1990-ականների սկզբին Ադրբեջանում հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Բաքվում տեղի ունեցած ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ․

«Այս օրերին հիշատակվում է Բաքվում հայերի ջարդերի, էթնիկ զտումների և զանգվածային տեղահանությունների 35-րդ տարելիցը։ Մեկ շաբաթվա ընթացքում, ադրբեջանական կազմակերպված խմբերը լիակատար անպատժելիության միջավայրում և ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ ու աջակցությամբ, ինչպես նաև խորհրդային իշխանությունների լիակատար անգործության պայմաններում հայերի նկատմամբ իրականացրին զազրելի ոճրագործություններ:

Հայերի ճնշող մեծամասնությունը ստիպված էր լքել սեփական բնակավայրերն այն պարագայում, երբ հայ համայնքը 19-րդ դարի կեսերից էական դեր էր խաղացել Բաքվի արդյունաբերական քաղաքի կառուցման և զարգացման գործում, հայ ընտանիքներն ու անհատները հիմնել, տնօրինել ու ղեկավարել են խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, մշակութային և կրթական հաստատություններ: Արդյունքում, Բաքվի հայերը, թողել են միլիարդների արժողությամբ ունեցվածք և հարստություն՝ հաջորդիվ զրկված լինելով դրա դիմաց որևէ փոխհատուցում ստանալու հնարավորությունից։

1990թ. հունվարին Բաքվում հայ բնակչության կոտորածին, որը հստակ նպատակ ուներ բռնի տեղահանության ենթարկել երբեմնի 250 հազարանոց հայկական համայնքի մնացորդներին, նախորդել էին Ադրբեջանի Սումգայիթ և Կիրովաբադ (ներկայիս Գյանջա) քաղաքներում ավելի մասշտաբային ջարդերը։

1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Ադրբեջանում տեղի ունեցած հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն: Ավելին, ադրբեջանական քաղաքներում հայերի հազարամյա հետքերը միտումնավոր ջնջվեցին, և կեղծվեց նրանց հարուստ պատմությունն ու ժառանգությունը:

Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին և վերապրածներին՝ Հայաստանը խորապես հավատում է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը միայն կարող է կանխել ապագայում մարդկության դեմ այսպիսի ոճրագործությունների կրկնությունը»։

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց

Սյունիքի մարզի դատարանի որոշմամբ՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց նրա փաստաբան Արսեն Սարդարյանը։
«Մեզ համար շատ անսպասելի էր, բայց այսօր մեղադրական վերդիկտ է հրապարակվել»,- ասաց Սարդարյանը։
Խոսելով պաշտպանական կողմի հետագա գործողությունների մասին՝ Սարդարյանը նշեց՝ նախ պետք է դատական ակտը ստանան, ծանոթանան, դրանից հետո կխոսեն քայլերի մասին։
«Անմեղ մարդու նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել, այն, բնականաբար, պետք է բողոքարկել»,- ասաց Սարդարյանը։
Նշենք, որ մեղադրանքը վերաբերում է 2020թ․ հոկտեմբերի 12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստներին։
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տուժող կողմի (զոհված զինծառայողների ծնողների) ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը մանրամասնեց՝ ըստ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի՝ Ջալալ Հարությունյանի պատժի հարցը դատարանը կորոշի լրացուցիչ դատալսումների ընթացքում։
«Ջալալ Հարությունյանն արդարացիորեն մեղավոր է ճանաչվել իր կատարած արարքի համար»,- նշեց փաստաբանը։
Նա շեշտեց՝ որպես տուժողների ներկայացուցիչ միջնորդելու է խիստ պատժի համար։

Լաուրա Աթայան․ Դուրս գալուց հետ նայեցի․ տունս մենակ էր ու անօգնական

Արցախի տեղահանումից հետո կյանքի անիվը Լաուրա Աթայանին հասցրել է Ռուսաստանի Դաշնության հեռավոր Խաբարովսկ քաղաքը։ Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդի Ներքին Կալերում է ծնվել, ապա տեղափոխվել Կարմիր շուկա ավան։ Մինչև տեղահանումը նրա ընտանիքն ապրում էր Ասկերան քաղաքում։ Բազմավաստակ մանկավարժն իր թողարկած սերունդներով ու հիշողություններով է ապրում ոչ մի րոպե նա չի դադարում վերապրել անցածը և տունդարձ երազել․․․

