ՀՀ կառավարությունը չունի հաշվարկ, թե Արցախի կորուստն ինչ ազդեցություն է ունեցել ՀՀ տնտեսության վրա

Հայաստանի կառավարությունը չունի հաշվարկ, թե Արցախի կորուստն ինչ ազդեցություն է ունեցել ՀՀ տնտեսության վրա։

Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին․ «Արցախի կորստով Հայաստանի տնտեսական կորուստը որքա՞ն է կազմել»։ Պատգամավորը նշեց, որ Արցախում սպառվում էին հայաստանյան արտադրության որոշ ապրանքներ, բայց Հայաստանում էլ սպառվում էին Արցախում արտադրված ապրանքները։ Արցախի կորստով այդ ապրանքները Արցախից բերելու փոխարեն դրսից ենք ներմուծում՝ վճարելով արտարժույթով։

Նախարարն ասաց, որ հաշվարկ չկա։ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից ապրանքների արտահանման եւ ներմուծման փոփոխության հետ կապված ազդեցությանը, մենք նման վերլուծություն չունենք։ Համենայնդեպս ես դրա մասին տեղյակ չեմ, չեմ կարող այդ հարցին պատասխանել, թե ինչ ազդեցություն է դա թողել Հայաստանի տնտեսության վրա։ Բայց կարող եմ ասել՝ քանի որ 2023 թվականին էլ բլոկադայի մեջ էր գտնվում Լեռնային Ղարաբաղը, այնտեղից ոչ մի ապրանք ոչ ներմուծվում էր, ոչ արտահանվում, ապա 2024 թվականի ցուցանիշները 2023-ի հետ հնարավոր չէ համեմատել»,- հավելեց Վահե Հովհաննիսյանը։

100 դրամս վերադարձրու, եւ ես ավտոբուսի նոր տոմս կգնեմ

Երկուշաբթի առավոտը սկսվեց Երևանի քաղաքապետարանի հերթական նիստով, որի ժամանակ քաղաքապետ Ավինյանը մեղադրանքների հերթական խմբաքանակն սփռեց. աշխատակիցները չեն կարողանում արդեն գնված ավտոբուսների համար վարորդներ գտնել, նաեւ ի վիճակի չեն “բացատրելու”, որ տրանսպորտային տոմսերի միասնական համակարգը» ձեռնտու է ուղևորների 90%-ին։

Բայց պարզ հարցին՝ ո՞ւր է գնում 100 դրամը, երբ ուղեւորը գնում է տոմս, բայց դրա վավերականության ժամկետն անսպասելիորեն կրճատվում է, քաղաքապետը չպատասխանեց։

Մարդիկ նստում են ավտոբուսներ արդեն գնված տոմսերով, բայց չեն կարողանում օգտվել դրանցից։ Վարորդը զգուշությամբ առաջարկում է նոր տոմս գնել, իսկ ուղեւորները պատասխանում են՝ վերադարձրեք արդեն վճարածս 100 դրամը, և ես նոր տոմս կգնեմ։ Բայց վերադարձի համակարգ նախատեսված չէ՝ հազիվ կորզել են։

Երիտասարդ քաղաքապետ Տիգրան Ավինյանը, լինելով փոխվարչապետ, կարողացավ համաճարակի ժամանակ ներդնել մի համակարգ, որով մարդկանց գրպանից պարզապես փող էին հանում։ Օդանավակայաններում կորոնավիրուսի թեստերը, գրասենյակներում ջերմաչափերի հարկադիր գնումը, դիմակների և ձեռնոցների պարտադիր կրումը, այս ամենը հանգեցրեց նրան, որ որոշ մարդիկ պարզապես միլիարդներ են վաստակում՝ յուրաքնչյուրից “մի քիչ” փոխ պոկելով։ Ոչ ոք բացատրեց, թե ուր է գնացել օդանավակայանի թեստավորման 16 հազար դրամը։ Խոսքը գնում է օրական մոտավորապես 50,000 դոլարի մասին: Դրանք հաստատ չեն մտել պետական ​​բյուջե կամ լաբորատորիաների հաշիվներ։

Այժմ Ավինյանը փորձում է նույնքան գիշատիչ համակարգ մտցնել երեւանյան տրանսպորտում։ Նա ցանկանում է նախօրոք գումար ստանալ, բայց ծառայություններ չմատուցել։ Որովհետև գիտի, որ քաղաքացիներն իրենց 100 դրամի հետևից չեն վազի. սա Հայաստանն է, այստեղ ընդունված չէ փող հաշվել։

Նոր մտքեր ու գաղափարներ՝ իրագործողը մայրական համայնքի ներկայացուցիչները

Արցախի մայրիկների ակումբ ֆեյսբուքյան հարթակը տարիների ընթացքում վերածվել է մեծ համայնքի՝ 15 հազարից ավելի անդամ, որն իր գործունեությունը շարունակում է նաեւ Հայաստանում։

Օրերս ակումբի ակտիվ մայրերն ու կանայք կազմակերպեցին իրական հանդիպում՝ նպատակ ունենալով ամփոփել մայրական համայնքի համար 2024թ․ եւ ուղենշել ծրագրեր, որ պիտի իրականացնեն այս տարվա ընթացքում։

Տեղահանությունից անմիջապես հետո վերաբացվեց մայրիկների ակումբի հիման վրա ստեղծված «Արցախի մայրերի աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որի ստացված ծրագրերից է` երկու անգամ կազմակերպված «Վըսկե ծերքէր» փառատոնը։

Ինչպես նշում է կազմակերպության ներկայացուցիչ Լիլիթ Պետրոսյանը

«Հանդիպման հիմնական նպատակներից է արցախցի կանանց համայնքի պահպանությունը։ Այսպիսի միջոցառումների հաճախակի կազմակերպումը խթան կհանդիսանա նոր ծխրագրերի իրականացման համար։ Կանայք ունեն  նաեւ պարզ մարդկային հաղորդակցման կարիք»։

Միջոցառմանը ներկա էին  թե՛ Երեւանում բնակվող եւ թե՛ մարզերում ապրող տեղահանված արցախցիներ, բժիշկներ, որոնք ակումբի հետ են արդեն տարիներ։

Կազմակերպիչների ուշադրության կենտրոնում են պատերազմի եւ պայթյունի պատճառով այրիացած կանաք, մայրեր, ովքեր ունեն հատուկ խնամքի անհրաժեշտություն ունեցող երեխաներ։

Արցախի տարբեր շրջաններից եկած կանայք փորձում են փորձով փոխանակվել՝ նոր մարտահրավերների հաղթահարման, նոր մասնագիտությունների ուսուցման եւ տարաբնույթ ծրագրերում ընգրկվելու իրենց փորձով։

Կանանց մի մասն այստեղ փոքրիկ բիզնես է հիմնել, իրար օգնելու եւ իրար համար գնորդ ու բիզնեսի աջակից դառնալու հարթակ է նաեւ այսպիսի հանդիպումները։

Ներկա էին նաեւ այլ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ եւ կանանց համախմբումը կարեւոր համարվեց հետագայում համատեղ կազմակերխվելիք միջոցառումների համար։

Մարիամ Սարգսյան

Բավական է Մոսկվան հայտարարի Կարսի պայմանագրի ժամկետի սպառման մասին, եւ Թուրքիայի հյուսիսային սահմանը կփլվի

Մոսկվան եւ Անգորան արդեն բացահայտ են համաձայնեքցնում քայլերը

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը խոսել են Սիրիայում, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել էներգետիկ անվտանգության համար ռիսկեր ստեղծելուն ուղղված գործողությունների կանխարգելման անհրաժեշտությանը», – ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ իրանական դոմինանտը Սիրիայում ոչնչացնելուց հետո Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են ապահովել ռուսական գազի արտահանումը “այլընտրանքային” ճանապարհներով։ Չէ որ ուկրաինական գազատարի աշխատանքի դադարեցումից հետո Եվրոպան հիմա ամբողջությամբ կախված է Թուրքիայից։ Եւ այն հսկայական օգուտները, որը Ուկրաինան էր ստանում, ուղղակի անցնելու են Թուրքիային։

Արդեն խոսում են Սիրիայի տարածքով Կատարից դեպի Թուրքիա գազատար անցկացնելու ու Թուրքիայում գազային հաբ ստեղծելու մասին, որտեղ կաշխատեն ռուս մասնագետները։

Արեւմտյան ԶԼՄ-ները անցած շաբաթ արձանագրում էին, որ Գազպրոմի եվրոպական աշխատակիցներին մասայաբար տեղափոխում են Թուրքիա, որտեղ նրանք այսուհետ կապրեն եւ կաշխատեն։

Ուկրաինայի ճակատագիրն առանց տրանզիտ գազատարի այլեւս ոչ ոքի չի հետաքրքրի։

Ռուս-թուրքական կատարյալ “էներգերիկ ամուսնության” համար չի հերիքում միայն “Զանգեզուրի միջանցքը”, որն ի սկզբանե նախատեսվում էր որպես դեպի Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ ապրանքների ստվերային ճանապարհ։ Քանի որ ռազմական լուծման դեպքում “Զանգեզուրի” համար Թուրքիան պետք է “կռվի” Հայաստանում տեղակայված ռուսական բանակի հետ, որոշվել է այլ ձեւ ընտրել․ Փաշինյանի շուրթերով հայտարարել “հանուն խաղաղության” Հայաստանի “առաջարկների” մասին։ Հաջորը հավանաբար կլինի “Զանգեզուրի միջանցքը” որպես “խաղաղության խաչմերուկի” համար “ներդրում” հանձնելու մասին։

Սիրիայում ռուս-թուրքական “հակասությունների”, Մոսկվայի համար Կատարից գազատարի “վտանգի” մասին խոսողներին պետք է հիշեցնենք, որ Թուրքիային Օսմանյան կայսրության փլատակների վրա ստեղծել է հենց  Ռուսաստանը։ Եւ առայսօր Թուրքիան առանց Ռուսաստանի չի կարող գոյատեւել։

Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը վկա․ բավական է Մոսկվան հայտարարի այդ պայմանագրերի ժամկետի սպառման մասին, եւ Թուրքիայի հյուսիսային սահմանը կփլվի։ Բայց Մոսկվան գերադասում է պահել Թուրքիային՝ մինչեւ ամուսնությունը կատարյալ դառնա։ Թուրքիային աջակցող արեւմտյան երկրները սնում են այս երկգլխանի հրեշին՝ նրա երախը նետելով հայերի եւ այլ նստակյաց ժողովրդներն ու հողերը։        

Թրամփի բանագնաց․ մենք պետք է ավելացնենք ճնշումը Իրանի վրա

Աշխարհը պետք է վերադառնա Իրանի վրա «առավելագույն ճնշում գործադրելու» քաղաքականությանը՝ այն ավելի ժողովրդավարական երկիր դարձնելու համար, շաբաթ օրը Փարիզում իրանական ընդդիմության միջոցառման ժամանակ ասել է Ուկրաինայում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։

Թրամփը խոստացել է վերադառնալ իր նախորդ ժամկետում վարած քաղաքականությանը, որի նպատակն էր Իրանին տնտեսական հարվածների միջոցով ստիպել բանակցել իր միջուկային ծրագրի, բալիստիկ հրթիռների ծրագրի և տարածաշրջանային գործունեության շուրջ:

«Մենք պետք է օգտագործենք այն թուլությունը, որը հիմա տեսնում ենք։ Հույս կա, ուրեմն պետք է գործողություններ լինեն», – ասել է պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Քելլոգը, որը պատրաստվում է դառնալ Թրամփի հատուկ բանագնացը Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով:

Ռուսաստանի եւ Թուրքիայի «ստվերային նավատորմը» հետեւում է ՆԱՏՕ-ի տեղաշարժերին

Ֆինլանդիայում հետաքննում են Estlink 2 ստորջրյա մալուխի վնասման հանգամանքը, որը երկիրը կապում է Էստոնիայի հետ: Fingrid ընկերությունը հայց է ներկայացրել Հելսինկիի շրջանային դատարան՝ պահանջելով կալանավորել Eagle S տանկերը, որը կասկածվում է միջադեպի մեջ։

Դեկտեմբերի 25-ին այս ռազմավարական նշանակություն ունեցող մալուխը կտրվել է՝ խաթարելով Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև հաղորդակցությունը։ Ֆինգրիդը պնդում է, որ նավի կալանավորումն անհրաժեշտ է՝ կրած կորուստների փոխհատուցումն ապահովելու համար։ Eagle S տանկերը գտնվում է Պորվու նավահանգստում, և Ֆինլանդիայի իշխանությունները ստուգում են այն։

Միջադեպի ժամանակ Eagle S տանկերը, որը Ռուսաստանից Եգիպտոս էր մեկնում, զգալիորեն դանդաղեցրել է ընթացքը մալուխի վնասման ժամանակ։ Ֆինլանդիայի ոստիկանության տվյալներով՝ վնասման պատճառը կարող էր լինել խարիսխը, որը նավը քարշ էր տալիս ծովի հատակով։

Նշենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Բալթիկ ծովում վնասվել էր Լիտվայի և Շվեդիայի միջև ստորջրյա մալուխը։ 2024 թվականի նոյեմբերին կտրվել էր Ֆինլանդիայի և Գերմանիայի միջև ստորջրյա կապի C-Lion-1 մալուխը։

Քաղաքական մեկնաբանները այս իրադարձությունները համարում են Արեւմուտքի դեմ Ռուսաստանի հիբրիդային պատերազմի մաս։ Eagle S տանկերի շուրջ պատմության մեջ ուշագրավ մի հանգամանք առանձնապես չի լուսաբանվել մամուլում։ Բանն այն է, որ նավի վրա եղել են «կողմնակի անձինք», ովքեր նավ են տեղափոխել գաղտնալսող սարքեր եւ լրտեսության համար անհրաժեշտ այլ հատուկ տեխնիկա, համակարգիչներ ռուսերեն եւ թուրքերեն լեզուներով ստեղնաշարերով։ Մամուլին այս տեղեկությունները դեռեւս հունիսին փոխանցած աղբյուրի պնդմամբ, տեխնիկան օգտագործվել է ՆԱՏՕ-ի ավիացիայի եւ նավատորմի շարժերին հետեւելու համար։ Թուրքիան լիարժեք ներգրավված է Ռուսաստանի ահաբեկչական-հիբրիդային ծրագրերում՝ Արցախից մինչեւ Բալթիկ ծով։

Ուկրաինայի զինված ուժերը ողջ-ողջ բռնել են հյուսիսկորեացի երկու զինվորի

Ուկրաինացի զինվորականները Կուրսկի մարզում գերի են վերցրել Հյուսիսային Կորեայից երկու զինվորի։ Այս զինծառայողները, չնայած ստացած վնասվածքներին, ողջ են մնացել և տեղափոխվել Կիև, որտեղ այժմ շփվում են Ուկրաինայի անվտանգության ծառայության (СБУ) աշխատակիցների հետ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա նշել է, որ հյուսիսկորեացի զինվորներին գերեվարելը բարդ և վտանգավոր խնդիր է, քանի որ ռուսները և նրանց հյուսիսկորեացի դաշնակիցները սովորաբար փորձում են սպանել վիրավորներին, որպեսզի ոչնչացնեն ուկրաինական տարածքում հյուսիսկորեական զորքերի առկայության բոլոր ապացույցները։ Զելենսկին ընդգծել է, որ այս դեպքը կարևոր հաստատում կլինի համաշխարհային հանրության համար։

Պատերազմից մաշված նամակը՝ “բաբոյից”

Տիկին Ջուլիետտայի տունը Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի մոտ էր` Ալեք Մանուկյան փողոցում: 2020-ի պատերազմի օրերին Ջուլիետտա տատիկը օրը մի քանի անգամ հոսպիտալ էր գնում, արդեն բոլորը գրեթե ճանաչում էին նրան:

«Ասում էին, Ջուլիա տատի, էլի եկե՞լ եք: Դե ես էլ չէի կարող չգնալ, թեկուզ հատուկ ցուցակներ չկար, բայց ես գնում էի, որպեսզի տեսնեմ, թե ովքեր են վիրավոր: Այդ ժամանակ թոռս ևս պատերազմում էր: Հարցնում էի, հնարավո՞ր է «Եղնիկներից» վիրավորներ կան, որպեսզի գոնե հարցնեմ, ուր է թոռս: Չնայած այնտեղ ինձ շատ էին նկատողություն անում, բայց բոլորը սիրում էին, գիտեին, թե ինչի համար էի այնտեղ գնում»:

Թոռանը` Հայկի հետ հարզատները վերջին անգամ խոսել էին սեպտեմբերի 26-ին, հաջորդ օրը` սեպտեմբերի 27-ին պատերազմ էր: Մինչ այդ քովիդի պատճառով վերջին անգամ տեսել էին պատերազմից գրեթե 1 տարի առաջ: Ծառայում էր հայտնի «Եղնիկներում»:

 «Մի օր վերդառնում եմ հոսպիտալից, հարևանս եկավ, թե Մհերը տուն է եկել, հարցրեցի՝ որտեղի՞ց, ասեց՝ «Եղնիկներից»: Հայկի նկարը ցույց տվեցի, պարզվեց, որ տեսել է` զենք էր թափում: Մի փոքր հանգստացանք, գոնե գիտեինք, որ ողջ է»:

Այդ օրերին մարդիկ տարբեր կերպ փորձում էին տեղեկություն ստանալ, փորձում էին մի քանի վարկյանում ասել այն ամենը, ինչը գուցե տարիներով փորձում էին ասել իրենց հարազատներին: Ջուլիետտա տատիկը նկուղից գրիչ և թղթի կտոր էր գտել, որի վրա մի քանի բառից բաղկացած նամակ էր գրել:

 «Ասեցի՝ Մհեր, որ մի նամակ գրեմ, կկարողանաս հասցնել, ասեց հա․ շատ ուրախացա:  Ապաստարանի առաջ  մեր նիվան էր կանգնած, թուղթ ու գրիչ վերցրեցի ու հենց մեքենայի վրա մի քանի տող նամակ գրեցի, վերջում էլ ավելացրեցի «բաբո», որ իմանա, որ իր տատիկն է գրել»:

Տիկին Ջուլիետտան հիշում է և երևի երբեք չի մոռանա աղջկա լացը, և երբ նույնիսկ ասում էին, որ որդուն տեսել էր՝ չէր հավատում: Մտածում էր, որ ասում են ուղղակի հանգստացնելու համար:

 «Աղջկաս լացն եմ հիշում Ստեփանակերտի երիտասարդական պալատի դիմաց: Թոռիցս նորություն չկար»:

Մինչ հոկտեմբերի վերջ տիկին Ջուլիետտան իրեն հատուկ համառությամբ շարունակում էր գնալ զինվորական հոսպիտալ:

 «Մի օր էլ էլի հոսպիտալում էի, մի երիտասարդ թևը արյունոտ կանգնած էր, ասեցի արի գնանք մեր տուն, գոնե կլվացվես, հաց կուտես, ասեց չէ՝ եղբայրս պատերազմում է: Պարզվեց, որ եղբայրը նույնպես «Եղնիկներում» է, տնից ուտելիք հավաքեցի, ասեցի, որ չես գալիս, գոնե տարեք կերեք»:

Այդ ընթացքում Ջուլիա տատին իր ամուսնու` Սերգեյի հետ փոքր թոռներին տարել էին մինչև Հակարիի կամուրջը ու նորից վերադարձել Ստեփանակերտ` երբ երիտասարդները կռվում են, մեծերը գոնե պետք է թիկունքում լինեն:

 «Աղջկաս մյուս երեխան Հայաստանում էր, իսկ աղջիկս չէր ուզում դուրս գալ Ստեփանակերտից, ասում էր, որ վախենում է՝ հենց դուրս գա Արցախից, իր երեխայի հետ հնարավոր է վատ բան լինի: Համոզեցինք երկու օրով տարանք Հայաստան, որպեսզի մյուս երեխային տեսնի»:

Տիկին Ջուլիետտայի ընտանիքի կանայք Արցախից դուրս էին եկել հոկտեմբերի վերջին, իսկ տղամարդիկ պատերազմում էին:

«Տղաաս համոզեց, որ դուրս գանք` ասում էին, որ այդպես գոնե մի ուղղությամբ կմտածեն: Հայկի հայրը` փեսաս ասեց, որ ինչ էլ լինի, առանց որդուն Արցախից դուրս չի գալու»:

Նոյեմբերի 14-ին Ջուլիա տատիկի թոռը զանգեց` ծնողների ամուսնության 23 ամյակին: Սկիզբից չէին հավատում, նույնիսկ ձայնը նրա ձայնի նման չէր: Մեկ ամիս անց Հայկը վերադարձել էր տուն, ծոցագրպանում՝ սրտի մոտ պահելով տատիկի գրված նամակը:

Նյութը ավարտենք մի փոքր հատվածով Հայկի կողմից․

«Պատերազմի թեժ օրերն էին, նամակ բերեցին, բացեցի՝ կարդում, կարդում եմ և արդեն հասել էի վերջին տողին, մտքումս ասելով՝ «ջան, երևի ինչ-որ աղջիկ է գրել»։ Դե վերջում, ինչպես երևի գուշակեցիք, տեսա գրված «Բաբո»։ Ի դեպ, այդ ժամանակ մեր տնեցիներից ոչ մեկ չգիտեր այդ նամակի մասին, մինչև ես ծոցագրպանից չհանեցի պատերազմից մաշված նամակը»։

Ալվարդ Գրիգորյան

Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են Սամարա ու Վոլգոգրադ

Մոսկվայից և Երևանից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են Սամարայի և Վոլգոգրադի պահեստային օդանավակայաններ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Գագարին» օդանավակայանի ներկայացուցչին։
Ավելի վաղ Ռոսավիացիան տեղեկացրել էր, որ Սարատովի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար:
«Մոսկվայից «Աերոֆլոտ» և Երևանից «Shirak Avia» ավիաընկերությունների՝ դեպի «Գագարին» օդանավակայան իրականացվող չվերթերն ուղղորդվել են Սամարայի և Վոլգոգրադի պահեստային օդանավակայաններ», – հայտնել Է գործակալության զրուցակիցը:
Օդանավակայանում ուղևորների հետ աշխատում են ավիաընկերությունների ներկայացուցիչներն ու օդանավակայանի աշխատակիցները։ Չվերթերի ժամանման և մեկնման ժամերի վերաբերյալ տվյալները հրապարակվում են առցանց ցուցատախտակում, ինչպես նաև օդանավակայանի կայքում:

Իրանի մասնատման հեռանկարը

Ռուսաստանը միտումնավոր հրաժարվեց պաշտպանել Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգը՝ խաբելով նաեւ Իրանին։ Նման հայտարարություններ է արել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Բեհրուզ Էսբաթին։ Նա հայտարարել է, որ Ասադի վարչակարգի տապալման եւ Իրանի սիրիական քաղաքականության ձախողման մեղավորը Կրեմլն է, հաղորդում է The New York Times-ը։

Գեներալը պատմել է, թե ինչպես է տուսական կողմը խաբել իրանական կողմին, թե իբր օդային հարվածներ են հասցնում «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման շտաբին, որի առաջնորդները ղեկավարում էին հարձակումը Հալեպի և Դամասկոսի վրա։ Իրականում, ըստ Էսբաթիի, ռուսները «ռմբակոծում էին անապատը»։ Բացի այդ, գեներալի խոսքով, Ռուսաստանն անջատել է որոշ ռադարներ, ինչը թույլ է տվել Իսրայելին հարձակվել Սիրիայում իրանական ռազմական օբյեկտների վրա։ Ըստ նրա, ռուսներն իրենք են Իսրայելին փոխանցել իրանական ուժերի եւ Ասադի զինանոցի տեղակայման վայրերի վերաբերյալ տեղեկությունները, ինչի շնորհիվ Իսրայելին հաջողվել է փաստացի ոչնչացնել իրանական հակաօդային պաշտպանության համակարգը այդ թվում Իրանի տարածքում։ Նշենք, որ իրանական գրեթե ողջ ՀՕՊ-ը ռուսական արտադրության է։

Սիրիայում իրագործվել է Իսրայել-ՌԴ-Թուրքիա գործարքը, ինչը ներկայում հաստատվում է արդեն պաշտոնապես, այս եռյակի բարձր ներկայացուցիչների բերանով։ Իսրայելն ու Թուրքիան ընդլայնում են իրենց ռազմաքաղաքական ներկայությունը Սիրիայում, վերահսկողության տակ վերցնելով զգալի տարածքներ։ Թուքիան ռազմական գործողություններ է վարում քրդական ուժերի դեմ Սիրիայի հյուսիսում, փորձելով դուրս մղել քրդերին իր սահմանակից շրջաններից։ Իր հերթին, Մոսկվան իր ուժերի զգալի մասը տեղափոխում է ուկրաինական ճակատ եւ այլ շրջաններ, եռակողմ պայմանավորվածությամբ պահպանելով իր հիմնական երկու բազաները Սիրիայի տարածքում։

Սիրիայում որեւէ «նոր բան» տեղի չի ունեցել, Իսրայել-ՌԴ-Թուրքիա հերթական գործարքը Հայաստանի դեմ Արցախում եռյակ ահաբեկչական գործարքի շարունակությունն է։ Ինչպես նկատում ենք իրանցի գեներալի բացահայտումներից, իրագործման մեխանիզմները, մեթոդներն ու ոճը նույնն են թե Արցախում, թե Սիրիայում, թե Ուկրաինայում։ Գործարքի նախաձեռնողն ու գետնի վրա օպերատիվ երաշխավորը Մոսկվան է, առանց Մոսկվայի այդ դերակատարման գործարքի իրագործումն անհնար է։

