվեց պատերազմում ու այլևս տուն չվերադարձավ։

Քույրը՝ Լենան, որ շատ է կապված եղբոր հետ, այսօր ծանր է տանում, որ եղբայրը շարունակում է գամված մնալ անկողնուն։

-Լենդրուշը սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որն ավարտելուց հետո ծառայության է անցել Արցախի 7-րդ պաշտպանական շրջանում։ Այդ ժամանակ ծառայության անցնելու վայրը որոշվում էր վիճակահանությամբ։ Երբ քաշել է 7-րդ շրջան գրած թուղթը, նույնիսկ չի իմացել, թե որտեղ է դա։ Այդ շրջանը նրան բոլորովին անծանոթ Եղնիկներն էր, որին հետագայում սիրահարվեց անմնացորդ։ Այդ ընթացքում մեկ տարի ծառայեց Ստեփանակերտի ՑՈՐ զորամասում և կրկին վերադարձավ Եղնիկներ, արդեն որպես 1-ին գումարտակի հրամանատար։ Եղբայրս ծառայության ընթացքում տարբեր պատվոգրեր է ստացել, իսկ 2019-ին Արցախում իր հրամանատարած գումարտակը լավագույնն է ճանաչվել։ Զինվորները պատմում են, թե ինչպես էր միշտ պաշտպանում իրենց և զինվորական տարբեր դասընթացների ուղարկում՝ ավելի հմտանալու և կատարելագործվելու համար։ Մինչև այսօր նրա զինվորները, մարտական ընկերները այցելում են հիվանդանոց, խոսում հրամանատարի հետ՝ հավատալով, որ նա լսում է իրենց, ուրախանում․․․

2020-ի պատերազմից ու Լենդրուշի վիրավորվելուց հետո մեր ընտանիքի համար ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։ Սկսվեցին անվերջանալի դժվարություններ ու փորձություններ, որոնք մինչև այսօր շարունակվում են,-ասում է նրա քույրը և ավելացնում։

Չորս տարի շարունակ Խաչատրյանների ընտանիքը պայքար է տանում Լենդրուշի վերականգնման համար։ Բուժումը շարունակելու համար 2021-ի հուլիսի 10-ին պետության և նվիրատվությունների աջակցությամբ Լենդրուշը տեղափոխվեց Ռուսաստանի Դաշնություն: Հույս կար, որ այնտեղ կբարելավվի նրա վիճակը։ Մեկ տարի նա մնաց Մերձմոսկովյան վերականգնողական կենտրոններից մեկում։ Այդ ընթացքում 2 անգամ վիրահատություն տարավ Մոսկվայի նյարդաբանական հիվանդանոցներից մեկում։ Լենդրուշի առողջական վիճակը մի փոքր բարելավվել է, սակայն նրա հիմնական խնդիրը մնացել է անփոփոխ։ Մեկ տարի հետո վերադառանալով Հայաստան՝ նա կրկին հաստատվել է վերականգնողական կենտրոնում։ 2022-ին մայրը՝ տիկին Լենուրան, Արցախից տեղափոխվել է Երևան՝ որդուն խնամելու համար:

Լենդրուշ Խաչատրյանի հարազատներն ու ընկերները երազում են կրկին նրան տեսնել ինչպես միշտ՝ թիկնեղ, սիրունատես։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ադրբեջանը կեղծում է օկուպացված Դադիվանքի և Գանձասարի շուրջ պատմությունը

Ադրբեջանը կեղծում է օկուպացված Դադիվանքի և Գանձասարի շուրջ պատմությունը: Այս մասին ահազանգում  է Monument Watch-ը:

