Ցուցահանդես՝ փրկված գեղանկարներով

Գեղանկարիչ Արծիվ Լալայանը երկու անգամ է տեղահանվել, 2020-ին՝ Հադրութից, իսկ վերջին անգամ՝ Ստեփանակերտից։

Արծիվը կարողացավ Արցախից բերել ամենաթանկը՝ իր բազմանդամ ընտանիքն ու մի քանի կտավ՝ մեքենային ամրացրած։

«Երկրորդ անգամ տեղահանելվելը , որպես գործուղություն կամ դժվարություններ ու տառապանք, իհարկե ազդեցությունը թողել է իմ կյանքի բնական ընթացքի վրա՝ բացասական իմաստով, սակայն իմ որպես արցախցի, հայ մարդու համար ամենածանրը և սարսափելին՝ այդ տեղահանության արդյունքում Արցախի կորուստն ու հայաթափումն է»,-Step1-ին ասել է Արծիվը։

Երեկ նկարչի անհատական ցուցահանդեսը բացվեց «Նարեկացի միություն»-ում, եւ դեռ երկու շաբաթ ցանկացողները հնարավորություն ունեն այցելել եւ վայելել կտավներ, որոնց մի մասը փրկվել են Արցախից, իսկ մյուս մասը Արծիվը տեղահանությունից հետո է նկարել։

Տեղահանությունից հետո սա, թերեւս, եզակի ցուցադրություններից է, որտեղ ցուցադրվում է արցախցի արվեստագետի աշխատանքը։

Մարիամ Սարգսյան

Լուսանկարները՝ Սիրանուշ Սարգսյանի

 

Ալեն Սիմոնյանը “անկլավների” հետ խնդիր չի տեսնում․ մենք էլ Արծվաշեն ունենք

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով այսպես կոչված «անկալվները» հանձնելու հարցին, լրագրողներին ասաց․ «Մենք անկլավների հետ կապված ոչ մի խնդիր չենք տեսնում, կա Արծվաշենը, մեր հայկական անկլավը, եւ մենք ոչ մի խնդիր չենք տեսնում որեւցիե փուլում այդ քննարկումը սկսելու։ Չենք կարծում, որ դա օրակարգային մի հարց է, որի շուրջ մենք պետք է ինչ-որ ձեւով անհանգստանանք կամ մտահոգություն ունենանք»։

Լրագրողները հիշեցրին, որ Հայաստանի տարածքները հանձնելու դեպքում ռազմավարական նշանակության ճանապարհների խնդիր կստեղծվի։ Ալեն Սիմոնյանն ի պատասխան ասաց․ «Շատ կարեւոր է, որ իրավական փաստաթղթավորում լինի բոլոր այդ տարածքների հետ կապված։ Կնայենք, եթե այդ տարածքների իրավական փաստաթղթավորում կա, մենք ոչ մի խնդիր չենք տեսնում։ Ինչ վերաբերում է ճանապարհներին, Արծվաշենը նույնպես գտնվում է անկլավային կարգավիճակում եւ Արծվաշենը նույնպես ճանապարհի խնդիր պետք է ունենա»։

Ալեն Սիմոնյանը արտասանեց «Արցախ» անվանումը, հետո ինքն իրեն արագ ուղղեց

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արտասանեց «Արցախ» անվանումը, հետո ինքն իրեն արագ ուղղեց՝ երեք անգամ կրկնելով․ «Ղարաբաղ, Ղարաբաղ, Ղարաբաղ»։ Հետո լրագրողներին ասաց․ «Այո, ես կարծում եմ ճիշտը Ղարաբաղ ձեւակերպում օգտագործելն է»։

Անդրադառնալով Արցախի իշխանությունների հայտարարութուններին, որ ՀՀ իշխանություններն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվի բանտերից ազատելու ուղղությամբ բավարար ջանքեր չեն գործադրում, Ալեն Սիմոնանն ասաց․ «Ղարաբաղի նախկին պաշտոնյաների հայտարարություններին եւ ասածներին միտված չեմ հետեւել եւ համարում եմ, որ ավելի լավ կլինի՝ իրենք հնարավորինս շատ չխառնվեն, լռեն։ Իրենք ինչքան խառնվեցին, ինչ արեցին, դրա հետեւանքը տեսանք։ Կարծում եմ՝ ճիշտը իրենց կողմից լռելն է»։

