Համազգայինի Արցախի գրասենյակ. մենք շարունակում ենք աշխատել, ԱՄՆ Կոնգրեսում լուսանկարների ցուցահանդեսը մեծ հնչեղություն է ունեցել

“Համազգային” հայ մշակութային-կրթական միությունը ստեղծվել է 1928թ.։ Կազմակերպության նպատակն է՝ նպաստել հայ ժողովրդի մշակույթի, ավանդույթների և ազգային ինքնության պահպանմանը։ Հայաստանի բազմաթիվ քաղաքներում և Արցախում բացվեցին կազմակերպության ներկայացուցչություններ, որոնք առ այսօր իրականացնում են մի շարք ծրագրեր և միջոցառումներ՝ ուղղված մշակույթի  եւ երիտասարդության հայրենասիրական դաստիարակության զարգացմանը։

«Համազգային հայ մշակութային և կրթական միության Արցախի գրասենյակը այն սակավաթիվ նախաձեռնություններից է, որին հաջողվել է գոյատևել 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո։ Հաշվի առնելով ներկա իրողությունները՝ մենք չէինք կարող թույլ տալ, որ նման կարևոր նախաձեռնությունը փակվի, և կազմակերպության բարձրագույն ղեկավարությունը որոշեց շարունակել Արցախի գրասենյակի գործունեությունը։

Ներկայումս մենք աշխատում ենք Հայաստանում այլ ներկայացուցչությունների հետ՝ Արցախի երիտասարդության ներկայացուցիչների մասնակցությամբ մի շարք մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արցախցիներն այժմ ցրված են ամբողջ Հայաստանում, մենք որոշեցինք մեր ծրագրերը կենտրոնացնել այն քաղաքներում, որտեղ ապրում եմ մեծաթիվ մեր հայրենակիցներ։

Այսպիսով, այս փուլում մեր ծրագրերն ընդգրկում են Գյումրին, Երևանը, Աբովյանը և Մասիսը։ Մասնավորապես, Գյումրիում բացեցինք տիկնիկների պատրաստման խմբակ, որտեղ հաճախում է շուրջ 40 արցախցի երեխա։ Երեխաները կարդում են հեքիաթներ և տիկնիկային ներկայացումներով պատմությունները Արցախի բարբառով կյանքի են կոչում: Մասիսում գործում է ձեռարվեստի խմբակ։ Երեխաները պատրաստում են տարբեր իրեր և մասնակցում ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում։

Նաև 2020 թվականից մենք իրականացնում ենք Արցախի պատանիների բուհ ընդունվելու անվճար նախապատրաստման ծրագիր։ Այս ծրագիրը որոշակիորեն սոցիալական բնույթ ունի, քանի որ մեր բոլոր ուսուցիչները Արցախից փախստականներ են։

Կազմակերպում ենք նաև տարբեր ցուցահանդեսներ և ֆոտոցուցահանդեսներ, որոնցից կարելի է առանձնացնել Դավիթ Ղահրամանյանի լուսանկարների ցուցահանդեսը։ Նրա լուսանկարներն արվել են 44-օրյա պատերազմի ժամանակ, և դրանցում հստակ երևում են ադրբեջանական կողմի բազմաթիվ հանցագործությունների հետքեր՝ ինչպես թիկունքում, այնպես էլ առաջնագծում։

Ցուցահանդեսը տեղի է ունեցել Հայաստանում և Արցախում։ Նպատակն էր ցույց տալ իրական պատկերը, թե ինչ էր կատարվում Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ, և գրավել համաշխարհային հանրության ուշադրությունը։ Այս բոլոր լուսանկարները հետագայում միավորվեցին գրքի մեջ: Այն արտացոլում է ոչ միայն 44-օրյա պատերազմի իրադարձությունները, այլեւ Արցախի շրջափակումը։ «Արցախ. Անավարտ պատերազմ» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Երեւանում՝ Արցախի ամբողջական օկուպացիայից ու բռնագաղթումից մի քանի օր առաջ։ Գիրքը լույս է տեսել երեք լեզվով։

Շնորհանդեսը լայն հասարակական արձագանք գտավ։ Հայ դատի կենտրոնական գրասենյակը անմիջապես ցանկություն հայտնեց ԱՄՆ-ում կազմակերպել Դավիթի լուսանկարների ցուցահանդես։ Այսպես, Հայ Դատի և ՀՅԴ-ի համատեղ ջանքերով Վաշինգտոնում՝ Կոնգրեսի սրահներից մեկում կայացավ Դավիթ Ղահրամանյանի 7-օրյա լուսանկարչական ցուցահանդեսը, որն ընդգրկում էր ոչ միայն 44-օրյա պատերազմը, այլև շրջափակման և բռնի տեղահանության շրջանը։

Միջոցառման նպատակն էր համաշխարհային հանրությանը ցույց տալ Արցախի ցեղասպանության փաստերը։ Այնուհետև ցուցահանդեսը, որին ներկայացվել է նաև գիրքը, տեղի է ունեցել ԱՄՆ տարբեր քաղաքներում։ Այդ օրերին Կոնգրեսի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ անդրադարձան ցուցահանդեսի թեմային և ընդգծեցին դրա կարևորությունը։

Մենք համագործակցում ենք բազմաթիվ ստեղծագործ մարդկանց հետ՝ նրանց տրամադրելով տարբեր տեսակի աջակցություն։ Այս տարվա նոյեմբերին կազմակերպվել էր շուշեցի լուսանկարիչ Վլադիմիր Գեւորգյանի ինքնատիպ լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին Շուշա քաղաքի ողջ գեղեցկությունն ու կյանքը մարմնավորող լուսանկարներ։

Մեր ուշադրության կենտրոնում են նաև արցախցի գրողներն ու բանաստեղծները, որոնց մասնակցությամբ պարբերաբար տեղի են ունենում գրքերի շնորհանդեսներ, գրական երեկոներ, հանդիպումներ և քննարկումներ։

Նկատի ունենալով, որ Ադրբեջանն ամեն օր ոչնչացնում է Արցախի մշակութային և պատմական ժառանգության հուշարձանները, որոնք գտնվում են օկուպացիայի տակ, մենք ստեղծել ենք հանրագիտարան, որը պարունակում է տեղեկություններ 44-օրյա պատերազմի ընթացքում թշնամու վերահսկողության տակ անցած հուշարձանների մասին։ Այժմ աշխատում ենք հանրագիտարանի երկրորդ մասի վրա, որը ներառում է օկուպացված Արցախի բոլոր հուշարձանները»։

Այս մասին Step1.am-ի հետ զրույցում պատմեց Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը։

Արսեն Աղաջանյան

Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը․ Ազատություն

Ազատություն

Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի գրասենյակից։

Վարչապետի գրասենյակից հիշեցրել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները․ – «2024-ի դեկտեմբերի 19-ին, «Արմենպրես»-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին թե ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ, վարչապետ Փաշինյանը նշել է՝ «Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը: Բայց մենք նաև ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և նրա մղումը, ասենք, օրինակ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»։

2025 թվականի հունվարի 8-ին իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա և չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան և ընդգծել ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող այդ խոսույթից Ադրբեջանի հրաժարվելու և խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը»:

«Ազատության-ն» այսօր ուղարկված պատասխանում նշվում է՝ «Հայաստանի Հանրապետությունը միանշանակ և աներկբա ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և պատրաստ է դա վերահաստատել խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ինչպես նաև վերոնշյալ գրառման մեջ նշված մյուս բոլոր նախաձեռնությունների ու քայլերի իրագործմամբ: Կառավարությունից կարևորել են, որ Ադրբեջանը նույնպես միանշանակ և աներկբա ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»:

Վարչապետի գրասենյակից ընդգծել են՝ այս թեմաները քննարկվել են Փաշինյան-Ալիև՝ 2024թ. հոկտեմբերին Կազանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալից հայտարարություններից երկու օր անց՝ հունվարի 9-ին, Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար Հայաստանի Հանրապետության անունից 12 կետանոց, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու առաջարկ է արել, ինչը և տևական ժամանակ Բաքուն էր պահանջում, իսկ Երևանից արձագանքում էին՝ խաղաղության պայմանագրից հետո։

«Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր վարչապետից, թե արդյոք Մինսկի խմբի լուծարման համատեղ դիմում արդեն իսկ ներկայացվե՞լ է կամ կա՞ պայմանավորվածություն, երբ կներկայացվի (Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ լուծարման համար երկու երկրները պետք է դիմեն) և արդյոք Հայաստանը պատրա՞ստ է Ադրբեջանի հետ համատեղ դիմել ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման համար, եթե Ադրբեջանը չընդունի վարչապետի հրապարակած մյուս առաջարկները։

«Ազատություն»-ը նաև հետաքրքրվել էր Փաշինյանինց, թե արդյոք այս առաջարկը/ները Իլհամ Ալիևին ներկայացրե՞լ է նաև պաշտոնական խողովակներով։

Մինսկի խմբի լուծարումը մեզ համար մահաբեր քայլ կլինի

Step1.am-ի զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

-Պարոն Խզմալյան, տեղեկություն եղավ, որ Հայաստանում Եվրամիության դիտորդների առաքելության ժամկերտը կերակարաձգվի երկու տարով։ Սա սպասելի՞ էր եւ ի՞նչ խնդիր կլուծի։

-Ես կարծում եմ՝ դա սպասված նորություն էր։ Մենք պետք է հասկանանք, որ ԵՄ դիտորդների ներկայությունը 2022 թվականի հոկտեմբերից ապահովում է մեր երկրի անվտանգությունը եւ պաշտպանում է Հայաստանի Հանրապետությունն արդեն անխուսափելի թվացող պատերազմից։ Դա փաստորեն մեր անվտանգության միակ իրական ու լուրջ երաշխիքն է, թեեւ ես կարծում եմ, որ սա արդեն բավարար չէ, մենք պետք է մտածենք ու աշխատենք այդ առաքելությունը ՆԱՏՕ-ի ռազմաբազայի վերածելու մասին։ Համենայնդեպս Հայաստանի Եվրոպական կուսակցության օրակարգային նպատակներից մեկը հենց դա է։

-Այս զարգացումներին զուգահեռ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կատարում է Ալիեւի պահանջները, մասնավորապես, նա երեկ առաջարկեց լուծարել Արցախյան հակամարտության լուծման նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այս պահանջը ավելի վաղ ներկայացրել էր Ալիեւը։ Ինչպե՞ս եք սա գնահատում, ի՞նչ հետեւանքներ կունենան Մինսկի խմբի լուծարումը։

-Նախ մենք ամեն ինչ պետք է անենք, որ թույլ չտանք դա։ Սա անպատասխանատու, արկածախնդիր եւ մեզ համար մահաբեր քայլ կլինի։ Ես ապշած եմ, որ սա ընդհանրապես կարելի է լուրջ քննարկել, հատկապես կառավարության ղեկավարի մակարդակով։ Բանն այն է, որ Մինսկի խումբը դա ՄԱԿ-ի որոշմամբ ԵԱՀԿ-ին առաջադրված մի ձեւաչափ էր, որի մեջ մտնում են ԱՄՆ-ն, ԵՄ մի շարք երկրներ՝ Ֆրանիսայի գլխավորությամբ, մտնում էր նաեւ Ռուսաստանը, որը փաստորեն պայթեցրեց այդ ձեւաչափը եւ դուրս եկավ՝ 2020 թվականի սեպտեմբերին փաստացի դառնալով Արցախի դեմ պատերազմի կողմ։ Այս ամենից հետո խոսել Մինսկի խմբի լուծարման մասին, այն էլ այն ենթատեքստում, երբ դա պահանջում է Ալիեւը, անհեթեթություն է, եւ դա ամենամեղմ բնորոշումն է, որը ես տալիս եմ։ Հայաստանի Եվորոպական կուսակցության ու մեր համախոհների համար սա անթույլատրելի մի բան է, որը մենք պետք է բեկանանք, կանխենք բոլոր հնարավոր միջոցներով՝ բողոքներով, ցույցերով, այլ միջոցներով։

-Մինսկի խմբի գոյությունն Արցախի հարցի լուծման ի՞նչ հնարավորություն է տալիս ներկա պայմաններում։

-Մինսկի խումբը միակ միջազգային ատյանն է, որն ի սկզբանե ձեւավորված է եղել Արցախի հարցի լուծման նպատակով։ Եվ Մինսկի խմբի լուծարումը մեր քաղաքական իրականության մեջ հավասարազոր է 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի ստորագրմանը։ Լուծարել Մինսկի խումբը նշանակում է համաձայնել Արցախի հարցի չգոյությանը։ Եվ սա պետական հանցանք է, ավելի ծանր մեղադրանք այստեղ դժվար է պատկերացնել, սա պետական-քաղաքական հանցանք է։ Եվ սա կնշանակի, որ Հայաստանը, ժամանակին համաձայնվելով Արցախը դուրս բերել բանակցային գործընթացից եւ իր վրա վերցնելով պատասխանատվությունը, հիմա իրենից էլ է հանում այդ պատասպանատվությունը։ Հիմա ո՞վ պետք է լինի հազարավոր մարդանց՝ փախստականների, զոհերի, բռնաբարվածների իրավական ներկայացուցիչը։ Մենք չստեղծեցինք որեւէ լուրջ ձեւաչափ, ՀՀ-ն այս տարիներին չկարողացավ ստեղծել անգամ վտարանդի խորհրդան ու կառավարություն, որ գոնե որեւէ ներկայացուցչություն ունենայինք միջազգային ատյաններում։ Ըստ իս՝ սա նշանակում է, որ Փաշինյանի կառավարությունը համաձայն է հաժարվել ոչ միայն պատասխանատվությունից, այլ նաեւ իր իրավունքից ու պարտքից Արցախից բռնագաղթած, հայրենազրկման ենթարկված 150 հազար մարդկանց առաջ։ Մենք սա չենք կարող ընդունել։

Ռոզա Հովհաննիսյան

Լիտվայի նախագահ. Կալինինգրադը լիտվական քաղաք է

Այն բանից հետո, երբ Կալինինգրադի մարզում ռուսները ցուցադրաբար վերանվանեցին լիտվացի բանաստեղծ Կրիստիյոնաս Դոնեյլատիսի թանգարանը, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ասաց, որ Կալինինգրադը պատմականորեն լիտվական քաղաք է և պետք է վերադառնա իր Կարալիաուսիուս անվանը:

«Որքան էլ Ռուսաստանը փորձի, Կարալիաուչյուսը երբեք Կալինինգրադ չի դառնա»,- ասել է նա։ Ի պատասխան՝ Դմիտրի Պեսկովը Նաուսեդային և ողջ Լիտվային մեղադրեց «տարածքային պահանջների» մեջ և սպառնաց Ռուսաստանի Դաշնության կողմից «անվտանգության միջոցներով»։

Այն բանից հետո, երբ ԱՄՆ ընտրված նախագահ Թրամփը հայտարարեց Գրենլանդիայի, Պանամայի, Մեքսիկական ծոցի հանդեպ իր հավակնությունների մասին՝ գովաբանելով Թուրքիային Սիրիան գրավելու համար, աշխարհում սկսվեց պահանջատիրության շքերթը։ «Վիճելի» տարածքների շարքում առաջինն, իհարկե, Կալինինգրադն է։ Մոսկվան ստիպված է լինելու հրաժեշտ տալ ոչ միայն Կալինինգրադին, այլ նաև այլ տարածքներին։

Արցախում բացված Պանդորայի արկղը դեռ երկար չի փակվի։

Ուկրաինան հարձակվում է Կրասնոդարի մարզի Ռոստովի վրա, այրվում են անօդաչուների պահեստները

Հունվարի 10-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքերը հաջողությամբ գրոհել են Ռոստովի մարզը և Կրասնոդարի երկրամասը։ Տեղացիները պնդում են, որ անօդաչուները «այցելելու են» ռուս հրետանավորներին Կորենովսկում (Կրասնոդարի երկրամաս) տեղակայված 238-րդ բրիգադից։ Հարձակումը տեղի է ունեցել գիշերը ժամը 3-ից 4-ը: Միևնույն ժամանակ, տեղի բնակիչները պնդում են, որ թռիչքները ուղղված են եղել հատուկ զորամասին, հայտնում է «Ուկրաինա 365» հեռուստաալիքը։

Անցած գիշեր Ռոստովի մարզում՝ Չալտիր գյուղի մոտ, հաջող համակցված հարձակման արդյունքում խոցվել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռազմական պահեստը, որտեղ, ինչպես պարզվել է, պահվել են հետախուզական դրոններ։ Ռուս զավթիչների պահեստի ոչնչացումը տեղի է ունեցել SBU-ի և ուկրաինական ռազմածովային ուժերի համատեղ գործողության շրջանակներում, հայտնում է «Ուկրաինա 365» Telegram ալիքը։ Հաղորդվում է, որ անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաև ուկրաինական նավատորմի արձակած «Նեպտուն» հրթիռը ճշգրիտ հարվածել են զինամթերքի և հետախուզական անօդաչու թռչող սարքերի պահեստավորման ռուսական պահեստին։

Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

«Մենք պետք է հետ գնանք, որովհետև դա մեր իրավունքն է». Դրմբոնի նախկին գյուղապետ

Forrights

73- ամյա Սուրեն Շաբոյանը շուրջ 36 տարի Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոնի գյուղապետն էր։ Նրա երկու որդիներն ու թոռը մասնակցել են արցախյան պատերազմներին։ Ի դեպ թոռը՝ Սուրենը, որ Երևանում ուսանող է, գիրք է գրել պատերազմի մասին։  Սուրեն Շաբոյանը 16 տարեկանում ընդունվել  է ՀՀ պոլիտեխնիկական ինստիտուտ և ուսանողության տարիներին միացել Հովհ. Շիրազի մասնակցությամբ կազմակերպված Արևմտյան Հայաստանի պատմական արդարության վերականգնման համար պայքարող երիտասարդներին։ Արդյունքում նրան հեռացրել են իստիտուտից և նա ավարտել է Հիդրոմելիորացայի տեխնիկումի հողաշինարարական բաժինը ու  որպես գեոդեզիստ աշխատանքի անցել Սարսանգի հիդրոկառույցում։ Աշխատել է նաև Միրբաշիր քաղաքի ճանապարհաշինարարության ոլորտում։

«1982թ. Դրմբոնի հասարակության և շրջանի կուսշրջկոմի քարտուղարի պահանջով նշանակվել եմ գյուղական խորհրդի գործկոմի նախագահ։ Հեռու մնալով կաշառքից՝ ձգտել եմ պահպանել արդարությունը և շրջանի ղեկավարությանը հայտնելով իմ տեսակետը։ 2016թ. քառօրյա պատերազմից հետո շրջանի խորհրդի նիստին առաջարկում էի շինարարության գումարները կրճատել և ուղղել քաղպաշտպանությանը, որ հետագա պատերազմներին տանուլ չտանք։ Բոլորս էլ սխալներ ենք ունեցել ու մեր սխալները չպետք է բարդենք ուրիշ ազգերի վրա»,-վրդովված վերհիշեց նախկին գյուղապետը։

2019թ. մարտի 1-ից Սուրեն Շաբոյանը գյուղապետի իր տեղը զիջեց երիտասարդի՝ Աշոտ Հակոբյանին։ Վերհիշելով իր ապրած տարիներն Արցախում, նա համոզված է, որ պայքարը պետք է ազգովի շարունակվի ու վաղ թե ուշ հետվերադարձ լինելու է։

«Այսօր մենք անելանելի վիճակում ենք։ Թուրքն անընդհատ խոսում էի իր տարածքների մասին, իսկ հայը Արցախի և Բաքվում գտնվող մեր գերիների մասին խոսք չի ասում, էս ինչա՞ կատարվում, միանգամից հանձնվե՞նք։ Լավ է մահանալ հողի կարոտով, քան թե ենթարկվել թուրքին ամոթով։ Մենք արժեքներ ենք թողել, այս պահին ոչնչացվում են մեր եկեղեցիներն ու սրբությունները, մեր պատմությունն ու մշակույթը։ Պապս ապրել է 100 տարի։ Նա Անդրանիկի զորքում էր ծառայում և Սարդարապատի ճակատամարտում արցախցիներով իրենց ուրույն ներդրումն են ունեցել։ Իսկ ինձ այսօր ասում են՝ դուք եկվոր եք։ Էս ի՞նչ եք խոսում։ Ասում են ինտեգրվեք, բա ինչո՞ւ մեկ հրամանով 070 կոդի անձնագրերով արցախցիներին չեք համարում Հայաստանի քաղաքացիներ։ Արհեստական խոչընդոտներ են ստեղծում։ Ես նույնիսկ իմ փաստաթղթերը, տան վկայականները չեմ կարողացել վերցնել գյուղից։ Չէի հավատում, որ պիտի դուրս գանք։ Միայն մի բուռ հող եմ հասցրել վերցնել»,-նեղսրտած ասաց մեր զրուցակիցը։

2023թ. սեպտեմբերի 19-ին Դրմբոնը ևս հայտնվեց արկակոծությունների տակ։ Արկերից մեկն ընկել է Արցախբանկի մոտ, որտեղ աշխատում էր Ս. Շաբոյանի հարսը։ Խուճապ սկսվեց։

«Դպրոցականներ լացելով տուն էին վազում։ Մեր հարևանի երեխային մի կերպ հանգստացրինք և նկուղ իջեցրինք։ Անընդհատ արկակոծում էին։ Ու լուրեր եկան, թե պետք է բնակչությանը տարհանել։ Տղաս զանգեց, թե՝ պապ աղջկադ ու չորս երեխաներին շուտափույթ հանիր, փեսաս էլ դիրքերում էր։ Շրջափակման ժամանակ մարդկանց հուսադրում էի, որ ամեն ինչ լավ կլինի ու ինչ ունեի՝ կիսվում էի գյուղացիների հետ՝ ափսոսալով, որ քաղաքացիներին չեմ կարողանում օգնել։ Մենք չէինք պատկերացնում, որ պատերազմի նույն օրը պիտի տարհանվենք։ Թոռս Սրխավենդի դիրքերում էր, բոլոր դիրքապահներից տեղեկություն ունեինք, իսկ նրանից ոչ մի լուր։ Խիստ անհանգիստ էինք ու այդ գիշեր չքնեցինք։ Առավոտյան պետք է գյուղը լքեինք։ Մեր տղաներն էլ դիրքերում էին ու մինչև վերջ պայքարում էին, իսկ այսօր մեզ ասում են՝ թե Արցախը հանձնել եք, բայց իրականում Հայաստանի ղեկավարությունն է հանձնել» ,-վշտացած խոսեց ամբողջ կյանքը Դրմբոնում ապրած արցախցին։

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 20-ին Դրբոնի գյուղապետի խնդրանքով տղան՝ Սասունը, հետ է վերադարձել և գյուղում մնացած հաշմանդամներին նստեցրել իր «Սպրինտերի» մեջ, որ տարհանի ու այդ պահին հաղորդել են, թե ներքևի խաչմերուկում թուրքերը կանգնած են։ Մի կերպ ուրիշ ճանապարհներով նա արկակոծված մեքենայով տարհանեց հաշմանդամներին։

«Այդ նույն օրն էլ թոռս վերջապես տեղեկացրեց, որ  դիրքերում է՝ բայց ընկերներով երդվել են, որ մինչև վերջ պահելու են դիրքը։ Սակայն հետո նրանց ևս ստիպել են հեռանալ և ամենավերջում են դուրս եկել Խաչենի ձորակից։ Մի քանի օր մնացինք Ստեփանակերտի 6-րդ դպրոցում ու հետո լուրեր պտտվեցին, որ ճանապարհը փակում են և պետք է դուրս գանք։ Տղաս իր ավտոմեքենաներից մեկում տեղ է տվել ստեփանակերտցի մի ընտանիքի և նրանց փրկել»,-տեղահանության իրենց պատմությունը ներկայացրեց մեր զրուցակիցը։

Սուրեն Շաբոյանը տեղահանության ժամանակ օգնել է նաև Հաթերքից տեղափոխված ընտանիքների։ Գաղթի ճանապարհին նրա կինը հաց էր թխել և եղած- չեղածով կիսվել մյուսների հետ։ Փայտից գդալ էր պատրաստել և մեղր բաժանել մարդկանց։ Սեպտեմբերի 26-ին նրանք հասել են Գորիս, հետո Մարտունի, այնուհետև Սևան, իսկ այժմ կնոջ հետ ապրում է Երևանում՝ քրոջ տանը։ Նրա քույրը մահացել էր կորոնավիրուսի հետևանքով, իսկ ամուսինը հիվանդացել էր և խնամքի կարիք ուներ։ Նախկին գյուղապետը հարազատների հորդորով տեղափոխվել է քրոջ տուն և վեց ամիս կնոջ հետ խնամել հիվանդ տղամարդուն։ Անբուժելի ծանր հիվանդությունից հետո մեկ ամիս առաջ մահացել է նաև քրոջ ամուսինը։

«Այսօր մեր հերոսներին նսեմացնում են, իսկ հարկ վճարողին հերոսացնում։ Այնինչ հարկ վճարելը քաղաքացու պարտականությունն է։ Իսկ յուրաքանչյուր մարդ ունի իրավունք և պարտականություն։ Ինքը լինելով վախկոտ, մեզ է վախեցնում ՝ հայ ազգը տանելով կործանման։ Նա պետք է հեռանա։ Ասեմ նաև, որ բազմակուսակցությունը  երկրի քայքայման հիմնաքարն է։ Ես մեծ հույսով սպասում եմ հետվերադարձին, որովհետև դա մեր իրավունքն է ու ոչ մեկն իրավունք չունի այն խլելու։ Մենք պետք է հետ գնանք։ Հայը էսքան նսեմացած կլինի՞, ամաչում եմ ասել, որ հայ եմ։ Չորի հետ թացն էլ է վառվում։ Աշխարհը փոխվել է, մարդիկ շատ են չարացել, բայց արցախցին ի ծնե հոգով նույնն է մնացել։ Աթարին կպած կրակը շատ դժվար է մարվում, Արցախում ապրած մարդը ուրիշ տեղ չի հարմարվում։ Ով իր ազգին անթերի է ծառայում, նրա առջև ողջ ազգն է ծառայում։ Ես խոնարհվում եմ մեր բոլոր  նահատակաների և նրանց հարազատների առջև։ Մենք պետք է միավորվենք։ Երբեք արցախցին ոչ ոքի չի ենթարկվել, բացի իր կամքից ու այսօր կամա թե ակամա, կռվով թե հաշտությամբ պետք է մեր իրավունքները վերականգնենք»,- հավելեց Դրմբոնի նախկին գյուղապետը։

Զառա Մայիլյան

Իրանցի գեներալը եւ Ասադի խորհրդականը բացահայտում են Ռուսաստանի իրական դերը

Ռուսաստանը միտումնավոր հրաժարվեց պաշտպանել Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգը ապստամբներից՝ խաբելով նաեւ Իրանին։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան գեներալներից մեկը՝ Բեհրուզ Էսբաթին հայտարարել է, որ Ասադի վարչակարգի տապալման եւ Իրանի սիրիական քաղաքականության ձախողման մեղավորը Կրեմլն է, հաղորդում է The New York Times-ը։ Թեհրանի մզկիթներից մեկում ելույթի ժամանակ գեներալը խոսել է շատ լուրջ պարտության մասին և մանրամասներ է փոխանցել, թե ինչպես են ռուս զինվորականները տեղեկացրել իրանցիներին, թե իբր հարվածում են «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման շտաբին, որի առաջնորդները ղեկավարում էին հարձակումը Հալեպի և Դամասկոսի վրա։ Իրականում, ըստ Էսբաթիի, ռուսները «ռմբակոծում էին անապատը»։ Դրա շնորհիվ Ասադին ընդդիմադիր ուժերից ընդամենը մեկուկես շաբաթ պահանջվեց Սիրիան վերահսկողության տակ վերցնելու եւ Ասադին տապալելու համար։

Բացի այդ, գեներալի խոսքով, Ռուսաստանն անջատել է որոշ ռադարներ, ինչը թույլ է տվել Իսրայելին հարձակվել Սիրիայում իրանական ռազմական օբյեկտների վրա, գրում է The New York Times-ը։ Ավելացնենք, որ ըստ տարբեր աղբյուրների, ռուսներն իրենք են Իսրայելին փոխանցել իրանական ուժերի տեղակայման վայրեի եւ Ասադի զինանոցի տեղակայման տեղեկությունները, կազմալուծելով սիրիական բանակը։

Իր հերթին, Սիրիայի վտարյալ նախագահ Ասադի նախկին խորհրդականը Al Arabiya լրատվական գործակալությանը հայտնել է, որ Պուտինը միտումնավոր հրաժարվել է աջակցել Սիրիային։ Ասադն անձամբ օգնություն է խնդրել Պուտինից, վերջինս համաձայնվել է։ Օգնությունը պետք է հասցվեր իրանական ինքնաթիռով, սակայն Թեհրանում Ասադին ասել են, որ Մոսկվայից նման հարցում չի ստացվել։ Երբ Ասադը զանգել է Մոսկվա, նրան ոչ ոք չի պատասխանել, հայտնում է Al Arabiya-ն։

Նշենք, որ ինչպես իրանցի գեներալի ու սիրիացի խորհրդականի, այնպես էլ այլ բազմաթիվ աղբյուրների փոխանցած տեղեկություններից ամբողջանում է Սիրիայում տեղի ունեցածի պատկերը։ Մինչ քաղաքագիտական համայնքը իրադարձությունները մեկնաբանում է «Ռուսաստանի թուլության», «Ռուսաստանի համար անակնկալ զարգացումների», «Պուտինին հասցված ապտակի» եւ նման այլ կենցաղային կաղապարների կտրվածքով, ավելի ու ավելի է հաստատվում ՌԴ-Թուրքիա-Իսրայել գործարքը՝ ՌԴ նախաձեռնությամբ ու գետնի վրա օպերատիվ երաշխավորությամբ։

Սիրիայում գործարկվել է «արցախյան սցենարը» նույն այս եռյակի կատարմամբ, թիրախը՝ Իրան, որը դեռ «վայելելու» է Հայաստանի դեմ Արցախում ռուս-թուրք-իսրայելական ահաբեկչական պատերազմին իր «գաղափարական» պահվածքի ու եռյակի ծրագրերին իր հավանության պատճառով։ Այս թեմային կանդրադառնանք առանձին, նկատի առնելով, որ Իրանի դեմ լայնածավալ արշավը սարերի հետեւում չէ՝ Իսրայել-ՌԴ-Թուրքիա եռյակի կատարմամբ։

Տարածաշրջանը վերաձեւվում է ռազմական երկարատեւ դիմակայության միջոցով, ինչից շահելու են այս գործընթացին մասնակցության հայտ ներկայացրած երկրները։ Իսկ թե ինչ է սպասում «խաղաղություն» երազող երկրներին ու ժողովուրդներին, դժվար չէ ենթադրել։

ԳեղArt բիզնես ծրագիրը ներկայացնում է նաեւ հայկական մշակութային արժեքների քարոզչություն

Կարևորագույն հիմնախնդիրները Արցախի պատմամշակութային ժառանգության և հայկական զարդանախշերի մոռացության կանխումն է

Գեղանուշ Սարգսյանը նկարչուհի է՝ Արցախի Մարտունու շրջանի Հացի գյուղից։ Փոքրուց էր սիրում նկարել ու իր վառ երևակայությամբ միշտ զարմացնում էր բոլորին։ Նկարչության հանդեպ անհագ սերը նրան տարել է Շուշիի Հակոբ Գյուրջյանի անվան կիրառական արվեստի ինստիտուտ, որտեղ ձեռք է բերել հմտություններ ու կատարելագործվել նկարչության մեջ։ 

Էկո պայուսակներ ստեղծելու գաղափարը նրա մոտ ծնվել է 2022 թվականին։ Գաղափարը կյանքի է կոչվել, ու հիմք է դրվել ԳեղArt պայուսակների արտադրությանն ու նկարազարդմանը։ Շնորհաշատ աղջիկը սկսել է պայուսակների, շապիկների վրա ձեռքով նկարել հայկական, արտասահմանյան հայտնի նկարիչների,  ինչպես նաև՝ հեղինակային նկարներ, Արցախը բնորոշող պատկերներ։ Մինչև Արցախից տեղահանվելն արդեն ստեղծել էր 30-40 աշխատանք, որոնցից մի մասը վաճառքի է հանել, իսկ մյուս մասը նվիրել ընկերներին։ Շրջափակման հետևանքով առաջացած հումքի պակասի պատճառով դադարել էր բիզնեսի գործունեությունը։ 

Արցախից տեղահանվելուց հետո Գեղանուշի համար մեծ երազանք էր ԳեղArt բիզնեսը վերսկսել Հայաստանում՝ հոգեհարազատ ու ավելի արժեքավոր պատկերներով և ընդլայնված արտադրական քանակով։ Նպատակն իրականացնելու համար նա մասնակցել է մի շարք դասընթացների, իսկ վերջերս էլ՝ “REVIVING DREAMS”-ի կազմակերպած ծրագրին՝ ի աջակցություն տեղահանված արցախցի երիտասարդների բիզնես գաղափարների իրականացման, որտեղ էլ ներկայացրել է իր բիզնես ծրագիրը և արժանացել դրամաշնորհի։

 -Ես ցանկանում եմ, որ իմ արտադարնքը գեղեցիկ և յուրօրինակ լինի։ Ամեն մի գործիս մեջ առանձնակի սեր եմ դնում, հաշվի եմ առնում պատվիրատուների ցանկությունը, ճաշակը։ Մտադիր եմ իրագործել սեփական արտադրանք ունենալու և տարիների ընթացքում այն զարգացնելու, ընդլայնելու երազանքս։ Ունեմ բավականաչափ պատվիրատուներ, սակայն միաժամանակ կփորձեմ մեծացնել պատվիրատուներիս շրջանակը ու կփորձեմ իմ բրենդը ճանաչելի դարձնել, որն, իհարկե, իմ ընտանիքի համար սոցիալական կայունություն կապահովի։ Պատվիրատուներիս մեծ մասը արվեստագետներ են, ուսանողներ, հայկական ազգային մշակույթի սիրահարներ և էկոակտիվիստներ։ ԳեղArt բիզնես ծրագիրը միաժամանակ ներկայացնում է հայկական մշակութային արժեքների քարոզչություն։ Կարևորագույն հիմնախնդիրները Արցախի պատմամշակութային ժառանգության և հայկական զարդանախշերի մոռացության կանխումն է,-ասում է Գեղանուշը։

Իր արտադրանքի մի մասը Գեղանուշը նախատեսում է վաճառել Սփյուռքում բնակվող բազմաթիվ հայ ընկերների օժանդակությամբ և, իհարկե, տեղի հայկական համայնքների տոնակատարությունների ժամանակ։

ԳեղArt արտադրատեսակների գովազդն ու վաճառքը կիրականացվի օնլայն հարթակում և առևտրային այլ ընկերությունների հետ համագործակցության արդյունքում՝ խանութներում և ցուցասրահներում։

– Դեռևս Արցախում ապրելու վերջին ամիսներին բազմաթիվ առաջարկներ եմ ստացել ստեղծել Արցախի հուշակոթողների պատկերներով նկարված պայուսակներ։ Իմ նպատակն է՝ արտադրանքիս միջոցով հանրության մեջ վառ պահել Արցախի հարուստ պատմամշակութային արժեքները։

Բրենդը կենդանի պահելու համար անընդհատ աշխատանքներ կկատարվեն այլ մոդելի արտադրատեսակներ ավելացնելու ուղղությամբ։ Պատվիրատուների կողմից առաջարկված մոդելները հնարավոր է հետագայում դառնան ԳեղArt բրենդի պայուսակների հիմնական մոդել,- խոսքն է եզրափակում Գեղանուշը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը կարող է երկարաձգվել երկու տարով

Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը, «Ազատությանը» հայտնել են բարձր ներկայացուցչի մամուլի գրասենյակից։

«Անդամ երկրները ողջունել են առաջարկը և այս պահին քննարկում են անհրաժեշտ օրինական ակտերը՝ Եվրամիության խորհրդի համապատասխան մարմինների հետ։ Խորհրդի որոշումը երկարաձգման շուրջ սպասվում է առաջիկա օրերին», – նշված է «Ազատությանը» տրամադրված գրավոր պատասխանում։

Բաքուն ամիսներ շարունակ առաքելությանը մեղադրում է լրտեսության և տարածաշրջանի կայունությունը խախտելու մեջ։

Բարձր ներկայացուցչի գրասենյակից այս մեղադրանքներին ի պատասխան ասել են. – «Հայաստանում Եվրամիության առաքելության մանդատը շատ հստակ է՝ դիտարկել և զեկուցել տեղում՝ հողի վրա Հայաստանի կողմից հայ – ադրբեջանական սահմանի իրավիճակը և նպաստել հայ – ադրբեջանական կարգավորման հարցում Եվրամիության ջանքերին: Դիտորդական առաքելության տեղակայումից ի վեր զինված միջադեպերի թիվը սահմանամերձ տարածքներում զգալիորեն նվազել է։ Ինչպես հայտնի է, ԵՄ-ն Ադրբեջանին պարբերաբար տեղեկացնում է առաքելության գործունեության մասին»։

Բաքուն մինչեւ հունվարի ավարտը իր բանտերում պահվող բոլոր անձանց մասին տեղեկատվություն պետք է տրամադրի ՄԻԵԴ

«Եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանին ժամկետ է տրվել՝ մինչեւ հունվարի ավարտը Բաքվի բանտերում պահվող բոլոր անձանց մասին մանրամասն տեղեկատվություն տրամադրելու մասին»,- այսօր լրագրողներին ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Մենք դատարանին կրկին հիշեցրել ենք այդ մասին եւ ակնկալում ենք բոլորի մասով մանրամասն տեղեկատվություն՝ իրենց վիճակի, իրավունքների, պահման պայմանների, առողջական վիճակի եւ այլնի մասին։ Բնականաբար, այս տեղեկատվությունը, երբ ստանում ենք, փոխանցում ենք նաեւ պահվող անձանց հարազատներին»,- ասաց նա։

Նշենք, որ Բաքվից հայտարարել են, որ առաջիկայում կմեկնարկեն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ շինծու դատավարությունները։ Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ բացի ՄԻԵԴ-ից, այս հարցով նաեւ Արդարադատության միջազգային դատարան ներկայացված դիմումում են ներկայացվել պահանջներ։

«Եթե դատավարություններն սկսվում են, բնականաբար, ավելի ուշադրությամբ հետեւում ենք, բայց այդ մասով ունենք առանձին դատական գործ։ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված թիվ երկրորդ գանգատը հենց վերաբերում է այնտեղ պահվող անձանց նկատմամբ ապօրինի դատական պրոցեսներին եւ ազատությունից ապօրինի զրկելու հարցին»,- հավելեց Կիրակոսյանը։

Կիրակոսյան․ “Իրավական վեճերի իմաստն ինչ-որ տեղ խաղաղության հաստատումն է”

«Չեմ կարծում, որ խաղաղության գործընթացին կարող են խանգարել երկու երկրների միջեւ առկա իրավական վեճերը։ Իմ կարծիքով՝ իրավական վեճերի իմաստն ինչ-որ տեղ խաղաղության հաստատումն է, այսինքն՝ երբ պետությունները նախաձեռնում են իրավական վեճեր, տարաձայնությունները լուծում են քաղաքակիրթ եղանակով, դա նաեւ պատերազմը կանխարգելել է նշանակում»,- հավելեց Կիրակոսյանը։

Անդրադառնալով Բաքվի պահանջին, որ Հայաստանի կողմից միջզգային դատական ատյաններ ներկայացված հայցերը պետք է հետ վերցվեն, Եղիշե Կիրակոսյանն ասաց․ «Կարծում եմ՝ դա սուվերեն ընտրության հարց է, միջազգային դատարաններ հայց տանելն ինքնին սուվերենության, ինքնիշխանության դրսեւորման կարեւորագույն եղանակ է»։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ադրբեջանի դեմ հայցերը միջազգային դատարաններից հետ քաշելու պատրաստակամության մասին։ Անդրադառնալով այս հարցին, Եղիշե Կիրակոսյանն ասաց․ «Չեմ կարող դա բացատրել, ամեն դեպքում, ճիշտ չի լինի, եթե դրա վերաբերյալ  որեւէ մեկնաբանություն տամ։ Բայց կարող եմ վստահ ասել, որ Հայաստանի Հանրապետության կողմից նախաձեռնած, օրինակ, Արդարադատության միջազգային դատարանում քննվող Ռասական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի հիման վրա ընթացող վեճը, հիմնվելով նաեւ Ռասական խաթրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի պրեամբուլայի վրա, միտված է պատերազմը կանխարգելելուն: Ի սկզբանե հենց կոնվենցիայի նպատակներից մեկը եղել է այն, որ ռասիզմ քարոզելու կանխարգելումը  եւ արգելքը միտված է խաղաղության ամրապնդմանը  եւ պատերազմը կանխարգելելուն»։

 

Նոր կյանք տալով Արցախում մնացած կատուներին․ այսպես ծնվեց «Կատու» բրենդը

Իր հիշողության մեջ մնացած կատուներին Թամարիկը կյանք է տալիս՝ նորովի ապրեցնում։

Թամարա Սարգսյանը տաս տարեկան է, իր կյանքի յոթ տարիները լիարժեք ապրել է Ասկերանում։ Տատիկի տան կատուներն իր լավագույն ընկերներն էին։

Թամարան արդեն մի քանի տարի է ինչ ապրում է Ռուսաստանի դաշնության Պյատիգորսկ քաղաքում։

Երբ սկսվեց Արցախի հայաթափումը, սպասում էր, որ սիրելի տատիկի հետ Ասկերանից նաեւ կատուները կգան, բայց տատիկը չկարողացավ բերել կատուներին։

Նկարել սիրող աղջիկն անընդհատ իր նկարներում պատկերում էր Արցախում մնացած կատուներին, եւ մի օր մայրը որոշեց կյանք տալ կատուներին, այսպես ծնվեց «Կատու» բրենդը։

Արդեն մի քանի ամիս է, ինչ Ելենան  տասնամյա աղջկա պատկերացումները վերածել է  գիշերանոցների արտադրության։

Մայր ու աղջիկ նկարում, թղթից գրաֆիկայի են վերածում նկարը, գույներ ընտրում եւ նկարը դարձնում գիշերանոց։

Ելենան ասում է, որ Թամարայի մոտ կարեւոր ցանկություն կար՝ օգնել իր երեք տարեկան քրոջը պահպանել Արցախի մասին հիշողությունները։

«Երեխաների հետ աշխատելը շատ կարեւոր է։ Մենք վերապրում ենք, երեխաները շուտ են մոռանում։ Թամարան իր հուշերում մնացած կատուներին տարբեր իրավիճակներում է նկարում, այպես կատուներին նոր կյանք է տալիս»,-ասում է Ելենան։

«Կատու»-ն դեռեւս երկու գույնի գիշերանոցներ են՝ տարբեր չափերի, նկարը՝ մեջքով կանգնած աղջիկ կատվի հետ, որ բացում է պատուհանն ու երեւում է պապ ու տատը։

«Թամարան այդ նկարում իրեն է նկարել, ես՝ ինձ եմ տեսնում եւ նկարը կարեւոր է նրանով, որ ամեն մեկն իրեն է պատկերացնում այդ վայրում։ Բոլորս քնում ենք ոչ մեր տանը եւ արթնանալիս շատ ենք երազում, որ սա ընդամենը չար երազ լինի, որ բացենք պատուհանն ու տեսնենք մեզ ծանոթ, հարազատ տեսարաններ, հասկանանք՝ տանն ենք»,- ասում է Ելենան ու ավելացնում, որ գուցե երազի ունենալու համար է հենց ստեղծվել գիշերանոցներ եւ ոչ թե այլ արտադրանք։

Այս պահին Ռուասաստանում ապրելով, որովհետեւ ինչպես նշում է՝ բնակվարձերն այնտեղ ավելի ցածր է եւ ապրելն ավելի հեշտ, Ելենան ու Թամարը արտադրանքն իրացնում են միայն Հայաստանում։

Երազում են, որ արտադրության ողջ պրոցեսը իրենք կազմակերպեն, բայց այս պահին միայն դիզայնն ու տպագրությունն են կարողանում անել։

Նպատակ ունեն ընդլայնել արտադրանքը եւ նկարները ու տղաների համար եւս պատրաստել գիշերանոցներ։

«Կատու»-ն աղջիկ երեխաների համար կարող է լավագույն նվեր լինել՝ տանը զգալու, երազի հետեւից գնալու, քո իսկ անկյունում կատուների հետ արթնանալու պարզ ու ցանկալի երազանք։

Բրենդին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.facebook.com/profile.php?id=61570038944298:

Դեռեւս փորձնական փուլում են, բայց հավատում են, որ իրենց նպատակը հաջողության կհասնի՝ Արցախում թողած մեր սիրելի կենդանիների «պատվին» կամ ի հիշատակ ստեղծված բրենդը մանկական, ջերմ հուշերը պահելու մեծ առաքելություն ունի եւ երազ՝ մի օր իսկապես բացելու մեզ համար փակված դուռը։

Մարիամ Սարգսյան