Պատմության կեղծարար Րիզվան Հուսեյնովը վերջերս այցելել է օկուպացված Արցախ և տեսանյութերի շարք նկարահանել Գանձասարի, Դադիվանքի և Ամարասի վանական համալիրներում: Հուսեյնովի կողմից հնչեցվել է ադրբեջանական քարոզչական հիմնական թեզը, ըստ որի՝ հայերը իբր աղճատել են այդ վանքերի պատմական տեսքը, հայացրել դրանք, վերափոխել: Այս թեզն, իհարկե, նոր չէ և հնչեցվում է վերջին չորս տարիներին և անընդհատ կրկնվում է ադրբեջանական գրեթե բոլոր լրատվամիջոցերում: 2024 թվականի սեպտեմբերին Հուսեյնովը որպես թիրախ էր ընտրել Արցախի առավել հայտնի երեք վանքերը՝ ցուցադրելով «հայերի պատճառած վնասները»: Փաստորեն, մենք տեսնում ենք քարոզչական բնույթ ունեցող թեզի տեղայնացումը, տեղադրումը բուն հուշարձանի վրա, որտեղ ամեն մի դետալ դիտարկվում է հենց այս թեզի շրջանակում:

Պատահական չէ Արցախի երեք առավել հայտնի ու հռչակավոր վանքերի ընտրությունը: Ադրբեջանական կողմի թիրախում այս վանքերը և հատկապես Գանձասարը և Ամարասը հայտնվեցին 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո, երբ Արցախն ամբողջությամբ օկուպացվեց և վերոհիշյալ Րիզվան Հուսեյնովը հատուկ անդրադարձ կատարեց այս հուշարձաններին (տես՝ Գանձասարի բռնայուրացումն սկսված է):

Այս տեսանյութերից կարող ենք փաստել, որ Գանձասարի և Ամարասի վանական համալիրների տարածքը փակ է այցելությունների համար, մուտքերը կնքված են ու կողպած: Ակնառու է, որ ադրբեջանական կողմը հատուկ տեղ է տալիս այս վանքերին իրենց քարոզչության մեջ, բայց թույլ չի տալիս իր քաղաքացիներին այցելել դրանք:

Այժմ անդրադառանք Հուսեյնովի կողմից Գանձասարի և Դադիվանքի տարածքում հնչեցված առանձին մտքերին: Գանձասարի վանքում Հույսենովը նշում է, որ եկեղեցու պատերին արտաքուստ գտնվող արձանագրություններն իբր ավելացվել են հայերի կողմից և այդ կեղծարարությունը կատարվել է վերջին հարյուր տարում: Նշենք, որ Սբ. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու և գավթի արտաքին ճակատներին կան նվիրատվական բնույթի տասնյակ արձանագրություններ, որոնք հսկայական ինֆորմացիա են պարունակում միջնադարյան Արցախի քաղաքական, հոգևոր, տնտեսական իրողությունների մասին և դրանց կեղծ անվանելն ուղղակի ոտնձգություն է երկրամասի իրական պատմությանը: Խոսելով եկեղեցու արտաքին պատերի մասին՝ նշվում է, որ պատի շարվածքում եղած կարմիրին հարող երեսպատման քարերը նոր են և բերվել են Հայաստանից և մասնավորապես Էջմիածնից և վկայում են եկեղեցու հայկականացման փորձերի մասին: Ըստ Հուսեյնովի՝ միակ անվնաս արձանագրությունը եկեղեցու ներսում գտնվող շինարարական արձանագրությունն է, որի վերծանության ֆանտաստիկ տարբերակը տալիս է Հուսեյնովը: Ըստ այդմ տեսնում ենք, որ վանքը կառուցել է Խաչենի թյուրք կառավարիչ Հասան-Ջալալը, որն «ընդունել էր հայկական միաբնակություն»: Խոսվում է Հասան-Ջալալի կանանց մասին և որ իբր արձանագրության մեջ հիշատակվում է աղվանից ժողովուրդը, աղվանից եկեղեցու առաջնորդը և ոմն Կոչու բեյ: Քարոզչական բնույթ կրող այս կեղծիքները աչքի են ընկնում իրենց մեծագույն հիմարությամբ: Գանձասարի վանքը Արցախի առավել հետազոտված հուշարձաններից է, կան վանքի բազմաթիվ լուսանկարներ, այդ թվում և 19-րդ դարում արված, որտեղ երևում են եկեղեցու անվնաս պատերը, արձանագրությունները: Լավ կլիներ, որ Հուսեյնովը այս ամենին ծանոթանար: Գանձասարի վանքի արձանագրությունները հրատարակվել են բազմիցս, այդ թվում և խորհրդային տարիներին, երբ տարածքում առանց խորհրդային Ադրբեջանի պաշտոնական թույլտվության հետազոտական աշխատանքներ չէին կարող իրականացվել: Վանքի մասին առկա է մեծածավալ օտարալեզու գրականություն, վանքին բազմիցս անդրադարձել են օտար հեղինակները: Եկեղեցու կառուցման արձանագրությունը ևս անեղծ իր տեղում է, բազմիցս հրատարակված և փոփոխելով այն ներկայացնելը ուղղակի հիմարություն է: Այլ կերպ նման մտքի արգասիքները անվանել անհնար է: Լավ կլիներ նաև , որ Հուսեյնովը կողմնորոշվեր, թե ի վերջո ով է Հասան-Ջալալը և նշեր, թե կառուցման արձանագրությունը ինչ լեզվով է գրված: Տարակուսելի է, որ մի դեպքում հայերեն ընդարձակ արձանագրությունը համարվում է պատմական, իսկ նրա կողքին գտնվողները՝ կեղծ: Հուսեյնովին նաև խորհուրդ կտայինք առավել լավ ծանոթանալ Հայ Առաքելական եկեղեցու դավանաբանությանը: Տեղադրում ենք Գանձասարի մասին մեր թիմի հոդվածները, որտեղ կարելի է գտնել վանքի մասին բազմաթիվ հոդվածների և գրքերի հղումներ: Լավ կլիներ, որ սա հենց Հուսեյնովը կարդար (Գանձասարի վանքը. ընդհանուր տեղեկություններ, Գանձասարի սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթն ու քանդակային հորինվածքները,  Գանձասարի գավիթը և աշխարհիկ շինությունները,  Գանձասարի խաչքարերն ու տապանաքարերը):

Հաջորդ հուշարձանը, որտեղ իր մտքերով փայլատակում է Հուսեյնովը՝ Դադիվանքն է: Մասնավորապես՝ կեղծարարարի թիրախում է հայտնվել է Դադիվանքի Կաթողիկե եկեղեցին, որ կառուցել է տվել 1214 թվականին Հաթերքի Վախթանգ իշխանի կին Արզուխաթունը: Հուսեյնովը կեղծ է համարում եկեղեցու հարավային ճակատին փորագրված ընդարձակ շինարարական արձանագրությունը, կտիտորական բարձրաքանդակները և բազմագույն շարվածքը, որն ըստ կեղծարարի՝ արվել է վերջին տասնամյակում Էջմիածնից բերված քարերով: Նկատելի է, որ եթե Արցախի բազմաթիվ հուշարձանների ‹‹հայկականացման, կեղծման›› թեզերի տակ խոսվում է ընդհանրական ‹‹հայկական կողմի, հայերի›› մեղավորության մասին, ապա Գանձասարի, Դադիվանքի ու Ամարասի պարագայում ադրբեջանական կողմը մեղադրում է ուղիղ պաշտոնական Էջմիածնին և ըստ դրա՝ Հայ Առաքելական եկեղեցուն, ինչը այլ հուշարձանների պարագայում գրեթե չի նկատվում:

Ակնառու է, որ Հուսեյնովը չի տիրապետում երկրամասի ճարտարապետական դպրոցին, քանի որ կոպտատաշ քարերով ու առանց երեսպատման կառուցված գավիթը կարծում է, որ միտումնավոր չի վերականգնվել, ուստի դրա համար այդպիսի տեսք ունի: Հուսեյնովը չի հասկանում գավթի և եկեղեցու տարբերությունը, քանի որ գավիթը ներկայացնում է որպես եկեղեցի: Չգիտես ինչու որպես վանքի առավել հին կառույցներ են ներկայացվում վանքի աշխարհիկ՝ տնտեսական, օժանդակ կառույցները, որոնց ինչ լինելուց տեղյակ չէ կեղծարարը:

Սակայն Րիզվան Հուսեյնովի մտքի գոհարներից է այն, որ վանքի կառուցումը կապվում է Հասան-Ջալալ իշխանի հետ, մյուս մտքի գոհարը վերաբերում է Կաթողիկե եկեղեցու որմնանկարներին, որոնք հայտարարվում են վաղմիջնադարյան, չնայած նրան, որ եկեղեցին, որտեղ գտնվում են որմնանկարները Հուսեյնովը թվագրում է 13-րդ դարով:

Դադիվանքում Հուսեյնովն ալբանական եկեղեցին ներկայացնում է որպես երկաբնակ:

Դադիվանքի պահպանության մասին խոսելիս Հուսեյնովին լավ կլիներ հիշեցնել, որ խորհրդային տարիներին վանքը անմխիթար և կիսաքանդ վիճակում էր հենց խորհրդային Ադրբեջանի վարած քաղաքականության հետևանքով: Դա են վկայում վանքի՝ խորհրդային տարիներին արված լոսանկարներ: Հիշեցնենք նաև Հուսեյնովին, որ վանքի արձանագրությունները հետազոտվել են խորհրդային տարիներին, ինչը չէր կարող իրականացվել առանց խորհրդային Ադրբեջանի իշխանությունների թույլտվության, այն էլ՝ Քարվաճառի շրջանում, որը հայաթափված էր և վերաբնակեցված էր քրդերով և ադրբեջանցիներով, ովքեր կենտրոնական և մարզային իշխանությունների թողտվությամբ քանդել են շրջաի հուշարձանների զգալի մասը և կործանման եզրին հասցնել Դադիվանքը:

Տեղադրում ենք Դադիվանքի մասին մեր թիմի հոդվածները, որտեղ վանական համալիրին մանրամասն անդրադարձ է արվում: Այս թեմայով տես՝ Դադիվանքի համալիրը. ընդհանուր տեղեկություններ,  Դադիվանք. Սուրբ Դադիի և նրա գերեզմանի մասին,  Դադիվանքի Կաթողիկե եկեղեցին և հարակից կառույցները , Դադիվանքի փոքր գմբեթավոր եկեղեցին, զանգակատունը, խաչքարերը և մատուռները, Դադիվանքի աշխարհիկ հուշարձանախումբը։

Մեր արձագանքը

Հայկական պատմական եկեղեցիների՝ Դադիվանքի և Գանձասարի աղվանացումը, հայկականության ժխտումը՝ ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված իսկության սկզբունքի ոտնահարում է, պատմության և ինքնության ոչնչացման գործընթացի մաս: Մշակութային ժառանգության իսկության պահպանության կարևորության մասին նշված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթում։

Հարկ է հիշեցնել, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների պղծման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։Սույն թվականի սեպտեմբերի 2-ին ընդունված՝ Ցեղասպանության գիտնականների ընդունած բանաձևի համաձայն Ադրբեջանը պետք է  կատարի Արդարադատության միջազգային դատարանի հրամաններն ու վճիռները՝ ներառայալ հայկական մշակութային արժեքները ոչնչացումից ու պղծումից զերծ պահելու,  ինչպես նաև միջազգային իրավունքի այլ պարտավորությունները։

«Զինված բախում ների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի՝ արգելվում է  մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները:

Իսկ ԵԽԽՎ 2583-րդ բանաձևով հայկական մշակութային արժեքների հայկականության փաստի ժխտումն ու դրանց՝ աղվաններին պատկանելը ճանաչվել է որպես «ադրբեջանական հորինվածք» ((Parliamentary Assembly of the Council of Europe, Humanitarian consequences of the conflict between Armenia and Azerbaijan / Nagorno-Karabakh conflict, Resolution 2391 (2021), հոդված 18.4): Եկեղեցիների գործառույթի փոփոխությունը ոտնահարում է կրոնական համոզմունքներն ու ծիսակատարություններն իրենց իրական բնույթով պահպանելու և իրականացնելու հայ հանրույթի մշակութային ֆունդամենտալ իրավունքը, որը սահմանված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածով։

Ակտիվ ցիկլոն է ներթափանցում Հայաստան

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։

Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 17-18-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:

Ալիևը թայմ աութ է վերցրել, «խաղաղության պայմանագիր» և «խաչմերուկ» չի լինելու. ի՞նչ է պատասխանելու Երևանը

Ալիևն անիրատեսական է անվանել Հայաստանի կառավարության առաջարկը՝ «ստորագրել այն ամենը, ինչ արդեն համաձայնեցված է, և չհամաձայնեցված կետերը թողնել հաջորդ փուլերին», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևը հիշեցրել է Մադրիդյան գործընթացի սկզբունքները, որոնցից մեկը, ըստ նրա, ասում էր, որ առանց բոլոր հարցերի շուրջ համաձայնության հնարավոր չէ ձեռք բերել պայմանավորվածություն։

Նրա խոսքով, «կարևոր է լինել համբերատար, իրատես և հավատարիմ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար»:

«Հայկական կողմը հաճախ է առաջարկություններ անում, որոնք իբր խաղաղության ցանկության մասին են վկայում, թեև նախապես գիտի, որ դրանք չեն կարող ընդունվել։ Չնայած դրան, գործընթացը շարունակվում է»,- նշեց նա։

Փաստորեն, Ալիևը «խաղաղության պայմանագրի» և «խաղաղության խաչմերուկի» վերաբերյալ Փաշինյանի առաջարկներն անիրատեսական է համարում։ Նա որոշել է «թայմ աութ» վերցնել և «ռազմավարական համբերություն» ցուցաբերել՝ ենթադրաբար տեսնելու՝ Երևանը հաջորդ քայլ ունի՞, թե՞ Հայաստանն ինքնուրույն կքանդվի՝ առանց Բաքվի ջանքերի։

Հայկական կողմը հայտնվել է «օֆսայդ» ռեժիմում. Նիկոլ Փաշինյանը ամեն տեղից գովազդում է «խաղաղության խաչմերուկը», որին դեռ ոչ ոք չի միացրել։ Նա նաև ցանկանում է, որ որքան հնարավոր է շուտ ինչ-որ թղթի կտոր ստորագրվի «ռազմական էսկալացիայից խուսափելու համար», թեև ընդունում է, որ համաձայնագիրը չի զսպի էսկալացիան։

Հայկական կողմի նման ջղաձգումները թույլ են տալիս փոքր-ինչ ժամանակ շահել, միևնույն ժամանակ տանում են շախմատային իրավիճակի, որը հնարավոր է լուծել միայն խաղատախտակը շուռ տալով։

Մոսկվան և Բաքուն երկար ժամանակ քննարկում էին այս տարբերակը՝ դեռ չորոշելով, թե ով է անելու «կեղտոտ գործը»։ Մոսկվան խոստովանեց, որ Ղարաբաղում «սեւ գործի» իր մասն արդեն արել է, մինչդեռ Ալիևը հասկանում է, որ անպատժելիության գագաթնակետն անցել է, և նոր ագրեսիան կմոտեցնի Արևմուտքի պատժամիջոցները։

Այս ֆոնին Իսրայելը հայտարարում է Ադրբեջանի հետ կապերի ամրապնդման մասին, Իրանը զգուշացնում է Ադրբեջանի փոխվարչապետին տարածաշրջանում սահմանների փոփոխման անընդունելիության մասին, ավելի ու ավելի շատ համաշխարհային առաջնորդներ են հայտարարում Բաքվի COP29-ին մասնակցելուց հրաժարվելու մասին (մասնավորապես՝ Բրիտանիայի թագավորը Չարլզն արդեն արել է դա), իրավապաշտպան կազմակերպությունները մեկը մյուսի հետևից հայտարարում են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին։ Բացի այդ, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Նարիշկինի Բաքու կատարած այցից հետո Ալիեւը հարձակվել է ամերիկյան պետդեպարտամենտի վրա, ինչը կտրուկ բացասական արձագանք է առաջացրել։

Այս պայմաններում միջխորհրդարանական համաժողովի շրջանակներում Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց իր թուրք գործընկերոջ հետ, իսկ նրա հանդիպումը Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հետ չեղարկվեց։ Սա դիտվեց որպես Բաքվի և Անկարայի միջև տարաձայնության նշան:

Ահա այս պայմաններում Ալիեւը որոշեց դադար վերցնել։ Երևանը դեռ չի ներկայացրել իր պլանն այն դեպքի համար, եթե «խաղաղության պայմանագիրը» չկնքվի, և «խաչմերուկը» մնա փակուղի։ Երբ չկա ռազմավարություն, յուրաքանչյուր հաջորդ պլան խժռում է նախորդը:

Իրանն առանց «կարմիր գծերի». թագաժառանգ Ռեզա Փահլավին դիմել է իրանցիներին

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, ասելով, որ Իրանն ամեն ինչ անում է խոշոր պատերազմից խուսափելու համար, նշել է, որ Իրանն այլևս կարմիր գծեր չունի իր ժողովրդին և երկիրը պաշտպանելու համար։

Իրանի և Իսրայելի միջև առճակատման հարցը դարձել է հեռացող աշխարհակարգի բաց նյարդը՝ աշխարհը կանգնեցնելով միջուկային պատերազմի շեմին։ Բայց թեև կողմերի դիրքորոշումները տրամագծորեն հակադիր և անհաշտ են թվում, փոխզիջումը հնարավոր է։ Այս մասին խոսում են արևմտյան և արևելյան փորձագետները, որոնցից շատերը կարծում են, որ լուծումը կարող է լինել Իրանի արմատական ​​իսլամիստական ​​ռեժիմի փոփոխությունը և Իսրայելի կողմից Պաղեստինի ճանաչումը։

2024 թվականի հոկտեմբերի 7-ին Իրանի թագաժառանգ Ռեզա Փահլավին ուղերձ է հղել «Մերձավոր Արևելքում իրանցի ժողովրդի բարեկամներին»։

«Մերձավոր Արևելքը քաղաքակրթության օրրանն է, նրա պատմությունը հարուստ է թագավորների, մարգարեների և մեծ փիլիսոփաների հիշողությամբ։ Կյուրոսից, Մովսեսից մինչև Իբն Խալդուն, մեր երկրները եղել են աշխարհի մեծագույն տեսլականներից մի քանիսի տունը: Բայց արդեն 45 տարի մենք ստիպված ենք ապրել վախի մեջ՝ վախ հաջորդ ահաբեկչությունից, վախ պատերազմից, վախ տնտեսական անկայունությունից, վախ միջուկային շանտաժից։ Որովհետև 45 տարի առաջ իմ երկիրը պատանդ է վերցվել արմատական ​​ռեժիմի կողմից, որը ոչ միայն փորձում է իմ ժողովրդին պահել շղթայում, այլ նաև ցանկանում է իր հեղափոխությունը արտահանել ձեր երկրներ:

Թեհրանի իշխող ռեժիմը պատասխանատու է հարյուր հազարավոր անմեղ մարդկանց՝ իրանցիների, արաբների և իսրայելցիների մահվան համար, քրիստոնյա, մահմեդական և թե հրեա։ Այս ռեժիմը նպաստեց անցյալ տարվա հոկտեմբերի 7-ի հարձակմանը և բորբոքեց հակամարտությունները Սիրիայում, Իրաքում, Լիբանանում և Եմենում: Նա փորձում է ոչնչացնել Հաշիմյան Թագավորությունը (Հորդանան) և ապալեգիտիմացնել «Երկու սուրբ մզկիթների պահապաններին» (Սաուդյան Արաբիայի թագավորների տիտղոսը): Այս ռեժիմը պաղեստինցիներին օգտագործում է որպես կենդանի վահան։ Եվ հիմա այս ռեժիմը մեր քաղաքակրթությունների բնօրրանը հասցրել է տարածաշրջանային պատերազմի շեմին։

Այսօր ես ձեզ ուղերձ ունեմ. սա Իրանի ժողովրդի պատերազմը չէ, սա Ալի Խամենեիի և նրա ռեժիմի պատերազմն է։ Իմ հայրենակիցները բազմիցս ցույց են տվել, որ չեն ցանկանում, որ իրանական հարստությունն օգտագործվի պատերազմի սրման, անկայունությունը մեծացնելու կամ ահաբեկչությունը ֆինանսավորելու համար: Իրանցիները ձեր թշնամիները չեն. Իսլամական Հանրապետությունն է մեր ընդհանուր թշնամին։

Այսպիսով, ես ասում եմ ձեզ, մեր ընկերներն ամբողջ Մերձավոր Արևելքում. մեր տարածաշրջանն արժանի է ավելի լավ վիճակի, քան հիմա է: Բայց որպեսզի մեզ հաջողվի, առաջին հերթին պետք է հեռանա այս ռեժիմը, որը մեզ պատանդ վերցրեց։

Մերձավոր Արևելքը լավ ծանոթ է քաոսի և անկայունության հետ: Իհարկե, ես գիտեմ, որ գուցե մտավախություն ունեք, որ ռեժիմի հեռանալը քաոս կբերի։ Բայց մի վախեցեք. ռեժիմի հեռանալուց հետո իշխանության վակուում թույլ չենք տա։

Երկրի ներսում և դրսում հայրենասեր իրանցիների լայն կոալիցիան պատրաստ է ծառայել մեր երկրին և խաղաղություն հաստատել տարածաշրջանի երկրների հետ։ Եվ ես իմ հայրենակիցներին հայտարարում եմ, որ կատարելու եմ իմ պարտքը։

Ես, նրանց կոչով, մի քայլ առաջ կանեմ՝ վերահսկելու անցումը դեպի ժողովրդավարություն և Իրանի վերադարձը համաշխարհային հանրություն»։

Սա առաջին անգամը չէ, որ իրանցի արքայազնը նման ուղերձներ է անում, սակայն սուր առճակատման ներկա իրավիճակում այս ուղերձը հուշում է, որ Իրանում ռեժիմի փոփոխությունը և Իսրայելի դերի նվազեցումը գլոբալ քաղաքականության մեջ կարելի է համարել շեղում «կա՛մ Իրան, կա՛մ Իսրայել» իրավիճակից։ Իրանի «բացումն» ու Իսրայելի «դեսակրալիզացիան» կարող են դառնալ նոր աշխարհակարգի հիմքը։

Տարոն Աճեմօղլուն արժանացավ տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի

Ծնունդով Ստամբուլից, ազգությամբ հայ Տարոն Աճեմօղլուն արժանացավ տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի։ Նա այս մրցանակը կիսում է տնտեսագետ Ջեյմս Ռոբինսոնի և հետազոտող Սայմոն Ջոնսոնի հետ։

Աճեմօղլուն ու Ռոբինսոնը «Ինչու են ձախողվում պետությունները» (Why nations fail) համաշխարհային ճանաչում ունեցող գրքի հեղինակներն են։

Ըստ Կոմիտեի՝ Աճեմօղլուն, Ռոբինսոնն ու Ջոնսոնը Նոբելյան մրցանակին արժանացել են «ինստիտուտների ձևավորման և բարեկեցության վրա դրանց ազդեցության վերաբերյալ ուսումնասիրությունների համար»։

Արարողության ընթացքում Նոբելյան կոմիտեն հեռախոսով կապ հաստատեց տնտեսագետի հետ, Աճեմօղլուն չթաքցրեց՝ նորությունն իրական շոկ է իր համար։

2021 թվականին հայազգի ամերիկացի գիտնական Արտեմ Պատապուտյանը ամերիկացի գիտնական Դեյվիդ Ջուլիուսի հետ արժանացել է բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի։

Կարսի պայմանագրի 103-րդ տարելից․ Նախիջեւանի հարցը կարող է վերաբացվել

Ազգային ժողովրդավարական բևեռի հայտարարությունը Կարսի պայմանագրի (13 հոկտեմբերի, 1921թ․) 103-րդ չարաղետ տարելիցի կապակցությամբ

2024 թ․ հոկտեմբերի 13-ին հայ ժողովուրդը տխրանշելու է Կարսի պայմանագրի ստորագրման 103-րդ չարաղետ տարելիցը։ Ստորագրված լինելով ավելի քան հարյուր տարի առաջ՝ այս անօրինական փաստաթուղթը շարունակում է իր կործանարար ազդեցությունն ունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքական ճակատագրի վրա։

Կարսի պայմանագիրը միանշանակորեն կարելի է դիտարկել որպես Ռուսաստան-Թուրքիա գործակցությամբ կայսերապաշտական քաղաքականության ակնառու օրինակ, որի միջոցով այս երկու ուժերը լուծեցին իրենց շահերը Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ ոտնահարելով Հայաստանի Հանրապետության և հայ ժողովուրդի իրավունքներն ու օրինահաստատ պահանջները:

Ստորագրված չլինելով պետությունների միջև՝ այն կարելի է դիտարկել ընդամենը որպես երկկողմ գործարք, որը հստակորեն արտացոլում է ռուս-թուրքական կայսերապաշտության առ այսօր շարունակվող նպատակներն ու ռազմավարությունը տարածաշրջանում։

1. Համագործակցության նպատակներ՝ ազդեցության գոտիների բաժանում․

Ռուսաստանն ու Թուրքիան տևական դարեր շարունակ մրցակցել են և շարունակում են մրցակցել Կովկասում՝ ազդեցության գոտիներ ձևավորելու համար։ Կարսի, իսկ մինչ այդ Մոսկվայի, գործարք-պայմանագրերով նրանք վերահաստատեցին երկու պետությունների ազդեցությունը Հարավային Կովկասում՝ ապահովելով նրանց համար որոշակի կարգավիճակ և վերահսկողություն տարածաշրջանի նկատմամբ:

2. Հայաստանի և հայ ժողովուրդի շահերի ոտնահարումը․

Կարսի պայմանագիրը դրսևորեց կայսերապաշտական երկու պետությունների՝ Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի ձգտումը լուծել իրենց շահերը չհիմնվելով տեղի ժողովուրդների ցանկությունների վրա: Հայաստանը, լինելով փոքր և խոցելի պետություն, դարձավ այս գործարքի զոհը՝ կորցնելով իր տարածքների զգալի մասը:

Թուրքիան ստացավ Կարսի մարզը, Արդահանը և Սուրմալուն, որտեղ գտնվում էր նաև հայ ժողովրդի համար սրբազան Արարատ լեռը։ Նախիջևանը դրվեց Ադրբեջանի ենթակայության տակ։ Կարսի 1921թ․ այս գործարքը եղել և մնում է անօրինական, քանի որ ստորագրողներից ոչ մեկը ստորագրման պահին չի ներկայացրել ինքնիշխան պետություն, այսինքն չի հանդիսացել ճանաչված պետության օրինական կառավարության լիազոր ներկայացուցիչ։

Կարսի գործարք-պայմանագիրը ստորագրման իսկ պահից ոտնահարել է միջազգային իրավունքի մի շարք հիմնարար դրույթներ՝ jus cogens-ներ։ Ուստի, ըստ Պայմանագրերի մասին օրենքի Վիեննայի 1969թ միջազգայնագրի 53-րդ հոդվածի՝ Կարսի պայմանագիրը միջազգային իրավունքի տեսանկյունից եղել և մնում է որպես անօրինական գործարք, որպես ապօրինի փաստաթուղթ։

3. Տարածաշրջանային քաղաքականության փոփոխությունները և Նախիջևանի հարցը․

Պայմանավորված տարածաշրջանում ուժերի ռազմավարական վերադասավորումներից և նոր աշխարհաքաղաքական պայմաններից՝ Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան հնարավոր միջանցքի շրջանակում, Հայաստանի Հանրապետության կամքից անկախ, հնարավոր է Նախիջևանի հարցի վերաբացում։

Տրանսպորտային և տնտեսական նախագծերը կարող են խթանել այս հարցի նոր քննարկումները, և դա կապված է լինելու Իրանի և Միացյալ Նահանգների առաջիկա հարաբերություններից, ինչպես նաև Վրաստանում հոկտեմբերի վերջին կայանալիք ընտրությունների արդյունքից։

Եզրակացություն․

Կարսի գործարք-պայմանագիրը շարունակում է մնալ որպես անօրինական փաստաթուղթ, արևմտյան ժողովրդավարությունների լռության և սեփական խղճի հետ գործարքի վկայություն ու անարդարության խորհրդանիշ, Ռուսաստանի և Թուրքիայի կայսերապաշտական ուժերի նենգ ու ուխտադրուժ համագործակցության անպօրինի ծնունդ։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ,
12 հոկտեմբերի, 2024թ․, ք․ Երևան