Լրագրողները հարցրին՝ դուք որոշումներ կայացնեք, իրենք լռե՞ն, իրենք արցախցիների ու Արցախի մասին որոշումներ չպե՞տք է կայացնեն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Իրենք ՀՀ-ում կարգավիճակ չունեցող մարդիկ են, ոմանք քաղաքացի են, ոմանք փախստական են։ ՀՀ իշխանությունը մեկն է, եւ, այո, մենք պետք է որոշում կայացնենք, եւ իրենք այդ որոշումներին ենթարկվեն, այլ ոչ թե փորձեն իրենք ինչ-որ առանձին օրակարգ բան անեն։ Դա չի ստացվելու, թույլ էլ չենք տալու։ Թող իմանան ով ինչով է զբաղվում ու հանկարծակի չսխալվեն»։

Հարցին, որ ձեր կայացրած որոշման հետեւանքով Արցախը օկուպացվեց, եւ այդ մարդիկ մնացին առանց հայրենիք, ի՞նչ իրավունքով եք նման հայտարարություններ անում, Սիմոնյանը պատասխանեց․ «Մեր կայացրած որոշումով չէ, Արցախը՝ Ղարաբաղը, Ղարաբաղը, Ղարաբաղը, երբեւիցե Հայաստանի կողմից չի ճանաչվել որպես անկախ պետություն որեւէ իշխանության ժամանակ, եւ ՀՀ-ն իր որեւիցե հարեւանի նկատմամբ տարածքայիт պահանջ չունի եւ չի ունեցել»։

Լրագրողները Ալեն Սիմոնյանին հիշեցրին, որ մի ժամանակ Աղդամն իր հայրենիքն էր համարում։ «Բոլորս էլ սխալվում ենք»,- արձագանքեց նա։

Թրամփի երդմնակալությունից հետո շատերի կյանքը կփոխվի, այդ թվում՝ հայերի

Աշխարհի շատ մարդիկ սպասում էին Դոնալդ Թրամփի երդմնակալությանը որպես նոր աշխարհակարգի սկզբի, մի բանի, որը կազդի բոլորի կյանքի վրա:

Թրամփի առաջին 100 հրամաններն ու հայտարարությունները իսկապես ցույց են տալիս, որ շատերի կյանքը փոխվելու է, այդ թվում՝ հայերի։ Օրինակ՝ ԱՄՆ-ում միգրանտների համար անհավանական դժվար կդառնա, հատկապես՝ անօրինական:

ԱՄՆ-ը կօգնի իրեն և կհապաղի օգնել ուրիշներին. Թրամփը 90 օրով դադարեցրել է ԱՄՆ-ի արտաքին աջակցությունը, և Ուկրաինան և այլ հակամարտող շրջանները, անշուշտ, կզգան դա:

Թրամփը մտադիր է Պուտինին համոզել դադարեցնել պատերազմը, հակառակ դեպքում, ինչպես ինքն է ասել, «Պուտինը կկործանի Ռուսաստանը»։ Սա նշանակու՞մ է, որ Ռուսաստանի դեմ ուժ է կիրառվելու։ Միլիոնավոր ռուսաստանյան և ուկրաինական հայերի համար սա նույնպես մեծ փոփոխություններ է խոստանում։

Թրամփը սերտորեն չի աշխատի Եվրոպայի հետ մայրցամաքի հակամարտությունների հարցում, և այս ֆոնին Թուրքիան հայտարարել է, որ մտադիր է Թրամփի վարչակազմի հետ համագործակցության ճանապարհային քարտեզ ձևակերպել։

Թրամփի վարչակազմը դեռ չի ասել, թե արդյոք մտադիր է աջակցել Իսրայելի հարվածներին Հայաստանի հարեւան Իրանին։

Հայաստանի կառավարությունը դեռ չի ուրվագծել ԱՄՆ-ի հետ համագործակցության իր ծրագրերը։ Ավելին, ԱՄՆ-ի հետ Խարտիան ստորագրելուց և ԵՄ-ին անդամակցելու ընթացակարգ սկսելու մասին օրենքի ընդունումից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Պուտինին, իսկ այսօր Արարատ Միրզոյանը մեկնում է Ռուսաստան՝ համաձայնեցնելու ԵԱՏՄ և այլ ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակում համագործակցությունը։

Արդյո՞ք Թրամփը կչեղարկի ԱՄՆ-ի և Հայաստանի ռազմավարական համագործակցության խարտիան, որը կնքվել է ընդամենը մի քանի օր առաջ, թե՞, ընդհակառակը, կսկսի խորացնել համագործակցությունը։

Շատ վերլուծաբաններ ասում են, որ Թրամփի արմատական ​​հռետորաբանությունը և որոշումները նշանակում են ուժի առաջնահերթություն: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն լինելու է ուժեղների կողքին։

Լեւոն Քոչարյանի պատասխանը Արցախի համար Պուտինի պատասխանատվության մասին

Ես տարբեր վարկածներ եմ լսել Արցախում վերջին օրերի տեղի ունեցածի հետ կապված, ես իհարկե չեմ մեկնաբանելու ՌԴ նախագահի գործողությունները: Այս մասին հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով ինչու Պուտինը թողեց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գերի ընկնի, չէ որ այնտեղ խաղաղապահներ կային, անգամ կային տեղեկություններ, որ ռուսները ստանձնել էին այդ պաշտոնյաների անվտանգությունը, բայց վերջին պահին նրանք գերեվարվեցին:

«Հարցը այդ ձևով հնչեցնելը, չգիտեմ, ինչքանով է ճիշտ, իսկ արդյո՞ք կարող էին այնպես անել այդ իրավիճակում, որ դա այդպես չլիներ: Չգիտեմ, չեմ տիրապետում: Իհարկե շատ լավ կլիներ, որ չլիներ այնպես, ինչ եղավ, բայց ունենք այն, ինչ ունենք:

Խշտող հարցին՝ ՌԴ-ն կարո՞ղ էր այդպես անել, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գերության մեջ չհայտնվեր, նա արձագանքեց. «Չեմ կարող ասել։ Կարծում եմ՝ եթե կարողանային՝ կանեին, որովհետեւ, ամեն դեպքում, այս ամեն ինչը նաև հարվածում է իրենց հեղինակությանը Հայաստանում, որը չեմ կարծում, որ իրենք կուզեին, որ լիներ»:

Ընդդիմադիր պատգամավորը չհամաձայնեց, որ գուցե ռուսական կողմը ադրբջանցիների հետ ավելի լավ գործարքի է գնացել. «Չեմ կարծում: Այն, ինչ եղավ, նաև խաղաղապահներն էին այնտեղ ու ի վերջո Արցախը կորցրեցինք: Այս ամեն ինչը շատ լուրջ հարված էր Ռուսաստանի հեղինակությանը ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհում ընդհանրապես: Չեմ կարծում, որ սա մի սցենար է, որ իրենք կուզենային, որ լիներ»,- ընդգծեց Քոչարյանը:

070 կոդով անձնագիր ունեցողները տարեկան հայտարարագիր չեն լրացնելու

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն իր սոցհարթակներում անդրադարձել է այս օրերին ամենաշատը տրվող հարցերին, թե ով է պարտավոր լրացնել հայտարարագիր, ով՝ ոչ։

Արցածից բռնի տեղահանված քաղաքացիների մասով եւս անդրադարձ կա։

«ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներն արդյո՞ք ներկայացնելու են հայտարարագիր Եթե ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացի եք և 2024 թվականի ընթացքում եղել եք վարձու աշխատող են, բայց չունեք ՀՀ քաղաքացիություն (ունեք 070 կոդով անձնագիր), ապա եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, քանի որ հայտարարագիրը ներկայացնում են միայն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները»,- նշել է ՊԵԿ-ը։

Դասընթացներ․ արցախցիների կարիքների և ինտեգրման համար 

Մենեջմենթ Միքսը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և Հայկական կարմիր խաչի ընկերության կազմակերպած Մարդասիրական բիզնես օգնության ծրագրի շրջանակներում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար անցկացնում է դասընթացներ` օգնելու նրանց նախաձեռնությանը ճիշտ ձևով իրականացնելու և ձեռք բերելու հիմնարար բիզնես հմտություններ:

Բայդենը ներում է շնորհել ընտանիքի անդամներին նախագահության վերջին պահերին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության օրը ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը ներում է շնորհել սեփական ընտանիքի անդամներին, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Սա նրա վերջին որոշումն է որպես նախագահի։

«Իմ ընտանիքը ենթարկվել է անողոք հարձակումների և սպառնալիքների՝ դրդված բացառապես ինձ վիրավորելու ցանկությամբ: Ցավոք, ես հիմքեր չունեմ հավատալու, որ այդ հարձակումները կդադարեն»,- ասել է Բայդենը։

Նրանց թվում են նրա եղբայրը՝ Ջեյմս Բայդենը և նրա կինը՝ Սառան, նրա քույրը՝ Վալերի Բայդեն Օուենսը և նրա ամուսին Ջոն Թ. Օուենսը, և մեկ այլ եղբայր՝ Ֆրենսիս Բայդենը: «Այս ներումների տրամադրումը չպետք է ընդունվի որպես մեղքի ընդունում որևէ հանցագործության մեջ», – ասվում է ԱՄՆ հեռացող նախագահի հայտարարության մեջ։

Առավել մանրամասն՝ այստեղ

Պուտինը «ոչնչացնում է» ՌԴ-ը՝ հրաժարվելով պատերազմին վերջ դնելու գործարքից. Թրամփ

Ազատություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կրեմլի առաջնորդ Վլադիմիր Պուտինը «ոչնչացնում է» Ռուսաստանը՝ հրաժարվելով գործարք կնքել Ուկրաինայի պատերազմին վերջ տալու համար՝ հավելելով, որ շուտով կարող է խոսել Պուտինի հետ՝ առանց ժամկետ նշելու։

«Նա պետք է գործարք կնքի: Կարծում եմ՝ նա կործանում է Ռուսաստանը՝ գործարք չգնալով», – ասել է Թրամփը հունվարի 20-ին լրագրողներին՝ իր երդմնակալության արարողությունից հետո:

«Կարծում եմ, որ Ռուսաստանը մեծ դժվարության մեջ է հայտնվելու: Կարծում եմ, որ նա շատ լավ կլիներ, որպեսզի վերջ դնի այդ պատերազմին»», – ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահն ասել է, որ ինչ-որ պահի կխոսի Պուտինի հետ, առանց նշելու ժամանակը. – «Հուսով եմ, որ նա կցանկանա գործարք կնքել»:

Թրամփը նաև նշել է՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն ասել է, որ ցանկանում է խաղաղ համաձայնագիր կնքել պատերազմին վերջ տալու համար։

Վերլուծաբաններն ասում են, որ մոտ ժամանակներս դժվար կլինի դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ինքը հաղթում է և մարտերը դադարեցնելու խթան չունի:

12 էպիզոդ՝ Արցախի բնակավայրերի ու կարոտի մասին

«Տանան նիգյարան» փոդքասթի շարքը Անուշ Պետրոսյանը սկսեց իր տնից շատ հեռու՝ Երեւանում։

Երկու անգամ տեղահանվելով՝ Շուշիից եւ հետո Ստեփանակերտից, Անուշը ապրում էր տան կարոտով ու տան մասին հուշերով։

«Արցախում աշխատանքի բերումով շատ էի գյուղեր գնում, գյուղական առօրյան ու մարդկային պարզությունը ինձ շատ էր գրավում», – նշում է Անուշն ու ավելացնում, որ տեղահանությունից հետո այդ գյուղերի մասին պատմությունները կորստի առաջ են կանգնած։

Անուշն ասում է, որ ինքն անգամ այդքան շրջելով Արցախում, հասկացել էր, որ կան բնակավայրեր, որոնց մասին գրեթե տեղեկություն չուներ։

Իր տասներկու էպիզոդներում անդրադարձել է մի քանի բնակավայրի՝ կոլորիտային կերպարներով, կարոտով ու ավանդազրույցներով։

«Մասնակցել եմ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած դասընթացին, որի ընթացքում ստացել եմ գիտելիքներ փոդքասթի մասին, բայց պայմանավորվածություն ենք ձեռք բերել վեց էպիզոդի համար: Այնքան սիրեցի ու կարեւորեցի այս շարքը, որի իմ միջոցներով եւս վեց էպիզոդ նկարեցի, բայց էլ շարունակել չէի կարող»,-ասում է Անուշը։

Ամեն էպիզոդից առաջ հնարավորինս ուսումնասիրում էր բնակավայրը, ամեն անգամ մի նոր բացահայտում անում։

««Նիգյարան» բառը դժվար է «թարգմանվում», բացատրում եմ՝ մտահոգ, անհանգիստ, տունը կարոտելով, բայց միեւնույն է գրական համարժեքը չկա»,- ասում է Անուշը։

Երազում է մի օր հնարավորություն ունենա շարունակել փոդքասթի շարքը, անդրադառնա Արցախի բոլոր գյուղերին։

«Չեմ կարող նկարագրել, ինչ էր նշանակում նախագիծն ինձ համար։ Չնայած երկու անգամ եմ տեղահանվել, շատերի պես չեմ մնացել այստեղ, այլ վերադարձել եմ Արցախ, մինչեւ վերջին օրը ապրել եմ Ստեփանակերտում, բայց Էլի կիսատության զգացում ունեի։ Փոդքասթով այդ կիսատությունն էի ուզում լրացնել, բայց զգացողությունս չի փոխվե»,- ասում է Անուշն ու կիսվում իր ամենակարեւոր մտահոգությամբ։

Մտածում է՝ հաջորդ սերունդներն ի՞նչ կիմանան Արցախի գյուղերի մասին, ոչ նյութայան մշակութային ժառանգության, երբ ամեն կերպ բարբառն էլ է դուրս մղվում եւ խուսափում են անգամ Արցախ բառն ասել։

Մարիամ Սարգսյան

Մովսես Սարգսյանը ցանկանում է տրամադրված հավաստագրով բնակարան ձեռք բերել․ առաջացել են խնդիրներ

Այսօր արցախահայության համար առաջնային է շարունակում մնալ բնակապահովման խնդիրը։ ՀՀ կառավարության Արցախից բռնի տեղահանվածների բնակարանաշինության, բնակարանային ապահովման ծրագիրը 2024 թվականի հունիսի 15-ից է մեկնարկել։ Ծրագրին մասնկացելու գլխավոր պայմանը ՀՀ քաղաքացիություն ունենալը և ծրագրի շահառու լինելն է։ Ծրագիրն իրականացվում է 3 փուլով։

Մովսես Սարգսյանն Արցախից է տեղահանվել։ Նրա ընտանիքը ծրագրի շահառու է հանդիսանում։ Տեղահանությունից հետո, ստանալով ՀՀ քաղաքացիություն, ընտանիքի 2 անձի կազմով ստացել է բնակարան ձեռք բերելու հավաստագիր։

 -2020 թվականին եմ Հայաստանից տեղափոխվել Արցախ և ծնողներիս հետ հաստատվել Ստեփանակերտ քաղաքում՝ հաշվառվելով Արցախում։ Արցախյան վերջին երեք պատերազմների մասնակից եմ։ Քառօրյա պատերազմից հետո ծառայում էի ՀՀ ՊՆ Ջերմուկի զորամասում։ 2022-ին տեղափոխվել եմ ԱՀ ՊԲ՝ ծառայությունս շարունակելով Ասկերանի զորամասում։ Այդ ընթացքում արդեն բնակություն էի հաստատել Ասկերանի շրջանի Շոշ համայնքում, որտեղ ինձ բնակելի տուն էր հատկացվել։

Մինչև շրջափակումը հորս առողջական վիճակի վատթարացման պատճառով նրան տեղափոխել եմ քաղաք Երևան, իսկ ինքս ռուս խաղաղապահների միջոցով վերադարձել Արցախ ու անցել իմ ծառայությանը։ 2023-ի սեպտեմբերի 19-ին մարտական դիրքերում էի։ Պատերազմի ավարտից հետո, երբ ցանկանում էի գնալ գյուղ, ասացին, որ այն արդեն թշնամու ձեռքին է։ Այդպես էլ ոչինչ չկարողացա վերցնել տանից։ Համագյուղացիներից լսեցի, որ ռմբակոծության հետևանքով իմ տունը լրիվությամբ այրվել է։ Սեպտեմբերի 23-ին դուրս եկա Արցախից և հասնելով Հայաստան՝ հաստատվեցի Էջմիածին քաղաքում։ Այնտեղ մեզ տրամադրվեց փոքրիկ տնակ,- պատմում է Մովսեսը և ավելացնում, – ապրում ենք 5 հոգով՝ հայրս, մայրս, եղբայրս և կինս։ Ամուսնացել եմ տեղահանությունից հետո։

Հայաստանում հաստատվելուց հետո Մովսեսը կրկին անցել է ծառայության և այժմ ծառայում է ՀՀ ՊՆ շարքերում։ Մովսեսը, աշխատանքի բերումով, ստիպված առանձին բնակարան է վարձակալել, սակայն մտադիր է ընտանիքը միավորել և այդ պատճառով ցանկանում է ՀՀ կառավարության արցախցիների բնակապահովման ծրագրի շրջանակներում տրամադրված հավաստագրով բնակարան ձեռք բերել։

 -Մեր ընտանիքից ծրագրի շահառու ենք հանդիսացել միայն ես ու հայրս, քանի որ մայրս ու եղբայրս այդ ժամանակ Արցախում չէին։ Թեև իմ ընտանիքն ընդգրկվում է 3-րդ փուլում, սակայն ընդառաջելով ինձ, թույլատրվեց ստանալ հավաստագիր։ Քանի որ 6 մլն դրամով չեմ կարող տուն գնել, պարզ է, որ պետք է գումարի պակասող մասը լրացնեմ հիպոթեքային վարկով։ Փորձել եմ բանկերից ճշտել․ արդյո՞ք ինձ վարկ կտրամադրվի։ Պարզվել է, որ ես սև ցուցակում եմ՝ մինչև 2020 թվականն ստացած և չվճարված վարկի պատճառով։ Վարկն ստացել էի Հայաստանում և չէի կարողացել վերադարձնել։ Այժմ ևս ի վիճակի չեմ։

Խնդրի լուծման համար դիմել եմ ՀՀ Վարչապետի աշխատակազմ։ Սպասում եմ պատասխանին։ Եթե հարցը լուծում չստանա, ես ստիպված կլինեմ վերադարձնել հավաստագիրը և սպասել 3-րդ փուլին։ Թե ինչ կլինի այն ժամանակ՝ դժվարանում եմ ասել։ Երևի նույն վիճակը, եթե բնակարանային ծրագրում փոփոխություններ չկատարվեն։ Ես մտադիր եմ Երևան քաղաքում կառուցվող փայտե տներից ձեռք բերել, որոնք քիչ թե շատ մատչելի են արցախահայության համար, – ասում է Մովսես Սարգսյանը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Դոնալդ Թրամփը խոստանում է «ոսկե դար» Ամերիկայի եւ փոփոխություններ՝ աշխարհի համար

Ամերիկայի ոսկե դարն այժմ սկսվում է. Այս մասին հունվարի 20-ին երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Այս օրվանից մեր երկիրը բարգավաճելու է և կրկին հարգանքի է արժանանալու ամբողջ աշխարհում։ Բոլոր պետությունները կնախանձեն մեզ, մենք թույլ չենք տա մեզ օգտագործել իրենց շահերի համար։

Մենք այնպես կանենք, որ Ամերիկան ​​միշտ առաջին տեղում լինի։ Մեր սուվերեն պարտքը կմարվի, մեր անվտանգությունը կվերականգնվի.

