Մոտ մեկ ժամ տղաները կատաղի մարտ մղեցին անհավասար ուժերի դեմ։ Խմբի 9 հոգուց 6-ը զոհվեցին, որոնց մեջ էր Ռաֆիկը

Մի՞թե Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրն ու Երևանի Եռաբլուրը լուռ վկաները չեն մեր տղաների անձնազոհության

 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված՝ ԱԱԾ հատուկջոկատային Ռաֆիկ Հարությունյանի կինը՝ Անահիտը, երկու անչափահաս երեխաների հետ Երևան քաղաքում է հաստատվել։ Բռնատեղահանվելուց հետո տարբեր դասընթացների է մասնակցել, հաշվապահություն ու SMM նորօրյա մասնագիտություններում է հմտացել, բիզնեսդասընթացների հաճախել։ Անահիտն այսօր իր փոքրիկ բիզնեսն ունի։ Նա սվարովսկի և այլ քարերով տարբեր իրեր է զարդարում, դրանց նոր ոճ ու յուրահատկություն հաղորդում և վաճառքի հանում։ Արդեն պատվիրատուներ ունի, բիզնեսը կամացկանաց առաջ է շարժվում, սակայն այս պահին զոհվածի կնոջ մտահոգությունները բոլորովին այլ ուղղությամբ են։

 Անահիտը չի կարողանում թաքցնել ցավն ու վիրավորանքը

-Ամուսինս ապրիլյան քառօրյա, 2020 թվականի 44-օրյա պատերազմների մասնակից էր։ Նա 2022 թվականից ծառայության է անցել Արցախի հատուկ նշանակության վարչությունում։ 2022-ի սեպտեմբերին ջոկատի տղաների հետ մասնակցել է Ջերմուկի մարտական գործողություններին։ Վերջին օրերին, և ոչ միայն, լսվում են արտահայտություններ, որ արցախցին չի կռվել։ Ինչպես կարող են մարդիկ նման բան ասել, երբ ամեն ինչ ակնհայտ է։ Մի՞թե Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրն ու Երևանի Եռաբլուրը լուռ վկաները չեն մեր տղաների անձնազոհության։ Ռաֆիկը, երբ Ջերմուկում էր, մի անգամ զանգեց ու ասաց, որ տղաների հետ Մայր Հայաստանն են պաշտպանում․ դա իրենց սուրբ պարտականությունն է։ Հոգու խորքում հպարտանում էր, որ այնտեղ է։ Ափսոսում էր զոհերի համար։

Սեպտեմբերի 19-ին Մարտակերտի շրջանի Կաշենի հանքի դիմաց, ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Նոր Կարմիրավան գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում էր։ Երեք օրից պետք է հանձներ հերթապահությունը և տուն վերադառնար։ Սեպտեմբերի 19-ի կեսօրին մոտ թշնամին հարձակվեց դիրքի վրա։ Մոտ մեկ ժամ տղաները կատաղի մարտ մղեցին անհավասար ուժերի դեմ։ Խմբի 9 հոգուց 6-ը զոհվեցին, որոնց մեջ էր Ռաֆիկը։ Միայն սեպտեմբերի 23-ին նրա մարմինը փոխանցվեց հայկական կողմին՝ ամբողջությամբ անճանաչելի դարձած։ Ծառայակից ընկերներն ասում են, որ նա մինչև վերջ կանգնել է մարտական դիրքում՝ զենքը ձեռքին։

Այո՛, արցախցին կռվել է մինչև վերջ, կռվել է իրեն գերազանցող ուժերի դեմ ու զոհվել հերոսաբար։ Աստված է վկա, ու միայն Նա կարող է դատավոր լինել։

Անահիտը հավատում է, որ կկարողանա ոտքի կանգնեցնել երեխաներին։ Նա պարտավորություն ունի Ռաֆոյի հանդեպ։ Երեխաների մոտ աշխատում է ուժեղ լինել թեկուզ շատ դժվար է, բայց իր մեջ զսպում է ցավն ու ժպտում Վիկտորիային ու Սերգեյին

-Ցասումը վատ խորհրդատու է։ Ցավալիորեն ծանր է զրպարտություններ լսել տղաների մասին։ Աշխատում եմ հանգիստ լինել, որ կարողանամ տեր կանգնել երեխաներիս։ Մայրիկիս հետ միասին ենք ապրում։ Նրա շնորհիվ կարողանում եմ ուժ հավաքել ու մտածել ապագայի մասին։ Այսօր մեզ համար ամենակարևորը բնակապահովման խնդիրն է։ Ծրագրից օգտվելու համար մենք ընդունել ենք ՀՀ քաղաքացիություն։ Սակայն մեր ընտանիքին հասանելիք գումարով չենք կարողանա բնակարան գնել։ Կարծում եմ՝ պետք է օգտվեմ հիպոթեքային վարկից, որ կարողանամ երեխաներիս համար տուն ձեռք բերեմ։

Անահիտը դեռևս մշտական աշխատանք չունի

-Տանը զբաղվում եմ ձեռքի աշխատանքով։ Սվարովսկի քարերով զարդարում եմ բաժակներ, ափսեներ, պայուսակներ, մոխրամաններ, գոտիներ և այլ իրեր։ Պատվիրատուներիս շրջանակն արդեն ընդլայնվում է։ Այս պահին պատվիրատուս ամերիկահայ է։

Crystal Shine կոչվող սոցիալական իմ էջում տեսել է աշխատանքներս, հավանել ու պատվիրել ՀՀ զինանշանը։ Իհարկե, դա մեծ պատասխանատվություն է, որն աշխատում եմ պատվով կատարել։ Բիզնես վարելու մարկետինգային ու ֆինանսական նրբություններին ու հմտություններին տիրապետելու գործում ինձ օգնել են այն բոլոր դասընթացները, որոնց մասնակցել եմ Երևանում։

Գիտեմ՝ առջևում ինձ շատ դժվարություններ են սպասվում, սակայն ես կկարողանամ արժանապատվորեն հաղթահարել ու Աստծո օգնությամբ զավակներիս դաստիարակել արժանվույն։ Միայն թե արցախցին Մայր Հայաստանում իրեն օտար և ընկճված չզգա ու երբեք չմարի Արցախ վերադառնալու նրա հավատը։

Կարինե Բախշիյան

«Էլեկտրաշոկ» Եվրոպայի համար. սպասվում է հարձակում եվրոպական երկրների վրա

Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամների հայտարարությունները, որոնք հանգնում են նրան, որ ԱՄՆ-ը այլեւս չի պաշտպանի Եվրոպան, իսկական ցնցում է առաջացրել եվրոպական երկրներում։

Պուտինի հետ Թրամփի հեռախոսազրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կոչ է արել ԵՄ-ին շտապ մտածել պաշտպանական և տնտեսական խնդիրների մասին, գրում է Financial Times-ը։

Մակրոնը վաղուց էր կոչ անում ԵՄ առաջնորդներին ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել ԵՄ անվտանգության, ինչպես նաև Ռուսաստանից և Չինաստանից տնտեսական անկախության ապահովման համար։ ԱՄՆ-ում Թրամփի իշխանության գալը պետք է նոր խթան հանդիսանա ԵՄ-ի համար՝ սկսելու ավելի շատ ներդրումներ կատարել սեփական անվտանգության համար, ասել է նա։

«Սա էլեկտրաշոկ է։ Ասիմետրիկ ցնցումներ են պետք, արտաքին ցնցումներ են պետք։ Սա էկզոգեն ցնցում է եվրոպացիների համար», – ասել է Մակրոնը՝ խոսելով Թրամփի շուրջ ստեղծված իրավիճակի և Ուկրաինայի ու ԵՄ-ի վերաբերյալ նրա որոշումների մասին։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իր հերթին Բունդեսթագին կոչ է արել արտակարգ դրություն հայտարարել՝ հաշվի առնելով Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։

«Այսօր մենք պետք է առերեսվենք այն իրականության հետ, թե ինչ են նշանակում ԱՄՆ կառավարության գործողություններն ու հայտարարությունները Ուկրաինայի, Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար»,- ասել է նա։ Քաղաքական գործչի կարծիքով՝ անգործությունը կնշանակի վտանգել Գերմանիայի և ամբողջ մայրցամաքի անվտանգությունը։ Նա խոստացավ թույլ չտալ, որ դա տեղի ունենա։

Փորձագետներն արդեն քննարկում են, որ Պուտինի և Թրամփի բանակցությունները, ինչպես նաև Չինաստանի հավանական միանալը դրան, նման են հերթական «Յալթայի»՝ աշխարհը գլոբալ ազդեցության գոտիների բաժանման նախապատրաստություններին, որտեղ Եվրոպան և եվրոպական երկրները ոչ թե սուբյեկտ են, այլ բաժանման առարկա։

Այս կապակցությամբ նշվում է, որ Եվրոպայի պաշտպանությանը մասնակցելուց ԱՄՆ-ի հրաժարումը և ՆԱՏՕ-ի սկզբունքները վերանայելու մտադրությունը Պուտինի կողմից կարող են ընկալվել որպես «գործելու հրաման»։ Փորձագետները նախազգուշացնում են ռուսական հնարավոր հարձակման և եվրոպական երկրների բռնակցման մասին։

Կառավարությունը հրապարակել է արցախցիների բնակապահովման ծրագրում կատարված փոփոխությունները

Հաշվի առնելով ԼՂ հայրենակիցների հետ ունեցած վերջին քննարկումները, նրանց կողմից ներկայացված առաջարկ-դիտարկումները՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացվել են բարեփոխումներ՝ հիմնական պայմաններում կատարելով վերջնական փոփոխությունները, մասնավորապես` 1 անձի գծով տրվող աջակցության չափի և առանձին՝ ավելի բարձր աջակցությամբ բնակավայրերի ցանկերի մասով։

Ըստ այդմ՝

  • սահմանվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ, որում ներառված են 39 համայնքների 443 բնակավայրեր՝ նախկին 148-ի փոխարեն (ՀՀ կառավարության 2024 թ․ մայիսի 16-ի 710 Լ որոշում, հավելված 3),
  • ձեռքբերվող անշարժ գույքի բնակմակերեսի նկատմամբ կիրառվող սահմանաչափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով նվազեցվում է 3 քմ-ով և սահմանվում 9 քմ.,
  • եթե շահառու ընտանիքն ընտրում է ծրագրի՝ անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը, ապա իրացվող հավաստագրի արժեքում ներառվող անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողի նկատմամբ մակերեսի սահմանաչափ չի կիրառվում․ տվյալ դեպքում աջակցությունը սահմանվում է մինչև 4 մլն դրամ՝ 3-ի փոխարեն,
  • ձեռք բերվող բնակարանի, կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի, անհատական բնակելի տան, կառուցվող անհատական բնակելի տան և դրա կառուցման համար նախատեսված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառու ընտանիքի բոլոր չափահաս անդամների անվամբ, այսինքն՝ անչափահասներին գրանցելն այլևս պարտադիր չէ,
  • գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչից կարող են օգտվել նաև 2024 թվականի մայիսի 16-ից հետո, բայց մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ձևակերպված հիփոթեքային վարկ ունեցողները, և այս դեպքում աջակցությունն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կազմում է 3 մլն դրամ,
  • ծրագրի 1-ին փուլից կարող են օգտվել ցանկացած այլ կազմով ընտանիքները, որոնք ի լրումն ծրագրով նախատեսված հավաստագրի՝ անշարժ գույքի արժեքի առնվազն 30 տոկոսի չափով լրացուցիչ վճար կկատարեն կամ հավելյալ հիփոթեքային վարկ կստանան ծրագրի ցանկացած բաղադրիչով,
  • ծրագրի 2-րդ (2 երեխա ունեցող ընտանիքների համար) և 3-րդ փուլերը (1 երեխա ունեցող ընտանիքների համար) կմեկնարկեն համապատասխանաբար 2025 և 2026 թթ․ հուլիսի 1-ից՝ 2026-ի և 2027-ի հունվարի 1-ի փոխարեն,
  • եթե երեխան ծնվել է հավաստագրի ստացումից կամ իրացումից հետո, ապա այդ երեխայի հաշվով աջակցությունը կարող է ուղղվել ծրագրի շրջանակում շահառուին տրամադրված հավելյալ հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ այն իրացվում է որպես դրական մնացորդ։

Հիշեցնենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումները շարունակվում են ընդունվել https://housing.socservice.am/ հարթակում։

Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է արել ազատ արձակել Բաքվում պահվող Արցախի առաջնորդներին

Փետրվարի 13-ին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Ադրբեջանում ձերբակալված ԼՂ նախկին առաջնորդների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ» կոչ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Փարիզի քաղաքապետի հրավերով կոչի ընդունմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։ Կոչում հղում է արվում քաղաքապետ Անն Հիդալգոյի՝ Հայաստան կատարած այցերին և և հայ ժողովրդի հետ վերջինիս անմնացորդ համերաշխությանը, վերաhաստատվում է Փարիզի քաղաքային խորհրդի լիակատար աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին։

Նշված կոչով, անդրադառնալով ԼՂ նախկին առաջնորդների ձերբակալման հանգամանքներին, Ադրբեջանում նրանց պահման պայմաններին և նրանց դեմ առաջադրված շինծու մեղադրանքներին, Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է ԼՂ նախկին առաջնորդների ապօրինի ձերբակալությունը և կեղծ դատավարությունները, պահանջում է նրանց ազատ արձակումը։

Կոչը Փարիզի քաղաքային խորհրդի քվեարկությանն է ներկայացվել քաղաքապետի տեղակալ Առնո Նգաչայի կողմից։

Եվրոպան ցնցված է Թրամփ-Պուտին զրույցից. ասում են՝ Ուկրաինան ծախում են

Երեկ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույց է տեղի ունեցել, որից հետո ԱՄՆ նախագահը զանգահարել է նաև Զելենսկիին։ Նույն օրը հայտնվեց նաեւ ԵՄ արձագանքը Պուտինին ուղղված Թրամփի կոչին։ Հիմնական եզրակացությունը հետևյալն է. Բրյուսելը վստահ է, որ ԱՄՆ-ն ցանկանում է խաղաղության բանակցություններ վարել Ուկրաինայում իր և Եվրամիության թիկունքում։

Financial Times-ը գրում է, որ արդարացել են ԵՄ երկրների մտավախությունները, թե Թրամփը կբանակցի Պուտինի հետ՝ առանց Եվրոպային հաշվի առնելու։

Իսկ Շվեդիայի նախկին վարչապետ Կարլ Բիլդտը Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը համեմատեց 1938 թվականի Մյունխենի համաձայնագրի հետ։ Նախկին քաղաքական գործիչը նշել է, որ սա «նորարարական մոտեցում է»՝ Ռուսաստանի Դաշնությանը մեծ զիջումների գնալ նախքան բանակցությունների սկսվելը։

ԵՄ երկրները վստահ են, որ իրականում Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը Ուկրաինային «կանխարգելիչ կապիտուլյացիայի» ստիպելու փորձ է։ Այլևս սա Պուտինի և Թրամփի աշխարհն է՝ Ամերիկան ​​այլևս շահագրգռված չէ Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության ապահովմամբ, գրում է բրիտանական The Telegraph հրատարակությունը։

Եվրոպական առաջնորդները ապշած էին այդ կոչից, ոմանք բացահայտ ասում էին, որ Թրամփը վաճառում է Ուկրաինան: Ավելին, Բրյուսելում ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ընդգծել է, որ Ուկրաինան տեղ չունի ՆԱՏՕ-ում։ Իսկ Թրամփը հասկացրել է, որ ԱՄՆ արդարադատության նախարարության ղեկավարի այցը Ուկրաինա փորձ է Կիևից գոնե որոշակի երաշխիքներ ստանալու, որ ամերիկյան զենքի գումարները կվերադարձվեն ԱՄՆ բյուջե։

