Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, հայտնի են անունները

Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` 2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ: Այս մասին հայտարարություն է  տարածել ՀՀ ԱԳՆ-ն:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ արտահանձնվել են կազմակերպված հանցավոր խմբավորման առաջնորդ Էրքան Յըլմազն ու կազմակերպության անդամ Իբրահիմ Քայմակը։

Ստեղծվել է «Հանուն Արցախի» միավորումը

Արցախյան հասարակական կազմակերպություններն ու անհատները միավորվել են՝ ստեղծելով «Հանուն Արցախի» միավորումը։ Այսօր միավորումը համաժողով անցկացրեց։

Կոչ հնչեց, որ այսքան կորուստներից հետո գոնե հիմա պետք է համախմբվել, անձնական ամբիցիաները դնել մի կողմ ու պետականամետ մտածելակերպ դրսեւորել։

Արցախի «Նախնյաց հետքերով» ՀԿ նախագահ Սայիդա Պողոսյանը ասաց, որ պետք է միավորվել։ «Ամեն ինչ կորսված չէ, ամեն ինչ դեռ առջեւում է, Արցախի ժամանակավոր կորուստ ունենք, բայց պետք է պայքարենք։ Ամենքս մեզ վրա պետք է մի փոքր պատասխանատվություն վերցնենք ու առաջ գնանք։ Առանց պատասխանատվության ոչնչի չենք հասնի։ Մեր հնարավորությունների շրջանակներում պայքարելու ենք հանուն Արցախի։ Մեծ նպատակներ ունենալու համար մեզ անհրաժեշտ են փոքր հաղթանակներ, ես համարում եմ, որ սա արդեն մեծ հաղթանակ է, որ կարողացել ենք արցախցիներով հավաքվել ու գալ համաձայնության։ Այնպես որ, հանուն Արցախի պետք է միավորվենք»,- ասաց նա։

«Հանուն Արցախի» միավորման անդամները հայտարարում են, որ համախմբված ու համակարգված գործունեություն են սկսում՝ հանուն միասնական նպատակների։

Նպատակներն են՝

  1. Արցախի ժողովրդի հավաքական վերադարձ Արցախ եւ նրա անվտանգ, արժանապատիվ, ինքնորոշված ու կայուն կյանքի ապահովում իր պատմական հայրենիքում։
  2. Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանություն ու սոցիալական խնդիրների կարգավորում Հայաստանի Հանրապետությունում ու միջազգային հարթակներում։
  3. Արցախի ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունների մեղավորներինին անհատական ու ինստիտուցիոնալ պատասխանատվության ենթարկում։
  4. Ադրբեջանական բռնազավթման տակ գտնվող Արցախի ժողովրդի մշակութային ժառանգության, հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանություն։

Հայաստանը ՄԻԵԴ կներկայացնի Ադրբեջանում հայ գերիների վերաբերյալ նոր ապացույցներ և պահանջներ

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության մեկնարկի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռեւս 2022 եւ 2024 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների պաշտպանությանն ուղղված երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հայտնում են գրասենյակից:

ՄԻՀՆ գրասենյակը հետեւում է նաեւ այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։

«Ցանկանում ենք տեղեկացնել, որ ըստ սահմանված ընթացակարգի եւ ժամկետների Եվրոպական դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ եւ պահանջներ»,-ասվում է հայտարարությունում։

TikTok-ը դադարեցրել է գործունեությունը ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում ուժի մեջ է մտել օրենք, ըստ որի՝ երկրում անվտանգության նկատառումներից ելնելով արգելված է հանրահայտ TikTok սոցիալական ցանցը։ Նախկինում չինական ByteDance ընկերությունը համաձայնել էր վաճառել հարթակը արգելքից խուսափելու համար։

Ծառայությունը դադարեցրել է գործունեությունը ԱՄՆ-ում մինչև արգելքի ուժի մեջ մտնելը: Հավելվածը բացելիս օգտատերերը տեսնում են հաղորդագրություն, որ TikTok-ն անհասանելի է:

«ԱՄՆ-ն օրենք է ընդունել, որն արգելում է TikTok-ը։ Ցավոք, սա նշանակում է, որ դուք դեռ չեք կարող օգտագործել TikTok-ը: Լավ է, որ նախագահ Թրամփը հասկացրել է, որ ինքը կաշխատի մեզ հետ TikTok-ը վերականգնելու լուծման վրա, երբ նա ստանձնի պաշտոնը: Խնդրում ենք հետևել թարմացումներին»,- ասվում է հավելվածի հաղորդագրության մեջ։

Նախօրեին Դոնալդ Թրամփը NBC News-ին և ABC-ին ասել էր, որ մտադիր է TikTok-ին 90-օրյա հետաձգում տրամադրել։ ԱՄՆ ընտրված նախագահը խոստացել է համապատասխան հայտարարություն անել երդմնակալությունից հետո։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հրադադարը խզվե՞լ է, թե՞ հետաձգվել է մինչև Թրամփի երդմնակալությունը

Իսրայելի պաշտոնյաները հայտնել են, որ հրադադարը, որը նախատեսվում էր սկսել հունվարի 19-ին ժամը 06:30-ին (տեղական ժամանակով 08:30-ին), հետաձգվում է այնքան ժամանակ, մինչև Իսրայելը ՀԱՄԱՍ-ից չստանա բոլոր 33 պատանդների անունները, որոնք պետք է ազատվեն առաջին փուլում: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին։ ՀԱՄԱՍ-ը նշում է, որ չի կարողացել ժամանակին տրամադրել ամբողջական ցուցակը «տեխնիկական» խնդրի պատճառով։

Հագարին ասել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարել հրադադարի պայմանները:

Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված գործարքի համաձայն, 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իսրայելցի պատանդների փոխանակումը իսրայելական բանտերում պահվող պաղեստինցիների հետ պետք է սկսվեր հունվարի 19-ին: 33 պատանդների դիմաց Իսրայելը խոստացել է բանտից ազատել ավելի քան 700 պաղեստինցիների։ Ընդհանուր առմամբ, ՀԱՄԱՍ-ի գերության մեջ է մնում 98 իսրայելցի պատանդ։

Հագարիի խոսքով՝ Իսրայելը մտադիր է շարունակել ռազմական գործողությունը Գազայում այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի կատարել իր պարտավորությունները։

Կիրակի գիշերը՝ հրադադարի ծրագրված մեկնարկից մի քանի ժամ առաջ, իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հյուսիսային հատվածին, հայտնում է AFP-ն։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահներ Բայդենն ու Թրամփը փորձում են իրենց վերագրել զինադադարի կնքումը։ Եթե այն ուժի մեջ մտնի հունվարի 20-ից հետո, դա կհամարվի Թրամփի ձեռքբերումը։

Ինչպես հայր Ալիևը համաձայնեց «իջեցնել նշաձողը»

Ազատություն

Մինչ Հայաստանի վարչապետը հայտարարում է, թե հրադադարի հաստատումից՝ 1994 թվականից ի վեր Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները եղել են միայն Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի տարիներ առաջ հասանելի դարձած փաստաթղթերը վկայում են՝ հայկական կողմը պահանջել է անկախություն, և առնվազն 1997-ին հայր Ալիևը՝ Մինսկի խմբի համանախագահների ճնշման տակ, Վաշինգտոնում համաձայնել է կարգավորման փուլային տարբերակին, որով հայկական ուժերը պետք է դուրս բերվեին Ղարաբաղի հարակից վեց շրջաններից, կողմերի միջև ստեղծվեր բուֆերային գոտի՝ բազմազգ խաղաղապահ ուժերով, բացվեին տարածաշրջանի ճանապարհներն ու երկաթգծերը: Դրանից հետո՝ երկրորդ փուլում արդեն, պետք է որոշվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, որը շաղկապվում էր հայկական ուժերի դուրսբերման հետ Լաչինից ու Շուշիից։ Ալիևն անգամ ասել էր՝ պատրաստ է ուղիղ բանակցությունների ոչ միայն Հայաստանի, այլև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին Մինսկի խմբի իր գործընկերներին գրել է ԱՄՆ փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթը 1997 թվականի օգոստոսի 7-ին՝ Միացյալ Նահանգներ Հեյդար Ալիևի այցից հետո (փաստաթուղթը տե՛ս այստեղ).

