Թոշակները չեն բարձրանա, բայց լավ է, որ գյուղերը առանց ռազմական գործողությունների հանձնեցինք

Հայկական ԶԼՄ-ները նկատել են, որ այս տարի պետական բյուջեն ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանն ոչ մի թիվ չհիշատակեց, սակայն հայտնի է դարձել, որ նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակները եւ նպաստները չեն ավելանա։ Զուգահեռ պարզվել է, որ կավելանա Երեւանի տրանսպորտի գինը, զգալի կաճի հարկային բեռը։ Կոմունալ ծառայությունների գինը վերջին պահին չավելացրին։

Ինչպես հայտնի է, ապրիլից կդադարի նաեւ արցախցիներին տրամադրվող 50 հազար դրամ աջակցությունը՝ բացառությամբ առանձին խմբերի։ Միջպետական պարտքը ավելանում է, եւ կառավարությունը հայտարարում է հարկային եկամուտների թերի հավաքագրման մասին։

Տնտեսական ծանրությունը ամեն մարդ զգում է սեփական կաշվի վրա։ Կառավարությունը, որը տնտեսությունն ու «հարստանալը» իր առաջնահերթություն է համարում, չի ճանաչում սեփական սխալները նաեւ այս ոլորտում։ Իշխանամետ շրջանակներում ասում են, որ կարեւոր ձերքբերումը՝ 2024-ն առանց ռազմական գործունեությունների անցկացնելն է։

Այո, 2024-ին չեն կրակել, սակայն Տավուշում պատերազմի սպառնալիքով հանձնվել են 4 գյուղեր։ Ամբողջ 2024-ը կառավարությունը ամեն ջանք գործադրում էր, որ Արցախը մոռացվի, դրա հետ էլ՝ կառավարության պարտությունը։ Եւ ստացվում է, որ ոչ տնտեսական, որ անվտանգային առումով հետընթաց է։

Տարվա վերջին Հայաստանում արդեն բաց տեքստով սկսեցին խոսալ «ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» մասին։ Իսկ տարվա գրեթե վերջին օրը կայացավ բանակցություններ Թուրքիայի հետ՝ ճանապարհները բացելու շուրջ։ Բայց միայն “երրորդ երկրների” համար։

Հայաստանում 2024-ի մասին պարադոքսալ գնահատականներ են հնչում։ Տարվա վերջին Երեւանի քաղաքապետ Ավինյանի հայրը «առանձնացավ» սովորական մարդկանց հասցեյին արհամարհական արտահայտություններով՝ նա Օպել քշողներին “համբալ” անվանեց։ Ավինյանի հոր բազմաթիվ պաշտպանները հիշեցրեցին Քոչարյանի «ախրանայի» կողմից սպանված Պողոս Պողոսյանի պատմությունը։ Նրանք ասացին, որ Պողոսյանը, գուցե, կգերադասեր, որ նրա վրա թքեին, ինչպես Ալեն Սիմոնյանն է արել, եւ «համբալ» ասեին, ինչպես Ավինյանի հայրը։

Ահա այսպիսի պարադոքս․ ժամանակակից Հայաստանի երիտասարդները կգերադասեն, որ պատերազմ չլինի, եւ գյուղերը առանց կռվի հանձնենք, իշխանություններն էլ ոչ թե մինչեւ մահ ծեծեն հակառակորդներին, այլ թքեն եւ համբալ անվանեն։ 

“Ավետիս Պուլուզյան” հիմնադրամը կաջակցի Ք.Քոքսի անվան Վերականգնողական կենտրոնին

«Ավետիս Պուլուզյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2021 թվականին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Ավետիս Պուլուզյանի ծնողների կողմից։ Կազմակերպության նպատակն է իրականացնել բարեգործական ծրագրեր։ Մասնավորապես, 2021 թվականից կազմակերպությունը միջոցներ է հատկացրել Երևանի բժշկական ինստիտուտի արցախցի ուսանողներին կրթաթոշակ վճարելու համար։ Վերջերս կազմակերպությունը արտաքսումից հետո առաջին անգամ հայտարարեց Հայաստանում իր գործունեությունը վերսկսելու մասին։

«Հարգելի դոնորներ, սիրելի ընկերներ և հարազատներ: 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախ թշնամու ներխուժման և բնակչության տեղահանության ողբերգական ու դաժան օրերից հետո, «Ավետիս Պուլուզյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը դադարեցրեց իր գործունեությունը։ Ավելի ուշ, իրավական դժվարությունները հաղթահարելուց հետո, կազմակերպությանը հաջողվել է վերագրանցվել։ Իրականացված բարեգործական ծրագրերն ուղղված են եղել կրթաթոշակների փոխհատուցմանը, սակայն 2023-24 և 2024-25 ուսումնական տարիներին Արցախից բռնի տեղահանված ուսանողների կրթաթոշակները վճարվել են ՀՀ կառավարության միջոցների հաշվին։

«Ավետիս Պուլուզյան» բարեգործական հասարակական կազմակերպության բանկային հաշվեհամարին մոտ 10 մլն դրամ է։ Կազմակերպությանը մի քանի բարեգործական ծրագրեր են առաջարկվել, որոնցից ընտրեցինք և անհրաժեշտ համարեցինք որոշակի գումար հատկացնել Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին աջակցելու համար, որը 1998 թվականից աշխատում էր Արցախում և շարունակում է գործել Հայաստանում բռնի տեղահանումից հետո։

Պուլուզյան ընտանիքի անունից ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել բոլոր մասնակից նվիրատուներին։

Խնդրում ենք ձեր ներդրումով աջակցել այս կարևոր նախաձեռնությանը։ Թող որ մեր որդու հոգին ուրախությամբ լցվի, երբ նա երկնքից տեսնի իր անունով կատարվող բարեգործությունը։ Սա նրա հիշատակը պահպանելու ճիշտ ճանապարհն է։

Նվիրատվությունները կարող են կատարվել անձամբ կամ «Ավետիս Պուլուզյան» Արցախբանկ ՓԲԸ բարեգործական հասարակական կազմակերպության հետևյալ բանկային հաշվեհամարներին կատարելով.

