Զարկերակ երաժշտական ստուդիա. Մեկ տարի Արցախից հեռու

Մենք արդեն պատմել էինք “Զարկերակ” երաժշտական ստուդիայի եւ նրա հիմնադիր եւ ղեկավար Գագիկ Միրզոյանի՝ մեր Գագայի մասին։ 
Զարկերակը ամփոփում է 2024 թվականը․
Տարին մոտենում է իր ավարտին, և մենք հպարտանալու բան ունենք: Մենք անցկացրինք մեր առաջին հաշվետու համերգը, և դա ապշեցուցիչ էր: Զարկերակ երաժշտական ստուդիայի մեր սաները, ընդամենը երեք ամսվա ուսուցումից հետո, բեմ բարձրացան և ցուցադրեցին հիանալի արդյունքներ: Նրանց ելույթները լի էին անկեղծությամբ, տաղանդով և սիրով դեպի երաժշտությունը:
Մենք խորապես հավատում ենք, որ մեր երաժշտական ստուդիան կարևոր տեղ է դարձել Ռանչպար գյուղի երեխաների համար: Մեր հարմարավետ տունը, որտեղ յուրաքանչյուր սենյակը լցված է երաժշտական հնչյուններով՝ լինի դա կիթառ, քանոն, վոկալ, հարվածային կամ ստեղնաշարային գործիքներ, ստեղծում է ստեղծագործական, ընկերական և ոգեշնչող մթնոլորտ:
Մենք պարզապես երաժշտություն չենք սովորեցնում, մենք սեր ենք առաջացնում դրա հանդեպ: Եվ, նայելով մեր սաների երջանիկ դեմքերին, վստահ ենք, որ մենք կարևոր գործ ենք անում:
Նոր տարվա շեմին ցանկանում ենք բոլորին առողջություն, համբերություն և ոգեշնչում: Թող այս տարին ձեզ պարգևի ուրախություն, ներդաշնակություն և ուժ՝ ձեր երազանքներին հասնելու համար: Եվ ամենակարևորը՝ գնահատեք կյանքի յուրաքանչյուր պահը, քանզի այն ինքնին արդեն մեծագույն պարգևն է:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մեզ աջակցում են, մեր սաներին և նրանց ծնողներին՝ մեզ վստահելու և հավատալու համար:
Շնորհավոր գալիք Ամանոր

17 ընտանիք բնակություն են հաստատել կացարանում՝ Մայր Աթոռի հոգատարության ներքո

Մայր Աթոռ ՍԷջմիածնի հովանու ներքո գտնվող արցախցիների համար կազմակերպվել է Ամանորյա միջոցառում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորության ներքո Էջմիածնում գտնվող կացարանում դեռևս 2020-ից են ապաստան գտել արցախցի ընտանիքներ։ 2023-ի Արցախի բռնատեղահանումից հետո այստեղ կրկին արցախցիներ են ապաստանել։ 17 ընտանիք՝ 54 հոգու ընդգրկմամբ, ժամանակավոր բնակություն են հաստատել կացարանում՝ մշտապես գտնվելով Մայր Աթոռի ուշադրության ու հոգատարության ներքո։

Դեկտեմբերի 27-ին Մայր Աթոռի սոցիալական ծառայության գրասենյակը կացարանում ապաստանած արցախցիների համար ամանորյա տոն է կազմակերպել։ Երեխաները խինդ ու ծիծաղով են դիմավորել սպասված հյուրերին՝ Ձմեռ պապիկին ու Ձյունանուշին։ Նրանց գեղեցիկ ասմունքը, երգն ու պարը հիացրել է բոլորին և հույս ու հավատ ներշնչել ապագայի հանդեպ։ Երեխաներն ամանորյա նվերներ են ստացել և տոնական ընթրիքից հետո մասնակցել Էջմիածնի Հայորդաց տան համերգին։

Տոնական միջոցառմանը մասնակցել են նաև տարեց բնակիչները։ Շուշիկ Հարությունյանը Հադրութից է՝ 44-օրյա պատերազմում զոհված հերոսի մայր։ Այս կացարանում նա դեռևս 2020-ին էր ապաստանել, իսկ Արցախում հարաբերական խաղաղություն հաստատվելուց հետո, վերադարձել է Արցախ։ Որպես զոհվածի մայր՝ բնակարան էր ստացել այնտեղ։ 2023-ի Արցախի հայաթափումից հետո կրկին ապաստան է գտել Մայր Աթոռի հովանու ներքո գտնվող կացարանում։ Գոհ ու շնորհակալ է հոգատար ու բարեգութ վերաբերմունքից։ Ոչնչի կարիք չունի։ Այստեղ մի մեծ ու համերաշխ ընտանիք է հավաքվել, որոնցից յուրաքանչյուրը սրտացավ է միմյանց հանդեպ։ Միակ երազանքը՝ սեփական տանիք ունենալն է և զոհված որդու ընտանիքին օգտակար լինելը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Մոլդովան մտադիր է ազգայնացնել «Գազպրոմի» ակտիվները. Հայաստանը դրա մասին չի էլ խոսում