Քաղաքական մեղսունակության նվազագույն առկայությունը թույլ կտար տեսնել այս գործընթացների կապը։ Եվ եթե հայկական մեդիա-քաղաքական-քաղաքագիտական համույթի պարագային գործ ունենք դրա դեգեներատիվ ու ծախու բնույթի, իսկ Ուկրաինայի պարագային՝ դրա քարոզչական դաշտը զավթած շրջանակների իրական մոտիվացիայի հետ, ենթադրվում էր, որ Իրանի պետական հազարամյա ավանդույթը թույլ կտար հստակ տեսնել պատճառահետեւանքային կապերը եւ մասնավորաբար այն իրողությունը, որ այս զարգացումների թիրախը Իրանն է։ Եվ Հայաստանի դեմ Արցախում ռուս-թուրք-իսրայելական ահաբեկչական արշավին դիմակայեր հենց ռազմական միջամտությամբ, ոչ թե «ադրբեջանի տարածքային ամբողջականության աջակցության» եւ «աշխարհքաղաքական հազարամյա սահմանների փոփոխության անթույլատրելիության» մասին մանթրաներ երգելով։

Ինչ տարածքային ամբոջկանություն, ինչ աշխարհքաղաքական հազարամյա սահմաններ։ Այդ հայերին կարելի էր մոլորեցնել «Արցախը հանձնենք՝ Զանգեզուրի միջանցքը թույլ չտալու եւ Հայաստանը փրկելու» մասին ապուշություններով, իսկ Իրանի համար պետք է պարզ լիներ, որ Արցախի ռուս-թուրքական օկուպացիան վերացնում է բոլոր տեսակի «տաբուները» եւ պայմանավորվածությունները Մեծ Մերձավոր Արեւելքի շրջանում, իսկ մասնավորաբար ՀՀ հարավի օտարումը, այսինքն «աշխարհքաղաքական հազարամյա սահմանի» վերացումն ընդամենը տեխնիկական խնդիր է։

Եվ ահա, Սիրիայի իրադարձությունների ֆոնին իսրայելական քարոզչական շրջանակները շրջանառության մեջ են դրել ոչ միայն Իրանի իշխող ռեժիմի փոփոխության, այլեւ այդ երկրի մասնատման հնարավորության թեման։ Նշվում է, որ Սիրիայում, Լիբանանում, Եմենում, Իրաքում այսպես կոչված «դիմադրության շիա առանցքի (որն, ի դեպ, Իրանը ձեւավորել էր Արեւմուտքի ուղիղ եւ անուղղակի աջակցությամբ, այդպիսով զգալիորեն ուժեղացնելով իր ազդեցությունը Մեծ Մերձավոր Արեւելքում) ոչնչացման, ինչպես նաեւ Իրանի տարածքին հասցվելիք իսրայելական նոր հնարավոր հարվածների արդյունքում Թուրքիան ու ադրբեջանը կարող են ներխուժել Իրանի հյուսիսային շրջաններ «բնակչության 30 տոկոսը կազմող հայրենակիցների իրավունքները պաշտպանելու համար»։

Լիովին հնարավոր սցենար է, նկատի առնելով «նոր աշխարհակարգի» ձեւավորման տրամաբանությունը, որը ենթադրում է նաեւ, մեղմ ասենք, սահմանների փոփոխություններ։ Այս գործընթացում շահելու են այն միավորումները, որոնք դրան մասնակցության հայտ են ներկայացրել։ Ինչ վերաբերում է «խաղաղության օրակարգում» դեգերող երկրներին, դրանց ճակատագիրը թերեւս պարզ է բոլորին։

 

Ռուս-թուրքական դաշինք՝ Արցախ, Սիրիա, Իրան, Հայաստան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նշել է, որ Անկարան ռացիոնալ է համարում Ռուսաստանի իշխանությունների որոշումը՝ դադարեցնել Սիրիայի նախկին իշխանություններին աջակցելը և ուժ չկիրառել նրանց պաշտպանության համար։

Թուրք նախարարի խոսքով՝ Ռուսաստանն ուներ ռազմական ներուժ՝ արձագանքելու ընդդիմության առաջխաղացմանը, սակայն Մոսկվան նախընտրեց չօգտագործել այն «Անկարայի հետ ինտենսիվ շփումների արդյունքում»։

Իրանցի քաղաքական գործիչներն ու փորձագետները եւս խոսում են Ռուսաստանի, Թուրքիայի և Իսրայելի միջև քայլերի համակարգման մասին՝ հայտարարելով, որ Սիրիայում ռուսական զորքերը պարզապես անջատել են ռադարները և թույլ են տվել Իսրայելի ռազմաօդային ուժերին չեզոքացնել իրանական զորքերը։

2020-23 թթ Արցախում իրականացվել է թերեւս առաջին ռուս-թուրքական-իսրայելական գործողությունը։ ՀՀ Պաշտպանության նախկին նախարարից մեկն ասել էր, որ հայկական հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք կառավարվում են ՌԴ Գլխավոր շտաբից, պատերազմի ժամանակ անջատվել են՝ կանխելով թուրքական F-16-ների և անօդաչու թռչող սարքերի խոցումը։ Իսկ Ակնայում ռուս-թուրքական «մոնիթորինգային» կենտրոնի ստեղծումը, որն ուշադիր հետևում էր հայկական զորքերի տեղաշարժերին, ինքնին խոսուն փաստ է։

Այժմ Թուրքիան և Իսրայելը փոխադարձ հակասություններ են ձեւացնում. Թուրքիան խոսում է իսրայելական էքսպանսիոնիզմի մեծացման մասին, իսկ Իսրայելը «պատրաստվում» է Թուրքիայի հետ հնարավոր պատերազմին։ Բայց ակնհայտ է, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իսրայելը մեկ նպատակ ունեն՝ հասնել տարածաշրջանում Իրանի գերիշխանության դադարեցմանը և հայկական պետականության վերացմանը։ Տարածաշրջանում «նստակյաց» ժողովուրդներ չպետք է մնան։

ԵՄ-ն թերահավատորեն է արձագանքել Հայաստանի անդամակցելու մտադրությանը

«Մենք տեղեկացել ենք այդ որոշման մասին և պատրաստվում եք ուսումնասիրել այն», – «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս են գնահատում Հայաստանի կառավարության որոշումը, որով հավանություն տրվեց Եվրամիությանը (ԵՄ) Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին, ասաց ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։

Նա նշեց, որ Եվրամիությունը շատ սերտ հարաբերություններ ունի Հայաստանի հետ և աշխատում է խորացնել դրանք։

«Ինչպես գիտեք, մենք բանակցում ենք գործընկերության նոր օրակարգի շուրջ։ Ինչպես նաև մենք հայտարարել ենք «Դիմակայունություն և աճ» ծրագիրը, որի իրականացման փուլում ենք», – նշեց ԵՄ դեսպանը։

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցելու գործընթացի սկզբի մասին օրինագծին անսպասելիօրեն նույնիսկ ԵՄ-ի համար։ Քայլը համաձայնեցված չէր, հակառակ դեպքում նույն օրը Հայաստան ժամանած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն գոնե մեկ բառով կանդրադառնար դրան։ 

Միակ “արձագանքը” եղավ այն, որ Եվրահանձնաժողվը հայտարարեց, թե պատրաստվում է Հայաստանում ԵՄ առաքելության ժամկետը երկարացնել եւս 2 տարով, իսկ Արարատ Միրզոյանը նշեց, որ քանի չկան սահմանազատված սահմաններ, ԵՄ առաքելության կարիքը կա։ Իմա՝ մոտակա 2 տարում “սահմանազատում” չի լինի։

Մյուս կողմից, խոսվեց ինչ-որ գումարային աջակցության մասին։  

Արեւմտյան ԶԼՄ-ները Հայաստանի որոշման մասին հարցականով են գրել, չզարգացնելով թեման, Բաքուն եւ Անգորան չեն արձագանքել, իսկ Մոսկվան ձեւի համար Հայաստանին “ընտրության առաջ” է դրել ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ։ 

Նույնիսկ արեւմտամետ գործիչները Հայաստանում նշել են, որ օրինագծի հավանությունը ժամանակավրեպ եւ կիսատ քայլ է, որը ավելի շատ կվնասի Հայաստանին, քան կօգնի։ 

“Չեմ հավատում”, ասում է ԵՄ դեսպանի դեմքը (լուսանկարում)։