ՀՀ դրամ 22314008346801

ԱՄՆ դոլար՝ 22314008346802»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնն արդեն 25 տարի զբաղվում է Արցախի բնակչության առավել խոցելի խմբերի վերականգնմամբ՝ մատուցելով ծառայությունների լայն շրջանակ։ Բռնի տեղահանությունից հետո կենտրոնը շարունակում է իր գործունեությունը հասարակական կազմակերպության ձևաչափով՝ օգտագործելով հովանավորչական միջոցները՝ նույն նպատակներին միտված մի շարք ծրագրեր իրականացնելու համար։

Արսեն Աղաջանյան

Ռուսաստանը «գցում» է Մերձդնեստրը՝ Արցախից և Աբխազիայից հետո

Մերձդնեստրում՝ Մոլդովայի ռուսամետ անկլավում, ջեռուցումն ու տաք ջուրը դադարեցվել են հունվարի 1-ից՝ Ուկրաինայի տարածքով դեպի Արևելյան Եվրոպայի երկրներ ռուսական գազի տարանցման դադարեցման և կուտակված պարտքի պատճառով Մոլդովա մատակարարումներից Ռուսաստանի հրաժարվելու պատճառով։

Մերձդնեստրյան Tiraspoltransgaz ընկերության տվյալներով՝ նոր տարվա առաջին օրը գրեթե 75 հազար տնային տնտեսություն մնացել է առանց գազի։ Եվս 116 հազար բաժանորդ գազ կստանա կրճատված ծավալներով։ Խոսքը հիմնականում բազմահարկ շենքերի բնակիչների մասին է։

Մերձդնեստրի ընդհանուր բնակչությունը կազմում է մոտ 450 հազար մարդ։

Մերձդնեստրում հարյուրավոր ձեռնարկություններ են փակվել, հազարավոր մարդիկ մնացել են առանց աշխատանքի։ Նրանց աշխատանքային պայմանագրերը մնում են ուժի մեջ, սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես են աշխատողներին փոխհատուցելու հարկադիր պարապուրդը։

«Ուկրաինայի «Նավթոգազ» NJSC-ի և ռուսական «Գազպրոմի» միջև գազի մատակարարման տարանցիկ համաձայնագիրը, որը կնքվել էր 2019 թվականի դեկտեմբերին, ավարտվել է 2024 թվականի դեկտեմբերի 31-ին, և Կիևը նախապես հայտարարել է, որ այն չի երկարաձգելու։

Այս ֆոնին, դեկտեմբերի կեսերին Մոլդովայի իշխանությունները արտակարգ դրություն մտցրին երկրի էներգետիկայի ոլորտում։

Կիևի որոշումը որոշակի խնդիրներ առաջացրեց այնպիսի երկրներին, ինչպիսիք են Մոլդովան, Սլովակիան, Հունգարիան և այլ երկրներ գազ մատակարարելու հարցում, սակայն մատակարարման այլընտրանքային տարբերակները պահպանվեցին։

Սակայն Մոլդովայի դեպքում Ռուսաստանն ինքը որոշեց ամբողջությամբ դադարեցնել մատակարարումները, իմանալով, որ ամենաշատը կտուժի հենց ռուսամետ Մերձդնեստրը։

Տարեվերջին Ռուսաստանը դադարեցրեց էլեկտրաէներգիայի մատակարարումը նաեւ Աբխազիա, այնուհետև վերականգնեց մատակարարումները այն բանից հետո, երբ Աբխազիայի նոր ղեկավարությունը հավատարմություն հայտնեց Ռուսաստանին:

2022 թվականի դեկտեմբերից Ռուսաստանն ուղղակիորեն ներգրավված էր Արցախի շրջափակման մեջ, որն ընկավ 10-ամսյա դաժան պաշարումից հետո։ Ռուս «խաղաղապահների» դերն Արցախի շրջափակման մեջ ի սկզբանե ակնհայտ էր. 2022-ի դեկտեմբերի 12-ին, երբ ադրբեջանցի «էկոլոգները» փակել էին ճանապարհը Շուշիի մոտ, ռուս զնիվորները Հայաստանի Տեղ գյուղի մոտից արգելափակեցին մեքենաների մուտքն Արցախ։ Դա բացատրվում էր «անվտանգության» նկատառումներով, սակայն պարզ էր, որ Բաքուն և Մոսկվան գործում էին համատեղ պլանի համաձայն։

Ադրբեջանական անցակետը Կոռնիձորում հայտնվել է միայն 2023 թվականի ապրիլին, իսկ մինչ այդ Արցախի շրջափակումը Հայաստանի կողմից իրականացրել են ռուսական զորքերը, որոնք, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, պարտավոր էին ապահովել միջանցքը։

Շրջափակումը, սովը, ագրեսիան շարունակվեցին այնքան ժամանակ, մինչև Արցախի իշխանությունները հայտարարեցին հանրապետության ինքնալուծարման մասին, իսկ բնակչությունը տեղահանվեց։ Ռուսաստանը Արցախում հայտնվեց 2020 թվականին, որպեսզի 4 տարի անց “գցի” Արցախը։

Նույն ճակատագիրն է սպասվում Աբխազիայի և Մերձդնեստրի բնակչությանը, և այդ հանրապետություններում ռուսամետ ուժերը բութ գործիք են Մոսկվայի ձեռքում։ Նրանք կարժանանան նույն ճակատագրին, ինչ Արցախի ղեկավարությունը։

«Իսլամական սպառնալիք» ԱՄՆ-ում. Մերձավոր Արևելքում «վճռական գործողությունների» նախապատրաստում