Մեր հիմնական խնդիրն է ստեղծել մի պետություն, որը կբարգավաճի, Ամերիկան ​​կդառնա էլ ավելի մեծ, նույնիսկ ավելի հզոր, քան պատմության ցանկացած ժամանակ։

Մենք սկսում ենք ազգային հաջողության նոր դարաշրջան, փոփոխությունների ալիք է գալիս մեր երկիր, և այն կտարածի աշխարհով մեկ:

Ամերիկան ​​կօգտագործի այդ հնարավորությունները, ինչպես երբեք պատմության մեջ:

Բայց նախ պետք է վերլուծել մեր առջեւ ծառացած խնդիրները։ Դրանք շատ են, բայց մենք կկարողանանք հաղթահարել դրանք, ինչը թույլ կտա մեզ վերադարձնել ԱՄՆ-ի մեր հպարտ անունը։

Իսթեբլիշմենթը խլել է իշխանությունը մեր ժողովրդից, մեր հասարակության կառուցվածքն է քանդվել։

Մենք ունեինք կառավարություն, որը չկարողացավ հաղթահարել մեր երկրի ներսում առկա ճգնաժամը։ Կարելի է թվարկել նաև արտասահմանում տեղի ունեցած աղետալի իրադարձությունների մի ամբողջ շարք»,- նշեց նա։

Այսօր ես կստորագրեմ մի շարք պատմական գործադիր հրամաններ, որոնք կսկսեն Ամերիկայի ամբողջական վերականգնումը, ասել է Թրամփը։

Այսօր ես կստորագրեմ մի շարք պատմական գործադիր հրամաններ, որոնք կսկսեն Ամերիկայի ամբողջական վերականգնումը, ասել է Թրամփը։

«Առաջին հերթին ես համազգային արտակարգ դրություն եմ հայտարարելու մեր հարավային սահմանին։

ԱՄՆ բոլոր անօրինական ներթափանցումները կդադարեն, և կսկսվի միլիոնավոր հանցագործ տարրերի վերադարձը այնտեղ, որտեղից նրանք եկել են:

«Ես զորքեր կուղարկեմ մեր հարավային սահման՝ հետ մղելու մեր երկիր այս ներխուժումը, որն իսկական աղետ է դարձել», – հավելել է Թրամփը։

Իր երդմնակալությունից անմիջապես հետո Թրամփը ստորագրել է շուրջ 100 գործադիր հրամաններ՝ կատարելով իր նախընտրական խոստումները։

Օրինակ՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարի շրջանակներում Թրամփը, ինչպես խոստացել էր, արտակարգ դրություն հայտարարեց ԱՄՆ հարավային սահմանին՝ հեշտացնելով անօրինական ներգաղթյալների զանգվածային արտաքսումը։ Նա նաև վերջ դրեց «բռնել և ազատ արձակել» պրակտիկային, որով իրավապահներն ազատում էին միգրանտներին, մինչ նրանք սպասում էին ներգաղթի դատական ​​նիստերին: Թրամփի հրամանները կասեցրեցին փախստականների վերաբնակեցման ծրագրերը և չեղյալ համարեցին միգրանտ երեխաների՝ ԱՄՆ քաղաքացիություն ստանալու իրավունքը՝ ելնելով ԱՄՆ-ում նրանց ծննդյան իրավունքից:

Միացյալ Նահանգների էներգետիկ հատվածը զարգացնելու համար հանրապետականը հրամայեց «առավելագույնի հասցնել» բնական ռեսուրսների արդյունահանումն ու արտադրությունը, ինչպիսիք են նավթն ու գազը, և արագացնել հարակից նախագծերի հաստատումը: Նա մեկնարկեց գլոբալ տաքացումը սահմանափակող Փարիզի կլիմայի համաձայնագրից դուրս գալու գործընթացը և հրամանագիր ստորագրեց, որով վերջ դրեց ԱՄՆ-ի բոլոր ֆինանսական պարտավորությունները Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայով:

Թրամփը նաեւ ներում է շնորհել Կապիտոլիում ներխուժածներին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Պանամայի ջրանցքի նկատմամբ ԱՄՆ վերահսկողությունը վերականգնելու մտադրության մասին։

Նրա խոսքով՝ Պանամայի ջրանցքից հրաժարվելու որոշումը սխալ էր։

Թրամփը բացատրել է, որ ամերիկյան նավերը ներկայումս գերվճարում են Պանամայի ջրանցքով անցնելու համար, այդ թվում՝ ռազմածովային ուժերի նավերը։ Նրա խոսքով՝ ջրանցքը վերահսկվում է Չինաստանի կողմից։ «Մենք այն չենք տվել Չինաստանին, մենք տվել ենք այն Պանամային: Եվ մենք այն հետ ենք վերցնում»: