Իրանում զինված հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել

Ահաբեկչություն է տեղի ունեցել Իրանի Բենթ քաղաքում (Սիստանի եւ Բելուջիստանի նահանգ), կան զոհեր եւ վիրավորներ, տեղեկացրել է IRNA-ն։

Նշվել է, որ անհայտ անձինք մեքենայից կրակ են բացել մարդկանց ուղղությամբ։

Որոշ ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ զոհվել է 5 մարդ, նրանց մեջ՝ Բենթ քաղաքի ԻՀՊԿ հրամանատար Փարվիզ Կադխոդաին եւ Բենթի քաղաքային խորհրդի ղեկավար Յուսիֆ Շիրանին։

Եվս 2 մարդ ծանր վիրավորվել է։

Մահացել է Վյաչեսլավ Դոբրինինը՝ զավակ Գալուստ Պետրոսյանի

Մահացել է ռուս հայտնի կոմպոզիտոր և երգիչ Վյաչեսլավ Դոբրինինը։
Վյաչեսլավ Դոբրինինը ծնվել է 1946 թվականի հունվարի 25-ին Մոսկվայում։ Հայրը՝ Գալուստ Պետրոսյանը, փոխգնդապետ էր, իսկ մայրը՝ Աննա Անտոնովան՝ բուժքույր։ Ծնողները հանդիպել են ռազմաճակատում՝ պատերազմի ժամանակ։ Պատերազմից հետո նրանք բաժանվեցին, Դոբրինինը չէր շփվում հոր հետ։
Նա «Ազնիվ խոսք» հաղորդաշարում պատմել է իր հայկական ծագման մասին՝ նշելով, որ իր երաժշտական ​​ունակությունները ժառանգել է հորից։
Դոբրինինը ավարտել է Մոսկվայի պետական ​​համալսարանի արվեստի տեսության ֆակուլտետը։ Ունի դուստր և թոռնուհի, ովքեր ապրում են ԱՄՆ-ում և շարունակում են ընտանիքի երաժշտական ​​ավանդույթները։
Մոտ 1000 երգի հեղինակ է։

Աժ-ն քննարկում է արցախցիների կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը

Ազգային ժողովն այսօր քննարկում է բռնի տեղահանված եւ ՀՀ տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ առաջարկում են քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 17՝ հաշվի առնելով աշխատանքի մեծ ծավալը։ «Նպատակն ամբողջովին տեղավորվում է սոցիալ-տնտեսական, իրավական հարթության մեջ։ Գլխավոր ուղղվածությունը մեր հայրենակիցների համար ՀՀ-ում բնակարանային, սոցիալական, կրթական, մշակութային եւ մարդու հիմնական իրավունքներից բխող կենսագործունեության համար անհրաժեշտ մնացյալ իրավունքների ապահովմանն ուղղված ծրագրերի, դրանց համար հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության գնահատումն է։

Հայտնի է, որ բազմաթիվ ծրագրեր հայտարարված են, իրականացվում են, բայց նաեւ կան բազմաթիվ փաստեր, դիմումներ ու բողոքներ, որ կա անհամապատասխանություն կարիքների գնահատման եւ իրականացվող ծրագրերի միջեւ։ Հետեւաբար, հանձնաժողովի գլխավոր խնդիրը պետք է լինի նաեւ գործադիր իշխանության հետ աշխատանքի միջոցով հասնել այդ խնդիրների լիարժեք վերհանմանը, լուծմանը եւ արցախցիների սոցիալական ինտեգրմանը ՀՀ-ում, ինչը նաեւ էականորեն նպաստելու է արտագաղթի կասեցմանը»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ ասաց․ «Արցախի հարցը փակված չէ, որովհետեւ Ադրբեջանը հակամարտությունն ավելի է խորացրել։ Արցախի սուբյեկտայնությունը, նրա ժողովրդի սոցիալ-տնտեսական պայմանների պաշտպանությունը նպաստելու են Արցախի ժողովրդի արտագաղթի կանխարգելմանը։ Դա հետագայում հիմք կհանդիսանա նաեւ քաղաքական առումով Արցախի խնդրի առաջ քաշման համար»։

Մեծամոր. «Ընտանիք և Համայնք» ՀԿ-ի նախաձեռնությունը՝ երաժշտության և արվեստի միջոցով

«Ընտանիք և Համայնք» հասարակական կազմակերպությունը, որը հիմնադրվել է 2002 թվականին Թուֆենկյան հիմնադրամի կողմից, շարունակում է իր սոցիալական ծրագրերը՝ ուղղված Հայաստանի տարբեր մարզերում բնակվող ընտանիքներին ու երեխաներին աջակցելուն։ Ներկայումս կազմակերպությունն ունի հինգ գործող կենտրոն, որոնք տեղակայված են Արմավիրի, Շիրակի և Տավուշի մարզերում, և առաջնային ուշադրությունը կենտրոնացված է սոցիալական աջակցություն պահանջող համայնքների վրա:

Նոր նախաձեռնությունը, որն ուղղված է Մեծամորի երեխաներին, նպատակ ունի երաժշտության և արվեստի միջոցով խթանել երեխաների կրթական և հոգեբանական զարգացումը:

Կազմակերպության ներկայացուցիչները նշում են, որ անգամ ամենադժվար պայմաններում գտնվող երեխաները կարող են փոխվել և զարգանալ՝ ճիշտ մոտեցմամբ ու աջակցությամբ:

Մեծամորի կենտրոնում մեկնարկած ծրագրի գլխավոր բաղադրիչը երաժշտությունն ու արվեստն են, որոնք կարևոր գործիք են երեխաների համար՝ դառնալով ինքնադրսևորման միջոց: Կենտրոնն իր դռներն է բացում բոլոր երեխաների առաջ՝ անկախ նրանց սոցիալական պայմաններից, հնարավորություն տալով յուրաքանչյուրին գտնել իր ճանապարհը արվեստի միջոցով։

Արժեքավոր այս նախաձեռնությանը միացել է նաև հայտնի քանդակագործ և նկարիչ Արման Նուռը, ով պարբերաբար այցելում է Մեծամորի կենտրոն և հանդիպում երեխաների հետ: «Ես այստեղ եմ, որովհետև համարում եմ, որ ապագա սերունդը պետք է իմանա իր արմատները, պատմությունը և հասկանալ՝ ուր է գնում: Այսօրվա համացանցային իրականության մեջ իրականությունը խեղաթյուրված է, և կարևոր է, որ երեխաները սովորեն կապ հաստատել իրենց ինքնության հետ», – ասաց Նուռը։

Թուֆենկյան հիմնադրամը նախաձեռնել է նոր դրամահավաք, որը նպատակ ունի ապահովել «Ընտանիք և Համայնք» ՀԿ-ի Մեծամորի ծրագրի շարունակականությունը:

Այս նախաձեռնությունն ուղղված է ոչ միայն երեխաների կրթական հմտությունների զարգացմանը, այլև նրանց սոցիալական ինտեգրմանն ու հոգեբանական բարելավմանը, ինչը խիստ կարևոր է հատկապես սոցիալապես անապահով համայնքների համար:

Տաթև Ազիզյան

Հոկտեմբերի 2-ին Արեգակի մասնակի խավարում տեղի կունենա

Հոկտեմբերի 2-ի երեկոյան Երկրի բնակիչները ականատես կլինեն աստղագիտական ​​հետաքրքիր երևույթի՝ Արեգակի խավարմանը, սակայն ոչ բոլորին կհաջողվի հիանալ այդ տեսարանով։ Խավարմանը կարելի է հետևել նաև ուղիղ հեռարձակմամբ այստեղ։

Ինչպես տեղեկացրել է Մոսկովյան պլանետարիումը, խավարումը կլինի օղակաձև` մասնակի, որի ժամանակ երկրագնդի մակերևույթը կհատվի լուսնային կոնաձև ստվերի հետ, քանի որ Լուսինը Երկրից շատ հեռու է Արեգակն ամբողջությամբ ծածկելու համար:

Արևի խավարման օղակաձև փուլը կարելի է դիտել Հարավային Ամերիկայի հարավում, ինչպես նաև Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և հարավ-արևելյան գոտիներում։ Խավարման առավելագույն փուլը տեղի կունենա Երևանի ժամանակով 22:45-ին, երբ Լուսինը կծածկի Արեգակի տրամագծի 93 տոկոսը, և դա տեղի կունենա Խաղաղ օվկիանոսի հարավ-արևելյան գոտում հորիզոնից 69° բարձրության վրա:

2024-ի հոկտեմբերի 2-ին արևի խավարման մասնակի փուլերը տեսանելի կլինեն Հարավային Ամերիկայի հարավային մասում, Նոր Զելանդիայի հյուսիսում, Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և հարավային հատվածներում և Անտարկտիդայի մեծ մասում:

«Արևի առաջիկա խավարումը, որը կարելի է դիտել Մոսկվայում, տեղի կունենա 2025-ի մարտի 29-ին, Մոսկվայի ժամանակով 14:25-ից մինչև 15:13-ը, այն կլինի մասնակի, Լուսինը կծածկի արեգակնային սկավառակի շատ փոքր հատվածը: Ամբողջական խավարումը Մոսկվայից տեսանելի կլինի միայն 2126-ի հոկտեմբերի 16-ին, իսկ մայրաքաղաքի բնակիչները կկարողանան տեսնել օղակաձև խավարումը 2075-ի հուլիսի 13-ին»,- ասել են Մոսկվայի պլանետարիումից։

news.am

Դժվար ընտրություն․ ինչ է առաջարկում Սամվել Բաբայանը

Այս օրերին լրանում է Արցախի ռազմա-քաղաքական ներկայացուցիչների գերեվարման մեկ տարին։ COP29-ի ընդառաջ Բաքուն հայտարարել է, որ ավարտել է նախաքննությունը, մեղադրանքներ առաջադրել, սակայն գործերը դեռ երկար ժամանակ դատարան չի ուղարկելու։

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը նշել է, որ այժմ քրեական գործերի նյութերին ծանոթանալու փուլն է, որը, նրա խոսքով, բավական երկար ժամանակ է պահանջում, «քանի որ տուժածների թիվը շատ մեծ է»։

«Մեղադրանքները բավականին լուրջ են։ Դրանք անջատողականության, մեր պատմամշակութային հուշարձանների ոչնչացման մեղադրանքներ են», – ասել է Քամրան Ալիևը։

Միաժամանակ Երեւանում Արցախի ներկայացուցչության մոտ տեղի է ունեցել Սամվել Բաբայանի կողմնակիցների ակցիան, որոնոք Բաքվում պահվող գերիներին ազատելու համար Սամվել Բաբայանի համար մանդատ էին ուզում։

Բաբայանի աջակիցներից Յուրի Մուսայելյանը ասել է․ «Եթե պարոն Բաբայանը քիրվա է ադրբեջանցիների հետ, չնայած դա այդպես չէ, բայց այսօրվա դրությամբ ձեզ մի հատ քիրվա մարդ է պետք, որ կարողանա ձեր գերիներին Բաքվից բերի այստեղ։ Այդ մարդուն սատարենք, ի՞նչ է, դուք նախընտրում եք, որ ձեր գերիները Ադրբեջանո՞ւմ մնան։ Մեր ղեկավարությունը պետք է չխանգարի, լիազորություններ տա, որ այդ մարդն իր գաղափարներն օգտագործի։ Թեկուզ պետք է կոմիտե ստեղծել ու մանդատ տալ Սամվել Բաբայանին»։ Նա պնդել է, որ Հայաստանի կառավարությունն եւս պետք է դրան աջակցի։

Սամվել Բաբայանի կապերը Փաշինյանի թիմի հետ ոչ ոքի համար գաղտնիք չէ։ Գաղտնիք չէ նաեւ, որ նա դեռ Արցախում լինելու ժամանակ առաջարկում էր ընդունել Բաքվի իրավասությունը, աբձնագրերը եւ ապրել Արցախում։ Չցանկացողներն կարող էին “խաղաղ” հեռանալ։ Նա համոզմունք էր հայտնում, որ կլինի ինչ-որ ինքնավար կարգավիճակ, բայց անհասկանալի էին անվտանգության երաշխիքները։

Սամվել Բաբայանը չկարողացավ համոզել Արցախի էլիտային, որը սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո արել է այն, ինչ առաջարկվում էին Բաբայանը եւ, ինչպես հետո պարզվեց, Փաշինյանի կուսակցությունն, Պուտինը եւ Ալիեւը։ Խոսքը գնում ինտեգրվելու մասին է։

10 օրվա ընթացքում 500 զոհ տալով, թողնելով ամեն ինչ, մարդիկ դուրս եկան Արցախից, «ոչ» ասելով ցանկացած կերպով ինտեգրվելու ծրագրերին։

Հիմա շատերն են մտածում, արդյոք ճի՞շտ էր ընտրությունը։ Գուցե՞ արժեր մնալ եւ “ինտեգրվել”։ Բայց բոլորը արդյունքում գալիս են այն եզրակացության, որ անվտանգության ոչ մի երաշխիք չկար, հատկապես՝ բանակում ծառայած տղամարդկանց համար։ Բոլորը հասկանում են, որ իրնց տներում մնալով, կապրեին կոնցլագերում։

Սամվել Բաբայանը արդարացիորեն մեղադրում է Բաքվում հայտնված Արցախի ղեկավարությոանը, որ իրենց ձերքով են հանձնել Արցախը։ Սակայն Բաբայանի խմբակցությունը Արցախի խորհրդարանում, այդ թվում, խոսնակի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը, քաղաքական որեւէ նախաձեռնությամբ հանդես չեն գալիս։

Խորհրդարանն ունի բարձրագույն մանդատ, եւ Բաբայանն իզուր չէ ցանկանում հենց խորհրդարանից լիազորություններ ստանալ։

Ազգային ժողովն արդեն ստեղծել է կոմիտե եւ մանդատ տվել Վարդան Օասկանյանին։ Եւ նույն գերիների վերադարձի համար աշխատում է իրավաբանների եւ լոբիստների մեծ խումբ։ Սակայն այդ խումբը ակնհայտորեն հակադիր է Հայաստանի կառավարության պկաններին։ Ի տարբերություն Բաբայանին, որի կողմնակիցները ասում են, որ “ՀՀ կառավարությունը պետք է սատարի” իրենց նախաձեռնությունը։

Ակնհայտ է գերիների ազատության խնդիրը՝ մեծ քաղաքական առեւտրի թեմա դարձնելու միտումը։ Փաշինյանը գնա Բաքու COP29-ին, անտեղ կնքեն ինչ-որ փաստաթուղթ, գերիներին ազատեն, Փաշինյանը “տրիումֆով” վերադառնա Երեւան, Սահմանադրությունը փոխի, չեղարկի 1989-ի Միացումի մասին որոշումը, Բաբայանի առաջնորդությամբ մի խումբ արցախցիներ վերադառնան, ինտեգրվեն եւ այլ։

Արդյո՞ք Արցախի խորհրդարանը քննարկվում է նման սցենար։

Նաիրա Հայրումյան

Գրիգոր Մինասյանը հրաժարական տվեց եւ շնորհակալություն հայտնեց Փաշինյանին

Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրեցի իմ հրաժարականի դիմումը: Այս մասին հայտարարություն է տարածել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ:

Մեծապես շնորհակալ եմ և միշտ ջերմությամբ կհիշեմ ինձ բարությամբ ընդունած և աջակցած բոլոր մյուս պատգամավորներին, ընկեր դարձած կառավարության բոլոր գործընկերներին և, իհարկե, ինձ մեծագույն հնարավորություն տված վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Արդարադատության ոլորտի բարեփոխման համար նրանց հետ և նրանց օգնությամբ շատ բան ենք արել նաև այս վերջին երկու տարիներին: Կառավարության ծրագիրը մեր մասով հաստատ գերակատարված է միջոցառումների քանակի և որակի առումով: Կառուցված ճանապարհն ու դպրոցը մարդիկ միանգամից են տեսնում և վայելում, բայց նոր արբիտրաժային համակարգի, հարկադիր կատարման վերափոխված ծառայության, թվայնացված քաղաքացիական դատավարության, կայացած պրոբացիայի ծառայության և բազմաթիվ այլ բարեփոխումների կամ հարյուրավոր օրենսդրական ու ռազմավարական փոփոխությունների արդյունքները բոլորս կվայելենք որոշ ժամանակ անց:

Մարդիկ արդարադատության նախարարներից միշտ սպասել են արդարության արագ և անմիջական վերականգնում: Դա նախարարի գործառույթ չէ: Դա վերապահված է իրավապահներին ու դատարաններին:

Մենք քաղաքականություն մշակողն ենք և ինստիտուցիոնալ համակարգը բարելավողը: Երկու ուղղությամբ էլ շատ բան է արվել արդեն: Պտուղները կլինեն շուտով, բայց արդեն հաջորդ նախարարների օրոք:

Իհարկե, կարելի էր ավելի համբերատար լինել, մնալ և պայքարել այս ամենի համար և շարունակել հանգիստ ներկայացնել կատարված հսկայածավալ աշխատանքը, բայց ես որոշեցի վերադառնալ ինձ ավելի հարազատ միջավայր: Արդարադատության ոլորտին կարելի է նպաստել նաև մասնավոր հատվածում:

Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Լիբանանի հարավում, ԱՄՆ-ն աջակցում է «Իսրայելի իրավունքին»

Իսրայելական բանակը հայտարարել է, որ երկուշաբթի օրը «սահմանափակ գործողություն» է սկսել Լիբանանի հարավում՝ թիրախավորելով լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման թիրախները սահմանային շրջաններում:

«Մի քանի ժամ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց սահմանափակ, տեղայնացված և նպատակաուղղված ցամաքային հարձակումներ՝ հիմնվելով հարավային Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» ահաբեկչական օբյեկտների և ենթակառուցվածքների դեմ ճշգրիտ հետախուզական տեղեկատվության վրա: Այս թիրախները գտնվում են սահմանամերձ գյուղերում և ուղղակի վտանգ են ներկայացնում Իսրայելի հյուսիսում գտնվող իսրայելական համայնքների համար»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ:

Զինվորականները հավելել են, որ իսրայելական օդուժը և հրետանին աջակցում են ցամաքային ուժերին՝ ճշգրիտ հարվածներ հասցնելով տարածքում գտնվող ռազմական թիրախներին։

Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը զրույց է ունեցել իր իսրայելցի գործընկերոջ հետ, որի ընթացքում կողմերը «համաձայնության են եկել հարձակման ենթակառուցվածքի ապամոնտաժման անհրաժեշտության մասին» հյուսիսային սահմանին՝ Հեզբոլլահի հարձակումները կանխելու համար:

Օսթինը նաև ընդգծել է, որ «անհրաժեշտ է դիվանագիտական ​​լուծում՝ ապահովելու համար, որ խաղաղ բնակիչները կարողանան անվտանգ վերադառնալ իրենց տները սահմանի երկու կողմերում»:

Ամերիկացի մի պաշտոնյա, որի անունը չի նշվում, ասել է, որ Սպիտակ տունը հասկանում և ընդունում է նման ծրագիրը, սակայն Վաշինգտոնը, նրա խոսքով, շարունակում է անհանգստանալ, որ իսրայելական բանակը կխճճվի Լիբանանում կամ ստիպված կլինի ընդլայնել գործողությունը:

«Դուք Սամվել Բաբայանին մի խանգարեք, այդ մարդն ընդունակ է գերիներին Բաքվից վերադարձնել»

«Դուք Սամվել Բաբայանին մի խանգարեք, այդ մարդն ընդունակ է գերիներին Բաքվից վերադարձնել»,- այսօր լրագրողներին ասաց Սամվել Բաբայանի աջակիցներից Յուրի Մուսայելյանը։

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի կողմնակիցներն այսօր Արցախի ներկայացուցչության մոտ պահանջ են ներկայացրել Արցախի Ազգային ժողովին՝ կոմիտե ստեղծել եւ Սամվել Բաբայանին տալ գործելու լիազորություններ։

Անդրադառնալով հարցին, որ Սամվել Բաբայանը մեղադրում է Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ ասելով, որ իրենց մեղքով են հայտնվել այնտեղ, Յուրի Մուսայելյանը պատասխանեց. «Այդ նույն հերոսները, որոնք Բաքվի բանտում են գտնվում, ամեն ինչ անում էին, որ այս մարդու խոսքը չլիներ։ Նույնիսկ, երբ պարոն Բաբայանը Հակարիի կամուրջն անցավ, միանգամից պառակտում առաջացավ։ Այն, որ պարոն Բաբայանը կամուրջն անցել է, իրենք կապել են նրա հետ, թե Ադրբեջանի հետ քիրվայություն է անում։ Ցանկացած քայլի փորձում են պիտակ կպցնել։ Դե հիմա ես առաջարկում եմ՝ պարոն Բաբայանը մի քանի անգամ ասել է՝ սխալ է, որ Արցախի էլիտան Բաքվում է գտնվում։ Ասում եք՝ պարոն Բաբայանը քիրվա՞ է ադրբեջանցիների հետ, չնայած դա այդպես չէ, բայց այսօրվա դրությամբ ձեզ մի հատ քիրվա մարդ է պետք, որ կարողանա ձեր գերիներին Բաքվից բերի այստեղ։ Դե եթե քիրվա է այդ մարդը, ինչո՞ւ եք նրա ցանկացած մտահղացման պիտակ կպցնում։ Այդ մարդուն սատարենք, ի՞նչ է, դուք նախընտրում եք, որ ձեր գերիները Ադրբեջանո՞ւմ մնան։ Մեր ղեկավարությունը պետք է չխանգարի, լիազորություններ տա, որ այդ մարդն իր գաղափարներն օգտագործի։ Թեկուզ պետք է կոմիտե ստեղծել ու մանդատ տալ Սամվել Բաբայանին»։

Սամվել Բաբայանի աջակիցները պահանջում են կոմիտե ստեղծել և Բաբայանին գործելու մանդատ տալ

Պահանջում ենք, որ  կոմիտե ստեղծվի և Պարոն Բաբայանը ունենա գործելու մանդատ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Արցախի ներկայացուցչության մոտ Սամվել Բաբայանի աջակիցների կողմից հրավիրված հավաքին հայտարարել է ակցիայի նախաձեռնող Յուրի Մուսայելյանը։

«Պահանջում ենք՝ պարոն Բաբայանը մի մանդատ ստանա, թեկուզ այդ կոմիտեն ստեղծեն, լիազորություն տան, ու այդ մարդն իրա գաղափարներն օգտագործի»,-ասաց նա՝ պնդելով, որ Հայաստանի կառավարություն էլ պետք է դրան աջակցի։

Նա նշեց՝ իրենց պահանջն է, որ Արցախի ներկայացուցչությունը պատգամավորների հետ օրենքով վերահաստատի և կոմիտե ստեղծվի միասին գործելու համար։

«Պարոն Բաբայանը ողջերից միակ հերոսն է, որ տարիներ շարունակ ինչ ասել է, թեկուզ Արցախից, մի ստորակետ սխալ չի խոսացել»,- ընդգծեց նա:

news.am

Ռուսաստանը ամառվա կեսից չկա, բայց Հայաստանը կարող է Թուրքիայից կախվածության մեջ մտնել

«Ազատության» հետ զրույցում Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Օլեսյա Վարդանյանը մի շարք կարեւոր դիտարկումեր արեց։

«Եկեք պատկերացնենք, որ կայացավ Բաքվի և Երևանի միջև այդ հայտարարությունը, և Անկարան համարեց, որ դա բավարար է, որպեսզի նրանք սկսեն իրականացնել գոնե 2022 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունները։ Սա առաջին հերթին վերաբերում է, իհարկե, սահմանի բացմանը և ինչ-որ առևտրային հարաբերությունների սկսմանը։ Բայց նույնիսկ սա մի կողմից, անշուշտ, որոշակի օգուտ է բերում, բայց մյուս կողմից ավելացնում է նաև Հայաստանի կախվածությունը Թուրքիայից, քանի որ, ասենք, այս գործընթացը իրականացնում եք մեկ, երկու, հինգ տարի, բայց եթե ապագայում ինչ-որ ապակայունացում կունենաք, ինչ-որ խնդիրներ կունենաք Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, էլի, դուք դրանով կասկածի տակ եք դնում ձեր հարաբերությունները, այդ թվում՝ Թուրքիայի հետ, և ձեր սեփական վիճակն ու ազդեցությունը ձեր սեփական տնտեսության վրա», – ասաց Վարդանյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ միակ ճանապարհը բանակցելն է։

Հարցին, թե կա՞ այնպիսի վտանգ, որ Թուրքիան և Ադրբեջանը կարող են ցանկացած պահի պարզապես փակել սահմանները և շրջափակել Հայաստանը, սա Հայաստանին կախվածության մեջ է դնո՞ւմ Ադրբեջանից և Թուրքիայից, փորձագետը պատասխանեց․ – «Սա հենց այն է, ինչ ես նշեցի»:

Վարդանյանն ասել է, որ այս ամառվա կեսերից Ռուսաստանի դերը գործընթացում կարծես թե չկա։ Վերջինը՝ Պուտինի այցն էր Բաքու եւ այնտեղ արված հայտարարությունները։ “Կարծես թե միջանցքի հարցը չի հաջողվում վերադարձնել օրակարգ, համենայնդեպս հիմա”, ասել է փորձագետը։

Forbes. Հնդկաստանն ու Պակիստանը որոշել են ուժեղացնել Հայաստանի և Ադրբեջանի օդուժը

Երկարամյա մրցակիցներ Հնդկաստանը և Պակիստանը որոշել են ուժեղացնել ևս երկու երկրների զինված ուժերը, որոնք միմյանց հետ մրցում են Հարավային Կովկասում։ Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի մասին է։

Սեպտեմբերի 25-ին JF-17C Block III մարտական ​​ինքնաթիռը վայրէջք է կատարել Ալիևի օդանավակայանում, որում եղել է նաև Ադրբեջանի նախագահը, հայտնում է Forbes-ը։ Հենց հաջորդ օրը Պակիստանը հաստատեց լուրը, որ Բաքվի հետ պայմանագիր է կնքել միաշարժիչ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների վաճառքի վերաբերյալ։ Սակայն ինքնաթիռի գինն ու քանակը չի նշվում։ Դեռևս փետրվարին սակայն պակիստանյան և ադրբեջանական լրատվամիջոցները գրում էին այս համաձայնագրի մասին, որը նախատեսում էր 1,6 միլիարդ դոլար գումար։

Մինչև վերջերս Ադրբեջանի ռազմաօդային ուժերը բաղկացած էին մոտ 40 Սու-25 գրոհային ինքնաթիռներից և մինչև 13 ՄիԳ-29 ինքնաթիռներից։

Լուրը եկել է մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ հնդկական լրատվամիջոցները հաստատեցին, որ Երևանը օգնություն է խնդրում Դելիից՝ արդիականացնելու իր մարտական ​​ինքնաթիռների պարկը: Հնդկաստանն ունի ռուսական Су-30МКИ ինքնաթիռներ արտադրելու լիցենզիա։ Դելին պատրաստ է արդիականացնել բոլոր չորս Սու-30-ները, որոնք ներկայումս սպասարկում են Երևանին։ Հայտնի է, որ Հայաստանը ցանկանում է իր ավիացիան համալրել Uttam AESA ռադարներով և զինատեսակներով։

Հնդկաստանն արդեն արտադրում է «օդ-օդ» հրթիռներ, որոնք համատեղելի են Սու-30 տիպի ինքնաթիռների հետ։ Ոչ վաղ անցյալում Հայաստանն արդեն Հնդկաստանից գնեց «Ակաշ» միջին հեռահարության հակաօդային պաշտպանությունը։ Ֆրանսիայում Երևանը ձեռք է բերել «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռներ և «Կեսար» հաուբիցներ։

Diplomat ռեսուրսը հայտնել է, որ հնդկական արտադրության Սու-30-ները կարող են շրջադարձային դառնալ զենքի արտահանման միջազգային շուկայում։ Փորձագետները գրում են, որ Հայաստանը կարող է իրեն թույլ տալ նոր Սու-30 մոդելը, որը շատ ավելի մատչելի է, քան ֆրանսիական Dassault Rafale կործանիչները։

Մինչև 2022 թվականը Երևանը Մոսկվայի հետ 13 Սու-30 ինքնաթիռ գնելու գործարք էր կնքել, սակայն Ռուսաստանի Դաշնությանը հաջողվեց Հայաստանին մատակարարել ընդամենը 4 միավոր։

Ավելին կարդացեք «Dialog.UA» կայքում