42-ամյա Շամսուդ-Դին Ջաբբարը ամենագնացով մխրճվել է Նոր Օռլեանում Ամանորը տոնող մարդկանց ամբոխի մեջ: Նա ծնվել և մեծացել է Տեխասում, ծառայել է ԱՄՆ բանակում և հետաքրքրվել իսլամով։

Ամանորի գիշերը ամենագնացով տղամարդը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, որոնք տոնում էին Նոր Օռլեանի Բուրբոն փողոցում՝ քաղաքի ամենաբանուկ փողոցներից մեկում: Այնուհետև վարորդը դուրս է եկել մեքենայից և սկսել կրակել։ Ոստիկանները պատասխան կրակ են բացել՝ սպանելով տղամարդուն։

Վերջին տվյալներով՝ զոհվել է 14, վիրավորվել՝ առնվազն 35 մարդ։ Հարձակվողը սպանվել է։

Հետաքննությունների դաշնային բյուրոն միջադեպը հետաքննում է որպես ահաբեկչություն՝ մեքենայում հայտնաբերվել է «Իսլամական պետության» դրոշը, և փնտրում է հնարավոր հանցակիցներին։

Նոր Օռլեանի ֆրանսիական թաղամասում, որտեղ գտնվում է Բուրբոն փողոցը, հայտնաբերվել և վնասազերծվել են երկու ինքնաշեն պայթուցիկ սարքեր։

Սակայն ոչ «Իսլամական պետությունը», ոչ էլ որևէ այլ կազմակերպություն դեռևս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

Ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցել նաև Լաս Վեգասում՝ Trump Tower-ի մոտ։ Ինքը՝ Թրամփը, զայրացած ելույթ է ունեցել դեմոկրատների դեմ, որոնք երկիրը հասցրել են անապահովության եզրին։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թրամփը կստանձնի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը։ «Իսլամական սպառնալիքի» ի հայտ գալը ԱՄՆ-ում նրա պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ առաջ դիտվում է որպես Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի հնարավոր հարձակումների նախերգանք:

Դիմադրելու հրամա՞ն․ ինչի՞ համար են ազատել Արշակ Կարապետյանին

2020 թ․ պատերազմից հետո Հայաստանի պաշտպանության նախարարներ են նշանակվել իրենց “ռուսական գեներալներ” համարող Վաղարշակ Հարությունյանն, այնուետ՝ Արշակ Կարապետյանը։ Նրանք շփվում էին գրեթե միայն Մոսկվայի հետ։ Վաղարշակ Հարությունյանի օրոք ռուսական բանակը հայտնվեց Սյունիքի մարզում։ Հարությունյանը այնուհետ նշանակվեց Ռուսաստանում ՀՀ դեսպան եւ նոր է ավարտել պաշտոնավարումը։

Նրանցից ոչ մեկին մեղադրանք չի ներկայացվել Ռուսաստանի շահերը սպասարկելու համար։   

Օրերս պարզվեց, որ Հայաստանի կողմից մոտ մեկ ամիս հետախուզվող պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին ռուսաստանցի իրավապահները հայտնաբերել են Մոսկվայում, ձերբակալել, ապա ազատ արձակել:

Արդյո՞ք սա նշանակում է, որ Մոսկվան մերժում է Երևանի դիմումն ու հրաժարվում է Կարապետյանին արտահանձնել Հայաստանին, հայաստանյան իրավապահներն այս հարցին չեն պատասխանում:

Պաշտպանության նախարարի պաշտոնում երեք ամիս աշխատելուց հետո հեռացված Կարապետյանը մոտ երկու տարի լռելուց հետո պնդել էր, թե իրեն պաշտոնից ազատել են՝ ադրբեջանական զինուժի առաջխաղացումը թույլ չտալու հրամանի համար։

Նրա հրաժարականին նախորդել էին մի շարք սահմանային միջադեպեր։ Պաշտոնանկությունից ուղիղ մեկ օր առաջ՝ նոյեմբերի 14 -ին, ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության, ադրբեջանական զինված ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, բայց չէին հաջողել։

«Ես՝ գեներալ-մայոր Արշակ Հենզրիկի Կարապետյանս, հեռացվեցի պաշտոնից այն պատճառով, որ չընդունեցի ադրբեջանական կողմի պահանջները, այսպես կոչված, ուլտիմատումը, հրաման տվեցի կրակ բացել հակառակորդի վրա նրա առաջխաղացման դեպքում և այն դեպքերում, երբ որ նա կփորձի ներխուժել Հայաստանի Հանրապետության տարածք», – նշել էր Կարապետյանը:

Չկրակելու եւ չդիմադրելու հրաման բանակը չի ստացել, պնդում է հրամանատարությունը։ Սակայն ոչ ոք չի հաստատում, որ կրակելու եւ դիմադրելու հրաման տրվել է։ 

Արշակ Կարապետյանի պատմությունը կարող է լույս սփռել այս հարցի վրա։  

Էլլադան չի դադարում հուսալ․ ուրախ առիթներին դեռ ֆոտոհարթակներ պետք կգան

Էլլադա Չալյանն Արցախի Մարտունի քաղաքից է։ Մասնագիտությամբ մանկավարժ է։ Արցախում երեք երեխաների մայրը մեծ նպատակ ուներ, որը, սակայն, անկատար է մնացել։ Էլլադան մտադիր է իր մեծ նպատակն իրականություն դարձնել Մայր Հայաստանում։ Չալյանների ընտանիքը հաստատվել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում։

Էլլադան հուզմունքով ու կարոտով է պատմում

-Արցախում 2 տարուց ավելի զբաղվում էի ուրախ առիթների ֆոտոհարթակների ձևավորմամբ՝ փուչիկներով և ոչ միայն։ Օրեցօր ընդլայնվում էր հաճախորդներիս քանակը։ Ընթացքում ձեռք էի բերում անհրաժեշտ բոլոր սարքավորումները՝ երկաթից, փայտից։ Միշտ էլ սիրում էի գեղեցիկ ու հեքիաթային միջավայր ստեղծել շուրջս, և իմ այդ հոբբին դարձրի փոքրիկ բիզնես։ Շրջափակման վերջին ամիսներին դժվարություններ էին առաջացել, որովհետև մարդիկ արդեն մեծ միջոցառումներ չէին կազմակերպում, իմ մոտ ևս հումքի որոշակի պակաս էր զգացվում։

Արցախում, երբ սկսել էի բիզնեսս, մեծ նպատակ ունեի։ Փոքր, բայց հաստատուն քայլերով շարժվում էի դեպի այդ նպատակը։ 2022-ի նոյեմբերի վերջին Երևանում մեծ քանակությամբ դեկորացիաներ ու համապատասխան սարքավորումներ էի գնել՝ վարձու մեքենայով Արցախ տեղափոխելու համար։ Նպատակ ունեի Մարտունիում ֆոտոստուդիա բացել, որի կարիքը քաղաքը շատ ուներ։

Մեքենան Երևանից դուրս է գալիս հենց դեկտեմբերի 12-ին ու երբ հասնում է Հակարի, պարզվում է, որ փակվել է Արցախի հետ կապող կյանքի ճանապարհը։ Վարորդի խոսքով՝ մեքենան երրորդն էր շարասյան մեջ։

Սպասում ենք ավելի քան 10 օր, սակայն ճանապարհը չի բացվում։ Մոտ 3 ամիս մեքենայի ողջ բեռը մնում է Հակարիից այն կողմ՝ Գորիսում։ Այդպես էլ նպատակս մնում է կիսատ։ Ինչքան էլ փորձում էինք, չկարողացանք բեռը հասցնել Արցախ։ Հիմա հասկանում եմ, որ լավ է, որ չստացեց, թեկուզ չիրականացավ երազանքս։

Արցախից տեղահանվելու պահին իմ պահեստում ունեի սարքավորումներ, անհրաժեշտ նյութեր, պատրաստի ծաղիկներ․ ամեն ինչ մնաց Արցախում։ Կարողացել ենք փրկել մեզ, և փառք Աստծո, ամենակարևորը դա է։ Նյութականի մասին չեմ մտածել երբեք։

Բռնատեղահանումից հետո Էլլադան հանդիպեց դժվարությունների, սակայն ամենացավալին հոգու ցավն էր, որի հաղթահարման համար մեծ ուժ էր հարկավոր

-Երբ եկանք Հայաստան, նախ հաստատվեցինք Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ Սկզբնական շրջանում հայտնվեցինք անորոշության մեջ։ Չէինք կարողանում կողմնորոշվել անգամ, թե որտեղ ենք ապրելու և ինչով զբաղվելու։ Ինձ համար երեխաների ինտեգրումն ու նրանց սթրեսից հանելն էր առաջնահերթ։ Նրանք չէին հարմարվում նոր միջավայրին, լացելով էին դպրոց գնում և անընդհատ ասում, որ Մարտունու իրենց դպրոցն ու դասընկերներին են ուզում։

Որոշ ժամանակ հետո տեղափոխվեցինք Ծաղկաձոր։ Վախենում էի, որ կկրկնվեն բալիկներիս ապրումները, սակայն նրանք զարմանալիորեն շուտ հարմարվեցին փոքր քաղաքին ու դպրոցին։ Հենց այս պատճառով մնացինք այստեղ։ Ինքս ծանր ապրումների մեջ էի։ Ցավից ու կարոտից խեղդվում էի։ Ոչ ոքի հետ չէի կիսվում։ Հոգուս ցավն ու տխրությունը չէի փոխանցում ոչ մեկին, որովհետև գիտեի՝ բոլորն են նույն վիճակում։ Սակայն ապրելու կարիքը դրդում էր ինձ արթնանալ, ոտքի կանգնել ու որոշ ժամանակ հետո հասկացա, որ լաց ու կոծով ոչնչի չես հասնի։ Ընկերուհուս խորհրդով սոցիալական հարթակներում սկսեցի ուսումնասիրել աջակցության ծրագրերը, սակայն չէի կարողանում կողմնորոշվել։ Զգում էի, որ դեռևս բավականաչափ ուժ չունեմ։

Միաժամանակ ուրախանում էի, որ արցախցիների մի մասն արդեն ինտեգրվել է, և հաջողություններ են գրանցվում նրանց կողմից։

Մի անգամ մանկապարտեզում կազմակերպվող միջոցառման համար փոքրիկիս դաստիարակը ծնողներին խնդրում է յուրահատուկ ծաղիկ պատրաստել։ Համաձայնում եմ, գալիս տուն ու հասկանում, որ ոչինչ չունեմ առաջադրանքը կատարելու համար։ Մտաբերում եմ, թե ինչքա՜ն սարքավորումներ եմ թողել Արցախում և արտասուքներս կուլ տալով ու ատամներս կրճտացնելով՝ անցնում եմ գործի։ Դաստիարակի օգնությամբ ձեռք եմ բերում անհրաժեշտ դետալները և պատրաստում մի մեծ խատուտիկ ու էլի 4 ծաղիկ՝ մետաղապլաստե ցողուններով, որոնցից ամենափոքրի բարձրությունը 1․60 մետր էր։ Առաջին անգամն էի նման յուրահատուկ ծաղիկներ պատրաստում։ Մանկապարտեզում հիացմունքն անչափելի էր։

Շքեղ խատուտիկն առիթ հանդիսացավ, որ նա մտածի նոր բիզնեսի մասին

-Մտածեցի, որ կարող եմ զբաղվել հսկա ծաղիկների պատրաստմամբ և այն վերածել բիզնեսի։ Մասնակցեցի դասընթացների՝ ներկայացնելով ծրագիրս։ Առաջին փորձս հավանության չարժանացավ, քանի որ բիզնես ծրագիր ներկայացնելու մեջ բավականին անփորձ էի։ Սակայն առաջին անհաջողությունս ինձ չկոտրեց, ավելին՝ ստիպեց մասնակցել ուրիշ դասընթացների։

Մասնակցեցի արցախցիների համար կազմակերպվող  “Բյուր” դասընթացներին, ձեռք բերեցի նոր գիտելիքներ՝ 0-ից բիզնես սկսելու համար։ Կատարելագործվեցի մենթորների օգնությամբ․ թվային գրագիտությունից մինչև բիզնես հմտություններ, մարքեթինգ ու ֆինանսներ։ Այս անգամ ստացա համպատասխան հավաստագիր։ Ներկայացրած ծրագիրս հավանության արժանացավ։ Ստացա դրամաշնորհ և այդ գումարով ձեռք բերեցի բոլոր սարքավորումներն ու անհարժեշտ հումքը։

Դառնալով շահառու՝ իրականացրի թելադրվող պայմանները, որոնցից մեկն ԱՁ գրանցելն ու հարկային դաշտ մտնելն էր։ Թեև Արցախի Մարտունի քաղաքում ԱՁ ունեի, սակայն նորից գրանցվեցի և հոկտեմբերից արդեն հարկային դաշտում եմ։ Անձնական էջով չէի ցանկանում ներկայացնել իմ արտադրանքը, ուստի նոր էջ բացեցի ու անվանեցի “Ծաղկէ”։ Շատ էի մտածում անվան մասին․ ուզում էի Արցախի շունչ զգալ։ Ծաղկէ՝  ծաղիկներ Էլադայի կողմից, ինչպես նաև կնշանակի ծլի-ծաղկի։ Այդպես ծնվեց իմ բրենդն ու բիզնես էջը։ Հպարտանում եմ իմ բրենդի անունով և այն ամենով, ինչ հայկական է։

Երևանում կազմակերպված Ամանորյա ամենամեծ տոնավաճառցուցահանդեսին մասնակցելն է Էլլադան համարում իր առաջին քայլը դեպի բիզնես

-Երբ հրավեր ստացա Big Christmas Market with Coca-Cola 2024-2025 տոնավաճառ-ցուցահանդեսին մասնակցելու համար, հասկացա, որ դա առաջին իմ քայլն է դեպի բիզնեսի բարձունք։ Որպես Բյուր-ի շահառու հնարավորություն է տրվել անվճար տաղավար դնել ու վաճառքի հանել իմ արտադրանքը։ Հրավերից հետո մտածում էի, որ հնարավոր չի լինելու իմ հսկա ծաղիկները հասցնել Երևան ու վաճառքի հանել։ Իմ ծաղիկներով կարող են հիանալ, նկարվել, բայց չէի կարծում, որ կվաճառվեն, որովհետև տոնավաճառի այցելուները ծաղիկ գնելու չէին գալու։ Հասկացա, որ պետք է նոր բան մտածել ու տոնավաճառին ներկայացա 4-5 տեսակի արտադրանքով։

Իմ միջոցներով պատրաստել եմ տոնածառի խաղալիքներ, տիկնիկներ, միջին չափի թրենդային ժապավեններ, մոմեր։ Անբացատրելի ապրումներ եմ ունեցել տոնավաճառից, թևեր ստացել։ Իհարկե, դժվար էր 5 օր շարունակ Ծաղկաձորից Երևան գնալ ու մասնակցել տոնավաճառին։ Աշխատում էի գիշերները, որ հասցնեմ նոր իրեր պատրաստել։ Գոհ եմ վաճառքից, անցուդարձից։ Ձեռք եմ բերել նոր հաճախորդներ։ Ինձ ուժ են տվել մարդկանց հիացական ու գնահատող հայացքները, բարի խոսքերը, նոր ծանոթությունները։ Հպարտանում էի, որ մարդիկ իմ այցեքարտներն են ուզում՝ հետագա պատվերների համար։

Բայց ինչքան Երևանից հեռանում ես, գործդ բարդանում է, առաքումը դժվարանում։ Տոնավաճառից հետո թրենդային ժապավեններ եմ պատրաստել, որոնք անմիջապես վաճառվել են։ Կարծում եմ՝ եթե Երևանում բնակվեի, բրենդիս պահանջարկն ավելի մեծ կլիներ։ Համագործակցում եմ տարբեր ձեռնարկությունների հետ՝ ֆոտոհարթակների ձևավորման համար։ Ինձ օգնում է ամուսինս՝ Մհերը։ Նա առաքում է, հումքը տուն բերում։ Մտադիր ենք լայնացնել բիզնեսը, և կարծում եմ՝ կհաջողվի։

Չի դադարում հուսալ ու հավատում է՝ արցախցի կինը ընդունակ  է հաղթահարելու ամենադժվարը

 -Շատ պատվերներ եմ ստանում, բայց ստիպված հրաժարվում եմ, որովհետև չունեմ համապատասխան սարքավորումներ։ Սեփական միջոցներով չեմ կարող դրանք ձեռք բերել։ Բոլոր մտահղացումներս ի կատար ածելու և բիզնեսս զարգացնելու համար կրկին կփորձեմ ուժերս՝ մասնակցելով դրամաշնորհային ուրիշ ծրագրերի։ Ապագայի հանդեպ լցված եմ մեծ հույսերով։ Ինձ օգնում են նաև իմ հաճախորդները, ընկերները՝ տարածելով իմ աշխատանքները։ Հպարտ եմ, որ տեսնում եմ արցախցի կանանց վճռական քայլերն այստեղ։ Մեր կանայք փայլում են։ Նրանք ապացուցեցին, որ կինը կարող է հստակ քայլեր անել, ձեռներեց լինել, ընտանիքն ու գործը համատեղել իրար։

Էլլադան հպարտանում է, որ արցախցի է

-Հպարտ եմ, որ արցախցի եմ, որ վերջինն եմ լքել Արցախը, որ չեմ փախչել։ Հասարակ զինվորը մինչև վերջ դիմակայել է, ու մենք՝ ժողովուրդս, այդ զինվորների շարքերում ենք։

Այսօր մենք ինքնակայունացման շրջանում ենք և պետք է կարողանանք իրար ձեռք բռնել, թիկունք լինել։ Ցանկանում եմ, որ արցախցի նորաթուխ ձեռներեցների գործերը հաջողություններով պսակվեն։ Երբեք չվախենան դեպի նպատակ տանող դժվարին քայլերից։

Կարոտում եմ Արցախը, նրա ամեն մի անկյունը։ Երազում եմ վերադարձի մասին։ Որզում եմ, որ 2025-ը հրաշքի տարի լինի։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Կոպիրկին. Ռուսաստանը Հայաստան կվերադառնա 2025 թվականին

Ռուսաստանը պատրաստ է նոր տարում անել հնարավորը՝ 2025 թվականին Երևանի և Բաքվի միջև երկար սպասված խաղաղությունը հաստատելու համար, ասված է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ամանորյա շնորհավորանքում։

«Կարևոր ներդրում են ունեցել հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունները հոկտեմբերի վերջին Կազանում БРИКС-ի գագաթնաժողովի շրջանակներում: Մենք պատրաստ ենք նոր տարում անել հնարավոր ամեն ինչ՝ Երևանի և Բաքվի միջև ամուր և արդար համաձայնագրի հիման վրա երկար սպասված խաղաղությունը հաստատելու համար»,- ընդգծել է ՌԴ դեսպանը։

Ստորագրվելիք փաստաթուղթը, նրա կարծիքով, թույլ կտա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը տեղափոխել գործնական փուլ։

ՌԴ դեսպանն ակնարկում է, որ 2025 թվականին Ռուսաստանը «կվերադառնա», և ճանապարհները կբացվեն Ռուսաստանի հովանու ներքո, թեև վերջին ամիսներին պայմանավորվածությունները «երկկողմանի» են, կարծես առանց Ռուսաստանի։ Բայց հիմա թաքցնելու ոչինչ չկա՝ Մոսկվան կվերադառնա։

Չնայած այն հանգամանքին, որ 2024 թվականի վերջին օրը Փաշինյանը հայտարարեց, որ այսուհետ Իրանի հետ սահմանին գտնվող Ագարակի անցակետում միայն հայ սահմանապահներ են տեղակայված, Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից և Թուրքիայի հետ նրա պայմանավորվածություններից երկրաչափական աճ է գրանցում։

Փաշինյանը, Covid-ի պատրվակով, հրաժարվեց գնալ տարեվերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն դա ոչ թե լուծում տվեց խնդիրները, այլ, ընդհակառակը, սրեց դրանք։

ՀԱՊԿ գագաթնաժողովի մեկնարկը նշանավորվեց նրանով, որ Գրոզնիի երկնքում ռուսական հրթիռով խոցվեց ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը, որը կործանվեց Ակտաուում։ Սա չի վատթարացրել Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Պուտինն անձամբ Ալիևից ներողություն է խնդրել, բայց Բաքուն նաեւ փոխհատուցում է պահանջել։

Դեսպան Կոպիրկինի խոսքերը վկայում են այն մասին, որ Հայաստանի հարավը կարող է փոխհատուցման առարկա դառնալ։

Նրա խոսքով, եկել է ժամանակը Եվրասիական մայրցամաքում համատեղ կառուցելու անվտանգության և տնտեսական համագործակցության նոր, ավելի արդար համակարգ։

Արցախի և ամբողջ Հայաստանի մասին լուռ մտահոգողների արցունքները մի օր կջարդեն անտարբերության պատը

Տարին ավարտում ենք նրանով, որ Արցախի հարցը փակված չէ. այս մասին Step1.am-ի հետ զրույցում ասաց Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։

Ո՞վ կպատկերացներ, որ Արցախի ցեղասպանությունից, օկուպացիայից, տեղահանությունից ավելի քան մեկ տարի անց մենք որպես «ձեռքբերում» կանվանեինք այն, որ «Արցախի հարցը փակված չէ»։

Հարցն իսկապես փակված չէ, և դրա վկայությունն են Եվրախորհրդարանի, մի շարք երկրների խորհրդարանների բանաձևերը, Շվեյցարիայի Ազգային ժողովի առաջարկը՝ Արցախի հիմնախնդրի շուրջ խաղաղ համաժողով հրավիրելու վերաբերյալ։ Դրա վկայությունն այն է, որ չնայած Թուրքիայի նախկին արտգործնախարարը դարձավ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դեռ ուժի մեջ է, և Մարիա Զախարովան կարող է միայն հուսահատ կոչ անել Բաքվին և Երևանին հետ կանչել այդ մանդատը։

Սակայն արդեն մեկ տարուց ավելի է՝ Հայաստանում Արցախի թեման գտնվում է խորը տաբուի տակ։ Ընդդիմությունը մի քանի անգամ փորձել է խորհրդարանական լսումներ անցկացնել Արցախի հարցով, սակայն իշխող կուսակցությունը հրաժարվել է դրանց մասնակցել, իսկ ընդդիմությունն ինքն այդպես էլ իրավական և քաղաքական պահանջներ չի ներկայացրել Արցախի հարցով, սահմանափակվելով անիմաստ հայտարարություններով։

Այս տարի Արցախը գրեթե չէր հիշատակվում գերիշխող իշխանամետ հեռուստաալիքներում, բացառությամբ այն մասին ռեպորտաժներում, թե ինչպես են առանձին կազմակերպություններ և սրտացավ մարդիկ օգնում Արցախի ժողովրդին գոյատևել: 2020-2023 թվականներին Արցախի հերոսական պաշտպանության, այնտեղ ապրած և հայրենիքի համար մինչև վերջ մարտնչած մարդկանց սխրանքի մասին ֆիլմեր չեն նկարահանվել։ Ոչ մի երգ կամ գիրք չի գրվել, իսկ հերոսների հիշատակումները սոցիալական ցանցերում արգելափակվում են որպես «ահաբեկչության» և ռևանշիզմի կոչեր։

