Փետրվարի 13-ին Հայաստանում սպասվում է ձյուն, ապա տաքանալու է

Փետրվարի 13-ին Հայաստանի ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ. Այս մասին հայտնում են Հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։

Նշվում է, որ նման եղանակը հանրապետությունում կպահպանվի մինչև փետրվարի 15-ը։ Փետրվարի 16-ից հանրապետությունում կդիտվի չոր եղանակ:

Միաժամանակ օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ին կբարձրանա 5-7 աստիճանով։

Շիրակում օդի ջերմաստիճանը փետրվարի 13-ին կկազմի 0 աստիճան, Կոտայքում՝ +4, Գեղարքունիքում՝ +2։ Լոռիում և Արագածոտնում՝ +5, Տավուշում՝ +7։

Արարատում սպասվում է +6 աստիճան, Արմավիրում և Վայոց ձորում՝ +7, Սյունիքում +12 աստիճան:

Երեւանում փետրվարի 13-ին սպասվում է ձյուն: Մայրաքաղաքում օդի առավելագույն ջերմաստիճանը կկազմի +7 աստիճան։

Շահրամանյանը հրամանագրով երկարաձգել է Արցախի ԱԺ լիազորությունները

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի ԱԺ լիազորությունները երկարաձգելու մասին։ Հիմքում սահմանադրական այն նորմն է, որ արտակարգ դրության ժամանակ չեն կարող ընտրություններ անցկացվել։ ԱՀ խորհրդարանի լիազորություններն ավարտվում են 2025 թ․ մայիսին։ Հակառակ դեպքում կա՛մ պետք է նոր ընտրություններ անցկացնեին, կա՛մ՝ ԱԺ-ն լուծարվեր, ինչը, ի դեպ, Ալիեւի պահանջն է։

ՀՀ իշխանությունն էլ է կողմ դրան՝ համարելով, որ ԱՀ պետական ինստիտուտները սպառնալիք են ՀՀ անվտանգությանը։ Իհարկե, սա չի նշանակում, որ ԱՀ խորհրդարանն ակտիվ աշխատելու է, բայց իրավական հիմքերը պահելով՝ քաղաքական խնդիր են լուծում, որ Արցախի հարցը չփակվի, եւ աշխարհաքաղաքական նպաստավոր զարգացումների դեպքում կարող են իրենց մանդատները գործի դնել», գրում է թերթը:

Հիշեցնենք, որ արցախյան մի շարք հասարակական գործիչներ նոր ընտրությունների տարբերակներ են առաջարկել, այդ թվում՝ էլեկտրոնային։ Առաջարկվում է փոխել ներկայիս խորհրդարանի կազմը, որը անգործունյա է։ Առաջարկվում է խորհրդարանում ընտրել այն մարդկանց, որոնք իրոք ի վիճկի են ներկայացնել Արցախի եւ արցախցիների իրավունքները եւ շահերը։  Ներկայիս խորհրդարանը չի օգտվում բարձրագույն իր մանդատից։

Թրամփը զրուցել է Պուտինի և Զելենսկու հետ, Եվրոպան պահանջում է մասնակցություն բանակցություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ: Կրեմլը հաստատել է:

Թրամփն ընդգծել է, որ ինքը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են բանակցություններ» սկսել ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ և շատ սերտորեն կաշխատեն միասին:

Truth սոցիալական ցանցում ԱՄՆ առաջնորդը մանրամասներ է հայտնել զրույցից. «Մեզնից յուրաքանչյուրը խոսեց մեր երկրների ուժեղ կողմերի և այն մեծ օգուտի մասին, որ մի օր կունենանք միասին աշխատելու շնորհիվ: Ինչպես երկուսս էլ համաձայնեցինք, մենք ցանկանում ենք վերջ դնել միլիոնավոր մահերին, որ տեղի են ունենում Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետևանքով: Նախագահ Պուտինն անգամ օգտագործեց իմ քարոզարշավի շատ ուժեղ կարգախոսը՝ «ողջախոհություն»»:

Թրամփի խոսքով՝ երկու գերտերությունների առաջնորդները պայմանավորվել են աշխատել միասին սերտորեն, ներառյալ միմյանց երկրներ այցելելը:

Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ էլ. «Նախագահ Թրամփը խոսել է ռազմական գործողությունները որքան հնարավոր է շուտ դադարեցնելու և խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին»:

Կրեմլի խոսնակը հավելել է, թե նախագահ Պուտինն էլ իր հերթին ընդգծել է, որ «ցանկացած կարգավորում պետք է անդրադառնա հակամարտության հիմնական պատճառներին»։ Թե որոնք են դրանք, Պեսկովը չի մանրամասնել։