Politico-ի լրագրողները գրում են, որ եկել է այն օրը, որից Ուկրաինան և ԵՄ-ն սարսափում են ամիսներ, եթե ոչ տարիներ։ Թրամփը ոչ միայն հայտարարեց, որ այլևս անվճար ռազմական օգնություն չի լինի Ուկրաինային, այլև Կիևը պետք է զիջի իր մի շարք տարածքներ։ Պենտագոնի ղեկավարը նաև հասկացրել է ԵՄ երկրներին, որ ԱՄՆ-ն այլևս չի լինելու իրենց անվտանգության երաշխավորը։

Ակտիվիստները հարգել են Իգոր Մուրադյանի և Էմիլ Աբրահամյանի հիշատակը

Ղարաբաղյան շարժման մեկնարկի 37-րդ տարեդարձի կապակցությամբ ակտիվիստները հարգել են Իգոր Մուրադյանի և Էմիլ Աբրահամյանի հիշատակը։

Նրանք հիշեցին Իգոր Մուրադյանի վերջին հարցազրույցը, որտեղ նա քննադատում էր հայկական անհեռատես քաղաքականությունը:

Հայաստանի հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում կդադարեն ֆլյուորոգրաֆիա անել

Հայաստանի հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները կդադարեն ֆլյուորոգրաֆիա անել, իսկ համապատասխան սարքավորումները դուրս կբերվեն շահագործումից։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Որոշումն ընդունվեց` հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ առողջապահության նախարարության եզրակացության, ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունը չի համապատասխանում ներկայիս բժշկագիտության պահանջներին։
Ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունն ունի ախտորոշման նվազ աստիճանի արդյունավետություն, գործնականում որոշ հիվանդությունների ժամանակ անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ իրականացնել նաև ռենտգենաբանական կամ ճառագայթային այլ ախտորոշիչ հետազոտություններ (օր․՝ թվային ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիա)։
Միաժամանակ տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ մի քանի անգամ իջել է թվային ռենտգեն հետազոտման սարքերի կողմից առաջացրած ճառագայթային ծանրաբեռնվածությունը՝ հավասարվելով ֆլյուորոգրաֆ սարքի կողմից առաջացվող ծանրաբեռնվածությանը։ Նույն միտումը դիտվում է նաև համակարգչային տոմոգրաֆիայի դեպքում։

Մյունխենի Անվտանգության կոնֆերանսից մեկ օր առաջ Մյունխենում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ

Մյունխենում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան տուժածներ. այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է քաղաքի ոստիկանությունը։ «Դեպքի վայրում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ։ Մի քանի մարդ վիրավորվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ոստիկանության տվյալներով՝ բախման հետևանքով տուժել է առնվազն 28 մարդ, որոնցից մի քանիսը ստացել են միջինից մինչև ծանր վնասվածքներ։ Դատելով դեպքի վայրից սոցցանցերում հրապարակված կադրերից՝ վարորդը վարել է Mini Cooper-ը։

Bayerischer Rundfunk մեդիա ընկերությունը հայտնում է, որ մեքենան մխրճվել է Ver.di արհմիության գործադուլի մասնակիցների մեջ։ Ականատեսներից մեկն ասաց, որ մեքենան միտումնավոր է մխրճվել ամբոխի մեջ։ Մյուս ականատեսները ասում են, որ ոստիկանները կրակել են վարորդի վրա: Իր հերթին ոստիկանությունը հայտնել է, որ վարորդը ողջ է և բերման է ենթարկվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մեքենան վարել է Աֆղանստանի 24-ամյա մի քաղաքացի, ով գտնվում է Գերմանիայում՝ քաղաքական ապաստան խնդրելով։ Նա նախկինում ձերբակալվել էր գողության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար։

Բավարիայի նահանգի վարչապետ Մարկուս Սյոդերը հաստատել է, որ ենթադրվում է, որ դա նպատակային հարձակում է եղել։

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Մյունխենում բացվում է անվտանգության ամենամյա միջազգային համաժողովը։

Արցախցիների բնակապահովման ծրագրում փոփոխությունները հաստատվեցին

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում և կարգում:

Փոփոխություններով  կարգավորվում և պարզաբանվում են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները, ինչպես նաև վերանայվում են ծրագրի այն պայմանները, որոնք խոչընդոտում են հավաստագրերի արդյունավետ իրացմանը։ Մասնավորապես՝ հստակեցվում է, որ դիմում-հայտարարության մեջ գրանցված ամուսինների և նրանց անչափահաս երեխաների տվյալների առկայությունը պարտադիր է, իսկ մյուս անդամներին ըստ իրենց ցանկության, բացառությամբ այն դեպքերի, երբ ամուսինը կամ երեխան ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից չեն հաշվառվել որպես բռնի տեղահանված կամ հանդիսանում են աջակցության ծրագրի շահառու։

Ձեռքբերվող անշարժ գույքի բնակմակերեսի նկատմամբ կիրառվող սահմանաչափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով նվազեցվում է 3 քմ-ով՝ սահմանելով 9 քմ։

Սահմանվում է նաև՝ ձեռք բերվող բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան կամ կառուցվող անհատական բնակելի տան և դրա կառուցման համար նախատեսված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառու ընտանիքի բոլոր չափահաս անդամների անվամբ։

Որոշմամբ սահմանվում է, որ եթե հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թ. մայիսի 16-ից հետո, ապա աջակցությունն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կազմում է 3 մլն դրամ։

Սահմանվում է, որ եթե շահառու ընտանիքն ընտրում է ծրագրի՝ անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը, ապա իրացվող հավաստագրի արժեքում ներառվող անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողի նկատմամբ մակերեսի սահմանաչափ չի կիրառվում, աջակցությունը սահմանվում է մինչև 4 մլն դրամ 3-ի փոխարեն։

Իրանի դեսպանը վաղուց էր հերքել Փաշինյանին և Զախարովային․ ճիշտ հասցեագրեք մեղադրանքը

Նիկոլ Փաշինյանը կառավարության հարցուպատասխանի ժամանակ ընդդիմությանը մեղադրեց հրապարակում Իրանի քաղաքացիների կողմից ադրբեջաներեն երգի կատարումը «բեմադրելու» մեջ։

«Այդ ակցիայի նպատակներից մեկը Հայաստան–Իրան հարաբերությունների մեջ խնդիր առաջացնելն էր, այն ոչ մի կապ չուներ Ադրբեջանի հետ։ Այդ երգը կատարողները Իրանի քաղաքացիներ էին։ Ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ ձեր շրջանակներից նրանց վճարել էին, տարել կանգենցրել, երգել տվել, համացանց գցել, որ Հայաստանի և Իրանի հարաբերություններում խնդիր առաջացնեն»,–ասաց նա՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն են երգում, և ձերբակալվում է տեսանյութը տարածողը։

Փաշինյանն ըննդիմությանը մեղադրեց ՀՀ–ի դեմ տեղի ունեցող հիբրիդային պատերազմի մաս կազմելու մեջ։

«Դուք ուղղակի չգիտեք՝ ինչի եք մասնակցում, և ձեր գործունեության շնորհիվ շատ մարդիկ Հայաստանն ի ցույց են դնում որպես ռևանշիստական օջախ, որպես ագրեսիվության օջախ։ Ձեր խմբակցության ելույթների ընթացքում հնչում են նախադասություններ, դուք չգիտեք՝ դրանք որտեղ և ինչ ձևով են ձևակերպվել, իսկ ես գիտեմ, որովհետև նախքան ձեր կողմից հնչելը դա իմ ներկայությամբ հնչում է որպես փաստարկ ՀՀ–ի դեմ»,–ասաց նա։

Փաշինյանը հավանաբար նկատի ունի, որ Հայաստանի ընդդիմությանը ուղղորդում է Ռուսաստանը, սակայն աշխատում է ավելորդ անգամ չհիշատակել Պուտինի անունը։ Նույնը գերադասում է չանել ընդդիմությունը, մեղադրելով Փաշինյանին, թուրքերին, բայց ոչ Ռուսաստանին։

Այն ինչ, մի քանի օր առաջ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հերքել է, որ Իրանի համար խնդիր է Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունները։ Նա ասել է, որ ոչ ԵՄ առաքելությունը Հայաստանում, ոչ ԱՄՆ-ի հետ ստորագրված խարտիան չեն անհանգստացնում Իրանին։ Հիշեցնենք, որ Ռուաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան համառ պնդում է, որ Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցումը դեմ է Ռուսաստանին և Իրանին։ Իրանն ասում է՝ իմ համար ОК է:

Իրանի դեսպանը նաև նշել է, որ «կեղծ պատմությունները, սպառնալիքները և կասկածելի տեսանյութերի ստեղծումը չեն կարող խաթարել երկու երկրների ամուր հարաբերությունները կամ պառակտումներ ու կասկածներ առաջացնել մեր միջև»։

Ո՞ւմ նկատի ունի Իրանը, պարզ չէ։

Հիշեցնենք, որ աղմկահարույց տեսանյութի հրապարակումից եւ Ղարիբ Բաբայանի ձեռբակալումից հետո հենց ՀՀ ԱԱԾ-ն է սլաքները ուղղել դեպի Իրան։ Հիմա նույնը հայտարարում է Փաշինյանը, ասելով, որ դա Իրանի դեմ էր ուղղված, և Ադրբեջանը կապ չունի։

Տեղի է ունենում Արցախյան շարժման 37-րդ տարեդարձին նվիրված ժողով

Փետրվարի 13-ին Երեւանում՝ Ղարաբաղյան շարժման սկզբի 37-րդ տարեդարձի կապակցությամբ, տեղի է ունենում ժողով, որին մասնակցում են 30-ից ավելի պատգամավորներ և Շարժման ակտիվիստներ։

Արցախի խորհրդարանի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը ափսոսանքով նշել է, որ մենք Արցախում չենք նշում Շարժման 37-ամյակը, սակայն պարտավոր ենք քայլեր ձեռնարկել Արցախ վերադառնալու կամքը պահպանելու ու պայմաններ ստեղծելու համար։

ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը նշել է. Արցախը մեզ սպասում է։ Իրավապաշտպան Էդուարդ Փոլադովը կոչ է արել կազմակերպել արցախցիների կոմպակտ բնակեցում Հայաստանում, քանի որ ցրվելով աշխարհով մեկ՝ վերադառնալուց նրանց դժվար կլինի հավաքվել։

Արցախյան շարժման ակտիվիստ Բորիս Առուշանյանը վստահ է, որ միայն համայն հայության համախմբումը կարող է հնարավորություն ստեղծել հայկական արժեքները պահպանելու և վերադարձի գաղափարն իրականացնելու համար։

Հասարակական գործիչ Արտակ Բեգլարյանը թվարկեց գործողություններ, որոնք կնպաստեն Արցախի պահպանմանը. Արցախի ժողովրդի մոբիլիզացիա, չվախենալ պահանջել սեփական իրավունքների պաշտպանությունը, դիմել միջազգային դատարան Ալիևի դեմ հայցով, հայության և աշխարհիի իրազեկել Արցախի և արցախցիների մասին, թույլ չտալ Հայաստանի իշխանությունների պառակտում առաջացնել հայ հասարակության մեջ։

Ակտիվիստ Գագիկ Ավանեսյանն իր ելույթում եւս ընդգծեց վերադարձի հարցում համախմբված աշխատանքի անհրաժեշտությունը։ Նա հիշեցրեց, որ Շարժումը սկսվել է փետրվարի 12-ին՝ Հադրութի առաջին հանրահավաքով, և կոչ է արել հավատարիմ մնալ ժամանակագրությանը։

Ալվարդ Գրիգորյան