Արցախը հիշատակող երգերը համարվում են «հնամաշ», թեև նորմալ մարդկանց աչքերը լցվում են, երբ լսում են Արցախ անունը։ Նրանք չեն խոսում Արցախի մասին՝ փորձելով պաշտպանել իրենք իրենց, ոտնահարված արժանապատվությունը և մարդկային սիրտը, որը պատառոտված է հայ ազգին պատուհասած մեծ արհավիրքից։ Նրանք պարզապես լաց են լինում:

Իշխող խումբն այս տարվա իր հռետորաբանության մեջ չի խոսում հայ ժողովրդին պատուհասած մեծ արհավիրքի մասին՝ արցախցիներին հիշատակելով միայն այն մեղադրանքների համատեքստում, թե նրանք չեն ընդունել ՀՀ իշխանության «առաջարկը» և չեն մնացել Արցախում՝ «ինտեգրվելով» ցեղասպան Ադրբեջանին։ Արցախցիները հիշատակվում են նաև այն համատեքստում, որ նրանք չեն ցանկանում մեկ հայկական անձնագիրը փոխանակել մյուսով և կառավարության տրամադրած կոպեկներով տներ չեն գնում սահմանամերձ շրջաններում, որտեղից հեռանում են տեղի բնակիչները։

Ընդդիմադիր ալիքներն ու գործիչները Արցախի մասին խոսում են ոչ թե նրա դեօկուպացիայի, հողի իրավունքի համատեքստում, այլ բացառապես ինչ-որ մեկի կողմից պարտադրված «վերադարձի» անիմաստ թեմայի շրջանակներում։ Ո՞րտեղ վերադառնալ, ինչո՞ւ:

Բայց Արցախի հարցը փակված չէ. Արցախով ու ողջ Հայաստանով լուռ մտահոգված, օգնության ձեռք մեկնած հայերի արցունքները մի օր կճեղքեն անտարբերության ու անհասկանալի չարության պատը և կհասնեն տիեզերք՝ ստիպելով փոխել գլոբալ քիմիան։

Նաիրա Հայրումյան

2024 թվականի վերջին օրը. Իգոր Մուրադյանին չէին հավատում

Իգոր Մուրադյանին, ով դեռ 2008-ին գրում էր, որ Ռուսաստանը հարձակվելու է Ուկրաինայի վրա, շատերը անվանում էին «ոչ ադեկվատ»: Նա ասում էր, որ Ուկրաինան պետք է հրաժարվի իր «ժանգոտ գոտուց»՝ Դոնբասից, հակառակ դեպքում Ռուսաստանը կջարդի և կկործանի երկիրը։ Քչերին է հայտնի, որ Իգոր Մուրադյանը ծնվել է Օդեսայում, եղել է Ուկրաինայի պատվավոր քաղաքացի, պարգեւատրվել է Բոգդան Խմելնիցկու շքանշանով։

Իրականությունը ավելի դաժան է, քան Իգոր Մուրադյանի անհեթեթ թվացող կանխատեսումները իր երկու հայրենիքների մասին՝ Ուկրաինայի եւ Արցախի. 2024 թվականի վերջին օրը Ռուսաստանը դեռ ռմբակոծում է Ուկրաինան, իսկ ռուսական օդանավակայանները փակ են Ուկրաինայից անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով։ Արցախի մասին էլ Հայաստանում նույնիսկ խոսելն է արգելված։

Շոստկա քաղաքում այդ գիշեր ռուսների կողմից իրականացված հրթիռային հարվածների արդյունքում տուժել է 12 բնակելի բարձրահարկ շենք, երկու ուսումնական հաստատություն, ավերվել են որոշ ենթակառուցվածքներ։

Կիևի ռազմական վարչակազմը հայտնում է, որ ռուսական հրթիռային հարվածը հետ մղելիս մայրաքաղաքի հարավ-արևելքում գտնվող առանձնատան վրա հրթիռի բեկորներ են ընկել։

Ուկրաինական մոնիտորինգային ալիքները հաղորդում են ռուսների կողմից արձակված թեւավոր և բալիստիկ հրթիռների մասին և պայթյունների մասին Կիևի շրջանում, Կիևի մարզի Վասիլկովոյում, Սումիի շրջանի Շոստկայում և այլ վայրերում:

Բացի այդ, տեղեկություններ կան ՄիԳ-31 ինքնաթիռներից «Կինժալ» աերոբալիստական ​​հրթիռների արձակման մասին։ Հաղորդվում է, որ օդում են ռուսական վեց ռազմավարական ռմբակոծիչներ։

Ռուսաստանի Հյուսիսային Օսիայի Հանրապետության ղեկավարը հայտարարել է տեղի օդանավակայանի փակման և Վլադիկավկազի մոտ խոցված ուկրաինական անօդաչու թռչող սարքի մասին։

Վաղ առավոտյան օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտարարել է Կազանի օդանավակայանի փակման մասին։ Գիշերը խոցված ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մասին պաշտպանության նախարարության զեկույցում ոչինչ չի ասվում Թաթարստանի մասին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ երեքշաբթի գիշերը ուկրաինական 68 անօդաչու թռչող սարք է խոցվել Ռուսաստանի յոթ շրջաններում և բռնակցված Ղրիմում։

Սմոլենսկի մարզում անօդաչու սարքերը հարվածել են նավթի պահեստին, և այնտեղ հրդեհ է բռնկվել։

Ղրիմում օդային և ծովային անօդաչու սարքերը գրոհել են Սևաստոպոլի տարածքը. հետեւանքների մասին տեղեկություններ չկան։

Կրասնոդարի երկրամասի վերաբերյալ ռուսական մոնիթորինգային ալիքները հաղորդել են պայթյունների մասին Տուապսեի և Նովոռոսիյսկի շրջաններում, այսինքն՝ Սև ծովի ափին, ինչպես նաև Ազովի ծովի ափին գտնվող Յեյսկի շրջանում։

Այսօրվանից Հայաստան-Իրան սահմանի Ագարակ անցման կետում վերահսկողություն իրականացնում են միայն ՀՀ սահմանապահները. Փաշինյան

Այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ծառայողները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

«Մինչ այս, Հայաստանի անկախացումից ի վեր, Ագարակ անցման կետում սահմանային վերահսկողություն իրականացնում էին Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքերի ծառայողները եւ ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել մատուցած ծառայության համար:

Իսկ այսօրվանից սահմանապահ վերահսկողությունը ստանձնած մեր սահմանապահներին` հաջողություն”:

«Ալիսա» գեղեցկութան սրահ՝  հայրենիքում ապրելու որոշում

Արամ Խաչատրյան 7/15 (Կոմիտաս) հասցեում գտնվող գեղեցկության սրահը յուրօրինակ արցախյան անկյուն է արդեն 6 ամիս։ Ալիսա Սատոնինան/ամուսնու ազգանունն է/, ում շատերն են ճանաչում Արցախում, Երեւանում բացել է իր գեղեցկության սրահը՝ իր շուրջ համախմբելով արցախցի կանանց։

«Երկար տարիներ աշխատել եմ մանկական հիվանդանոցում, Ստեփանակերտում համատեղել եմ իմ երկու աշխատանքները։ Երբ տեղահանվեցինք, որոշեցի իմ երկրորդ մասնագիտությունը՝ կոսմետոլոգիան դարձնել  մշտական աշխատանք, քանի որ այն եւս բժշկություն է, եւ ունենալ սեփական անկյուն»,- ասում է Ալիսան, ով այսօր ոչ միայն իր համար է զբաղվածություն ստեղծել, այլեւ իր մոտ հիմա աշխատում են 6 արցախցի կանայք։

Մատնահարդարում, դիմահարդարում, վարսահարդարում եւ մի քանի այլ ծառայություններ են գործում։

Աշխատող կանանցից ոմանք այստեղ են նոր մասնագիտություն սովորել, որոշներն էլ Արցախում աշխատում էին։

«Դժվար ժամանակներ ենք ապրում, մարդիկ դեռ չեն կողմնորոշվել, ինչպես եւ որտեղ հաստատվել։ Դրա համար հաճախ մենք էլ ենք տարբեր դժվարությունների հանդիպում։ 2 անգամ որոշել եմ  փակել սրահը։ Անսպասելի էր, որ Արցախում բավականին հաճախորդներ ունենալուց հետո այստեղ քիչ կլինեն հաճախորդները։ Անսպասելի էր, որ ամուսինս հորդորեց չփակել, փորձել նոր հաճախորդներ գտնել»,- ասում է Ալիսան, ով մի քանի անգամ կոլեկտիվ է փոխել, ամեն անգամ հուսալով, որ անձնակազմի փոփոխությունը նաեւ իր հետ հաճախորդների թվի փոփոխություն կբերի։

Պարբերաբար հանդիպելով խնդիրների, երբեք չի մտածել, որ փոքրիկ անհաջողությունները կարող են ոլորտից հիասթափման կամ երկիրը լքելու պատճառ դառնալ։

«18 տարի ես երկրից դուրս էի, դրա համար ես նախընտրում եմ Հայաստանում ապրել, իմ շուրջը համախմբելով այլ արցախցիների։ Կարծում եմ ՝ վաղ թե ուշ մեր ամբողջական ինտեգրումը պիտի տեղի ունենա”,- ասում է Ալիսան։

Ալիսան վստահ է, որ այս ոլորտում իրար օգնելը սրահի գլխավոր չգրված օրենքներից պետք է լինի, իսկ իր սրահում ամենակարեւորը համախմբվածությունն է՝ հարազատաբար իրար վերաբերվելն ու միասին լավ օրվա՝ կայուն աշխատանքի, շատ հաճախորդներին սպասելը։

Ֆինանսական խնդիրներ հաճախ են լինում, դրա համար մտածում է նաեւ պետական սոցիալական ծրագրերից օգտվի, որոնք նախատեսված են գործատուների եւ աշխատողների համար։

Արցախից բռնի հետաղանությունից հետո շատ խնդիրների է բախվել, բայց վստահ է, որ գործուն, խիզախ կանայք իվիճակի են հաղթահարել խնդիրներ, այլ հնար չկա հայրենիքի այս հատվածում արմատներ գցելու համար։

Մարիամ Սարգսյան

Ինչպես են կոչում իրենց երեխաներին արցախցիները

Նախորդ տարիներին այս օրերին Արցախում վիճակագրությամբ ցույց էին տալիս, թե քանի երեխա է ծնվել եւ ինչպես են կոչել նորածններին։ Այդ հնարավորությունը, ցավոք, այլեւս չկա։

Step1-ը հարցում է անցկացրել Արցախի մայրիկների ակումբ ֆեյսբուքյան փակ խմբում, որը ներառում է գրեթե 14 հազար կին ու մայր։

Եւ այսպես՝ 2024թ․ ծնված երեխաներին՝ ըստ հարցման արդյունքների, ավելի շատ հենց այս անուններն են տվել արցախցիները։

1․Մոնթե անունը գերակշռում էր հացման արդյունքներում

2․Դավիթ-ը երկրորդն էր ըստ արդյունքների

3․Իսկ երրորդ տեղում՝ Լեւոն/Լեո

1․Իրենց աղջիկներին ամենաշատը կոչել են ՝Լուսէ/ե

2․Նարեն երկրորդ տեղում է,

3․իսկ երրորդ տեղում՝ Մարիան է։

Վերջին շրջանում հաճախ ենք հանդիպում նաեւ Արցախ անունը, իսկ 2024-ին նաեւ հանդիպում ենք Ազնավուր անվանը՝ ի հիշատակ Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանին։

Թող գալիք տարում ավելի շատ առողջ բալիկներ ծնվեն եւ հավատով, որ մի օր հայկական ծնունդներ կգրանցվեն նաեւ Արցախում։

Մարիամ Սարգսյան