«Նա (Ալիևը) թե’ բաց տեքստով, թե’ առանձնազրույցների ժամանակ հաստատեց Ադրբեջանի պատրաստակամությունը՝ ուղիղ բանակցությունների մեջ մտնել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հետ՝ Մինսկի խմբի հովանու ներքո։

Նա հրապարակավ ընդունեց Մինսկի խմբի համանախագահների առաջարկը որպես բանակցությունների հիմք»։

Շարունակությունը այստեղ

Ռուսաստանից Ադրբեջանով անցնող առեղծվածային գազատարը. Իրանը հրաժարվեց կռվել Ռուսաստանի համար

Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանի տարածքով, հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը Ռուսաստանի և Իրանի նախագահների հանդիպումից հետո։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ գնի համաձայնեցման մասով բանակցությունները վերջին փուլում են։

Գազի շուկայում մրցակցող երեք երկրներ համաձայնության են եկել նոր գազատարի շուրջ. որտե՞ղ է ռուսական գազը մատակարարվելու Ադրբեջանի և Իրանի տարածքով։

Նույնիսկ հակաիրանական փորձագետներն արդեն ասում են, որ Ռուսաստանի և Իրանի միջև «համապարփակ ռազմավարական գործընկերության» մասին, այսպես կոչված, խոշոր համաձայնագիրը, որը ստորագրվել է այս երկրների նախագահների կողմից ուրբաթ օրը Մոսկվայում, իրականում ոչ պարտադիր փաստաթուղթ է։

Օրինակ, պայմանագիրը չի նախատեսում փոխադարձ ռազմական օգնություն՝ երկրներից մեկի վրա հարձակման դեպքում։ Պայմանագրում միայն ասվում է, որ եթե երկրներից մեկը «ենթարկվում է ագրեսիայի», ապա մյուսը չպետք է որեւէ օգնություն ցուցաբերի հարձակվող կողմին։

Համաշխարհային փորձագիտական ​​հանրությունը գնալով ավելի է բաժանում Իրանն ու Ռուսաստանը միմյանցից։ Իրանի նախկին նախարար Զարիֆը դեռ 2021 թվականին էր ասել, որ Ռուսաստանը խոչընդոտում է Իրանի և Արևմուտքի միջև գործարքին։

Ֆիդանին է՞լ է անհանգստացնում Հայաստանի Սահմանադրությունը

Թուրքիան հասկանում է Ադրբեջանի անհանգստությունը՝ կապված Հայաստանի հետ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Ի՞նչ անհանգստության մասին է խոսում թուրք նախարարը։ Բաքուն վերջերս մի ամբողջ փունջ “անհանգստություններ” է առաջ քաշել, որոնց մեծ մասը Հայաստանի կառավարությունը փաստորեն ընդունել է, այդ թվում Մինսկի խմբի եւ դատական հայցերի մասով։ Նիկոլ Փաշինյանի “12 առաջարկները” եւ “սահմանազատման” մասին վերջին պայմանացորվածությունը՝ վկա։

Մնում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության եւ “ինքնազինաթափվելու” պահանջը։ Ֆիդանը ե՞ւս անհանգստացած է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ հղում է արվում ցեղասպանության, իսկ Ֆրանսիան հավանաբար զենք է մատակարարում Հայաստանին։

Հայաստանի Սահմանադրությունը՝ Բաքվի եւ Անկարայի ախտորոշումն է, և քանի այն գոյություն ունի, թուրքիայի եւ ադրբեջանի սահմանները կասկածելի երեւույթ են։

Մոսկվայի հետ պայմանագիր ստորագրելուց հետո Իրանը «հաստատեց», որ Ռաիսին ահաբեկչության ժամանակ չի զոհվել

Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հաղորդակցության կենտրոնն այսօր տարածած հայտարարության մեջ հերքում է վերջին շրջանում հնչող այն պնդումները, թե իսլամական հանրապետության նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարը դիվերսիայի հետևանք էր։

«Վթարի պատճառներն էին եղանակային վատ պայմաններն ու բարդ տեղանքը», – պնդում են իրանցի զինվորականները։

«Համապարփակ հետաքննությունը կողմնակի միջամտության, այդ թվում՝ ահաբեկչական հարձակման, պայթյունի, դիվերսիայի կամ էլեկտրոնային պայքարի միջոցների կիրառման որևէ փաստ չի հայտնաբերել», – նշված է Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարության մեջ։

Երեկ Իրանի և Ռուսաստանի նախագահները Մոսկվայում պայմանագիր ստորագրեցին, որից անմիջապես հետո Գլխավոր շտաբը որոշեց ևս մեկ անգամ «հաստատել», որ նախագահ Ռաիսին մահացել է մառախուղի պատճառով, և ոչ ավելին։

Հիշեցնենք, որ Իրանի քաղաքական և փորձագիտական ​​շրջանակներում տարբեր վարկածներ են քննարկվում Ալիևի հետ հանդիպումից վերադարձող Ռաիսիի մահվան վերաբերյալ։ Նրանք ակնարկում են ոչ միայն ադրբեջանական ու իսրայելական, այլեւ ռուսական միջամտության մասին։ Հիշեցնենք, որ վերջին ռուս զինվորականներն Արցախից, այդ թվում՝ Իրանին սահմանակից շրջաններից դուրս են բերվել միայն 2024 թվականի հունիսին։ Մինչ այդ ժամանակ գործում էր նաեւ Ակնայում ռուս-թուրքական “մոնիտորինային” կենտրոնը։

Թե Անիի, թե Արարատի կողմից մենք չունենք խրամատներ, զենք ու զինամթերք

Բաքվի հայերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ այսօր տեղի ունեցավ ակցիա։ Այս օրերին լրանում է Բաքվի հայերի նկատմամբ ցեղասպանական գործողությունների տարելիցը։ Ակցիայի կազմակերպիչները նշում են, որ 1990 թվականի հունվարի 13֊ը Բաքվի հայության ցեղասպանության պիկն էր, իսկ հայերի կոտորածը Բաքվում անթաքույց սկսվել էր 1988֊ի մարտին՝ Սումգայիթից անմիջապես հետո։ Բաքվի 500 000 հայերը կոտորվեցին, փախան ու ցրվեցին, իսկ խորհրդային ուժերը խառնվեցին միայն 1990 թվականի հունվարի 20֊ին, երբ թափի մեջ մտավ ռուսների կոտորածը։

 «Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանն ասաց, որ Հայաստանի իշխանությունները մեղավոր են ոչ միայն Արցախի հայերի ցեղասպանության համար, այլ նաեւ մտավախություն կա, որ ցեղասպանությունը շատ փափուկ, սահուն կմտնի Հայաստանից ներս, եւ մենք որեւէ պաշտպանական համակարգ չենք ունենա ժողովրդին պաշտպանելու համար։ «Ցեղասպանությունից պաշտպանվելու միակ գործիքը պետությունն ու պետականությունն է։ Ես չեմ ուզում կասկածել, որ մենք պետություն կամ պետականություն չունենք, ես գիտեմ, որ ունենք, բայց այդ գործիքը լիաժեք կիրառող կամ հանրությանն ի պաշտպան օգտագործող ուժեր ես չեմ տեսնում։ Եվ սա է պատճառը, որ թե Անիի, թե Արարատի կողմից մենք չունենք խրամատներ, զենք ու զինամթերք։ Այսօր սելավ է մեզ սպասվում, իսկ մեր քաղաքական ղեկավարությունը ոչինչ չի անում՝ հայությանը փրկելու համար»,- ասաց Մարիամ Ավագյանը։

