Փաշինյանը ընդունեց ոչ բոլոր պահանջները. Ի՞նչ են մտադիր անել ԵՄ-ն և Իրանը

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը այցելել է Բաքու և Երևան այն բանից հետո, երբ Ալիևը սպառնացել է Հայաստանին ուղղակի ագրեսիայով։ Միևնույն ժամանակ, Հարավային Կովկասում ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է Բաքու և Երևան։ Նրանք երկուսն էլ հանդիպել են Փաշինյանի և այլ պաշտոնյաների հետ։

Մինչ Իրանի և ԵՄ-ի ներկայացուցիչները զբաղված էին «դիվանագիտությամբ», Փաշինյանը մեկ օրվա մեջ ընդունեց Ալիևի վերջնագրի մի քանի պահանջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, միջազգային և տեղական ատյաններում փոխադարձ պահանջներից հրաժարում, Ղարաբաղն ու Նախիջևանն էլ  դարձյալ Ադրբեջանի մաս անվանեց։ Բաքվի ներկայացուցիչը Փաշինյանի հայտարարությունից հինգ րոպե հետո կոչ արեց Փաշինյանին գործնական քայլեր ձեռնարկել՝ Սահմանադրությունը փոխել և «հրաժարվել Ադրբեջանի դեմ պահանջներից»։ Ի պատասխան՝ Փաշինյանը հրապարակեց «Արմենպրես»-ին տված իր դեկտեմբերյան հարցազրույցը, որտեղ ասել էր, թե ՀՀ Սահմանադրությունը որևէ պահանջ չի պարունակում Բաքվի և Անգորայի նկատմամբ։ Նա առաջարկել է Բաքվին ստորագրել «խաղաղության պայմանագիր», քանի որ դրանից հետո միայն ինքը կարող է փոխել Սահմանադրությունը «եթե դա հակասի խաղաղության պայմանագրին»։

«Դիվանագիտական ​​փոխհրաձգություններն» ուղեկցվեցին ՀՀ կառավարության կողմից ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի հավանությամբ, որն անթաքույց զայրույթ առաջացրեց Ռուսաստանում և զրոյական արձագանք ԵՄ-ում։ Մոսկվան ասաց, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև՝ սպառնալով ցրտով և սովով։ Ռուսաստանի ղեկավարությունը միաժամանակ չի հայտարարել, որ Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում կկատարեն իրենց դաշնակցային պարտավորությունները։

Ի՞նչ են մտադիր անել Իրանն ու ԵՄ-ն։

Երևանում Ահմադիանը կրկնել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլատրելիության վերաբերյալ։ Միաժամանակ Փաշինյանը իրանցի պաշտոնյային ակնարկել է, որ կայունության երաշխիքը՝ Իրանի և Հայաստանի ընդհանուր շահերն են։

Հայտնի չէ՝ Փաշինյանը նկատի ուներ տարածաշրջանում թուրքական գերակայությունը կանխե՞լը, թե՞ այլ բան։ Սակայն այս անգամ Իրանը ոչ մի վճռական հայտարարություն չարեց տարածաշրջանում էսկալացիան կանխելու վերաբերյալ եւ զորքեր չտեղափոխեց դեպի Հայաստանի սահման։

Ինչ վերաբերում է ԵՄ ներկայացուցչին, ապա Մագդալենա Գրոնոն չի ոգեւորվել «եվրաինտեգրման մասին» օրենքի հաստատման մասին Փաշինյանի տեղեկատվությամբ։ Նա միայն ասաց, որ ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները պետք է հետևողականորեն զարգանան, այդ թվում՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների բարեփոխման և զարգացման ոլորտում։ Այսինքն՝ ԵՄ-ն հասկանում է, որ սա պարզապես քաղաքական հնարք է։

Ո՛չ Իրանի, ո՛չ Եվրոպայի ներկայացուցիչները հրապարակայնորեն չարձագանքեցին Ալիևի գլխավոր պահանջին՝ փոխել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, այլ կերպ ասած՝ լուծարել Հայաստանի Հանրապետությունը։ Նրանք նաև հայտարարություններ չեն արել այն մասին, թե ինչ կարող են անել Իրանը և ԵՄ-ն, եթե Ալիևը որոշի էսկալացիայի գնալ։ Նրանք հայտարարեցին իրենց աջակցությունը «խաղաղության բանակցություններին»՝ անուղղակիորեն հաստատելով, որ Հայաստանի կողմից զիջումներին «այլընտրանք» չկա։

Չնայած միջազգային ցանկացած օգնությունից Հայաստանի ներկայիս կառավարության հրաժարվելուն, հայկական պետությունը մինչ այժմ գոյատևել է Իրանի և Եվրամիության հետ իր «ընդհանուր շահերի և արժեքների» շնորհիվ: Բայց պատկերն արագորեն փոխվում է. ԵՄ-ին և Իրանին պետք չէ մի երկիր տարածաշրջանում, որը պատրաստ չէ իրեն պաշտպանել և ուզում է «խաչմերուկ» դառնալ ուրիշների համար։

«Մենք պետք է վերջ տանք այս պատերազմին». Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման նախապատրաստության մասին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման համար։

«Նա ցանկանում է հանդիպել, և մենք պատրաստվում ենք», – ասաց Թրամփը լրագրողներին՝ նախքան Ֆլորիդայում Մար-ա-Լագոյի նահանջում հանրապետական ​​նահանգապետերի հետ հանդիպելը:

«Նախագահ Պուտինը ցանկանում է հանդիպել։ Նա դա ասել է նույնիսկ հրապարակայնորեն, և մենք պետք է վերջ տանք այս պատերազմին»,- հավելել է Թրամփը՝ նկատի ունենալով Ուկրաինայի պատերազմը, որին նա բազմիցս խոստացել է վերջ տալ, բայց չի հստակեցրել, թե ինչպես է դա նախատեսում անել։

Ասում է, ո՞նց այս պայմաններում երեխա պահենք, խրամատների մոտ

Շատերը կհիշեն Արեգի այս հայտնի ֆոտոն: Այս երեխաներին ես պատահական հանդիպեցի Տեղ գյուղում ու պարզվեց` մեր հարեւան Արմենի երեխաներն են, ում հետ մի բակում ֆուտբոլ խաղալով ենք մեծացել Ստեփանակերտում: Իրենց շենքը մեզ էր պարտվում, մերն` իրենց:
Ինչպես հայտնի է արցախցիների 80% այսօր ապրում է Երեւանում ու հարակից բնակավայրերում: “Ասում են, գնացեք սահմանամերձ բնակավայրեր, եկել եմ, հիմա այս ցրտին ես ոնց երեխա լողացնեմ ու դպրոց ուղարկեմ”, Արմենի կինը` Արեւիկն է ասում, ով Շուշիի Նարեկացի կենտրոնում հոգեբան է աշխատել ու վարսահարդար է երկրորդ մասնագիտությամբ:
Ասում է, որ չի կարողացել գործիքները բերել, ասում է, որ սա պայմաններ չեն ապրելու համար, ասում է, որ սահմանամերձ այս գյուղի վրա ուշադրություն չկա, ասում է, որ խրամատների մոտ են ապրում…. Ես գրել եմ այս բոլոր խնդիրների մասին իմ հոդվածում, չգիտեմ, որքանով օգտակար կլինեմ… 
Մարութ Վանյան

Հայրիկյան․ «Փաշինյանն ասում է՝ ԵՄ, ԱՄՆ, Ռուսաստան, դուք սխալ էիք, որ Ցեղասպանությունը ճանաչեցիք”

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադարձավ ԵԱԿՀ Մինսկի խումբը լուծարելու մասին Նիկոլ Փաշինյանի եւ Ալիեւի առաջարկին։

«Քանի դեռ Արցախի հարցը միջազգայնացված է, մենք կարող ենք հաջողություններ ակնկալել, հակառակ դեպքում՝ արդարացված չեն ակնկալիքները։ Բայց այս չակերտավոր գործիչը, արդեն տեսնելով, որ Հայաստանի մեկուսացումը կամ միայն Ռուսաստանի ու Ադրբեջանի ենթակայության տակ լինելը մեզ համար ամենաողբերգական հետեւանքներն է ունենում, այսօր հայատարարում է, որ Մինսկի խմբից պետք է հրաժարվենք։ Այսինքն՝ միջազգային հանրությունը հատուկ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Արցախի վերաբերյալ ընդունում է որոշում, հատուկ կառույց է ստեղծում՝ գերհզոր երեք պետությունների մասնակցությամբ, իսկ բռնապետ Ալիեւը պահանջում է, որ մենք «տղա չբերենք», բայց ինքը կարող է «տղա բերել», ինքը Հայաստանի ու Արցախի դեմ ոտնձգություններին բերեց Ռուսաստանին եւ Թուրքիային։

Նիկոլ Փաշինյանը մերժեց ուղղակի եւ անուղղակի աջակության առաջարկները։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հակամարտություն չկա, նախապատրաստեց իր նման բթամիտներին՝ քանի որ հակամարտություն չկա, հետեւաբար, հակամարտությունը կարգավորող ուժ պետք չէ։ Որոշ տկարամիտների կարող է թվալ, որ իսկապես դա է ճանապարհը, բայց սիրելիներ, այնտեղ, որտեղ դու ժողովրդավար ես, եւ քո հարեւանը՝ բռնապետ, դա արդեն մեծագույն հակամարտություն է։ Արցախում ցեղասպանություն է իրականացվել, եւ ոչ մի խոսք չկա արցախցիների, Արցախի հարցի ու ինքնորոշման իրավունքի մասին»,- ասաց Հայրիկյանը։

Նա նշեց, որ սա ոչ միայն բռնապետ Ալիեւին ընդառաջելու կեցվածք է, այլ ներկա հնարավոր պայմաններում ամենասխալ դիրքորոշումն է։

Հայրիկյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Արեւմտյան Հայաստան չկա։ Ըստ Հայրիկյանի՝ դա պատմության ուրացում է, դա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին, դա նշանակում է՝ մենք այսօր ունենք իշխանություն, որն ասում է՝ Քեմալն ու Լենինը լավ արեցին, որ հարձակվեցին Հայաստանի վրա, կոտորեցին Կարսի բնակչությանը, Հայաստանը բաժանեցին իրար մեջ, ստեղծեցին Նախիջեւան։ Նրա խոսքով՝ թուրքերը հասան այնպիսի հաջողության, որ Նախիեջեւնն այսօր այնքան թուրքական է, որ քննարկվում է «Ադրբեջանից Ադրբեջան կապ ապահովելու հարցը»։ Սա Հայաստանի բոլոր նախորդ իշխանությունների սխալի հետեւանք է։

«Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության մեջ կա հետեւյալը՝ Եվրոպական միություն, ԱՄՆ, Ռուսաստան, դուք սխալ էիք, որ Ցեղասպանությունը ճանաչեցիք, դուք սխալ էիք, որ ճանաչեցիք՝ Թուրքիայում ահավոր մեծ հանցագործություն է կատարվել, եւ դա տեղի է ունեցել Արեւմտյան Հայաստանի տարածքում։ Ի՞նչ Վիլսոնի իրավարար վճիռ, ի՞նչ փաստաթղթեր, այդպիսի բան չկա, ես այսօր Քաջ Նազարի բախտով դարձել են ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ եւ սա եմ ասում»,- նշեց Հայրիկյանը։

 

Ահա թե ինչու են տրանսպորտային QR-կոդերի ժամկետւ կրճատել մինչեւ 4 օր

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ։ Այս մասին հայտնել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

“Համեմատության համար նշեմ, որ 2024 թվականի նույն ժամանակահատվածում հավաքագրված գումարը կազմել է 75,213,900 ՀՀ դրամ»,- հայտնել է նա։

Ահա թե ինչու է քաղաքապետարանը QR-կոդերի ժամկետը 30 օրից կրճատել մինչեւ 7, ապա՝ 4 օր։ Մարդիկ տոմս են գնում, չեն կարողանում կամ չեն հասցնում օգտագործել, նորն են գնում, իսկ քաղաքապետարանը եկամուտը կրկնապատկում է։ 

Նման “շուստրիությամբ” քաղաքապետարանը Երեւանի օրինապաշտ քաղաքացիների մոտ սերմանում է առանց տոմսի երթեւեկելու մշակույթ։ Կարելի է ենթադրել, որ հաջորդ շաբաթ թվերը 90 միլիոնից շատ ավելի ցածր կլինեն, քանի որ մարդիկ տոմս առնելու իմաստ չեն տեսնի։  

Բրիտանացի նախարար. Թրամփը կարող է լուծել ուկրաինական ճգնաժամը ոչ թե հունվարի 21-ին, այլ մինչև Զատիկ

Հավանականությունը, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու համաձայնությունը ձեռք կբերվի հունվարի 21-ին՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից անմիջապես հետո, «մի փոքր թուլացել է», քանի որ վերջնաժամկետը մոտեցվել է Զատիկին: Այսպիսի հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Դեյվիդ Լամմին, ում մեջբերել է The Sun-ը։

Միևնույն ժամանակ նա ասել է, որ չի տեսնում որևէ նախանշան, որը ցույց կտա Պուտինի պատրաստակամությունը մտնել բանակցային գործընթաց։

Բրիտանական դիվանագիտության ղեկավարի կարծիքով, խաղաղության հետսառը պատերազմի դարաշրջանն ավարտվել է, և եվրոպական անվտանգության ապագան այժմ «դանակի եզրին է»: Լամմին պաշտպանել է Թրամփի դիրքորոշումը, որ Եվրոպան պետք է ավելի շատ ներդրումներ կատարի պաշտպանության ոլորտում: Նրա խոսքով՝ ժամանակն է, որ եվրոպական երկրներն ընդունեն, որ ետդարձ չկա։

«Մենք պետք է թույլ չտանք, որ 1990-ականները մթագնեն մեր տեսլականը»,- ասաց նախարարը։ Նա խոստացել է համոզել ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին, որ պաշտպանական ծախսերի ավելացումը ռազմավարական անհրաժեշտություն է:

Հիշեցնենք, որ Թրամփը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ էր արել պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի։ Վերլուծաբանների կարծիքով, եթե ՆԱՏՕ-ի երկրներն ավելացնեն իրենց պաշտպանական բյուջեն գոնե մինչեւ 3%, դա կարող է գերազանցել Ռուսաստանի ամբողջ ՀՆԱ-ն։

Վերլուծաբաններն ասում են, որ Ռուսաստանը չի կարող դիմակայել սպառազինությունների նման մրցավազքին: Թեկուզ դժվար թե այդ ամենի պատճառը՝ Ռուսաստանին հաղթելն է։ “Սպառազինությունների մրցավազքը” ուժեղ խթան է դառնալու բարձր տեխնոլոգիական եւ տիեզերական զենք արտադրողների եւ նրանց պետական ֆինանսավորման համար։ Իսկ Թրամփն ու նրա ընկեր Մասկը դրանից անմասն չեն մնա։  

Եվրամիությունն ունի բավարար ռեսուրս՝ Ադրբեջանին պարտադրելու հանձնել Արցախը միջազգային կառավարման

Step1.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

-Պարոն Ղուկասյան, Ալիեւի հայտարարությունները եւ Հայաստանի իշխանության արձագանքը ի՞նչ են ցույց տալիս։

-Սա առնվազն ցույց է տալիս, որ 2025 թվականին խաղաղության պայմանագիր չի կնքվելու։ Առնվազն ինձ համար դա ի սկզբանե պարզ էր, որովհետեւ Հայաստանի այսօրվա իշխանությունները որեւէ լծակ չունեն՝ ազդելու Ադրբեջանի վրա։ Իսկ Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը խաղաղության մեջ հետաքրքրված չեն տարբեր պատճառներով։ Եվ այս իրավիճակը դժվար չէր կանխատեսել։

-Առաջիկայում էսկալյացիայի վտանգ կա՞։

-Ի՞նչ է նշանակում հրաժարվել խաղաղություն հաստատելուց, դա նշանակում է պահպանել ռազմական գործողությունների տեսական հնարավորությունը։ Քանի որ չկա խաղաղության հասնելու հնարավորությունը, այդ տեսական վտանգը գործում է, քաղաքական գործոն է դառնում, ներքին եւ արտաքին առումով ազդեցության որոշակի ռեսուրս է։ Թուրքիան, Ռուսաստանը եւ Ադրբեջանն այդ ռեսուրսը ցանկանում են պահպանել։

Իսկ դա կանխելու ի՞նչ հնարավորություններ կան։

-Կառավարության այսօրվա որոշումը՝ Եվրամիության հետ եվրաինտեգրման գործընթացի մեկնարկի վերաբերյալ, ուշացած է։ Այդ որոշումը պետք է կայացվեր անցյալ տարի հունվարին, եւ այդ դեպքում մենք հնարավորություն կունենայինք Եվրամիության լծակներն օգտագործել Ադրբեջանին խաղաղության բերելու համար։ Եվրամիությունն ունի բավարար ռեսուրս՝ Ադրբեջանին պարտադրելու խաղաղություն։ Եվրամիությունն ունի բավարար ռեսուրս՝ Ադրբեջանին պարտադրելու Արցախի հարցի կարգավորում, այսինքն՝ հանձնել Արցախը միջազգային կառավարման, միջազգային զորքերի անվտանգության ներքո ապահովել փախստականների վերադարձը։ ԵՄ-ն ունի այդ բոլոր ռեսուրսները, եւ Եվրամիության հետ հնարավոր է կառուցել քաղաքականություն, որը եւ խաղաղություն կհաստատի, եւ Արցախում մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը կապահովի։ Դրանք իրար հակասող խնդիրներ չեն։ Այսօրվա իշխանությունն ի վիճակի չէ դա անել, դրա համար ունենք այն, ինչ ունենք։

-ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ նաեւ հայտարարեց, որ Եվրամիության քաղաքացիական դիտորդների ներկայությունը Հայաստանում անհրաժեշտություն է։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

-Արարատ Միրզոյանին ոչ ոք չի հարցնում՝ նրանք կմնան Հայաստանում, թե չեն մնա։ Այդ  հարցում գործում է հակառակ ուժը․ նույնիսկ եթե Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը ցանկանան դուրս բերել ԵՄ դիտորդներին Հայաստանից, դա իրենց մոտ չի ստացվի։ Ոչ բոլոր ցանկություններն են իրականանալի։

-Տեղեկություն եղավ, որ հաջորդ շաբաթ հնարավոր է ԱՄՆ-Հայաստան ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրվի։ Բաքվից հնչող հայտարարությունները կապվա՞ծ են այդ տեղեկության հետ, եւ ի՞նչ հնարավորություն եք տեսնում այդպիսի փաստաթուղթ կնքելու հարցում։

-Կարծում եմ՝ այո, դա կարող է դառնալ կարեւոր հանգամանք։ Չնայած հրապարակումը, որը վերջերս եղավ, վկայում է, որ վստահություն չկա, որ այդ համաձայնագիրը կկնքվի։ Եթե նման համաձայնագիր ստորագրվի, շատերի համար դա Հայաստանում նույնիսկ կարող է անակնկալ լինել, որովհետեւ մարդիկ պարզապես անպատրաստ են նման գործընթացի։ Դա վկայում է, որ այսօրվա իշխանությունը չունի ռեսուրս՝ վարելու բաց, թափանցիկ, ազնիվ ու բոլորին հասկանալի քաղաքականություն։

Ալիեւի հարցազրույցը, որն այդքան աղմուկ բարձրացրեց, իր մեջ պարունակում էր մի տեղեկություն, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ Ֆրանսիան մտադրություն ուներ ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Ինձ համար դա կարեւոր դետալ է՝ Ալիեւի շուրթերից հնչող, որովհետեւ 4 տարի անձամբ ինձ մեղադրում են, որ հայ ժողովրդի մոտ ստեղծում եմ սպասումներ, որոնք իրականում գոյություն չունեն, որ Հայաստանը բարեկամ չունի։ Իսկ այդ փաստը մեծ նշանակություն ունի եւ վկայում է, որ եւ ԱՄՆ-ն, եւ Ֆրանսիան բազմաթիվ առաջարկներ են անում Հայաստանին։ Այդ առաջարկությունները իրականություն չեն դառնում կամ մասնակի են դառնում իրականություն Հայաստանի իշխանությունների պատճառով, այլ ոչ թե այդ պետությունների։ Եվ այդ ամբողջ նարատիվը, որն այս տարիներին շրջանառության մեջ է դրված ու ամենաբարձր ամբիոններից հնչում է, թե Արեւմուտքը ցանկություն չունի Հայաստանին օգնելու, իրականությանը չի համապատասխանում։  Ալիեւի այդ հայտարարությունները դրա ապացույցն են։ Հայաստանը կարող էր ունենալ այլընտրանքային քաղաքականություն 2020 թվականի պատերազմի ժամանակ, կարող էր ճանաչել Արցախի Հանրապետությունը, եւ բոլոր գործընթացները լիովին այլ ընթացք կունենային։ Բայց իշխանություններն ընտրեցին որոշակի ճանապարհ եւ փորձում են ներկայացնել, թե իբր դա միակ ճանաապարհն է։  Բայց դա իրականությանը չի համապատասխանում։

Ռոզա Հովհաննիսյան

“Գյուղից դուրս ենք եկել սեպտեմբերի 19-ին ու տեղափոխվել Ստեփանակերտի օդանավակայան”

Մեդինա Մեժլումյանի համար Արցախի հայաթափումն ու գաղթի ճանապարհը մշտարթուն ցավ է: Անգամ այն պահերին, երբ ուրախանում, ծիծաղում և տարբեր միջոցառումների է մասնակցում, միևնույն է՝ այդ ցավն իրեն զգացնել է տալիս։ Մեդինայի ընտանիքը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում է հաստատվել տեղահանվել են Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից։

 

Երբեք չէր կարող պատկերացնել, որ կլքի հարազատ գյուղը ամենացավալին ընտանեկան ալբոմներն են, որ թողել է տանը

-Ցավալի արտահայտությունով եմ սկսելու մեր զրույցը։ Բաքվից մի փախստական, ում հետ ծանոթացել եմ այստեղ, մի արտահայտություն է արել՝ ասելով, որ տեղի բնակչության համար դուք միշտ մնալու եք որպես փախստական, ու այդ պիտակը ձեր ճակատին կպցրած է լինելու ընդմիշտ։ Ասել է՝ ելնելով իր սեփական փորձից։ Այդ խոսքերն ազդել են ինձ ու երկար մտածելու տեղիք տվել։ Երբ կարդում էինք, որ Վանից մազապուրծ փրկված տատը մինչև իր մահվան վերջին օրը կորցրած հայրենիքից, եղբայրներից կամ քույրերից էր խոսում, երբեք չէինք պատկերացնում, որ ինքներս կդառնանք այդ տատիկը։

Գյուղից դուրս ենք եկել սեպտեմբերի 19-ին, կեսօրին մոտ ու տեղափոխվել Ստեփանակերտի օդանավակայան։ Հանգամանքներն այնպես են դասավորվել (հիմնականում վառելիքի բացակայությունն էր պատճառը), որ ես այլևս մեր գյուղ ոտք չեմ դրել։ Տանից դուրս եմ եկել բոլորովին դատարկաձեռն՝ վերցնելով միայն փաստաթղթերը։ Ինձ համար ամենացավալին մեր ընտանեկան ալբոմներն են, որ մնացել են տանը։ Գլխիցս դուրս չի գալիս դա, և կարելի է ասել, որ այն ինձ մոտ հոգեբանական տրավմայի պատճառ է դարձել։ Այդ ալբոմների մեջ իմ երեխաների ողջ մանկությունն էր, իմ ընտանիքի ամեն մի քայլը։ Դեռևս 2016-ին էի մեր նկարները հավաքել մի մեծ տուփի մեջ և պահում էի խնամքով։ Անգամ 2020-ին հաջողվել է այն հասցնել Հայաստան ու նորից հետ տանել գյուղ։ Սակայն 2023-ի սեպտեմբերի 19-ին, չգիտեմ ինչու, այդպես ստացվեց։

Երբ պատերազմը սկսվեց, ես դպրոցում էի։ Սկսվեց մի մղձավանջ, բոլորս իջանք դպրոցի ապաստարան, որը չի կարելի ապաստարան անվանել։ Երեխաները լացում էին, փոքրերը ծնողներին կանչում։ Կապի միջոց չկար, խուճապահար էին մեծ, թե փոքր։ Որոշ ժամանակ այդտեղ մնալուց հետո դուրս եկանք նկուղից ու վազեցինք տուն, իսկ հետո՝ Ստեփանակերտի օդանավակայան։ Սեպտեմբերի 25-ին ենք դուրս եկել Արցախից։ 6 հոգով տեղավորվել էինք մեր փոքր մեքենայի մեջ։ Երեք օր ճանապարհ անցնելուց հետո հասել ենք Հակարի, որի սարսափը նկարագրելու կարիք չկա։ Անզեն հայտնվել ենք անկանխատեսելի թշնամու կողքին․ մեր ձեռքի միակ զենքը պանրի դանակն էր, այն էլ շպրտել էինք ճանապարհին։

Հայաստանում ստացած առաջին տպավորությունը Մեդինայի հոգում ջերմություն է թողել

-Երբ հասանք Մայր Հայաստանի տարածք, իմ առաջին տպավորություններն այնքա՜ն հուզիչ էին, որ ցանկանում եմ անպայման անդրադառնալ։ Այնպես է ստացվել, որ կամավորական խմբերից մեզ ոչ ոք չի դիմավորել․ երևի ժամն էր պատճառը։ Փոխարենը մեզ հանդիպել են լցակայանի աշխատող տղաները․ անգամ չեմ հիշում բենզինի, թե գազի լցակայան էր։ 2 ցածրահասակ տղա՝ երևի հազիվ 17-18 տարեկան, մեզ տեսնելուն պես վազեցին ընդառաջ։ Մենք պատահական ավտոբուսով ենք հասել այդտեղ, որովհետև մեր մեքենան փչացել էր ճանապարհին։ Մեզ միացել էին նաև մեր հարազատները․ արդեն ավելի քան 10 հոգի էինք։ Պարզ է, որ չէինք կարող մնալ որևէ վճարովի հյուրանոցում, իսկ անվճարներն արդեն զբաղված էին։ Տղաները մեզ տրամադրեցին փայտե վառարանով տաքացվող իրենց հատկացված փոքրիկ սենյակը։ Հետո վազեցին մոտակա խանութ, քաղցրավենիք և սնունդ գնեցին մեզ համար։ Մեկ օր մեզ պահեցին այդտեղ՝ թե ինչպիսի սրտացավությամբ, չեմ կարող նկարագրել։ Երբեք չեմ կարող մոռանալ այդ տղաների վերաբերմունքը։

 Լոռու մարզում պատահական են հայտնվել լոռեցիների անմիջականությունը, պարզությունը, Լոռու աննկարագրելի ու շքեղ բնությունը հիշեցնում է Արցախը և արցախցիներին կապում Լոռվա հետ

 -Ընդհանրապես չեմ ուզում խոսել բացասական երևույթների մասին, որովհետև դրականն ավելի շատ է, քան բացասականը։ Լոռու մարզում հայտնվել ենք պատահական, քանի որ մեզ համար մատչելի չէր Երևանն իր հարակից բնակավայրերով։ Մի քանի օր հարազատի տան ապրելուց հետո տեղափոխվել ենք Ստեփանավան։ Քաղաք, որի մասին ունեցածս տեղեկությունը սահմանափակվում էր հետևյալ նախադասությամբ. “Թումանյանը սովորել է Ջալալօղլի (ներկայումս` Ստեփանավան) քաղաքում: Ստեփանավանից միայն լավը կարող եմ ասել, միայն լավն եմ տեսել։ Ինձ համար բոլորովին անծանոթ այդ քաղաքում ձեռք եմ բերել նոր ընկերներ, որոնք ինձ համար հավետ հարազատ են դարձել։ Ինձ օգնության ձեռք են մեկնել բոլորովին անծանոթ մարդիկ։ Ստեփանավանը մի փոքր ու ցուրտ քաղաք է, որտեղ ապրում են աշխարհի ամենաջերմ ու սրտացավ մարդիկ։ Հիմնականում սակավակարող են, կամ միջին ապրուստի տեր, փոխարենն ունեն մեծ սիրտ։ Անցած ուսումնական տարում իմ երեխաները հաճախել են Ստեփանավանի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոց, որի ուսուցչական կոլեկտիվն առանձնահատուկ պարգևատրման է արժանի։ Ուսուցիչներն արցախցի երեխաների հանդեպ ունեն հատուկ վերաբերմունք, որի արդյունքում մեր երեխաները լավ էին զգում նոր կրթօջախում։ Ստեփանավանում ցանկանում էին, որ արցախցիներս մնանք այդտեղ ու նպաստենք քաղաքի զարգացմանը։ Սակայն աշխատատեղերի բացակայության պատճառով մեր ընտանիքն ստիպված տեղափոխվեց Վանաձոր։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ուղեգրով աշխատանքի եմ անցել Փամբակ համայնքի Լեռնապատի միջնակարգ դպրոցում։ Կոլեկտիվն ինձ վրա դրական տպավորություն է թողել առաջին իսկ օրվանից։ Մեր միջև անմիջական ու ջերմ հարաբերություն է ստեղծվել։ Ակտիվ և աշխույժ դպրոց է՝ բավականին առաջադեմ, զարգացած և միջոցառումներով հարուստ։ Տնօրենը ուսումնական հաստատության իսկական ղեկավար է ու արժանի իր վարած պաշտոնին։ Այդ դպրոցն ինձ Խնապատի մեր դպրոցն է հիշեցնում, և ես կատակով միշտ ասում եմ՝ Խնապատից Լեռնապատ․․․ Երևի ճակատագիրն է ինձ ուղարկել այստեղ։ Թե ինչ կլինի հետագայում՝ չգիտեմ, որովհետև հոգու խորքում զգում եմ, որ սա մեր վերջին կանգառը չէ։ Մի բան հստակ կարող եմ ասել, որ մեր ընտանիքը մտադրություն չունի Հայաստանից հեռանալու։ Եթե վերադարձի հնարավորություն լինի, ապա միայն Արցախ կգնանք այստեղից։

Մեդինան շատ էր վիրավորվում ինտեգրում բառից, սակայն հասկացավ, որ այն անհրաժեշտություն է

-Սկզբից շատ էի վիրավորվում ինտեգրում բառից։ Դա ինձ հիշեցնում էր այն ժամանակները, երբ ասում էին, որ պետք է Արցախն ինտեգրվի Ադրբեջանի հետ։ Եվ Հայաստանում ցավալիորեն ծանր էի տանում այդ բառը․ ինչպե՞ս կարող է հայը ինտեգրվել հայի հետ։ Իհարկե, սկզբնական շրջանում շատ էինք վիրավրովում, խոցվում։ Ամենից շատ ինձ վիրավորում է, երբ մեկ-մեկ ասում են՝ ի՜նչ լավ եք տիրապետում գրական հայերենին։ Իսկ ինչպե՞ս կարող է արցախցին չտիրապետել իր լեզվին՝ հայերենին։ Ծնվել ու մեծացել եմ հայկական ընտանիքում, հաճախել ազգային դպրոց, մայրս հայոց լեզվի ուսուցչուհի էր, և մեր տան հարստությունը գրքերն էին։ Ողջ կյանքս անցել է այդ գրքերի ընթերցանության մեջ։

Հետո հասկացա, որ էմոցիոնալ հողի վրա էին իմ զգացումները։ Ժամանակի ընթացքում, հատկապես Ստեփանավանից հեռանալուց հետո, հասկացա, որ դա հենց այնպես չի ասված, և ինտեգրումն անհրաժեշտություն է մեզ համար։ Հայաստանը միանշանակ համարում եմ իմ հայրենիքը։ Բայց չմոռանանք, երբ մարդ մի թաղամասից մեկ այլ թաղամաս է տեղափոխվում կամ ամուսնանում, ապա ինտեգրման կարիք է ունենում՝ ելնելով տարածքի, շրջապատի առանձնահատկություններից։ Ինտեգրման համար ինքներս պետք է օգնենք մեզ և ընդունենք նաև դիմացինի օգնությունը։ Չկենտրոնանանք բացասական երևույթների վրա և չզարմանանք որևէ մեկի վերաբերմունքից․ չէ՞ որ ինքներս էլ կարող ենք այդպիսին լինել որևէ մեկի հանդեպ։

Դեռևս չեն շտապում ՀՀ քաղաքացիություն ստանալ Մեդինան բնակապահովման և 50 հազար դրամ աջակցության ծրագրերը համարում է թերի, ոչ ճիշտ մշակված  

-Ես կարծում եմ, որ արցախցիներիս առնվազն 2-3 տարի է պետք, որ կարողանանք ինտեգրվել, աշխատանք գտնել, և որ ամենկարևորն է՝ հոգեպես վերականգնվել։ Հոգեպես ջախջախված ենք։ Չեմ ընդունում, որ ասում են՝ արցախցին ծույլ է, չի ուզում աշխատել։ Ո՛չ, արցախցին աշխատասեր է և քարից հաց քամող։ Ուղղակի չենք կարողանում ուշքի գալ, իսկ դրա համար ժամանակ է հարկավոր։ Մենք ահավոր կորուստներ ենք ունեցել, ոչ բոլորին է հաջողվել ողջ ու առողջ դուրս գալ Արցախից։ Եվ շատ դժվար է նայել կորուստ ունեցող մարդկանց աչքերին ու սփոփանքի խոսքեր գտնել։

Իմ ընտանիքը բազմաթիվ խնդիրների առջև է կանգնած։ Ինձ հետ ապրում են նաև թոշակառու ծնողներս, ովքեր ունեն դեղորայքի ու մշտական բուժօգնության կարիք։ Երեխաներս շուտով ավարտում են դպրոցը։ Նրանք հազարավորներ արցախցի երեխաների նման զրկված են բարձագույն ուսում ստանալու հնարավորությունից, որովհետև մենք վճարունակ չենք։ Վախեցնող ու ահավոր խնդիրներ են սպասվում մեզ։ Եթե 50 հազար աջակցության ծրագիրն ավարտվի և մնանք միայն չնչին աշխատավարձի հույսին, ապա չգիտեմ՝ մեզ ինչ է սպասվում։ Ի դեպ, մեր տանը միայն ես եմ աշխատանք գտել։

Ինչքան էլ համոզենք մեզ, ուժ տանք, միևնույն է՝ չենք կարող մեր անցած ուղին մոռանալ, ինքներս մեզ թաղել։ Մենք ամբողջ հոգով Արցախում ենք։ Ինձ սարսափեցնում է հորս ասած խոսքերը, երբ նոր էինք եկել Հայաստան։ Նա երանի էր տալիս հայրենի հողում մնացածներին՝ ասելով՝ ես էլ պիտի մեռնեի ու մնայի այնտեղ։

Նա 80 տարեկան է, չի կարողանում հարմարվել իրականությանը։ Երբեք հայրական տնից այն կողմ չի ապրել ու իր կյանքը Խնապատից դուրս չի պատկերացրել, թեև բոլոր եղբայրները վաղուց էին հեռացել Արցախից։ Նա միշտ ասում էր՝ բա հորս գերեզմանն ո՞ւմ թողնեմ։ Եվ դա մեր բոլորիս էությունն է։ 2020-ից հետո, ով վերադարձել է Արցախ ու շարունակել իր գործը, տանը մի քար ավելացրել, ապա նա հերոս է։ Հերոս են բոլոր նրանք, ովքեր 2023-ի սեպտեմբերին ստիպված անցել են Հակարի կամուրջը։

Ասում է՝ մեր ցավը նյութականը չէ, այլ ապրած կյանքը և մեր հողն է, որտեղ բացարձակ երջանիկ էինք

-Կուզենայի, որ բոլորը հասկանան՝ մեր ցավը նյութականը չէ, որ մնացել է Արցախում։ Մեր ցավը մեր տները, գույքը, մեքենաները և ոչ էլ բարձր աշխատավարձերն են, որի մասին շեշտվում է հաճախակի։ Մեր ցավը մեր այնտեղ թողած կյանքը և մեր հողն է, որտեղ բացարձակ երջանիկ էինք։ Ես համոզված չեմ, որ իմ տունը կանգուն է, բայց եթե հնարավորություն լինի վերադառնալու, ապա ես վերադարձողների մեջ առաջինը կլինեմ։ Տարիներ առաջ հոդված էի գրել Խրամորթ գյուղի մասին ու այն վերնագրել “Մոխրից տուն շինողները”։ Ես համաձայն եմ մոխրից տուն կառուցել, լինել հարազատներիս ու հարևաններիս կողքին։ Ծանր եմ տանում, որ սփռվել ենք տարբեր տեղեր, և չեմ գտնում, որ ժամանակը բուժում է մեր վերքերը։ Ընդհակառակը՝ ժամանակը մեզ ավելի է հեռացնում և օտարացնում իրարից։

Հաճախակի են հարցնում՝ կգնա՞ք Արցախ ու կապրե՞ք թշնամու հետ։ Այդ հարցից ես ցնցվում եմ․ ապրելու լինեի՝ կմնայի այնտեղ։ Տարօրինակ հարցեր են երբեմն հնչում։ Զարմանալին այն է, որ հարց տվողները չեն հասկանում իրենց ասածի իմաստը։ Չեն հասկանում, որ անհնարին է ապրել թշնամու հետ։ Չեն հասկանում՝ ինչքան դաժան է, երբ հայրենիքիդ մի մասնիկը տեսնելու համար ստիպված ես նայել թշնամու տարածած տեսանյութերը, մանրակրկիտ ուսումնասիրել և հոգու խորքում մտածել, թե ինչո՞ւ չեն տեղադրում նաև քո գյուղից։ Եվ դա ոչ թե ողբերգություն է, այլ նվաստացում, որ թշնամիդ է քեզ հնարավորություն տալիս թեկուզ մի ծառ տեսնել քո ծննդավայրից։

Ուշադրություն եմ դարձնում սոցիալական ցանցերում արցախահայության տարածած այն հրապարակումներին, որտեղ անդրադառնում են հիմնականում 9-ամսյա շրջափակմանն ու դրա հետևանքով կրած դժվարություններին։ Այնպես է ստացվում, որ ասես Արցախի դժվարությունները միայն այդ 9 ամիսներին էին, այնինչ՝ Արցախը շուրջ 35 տարի մաքառել է, արցախցին ցանկացել է ապրել միայն իր հողում։ Այդ մասին պետք է միշտ շեշտվի։ Արցախցին դիմակայել է տարիներ շարունակ, ու այդ 9 ամիսներն արյան ծովի վերջին կաթիլն էին մեզ համար։

Մեդինան չի սիրում թաթախվել քաղաքականության մեջ

Իմ ասպարեզը դպրոցն է ու իմ աշակերտները։ Ուղիղ 20 տարի աշխատել եմ Խնապատի Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ  դպրոցում։ 31 տարի այդ պատերի ներքո է անցել իմ կյանքը․ մանկություն, պատանեկություն,  երիտասարդություն և հասուն տարիներ։ Առնվազն անհոգի պետք է լինի մարդ, որ չպատկերացնի այդ կորստի ցավը։ Իմ կյանքն իմ դպրոցն ու մանկավարժությունն էր։

Ինչո՞ւ չեմ սիրում թաթախվել քաղաքականության մեջ, որովհետև գտնում եմ, որ ինչ որ բանից խոսելու համար պետք է խորը գիտելիքներ ունենաս, լավ տեղեկացված լինես ու կարողանաս վերլուծել, դատողություններ անել և ճիշտ գնահատական տալ՝ ո՞վ է մեղավոր, ինչո՞ւ այդպես ստացվեց։ Անկախ ամեն ինչից, այդ շղթան հանգեցրել է այս ողբերգությանը, որի կրողը ժողովուրդն է։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ռուսաստանը Հայաստանի համար չի կռվի. Պեսկովի և Մեդվեդևի հայտարարությունները

Մոսկվան շահագրգռված է Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Բաքվի և Երևանի հետ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք լավ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ։ Մենք գնահատում ենք այդ հարաբերությունները և մտադիր ենք անել ամեն ինչ, որպեսզի մեր հարաբերություններն էլ ավելի զարգանան», – ասել է Պեսկովը լրագրողներին։

Ալիևի այն հայտարարությունների ֆոնին, որ եթե Հայաստանի ղեկավարությունը «քայլեր չանի» և չուղղվի, ապա դա կանի Բաքուն, Հայաստանի պաշտոնական դաշնակից Ռուսաստանը չի հայտարարում, որ Մոսկվան թույլ չի տա ռազմական էքսպանսիա Հայաստանի դեմ։ Ընդհակառակը, Մոսկվան ասում է, որ Ռուսաստանը մտադիր չէ Հայաստանի պատճառով փչացնել հարաբերությունները Բաքվի հետ։

Մոսկվան 2020-2023թթ հրաժարվել է Ղարաբաղի «պաշտպանությունից»՝ իբր համարելով, որ այն Հայաստանի մաս չէ, թեև ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Արցախը վերամիավորվել է Հայաստանին 1989թ.։ Բայց Ռուսաստանը հայտարարել էր, որ պաշտպանելու է «ինքնիշխան Հայաստանը»: Եվ այդ նպատակով, ենթադրաբար, Գյումրիում ռուսական զորքեր կան, իսկ Էրեբունի օդանավակայանում ռուսական ռազմական ինքնաթիռներ։

Բայց հիմա, երբ Ալիևն ուղղակիորեն սպառնում է «ինքնիշխան Հայաստանին», և Էրդողանը զանգահարում է Ալիևին և հայտարարում իր ամբողջական աջակցության մասին, Մոսկվայից հայտարարություններ են հնչում, որոնց իմաստն այն է, որ Մոսկվան չի կռվելու Հայաստանի համար։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ «մորուքը սափրած Փաշինյանը կհիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Կամ մեկ այլ տարբերակ՝ Հայաստանի ղեկավարների՝ Եվրամիության հետ ամուսնանալու մտադրության լույսի ներքո: Կարող եք ուղղակիորեն կապվել ԵՄ-ի հետ, նրանք սիրում են փողով և զենքով օգնել դրախտի թեկնածուներին: Եվրամիությունը ունի ուկրաինական հիանալի փորձ»,- ասել է նա ՌԻԱ Նովոստիին։

Նախօրեին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու մասին խոսք չկա։ Մյուս կողմից, թեև ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության ընթացակարգը սկսելու մասին օրենքին, Փաշինյանն ասել է, որ առանց հանրաքվեի անդամակցություն չի լինելու, և դեռ հայտնի չէ, թե ԵՄ-ն ինչպես կարձագանքի։

Բայց Մոսկվային նույնիսկ պատճառ պետք չէ անհապաղ հրաժարվել իր «դաշնակցից» և հանձնել Հայաստանը։ Պարզապես, ի տարբերություն Ասադի, ով չէր մտածում համաձայնության գալ իր թուրք «ընդդիմախոսների» հետ, Փաշինյանը փորձում է նախապես կապեր հաստատել հայկական պետականությունը վերացնել ցանկացողների հետ։ Նա չի ցանկանում գնալ Մոսկվա, ավելի հուսալի ապաստան է պետք։

Փաշինյանը համաձայնել է Ալիևի բոլոր պայմաններին, “առաջարկելով” այն, ինչ ասել է Ալիեւը

Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է հրապարակել տարածաշրջանում կայունություն հաստատելու և Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու վերաբերյալ։ Այս մասին նա գրել է սոցցանցերում։

1. Արեւմտյան Ադրբեջանը Ղազախն է, Թովուզն է, Աղստաֆան է, Գեդաբեյն է, Դաշքեսանն է, Քելբաջարն է, Լաչինն է, Կուբաթլուն է, Զանգելանն է: Սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արեւմտյան Ադրբեջան: Եթե շատ են ուզում այլ տեղ փնտրել, Նախիջեւանն էլ կարող ենք համարել Արեւմտյան Ադրբեջան:
2. Արեւմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արեւմտյան Հայաստան:
3. Արեւելյան Հայաստանը Իջեւանն է, Բերդն է, Ճամբարակն է, Վարդենիսն է, Ջերմուկն է, Գորիսն է, Կապանն է, Ներքին Հանդն է, Նռնաձորն է. սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արեւելյան Հայաստան:
4. Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը քննարկի փախստականների իրավունքների հարցը՝ «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթի ներքո: Երբ Ադրբեջանն օգտագործում է «Արեւմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձի հարց» խոսույթը, այս ձեւակերպման բերումով հենց ինքը փակում է որեւէ քննարկման հնարավորություն, որովհետեւ ակնհայտ է դարձնում, որ փախստականների հարցը փորձում է օգտագործել միջազգային իրավունքի սուբյեկտ, ինքնիշխան պետություն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու, Հայաստանից տարածքային պահանջներ ձեւակերպելու համար: Հարցի քննարկման համար Ադրբեջանը նախ պետք է հրաժարվի «Արեւմտյան Ադրբեջանի» եւ այդ կարգի խոսույթներից:
5. Նախորդ կետում նշված հանգամանքների համապատկերում պաշտպանունակ բանակ ունենալու ՀՀ իրավունքը կասկածի տակ դնելով պաշտոնական Բաքուն փորձում է ստանալ Հայաստանի Հանրապետության դեմ անարգել ագրեսիա իրականացնելու հնարավորություն:
6. Տարածաշրջանում երկարատեւ կայունություն եւ խաղաղություն հաստատելու Հայաստանի Հանրապետության առաջարկը հստակ է.
ա) փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից,
բ) Բերքաբեր-Ոսկեպար հատվածում իրականացված սահմանազատման փորձի եւ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի հիման վրա շարունակել սահմանազատման գործընթացը,
գ) կնքել Խաղաղության պայմանագիր, որը 90 տոկոսով պատրաստ է,
դ) իրագործել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, լուծելով նաեւ Ադրբեջան-Ադրբեջան կապի հարցը՝ Հայաստանի Հանրապետության տարածքով եւ Հայաստան-Հայաստան կապի հարցն Ադրբեջանական Հանրապետության տարածքով, համաձայն Կազանում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված առաջարկների,
ե) հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ներդնել,
զ) ամբողջական կերպով լուծել պահվող անձանց խնդիրը,
է) ամբողջ ինտենսիվությամբ աշխատել գտնվելու վայրն անհայտ համարվող անձանց ճակատագրի պարզաբանման խնդրի լուծման վրա,
ը) հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում,
թ) աշխատել Խաղաղության պայմանագրի կետերի ամբողջական եւ արդյունավետ իրագործման վրա,
ժ) սպառազինությունների փոխադարձ վերահսկման, քվոտավորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ ձեւավորել,
ի) երկու երկրներից փախստականների հետ կապված հարցերը քննարկել ամբողջության մեջ, խաղաղության հաստատումից հետո ձեւավորելով համատեղ մասնագիտական, փորձագիտական հանձնաժողով,
լ) լուծարել ԵԱՀԿ ՄԽ-ն:

Լոս Անջելեսում այրված հայտնիների ապարանքները և Փասադենայում հայկական դպրոցը

Լոս Անջելեսի հրդեհն արդեն անվանվել է ամենաավերիչը շրջանի ժամանակակից պատմության մեջ: 24 ժամվա ընթացքում հրդեհները այրել են մոտ 22 քառակուսի մղոն (57 քառակուսի կիլոմետր) և հասել Հոլիվուդի բլուրներ:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ խոշոր հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ։

Լոս Անջելեսի կենտրոնից արևմուտք կրակը հողին է հավասարեցրել Խաղաղ օվկիանոսի Պալիսադեսի շրջանի ամբողջ թաղամասերը՝ ավերելով ավելի քան 1000 շենք, այդ թվում՝ Մալիբուում հոլիվուդյան հայտնիներ Էնթոնի Հոփքինսի, Բեն Աֆլեքի, Թոմ Հենքսի, Մարկ Հեմիլի, Ադամ Բրոուդիի, Սպենսեր Փրատի, Ջեյմսի Վուդսի, Փերիս Հիլթոն և Լեոնարդո Դի Կապրիո տները։

Անտառային հրդեհների վնասը նախնական գնահատվում է 52-57 մլրդ դոլար, հայտնում է Reuters-ը։

Ավելի վաղ Բայդենը Կալիֆորնիայում աղետի վիճակ էր հայտարարել։

Փասադենայում՝ ամենաշատ տուժած շրջաններից մեկում հրդեհից և փոթորիկ քամիներից մինչև 500 շինություններ վնասվել կամ այրվել են: Այրվածների թվում է 1980 թվականին հիմնադրված «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցը։

Էսկալացիայի ուրվականը սավառնում է Հայաստանի վրա, իսկ քաղաքական ուժերը տեսլական չունեն

Ալիեւի վերջին ագրեսիվ հայտարարությունը ստիպել է Հայաստանի իշխանությանը որոշակի տեսակետներ հայտնել ապագայի վերաբերյալ։

Մասնավորապես, Փաշինյանի՝ «Արմենպրես»-ին տված անգույն հարցազրույցի ֆոնին, որտեղ նա միայն առաջարկում էր ճանապարհ բացել Նախիջևանով, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկվա ասուլիսի ժամանակ մի քանի կարևոր հայտարարություն արեց։

Նախ, նա ասաց, որ Երևանը կողմ է Հայաստանում ԵՄ առաքելության երկարաձգմանը, ինչը որոշակի գործոն է էսկալացիայի կանխման համար։ Ինչպես հայտնի է, ԵՄ առաքելության դուրս գալը Ալիևի «պայմանն» է, և Երևանը հայտարարում է, որ մտադիր չէ կատարել այդ պայմանը։

Երկրորդ՝ Միրզոյանը նշեց, որ Գյումրիում ռուսական բազայի դուրս բերելու մասին խոսք չկա, թեև Հայաստանի սահմանների պաշտպանությունն աստիճանաբար ռուսական սահմանապահ զորքերից կփոխանցվի Հայաստանի սահմանապահ զորքերին։ Ըստ երևույթին, սա պատասխան է Մոսկվային, որը փորձում է Երևանի «հակառուսական» մտադրությունները ներկայացնել որպես Բաքվին աջակցելու պատճառ։

Երրորդ՝ Միրզոյանն ասաց, որ Հայաստանը չի ենթարկվի սադրանքին և հակամեղադրանքներ չի հնչեցնի Բաքվի հասցեին՝ հիշատակելով սակայն Բաքվից և Սումգայիթից 500 հազար փախստականների մասին։ Բայց Երևանը չի էլ հանձնվի, ասաց Միրզոյանը՝ ըստ էության ակնարկելով, որ Հայաստանը չի կատարի Ալիևի պայմանները։

«Ալիևի պայմանները» հասել են բեկման կետին. փաստորեն, Բաքվի բերանով աշխարհի «շնաձկները», ինչպես ասաց Միրզոյանը, պահանջում են հայկական պետության կամավոր լուծարում և բանակի զինաթափում, ինչպես դա եղավ Արցախում։ Վերլուծաբանները այն ժամանակ զգուշացրել են, որ Երևանի հրաժարումը Արցախից նախերգանք կլինի հայկական պետականության փլուզման համար։

Այդ ընթացքում ԵՄ-ի և Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչները շտապ ժամանել են Բաքու, ապա մեկնել Երևան։ Վերլուծաբանները դա պայմանավորում են Ալիևի ագրեսիվ հայտարարություններով և ուժային լոծումների սպառնալիքով։ Բացի այդ, Էրդողանը զանգահարել է Ալիևին և կրկին հայտարարել Ադրբեջանին «Կովկասում խաղաղություն հաստատելու» հարցում իր օժանդակության մասին։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել էր, որ Ռուսաստանը դավաճանել է իր դաշնակից Հայաստանին Ղարաբաղում։ Մոսկվան դեռ չի հայտարարել, որ թուրքական էքսպանսիայի դեպքում պայքարելու է «ինքնիշխան» Հայաստանի համար։

Հայաստանում իշխանության ընդդիմախոսներն ասում են, որ Փաշինյանը պլան Բ չունի այն դեպքի համար, եթե Ալիևը ռազմական գործողություններ սկսի, իսկ Էրդողանը օգնի նրան։ Միևնույն ժամանակ, քաղաքական ուժերը չեն ներկայացնում իրենց սեփական պլան «բ»-ն։

Էսկալացիայի և աղետի ուրվականը սավառնում է Հայաստանի վրա, իսկ քաղաքական ուժերը չեն խոսում Հայաստանի հավանական քայլերի իրենց տեսլականի մասին։ Կան միայն ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու կոչեր, մինչդեռ ներկայիս իշխանությունը մինչ օրս չի հայտարարել, որ կարող է ընդունել իր քաղաքականության ձախողումը և հրաժարական տալ։

Նաիրա Հայրումյան