Հեղինակ՝ naira
«Նոյեմբերի 9-ի մնացած որեւէ հոդված գոյություն չունի, եւ սա է դե ֆակտո իրականությունը»
«Բայց հիմնավորումը ո՞րն է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով է հնարավոր կանխել Ադրբեջանի հարձակումը, որովհետեւ նոյեմբերի 9-ի հայտարարության մաս Հայաստանը եղել է, եւ տեսել ենք, թե ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում»,- այսօր լրագրողներին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որ պետք է վերադառնալ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին, որպեսզի Ադրբեջանը չհարձակվի։
Արմեն Գրիգորյանը նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը մեկ հոդված չունի, եւս 8 հոդված ունի, եւ մենք տեսել ենք, թե ինչ է տեղի ունեցել այդ հոդվածների հետ։ «Ինչպես կարող է որեւէ մեկն այդ 8 հոդվածի հետ տեղի ունեցած իրականությունը չընդունել եւ ասել՝ եւս մեկ հոդվածի համար մենք պետք է վերադառնանք այդ հայտարարությանը։ Կարող է վերադառնանք, եւ նույն ճանապարհը կրկնվի»,- ասաց Գրիգորյանը։
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանն իր ստորագրությունը հետ չի կանչում այդ հայտարարությունից, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Դա արդեն ուրիշ քննարկման հարց է։ Նոյեմբերի 9-ի մնացած որեւէ հոդված գոյություն չունի, եւ սա է դե ֆակտո իրականությունը»։
Ի՞նչ են ուզում փոխել Սահմանադրությունում, հարցին Արմեն Գրիգորյանը հստակ չպատասխանեց
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին այսօր լրագրողները հարցրել են, թե ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը փորձում Բաքվի թելադրանով փոխել Հայաստանի Սահմանադրությունը։
«Սահմանադրական փոփոխությունների մասին խոսվել է ավելի վաղ՝ 2020 թվականից սկսած։ Եվ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց, դա արտաքին գործընթացների հետ առնչություն չի կարող ունենալ»,- ասել է Արմեն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Բաքվից պահանջ է ներկայացվում, որպեսզի Հայաստանի Սահմանադրությունը փոխվի։ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ նոր Սահմանադրություն ընդունելու համար հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն կա։
Ի՞նչ են ուզում փոխել Սահմանադրությունում, հարցին Արմեն Գրիգորյանը հստակ չպատասխանեց։
Նիկոլ Փաշինյանը նաեւ ասել էր, որ Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքներ են իրականացվելու, համակարգող հանձնաժողով է ստեղծվելու։ Հարցին, թե ի՞նչ վերանայումներ են լինելու, Արմեն Գրիգորյանը պատասխանել է․ «Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման անհրաժեշտությունն առաջացել է այն փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել Հայաստանի անվտանգության միջավայրի շուրջը։ Նախորդ Ազգային անվտանգության ռազմավարությունը, որը պատրաստվել ու հրապարակվել է 2020 թվականի ամռանը, դրանից հետո մեծ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի շուրջը։ Նաեւ այդ փոփոխությունների դինամիկան հաշվի առնելով՝ մենք որոշակի ժամանակ սպասել ենք։ Եվ սպասելուց հետո որոշակի հստակեցուներ ունենալով՝ որոշել ենք նոր ռազմավարություն ունենալ»։
Բալայան. 37 տարի առաջ ամենակարեւոր զարգացումն այն էր, որ մարդկանց մեջ սպանվեց ստրուկը
«1988-ի եւ դրան նախորդած որոշումները իրավական տեսանկյունից բավական անաղարտ էին, որովհետեւ դրանք համապատասխանում էինք տվյալ ժամանակաշրջանի խորհրդային Սահմանադրության պահանջներին ու միջազգային իրավունքի նորմերին։ Հետեւաբար, արցախահայության պայքարը՝ իր ինքնորոշման, իր ազատ ապրելու իրավունքի առումով, արդարացված էր եւ միաժամանակ նաեւ սահմանադրական էր»,- այսօր լրագրողներին ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանը։
Նրա խոսքով՝ հետագա զարգացումները բերեցին նրան, որ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետեւանքով արցախահայությունը բռնի տեղահանվեց։ «Իմ կարծիքով՝ ամեն ինչ վերջացած չէ, որովհետեւ աշխարհն անընդհատ փոխվում է, վերջին տարիներին երրորդ համաշխարհային պատերազմ է ընթանում, եւ աշխարհի վերաձեւում է տեղի ունենում, ուժային կենտրոնների կողմից նոր աշխարհակարգ է ձեւավորվում։ Եվ մենք հնարավորինս պետք է փորձենք այդ իրավիճակի մեջ մեր ազգային շահը տեսնել ու հետամուտ լինել այդ շահի իրագործմանը։ Այսօր արցախահայությունը շատ ծանր վիճակի մեջ է, բայց հայ ժողովուրդրը շատ դժվարություններ է հաղթահարել, այս փորձության միջով էլ կանցնեք»,- նշեց նա։
Ըստ Բալայանի՝ 37 տարի առաջ ամենակարեւոր զարգացումն այն էր, որ մարդկանց մեջ սպանվեց ստրուկը, այսինքն՝ այն մտածելակերպը, որ մենք ի վիճակի չենք որեւէ բան անել։ Ժողովուրդն ապացուցեց, որ կարող է համախմբված ու միասնական լինելով՝ հարցեր լուծել։ Փաստորեն ապացուցվեց, որ անկախ նրանից՝ ժողովուրդն է փոքրաքանակ, թե երկրի տարածքն է փոքր, դա կապ չունի, եթե կա նպատակ ու ուժերի մեկտեղում, ապա կարելի է հասնել այդ նպատակին։
«Այսօր էլ է այդ գաղափարն արդիական, այնպես չէ, որ մեր ժողովուրդն այսօր խեղճ ու կրակ է, այդ ռեսուրսը մեր ժողովուրդն ունի, պարզապես պետք է կազմակերպել ու ժողովրդին միավորել եւ դրական էներգիան նպատակաուղղել ազգային, պետական խնդիրների լուծմանը»,- ընդգծեց Վահրամ Բալայանը։
«Բազմաթիվ անգամ ավելի լավ պայմաններում մենք գնացինք այդ խայտառակ զինադադարին՝ փաստորեն Արցախը մտցնելով շրջափակման մեջ»
«Խախտվել է պատերազմի այբուբենը, թշնամին առաջին իսկ րոպեներից հարվածում էր մեր ռազմավարական օբյեկտներին, իսկ Հայաստանի կողմից պատասխան չկար։ Իսկ ժամանակակից պատերազմում անգամ մեկ ժամն էլ նշանակություն ունի։ Այդ բացթողումների եւ պատերազմի սխալ կառավարման հետեւանքով, հետո նոյեմբերի 9-ի այդ խայտառակ զինադադրի հետեւանքով, երբ առանց որեւէ կրակոցի երեք շրջան հանձնվեց թշնամուն, հասել ենք այս օրվան»,- այսօր լրագրողներին ասաց Արցախյան շարժման ակտիվիստ Բորիս Առուշանյանը։
Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի դրությամբ հայկական բանակն ավելի լավ վիճակում էր, քան 1992 թվականին, երբ պատերազմի մեջ էինք։ «Բազմաթիվ անգամ ավելի լավ պայմաններում մենք գնացինք այդ խպայտառակ զինադադարին՝ փաստորեն Արցախը մտցնելով շրջափակման մեջ»,- հավելեց նա։
Ըստ Առուշանյանի՝ հետագայում եղան այլ սխալներ, եւ մենք հայտնվեցինք այս խայտառակ վիճակում։ Նա ասաց, որ նոր աշխարհակարգ է ձեւավորվում, հնարավոր են տարածաշրջանային այնպիսի զարգացումներ, որ միջազգային երաշխիքների եւ հայ ժողովրդի ինքնակազմակերպման միջոցով հնարավոր լինի արցախցիների հավաքական վերադարձը։ Դրա համար պետք է ունենալ հավաքական վերդարձի հստակ ծրագիր եւ համապատասխան աշխատանք տանել այդ ուղղությամբ։
Այո, կան հնարավորություններ Արցախի հարցը ակտիվացնելու, Մինսկի խմբի համանախագահի ինստիտուտը վերագործարկելու․ Դավիթ Գալստյան
«Արցախը կա, Արցախը լինելու է, անկախ նրանից, թե որ իշխանությունն ինչ է արել Արցախի գլխին։ Նրանք պատասխան են տալու»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին հայտարարություններին՝ Դավիթ Գալստյանն ասաց․ «Հենց նրա օգնությամբ ու անմիջական մասնակցությամբ մենք ունեցանք կորսված Արցախի տարածք, որն այսօև բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Խոսելով Սահմանադրության փոփոխության մասին՝ մենք բոլորս հասկանում ենք, որ դա թուրք-ադրբեջանական տանդեմի հերթական պահանջն է, որին տրվել են օրվա իշխանությունները։ Եվ այսօր նրանք փորձում են հաճոյանալ այդ տանդեմին ու իրենց համար հենարան գտնել հենց այդ տանդեմի մեջ»։
Դավիթ Գալստյանի խոսքով՝ այսօրվա պայքարն ուղղված է նրան, որ Արցախի նկատմամբ մեր իրավունքները վերականգնվեն, այդ թվում՝ վերադարձի իրավունքը պետք է բերել միջազգային օրակարգ։ «Քանի չկան բանակցություններ, եւ չկա Արցախի անվտանգության երաշխավորի՝ ՀՀ կողմից ինստիտուցիոնալ պահանջ, որպեսզի այդ հարցը մտնի միջազգային օրակարգ, որեւէ այլ դաշտում չի կարող քննարկվել Արցախի հարցը։ Երբ Ադրբեջանը խոսում է նոյեմբերի 9-ի 9-րդ կոտից, ՀՀ օրվա իշխանությունները կարծես թե չեն կարողանում ասել, որ մինչեւ 9-րդ կետը կա 8 կետ, որոնք Ադրբեջանը կոպիտ խախտել է, այն է՝ Լաչինի միջանցքի հարցը, Արցախցիների՝ Արցախում բնակվելու իրավունքը եւ այլն։
Եվ նրանք, լինելով պարտված իշխանության սիմվոլներ, պարտության սիմվոլներ, երբեւէ չեն կարողանալու այդ հարցը բարձրաձայնել, քանի որ նրանք չեն բանակցում, գլխիկոր վիճակում են գտնվում եւ կատարում են հրահանգներ։ Եվ ինչքան ժամանակ մենք ունենանք պատության սիմվոլ հանդիսացող հայ ազգի ներկայացուցիչներ, հայ ազգի համար բանակցություններում որեւէ դրական կետ չի լինելու։
Այո, կան հնարավորություններ Արցախի հարցը ակտիվացնելու, Մինսկի խմբի համանախագահի ինստիտուտը վերագործարկելու, բայց, ցավոք, սրտի օրվա իշխանությունը փորձում է բոլոր հնարավոր անկյունները փակել, որպեսզի իրենցից հետո էլ չկարողանան այդ հարցերը բացել։ Բայց համայն աշխարհին հայտարարում եմ՝ Արցախի հարցը որեւէ իշխանության սեփականությունը չէ եւ որեւէ իշխանություն չի կարող փակել հայ ժողովրդի պայքարը»,- հավելեց նա։
Դավիթ Գալստյանը նաեւ ասաց, որ Արդբեջանի ենթակայության տակ ու ադրբեջանական երաշխիքներով որեւէ հայ չի վերադառնա Արցախ, պետք է լինեն այլ երաշխիքներ։
Արթուր Խաչատրյան․ Արցախն իր հոր բոստանը չէ, որ ինքն ինչ ուզենա, անի
«Հայաստանի երրորդ Հանրապետությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության փաստացի միավորման, համատեղ կենսագործունեության արդյունքում»,- այսօր Եռաբլուրում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է ընդհանրապես փակել Արցախի էջը՝ չունենալով դրա իրավունքը, որովհետեւ Արցախի ժողովուրդն իրեն դա չի լիազորել՝ Արցախն իր հոր բոստանը չէ, որ ինքն ինչ ուզենա, անի։
«Դրանից բացի, ինքը թուրքական պահաջներն ու նախապայմաններն է կատարում՝ ուրանալ Ցեղասպանությունը, դադարեցնել Ցեղասպանության հետապնդման աշխատանքները, վաղը ինքը կփոխի սիմվոլիկան, Սահմանադրության մեջ դա կանի։ Այսինքն՝ ինքը սարքում է թուրք-ադրբեջանի խամաճիկային պետություն, որտեղ որոշումները կայացվում են Անկարայում կամ Բաքվում, եւ ինքը Երեւանում դա փորձում է սեփական ժողովրդի վրա վաճառել»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ ժողովուրդը պետք է գիտակցի, որ երկիրը պետք է ղեկավարի մարդ, ով առաջնորդվում է ազգային շահերով, այլ ոչ թե սեփական շահերով։ Խաչատրյանի խոսքով՝ սահմանադրական հանարքվեն չպետք է անցկացվի, հայ ժողովուրդը պետք է ասի, որ թուրք-ադրբեջանական պահանջներին չի ենթարկվելու։
Նա նշեց, որ 1990-ականներին էլ Ադրբեջանն ավելի ուժեղ էր, քանի որ Թուրքիայի աջակցությունն ուներ, բայց մենք հաղթեցինք Ադրբեջանին, Հայաստանը ձեռք էր բերել ռազմավարական խորություն։
Մետաքսե Հակոբյան․ հիմա նույն սցենարն է, ինչ տեղի ունեցավ սկսած 2019 թվականից Արցախի հետ
«Մենք 37 տարի առաջ վերածնունդ ապրեցինք եւ ի լուր աշխարհի մեր միասնականությունը ցուցադրեցինք։ 37 տարի հետո՝ հիմա առավել քան ունենք դրա կարիքը»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրություն ընդունելու կարիք կա, Մետաքսե Հակոբյանն ասաց․ «Այսինքն՝ հաջորդ փուլն ենք մտնում Արցախից հետո, որտեղ հայտարարվում է, որ Հայաստանը՝ ի դեմս այս իշխանությունների, պատաստ է, որպեսզի թշնամին գա ու տիրանա»։
Ըստ նրա՝ նույն սցենարն է տեսնում, ինչ տեղի ունեցավ սկսած 2019 թվականից Արցախի հետ։ «Սա ամենալուրջ հայտարարությունն էր, որն Արցախի հայաթափումից հետո արվեց այս անձի կողմից։ Նա համարեց, որ Արցախի հարցը փակվեց, հերթը Հայաստանի հարցի փակմանն է»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։
«Արցախահայությունը, ինչպես 1980-ականներին, այնպես էլ այսօր լի է վճռականությամբ»
Այսօր նշվում է Արցախյան շարժման 37 ամյակը։ Արցախի Հանրապետության եւ ՀՀ Ազգային ժողովների պատգամավորներն այսօր առավոտյան այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն։ Արցախի իշխանությունների նախաձեռնությամբ օրվա ընթացքում միջոցառումներ են անցկացվելու։
Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը լրագրողների հետ զրույցում ասաց․ «1988-ի փետրվարի 20-ը խորհրդանշական է ոչ միայն արցախահայության, այլ ամբողջ հայ ազգի համար, քանզի դարեր անց՝ 20-րդ դարում հայը վերջապես հստակ, վճռականորեն եւ իրավական տեսանկյունից անթերի աշխարհին ներկայացրեց իր իրավունքը՝ ապրել իր պատմական հայրենիքում՝ անկախ, արժանապատիվ։ Եվ այդ իրավունքն իրագործվեց ՀՀ ստեղծմամբ եւ 1988-ի շարժման արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծմամբ։ Ցավոք, այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ Արցախը հայաթափվել է, սակայն արցախահայությունը, ինչպես 1980-ականներին, այնպես էլ այսօր լի է վճռականությամբ՝ եւս մեկ անգամ, հուսով եմ՝ արդեն վերջնականապես հայացնել Արցախը»։
Հարցին, թե ի՞նչ հնարավորություն են տեսնում հավաքական վերադարձի համար, Բաղունցը պատասխանեց, որ վերադրաձը պետք է լինի համաձայն բոլոր միջազգային նորմերի, մեր պատմական անցյալի ու պատմական իրավունքի։
Գագիկ Բաղունցն անդրադարձավ նաեւ արցախցիների մասին ՀՀ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին։ «Արցախցու կռվելու, հայ քաջորդինեի կռվելու ապացույցն այն է, որ Արցախի յուրաքանչյուր բնակավայրում կան մեր հերոս քաջորդիների տասնյակ, հարյուրավոր շիրիմներ, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հանուն Արցախի։ Ղարաբաղում եղբայրական գերեզմանոցները նույնպես վկայում են, որ արցախցին ու ամբողջ հայ ազգը կռվել է Արցախի համար եւ փորձել անել ամեն ինչ, որպեսզի Արցախը մնա հայկական։ Բայց այս կամ այն հանգամանքների բերումով մենք այսօր ունենք հայաթափված Արցախ, որը հուսով եմ՝ ժամանակավոր է»,- ասաց նա։
Վաշինգտոնը «դուրս մղեց» Եվրոպային Ուկրաինայի մասին բանակցություններից
DW
Վաշինգտոնը եվրոպացիներին չի տեսնում որպես Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին վերջ տալու բանակցությունների անմիջական մասնակից, շաբաթ օրը՝ փետրվարի 15-ին, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հայտարարել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը։ Միաժամանակ Քելլոգը վստահեցրել է, որ հաշվի կառնվեն եվրոպական շահերը։
Ամերիկացի գեներալի խոսքով՝ բանակցությունների սեղանի շուրջ կլինեն «ուկրաինացիներ, ռուսներ եւ, իհարկե, ամերիկացիներ», հաղորդում է Associated Press-ը։
Թրամփի հատուկ ներկայացուցիչն այս դիրքորոշումը բացատրել է նրանով, որ ԱՄՆ-ն ցանկանում է խուսափել կարգավորման Մինսկի ձևաչափի խնդիրներից, երբ բանակցություններում ներգրավված են եղել չափազանց շատ մասնակիցներ, որոնք իրական ազդեցություն չեն ունեցել խաղաղ գործընթացի վրա։ «Մենք չենք պատրաստվում գնալ այդ ճանապարհով», – ասաց Քելլոգը:
Միևնույն ժամանակ, Քիթ Քելլոգը նշել է, որ «անհրաժեշտ է ապահովել Ուկրաինայի ինքնիշխանությունը», և «եվրոպական դաշինքը վճռորոշ դեր է խաղալու դրանում»։
Ի պատասխան Կելլոգի խոսքերի՝ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմեր Շտեներգաարդն ասել է, որ եվրոպացի ներկայացուցիչները պետք է լինեն բանակցությունների սեղանի շուրջ, եթե նրանցից ակնկալվում է զորքեր ուղարկել Ուկրաինա, գրում է РБК-Украина հրատարակությունը։
Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Սինիրիլօղլուն չեն հիշատակել Մինսկի խումբը
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Հայտնում են կառավարութան մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները։
Ֆերիդուն Սինիրլիօղլուն ներկայացրել է կազմակերպության հետագա գործունեության առաջնահերթություններն ու ծրագրերը։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակության հարցերի:
Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, որի հաջողությունն էական դեր կունենա տարածաշրջանային կայունության ապահովման գործում։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղության և կայունության հաստատման ջանքերին։
44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները
44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ հետազոտության նույնականացմամբ գտնվել են հերոսաբար նահատակված եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները։ Հայտնում են Սիսիանի համայնքապետարանից:
Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 16-ին` ժամը 17։00-ից 20։00-ն, Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ փետրվարի 17-ին, ժամը 13։00-ին, Սիսիանի քաղաքային պանթեոնում։