ԱՄՆ նախագահն ավելացրել է, որ ինքն ու Պուտինը որոշել են, որ համապատասխան թիմերն անհապաղ սկսեն բանակցությունները. «Եվ մենք կսկսենք՝ զանգահարելով Ուկրաինայի նախագահ Զելենսկիին, որպեսզի տեղեկացնենք նրան զրույցի մասին, մի բան, որը ես կանեմ հենց հիմա»։

Թրամփը, սոցիալական ցանցում խոսելով ՌԴ նախագահի հետ զրույցի մասին, նաև տեղեկացրել է, որ խնդրել է պետքարտուղարին, ԿՀՎ-ի տնօրենին, Ազգային անվտանգության հարցերով խորհրդականին և դեսպան ու հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆին ղեկավարել բանակցությունները, որոնք, իր խորին համոզմամբ, «հաջողությամբ կպսակվեն»:

«Միլիոնավոր մարդիկ են զոհվել այս պատերազմում, որը տեղի չէր ունենա, եթե ես լինեի նախագահ, բայց դա տեղի է ունեցել, ուստի այն պետք է ավարտվի: Այլևս կյանքեր չպետք է կորսվեն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Պուտինին այս հեռախոսազրույցի համար իր տրամադրած ժամանակի և գործադրած ջանքերի համար … Ես հավատում եմ, որ այս ջանքերը կհանգեցնեն հաջող ավարտի, հուսով եմ՝ շուտով»,-հայտարարել է նա:

Ուկրաինայից բացի, ըստ Կրեմլի, երկու գերտերությունների առաջնորդները քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագիրը և իրավիճակը Մերձավոր Արևելքում։

Ուկրաինական հարցի լուծումը չի կարող լինել առանց Ուկրաինայի և եվրոպացիների, հայտարարել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի արտգործնախարարները:

Ռուսաստանի նախագահի հետ այսօրվա հեռախոսազրույցից հետո ԱՄՆ առաջնորդը զրուցել է նաև Ուկրաինայի նախագահի հետ:

Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցում հայտնել է, որ բովանդակալից զրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ, խոսել են խաղաղության հասնելու հնարավորությունների մասին, քննարկել միասին աշխատելու պատրաստակամությունը և Ուկրաինայի տեխնոլոգիական հնարավորությունները, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերը և այլ առաջադեմ ոլորտները:

«Բովանդակալից զրույց ունեցա նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Շնորհակալ եմ նախագահ Թրամփին նրա հետաքրքրության համար, թե ինչի կարող ենք հասնել միասին», – գրել է նա X-ում։

Զելենսկին նշել է, որ Թրամփն իրեն տեղեկացրել է նաև Վլադիմիր Պուտինի հետ զրույցի մասին, որի ժամանակ պայմանավորվել են բանակցություններ սկսել ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ և սերտորեն աշխատել միասին:

Թրամփը ևս գոհունակությամբ է անդրադարձել իր ուկրաինացի պաշտոնակցի հետ զրույցին՝ սոցիալական ցանցում գրելով. «Հեռախոսազրույցը շատ լավ անցավ։ Նա, ինչպես նախագահ Պուտինը, ցանկանում է խաղաղություն հաստատել»։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ Զելենսկու հետ քննարկել են պատերազմին առնչվող մի շարք թեմաներ, հիմնականում՝ ուրբաթ օրը Մյունխենում կայանալիք հանդիպումը: Գերմանիայում այս շաբաթ մեկնարկում է անվտանգության համաժողովը:

«Լիահույս եմ, որ այդ հանդիպման արդյունքները դրական կլինեն։ Ժամանակն է դադարեցնել այս ծիծաղելի պատերազմը, որի հետևանքով զանգվածային և բոլորովին անտեղի մահեր են գրանցվել և ավերածություններ եղել: Աստված օրհնի Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդին», – նշել է Դոնալդ Թրամփը:

Զելենսկին, իր հերթին, կրկին սոցիալական ցանցում արված գրառման մեջ շեշտել է, որ ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան Ուկրաինան. «ԱՄՆ-ի հետ միասին մենք ուրվագծում ենք մեր հաջորդ քայլերը՝ կասեցնելու ռուսական ագրեսիան և ապահովելու կայուն, հուսալի խաղաղություն։ Ինչպես նախագահ Թրամփն ասաց, եկեք անենք դա»:

Զելենսկին ու Թրամփը պայմանավորվել են շարունակել կապը և պլանավորել առաջիկա հանդիպումները:

«Ուկրաինան և Եվրոպան պետք է մասնակցեն ցանկացած բանակցությունների»՝ կապված Ուկրաինայում պատերազմի ավարտի հետ։ Այս կարծիքը հայտնել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Իտալիայի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը և Եվրահանձնաժողովը չորեքշաբթի՝ փետրվարի 12-ին, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից անմիջապես հետո Ուկրաինայի վերաբերյալ հեռախոսազրույցից հետո։

«Ուկրաինայում արդար և տեւական խաղաղությունն անհրաժեշտ պայման է հուսալի անդրատլանտյան անվտանգության համար», – ասվում է փաստաթղթում։ Ինչպես ընդգծել են եվրոպացի դիվանագետները, իրենք անհամբեր սպասում են բանակցություններին «ամերիկյան դաշնակիցների հետ» հետագա գործողությունների վերաբերյալ: Ընդհանուր նպատակը պետք է «Ուկրաինան ուժի դիրք տեղափոխել», կարծում են հայտարարության հեղինակները։

Հացը

Շրջափակված Արցախում վերջին ամիսներին իրավիճակն ավելի էր սրվում, իսկ ցամաք հաց ձեռք բերելն օրախնդիր էր դարձել։ Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հացն Արցախում ստանում էին ոչ միայն ցորենի ալյուրից, այլև խառը՝ եգիպտացորենի և հացահատիկային այլ տեսակներից։ Վառելիքի բացակայության պատճառով միայն հացի արտադրամասերից էր հնարավոր հաց ձեռք բերել, այն էլ՝ սահմանափակ քանակով։ Արցախում ոչ բոլորն էին կուշտ փորով քնում:

Ասկերան քաղաքում երկու փռում էին հաց թխում՝ Ալվարդի ու Մհերի։ Փռերի առջև մարդկանց անվերջանալի հերթեր էին։ Վաղ առավոտյան սկսվում էր ցուցակագրումը։ Ինչ որ մեկն անպայման իր վրա էր վերցնում այդ գործընթացը, իսկ հետո գալիս կանգնում փռի դռների դիմաց, որ կարգ ու կանոն պահպանի։ Արդարության սկզբունքով մարդիկ ստանում էին իրենց հասանելիք հացը։ Երբեմն էլ լեզվակռիվ էր սկսվում․ անգամ հացթուխներն էին խառնվում, սակայն հերթը խախտողները նորից հայտնվում էին իրենց տեղերում ու մոռանում, որ րոպե առաջ վիճում էին իրար հետ։ Հացի հերթերում խոսում էին ամեն ինչից, իրար ուժ ու հավատ ներշնչում, սակայն ոչ ոքի մտքով չէր անցնում, թե ինչ է սպասվում իրենց։ Մարդկանց ամենամեծ ցանկությունը կյանքի ճանապարհի բացումն ու Արցախում հանգիստ ապրելն էր։

Հացը հիմնականում գիշերներն էին թխում։ Ծնողների հետ եկած երեխաները խաղում էին Ասկերանի քաղաքային պուրակում և երազում, որ երկարի հաց ձեռք բերելու գործընթացը․ ախր այդ պուրակը շատ էին սիրում։

Հանկարծ հայտարարում են՝ հացը վերջացավ, ու սկսվում են մարդկանց տրտնջոցները, սակայն ինչ պետք է անեն․ առանց հացի վերադառնում են տուն՝ չմոռանալով ցուցակագրողին հորդորել վաղը ներկայանալ նույն ցուցակով։ Դե, բայց վաղը նոր օր էր բացվում, նախկին ցուցակն արդեն ուժ չուներ, ու սկսվում էին հաց հայթայթելու մարդկանց ջանքերը։

Արցախում հացերն արդեն բոլորովին ուրիշ տեսք ու համ ունեին, սակայն մինչև հիմա մենք շարունակում են զգալ այդ անհասկանալի տեսքով ու համով հացի բույրը։

Ասկերանում վերջին անգամ հաց է թխվել սեպտեմբերի 17-ին, իսկ ալյուրը, որ վարչակազմի միջոցով փռերի աշխատողներին տրվել էր սեպտեմբերի 19-ի նախօրեին, այդպես էլ մնաց չթխված։

Ալվարդ Ասլանյանի և Մհեր Աղաջանյանի հացի արտադրամասերը հաց են թխել Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ․ ամեն օր՝ առանց դադարի։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Պենտագոն. Կիևը դժվար թե վերականգնի սահմանները և միանա ՆԱՏՕ-ին

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո 1991 թվականի սահմաններին վերադարձն իրատեսական չէ։ Այս խոսքերը չորեքշաբթի օրը՝ փետրվարի 12-ին, Բրյուսելում Ռամշտեյնի ձևաչափով Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ պաշտպանության նոր նախարար Փիթ Հեգսեթը։

«ԱՄՆ-ը չի հավատում, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բանակցային կարգավորման իրատեսական արդյունք կարող է լինել»,- ասել է նախարարը։ Փոխարենը Ուկրաինային պետք է անվտանգության երաշխիքներ տրվեն «եվրոպական և ոչ եվրոպական զորքերի» աջակցությամբ, շարունակեց Պենտագոնի ղեկավարը։

«Եթե այդ զորքերը որպես խաղաղապահներ տեղակայվեն Ուկրաինայում ցանկացած պահի, ապա դրանք պետք է տեղակայվեն ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող առաքելությունում և չպետք է ընդգրկվեն 5-րդ հոդվածով»,- հավելել է նա: «Անվտանգության ցանկացած երաշխիքի շրջանակներում ամերիկյան զորքեր չեն տեղակայվի Ուկրաինայում»,- ասել է նախարարը։

Հեգսեթը հավելել է, որ ինքը նաև «անիրատեսական» է համարում այն, որ Ուկրաինան կկարողանա վերադառնալ 1991 թվականի սահմաններին, որոնք կային մինչև 2014 թվականին Ղրիմի բռնակցումը։

«Մենք ցանկանում ենք, ինչպես դուք, ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինա: Բայց մենք պետք է սկսենք նրանից, որ Ուկրաինան վերադարձնելը մինչեւ 2014-ի սահմաններին անիրատեսական նպատակ է, – նշել է նախարարը։ Այդ պատրանքային նպատակի հետապնդումը միայն կերկարացնի պատերազմը և ավելի շատ տառապանքներ կբերի»:

Սեպտեմբերի 19-ին՝ հարձակումից 20 րոպե առաջ Ալեն Սիմոնյանը զանգել է Դավիթ Իշխանյանին

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։

Նա ասել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ադրբեջանական հարձակումից 20 րոպե առաջ Ալեն Սիմոնյանը զանգել է Արցախի ԱԺ նախագահ, ներկայում Բաքվի բանտում գտնվող Դավիթ Իշխանյանին։ «Պատգամավորներով Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի հետ գտնվում էինք Ասկերանում, Ալեն Սիմոնյանը զանգեց Դավիթ Իշխանյանին: Երբ վերադառնում էինք Ստեփանակերտ, արդեն լսվել էին առաջին կրակոցները, այդ կրակոցներից 20 րոպե առաջ էր Ալեն Սիմոնյանը զանգել Դավիթ Իշխանյանին: Դավիթ Իշխանյանն այն ժամանակ ասաց՝ հիմա եմ հասկանում, թե ինչու էր Ալեն Սիմոնյանը զանգել։

Ալեն Սիմոնյանը երեք անգամ հարց էր տվել՝ ամեն ինչ կարգի՞ն է, Դավիթ Իշխանյանը պատասխանել էր՝ այո: Նորից էր հարցրել՝ իրո՞ք ամեն ինչ կարգին է, երեք անգամ նույն հարցը կրկնելուց եւ դրան հաջորդած առաջին կրակոցները լսելուց հետո բոլորս հասկացանք, որ Ադրբեջանը պետք է հարձակվի: Այդ մարդիկ բոլորից լավ գիտեն իրենց գործողությունների եւ հանցավոր անգործության մասին»,- ասել է Դավիթ Գալստյանը։

Նա հավելել է․ «Մենք բոլորս գիտենք, որ Արցախը հանձնված է Նիկոլ Փաշինյանի եւ իր խունտայի կողմից, որի մեջ մտնում է նաեւ այդ անձնավորությունը՝ Ալեն Սիմոնյանը: Եվ ստորագրությամբ են հանձնել, եւ պայմանավորված պատերազմ սկսել, մեղավորը իրենք են, որ Եռաբլուրն այսքան մեծացել է, շուրջ 5000 զոհ ունենք, որի անմիջական պատասխանատուն եւ մեղավորը հենց այդ նույն մարդիկ են: Եվ այսօր նրանք արդարանալու խնդիր ունեն»։

Ավելի քան 320 մարդ շարունակում է այցելել Հադրութի ստեղծագործական կենտրոն, այժմ Հայաստանում

Հադրութի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը արցախյան այն սակավ կազմակերպություններից է, որը, չնայած բոլոր խոչընդոտներին, շարունակում է իր առաքելությունը բռնի տեղահանության պայմաններում։

«Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հիմնադրվել է 90-ականների սկզբին։ Ժամանակի ընթացքում մեր մասնաճյուղերը բացվեցին Հադրութի շրջանի բազմաթիվ գյուղերում։ 2020 թվականին 44-օրյա պատերազմի և Հադրութի օկուպացիայի արդյունքում Կենտրոնի անձնակազմը շրջանի ողջ բնակչության հետ միասին լքեց հայրենիքը՝ թողնելով իր ողջ ունեցվածքը։

Հետագայում, հաստատվելով Հայաստանում, սկսեցինք մտածել մեր համայնքը, մշակույթն ու ավանդույթները պահպանելու մասին։ Այսպես, 44-օրյա պատերազմից որոշ ժամանակ անց Արցախի կառավարության և Հայաստանի գործընկերների, այդ թվում՝ Իգիթյանի Ազգային կենտրոնի, Տերյան մշակութային կենտրոնի և այլոց աջակցությամբ, կարողացանք վերսկսել Կենտրոնի աշխատանքը Երևանում։

Հետագայում մեր մասնաճյուղերը բացվեցին Հայաստանի այլ վայրերում, ինչպես նաև Ստեփանակերտում։ Կազմակերպության նպատակն է համախմբել բոլոր արցախցիներին և պահպանել մեր դարավոր ժողովրդի ընդհանրությունը, մշակույթն ու ավանդույթները։

Կենտրոնում գործում են տարբեր խմբակներ՝ նկարչություն, խեցեգործություն, ձեռագործություն, գոբելեն, գորգագործություն, փայտամշակում և այլն։ Խմբակներն անվճար են։

Ինչպես նաև անվճար անցկացվում են տարբեր մասնագիտական ​​դասընթացներ՝ գործվածքի, հագուստի ձևավորման և այլն, որին մասնակցում են ոչ միայն երեխաներն ու երիտասարդները, այլեւ հասուն մարդիկ։ Նրանք սովորում են նոր հմտություններ, որոնք հետագայում հնարավորություն են տալիս աշխատելու համապատասխան մասնագիտությամբ։

Ներկայումս մասնաճյուղեր ունենք Ռանչպար, Մուղնի, Ոստան և այլն գյուղերում։ Ընդհանուր առմամբ Կենտրոն է այցելում շուրջ 320 մարդ Արցախից և Հայաստանից։

Մեր աշակերտները բազմիցս մասնակցել են տարբեր տոնավաճառների ու ցուցահանդեսների՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում։ Ուսուցչական կազմը բաղկացած է 25 հոգուց, նրանք նույնպես Հադրութի շրջանից են և Արցախի այլ վայրերից։

Մինչև 2023 թվականի սեպտեմբերը մեր Կենտրոնը պետական ​​էր, և աշխատակիցների աշխատավարձերը վճարվում էին Արցախի պետական ​​բյուջեից։ Հիմա, ցավոք սրտի, կենտրոնը գործում է բացառապես հասարակական հիմունքներով»։

Այս մասին Step1.am-ի հետ զրույցում ասաց Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանը։

Արսեն Աղաջանյան

Գագիկ Ավանեսյան. «Արցախյան շարժում. Ամեն ինչ սկսվեց Հադրութից»

1988 թվականի փետրվարի 12-ին Հադրութում տեղի ունեցավ առաջին հանրահավաքը, որը որոշիչ դարձավ ազատագրական պայքարում։

Արցախյան շարժման ակտիվիստ Գագիկ Ավանեսյանը Step1.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես սկսվեց ամեն ինչ. Հադրութի շրջանում հայկական հեռուստատեսության հեռարձակումը թույլատրելու պահանջով ստորագրահավաքի մասին, թե ինչպես անտեսվեց ու հալածվեց ճարտարապետ և նկարիչ Էմիլ Աբրահամյանի խաղաղության նախաձեռնությունը.

Կենտրոնական սովետական ​​իշխանությունը չէր շտապում բավարարել հադրութցիների՝ իրենց իրավունքները պաշտպանելու ձգտումները։ Իսկ Գորբաչովյան «պերեստրոյկայի» սկիզբը վերակենդանացրեց Հայաստանի հետ վերամիավորման պայքարը։ Ավանեսյանը նշել է արցախյան շարժման գաղափարախոսների դերը, խոսել կոլեկտիվ բողոքարկման գործընթացի սկզբի և փաստաթղթերում կնիքի առկայության մասին։

1988 թվականի փետրվարի 12-ին Բաքվի էմիսարները հանդիպումներ են անցկացրել ԼՂԻՄ-ի բոլոր շրջաններում՝ նպատակ ունենալով համոզել Արցախի ժողովրդին հրաժարվել Հայաստանի հետ «Միացումից»։ Հադրութում նրանք դիմադրության են հանդիպել և բռնվել՝ հանդիպման արձանագրությունը կեղծելու փորձի վրա։

Գագիկ Ավանեսյանը պատմեց, թե ինչպես են Հադրութի շրջանի բնակիչները հավաքվել հանրահավաքի, ինչպես են հասել հանդիպման կեղծ արձանագրությունների ոչնչացմանը, և որ ժողովուրդը հենց այս օրն է Արթուր Մկրտչյանին որպես առաջնորդ առանձնացրել։

Ալվարդ Գրիգորյան

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները (CCAF) դիմել են ՄՔԴ՝ Ալիևի դեմ գործ հարուցելու պահանջով

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) դիմել է Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ գործ հարուցելու պահանջով:
Խորհուրդը հայտնում է, որ հայցը ներկայացվել է ֆրանսիացի փաստաբան Սևագ Թորոսյանի միջոցով, որը Փարիզի փաստաբանների կոլեգիայի և ՄՔԴ-ին առընթեր փաստաբանական պալատի անդամ է:
Փաստաթղթում ընդգծվում է, որ Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 4-ը հանգեցրել են 120 000 հայերի բռնի տեղահանման և նրանց դարավոր մշակութային ժառանգության կորստի:
Ավելի վաղ ՄՔԴ առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ինչպես նաև մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ այդ իրադարձությունները որակել էին որպես ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություններ և պատերազմական հանցագործություններ:
Խորհուրդը պահանջում է, որ ՄՔԴ դատախազը, Հռոմի կանոնադրության 15-րդ հոդվածի համաձայն, ձեռնարկի հետևյալ քայլերը.

Ճանաչել 2020-2023թթ.ընթացքում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ կատարված հանցագործությունների քննությունը սկսելու համար բավարար հիմքերի առկայությունը:

Դատարանի նախնական պալատ ուղարկել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ՄՔԴ տարածքային իրավասության հարցը:

Իլհամ Ալիևի, ինչպես նաև 2020-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղում կատարված հանցագործություններին բոլոր մեղսակիցների ձերբակալման միջազգային օրդեր տալ։

CCAF-ի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանն ավելի վաղ կոչ էին արել Ֆրանսիայի կառավարությանը դիմել ՄՔԴ, սակայն, նրանց խոսքով, Արևմուտքը մինչև հիմա վճռականություն չի ցուցաբերել:
«1915 թվականից ի վեր սա արդեն երկրորդ անգամն է, երբ հայերը բախվում են արդարադատության այսօրինակ մերժման։ Նման իրավիճակն անթույլատրելի է», – ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
CCAF-ում ընդգծել են, որ Միջազգային քրեական դատարանի նպատակն է պատասխանատվության ենթարկել ցեղասպանություն իրականացնող առաջնորդներին և կանխել դրա ժխտման ցանկացած փորձ:
Հիշեցնենք, որ վավերացնելով Հռոմի կանոնադրությունը,2024 թվականի փետրվարի 1-ին Հայաստանը դարձավ ՄՔԴ լիիրավ անդամ։ Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ ՄՔԴ-ին անդամակցությունը Երևանին թույլ կտա դատարանում հարցեր բարձրացնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների, այդ թվում ՝ 2021-2022 թվականներին նրա տարածք ներխուժման վերաբերյալ։

Իշխանությունը սկսել է “կեղծ դատավարություններից” խոսել, քանի որ Փաշինյանին էլ են մեղադրելու

Բաքվում ընթացող կեղծ դատավարությունները Հայաստանի ու Արցախի դեմ են։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Սկզբում Ռուբեն Վարդանյանին ու մյուսներին վարկաբեկում էին, ինչ ասես ասացին՝ հլա հարց է, թե ո՞վ է, ինչո՞ւ է եկել, ի՞նչ էր ուզում անել։ Հիմա հասկացան, որ այդ դատավարությունը Ռուբեն Վարդանյանի ու մյուսների նկատմամբ չէ, Հայաստանի նկատմամբ է, Արցախի ինքնորոշման իրավունքի դեմ է, Արցախի նկատմամբ է։ Հիմա սկսել են բոլոր տեղերում գրել, որ շինծու դատավարություններ են տեղի ունենում, որովհետեւ հասկացան, որ այդ դատավարությունների թիրախն իրենք են։

Սկսել են առաջին պատերազմից, հիմա կգան կոնկրետ 44-օրյա պատերազմ, որտեղ կոնկրետ մեղավոր կնշեն Նիկոլ Փաշինյանի անունը։ Այո, Նիկոլ Փաշինյանին էլ են մեղադրելու, բա ի՞նչ պիտի անեն։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը սկսել է խոսել, որ դատավարությունը կեղծ է։ Իրոք, դա կեղծ է, շինծու է, բայց քանի դեռ իր մաշկին չհասավ վտանգը, չհասկացավ, որ չի կարելի այդ մարդկանց դիտել որպես քավության նոխազ եւ որոշել նրանց նկատմամբ կիրառել ամբողջ պատիժն ու դրանով ավարտել։

Այդպես չի լինում, Ադրբեջանը շատ հստակ ծրագիր է իրականացնում, ինքը Հայաստանը դիտելու է որպես ագրեսոր, որովհետեւ մենք ասել ենք՝ Արցախ չկա, Նիկոլ Փաշինյանը գնացել ստորագրել է։ Նիկոլ Փաշինյանը, դուրս մղելով Արցախին, ինքը եկել է մեջտեղ, դա այն է, ինչ ուզել է Ալիեւը։ Արցախի գործոնը վերացնելով՝ Հայաստանն ամբողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա։

Եվ, ինչպես իրենք են ասում, դա եղել է ամբողջությամբ ՀՀ իշխանությունների ղեկավարությամբ իրականացված գործընթաց, եւ պատերազմի հետ կապված ամբողջ պատասխանատվությունն ուղղվել է Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին»։

Ռուստամյանն ասաց, որ Ադրբեջանի իշխանությունները կարող են հետախուզում հայտարարել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Նախկինում մի քանի անգամ դիմել են «Ինտրեպոլ»՝ այլ անձանց հետախուզելու համար, բայց մերժում են ստացել։ Հիմա կսկսեն նորից դիմել։

«Այն կողմից ձայն հնչեց, որ՝ մենք այս դատավարության մեջ ուզում ենք ունենալ Հայաստանի աջակցությունը, դրվագներ կան, որոնք լրիվությամբ բացահայտելու համար Հայաստանի աջակցությունն է անհրաժեշտ։ Այսինքն՝ մարդիկ են ուզում, որ գնան այնտեղ վկայություն տան, որ գնան որպես մեղադրյալ ընդգրկվեն։ Այսինքն՝ սա մի լուրջ պրոցես է, նոր-նոր սրանք պետք է հասկանան, թե ինչ ավեր են գործել՝ ճանաչելով Արցախն Արդբեջանի մաս»,- հայտարարեց Ռուստամյանը։

ՔՊ-ն խճճվել է․ գնում է ԵՄ, բայց ԵԱՏՄ-ից դուրս չի գալիս

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել են քվեարկությունը։

Նշենք, որ այս նախագիծը ներկայացրել են արտախորհրդարանական ուժերը՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով։ Իշխանության ներկայացուցիչները քննարկումների ժամանակ հայտարարեցին, որ օրենքի ընդունումը չի նշանակում Եվրամիության անդամակցության գործընթաց, ԵՄ հետ պետք է քննարկեն ճանապարհային քարտեզը։

“ԱԺ հարգարժան պատգամավոր Մարիա Կարապետյանի հայտարարությունը, թե «ՀՀ-ն փոխո՞ւմ է իր արտաքին քաղաքական վեկտորը», և ինքն իրեն տրված պատասխանը՝ «ոչ», բացահայտորեն հակասում է Հայաստանի կառավարության վերջին տարիների քաղաքականությանը, գործնական քայլերին և տարածաշրջանային նոր իրողություններին։ Եթե Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքական վեկտորը, ապա ինչպե՞ս պետք է բացատրել ԵՄ-ի հետ հարաբերությունների աննախադեպ խորացումը, ընդհուպ մինչև DCFTA-ի՝ ԵՄ մաքսային տնտեսական տարածքին միանալու շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամությունը, ինչը անխուսափելիորեն ենթադրում է ԵԱՏՄ-ից դուրս գալ”, գրել է օրինագծի հեղինակներից մեկը՝ Արման Բաբաջանյանը։

«Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր ուզում էին զինվորին կանգնցնել պոստին, ասել՝ դու պաշտպանիր, մենք գնացինք»

«Շահրամանյանը մինչեւ նամակ գրելը նախ թող մի հատ պատմի՝ ինքը ո՞նց է իր ախրանիկներով կարողացել Արցախից դուրս գալ, իսկ մնացած գործընկերները չեն կարողացել։ Էդ ո՞նց է ստացվել, որ ինքը ստեղ է հայտնվել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մեկնաբանությանը։

Արցախցիներին չկռվելու եւ Արցախը լքելու մեջ մեղադրող Ալեն Սիմոնյանից լրագրողները հետաքրքրվեին՝ չի զղջո՞ւմ իր խոսքերի համար։

«Ես Արցախի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին ընդհանրական որեւէ բան չեմ ասել, ես ասել եմ կոնկրետ մարդկանց մասին, ովքեր ոչ թե վերադառնում էին Ղարաբաղից, այլ վերադառնում էին Հյուսիսային պողոտա իրենց տները, ուզում էին վերադառնալ Հայաստանում իրենց կառուցած ասաբնյակները։ Եվ ձեզ վստահեցնում եմ՝ այն մարդիկ, որոնց մասին ես խոսել եմ, իրենք դա հասկացել են։ Իսկ ինչ վերաբերում է մարդկանց, ովքեր զոհվել են, ես երեկ ամբիոնից էլ եմ դրա մասին ասել՝ փառք ու պատիվ մեր զինվորներին, բայց երկիրը դատարկելը, գյուղը, քաղաքը դատարկելը սրան հանգեցրեց։

Դուք մոռանո՞ւմ եք այդ պատմությունները, Հայաստանից աշխատավարձ էին ստանում Ղարաբաղի պաշտոնյաները, այն ժամանակվա պատգամավորները, աշխատավարձը վերցնում էին մեր մոտից, դուրս էին գալիս Հայաստանի իշխանությունների մասին վատ հարցազրույցներ էին տալիս։

Չէր կարելի երկիրը դատարկել, դա ցավալի բան է։ Երբ որ ժամանակը կգա, անուններ էլ կտամ, բայց անուններ տալու կարիք էլ չկա։ Ասում եմ՝ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր ուզում էին առաջին օրվանից դատարկել Ղարաբաղը, զինվորին կանգնցնել պոստին, ասել՝ դու պաշտպանիր, մենք գնացինք»։

«Երեկ ես ինչո՞ւ ջղայնացա, որովհետեւ լրագրողը եկել, ասում էր՝ բա երբ ենք վերադառնում։ Իմ զայրույթն այդտեղից է, որ պետք չէր Ղարաբաղը դատարկել, քաղաքական որոշման մասին եմ ասում, պարզ է, ես չեմ ասում, որ կանայք ու երեխաները պետք է մնային այնտեղ, յաթաղանը գար, մորթեր։ Դրա մասին չէ խոսքը, այդ էմոցիոնալ լոլոն, որը փորձում են հանրությանը հրամցնել, չի անցնելու։ Ես ասում եմ՝ բա էդ ո՞նց է ստացվում, որ որոշ մարդիկ իրենց ախրանիկներով եկան Հայաստան։ Ավտոմատը, որը Հայաստանը տվել էր, փոխանակ վերցնեին, բարձրանային սարերը, փոխանակ քաղաքական որոշում կայացնեին, պահեին Ղարաբաղը հայկական, հայերով բնակեցված, մի օրվա մեջ քաղաքական որոշում կայացրեցին ու տեղահանեցին։ Ղարաբաղը պատերազմի առաջին օրվանից դատարկելու ցանկությունն ի վերջո Ղարաբաղը հայաթափեց»,- հավելեց նա։

Ալեն Սիմոնյանը նաեւ ասաց, որ շրջափակման մեջ մնացած արցախցիները շանս ունեին մնալու ու կռվելու։ Ըստ նրա՝ եթե շանս չկար, 30 տարի մենք ի՞նչ էինք անում։ Դիտարկմանը, որ Հայաստանի իշխանությունը մենակ էր թղել արցախցիների, նա խատասխանեց․ «Այնքան, ինչքան 2018 թվականից հետո Հայաստանն է օգնելյուղը վերն զենքերի տեսանյութերը չեք տեսե՞լ։ Ալիեւի բերեծ օրինակները, որ Հայաստանը 1 մլրդ-ի, 2 մլրդ-ի, 3 մլրդ-ի զենք ուներ, մենք հա ոչնչացնում էինք, իրենք հա զենք ունեին, բա այս բաները ո՞ւր մնացին»։