Նա նշեց, որ պատահական չէ, որ Բաքվում հենց այս օրերին են մեկնարկել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու մյուս գերիների նկատմամբ շինծու գործերով դատական նիստերը։ «Բաքուն ամեն ինչ անում է, որ ցույց տա՝ ինքը կարողանում է հայությանը ոչ միայն ֆիզիկապես վերացնել, այլ նաեւ նսեմացնել։ Եվ պատանդառված հայերի կեղծ դատական պրոցեսով այսօր մեզ այնտեղից նորից ուղարկում են ազդակներ, որ՝ տեսեք, Բաքուն արել ենք, չենք պատժվել, էլի ենք անելու, Արցախ ենք ցեղասպանել, հիմա էլ այս թատերական բեմականացումը կանենք, որպեսզի ապացուցենք, որ Հայաստանը ֆաշիստական պետություն է։ Հայ փախստականների վերադարձի հետ կապված ամեն անգամ ասել ենք՝ այո, մենք ունենք իրավունք վերադառնալու Ադրբեջան, բայց քանի որ այն ֆաշիստական պետություն է, մինչեւ դենացիֆիկացիա չկատարվի, մենք չենք վերադառնա։ Այսօր Իլհամը օգտագործում է մեր բառամթերքը։ Այսինքն՝ մեր իշխանությունները մեր բարձրացրած թեզերը բացարձակ չեն կիրառել երբեւէ, իսկ Իլհամը մեր բարձրաձայնած թեզն այսօր արդեն հակադարձում է Հայաստանի նկատմամբ»,- նշեց նա։

Մարիամ Ավագյանն ասաց, որ 1988 թվականի մարտից Ադրբեջանում սկսվեց հայերի կոտորածը, մեծ ալիք էր 1988 նթվականի նոյեմբերին, հաջորդ ալիքներից մեկը 1989 թվականի օգոստոսից հետո էր, մյուս ալիքը սկսվեց 1989 թվականի դեկտեմբերին եւ վերջացաց 1990 թվականի հունվարի 19-ին։

«Երբ թուրք ցեղասպանն արդեն հստակ իր թիրախի տակ առավ Բաքվի ռուսական ազգաբնակչությունը, միայն այդ ժամանակ խորհրդային այսպես կոչված իշխանությունները տեղից շարժվեցն եւ տանկերով կասեցրին ռուսների կոտորածը։ 1988 թվականի փետրվարից մինչեւ 1992 թվական Ադրբեջանից փախել են ավելի քան 820 հազար հայեր, 300 հազար ռուսներ, 140 հազար հերաներ, 70 հազար պարսկական ժողովուրդ։ Այսօր Ադրբեջանը բացարձակ չի պատժվել իր արարքի համար։ Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես խորհրդային միության իրավահաջորդ եւ շարունակող չի պատժվել, որ թույլ է տվել ու հովանավորել է Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի հայերի ցեղասպանությունը։ Նույնը շարունակվեց Արցախում։ Այո, այսօր Բաքվում գերեվարված հայերը միաժամանակ Մոսկվայի գերիներն են»,- հայտարարեցն Մարիամ Ավագյանը։

Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մեր հարաբերություններն այսօր պետք է լինեին միջազգային դատարաններում միայն

Բաքվի հայերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ այսօր տեղի ունեցավ ակցիա։ Այս օրերին լրանում է Բաքվի հայերի նկատմամբ ցեղասպանական գործողությունների տարելիցը։ Ակցիայի կազմակերպիչները նշում են, որ 1990 թվականի հունվարի 13֊ը Բաքվի հայության ցեղասպանության պիկն էր, իսկ հայերի կոտորածը Բաքվում անթաքույց սկսվել էր 1988֊ի մարտին՝ Սումգայիթից անմիջապես հետո։ Բաքվի 500 000 հայերը կոտորվեցին, փախան ու ցրվեցին, իսկ խորհրդային ուժերը խառնվեցին միայն 1990 թվականի հունվարի 20֊ին, երբ թափի մեջ մտավ ռուսների կոտորածը։

Սումգայիթի հայերի իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի ղեկավար Հրայր Ուլուբաբյանը լրագրողների հետ զրույցում կոչ արեց համախմբվել՝ այսօրվա մարտահրավերներին դիմակայելու համար։

«Եթե Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն այսպես էլ շարունակվեն, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին։ Իշխանավորները կամ անճար են, կամ դավաճան, ոչինչ չեն անում։ Մեծ Թուրան ստեղծելու ծրագիրը Թուրքիան Արդբեջանի ու մյուս ուժերի հետ համառորեն իրականացնում է, եւ դրա դեմ հայկական կողմը ոչինչ չի անում։ Այսօր ամբողջ խնդիրը մտավորականների վրա է մնում։ Մտավորականները  պետք է կազմակերպեն, համախմբվեն, ազգային ազատագրական պայքար սկսեն։ Այս հարցում պետք է ազգային ազատագրական պայքար սկսենք, ոնց որ 1988-ին ենք սկսել։ Այն ժամանակ Արցախը պետք է ազատագրեինք ու միացնեինք Հայաստանին, դա խափանեցին, հենց հայկական իշխանությունները խափանեցին։ Եվ այսօր էլի նույն հայկական իշխանությունների գործելաոճը տանում է Հայաստանի վերացմանը։ Հայ մտավորականները պետք է սթափվեն, միաբանվեն ու պայքար սկսեն, Արցախն էլ ազատագրենք, Հայաստանն էլ։ Եվ դա ռեալ բան է, ուղղակի մեր միասնությունից է կախված, եթե կարողանանք այդ միասնական պայքարը սկսել, ոչ իշխանությունները, ոչ էլ թուրքը չեն կարող դիմադրել դրան։ Առաջին պատերազմը, երբ մենք հաղթել ենք, մարդկային քանակով էլ, ռազմական տեսակետից էլ մենք զիջում էինք Ադրբեջանին, բայց մենք հաղթեցինք մեր միասնությամբ ու վերին ուժերի միջամտությամբ»,- նշեց Ուլուբաբյանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ պայքարում պետք է այսօր ճշմարտությունը ներկայացնենք, թե ինչ է կատարվել Արցախում եւ Հայաստանում՝ դեռեւս 20-րդ դարի 1918-1920 թվականներին։ Հայաստանի տարածքները կեղծիքով ու խաբեությամբ տվել են թուրքերին, կոտորել են հայ ժողովրդին, այնուհետեւ Սումգայիթում, Բաքվում պետականորեն կազմակերպված ցեղասպանություն է տեղի ունեցել՝ Մոսկվայի կողմից հրահրված, Մոսկվայի հետ համաձայնեցված։

«Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բանակցությունները խայտառակություն են հայ ժողովրդի ու հայ ազգի համար։ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մեր հարաբերություններն այսօր պետք է լինեին միջազգային դատարաններում միայն, քանի որ ցեղասպանությունների շարք է տեղի ունեցել հայերի նկատմամբ։ Իսկ միջազգային դատարաններ պետական մակարդակով պետք է դիմենք։ Հիմա մենք պետություն ունենք, բայց իշխանություն չունենք, երկրի ղեկավարներն առայժմ խոնարհ ծառայում են մեր թշնամուն, ուրեմն՝ մենք պետք է համախմբվենք»,- հավելեց Հրայր Ուլուբաբյանը։

«Բոյկոտ փետրվարի 1-ից». Հայկ Մարությանը ֆլեշմոբ է սկսել

Երեւանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանը ֆլեշմոբ է սկսել՝ կոչ անելով փետրվարի 1-ից բոյկոտել տրանսպորտի թանկացումը։

Սոցցանցերի իր էջում նա տեսանյութ է հրապարակել՝ քաղաքի բնակիչների հարցումով, ովքեր հայտնել են, որ փետրվարի 1-ից ճանապարհածախսի համար կշարունակեն վճարել ընդամենը 100 դրամ։