Թրամփը անգլերենը հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտոնական լեզու

ВВС

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով երկրի պատմության մեջ առաջին անգամ անգլերենը դաշնային մակարդակով պաշտոնական լեզու է ճանաչվում։ Նախկինում այս կարգավիճակը շնորհվել էր անգլերեն լեզվին միայն որոշ նահանգներում։

Թեև ԱՄՆ պատմության ընթացքում բոլոր հիմնական փաստաթղթերը, ներառյալ Սահմանադրությունը և Անկախության հռչակագիրը, գրվել են անգլերենով, երկիրը, որպես այդպիսին, օրենսդրական մակարդակում երբեք պաշտոնական լեզու չի ունեցել:

Անգլերենը ճանաչված է որպես պաշտոնական լեզու ԱՄՆ 50 նահանգներից 32-ում՝ ըստ ProEnglish-ի՝ մի խմբի, որը հանդես է գալիս անգլերենի պաշտոնական կարգավիճակ տալու օգտին:

«Անգլերենը Միացյալ Նահանգների պաշտոնական լեզու ճանաչելու որոշումը վաղուց է հասունացել»,- ասվում է հրամանագրում։ Այն նաև ասում է, որ ընդհանուր լեզուն «խթանում է ազգային համախմբվածությունը», թեև ընդունում է, որ Միացյալ Նահանգներում խոսվում է ավելի քան 350 լեզուներով:

Համաձայն 2019 թվականի կառավարության տվյալների՝ ԱՄՆ-ի գրեթե 68 միլիոն բնակիչ տանը խոսում էն ոչ անգլերեն: Նրանց մեծամասնությունը խոսում էր իսպաներեն՝ ավելի քան 40 միլիոն։

Հրամանագրի նպատակն է, ի թիվս այլ բաների, հարգել ամերիկացիներին, ովքեր ի սկզբանե բնիկ անգլիախոս չեն եղել, բայց սովորել են լեզուն և փոխանցել այն ապագա սերունդներին, և վստահություն տալ ներգաղթյալներին, ովքեր կարող են օգտագործել այս համընդհանուր լեզուն՝ իրականացնելու իրենց ամերիկյան երազանքը:

PKK-ն զինադադար է հայտարարել Թուրքիայի հետ

DW

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) հայտարարել է Թուրքիայի հետ անհապաղ հրադադարի մասին՝ թուրքական բանտում գտնվող կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի խաղաղության կոչից հետո։ PKK-ն շաբաթ օրը՝ մարտի 1-ին, հայտարարել է, որ կիրականացնի Օջալանի կոչը՝ դադարեցնել զինված պայքարը։ Հայտարարությունը հրապարակել է կազմակերպությանը մոտ կանգնած Firat լրատվական գործակալությունը։

«Մենք՝ PKK-ն, լիովին աջակցում ենք այս կոչի բովանդակությանը և հայտարարում ենք, որ կկատարենք նրա պահանջները»,- ասված է Թուրքիայի, Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կուսակցության պաշտոնական հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ ասվում է, որ PKK-ն անհապաղ կդադարեցնի բոլոր թշնամական գործողությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ իր վրա կհարձակվեն:

Միաժամանակ PKK-ն ընդգծել է, որ զինաթափումը հնարավոր է միայն Օջալանի ղեկավարությամբ։ Նա հույս է հայտնել, որ Թուրքիան կազատի իր առաջնորդին, որպեսզի նա կարողանա ղեկավարել PKK-ի զինաթափման գործընթացը։ Բացի այդ, կազմակերպությունն ընդգծել է հակամարտության հաջող լուծման համար քաղաքական և ժողովրդավարական պայմանների ստեղծման անհրաժեշտությունը։

Օջալանը փետրվարի 27-ին պատմական հայտարարություն արեց՝ կոչ անելով իր կողմնակիցներին վայր դնել զենքերը թուրքական պետության դեմ ավելի քան 40 տարի պայքարելուց հետո և հայտարարել PKK-ի լուծարումը։ Այս քայլը նպատակ ուներ խաղաղության ճանապարհ հարթել հակամարտությունում, որի հետևանքով զոհվել է ավելի քան 40,000 մարդ:

Օջալանի կոչին աջակցել են ինչպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ազգային-պահպանողական կառավարությունը, այնպես էլ քրդամետ ընդդիմադիր Dem Parti կուսակցությունը, որը հանդես էր գալիս որպես Օջալանի միջնորդ։ Էրդողանի դաշնակիցներից մեկն անսպասելիորեն Օջալանին առաջարկել էր հրադադարի կոչ անելու դեռևս հոկտեմբերին։ Այնուհետև, DEM կուսակցության ներկայացուցիչները մի քանի անգամ այցելել են Օջալանին բանտում՝ քննարկելու զինաթափումը։

«DEM» կուսակցությունը երեկ Թուրքիայի կառավարությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել ժողովրդավարության ամրապնդման համար՝ նշելով, որ այժմ ամեն ինչ կախված է իշխանությունների արձագանքից։ Իր հերթին թուրքական կառավարությունը հայտարարել է, որ չի բանակցելու PKK-ի հետ և պահանջել է, որ բոլոր քրդական զինված խմբավորումները, այդ թվում՝ Իրաքում և Սիրիայում, վայր դնեն զենքերը։

Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը (SDF), որոնք Անկարան համարում է PKK-ի մասնաճյուղ, ողջունել են Օջալանի կոչը, սակայն ընդգծել են, որ այն չի վերաբերում SDF-ի մարտիկներին։

PKK-ն թուրքական պետության դեմ զինված պայքար է մղում 1984 թվականից։ Նախնական նպատակը անկախ քրդական պետության ստեղծումն էր։ 2015 թվականին PKK-ի և Թուրքիայի միջև խաղաղ բանակցություններն ավարտվեցին անհաջողությամբ։

PKK-ի զինված գործունեությունը նախկինում նկատվել է հիմնականում Թուրքիայի հարավ-արևելյան տարածքում, որտեղ ապրում են քրդերի մեծ մասը: Այսօր ուշադրության կենտրոնում է Հյուսիսային Իրաքը, որտեղ PKK-ն ունի իր բազաները։ Կազմակերպությունը ազդեցություն է գործում նաև Սիրիայի քուրդ բնակչության վրա։ Թուրքիայի զինված ուժերը պարբերաբար ռազմական գործողություններ են իրականացնում Իրաքում և Սիրիայում քրդական խմբավորումների դեմ։

Հայկազովի պայթյունից տուժածներին աստիճանաբար վերադառձնում են բնականոն կյանքին

Երեկ այցելեցի Լուսե վերականգնողական կենտրոն և հանդիպեցի Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի անձնակազմի հետ, որի մասին բազմիցս գրել եմ։

Երևանի Այրվածքների ազգային կենտրոնում աշխատելու մասին նրանց պատմություններն ավելի ու ավելի տպավորիչ են դառնում։ Հիշեցնեմ, որ Արցախից բռնի բռնագաղթի առաջին օրերից Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի թիմը զբաղվել է Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի ժամանակ տուժած մեր հայրենակիցների վերականգնմամբ։ Ներկայումս ընթանում է բուժման երրորդ փուլը, որը ենթադրում է վիրաբուժական միջամտություններ։

Վերականգնողական գործընթացի ընթացքում տուժածների հետ աշխատել են ֆիզիոթերապևտներ և հոգեբան։ Մասագետները, լինելով արցախյան ողբերգական իրադարձությունների ականատեսները, դժվարությամբ զսպելով իրենց զգացմունքները, մեր հայրենակիցներին վերադարձնում են լիարժեք կյանք։

Սկզբում նրանցից շատերը բառացիորեն գամված էին անկողնուն։ Նրանք տարբեր աստիճանի ծանրության խորը այրվածքներ են ստացել։ Շատերի մոտ տուժել է մարմնի մակերեսի 90%-ը:

Տուժածներին աստիճանաբար դուրս են բերել հորիզոնական դիրքից։ Նրանց սովորեցրել են նստել, կանգնել, քայլել։ Ինչպես նաև վերականգնողական հատուկ մեթոդների օգնությամբ վերականգնվել են այրված վերին վերջույթների ֆունկցիաները։

Ք.Քոքսի վերականգնողական կենտրոնի աշխատակիցները համեստորեն խոսում են պայթյունից տուժածների հետ իրենց անգնահատելի աշխատանքի արդյունքների մասին։ Այն մասին, թե ինչպես հիվանդները դարձան ավելի անկախ, կարողանում են կատարել առօրյա կյանքում հիմնական գործողությունները, որոնք նրանք նախկինում կարող էին անել միայն ընտանիքի և ընկերների աջակցությամբ:

Այժմ նրանցից շատերն կարողանում են հագնվել ինքնուրույն, պահպանում են հիգիենան, ուտում են, նույնիսկ կարող են սուրճ պատրաստել և այլն։ Շատերը որոշ չափով աշխատունակ են դարձել։ Ոմանք նույնիսկ մեքենաներ են վարում և որպես տաքսու վարորդ աշխատում:

Վիրահատական ​​միջամտություններից հետո տուժածները պետք է վերականգնողական նոր փուլ անցնեն, որպեսզի վերջապես վերադառնան լիարժեք կյանքի։ Ցանկալի է, որ նրանք կարողանան անցնել այս փուլը նոր, ժամանակակից Ք.Քոքսի վերականգնողական կենտրոնի պայմաններում, որի բացմանը անհամբեր սպասում են մեր բոլոր հայրենակիցները։ Ներկա պայմաններում այս երկար սպասված, չափազանց կարևոր նպատակին հասնելու համար հրամայական է աջակցել պրոֆեսիոնալ թիմին՝ Կենտրոնի տնօրեն և հիմնադիր Վարդան Թադևոսյանի գլխավորությամբ։

Արսեն Աղաջանյան

Մարտի 1․ Oդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով

Հանրապետության տարածքում` մարտի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Մարտի 2-ի ցերեկը, սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, մարտի 1-2-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ, մարտի 3-ին և 6-ին ՝ 15-18մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

Ի՞նչ կատարվեց Օվալաձև գրասենյակում: Շոուն ու աշխարհաքաղաքականությունը խառնվեցին

Համաշխարհային լրատվամիջոցները քննարկում են Օվալաձև աշխատասենյակում Թրամփ-Զելենսկի-Վանս հանդիպումը, որտեղ խոսակցությունն ընթացել է բարձր տոնով, ամերիկյան կողմը Զելենսկիին մեղադրել է անխոհեմության մեջ, իսկ Զելենսկին, ինչպես նշում են որոշ լրատվամիջոցներ, նույնիսկ սկսել է հայհոյել Վանսին։

Ուկրաինայի նախագահը չի համաձայնել Թրամփի հետ առանց ամերիկյան անվտանգության երաշխիքների գործարքին եւ ասել է, որ ուղղակի զինադադարը ոչինչ չի փոխի։ Թրամփն ասել է, որ Զելենսկին պատրաստ չէ «խաղաղության» և որ նա պետք է հեռանա, բայց հավելել է, որ կարող է վերադառնալ, երբ պատրաստ լինի։

Բացի այդ, ամերիկացիները մեղադրում են Եվրոպային, որ թույլ չի տալիս Ուկրաինային դադարեցնել պատերազմը՝ աջակցելով նրան եւ կերակրելով պատրանքներով։

Ըստ FT-ի՝ հանդիպումից հետո Զելենսկին զրուցել է Մակրոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեի հետ։

«Ագրեսորը Ռուսաստանն է։ Իսկ ագրեսիայի զոհը Ուկրաինան է։ Պետք է շնորհակալություն հայտնենք նրանց, ովքեր օգնել են, բայց պետք է հարգել նրանց, ովքեր պայքարել են հենց սկզբից»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Նախօրեին Ռյուտեն հայտարարեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստում է Ուկրաինային օգնության նոր փաթեթ, որը ներառում է «միլիարդավոր եվրոներ» և անվտանգության երաշխիքներ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այս հայտարարությունն արել է Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո, որն ինքը Ռյուտեն որակել է որպես «գերազանց»։

Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ անհաջող բանակցություններից անմիջապես հետո Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել ամերիկյան Fox News հեռուստաալիքին։ Լրագրողի հետ զրույցում նա հայտարարել է, որ ցանկանում է գործընկերային հարաբերություններ պահպանել ԱՄՆ-ի հետ և պատրաստ է բնական ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր ստորագրել, սակայն համոզված է, որ դա պետք է լինի Ուկրաինայի անվտանգության երաշխիքների առաջին քայլը։

«Ոչ ոք ուկրաինցիներից ավելին չի ցանկանում, որ այս պատերազմն ավարտվի», – ընդգծել է Զելենսկին։ Սակայն, շարունակել է նա, Ուկրաինայի ժողովուրդը ցանկանում է արդար և կայուն խաղաղություն, որն անհնար է առանց ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքների։ Նրանց բացակայության դեպքում ուկրաինացիները կվախենան, որ «Պուտինը կվերադառնա վաղը», քանի որ ՌԴ նախագահն արդեն մեկ անգամ չէ, որ խախտել է պայմանավորվածությունները, նշել է Ուկրաինայի ղեկավարը։

Զելենսկին ասել է, որ Թրամփի հետ իր վեճը «վատ է երկու կողմերի համար», սակայն ինքը չի կարծում, որ նա «վատ բան է արել», և պետք է ներողություն խնդրի։ Հարցին, թե արդյոք նա այժմ պատրաստ է վերադառնալ Սպիտակ տուն՝ բանակցությունները վերսկսելու համար, Ուկրաինայի նախագահը պատասխանել է՝ թչ։

Ստուդիայում երկխոսության ժամանակ ցուցադրվել է տեսանյութ Զելենսկու մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունից, որը նա արել է Սպիտակ տանը հանդիպումից հետո. «Նա ցանկանում է շարունակել կռվել, կռվել և պատերազմել»։

Դրանից հետո ԱՄՆ-ն հայտարարեց Ուկրաինային ռազմական օգնության դադարեցման մասին, մինչդեռ վերլուծաբաններն ասում են, որ հանդիպումն ավելի շատ նման էր շոուի, որը պետք է համոզեր Թրամփի ամերիկացի ընտրողներին, որ նա պայքարում է հարկատուների փողերի համար, իսկ Զելենսկու ընտրողներին, որ միայն ինքը կարող է քֆուր տալ Օվալաձև աշխատասենյակում և պաշտպանել ուկրաինացիների և եվրոպացիների իրավունքները։

Այսօրվանից «Մարգարայի» անցակետում ծառայությունն իրականացնում են միայն ՀՀ սահմանապահ զորքերը

Այսօրվանից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացնում են միայն Հայաստանի սահմանապահ զորքերը, հայտնում է վարչապետը:

«Մարգարա» անցման կետը չի գործում Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանի փակ լինելու պատճառով։ 2022 թվականի ամռանը անցման կետը կառավարության որոշմամբ հիմնանորոգվեց, և այնտեղ սկսվեց իրականացվել մշտական ծառայություն՝ ՌԴ Սահմանապահ զորքերի ուժերով։

«ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերին երախտագիտությունս եմ հայտնում Հայաստան-Թուրքիա պետական սահմանի այս հատվածում իրականացրած ծառայության համար», – սոցիալական ցանցում գրել է Նիկոլ Փաշինյանը։

Նա պարզաբանել է, որ «Մարգարա» սահմանային կետի անցումը ՀՀ սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո նշանակում է, որ 2025 թվականի մարտի 1-ից Հայաստանից ելք և ՀՀ մուտք գործող բոլոր մարդկանց սահմանային հսկողությունը կիրականացվի բացառապես Սահմանապահ զորքերի ուժերով, որովհետև բոլոր այդպիսի (գործող և չգործող) կետերում ծառայություն իրականացնում են միայն ՀՀ Սահմանապահ զորքերը։

Բաքու. Շնորհակալ եղեք, որ Արցախից 10000 զինծառայողների ենք բաց թողել

Երեկ Երեւանում բողոքի ցույցեր են տեղի ունեցել, մասնակիցները պահանջում ոն, որ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները ապահովեն Բաքվի զնդաններում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակումը։ Շատ մարդ չէր հավաքվել, թեև բոլորն արդեն սկսել են հասկանալ, որ գերիների հարցը վերաբերում է ողջ հայությանը և Հայաստան պետությանը։

Սամվել Շահրամանյանն առաջինը խոսեց այն մասին, թե ինչու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանը, հայտնվեց Բաքվի գերության մեջ՝ ակնարկելով, որ հարց էր, թե հայ տղամարդկանց, որոնցից շատերը կռվել են, թույլ կտա՞ն Արցախից անցնել Հաքարի կամուրջով։ Շախրամանյանն ասաց, որ նախկին նախագահներին ու զինվորականներին պայման է դրվել՝ կա՛մ դուք եք մնում, կա՛մ մենք զինվորականներին չենք թողնի։ Նրանք համաձայնել են, թեև Ռուբեն Վարդանյանը փորձել է հեռանալ Արցախից և բերման է ենթարկվել արդեն Բերձորի միջանցքում։

Երեկ այս վարկածն անուղղակիորեն հաստատել է Բաքվի ԱԳՆ-ն։ Արձագանքելով հայկական գերատեսչության հայտարարությանը, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն ասել է, որ Բաքուն «մեծ մարդասիրական ժեստ է արել՝ թույլ տալով 10000 զինծառայողի լքել Ադրբեջանի տարածքը 2023 թվականին»։ Ինչ վերաբերում է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությանը, Հաջիզադեն նշել է, որ դա վկայում է Հայաստանի քաղաքական վերնախավի նյարդային արձագանքի մասին, «որը բացահայտորեն աջակցել է Ադրբեջանի դեմ ագրեսիային»։ Նա կոչ է արել Հայաստանին ողջունել «ռազմական հանցագործների» դատավարությունը, եթե նրանք ներգրավված չեն այդ «հանցագործությունների մեջ»։

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերևարվելուց հետո մեկուկես տարի Հայաստանի իշխանությունը հրապարակային քայլեր չէր ձեռնարկում նրանց ազատելու համար։ Ավելին, վարչապետն ու իշխող կուսակցությունը փաստացի մեղադրեցին Արցախի ժողովրդին ու ղեկավարությանը, որ Արցախում հայ չի մնացել։ Ասում էին, որ արցախցիները պետք է մնային և ապրեին Ադրբեջանի կազմում։ Ինչ կլիներ այս դեպքում «10 հազար զինվորականների» հետ, ըստ երևույթին, ոչ մեկին չէր հետաքրքրում։ Կամ գուցե Հայաստանի ղեկավարությունը որոշեց, որ «պատերազմական հանցագործներին պատժելը» տեղին կլիներ։

Բայց վերջին մի քանի շաբաթում, Բաքվի դատարանում «մեղադրանքներից» հետո, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության և նրա ներկայիս ղեկավարության հասցեին, Նիկոլ Փաշինյանը մի քանի հայտարարություն արեց, իբր բանտարկյալների ցուցմունքները ստացվել են հոգեմետ դեղերի ազդեցության տակ, և որ այդ ցուցմունքները չեն կարող օրինական համարվել։

Անգամ Անդրանիկ Քոչարյանը խոսեց գերիներին ազատ արձակելու անհրաժեշտության մասին՝ վերջում հավելելով, որ «Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրավունք չուներ հանձնվելու», քանի որ դա Հայաստանին դեմ է։ Դա ակնարկ էր, որ հնարավորություն կար չհանձնվելու, բայց ինչ-որ մեկը “համոզել է” դա անել։ Իսկ Ալեն Սիմոնյանը ավելի վաղ յուղ է լցրել կրակի մեջ, հայտարարելով, որ իրենք «նոր զենքեր» են ուղարկել Արցախ, որոնք արցախցիներն իբր չեն օգտագործել։

Այս կեղտոտ պատմության մեջ ռուսական օկուպացիոն զորքերի դերի մասին դեռ շատ կխոսվի. Հայաստանի ղեկավարությունն ակնարկում է, որ արցախյան վերնախավը Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո իբր վստահել է ռուս «խաղաղապահներին», որոնք պարտավոր էին գոնե ապահովել Բերձորի միջանցքի անվտանգությունը։ Փաստորեն, նույնիսկ հիմա, երբ Ռուսաստանի ղեկավարությունը դեռ խոսում է նոյեմբերի 9-ի հայտարարության մասին, Մոսկվան կարող է հասնել բանտարկյալների ազատ արձակմանը։ Բայց Մոսկվան ոչնչի չի ուզում հասնում, իսկ Բաքուն ուրիշներին չի լսում։

Հայաստանի ԱԳՆ-ն վերջապես հայտարարություն է տարածել, բայց բացի Բաքվի «մարդասիրությանը» ուղղված կոչից, այն կոնկրետ ոչինչ չի պարունակում։ Հայտարարության մեջ խոսվում է հայ պատանդների ձերբակալման և դատավարության անօրինականության և հատկապես Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խոշտանգումների և արգելված միջոցների կիրառման անթույլատրելիության մասին։ Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Բաքվին սկսել նախապատրաստվել «խաղաղության», իսկ մինչ այդ խոստանում է այդ խնդիրները բարձրացնել տարբեր ատյաններում։

Ի՞նչ կարող են անել Հայաստանի կառավարությունն ու միջազգային կառույցները.

Երեկվա միջոցառումներում հնչեցին պարզ լուծումներ.

Դադարեցնել Բաքվի հետ բանակցությունները մինչև բոլոր բանտարկյալների ազատ արձակումը (Վարդան Օսկանյան) կամ սառեցնել բանակցությունները մի քանի հարցերի շուրջ (Մամիջանյան)

Հայց ներկայացնել Միջազգային քրեական դատարան և պահանջել ազատ արձակել բանտարկյալներին (Էդմոն Մարուքյան)

Կիրառել Հռոմի վավերացված ստատուտը և դիմել Միջազգային քրեական դատարան՝ հայցով ընդդեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և առաջ քաշել բանտարկյալների ազատ արձակումը որպես բանակցությունները շարունակելու նախապայման (Էդուարդ Առաքելյան)

Կառավարությունը պետք է հրաժարական տա, քանի որ «հերիք է նաել Ռուբեն Վարդանյանի դեմքին, և պարզ կդառնա, որ Հայաստանում իշխանությունները իրեն տեղում չէ» (Պարույր Հայրիկյան)։

Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Բաքվում ռազմագերիների և պատանդների հարցով։ Այս մասին հայտնել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նրա խոսքով, 2025 թվականի հունվարին ՄԻԵԴ-ի միջոցով ստացվել են գերի ընկած քաղաքացիների տվյալները, այդ թվում՝ նրանց լուսանկարները, որոնք այնուհետև հանձնվել են նրանց ընտանիքներին։ Այս առնչությամբ հայկական կողմը լրացուցիչ տեղեկություն է խնդրել։

Կիրակոսյանը Եվրադատարանի ուշադրությունը հրավիրեց նաև Ռուբեն Վարդանյանի հետ կապված դատավարական խախտումների և նրա ինքնազգացողության վատթարացման վրա՝ պահանջելով վերջինիս առողջական վիճակի վերաբերյալ արդի տեղեկատվություն տրամադրել։

Նա հիշեցրեց, որ ՄԻԵԴ-ի նախորդ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի, նոյեմբերի 3-ի, 11-ի և 2020 թվականի դեկտեմբերի 23-ի, 2021 թվականի փետրվարի 17-ի, 2023 թվականի նոյեմբերի 21-ի և 2024 թվականի նոյեմբերի 6-ի նախկին որոշումները ուժի մեջ են մնում։ Բացի այդ, ուժի մեջ է մնում Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը։

Նաիրա Հայրումյան

Ինչքան ինձ հիշում եմ՝ փախստականի կարգավիճակում եմ. նախ Բաքվից, ապա՝ Արցախից

Ինչքան ինձ հիշում եմ՝ փախստականի կարգավիճակում եմ, և իմ ընտանիքն անընդհատ տան փնտրտուքների մեջ է։ Նախ Բաքվից, ապա՝ Արցախից ենք տեղահանվել, – ասում է զրուցակիցս՝ Ալլան, ով ապրում է թոշակառու հոր հետ և չգիտի, թե ապագայում իրենց ինչ է սպասվում։

Արցախից տեղահանվելուց մի քանի ամիս հետո նրանք տեղափոխվել են ՌԴ, սակայն նորից վերադարձել Հայաստան։

-1989-ին ենք բռնատեղահանվել Բաքվից։ Սումգայիթյան դեպքերից հետո վտանգավոր էր մնալ այնտեղ։ 9 տարեկան էի, եղբայրներս ավելի փոքր էին։ Հիշողությանս մեջ մնացել են վերջին օրերը, երբ տանից դուրս գալն արդեն վտանգավոր էր։ Ծնողներս խոսում էին, որ հայերի հանդեպ բռնություններ են սկսվել ու պետք է շուտ տեղափոխվենք։ Նրանք աշխատում էին ծածուկ խոսել, որ մենք չվախենանք, սակայն ես հասկանում էի ամեն ինչ։

Հիշում եմ, որ մեր հարևաններից մեկն առաջարկեց թաքնվել իր տանը, սակայն հայրս մերժեց՝ ասելով, որ չի ցանկանում վտանգել նրա բազմանդամ ընտանիքին։ Հետո մեր տուն է գալիս հայրիկիս ընկերներից մեկը, ով ազգությամբ ադրբեջանցի էր, և մեզ տանում է իր տուն։ Այնտեղ մնացինք մոտ 10 օր։ Վտանգով լի օրեր էին՝ ինչպես մեզ, այնպես էլ օգնության ձեռք մեկնած ընտանիքի համար։ Մի գիշերվա մեջ որոշվեց, որ պետք է գնացքով մեկնենք ՌԴ Կրասնոդար քաղաք։ Երբ հասանք կայարան, արդեն լուսացել էր։ Նկատեցինք ադրբեջանցի դպրոցականների պաստառներով երթը, որոնք պահանջում էին հայերի հեռացումը Բաքվից։ Մինչև գնացք նստելը նրանք հասցրին քարկոծել մեզ։ Հայրս մի կերպ մեզ մտցրեց գնացքի մեջ և կարողացանք փրկվել։ Կրասնոդարում մի քանի օր մնալուց հետո մեկնեցինք Արցախ։

Ցավոք, Արցախում մեզ այդպես էլ բնակարան չհատկացվեց, և մինչև 2023-ի տեղահանումը ապրում էինք վարձով։ Ծնողներս, ամեն ինչ թողնելով Բաքվում, երեք մանկահասակ երեխաների հետ ձեռնունայն դուրս են եկել ու ապաստան գտել հայրենի հողում, սակայն, որպես փախստական ընտանիք, չեն արժանացել արդարացի վերաբերմունքի։

2014 թվականին հանկարծակի մահացել է մայրս, իսկ եղբայրներս աշխատանքի բերումով տեղափոխվել են Ռուսաստան։ Իմ և հորս կարիքներն ապահովելու համար ստիպված ծառայության եմ անցել ԱՀ ՊԲ շարքերում, հերթագրվել բնակարանային հերթում՝ հույս ունենալով, որ ես ու տարեց հայրս տուն կունենանք։ Մասնակցել եմ ապրիլյան քառօրյա և 2020-ի 44-օրյա պատերազմներին,- պատմում է Ալլա Զախարյանը․․․

Բռնատեղահանման կրկնակի դառնությունն իր սեփական մաշկի վրա զգացած Զախարյանների ընտանիքը վարձակալությամբ ապրում է Երևան քաղաքում։ Ալլան օրավարձով աշխատանք է գտել, ինչը մի փոքր թեթևացնում է նրանց հոգսերը։

-Արցախից դուրս ենք եկել 2023-ի սեպտեմբերի 30-ին՝ վերջին ավտոբուսներով։ Օդանավակայանից գնացել ենք Ստեփանակերտի հրապարակ ու այնտեղից շարժվել դեպի Հայաստան։ Եղել է մի պահ, որ հույսս կտրել էի, որ կկարողանանք դուրս գալ, որովհետև մարդիկ շատ էին, իսկ տրանսպորտը՝ քիչ։ Հատեցինք Հակարին։ Կրկին դարձանք փախստական։ Մեկ օր մնացինք Գորիսում, ապա հանգրվանեցինք մեր բարեկամի տանը, որտեղ մնացինք մի քանի ամիս:

Տարեց հայրս ամենօրյա բուժօգնության կարիք ունի, և այդ պատճառով մենք պատրաստ չենք որևէ գյուղական համայնքում ապրել։ Երկու հոգանոց մեր ընտանիքի համար դժվար կլինի տուն ձեռք բերել, քանի որ նախատեսված գումարով հնարավոր չէ դա իրականացնել։ Իսկ ապրիլ ամսից, երբ փոփոխվի 50 հազար դրամ աջակցության ծրագիրը, մենք կհայտնվենք անելանելի դրության մեջ, քանի որ այդ ծրագիրն արցախցիներին տրվող միակ ֆինանսական աջակցութունն է, – ասում է Ալլան և ավելացնում, – սեփական տուն ունենալը մեզ համար այդպես էլ երազանք կմնա, սակայն ուզում եմ հավատալ, որ մեր կարգավիճակով ընտանիքներին սոցիալական բնակարաններ կտրամադրվեն, այդ դեպքում գոնե մենք էլ տանիք կունենանք․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

Թրամփը Հայաստանից և՞ս ոսկի ու մետաղներ է պահանջում. ողջույն, Ամուլսար

Այսօր ԱՄՆ-ը նախատեսում է գործարք կնքել Ուկրաինայի հետ, ըստ որի՝ ԱՄՆ-ն իրավունք կստանա Ուկրաինայում ռազմավարական նշանակություն ունեցող մետաղներ մշակել։ Թրամփը գործարքը գնահատում է 500 միլիարդ դոլար և այն անվանում «ամերիկյան օգնության վերադարձ»։

Ավելի վաղ Թրամփը առաջարկել էր Գազայի վերականգնման հարցը լուծել Պաղեստինում «թանկարժեք անշարժ գույքի» հաշվին, որը կարող է վերածվել արևելյան Ռիվիերայի։

Աշխարհաքաղաքական խնդիրների լուծման հարցում Թրամփի բիզնես-մոտեցումները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն կհայտարարի իր շահերի մասին նաև Հարավային Կովկասում։ Թերեւս այս մասին Փաշինյանին ակնարկել են Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։ Պատահական չէ, որ հենց այդ օրերին գործադուլներ սկսվեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որի բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը։ Գործադուլը սպառնում էր սնանկացնել Հայաստանի խոշորագույն հարկատուին։

Բայց հարցը կարգավորվեց, և Հայաստանի կառավարությունը որոշեց փոխել ուղղությունը և Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համար Լիդիանին տրամադրել 150 մլն դոլար վարկի երաշխիք։

«Հրաշալի նորություն! ԱՄՆ դեսպանատունը ողջունում է Լիդիանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը Հայաստանում Ամուլսարի հանքարդյունաբերության լայնածավալ ծրագրի վերաբացման վերաբերյալ, ինչը թույլ կտա միլիոնավոր դոլարներ ներդնել տնտեսության մեջ, ստեղծել աշխատատեղեր և բարգավաճում Միացյալ Նահանգների և Հայաստանի համար», – ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Հայաստանը բաց է ամերիկյան բիզնեսի համար, և ԱՄՆ դեսպանատունը հպարտությամբ աջակցում է այս քաղաքականությանը, քանի որ երկու երկրներն էլ համատեղ աշխատում են ապագա բարգավաճումն ապահովելու համար։

Թե ուր կգնա Արցախի ոսկին, հավանաբար, նույնպես շուտով պարզ կդառնա։ Նաև այն, թե ինչի դիմաց է ԱՄՆ-ը վերցնելու հայկական ոսկին։

Հանրահավաք Հանրապետության հրապարակում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը Հանրապետության հրապարակում հանրահավաք է անում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

«Հայաստանի ժողովրդի եւ քաղաքական ուժերի հիմնական մասն ուզում է, որ իրեն չարդարացրած Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Այսօր միայն Ռուբեն Վարդանյանի բարձրացրած հարցը բավական է՝ ընդունելու, որ վարչապետն իր տեղում չէ։ Չեկիստի որդի Ալիեւը աշխատում է նույն չեկիստական ոգով, պատանդ է պահում մարդկանց։ Եվ այդ պայմաններում հանկարծ Հայաստանի ղեկավարը համարում է, որ նրա հետ կարելի է խաղաղության պայմանագիր կնքել։ Միջազգային իրավունքի ենթակա Հայաստանի ղեկավարը, այդքան լծակներ ունենալով, ոչ մի քայլ չի անում։ Միայն դա բավական է ասելու, որ դու քո տեղում չես։ Նույնիսկ միասին հայտարարություն են ընդունել, որ գերիներ չպետք է լինեն, բայց ինքը թույլ է տալիս, որ պատանդներ լինեն, այն էլ խաղաղ պայմաններում»,- ասաց Հայրիկյանը։

Նրա խոսքով՝ այսօր խնդիրն իրավիճակը կտրուկ փոխելն է։ «Ենթադրենք Նիկոլը զարթնեց ու հեռացավ, մենք պետք է հասկանանք, որ նույն իրավիճակի առաջ կարող ենք կանգնել։ Ուստի, ամենակարեւորն այն է, որ մենք հենց սկզբից իմանանք, թե որն է ճանապարհը։ Հայ ժողովրդին տրվել է այնպիսի համակարգ ունենալու հնարավորություն, որ քաղաքացին մշտապես լինի տերը։ Ամենակարեւորը քաղաքացիների՝ երկրի կառավարմանն իրավահավասար կերպով մասնակցելու իրավունքի ապահովումն է, սա նորույթ է ամբողջ աշխարհի համար»,- ասաց նա՝ նկատի ունենալով Սահմանադրության իր հեղինակած նախագիծը։

Ըստ Հայրիկյանի՝ պետք է համաշխարհային ուշադրությունը բեւեռելու նպատակով հրապարակայնորեն խոսել, որ մենք չենք ուզում չեկիստական ոգով աշխատողի հետ որեւէ հույս կապել, ոչ մի խաղաղության պայմանագիր։

Անդրադառնալով Սումգայիթում 1988 թվականին հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանական գործողություններին՝ Պարույր Հայրիկյանն ասաց․ «Այդ հանցագործությունն ադրբեջանական քրեական տարրերի օգտագործմամբ կազմակերպել էր Մոսկվայի ԿԳԲ-ն»։

Բողոքի ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ բանտարկյալներին

Այսօր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ տեղի ունեցավ հանրահավաք մեկ պահանջով՝ անհապաղ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Բաքվի զնդաններում պահվող մյուս հայ գերիներին ու պատանդներին։

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

Նոյեմբերի 9-ին ստորագրված կոնֆիգուրացիայով նախկինում Հայաստան-Արցախ ինտեգրված անվտանգային համակարգը խարխլվել էր

Փետրվարի 28-ին՝ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայության իրավունքների պաշտպանության օրը, հարգանքի տուրք մատուցվեց 1988-1992 թվականներին ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին։

Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանն ասաց, որ դիմում են միջազգային հանրությանը՝ ահազանգելով, որ Արցախից հայկական հետքերը ջնջվում են, ոչնչացվում են Արցախի պատմամշակութային արժեքները, հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանությունն այսօր էլ շարունակվում է։ «Բաքվում են օրինական ճանապարհով ինքնորոշված Արցախի օրինական ընտրված ռազմաքաղաքական ղեկավարությունը, իր ինքնապաշտպանությունը կազմակերպած մեր գերիները։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանն իր շարունակական ցեղասպան քաղաքականությամբ շարունակում է ճնշումները հայ ժողովրդի եւ ամբողջ Հայաստանի նկատմամբ»,- նշեց նա։

Անդրադառնալով ՔՊ-ականների հայտարարություններին, թե «արցախցիները չեն կռվել», Օհանյանն ասաց․ «Որպես զինվորական մասնագետ ասում եմ, որ 44-օրյա պատերազմից եւ նոյեմբերի 9-ին ստորագրված կոնֆիգուրացիայով նախկինում Հայաստան-Արցախ ինտեգրված անվտանգային համակարգը խարխլվել էր։ Համատարած պաշտպանությունը վեր էր ածվել օջախային պաշտպանության, որտեղ դիրքերի միջեւ հեռավորությունը բավականին երկար էր։ Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, սանձազերծելով մարտական գործողություններ բոլոր դիրքերի նկատմամբ, որտեղ մեր զինծառայողները հերոսաբար կռվեցին, նաեւ քանակական մեծ առավելության արդյունքում կարողացավ դիրքերի արանքներով անցնել եւ ուղղակի մասնատել Արցախը։ Իսկ այդ մասնատված պայմաններում, որը նաեւ զուգորդվում էր 10-ամսյա շրջափակման հետեւանքներով, ինքնապաշտպանության հնարավորության մինիմալ պայմաններում Արցախի ժողովուրդը հնարավորություն չուներ իր ամբողջ ինքնապաշտպանությունն իրականացնել»։

Նա հիշեցրեց, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, Ազգային անվտանգության ռազմավարության մեջ գրված է, որ ՀՀ իշխանությունները կանեն ամեն ինչ՝ Արցախի ժողովրդի բռնագաղթեցումը կանխելու ուղղությամբ։ Բայց, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի խաղաղ բնակչության վրա, ՀՀ իշխանություններն ասացին, թե իբր «խաղաղ բնակչությանը ոչ մի վտանգ չի սպառնում» եւ դրանով քարտ-բլանշ տվեցին Ադրբեջանի իշխանությունների ձեռքին։