«Գազպրոմը» հայտարարել է, որ 2025 թվականի հունվարի 1-ից դադարեցնում է գազի մատակարարումը Մոլդովա՝ իբր գործող համաձայնագրով «վճարային պարտավորությունները չկատարելու» պատճառով։ Ի պատասխան՝ այսօր Մոլդովայի Հանրապետության վարչապետ Դորին Ռեչեանը հայտարարել է այս երկրի տարածքում «Գազպրոմի» ակտիվների առաջիկա ազգայնացման մասին (Մոլդովագազ ընկերությունը, որի վերահսկիչ փաթեթը պատկանում է ռուսական գազային մոնոպոլիստին)՝ հանձնարարելով արդարադատության նախարարին նախապատրաստել համապատասխան օրենսդրական դաշտ այս գործընթացն իրականացնելու համար։

Այժմ Քիշնևում փոփոխություններ կկատարվեն ազգային օրենսդրության մեջ, որպեսզի հնարավոր լինի իրականացնել «Գազպրոմի» ակտիվների ազգայնացումը։ «Ի դեպ, այդ առարկաները ավելի վաղ մեզանից բռնի կերպով են խլել, և մենք պետք է դրանք վերադարձնենք պետական ​​սեփականությանը»,- ընդգծեց Դորին Ռեջանը։

ԽՍՀՄ փլուզումից որոշ ժամանակ անց Ռուսաստանը կարողացավ ազգային էլիտաների շանտաժի, ահաբեկման և գնման միջոցով ձեռք բերել նորանկախ երկրների գրեթե բոլոր բաշխիչ ցանցերն ու հաղորդակցությունները։

Մասնավորապես, Հայաստանում «Գազպրոմը» դարձել է մենաշնորհատեր ոչ միայն գազի մատակարարման, չնայած Հայաստանի մոտ Իրանին, այլև բաշխման։

Այսօր «Գազպրոմ Արմենիա»-ի գազի բաշխման լիցենզիան երկարաձգվեց ևս մեկ տարով՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։ Այս մասին որոշումը կայացրել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երկուշաբթի օրը կայացած նիստում։

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն այս մի քանի տարիների ընթացքում ծավալվել է Հայաստանի մի շարք նախկին ղեկավարների անօրինական ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի շուրջ։ Բայց նրանցից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել այն բանի համար, որ Հայաստանի ազգային ունեցվածքը հայտնվել է Ռուսաստանի ձեռքում, հաճախ ոչ մի բանի համար և առանց ազգայնացման իրավունքի։

Քանի դեռ չի գնահատվել Հայաստանի ազգային ակտիվների փոխանցումը ռուսական պետական ​​ընկերություններին, կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում չի լինելու համակարգված եւ միայն ծառայելու է որպես քաղաքական հակառակորդների դեմ պայքարի միջոց։

Մոլդովայում արդեն խոսում են Գազպրոմին անօրինական կերպով փոխանցված ակտիվների ազգայնացման մասին։ Արդյո՞ք նույն գործընթացը կսկսվի Հայաստանում։

2025-ի հունվարը բավական տաք կլինի. Սուրենյան

2025-ի հունվարը բավական տաք կլինի։ Այս մասին տեղեկացրել է «Հիդրոմետեորոլոգիայի եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը դեկտեմբերի 30-ի մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ ջերմաստիճանը 3-5 աստիճանով ավելի բարձր կլինի նորմից, տեղումները կլինեն նորմից ցածր։ Հունվարի առաջին տասնօրյակին ցերեկը բոլոր մարզերում զրոյից բարձր կլինի, Տավուշում՝ մինչեւ պլյուս 18։ Շիրակում սառը զանգվածների ներթափանցմամբ սպասվում է մինչեւ մինուս 18։ Արարատի մարզում՝ մինչեւ մինուս 7-10։ Սուրենյանը հիշեցրել է, որ սա մեծ սառնամանիք չէ՝ նկատի ունենալով այն, որ դիտարկումների պատմությունը գրանցել է նաեւ մինուս 30 Արարատի մարզում։ Երեւանում առավելագույն ցածր ջերմաստիճանը հունվարին սպասվում է 8-10 աստիճան մի քանի գիշեր։

Ձյան ծածկը ընդհանուր առմամբ ավելի քիչ է, քան անցած տարի։ Շիրակում՝ 5-15, Կոտայքում՝ 8-20 սանտիմետր, ամենաբարձրն Ապարանում է՝ 30 եւ Ջերմուկում՝ 35 սանտիմետր։

2025-ին Էլեկտրաէներգիայի սակագները կմնան անփոփոխ

2025 թվականին Էլեկտրաէներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ։ Այս մասին հայտնել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։

Այսօրվա նիստում  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է էլեկտրական էներգիայի սակագները: Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել, և  գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ։

Հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայման արդյունքում սահմանվեցին նաև 2025 թվականի փետրվարի 1-ից գործող էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների, ծառայություններ մատուցող ընկերությունների և շուկայի մրցակցային հատված դուրս չեկած բաժանորդների նոր սակագները։

Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի ձերբակալությունը հերքվել է

Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ–ներն ու Telegram–ալիքները։
«Արշակ Կարապետյանին ցերեկը բերման են ենթարկել Տվերսկայա փողոցից»,– գրում են ԶԼՄ–ները։
Նշվում է, որ ՊՆ նախկին ղեկավարի նկատմամբ Հայաստանում հետախուզում է հայտարարվել մի քանի հոդվածով։ Նա մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և «իշխանությունը չարաշահելու հոդվածներով։
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հերքել է Մոսկվայում իր կալանավորման մասին տեղեկությունը։
Պաշտպանության նախարարության նախկին ղեկավարը Hayeli.am-ի հետ զրույցում ասաց, որ իրականում ռուս ոստիկաններն իրեն կարճ զրույցի են հրավիրել հայ գործընկերներից ստացված փաստաթղթերի հետ կապված։ Կարճ ժամանակ անց նա լքել է բաժինը։

Ալեն Սիմոնյանի “իրական” Հայաստանի վտանգը․ իրականությունը միշտ հակված փոխվել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թելեգրամյան իր ալիքում ԱԺ-ից լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է պատին փակցված քարտեզ։ Քարտեզը վերջին ժամանակներս  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկվող այն մակետն է,  որը Փաշինյանի կողմից ներկայացվում է որպես ՀՀ քարտեզ։

Ալեն Սիմոնյանը նկարին կից գրել է․ «Այսուհետ իրական Հայաստանի քարտեզն՝ ԱԺ նիստերի դահլիճում»։

ՀՀ իշխանության եկած խմբավորումը “իրական է” համարում է այնքան Հայաստանը, որքան դեռ նրանց թույլ են տալիս վերահսկել։ Եթե չենք կարող պահել, պաշտպանել, դա իրական չէ՝ այսպիսին է իշխող խմբավորման կրեդոն։

Բայց դա շատ խոցելի մոտեցում է․ “իրականությունը”, որը ամրապնդված չէ իրավունքով, հակված է անընդհատ փոխվել՝ ի շահ իրավունքի ուժը գիտակցողի։

Այնպես որ, Ալեն Սիմոնյանը շտապել է․ մոտակա օրերին իրական Հահաստանի քարտեզը կրկին կարող է փոխվել։ Նոր քարտեզն, ասենք, առանց Մեղրիի, եւս կլինի “իրական”։ Ալեն Սիմոնյանը հո ամեն անգամ նոր քարտեզ չի՞ պատվիրելու։

Ձյուն, բուք, մառախուղ ճանապարհներին

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Արթիկ-Ալագյազ ճանապարհին և Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Մահացել է Ջիմի Քարթերը, որը հայ ժողովրդի հանդեպ հանցագործությունը անպատիժ է համարել

100 տարեկանում մահացել է Միացյալ Նահանգների 39-րդ նախագահ և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջիմի Քարթերը Ջորջիայում գտնվող իր տանը, հայտնել է նրա հիմնադրած հիմնադրամը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարության մեջ նշել է, որ «Ամերիկան և աշխարհը կորցրեցին արտակարգ առաջնորդի, պետական և մարդասիրական գործչի»: Բայդենն ասել է՝ կհրամայի, որ Քարթերի հուղարկավորությունը տեղի ունենա Վաշինգտոնում, թեև դեռ չի նշել ամսաթիվը:

Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth սոցիալական հարթակում գրել է, որ «Մարտահրավերները, որոնց Ջիմին բախվել է որպես նախագահ, եղան մեր երկրի համար բեկումնային ժամանակաշրջանում, և նա ամեն ինչ արեց բոլոր ամերիկացիների կյանքը բարելավելու համար»:

Քարթերի օրոք ԱՄՆ-ը համաձայնեց Պանամայի ջրանցքը փոխանցել Պանամայի վերահսկողությանը` զգալիորեն բարելավելով հարաբերությունները Լատինական Ամերիկայի երկրների հետ (Հանրապետական կուսակցությունը քննադատում է այդ համաձայնագրերը): ԽՍՀՄ-ի հետ ստորագրել է ռազմավարական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագիր։ 1978 թվականին նա ձեռք բերեց պատմական խաղաղության պայմանագիր Իսրայելի և Եգիպտոսի միջև:

Նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից սկսված հայ ժողովրդին հարգանքի տուրք մատուցելու ավանդույթը շարունակեց նախագահ Ջիմի Քարթերը։ 1978 թվականին Սպիտակ տանը նա ընդունելություն է կազմակերպել Ռիչարդ Մանուկյանի գլխավորած հայկական պատվիրակության համար։ Ստորև ներկայացնում ենք նրա խոսքը։  Աղբյուր՝ Ամերիկյան Նախագահության նախագծի կայք։

Նախագահ Ջիմի Քարթերի կողմից Ամերիկայի հայերի ընդունելությունը Սպիտակ տան արևելյան սենյակում

Հատված Սպիտակ տան սղագրությունից, 16 մայիսի, 1978 թ.

«Ես ձեզ մտերիմ եմ զգում, քանի որ դուք առաջին քրիստոնյա ժողովուրդն էիք, առաջին քրիստոնյա պետությունը, և կասկածում եմ, որ որևէ մեկը ձեզանից ավելի շատ տուժել է իր խորը կրոնական համոզմունքների համար: Ես գիտեմ, որ ձեր ժողովրդի տան հիմնադրման առաջին տարիներին դուք մեծապես տառապեցիք։ Բայց այն, ինչ ընդհանուր առմամբ անհայտ է աշխարհին, այն է, որ 1916-ին նախորդող տարիներին եղել են համահունչ ջանքեր՝ ոչնչացնելու ողջ հայ ժողովրդին, ինչը, հավանաբար, ամենամեծ ողբերգություններից մեկն է, որը երբևէ պատահել է որևէ խմբի հետ: Եվ ոչ մի Նյուրնբերգյան դատավարություն չհետևեց: Չկային ականավոր հասարակական գործիչներ, ովքեր գիտակցում էին, թե որքան շատ եք տառապել դուք և ձեր ընտանիքները:

Դե, իմ շատ խորը զգացողությունն է, որ ես՝ որպես նախագահ, պետք է համոզվեմ, որ սա երբեք չմոռացվի, ոչ միայն ձեր պատմության ողբերգությունը, այլև ձեր կատարած ներկայիս ներդրումները և ձեր գիտակցած պայծառ ապագան»։

«Գորշ գոտիներում» վերացվում են քաղաքական հակառակորդներին. Ալիևը գիտի, թե ինչպես է դա տեղի ունենում

«Ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը դրսից խոցվել է Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտ և գործնականում կորցրել է կառավարումը։ Մենք նաև գիտենք, որ մեր ինքնաթիռը անկառավարելի է դարձել էլեկտրոնային պատերազմի պատճառով: Սա ինքնաթիռին պատճառված առաջին վնասն էր»,- այսօր ասել է Ալիեւը։

Նա հետաքրքրվեց, թե «որքանո՞վ է էլեկտրոնային պատերազմն ազդել ինքնաթիռի կառավարման վրա»։

Բաքուն Մոսկվայից պահանջում է ընդունել մեղքը, պատժել մեղավորներին և փոխհատուցում վճարել, ասել է Ալիևը՝ մեկնաբանելով Ակտաուում ադրբեջանական ինքնաթիռի կործանումը։

Պուտինն արդեն ներողություն է խնդրել Ալիևից, թեև ոչինչ չի ասել էլեկտրոնային պատերազմի միջոցների մասին։ Մինչդեռ այս հարցը դառնում է ամենահրատապը։

Հենց այսօր Հարավային Կորեայում ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 170 մարդ։ Երեք այլ ինքնաթիռներ արտակարգ վայրէջքներ են կատարել աշխարհի տարբեր ծայրերում՝ կապի խանգարումների պատճառով։

Նույն անհասկանալի պատմությունը եղել է մի քանի ամիս առաջ Իրանի նախագահի ուղղաթիռի հետ, որն, ի դեպ, “գորշ գոտու” վերածված Արցախի օկուպացված տարածքներում հանդիպել էր Ալիևի հետ։ Հանդիպումից հետո ուղղաթիռի հետ կապը կորել է, և այն կործանվել է։

Իրանը այն ժամանակ Ալիևից ներողություն չպահանջեց և նրան չմեղադրեց իր վերահսկողության տակ գտնվող տարածքում ինքնաթիռների հետ կապը խափանելու մեջ։ Համաշխարհային լրատվամիջոցներն այն ժամանակ նույնպես չզարգացրեցին թեման, այլապես պարզ կդառնար, որ երեք տարի առաջ օկուպացված արցախյան տարածքներում գործում են էլեկտրոնային պատերազմի հզոր համակարգեր, ընդ որում՝ իսրայելական։

Իսկ ավելի վաղ անսպասելիորեն վթարի էր ենթարկվել Եվգենի Պրիգոժինն ու նրա Վագների ընկերները տեղափոխող ինքնաթիռը, դարձյալ կապի հետ խնդիր կար։

Էլեկտրոնային պատերազմը դառնում է գորշ գոտիներում խաղաղ բնակիչների մահվան պատճառ և քաղաքական հակառակորդներին վերացնելու միջոց։ Դրա դեմ պայքարելու միակ միջոցը գորշ տարածքների “համատեղ” կառավարումն է:

Կկարողանա՞ն Ալիևն ու Պուտինը «պայմանավորվել». եւ ո՞րն է լինելու նոր գործարքի գինը։

Շղթայական ավտովթար Արարատի մարզում․ բախվել են 100 ավտոմեքենա, կա 1 զոh

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ճանապարհի մերկասառույցի և մառախուղի պատճառով շղթայական ավտովթարներ և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիս-Մարմարաշեն մոտ 2-3 կմ-անոց հատվածում բախվել են 100-ից ավելի տրանսպորտային միջոցներ։ Հայտնում է Shamshyan.com-ը:

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը կայանում է նրանում, քանի որ ավտովթարները տեղի են ունեցել մի քանի կմ-ոց հատվածում և առաջացել էր արհեստական խցանում։ Տեղում պարզվել է նաև, որ 1 հոգի վրաերթի է ենթարկվել այդ հատվածում, ով տեղում մահացել է։ Մահվան ելքով վրաերթի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ շղթայական ավտովթարների փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Մասիսի քննչական բաժնում էլ պարզվում են մահացածի, վրաերթ կատարած վարորդի ինքնությունը և ինչ մակնիշի ավտոմեքենայով է տեղի ունեցել վրաերթը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը մառախուղ է եղել ու մերկասառույց, իսկ ճանապարհն սպասարկող ճանշինից ոչ ոք չկա։ 20-ից ավելի ավտոմեքենաների վարորդներ էլ վթարից հետո չսպասելով «ԱՊՊԱ»-ին, ինչպես ժողովուրդն է ասում՝ իրա հետ «լեզու էին գտնում» ու լքում դեպքի վայրը։

Կալիֆոռնիայի բնակիչը շահել է Mega Millions վիճակախաղի ջեքփոթը՝ 1,3 մլրդ դոլար

Կալիֆոռնիայում Mega Millions-ի տոմսերի սեփականատերը շաբաթ օրը շատ ավելի հարստացավ վիճակախաղի բոլոր վեց թվերին համապատասխանեցնելուց հետո՝ շահելով մոտ 1,3 միլիարդ դոլար, ինչը հինգերորդ ամենամեծ ջեքփոթն է խաղի պատմության մեջ:

Շահող տոմսը, որը համապատասխանում էր 3, 7, 37, 49 և 55 թվերին, ինչպես նաև ուրբաթ օրը կայացած խաղարկության ժամանակ ոսկե Mega Ball 6-ին, վաճառվել է Կալիֆորնիայի Քոթոնվուդ քաղաքում, ասվում է Mega Millions-ի հայտարարության մեջ։

Վիճակախաղի մրցանակային ֆոնդը հասել է 1,269 միլիարդ դոլարի այն բանից հետո, երբ նախորդ 30 խաղարկություններում ոչ ոք չի համապատասխանել բոլոր վեց թվերին:

Ջեքփոթը շահելու հավանականությունը 1 է 302,575,350-ից։ Ամենամեծ ջեքփոթն ԱՄՆ վիճակախաղի պատմության մեջ շահվել է 2022 թվականի նոյեմբերին, երբ Կալիֆոռնիայում մեկ տոմսի սեփականատերը շահեց 2,04 միլիարդ դոլարի ջեքփոթ: