“Խնդիրն այն է, որ մեզ պատասխանում են՝ լավ, Սփյուռքը բարձրաձայնում է, բայց Հայաստանից ձայն չկա”

«Այն ինչ լսում ենք միակողմանի զիջումների, Ցեղասպանության իրողության վրա հարցական նշան դնելու մասին, մտահոգիչ են։ Այն մթնոլորտը, որը տիրում է Հայաստանում՝ վարչախմբի կողմից պարտադրված, մեզ համար մերժելի է։ Մենք տեսնում ենք, թե ինչ օրակարգ է թելադրվում Հայաստանին դրսից, եւ այդ օրակարգն իր հայախոս մունետիկներն ունի, որոնք պաշտոնական խողովակներով ժողովրդին ասում են՝ այդպիսի օրակարգի ու պատվերի թելադրմամբ՝ մենք ձեզ կբերենք «խաղաղության» ինչ-որ շրջան»,- այսօր լրագրողներին ասաց Կանադայի Հայ դատի շրջանային հանձնախմբի նախագահ Մհեր Գարագաշյանը։

Նա նշեց, որ Սփյուռքը աշխատանք է տանում հայ գերիների վերադարձի հարցով։ «Սփյուռքի անելիքն ընթացքի մեջ է, ամեն անգամ, երբ հանդիպում ենք պաշտոնյաների հետ, գոնե Կանադայի պարագայում այդպես է, անպայման մեր ցուցակում այդ հարցը կա։ Բայց խնդիրն այն է, որ մեզ միշտ պատասխանում են՝ լավ, դուք բարձրաձայնում եք, բայց Հայաստանից ձայն չկա։ Մենք ուղղակիորեն ասում ենք իրենց՝ ի՞նչ կարեւոր է, մենք՝ իբրեւ հայ մարդ, հստակորեն ձեզ խնդրանք ունենք։ Մենք իրենց ասում ենք, որ դատական շոուն, որը սարքել է Ադրբեջանը, հստակ դեմ է Կանադայի արժեքներին։ Ինչքան կարելի է, բարձրագույն մարմիններում այդ հարցերը բարձրաձայնում ենք։ Բայց եթե Հայաստանից այսօր այդ պահանջը պետական մակարդակով չկա, ցավոք սրտի, դանդաղ է ընթացքը։ Այսինք՝ շատ ճամփա չի կտրի այդ հարցը, եթե Հայաստանն ինքը պահանջատեր չդառնա»,- ասաց նա։

Կանադայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Սեւակ Բելյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ Կանադայի հայ համայնք այսօր քաղաքական իմաստով շատ ակտիվ է։ «Մենք շատ լուրջ շփումների մեջ ենք Կանադայի պետական ներկայացուցիչների հետ՝ մեր բոլոր քաղաքական առաջնահերթությունները ներկայացնելու, բայց միեւնույն ժամանակ հստակ պատգամ ուղղելու իրենց, որ Հայաստանի ներկա իշխանությունները չեն ներկայացնում հայկական Սփյուռքը։ Ես կարող եմ վստահությամբ հաստատել, որ հակառակ իրենց բոլոր փորձերին, ներկա վարչախումբը Կանադայի հայ համայնքը չի կարողացել պառակտել։ Եվ մեծ հաշվով հայ համայնքը շարունակում է համախմբված մնալ»,- ասաց Սեւակ Բելյանը։

Առանց պատմական Հայաստանի, առանց արմատների այսօրվա Հայաստանը չի կարող գոյություն ունենալ․ Փափազյան

«Փաշինյանը Շվեյցարիայի, Ֆրանսիայի հայ համայնքներում շրջապտույտ ունեցավ, ինքն առաքելության մեջ էր, որ հարցականի տակ դնի Ցեղասպանությունը։ Իսկ ինչո՞ւ է հարցականի տակ դնում, որովհետեւ Թուրքիան պահանջել է, որ Ցեղասպանությունը հարցականի տակ դնի, եւ Ալիեւը պահանջել է, որ ինքը հայտարարի, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին»,- այսօր ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովից առաջ լրագրողներին ասաց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը:

Նա հավելեց, որ Փաշինյանի «իրական Հայաստանի» հայեցակարգը Հայաստանը ծնկի կբերի, որովհետեւ առանց պատմական Հայաստանի, առանց արմատների այսօրվա Հայաստանը չի կարող գոյություն ունենալ։

Անդրադառնալով Սփյուռքում տիրող տրամադրություններին՝ Փափազյանն ասաց, որ Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ինքն էր ընտրել, թե ում հետ հանդիպի, մոտ 30 անձանց էին զանգել, որոնցից 25-ը հայերեն չէին հասկանում։ Դաշնակցությանը չէին հրավիրել այդ հանդիպմանը։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանն էլ լրագրողներին ասաց, որ Սփյուռքի համար մտահոգիչ են Նիկոլ Փաշինյանի՝ Ցեղասպանության, Սփյուռք-Հայաստան հարաբարերությունների մասին եւ այլ հայտարարությունները։ «Սփյուռքի մեծամասնությունը, մանավանդ Եվրոպայում, այս վայրկյանին դեմ են նրան»,- ասաց Գասպար Կարապետյանը։

ՀՅԴ․ Թրամփն ավելին էր խոստացել ի զարմանս մեզ, որովհետեւ բավական լրջորեն հայկական դոսյեն ուսումնասիրել էր

ՀՅԴ-ն արցախցիների վերադարձի համար միջազգային երաշխիքներ ունենալու հարցով այսօր աշխատանք է իրականացնում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում եւ Միջին Արեւելքում։

«Օրինակ՝ Ֆրանսիայի դեպքում անմիջապես նախագահի պալատի հետ ենք այդ աշխատանքը տանում, իսկ ԱՄՆ-ում՝ նոր վարչակարգի հետ»,- այսօր ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովից առաջ լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։ Նա նշեց, որ կան երկրներ, որոնք պատրաստ ենք անվտանգության միջազգային երաշխիքներ ապահովել արցախցիների վերադարձի համար։

«Արցախի հարցի լուծումը հետեւյալ ձեւով ենք պատկերացնում՝ առաջինը, արցախահայությունը պետք է համախումբ ապրի Հայաստանում, եւ պետք է ստեղծենք պայմաններ, որ չարտագաղթեն։ Երկրորդ, համաշխարհային առումով պետք է աշխատանք տանենք հավաքական վերադարձի իրավունքի համար։ Եվ սա ցնորք չէ, որովհետեւ որոշ պետություններ արդեն իսկ այս ուղղությամբ համախոհությունեն հայտնել։ Արցախցիներին միջանկյալ կագավիճակ շնորհելով՝ միջազգային երշախիքների տակ ժողովուրդը պետք է վերադառնա իր բնիկ հողերը եւ այնտեղ կառուցի իր կյանքը»,- ասաց նա։

Հարցին, թե որ երկրերն են պատրաստ տալ միջազգային երաշխիք, Հակոբ Տեր-Խաչատուրյանը պատասխանեց․ «Անվտանգության երախիքները պետք է տա միջազգային հանրությունը։ Եվ դրա համար է, որ մենք աշխատանք ենք տանում։ Չենք կարող հիմիկվանից ասել, թե որ պետությունը պետք է ստանձնի այդ պատասխանատվությունը, բայց այդ ուղղությամբ հետաքրքրվող երկրներ կան»։

Նա հիշցրեց ԱՄՆ նախագահ Թրամփի՝ ավելի վաղ արած հայտարարությունը՝ արցախցիներին օգնելու անհրաժեշտության մասին։ Ասաց, որ ընտրություններից առաջ գերիերի հարցով իրենք հատուկ խնդրանք են ուղղել Թրամփին, որպեսզի ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ վերդարձնելու Բաքվի բատերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու հայ գերիներին։

«Բայց Թրամփն ավելին էր խոստացել ի զարմանս մեզ, որովհետեւ նախկինում հայկական հարցերով այդքան էլ մտահոգված չէր, իսկ այս անգամ բավական լրջորեն հայկական դոսյեն ուսումնասիրել էր՝ իր շրջապատի հետ մեր տարած աշխատանքի շնորհիվ: Որոշակի ազդակներ ստացել ենք, եւ ուրախ ենք ասել, որ երեք անձինք կան, որոնք ԱՄՆ-ումբարձր պաշտոնների վրա են, որոնք ոչ միչայն ծանոթ են հայությանը, այլ նաեւ այցելել են Արցախ։ Այսինքն՝ կան նախանշաններ, բայց շատ շուտ է, որ 100 օրվա ընթացքում ԱՄՆ նախագահը Հայաստանի հարցը բարձրացնի իր առաջնահերթությունների մեջ։ Թեկուզ վստահ եղեք, որ աշխատանքը շարունակվելու է, ամեն գնով այդ ճնշումները մենք գործադրում ենք տարբեր երկրներում»,- հավելեց նա։

Հակոբ Տեր-Խաչատուրյանը նաեւ ասաց, որ «խաղաղության պայմանագրի» հարց այսօր չկա, որովհետեւ Ադրբեջանը խաղաղություն չի ցանկանում։

Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին հարվածներ են հասցնում միմյանց

Փետրվարի 26-ի գիշերը Ուկրաինան իր ամենախոշոր անօդաչուներով հարձակումն իրականացրեց Ռուսաստանի հարավի վրա։ Կրասնոդարի շրջանը ենթարկվել է հարձակման, Տուապսեում հզոր պայթյուններ են գրանցվել, իսկ տարածաշրջանում օդային երթեւեկությունը սահմանափակվել է։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը Կրասնոդարի երկրամասում ուկրաինական 83 անօդաչու թռչող սարք է խոցել։ Սակայն ռուսական Telegram-ի ալիքներից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ առնվազն հինգ պայթյուն է տեղի ունեցել Անապայում, ավելի քան 40-ը՝ Տուապսեում։ Թիրախներից մեկը կարող էր լինել Տուապսեյի ծովային առևտրային նավահանգիստը, ինչպես նաև «Ռոսնեֆտ» նավթավերամշակման գործարանը, որը նախկինում հարձակման էր ենթարկվել։

Անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի պատճառով Սոչիի օդանավակայանը մտցրեց «Կարպետ» պլանը՝ սահմանափակելով թռիչքները։ Նմանատիպ միջոցառումներ են ձեռնարկվել Հյուսիսային Կովկասի մի շարք այլ շրջաններում, այդ թվում՝ Միներալնիե Վոդիում, Նալչիկում, Գրոզնիում և Վլադիկավկազում։

Հարձակման հետևանքով վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքին։ Թեմրյուկի շրջանում, Տուապսեում և Անապայի մերձակայքում անօդաչու թռչող սարքի բեկորները հրդեհ են առաջացրել մասնավոր հատվածում։ Ռուսական իշխանությունները հայտնում են, որ զոհեր չկան։

Կարևոր է նշել, որ բոլոր երեք բնակավայրերը գտնվում են դեպի Ղրիմ անցման մոտ: Նաև գիշերը 30 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են որսացել և խփվել օկուպացված Ղրիմի, մեկը՝ Բրյանսկի և Կուրսկի շրջանների և 13-ը՝ Սև և Ազովի ծովերի վրա։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինան Ռուսաստանի տարածք է արձակել 128 անօդաչու թռչող սարք։

Փետրվարի 25-ին ռուսական զորքերը հարձակում են իրականացրել Կրամատորսկի վրա։ Հարձակման արդյունքում մեկ մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ չորս երեխա։ Փրկարարները շարունակում են փլատակների մաքրումը, ոստիկանությունը արձանագրում է հանցագործության հետևանքները։

Փետրվարի 26-ի գիշերը Ռուսաստանը հարվածներ է հասցրել Կիևին և Խարկովին։ Առնվազն մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Այս շրջանի մեկ այլ բնակավայրում 2005 թվականին ծնված մի աղջիկ հոսպիտալացվել է տեղի հիվանդանոց՝ գլխի հետևի հատվածի վերքով:

Խարկովում անօդաչու թռչող սարքի երեք հարված է գրանցվել։ Մեկ անօդաչու թռչող սարքը բախվել է բազմաբնակարան շենքի 2-րդ հարկի բնակարանին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, և երկու բնակիչ վիրավորվել։ Եվս մեկ անօդաչու թռչող սարք ընկել է կենտրոնական փողոցի ճանապարհի վրա՝ վնասելով շենքի ճակատը և կոտրելով մոտ 100 պատուհան։ Երրորդ հարվածը հասավ ռեստորանին։

Այս շաբաթ յոթ մոլորակներ կշարվեն մեկ գծով

Մարսը, Յուպիտերը, Ուրանը, Վեներան, Նեպտունը, Մերկուրին և Սատուրնը կարճ ժամանակով տեսանելի կլինեն Երկրի երեկոյան երկնքում։

Այս երեւույթը հայտնի է որպես մոլորակների շքերթ՝ երբ մի քանի մոլորակներ շարվում են իրար մոտ, իսկ Երկրից դիտելիս պատրանք է ստեղծվում, որ դրանք շարված են մեկ շարքով։

Այս աստղագիտական ​​երևույթը (գիտական ​​հանրության մեջ այն սովորաբար անվանում են մոլորակների հավասարեցում) կարելի է դիտել հունվարի 21-ից փետրվարի 28-ը։ Սա կլինի վերջին անգամը մինչև 2040 թվականը, երբ յոթ մոլորակները այդքան բարենպաստ կշարվեն երկրացիների համար:

Առավելագույն թվով մոլորակներ տեսնելու լավագույն ժամանակը կլինի մայրամուտից գրեթե անմիջապես հետո՝ այս շաբաթվա երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին:

Չորս մոլորակները՝ Մերկուրին, Վեներան, Յուպիտերը և Մարսը, տեսանելի կլինեն անզեն աչքով: Սատուրնի հետ ավելի դժվար է, քանի որ այն ցածր կլինի հորիզոնից: Մյուս երկու մոլորակները՝ Ուրանը և Նեպտունը տեսնելու համար անհրաժեշտ կլինի աստղադիտակ։

Մաքուր երկնքով ավելի լավ հնարավորություն կլինի տեսնելու բոլոր յոթ մոլորակները: Այնուամենայնիվ, այս հնարավորությունը շատ կարճ է լինելու։

Արզումանյան եղբայրները զոհվեցին նույն օրը՝ 1992-ի փետրվարի 26-ին

Արցախյան գոյամարտի տարիներին բազմաթիվ հայորդիներ իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի։ Նվիրյալներ, որոնց կատարած սխրագործությունների մասին պատմում են ականատեսները և նրանց օրինակով շարունակում են սերունդներ դաստիարակվել։

Յաշա և Միքայել Արզումանյաններ: Հերոս եղբայրներ, որոնց կյանքն Արցախյան շարժման առաջին իսկ օրերից դարձել էր պայքար։ Պայքար գաղափարի, ազատության ու անկախ երկրի:

Յաշան աշխատում էր շրջանային ֆինբաժնում, իսկ Միքայելը Երևանի Բրյուսովի անվան ինստիտուտի վերջին կուրսի ուսանող էր։ Հանձնելով ավարտական քննությունները՝ նա չսպասեց բարձրագույն կրթության դիպլոմը ստանալուն և վերադարձավ Արցախ՝ անմիջապես անդամագրվելով շարժմանը։ Իսկ այդ ժամանակ Յաշայի մեկ սենյականոց բնակարանն ընդհատակյա հավաքատեղի էր դարձել:

1992-ի փետրվարի 26-ը արյունալի իրադարձությունների մասին է պատմում Յաշայի կինը՝ տիկին Լաուրան եղբայրները <<Լաչին ղույ>> կոչվող տարածքում տեղակայված 2-րդ պահակակետում էին

-1992-ի փետրվարի 26-ին Արցախի ինքնապաշտպանական ուժերը ձեռնարկում են Խոջալուի ազատագրման գործողությունը։ Խոջալուի խաղաղ բնակչության համար հայկական կողմը մարդասիրական միջանցք էր ապահովել։ Ասկերանի վաշտի տղաների առաջ խնդիր էր դրված Աղդամի և Խոջալուի ուղղությամբ ամուր պահել մեր դիրքերը և ապահովել բնակչության խաղաղ ճանապարհը։ Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը սկսվում է Խոջալուի ռազմագործողությունը։ Այդ ընթացքում Աղդամից ամբոխ է դուրս գալիս՝ իբր դիմավորելու խաղաղ բնակչությանը, սակայն նրանք զինված էին և հասնելով <<Լաչին ղույ>> կոչվող տարածքը, որտեղ մեր տղաների պահակակետն էր, կրակ են բացում մեր դիրքերի վրա։

Սկսվում են ուժեղ ընդհարումներ։ Ուժերն անհավասար էին։ Միքայելը վիրավորվում է ոտքից։ Յաշան, մտածելով, որ վիրավոր եղբորն ընկերները դուրս կհանեն, առաջ է գնում և շարունակում դիմադրել։ Հետագայում ողջ մնացած տղաները պատմում են, որ թշնամու ուժերը մեծաքանակ էին։ Յաշան կռվում էր մինչև վերջին փամփուշտը և մնում թշնամու հետ դեմառդեմ։ Պահանջում են՝ զենքը ցած դնել։ Յաշան զենքը դնում է գետնին, սակայն թշնամին չգիտեր, որ նրա մյուս ձեռքում նռնակ կար։ Զենքը վայր դնելու պահին Յաշան շպրտում է նռնակը։ Կատաղած թշնամին սպանում է քաջասիրտ հային և չբավարարվելով դրանով՝ հոշոտում ու անճանաչելի դարձնում մարմինը:

Զոհված տղաների մարմինները հաջողվում է ստանալ մի քանի օր հետո: Մեր աղջիկը՝ Մարինեն, շատ փոքր էր, իսկ Միքայելի դուստրը՝ Նորան, ծնվեց հոր զոհվելուց հետո:

Արցախյան պատերազմի մասնակից, բուժակ Արմեն Գասպարյանը չի կարողանում մոռանալ  

-Այդ սարսափելի օրերից տարիներ են անցել, սակայն երբ հիշում եմ տղաների խոշտանգված մարմինները, սահմռկում եմ։ Փետրվարի 29-ին կատարվեց Արզումանյան եղբայրների ու նրանց հետ զոհված Սամվել Ապրեսյանի դիակների փոխանակումը։ Խոշտանգված ու բոլորովին անճանաչելի էին Յաշայի և Սամվելի մարմինները։ 23 տարեկան էի ընդամենը և այդ տեսարանը երբեք չեմ կարող մոռանալ։ Թաթուլ Շեկյանի գլխավարությամբ փորձում էինք տղաների մարմինները նախապատրաստել հողին հանձնելու համար։ Փետրվարի 26-ին նույն տարածքում, բայց մի քիչ հեռու զոհվեց նաև Սամվել Ավագիմյանը։ Այդ օրն Ասկերանը 4 զոհ ունեցավ, իսկ Գրիգորի Հայրիյանը ծանր վիրավորվելուց հետո տեղափոխվեց Երևան ու մահացավ այնտեղ։ Դաժան օր էր․ տարբեր բնակավայրերից զոհեր ու վիրավորներ ևս ունեցանք։

Տիկին Լաուրան ցավ է ապրում, որ տղաների արյամբ պատված հողը չեն կարողացել պահել, նրանց անձնազոհությամբ կերտված Արցախը մնացել է թշնամու տիրապետության տակ

 – Աշխատել եմ տարբեր պետական հիմնարկներում։ Վերջին ժամանակահատվածում ձեռներեցությամբ էի զբաղվում և աշխատում էի միշտ օրինապահ լինել ու կատարել պետության հանդեպ իմ հարկային պարտավորությունները։ Մտածում էի՝ ուժերիս ներածին չափով օգտակար լինել երկրիս հզորացմանը, որի համար արյուն է թափվել։ Ի՞նչ իմանայի։

Արցախյան առաջին պատերազմից հետո մենք տեսանք ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմներ։ Կարողացանք անցնել այդ արհավիրքների միջով՝ փորձելով վերստին պայքարել մեր հողում ապրելու համար։ Սակայն 2023-ի սեպտեմբերի 19-ը ճակատագրական եղավ արցախահայության համար։ Արդեն իսկ որոշված էր մեր ճակատագիրը։ Արցախը պետք էր հայաթափվեր։ Կրկին կորուստներ, կրկին ողբ ու ցավ․․․ Խոնարհվում եմ բոլորի հիշատակի առաջ։

Պատրաստվեցինք տեղահանման ու դատարկված հոգով դուրս եկանք մեր հայրենիքից։ Սեպտեմբերի 25-ի պայթյունը, որի ժամանակ զոհվեցին նաև քրոջս երկու տղաները, լրիվությամբ կեղեքեց մեր սրտերը։ Ճիշտ են ասում՝ ախր դարդ կա, որ դարման չունի։

Արցախյան առաջին պատերազմում նահահատակված հերոսի այրին շարունակում է պայքարել հանուն կյանքի, հանուն մինուճար դստեր ընտանիքի։ Դաժան ցավը սրտում, հարազատների շիրիմների կարոտը հոգում՝ նա չի վհատվում սրտի թրթիռով սպասում է, որ մի օր կհայտարարվի Արցախ վերադառնալու բարի լուրը։ Այնժամ նա կկարողանա տղաների շիրիմներին այցի գնալ ու բոլորի փոխարեն ներողություն խնդրել։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Meta-ն ներկայացնում է հեղափոխական AI մտքերի տպագրության տեխնոլոգիա՝ առանց ձեռքերի կամ ձայնի

Meta-ն մշակել է AI տեխնոլոգիա, որը կոչվում է Brain2Qwerty, որը կարող է կարդալ մտքերը ուղեղի ակտիվությունից և դրանք վերածել տեքստի՝ առանց ֆիզիկական մուտքի: Դա արվում է 500 կգ, 2 միլիոն դոլար արժողությամբ սարքի միջոցով, որը միացված է օգտատիրոջ գլխին:

Թեև տեխնոլոգիան արդեն իսկ ցուցադրում է տպավորիչ հնարավորություններ, այնուամենայնիվ մտքերի վերծանման գործընթացում կան սխալներ։ Այս մասին գրում է Forbes-ը։

«Ալմա Աթայի վրա հիմնված խաղաղությունը» ձախողվեց. Հայաստանի ԱԳՆ-ն օգնություն է տենչում

Արցախում Հայաստանի դեմ 2020 թվականի ահաբեկչական պատերազմից և 2021 թվականի «ընտրություններից» հետո Հայաստանի իշխանությունն ապարդյուն իրավական հիմքեր է փնտրում Արցախը հանձնելու և հայկական իրավունքներից հրաժարվելու գործարքը օրինականացնելու համար։ Ազգային դատարանը կորոշի, թե ինչ կոռուպցիոն կամ այլ շահեր են կանգնած այս գործարքի հետևում։ Բայց առայժմ պարզվում է, որ Հայաստանի իշխանության՝ Արցախից հրաժարվելու միակ «հիմքը»` Ալմա-Աթան մեր աչքի առաջ քանդվում է, և ԱԳՆ-ն արդեն օգնություն է տենչում ԵՄ-ի նոր ղեկավարներից։

Խոսքը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում տեղի ունեցած «խորամանկ» գործարքի մասին է, որտեղ Շառլ Միշելի և Մակրոնի միջնորդությամբ իբր «իրավական հիմք» է գտնվել «Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար»՝ Ալմա-Աթայի հռչակագիր, ինչի մասին ավելի ուշ հայտարարեց Փաշինյանը։ Սրանից հետո սկսվեց «առանց միջնորդների» բանակցությունների գործընթացը, որի արդյունքը եղավ 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիան, Արցախի ամբողջական օկուպացիան և ողջ հայ բնակչության տեղահանությունը։ Իսկ 2024 թվականի ամռանը «Ալմա-Աթայի» շրջանակներում Տավուշում տեղի ունեցավ «սահմանազատում», որի պատրվակով 4 հայկական գյուղ հանձնվեց Ադրբեջանին։

Նիկոլ Փաշինյանը և նրա ԱԳՆ-ն այդ ժամանակվանից կրկնել են «խաղաղություն առանց միջնորդների» մանտրան, որ տարածաշրջանի երկրներն իրենք պետք է լուծեն բոլոր հարցերը միմյանց միջև, որ Ալմա-Աթան սահմանների որոշման օրինական հիմք է և այլ անհեթեթություններ։ Միևնույն ժամանակ Փաշինյանը սկսեց իրականացնել Բաքվի հերթական պահանջը՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը։

Սակայն Ալմա-Աթան ոչ թե Արցախի համար էր հորինված, այլ ուկրաինական հարցի. այն ժամանակ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը խոսում էին Ռուսաստանին 1991-ի սահմաններ, այդ թվում՝ Ղրիմը վերադարձնելու անհրաժեշտության մասին։

Շառլ Միշելի հեռանալուց և Դոնալդ Թրամփի նոր քաղաքականության մեկնարկից հետո պարզ դարձավ, որ Ալմա-Աթան հորինված է, և 1991 թվականի Ռուսաստանի և Ուկրաինայի սահմաններին վերադարձ չի լինի: Սա նշանակում է, որ Ալմա-Աթան կորցրել է իր լեգիտիմությունը նաեւ Արցախի պարագայում։ Այժմ Ֆրանսիայի դեսպանը սկսել է արդարանալ՝ ասելով, որ Փաշինյանն ինքն է Պրահայում ճանաչել Արցախը որպես «Ադրբեջանի մաս»։ Իսկ Մակրոնը գնաց Թրամփի հետ քննարկելու ուկրաինական գործարքը՝ առանց Ալմա-Աթայի:

Հայաստանի իշխանությունը վերջին շրջանում բարձր լացում է, որ Բաքուն չի արձագանքում իր առաջարկներին (երեկ պարզ դարձավ, որ ԱԳՆ-ն վերջապես Բաքվից պատասխան է ստացել իր որոշ առաջարկների վերաբերյալ)։ Իսկ երեկ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ԵՄ պատվիրակության հետ հանդիպմանը բացահայտ խոստովանեց, որ Հայաստանի քաղաքականությունը, որը հիմնված է «Ալմա-Աթայի» վրա, չարաչար ձախողվել է։

«Սահմանների սահմանազատման և սահմանազատման հարցերն ամենազգայուններից են Ադրբեջանի հետ մեր օրակարգում։ Այնուամենայնիվ, Բաքվի հռետորաբանությունը մեզ լավատեսության որևէ հիմք չի տալիս. ամեն անգամ նրանք վտանգավոր, սպառնալից ազդանշաններ են ուղարկում։ Մեր բանտարկյալները շարունակում են մնալ այնտեղ»,- ասաց Պարույր Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ հայկական կողմը խնդրում է միջազգային գործընկերներին միանալ «խաղաղության համար արվող ջանքերին»։ «Մենք շնորհակալ ենք Եվրամիությանը, բայց ԵՄ միջնորդական առաքելությունն այժմ չի աշխատում, և մենք հույս ունենք ներգրավել ԵՄ նոր ղեկավարին (Շառլ Միշելի փոխարեն): Եվ մենք ակնկալում ենք նրա այցը շատ մոտ ապագայում, նա կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Մասնակցությունը կարևոր է, որպեսզի մենք կարողանանք առաջընթաց գրանցել այս գործընթացում և հաստատել խաղաղություն»,- ասաց Պարույր Հովհաննիսյանը։

Արցախյան կարգավորման «Ալմա-Աթայի» շրջանի անփառունակ ավարտը պետք է գործընթացը վերադարձնի Կենտրոնական Ասիայի մեկ այլ մայրաքաղաք՝ Բիշքեկ, որտեղ 1994 թվականի մայիսի 12-ին Բաքուն հարկադրված էր զինադադար կնքել Հայաստանի և Արցախի հետ։

Նաիրա Հայրումյան

Ռուբեն Վարդանյանին հարցրել են Զորի Բալայանի հետ կապերի մասին


Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ ի բողոք դատավարության ընթացքում միջազգային և տեղական դատավարական իրավունքի կոպիտ խախտումների։ Այսօրվա նիստում Վարդանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է հացադուլի պատճառով, և դատարանը ստիպված է եղել ընդմիջում հայտարարել։

Չնայած վատառողջությանը, Վարդանյանին մի շարք հարցեր ուղղեցին, այդ թվում՝ Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Ղարաբաղի նախկին պաշտոնյաներ Սամվել Բաբայանի, Վիտալի Բալասանյանի, հրապարակախոս Զորի Բալայանի և այլոց հետ ունեցած կապերի մասին։ Հարցերին Վարդանյանը չպատասխանեց։

Հաջորդ դատական ​​նիստը նշանակվեց մարտի 4-ին։

“Մենք զրկել ենք Ղարաբաղը անկախությունից, հիմա էլ զրկում ենք ՀՀ-ի հետ միավորումից”․ ՔՊ

Հայաստանում 7-րդ տարին իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սկսել է խոստովանել, թե ինչ է արել սեփական ժողովրդի հետ։

Աշխարհում կատարվող իրադարձությունների ֆոնին, երբ ձախ լիբերալ գաղափարախոսությունը մարգիլացվում է, դեմոկրատիայի վրա իշխանության եկած ապազգային ուժերը կորցնում են դիրքերը։  Թրամփի ընտրություններից, որոշ եվրոպական երկրնրում պահպանողականների եւ նույիսկ ազգայնականների հաղթանակից հետո շրջադարձային կարելի է համարել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հայտարարությունն առ այն, որ նա պատրաստ է հրաժարական տալ՝ հանուն խաղաղության։

Ենթադրելի է, որ նման հեռանկար իր առջեւ տեսնում է եւ Փաշինյանը, և նրա թիմը արդեն չգիտի, թե ինչպես արդադացնի ապազգային քայլերը եւ պարտությունը։ Ցանկացած խոսք խոստովանության է վերածվում։

ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանը Ազատությանը տված հարցազրույցում ասել է, որ իրենք են արցախցիներին զրկել “անկախության հնարավորությունից, բացառապես միայն անկախության հնարավորությունից”: Նա ասել է, որ “Դաշնակցության պատճառով է, որ այսօր Լեռնային Ղարաբաղում հայ չկա”: Բայց Դաշնակցությունը չի ասել, որ Արցախն Ադրբեջանի մաս է, որից էլ օգտվել է Ալիևը, նկատել է Ազատությունը: “Մենք Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների համար ստեղծում ենք, փորձում ենք ստեղծել բոլոր հնարավորությունները, որ նրանք նոր կյանք ստեղծեն ՀՀ-ում”, ասել է երեսփոխանը լուրջ դեմքով։

Մեկ այլ երեսփոխան՝ ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հայտարարությանը, թե իրենք սպասում են, որ Հայաստանը կհաղթահարի կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտը սահմանադրության փոփոխությունների միջոցով՝ “օրինական կերպով հրաժարվելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից”, ասաց․

«Ադրբեջանի ներկայացուցիչները, հրաշալի իմանալով, թե ինչ ռեակցիա է դա բերելու Հայաստանում, ցանկանում են նմանատիպ հայտարարություններով թույլ չտալ Հայաստանում կատարել սահմանադրական բարեփոխումներ, ես այդպես եմ դա գնահատում»։

Անհեթեթությունն արդեն սահմաններ չունի։ Այսինքն՝ ՔՊ-ն միտումնավոր զրկել է արցախցիներին “անկախության հնարավորությունից”, բայց ուզում էր, որ նրանք շարունակեին ապրել Ղարաբաղում՝ Ադրբեջանի կազմում, քանի որ մինչ այդ Արցախի կարգավիճակը “դեֆորմացված էր”։ Իսկ հիմա միտումնավոր Սահմանադրություն են փոխում, որ զրկեն արցախցիներին Հայաստանի հետ վերամիավորվելու հիմքերից /1989 թ որոշում/, բայց Բաքուն խոչընդոտում է ու պնդում, որ Արցախը վերամիավորված է Հայաստանի հետ։

Այս աբսուրդը խոսում է հենց իշխող ուժի “դեֆորմացիայի” մասին, որը, ինչպես Տեր-Պետրոսյանն է ասել, պատուհաս է դարձել բոլորի գլխին։

Բայց դժվար թե Փաշինյանը հետեւի Զելենսկու օրինակին։

Նաիրա Հայրումյան

Հերիք է մեր հայոց քաղաքակրթությունը դարպաս, խաչմերուկ և կամուրջ անվանել

Այսօր՝ փետրվարի 25-ին, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ասել է․

«Մենք քրիստոնյա աշխարհի ժողովրդավարության դարպասներն ենք: Ժամանակն է լինել ոչ միայն դարպաս, այլև խաչմերուկ, համաշխարհային առևտուր, կապեր, հարթակ՝ տնտեսական, առևտրի, ինչպես նաև մշակութային, քաղաքական համագործակցության համար՝ արևելք, արևմուտք, հյուսիս, հարավի միջև»:

Ներկայիս կառավարությունը գիտակցաբար արժեզրկում է մեր պետության եւ քաղաքակրթության արժեքը, Հայաստանն անվանելով մեկ դարպաս, մեկ խաչմերուկ, մեկ կամուրջ։ Դարպասն ու խաչմերուկը ոչ սահմաններ ունեն, որ ազգային ինքնություն, ոչ պատմական ժառանգություն, ոչ էլ քաղաքական գործառույթ։ Դարպասն ու խաչմերուկը զուտ տեխնիկական նշանակություն ունեն։

Այս կառավարության “դուխը” չի հերիքում պնդել, որ մենք ազգային պետություն ենք, աշխարհի ամենահին քաղաքակրթություններից ենք, որը բազմաթիվ “ազգերի” եւ կայսրությունների ծննունդ է տվել, որ մենք տարածք և իրավունքներ ունենք Հայկական լեռնաշխարհում։ Նրանց դուխը հերիքում մեր երկիրը վերածել մնացածների ոտի տակ ընկած խաչմերուկի։