 Հայրենիքի կորուստը դաջված է սրտում

-Կրտսեր որդուս ընտանիքի հետ 2023-ի սեպտեմբերի վերջին ենք դուրս եկել Արցախից։ Դա մի դաժան օր էր իմ ողջ ընտանիքի համար։ Մինչև վերջին պահը հույս ունեինք, որ կմնանք մեր տներում, մեր հողում, սակայն իրադարձությունները բոլորովին այլ ճակատագրի արժանացրին մեզ։ Մենք ևս բռնեցինք գաղթի դաժանակիր ճանապարհը։ Դուրս գալուց առաջ հետ նայեցի․ տունս մենակ էր ու անօգնական։ Հոգիս միանգամից դատարկվեց։ Ամբողջ կյանքս մնաց հետևում։ 90-ականներին մեր տունը լրիվությամբ այրվել էր, սակայն պատերազմի ավարտից հետո կրկին տուն ենք կառուցել, այգիներ հիմնել, հողագործությամբ զբաղվել։ Երջանիկ ապրում էինք մեր հողում, մեր ժողովրդի մեջ։ Վերստին կորցրինք ամեն ինչ։ Ո՞վ կմտածեր, որ կհայտնվենք Խաբարովսկում՝ հայրենի հողից հազարավոր կիլոմետրեր հեռու։ Որտեղ էլ լինենք, միևնույն է՝ մեր ցավն անցնող ցավ չի։ Հայրենիքի կորստի հետ մենք կորցրինք լավագույն տղաներին։ Մարդկային կորուստներն ամենադաժանն են, որոնց հետ համակերպվել երբեք հնարավոր չի լինելու։ Մենք կարոտ մնացինք մեր գերեզմաններին, եկեղեցիներին։

 Հայաստանից Լաուրա Աթայանն ամուսնու՝ վաստակաշատ մանկավարժ Վլադիմիր Ալլահվերդյանի հետ է մեկնել Ռուսաստան, որտեղ նրանց սպասվում էին նոր միջավայրում ինտեգրվելու դժվարություններ։ Մի քանի ամիս հետո ամուսնինն անսպասելի հրաժեշտ է տվել կյանքին։ Դա մի նոր հարված էր, որի հետ չի կարողանում հարմարվել։

-Իմ ապրած կյանքի ամենամեծ ձեռքբերումն իմ ընտանիքն է։ Ես կազմել եմ գեղեցիկ ընտանիք: Ամուսնուս հետ, ով միշտ ինձ համար թիկունք էր, դաստիարակել ենք երեք զավակների։ Հպարտ եմ իմ երեխաներով, թոռներով։ Արցախից տեղահանվելուց հետո որոշել ենք միանալ ավագ որդուս՝ Արայի ընտանիքին։ Նա ամբողջ կյանքում ծառայում էր ԱՀ ՊԲ-ում։ Զինվորական թոշակի անցնելուց հետո կնոջ հետ, ով բժշկուհի է, որոշել են աշխատանքային ծրագրով մեկնել Ռուսաստան ու աշխատել այնտեղ։ Բարեբախտաբար, նրանց հաջողվել է ինտեգրվել, աշխատել ու անուն ձեռք բերել նոր միջավայրում։ Հարսս պահանջված մասնագետ է, տղաս զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով։ Թոռնիկներս լավ են սովորում։ Անին մեդալով է ավարտել դպրոցը։ Աղջկաս ու կրտսեր որդուս ընտանիքները մնացել են Հայաստանում։ Դժվարությամբ, բայց փորձում են հարմարվել, աշխատանք գտնել մասնագիտությամբ։ Աղջիկս մանկավարժ է, տղաս՝ բժիշկ։ Իրենց ընտանիքները պահելու համար առայժմ աշխատում են ոչ իրենց մասնագիտություններով։

Ամուսնուս անսպասելի մահը մեծ հարված էր ինձ համար։ Ծանր եմ տանում, որ վերջին հանգրվանն օտար հողում է գտել։ Նա ոչ միայն ամուսին էր ինձ համար, այլև տարիների հավատարիմ ընկեր, ում հետ երկար ճանապարհ եմ անցել։ Մեր համատեղ կյանքում շատ դժվարություններ ենք հաղթահարել, ապրել տարբեր բնակավայրերում, միշտ պայքարել հանուն մեր երեխաների բարեկեցության։ Ինձ սփոփում և ուժ է տալիս, որ օրինակելի զավակներ ենք դաստիարակել՝ լինելով նաև բազում սերունդների դաստիարակողներ։

2000 թվականին տարվա լավագույն դասվար է ճանաչվել սերունդներ կրթած մանկավարժն ապրում է իր սաներով, անմոռանալի հիշողություններով

-Իմ թողարկած սերունդներն իմ հպարտությունն են։ Ամեն օր ու ժամ ես վերապրումների մեջ եմ։ Իմ աչքի առաջ միշտ աշակերտներս են։ Նրանց հետ կապված ամեն մի դրվագ իմ հիշողության մեջ է։ Այսօրվա նման հիշում եմ, երբ առաջին անգամ Ամարասի վանքի պատերի ներքո այբուբենի տոն կազմակերպվեց, և այդ երջանիկ փոքրիկներն իմ դասարանի սաներն էին։ Հայկական ոգու այդ կրթատանն իմ աշակերտները պատիվ ունեցան հնչեցնել այբուբենի տառերը։ Հիշում եմ՝ ինչպես էին երեխաները զարմացած ու հիացած լսում Արցախում հայալեզու առաջին դպրոցի մասին։ Միջոցառումը կազմակերպվել էր Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ռոմելա Գրիգորյանի նախաձեռնությամբ և մեծ արձագանք գտել ամբողջ Արցախում։ Ինչքա՜ն միջոցառումներ էինք կազմակերպում, որոնցից յուրաքանչյուրը մի հայրենասիրական դաս էր։ Թեկուզ ապրում եմ բոլորից հեռու, սակայն հոգով ու սրտով յուրաքանչյուր արցախցու հետ եմ։

Երբ զանգեր կամ հաղորդակցություններ եմ ստանում իմ գործընկերներից, հարևաններից ու աշակերտներից, հպարտանում եմ և հասկանում, որ ճիշտ եմ ապրել։

Լաուրա Աթայանը չի կարողանում կանխատեսել, թե ինչ է սպասում աշխարհով մեկ սփռված արցախահայությանը, սակայն հոգու խորքում հրաշքի է սպասում

-Ցավոք, կյանքը շատ է անկանխատեսելի։ Արցախի հայաթափումը մի արհավիրք էր մեզ համար։ Ո՞վ կպատկերացներ, որ կարոտ կմնանք մեր հող ու ջրին։ Թե վաղն ի՞նչ կլինի, դժվարանում եմ ասել, սակայն ուզում եմ հավատալ, որ մի գեղեցիկ օր վերադարձի մասին բարի լուր կլսենք։

Գնահատում եմ <<Բերդ թերթ>> ֆեյսբուքյան էջի աշխատանքը, որի միջոցով տեղեկանում ենք մեր ժողովրդի հետ կապված նորությունների մասին։ Ուրախալի է, որ սոցիալական այդ հարթակում երևում են մեր միասնականությունն ու սրտացավությունն իրար հանդեպ։ Դրանից մենք ուժ ենք հավաքում։ Ցանկանում եմ, որ մեր ժողովուրդը կարողանա հնարավորինս հաղթահարել պատուհասած բոլոր դժվարությունները։ Հայի ճակատագիրն է՝ միշտ պայքարել, սակայն երբեք չկորցնել հույսն ու հավատը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Շարունակվելու է բնակապահովման ծրագրի պարտադիր պահանջ մնալ ՀՀ քաղաքացի դառնալը

Այսօր հրավիրած ասուլիսում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին հարց ուղղվեց՝ բռնի տեղահանված արցախցիներից քչերն են դիմում ՀՀ կառավարության բնակապահովման ծրագից օգտվելու համար, քանի որ ՀՀ քաղաքացի դառնալու պարտադիր նորմին դեմ են, կառավարությունը նախատեսո՞ւմ է վերանայել այս դրույթը։

Ի պատասխան նախարարն ասաց․ «Հարցին, արդյոք մենք գո՞հ ենք այս արդյունքից, թե ոչ, բնականաբար արդյունքից գոհ չենք, որ քիչ թվով մարդիկ են դիմում։ Բայց ձեր հարցին՝ արդյոք մենք հետքայլ անելո՞ւ ենք քաղաքացիության հարցից, ասում ենք, որ՝ ոչ, հետքայլ չենք անելու։ Շարունակվելու է ծրագրի պարտադիր պահանջ մնալ ՀՀ քաղաքացի դառնալը։ Հետեւաբար, պետք է եւս մեկ անգամ կոչ անեմ մեր հայրենակիցներին՝ դառնալ քաղաքացի, ապա՝ դառնալ մեր ծրագրի շահառու, ներառվել եւ անցնել զարգացման ճանապարհով»։

 

Նախարար․ 2024 թվականին 58,5 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերվել արցախցիներին

«Պետք է ուրախությամբ փաստեմ, որ տարեվերջին արդեն ակտիվություն սկսվեց բնակապահովման ծրագրի շուրջ, եւ Լեռնայի Ղարաբաղից բռնի տեղահանված 440 ընտանիք արդեն իսկ ստացել է հավաստագիր, որով մեր հայրենակիցներն արդեն կարող են սկսել իրենց տների կառուցումը ու բնակարանների ձեռքբերումը»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նա նշեց, որ բնակապահովման ծրագիրը փոփոխությունների է ենթարկվում․ «Մեր բոլոր ծրագրերի մասով մենք հընթացս ունեցել ենք լավարկումների, փոփոխությունների անհրաժեշտություն եւ գրեթե միշտ վերադարձել ենք կրկին այդ նախագծերին, որը բնական գործընթաց է»։

Հիշեցնենք, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը step1.am-ին օրերս ասել է, որ 440 հավաստագրերից դեռեւս իրացված են ընդամենը 13-ը։

Նարեկ Մկրտչյանը նշեց, որ 2024 թվականին 58,5 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերվել արցախցիներին, իսկ երեք աջակցության ծրագրերով ընդհանուր առմամբ ՀՀ կառավարությունը շուրջ 89 մլրդ 370մ մլն դրամի աջակցություն է հատկացրել։ «Այս ձմռան ընթացքում ֆինանսական աջակցություն կստանան բոլոր հայրենակիցները, իսկ ապրիլ ամիսից աջակցությունն ավելի թիրախային կդառնա։ Սրա նպատակը աշխատանքն ու զբաղվածությունը խթանելն է, ինչպես նաեւ մարդկանց դեպի բնակապահովության ծրագիր ուղղորդելը»,- հավելեց նա։

Անդրադառնալով արցախցիների զբաղվածության խնդրին՝ Նարեկ Մկրտչյանն ասաց, որ այսօրվա դրությամբ զբաղված է 25 հազար արցախցի, նրանց մեծ մասը աշխատանք են գտել ինքնուրուն, իսկ մի մասն էլ աշխատանքի են տեղավորվել պետական զբաղվածության ծրագրերով։

 

Կուբհա Մելա. Մինչև 400 միլիոն մարդ հավաքվում է փառատոնի Հնդկաստանում

Հինդուիստները կարծում են, որ ուխտագնացությունը դեպի սրբություններ և գետում լողանալը Կուբհա Մելա փառատոնի ժամանակ մաքրում է մեղքերից: Փառատոնը կտևի մինչև փետրվարի 26-ը։ Այն անցկացվում է 12 տարին մեկ անգամ։

Ալմա-Աթա, «խաչմերուկ», Ակադեմիական քաղաք. ՀՀ-ԱՄՆ կանոնակարգը Հայաստանո՞ւմ է գրվել

Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական համագործակցության կանոնակարգի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ արտաքին քաղաքականության բալանսավորման առաջին հանգրվանն անցած է։ Ասել կուզի, որ Ռուսաստանից միակողմանի կախվածություն այլեւս չկա, տարածաշրջանում պատերազմների վտանգը սպառված է։ Սակայն ամեն ինչ հակասական է։

Նախ՝ Հայաստանի հետ կանոնակարգը ստորագրել է ԱՄՆ պետքարտողար Բլինքենը, որը 3 օրից այլեւս պետքարտուղար չի լինելու։ Պատահական չէ, որ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ կաշխատեն նաեւ Թրամփի վարչակազմի հետ։

Որքանո՞վ է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության կանոնադրությունը համաձայնեցված Թրամփի վարչակազմի հետ՝ պարզ չէ։ Սակայն կանոնակարգի տեքստը հուշում է, որ այն գրվել է ոչ թե Վաշինգտոնում, այլ Երեւանում կամ մեկ այլ մայրաքաղաքում։ Տեքստի մեջ ներառված են բոլոր այն թեզերը, որոնք Փածինյանը ներկայացնում է որպես «առաջարկ», իսկ Ալիեւը՝ որպես «պահանջ»։

Գնալուց առաջ Բայդենի վարչակազմը պետք է մի քանի հաջող գործ ցույց տա, եւ մեկը՝ Հայաստանը «Ռուսաստանից» կտրելն է։ Հենք այդպես են միջազգային լրատվամիջոցները ներկայացրել կանոնակարգի ստորագրումը։ Ու եթե չստացվի Իսրայել-ՀԱՄԱՍ համաձայնագիրը, ապա Հայաստանի հետ ստորագրված փաստաթուղթը կլինի Բայդենի վարչակազմի «կարապի երգը»։

Փաստաթղի ստորագրման ժամանակ հնչել են մի քանի կոնկրետ նորություն․ փետրվարին Հայաստան կայցելեն մաքսային և սահմանային ծառայությունների ոլորտի ամերիկացի մասնագետները, ռազմական համագործակցությունը կշարունակվի «Արծիվ գործընկեր» համատեղ զորավարժությունների միջոցով, եւ Երեւանը կմիանա միջազգային հակաահաբեկչական կոալիցիային՝ դառնալով նրա 88-րդ անդամը։

Մնացածը՝ Փաշինյանի թեզերն են․ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այդ թվում՝ սահմանազատման գործընթացին՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝  հիմնվելով երկրների ինքնիշխանության և իրավազորության վրա։ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խորացնել hամագործակցությունն՝ ուղղված Հայաստանի ինտեգրմանը առավել լայն տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին և կապակցման նախաձեռնություններին, մասնավորապես՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի` ամուր քաղաքական աջակցության և դրա խթանման միջոցով:  Հայաստանը և Միացյալ Նահանգները գնահատում են Հայաստանի Ակադեմիական քաղաքի ներուժը՝ որպես ակադեմիական համագործակցության և նորարարությունների հանգույց:

Այսինքն՝ Ալմա-Աթա, «խաչմերուկ», նույնիսկ Ակադեմիական քաղաք։ Փաշինյանին վերջապես հաջողվեց «լեգիտիմացնել» իր «խաղաղության օրակարգը» նաեւ ԱՄՆ-ում:

ԱՄՆ-ի հետ համաձայնագրից հետո Փաշինյանը հայտարարել է ՀՀ արտաքին քաղաքականության բալանսավորման մասին

Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբևէ, առանցքում ունենալով կոնկրետ հարցեր՝ առանց էմոցիոնալ փաթեթավորման: Մենք նպատակաուղղված ենք այս հարաբերությունները զարգացնել` փոխշահավետ համագործակցության և ինքնիշխանության հիման վրա»,-գրել է նա:
Իրանի Իսլամական Հանրապետության հետ ՀՀ-ի հարաբերությունները, ըստ վարչապետի, հիմնված են բնական շահերի վրա, Վրաստանի հետ հարաբերությունները գտնվում են ռազմավարական գործընկերության ուղեծրում, իսկ Թուրքիայի հետ ըմբռնման տեսանելի բազա է ձևավորված:
«Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա բոլոր հարցերին Հայաստանի Հանրապետությունն առաջարկել է կառուցողական լուծումներ: Ոչ թե առաջարկներ է արել, այլ լուծումներ է առաջարկել: Այս համատեքստում տարածաշրջանում էսկալացիաներ հրահրելու բոլոր ջանքերը զուրկ են լեգիտիմությունից և հիմքից, ինչը նշանակում է, որ տարածաշրջանը էսկալացնել չի հաջողվի»,-նշել է Փաշինյանը:
Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականության մյուս գերակա ուղղություններին, Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեկնարկում է ռազմավարական գործընկերություն, Ֆրանսիայի հետ բարեկամությունը ամրապնդվել է և զարգացել, Հնդկաստանի հետ հարաբերությունները նոր կշիռ են ձեռքբերել, Չինաստանի հետ հարաբերությունները զարգանում են և խորանում, Մերձավոր Արևելքում գործընկերության նոր հնարավորություններ են ստեղծվել, իսկ ԵՄ-ի հետ հարաբերությունները սերտ են առավել քան երբևէ։

Վաայ, Բաքուն անթույլատրելի է համարում մարդկանց արտաքսումը

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան բաց նամակ է հղել միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, օտարերկրյա օմբուդսմեններին՝ պահանջելով դատապարտել «ներկայիս Հայաստանի տարածքից 300 հազար արևմտյան ադրբեջանցիների վտարման աննախադեպ և անարդար որոշումը»։

Ալիևան նաև նշել է, թե «աշխարհը պետք է ուշադրության կենտրոնում պահի նրանց արժանապատիվ և անվտանգ վերադարձի իրավունքի ապահովման հարցը»։

Բաքվի օմբուդսմենի հայտարարությունը հնչում է օրերին, երբ 1990 թ․ Բաքվում կոտորում էին հայերին։ Նա չի հիշատակել 500 հազար հայերին, որոնց Սումգայիթում եւ այլ քաղաքներում սպանելով արտաքսել են, չի հիշատակում Արցախի 145 հազար հայերին, որոնց ցեղասպանությունով տեղահանել են 2020-2023 թվականներին։

Ինչո՞ւ Բաքվում, Գանձակում, Շահումյանում, Նախիջեւանում, Արցախում հայ չկա։ Ո՞վ է նրանց արտաքսել։ 

 

Արգելափակել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին Boeing բեռնատար ինքնաթիռների վաճառքի ֆինանսավորումը

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտնում է, որ Ամերիկայի հանձնախումբն սկսել է համագաղութային արշավ՝ կոչ անելով ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկին (EXIM) մերժել 100 միլիոն դոլարի ֆինանսական երաշխիքը ադրբեջանական Silk Way Airlines-ին՝ Boeing բեռնատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար։ Ըստ հանձնախմբի՝ այս ֆինանսավորումը հնարավորություն կտա Ալիևի ռեժիմին ձեռք բերել երկակի նշանակության ինքնաթիռներ՝ հեշտացնելով զենքի անօրինական մատակարարումը դեպի Ադրբեջան մի երկիր, որը լայնորեն դատապարտված է Արցախի հայ բնակչության դեմ իր ցեղասպան քաղաքականության և Հայաստանի Հանրապետության դեմ շարունակվող ագրեսիայի համար։

2025թ հունվարի 10-ին EXIM բանկը հայտարարել է, որ ստացել է Boeing-ի հայտը 100 միլիոն դոլարը գերազանցող վարկի վերջնական պարտավորության համար: Այս առաջարկի վերաբերյալ հանրային մեկնաբանությունները կարող են ներկայացվել մինչև 2025թ փետրվարի 7-ը, ինչից հետո EXIM-ի տնօրենների խորհուրդը կքննարկի հայտը բավարարելու դիմումը:

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի էլեկտրոնային հարթակը՝ www.anca.org/exim, հնարավորություն է հանդես գալու այս գործարքի դեմ։

Ըստ Հայ դատի հանձնախմբի՝ նմանատիպ ինքնաթիռների տրամադրումն Ադրբեջանին խախտում է ամերիկյան օրենսդրությունը, այդ թվում երկակի նշանակության արտադրանքների արտահանման մասով, խաթարում է տարածաշրջանային խաղաղության ջանքերին և Ադրբեջանին հավելյալ ռազմական առավելության հնարավորություն է տալիս։

Silk Way Airlines-ը, որը սերտորեն կապված է Ալիևի վարչակարգի հետ, ներգրավված է եղել բազմաթիվ միջազգային հետաքննություններում, այդ թվում՝ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հաղորդման նախագծի (OCCRP) կողմից՝ ապօրինի զենքեր տեղափոխելու համար, որոնք օգտագործվել են Արցախի վրա Ադրբեջանի հարձակումներում: Freedom House-ի և այլ վերահսկող կազմակերպությունների կողմից վավերագրված այս գործողությունները ցույց են տալիս Ադրբեջանի մտադրությունը՝ համակարգված կերպով ջնջել հայկական ժառանգությունն ու ներկայությունը տարածաշրջանում:

 

Քանի՞ արցախցի է անդառնալիորեն լքել Հայաստանը 2020 թվականից ի վեր

Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տվյալներով՝ 2020 թվականի աշնանից մինչև 2024 թվականի դեկտեմբերն անդառնալիորեն Հայաստանից հեռացել է Արցախի շուրջ 24 հազար քաղաքացի։

Օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանի տվյալներով՝ Արցախի Հանրապետության բնակչությունը, ըստ վերջին մարդահամարի, կազմել է 145 հազար մարդ։ «2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում բռնի տեղահանվել են օկուպացված տարածքների բնակիչները։ Նրանց մի մասը մնացել է Հայաստանում, մի փոքր մասն էլ վերադարձել է Ստեփանակերտ։ Հայաստանից մեկնածներ էլ կային։ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական կողմից իրականացված հերթական պատերազմի և ցեղասպանության արդյունքում Արցախի արդեն ողջ բնիկ բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստան։ Չգիտեմ, թե ինչու են տարբերում 2020 թվականին Արցախից բռնի տեղահանվածներին և 2023 թվականին տեղահանվածներին։ Ուստի, երբ խոսքը գնում է Հայաստանից անդառնալիորեն հեռացած արցախցիների թվի մասին, անհրաժեշտ է հաշվի առնել նաև 2020թ. փախստականներին։ 24 հազար թիվը մեր կողմից ստուգված է եւ ստույգ»։

Նա ենթադրում է, որ ռուս խաղաղապահները շրջափակման ժամանակ ավելի շատ մարդկանց են տարհանել, քան պաշտոնապես հայտարարվել էր։

Ստեփանյանն այնուհետև նշեց, որ արցախցիները լքում են Հայաստանը մի քանի խնդիրների պատճառով։ Մասնավորապես, դրանք զբաղվածության հետ կապված խնդիրներն են, ցածր աշխատավարձը, բնակարանի բացակայությունը, անմատչելի բնակարանային ծրագիրը, ազատ տեղաշարժի իրավունքի խախտումը, երկրում կայուն անվտանգություն ունենալու եւ ապագայի անվստահությունը, քաղաքացիություն ընդունելու առումով իրավական հետապնդումները, կարգավիճակի համար բնակության վայրում անհասկանալի գրանցումը և շատ այլ պատճառներ։

Ալվարդ Գրիգորյան

Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Մարիամ Պողոսյանի և Դավիթ Դանիելյանի ուղեկցությամբ հունվարի 14-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանը և պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: