«Մեր հայրենակիցներից շատերը խոսում են Արցախ վերադառնալու մասին։ Ես իմ կարծիքն ունեմ այս հարցում»

Արցախյան ազգային-ազատագրական պայքարը հայ ժողովրդի պատմության ամենակարեւոր էջերից է։ Շատերն իրենց կյանքն ու առողջությունը տվեցին հանուն դարավոր Արցախի ազատության և անկախության։

Գարիկ Ասկարյանը Արցախյան առաջին պատերազմի վետերաններից է։ Մարտական ​​գործողությունների ընթացքում նա ստացել է երեք կոնտուզիա, ինչը հետագայում դարձել է ավելի լուրջ առողջական խնդիրների պատճառ։ 2013 թվականին նա ինսուլտ է տարել։ Երկարատև բուժումից հետո նրան ուղարկել են Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոն՝ վերականգնողական նպատակով։

«Կենտրոնում ինձ շատ ջերմ ընդունեցին, անձնակազմն այնքան պրոֆեսիոնալ էր աշխատում, որ երբեմն ինձ թվում էր, թե եվրոպական առաջատար կլինիկաներից մեկում եմ: Բացի պրոցեդուրաներից, այնտեղ անցկացրեցի հիանալի ժամանց։ Բուժումը դրական արդյունքներ տվեց թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես, թե՛ հոգեբանական առումով։ Եթե ​​չլինեին 44-օրյա պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները, որոնց պատճառով ես ստիպված էի ընդհատել բուժումը, մենք ավելի լավ արդյունքների կհասնեինք։

44-օրյա պատերազմի ավարտին ընտանիքով վերադարձանք հայրենիք Արցախ՝ խաղաղ ապագայի հույսով։ Մենք, ինչպես ողջ արցախցիները, կարծում էինք, որ ռուս խաղաղապահների առկայությունը անվտանգության անվերապահ երաշխիք է, բայց, ցավոք, մեր հույսերը չարդարացան։ Ռուսների ներկայությամբ Բաքվի իշխանությունները, փակելով Բերձորի միջանցքը, 9 ամիս սովի են մատնել 120 հազար բնակչությանը՝ երեխաներին, ծերերին, հիվանդներին։ Սնունդ չկար, գազ չկար, լույս չկար։ Հիվանդանոցներում ու դեղատներում դեղեր չկային, ինչի պատճառով էլ հիվանդների վիճակն ամեն օր վատանում էր։

Անցնելով այս բոլոր տանջանքներն ու փորձությունները՝ արցախցիները չկորցրին լավատեսությունը։ Մենք շարունակեցինք արժանապատիվ ապրել՝ հաղթահարելով բոլոր դժվարությունները։ Բայց նման շրջադարձ ոչ ոք չէր սպասում. Արցախը, որը դարեր շարունակ հայաբնակ էր, էթնիկ զտումների արդյունքում մաքրվեց հայ բնակչությունից։

Արցախից բռնագաղթվելուց հետո տեղափոխվեցինք Գյումրի, որտեղ մեզ շատ ջերմ ընդունեցին։ Այնտեղ ապրեցինք վեց ամիս, որից հետո իմ առողջության վրա բացասաբար ազդող բնակլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով ստիպված եղանք տեղափոխվել Երևան։

Վարձել ենք բնակարան չորրորդ հարկում։ Բնակարանը և շենքն ամբողջությամբ պիտանի չեն ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար, սակայն դժվարությունները հաղթահարելի են․ իմ ընտանիքի շնորհիվ ես կարող եմ դա անել:

Ես երազում եմ միայն մեկ բանի մասին՝ վերսկսել վերականգնողական գործընթացը, քանի որ առանց դրա իմ վիճակն օրեցօր վատանում է։ Այս առումով կցանկանայի, որ Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը հնարավորինս շուտ վերսկսի իր գործունեությունը։

Մեր հայրենակիցներից շատերը խոսում են Արցախ վերադառնալու մասին. ես իմ կարծիքն ունեմ այս հարցում։ Անիծյալ պատերազմների պատճառով ես կորցրի իմ եղբորը, առողջությունս և երկար տարիների աշխատանքի արդյունքում ձեռք բերված ունեցվածքը: Եվ վստահաբար կարող եմ ասել՝ Արցախ կվերադառնամ միայն այն դեպքում, եթե այն դե ֆակտո և դե յուրե պատկանի Հայաստանին։ Հակառակ դեպքում նա միշտ կռվախնձոր կմնա, և ես մտադիր չեմ նորից վերադառնալ հակամարտության գոտի, ապրել վախի մեջ և կորցնել հարազատներիս»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Գարիկը։

Արսեն Աղաջանյան

Գյումրիում վերաօծվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Գյումրիում կատարվել է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը։

Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տաճար բերվեց Սուրբ Խաչի մասունքը։

ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապանյանը նշեց, որ երկար տարիներ դեկտեմբերի 7-ը սգո օր էր. «Տաճարի բացումով, վերականգնումով, վերաօծմամբ փաստում ենք, որ Գյումրին վերածնվում է։ Քաղաքը հողից չհավասարեցվեց, չկործանվեց, քանի որ նրա բնակիչները հավատացին հարության հրաշքին»,- ասաց սրբազանը։

Գարեգին Բ Կաթողիկոսն իր հերթին նշել է, որ 1988 թվականին ավերված 150-ամյա տաճարը վերաբացում է իր դռները երկրաշարժից 36 տարի անց։

Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 7-ի և 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 8-ի և 12-ի ցերեկը, 9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին հյուսիսարևելյան 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետում», Երեւանում դեկտեմբերի 7-ի և 9-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին, 9-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -2 -4, վաղը ցերեկը՝ +4+6։

“Ջուլի հանդմեյդ”՝ ձեռագործ իրեր Արցախի կարոտով

Գործելիս մտովի ճանապարհորդում եմ իմ կյանքի օրերով՝ Արցախում

«Ցանկացած արցախցու ճակատագիր լի է ուրախ ու ողբերգական իրադարձություններով: Մեզանից յուրաքանչյուրը կարող է խոսել պատերազմի սարսափների, կորցրած հարազատների ու ընկերների, շրջափակումների մասին։ Բայց այնուամենայնիվ բոլորս հիշում և կարոտում ենք հետպատերազմյան երջանիկ տարիները»։

Մոնիկա Գրիգորյանը ծնվել և ամբողջ կյանքը ապրել է Արցախում` Ստեփանակերտում, իսկ ամառային արձակուրդները ինչպես շատ շատերը, անց էր կացնում հայրենի` Մարտունու շրջանի Հերհեր և Կարմիր Շուկա գյուղերում:

Հիմա չի հիշում, վերջին անգամ երբ էր եղել հայրենի գյուղերում, շարունակվող հյուծիչ շրջափակումը և հետագա դաժան տեղահանումը թույլ չտվեցին նույնիսկ վերջին անգամ հրաժեշտ տալ:

«Հենց ամառային արձակուրդները սկսվում էին, հաջորդ օրը գնում էինք գյուղ, ու այդպես մինչև սեպտեմբեր: Մեզ գյուղում «դաչնիկ էին» անվանում, բայց մինչ այժմ հիշում ենք այդ երանելի օրերը: Դե հետո ամեն ինչ փոխվեց` պատերազմ էր սկսվել»:

Հենց 90-ականնարի պատերազմի ժամանակ նա սկսեց ձեռագործությամբ զբաղվել:

«Մութ և ցուրտ տարիներն էին, մի օր տանը, մի օր ապաստարանում, հավաքվում էինք ու տարբեր ձեռագործ իրեր էինք գործում: Այդ ժամանակ կանայք հիմնականում գործում էին պատերազմում գտնվող  տղամարդկանց համար` գուլպաներ, գլխարկներ»:

90-ակաների այդքան սպասված հաղթանակին փոխարինեց 2020 թ. դաժան պատերազմը և 2023թ. Արցախի հայաթափումը, որը ուղեկցվում էր մարդկանց ընդմիշտ խեղաթյուրված ճակատագրերով:

«90-ականերից հետո մինչ քառօրյա պատերազմը թվում էր թե ամեն ինչ ետևում էր, բայց հետո տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ… որդուցս  50 օրից ավել տեղեկություն չկար, չգիտեինք, ողջ է, թե չէ: Ծնողի համար աննկարագրելի զգացողություն է, երբ գիտակցում ես, որ երեխադ պատերազմում է, իսկ դրսում արդեն 21-րդ դարն է: Ամուսինս էլ իր զինակից ընկերներով այդպես էլ դուրս չի եկել Արցախից, ասում էր, որ ինչ էլ որ լինի, առանց իր երեխայի դուրս չի գալու: Փառք Աստծո, այդքան սպասումից հետո մեր ամուսնության օրը` նոյեմբերի 14-ին զանգեց»:

Տիկին Մոնիկան տեղահանումից հետո ընտանիքով հաստատվել է Չարենցավանում և այժմ փորձում է իր փոքրիկ գործը սկսել, ինչպես արցախցի շատ կանայք, որոնք փորձում եմ մի փոքր մեղմացնել իրենց ընտանիքի հոգսը:

«Ամբողջ կյանքս հաշվապահ եմ աշխատել, բայց միշտ հեռու եմ եղել առևտրից, միևնույն ժամանակ մոտ արվեստին: Այնպես է ստացվել, որ գրեթե ոչ մեկս այլևս մեր մասնագիտությամբ չենք աշխատում, բայց պետք է ոտքի կանգնել, դրա համար փորձում ենք ինչ-որ բանից սկել՝ մեկը ժենգյալով հաց է պատաստում, մյուսը հրուշակեղեն, իսկ ես ձեռագործ իրեր: Իմ բոլոր աշխատանքները մեծ սիրով եմ գործում, միշտ փորձում եմ յուրահատուկ լուծումներ գտնել»:

Ձեռագործ աշխատանքների բրենդի համար երկար են անուն փնտրել և վերջապես որոշվեց, որ այն պետք է կրի տիկին Մոնիկայի մայրիկի անունը, որը նույնպես ժամանակին ձեռագործությամբ էր զբաղվում:

«Հիշում եմ մայրիկս ինչպես էր մեզ համար յուրահատուկ շորեր կարում, մենք էլ ահավոր ուրախանում էինք: Ի դեպ, իմ տատիկը նույնպես կար ու ձևով էր զբաղվում` գյուղի դերձակն էր: Երևի հենց իրանց շնորհիվ է, որ այդպիսի շնորք ունենք»:

Սկզբում չէր պատկերացրել, որ իր աշխատանքներով կարող են հետաքրքրվել և նույնիսկ գնել: Սկզբում միայն գործում էր հարազատների համար:

«Սկզբում ուղղակի հարազատներիս համար էի գործում, որ գոնե օրս անցնի, քանի որ ամբողջ կյանքս աշխատել եմ և հիմա առանց աշխատանք շատ դժվար է»:

Տիկին Մոնիկան փաստում է, որ մեծ սիրով է ստեղծում իր աշխատանքները ու ամեն օր փորձում է ավելի կատարելագործվել:

Ինչպես շատ շատերը, երազներում Արցախում է: Հիմա չգիտի, կվերադառնան մի օր, թե ոչ:

«Ավելի քան մեկ տարի է անցել այն պահից, երբ մեզ ստիպեցին լքել մեր տները։ Հայաստանում ասում են, որ պետք է համակերպվել, բայց արդյո՞ք դա հնարավոր է: Ամեն օր մտքերով Արցախում եմ: Ցավը նույնիսկ մեկ գրամով չի պակասել, ընդհակառակը մի քանի անգամ ավելի է սաստկացել:

Ալվարդ Գրիգորյան

«44-օրյա պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել է, որ ամեն ինչ կոծկի, պարտակի»

Թեեւ սպասվում էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը պետք է հրապարակեր ամփոփիչ զեկույց, բայց մինչ օրս հանրությանը ներկայացված չէ այդ զեկույցը։ Իշխանության կողմից չկա բացատրություն, թե ինչո՞ւ է ձգձգվում զեկույցի հրապարակումը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ գործող հանձնաժողովը ձգձգում զեկույցի հրապարակումը։

«44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաքելությունը ոչ թե պատերազմը, դրան նախորդող իրադարձությունները, պատերազմի կառավարումը, պատերազմի դադարը կարգավորող փաստաթղթի ստորագրումը օբյեկտիվ քննելն էր, այլ այդ հանձնախմբի միակ նպատակը Նիկոլ Փաշինյանին անմեղ հանել էր, մաքրագործելն էր։ Հավանաբար իրենք քննել են եւ այնքան նյութ են տեսել, որոնք խոսում ենք այս իշխանությունների սխալների, եթե ոչ գիտակցված գործողությունների մասին, որ հիմա իրենց ավելի շատ ժամանակ է պետք՝ այս բոլոր հետքերը կորցնելու համար։ Այդ հանձնաժողովը չի ստեղծվել, որպեսզի օբյեկտիվ քննություն իրականացնի եւ ճշմարտությունը ներկայացնի՝ նախապատերազմյան զարգացումների, բանակցային գործընթացի վիժեցման, դիվանագիտական մեկուսացման մեջ հայտնվելու մասին, Նիկոլ Փաշինյանի գրառումների մասին, որ՝ հեսա հուժկու հարձակում ենք ստեղծում, այլ ստեղծվել է, որ այդ ամենը կոծկի, պարտակի»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի հասարակությունը տեղյակ չլինի, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ «Դա է պատճառը, որ մենք լրիվ այլ մոտեցում էինք առաջարկում, որը հնարավորության սահմաններում կապահովեր օբյեկտիվությունը։ Հիմա ես վստահ եմ, որ քանի այս իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է, որեւէ շանս չկա դրա մասին ճշմարտությունն իմանալու։ Ավելին ասեմ, որպեսզի հետագայում համեմատելու եզրեր էլ չլինեն, իրենք նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի մասին ոչինչ չեն հրապարակել։ Այն, ինչում այն ժամանակվա ընդդիմությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մեղադրում էր իշխանություններին, տասնապատիկ, հարյուրապատիկ ավելի վատ իր իշխանության ժամանակ է»,- հավելեց Արթուր Խաչատրյանը։

Ռոզա Հովհաննիսյան

«Փողոցում ենք հայտնվելու»․ արցախցի յոթ հոգանոց ընտանիքում չորսը զրկվելու են պետական աջակցությունից

Forrights

«Ես հիմա այդ նկարներով եմ ապրում»,-Forrights.am-ի հետ զրույցում Արցախից բռնի տեղահանված Ալինա Հովսեփյաը թերթում է հեռախոսի լուսանկարներն ու ցույց տալիս Ստեփանակերտի իր տունը, որոնք հիմա հիշողությունների միակ փաստական ապացույցն են դարձել։  «Նկարել եմ իմ տունը, բակը, ծաղիկները, ինչով զբաղվել եմ, հաճախ եմ նայում՝ օրը մի քանի անգամ։ Ես ֆիզիկապես այստեղ եմ, բայց կյանքը այնտեղ է մնացել»,-ասում է բազմանդամ ընտանիքի մայրը։

Ալինա Հովսեփյանի ընտանիքը բաղկացած է յոթ հոգուց։ Արցախի բլոկադայի պայմաններում, իսկ հետո արդեն սեպտեմբերի 19-ին սկսված ռազմական գործողությունների հետևանքով ընտանիքի անդամները ստիպված միմյանցից հեռու են ապրել։ Որդիներից մեկը դիրքերում է եղել։

«Իմ ընտանիքը հիմա էլ է կիսված։ Տղաս մեր հետ է ապրում, իսկ հարսս ու երկու տարեկան թոռնիկս՝ հարսիս ծնողների հետ։ Տղաս աշխատանք չունի, չի կարողանում տուն վարձի, իսկ այս տանը չենք կարող յոթ հոգով ապրենք»,-տիկին Ալինան ամուսնու և երեք տղաների հետ բնակվում է Էջմիածինում՝ երկուս սենյականոց բնակարանում։

Տունը չի բավարարում բազմանդամ ընտանիքի համար, թոռնիկը և հարսն ապրում են Գավառում։ Ընտանիքի երեք անդամ դիմել են քաղաքացիության համար, անցել է վեց ամիս, բայց նորություն չկա։  Հովսեփյանների ծանր սոցիալական կենցաղն էլ ավելի է դժվարանալու, երբ գարնանը ուժի մեջ մտնի կառավարության նոր որոշումը, որով արցախցիների մի մասը զրկվելու է պետության տված բնակվարձի և կոմունալ վճարների աջակցությունից։ Հիմա յոթ հոգանոց ընտանիքը ստանում է 350 հազար դրամ, իսկ մարտից աջակցությունը, որը դառնալու է 50-ի փոխարեն 40 հազար դրամ, ստանալու են տան անչափահաս երկու երեխաները և տիկին Ալինայի հաշմանդամություն ունեցող ամուսինը։ Աջակցությունը մարտից այս ընտանիքի համար կրճատվելու է դառնալով 120 հազար դրամ։

«Այս տանը մենք տալիս ենք 150 հազար դրամ, այն էլ տերն է մեզ ընդառաջել, որ այս գնով տա, էժան տուն չկա։ Մենք փողոցում ենք հայտնվելու, այդ գումարով չենք կարող բնակարան գտնել»,-ասում է տիկին Ալինան ու նշում, թե ինչ դժվարությունների միջով են անցնում ամեն օր՝ աշխատանք չգտնելու պատճառով։

«Հարսս չի կարող աշխատել, երեխան երկու տարեկան է։ Տղաս մի քանի տեղ աշխատել է, բայց մշտական աշխատանք չի գտնում։ Ես պատմության ուսուցչուհի եմ, մեկ ամիս խանութում եմ աշխատել, ոտքերի հետ կապված խնդիրներ եմ ձեռք բերել։ Գրանցված եմ որպես գործազուրկ, բայց դեռ ոչ մի բան չեն առաջարկել։ Նույնիսկ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող տղաս է աշխատանք փնտրում, բայց չեն տալիս։ Եկեղեցում պահակի տեղ կար, գնաց, մերժեցին, Ստեփանակերտում աշխատում էր պահակ»,-պատմում է մայրը։

Ընտանիքը մինչև 2017 Ստեփանակերտում վարձով է ապրել, այդ թվականից սկսած տուն են ստացել, որի մի մասը հագուստի խանութ են դարձրել ու կարողացել ապրել։ Հիմա ամեն ինչ կորցրել են։ Աշխատանք չի գտնում նաև Արցախում դիրքեր պաշտպանած մյուս որդին։

Սեպտեմբերի 19-ին տիկին Ալինան անհանգիստ բազմաթիվ դժվարությունների միջով է անցել, հիմա ցանկանում է երեխաների համար անվտանգ կյանք ապահովել։

«Այդ օրը մեծ տղաս զանգեց ասաց՝ Գոռին դպրոց չտանես, վատ բաներ են խոսում, կարող ա պատերազմ լինի, բայց ես երեխային տարա դպրոց։ Ճանապարհին Գոռը՝ փոքր տղաս, հարցնում է՝ մամ, եթե հիմա պատերազմ սկսվի ի՞նչ ենք անելու, ճանապարհի կեսն էինք անցել, պատասխանեցի՝ արագ հետ ենք գնալու տուն։ Արդեն հասել էինք դպրոցի մոտ էլ նույն հարցը տվեց, պատասխանեցի՝ վազելու ենք դպրոցի ապաստարան։ Այդպես էլ եղավ, երկու ժամ հետ սկսվեց։ Գժվեցի մինչև երեխային տուն բերեցին։

Զինադատարից հետո խուճապային իրավիճակ էր, բոլորը փախչում էին, բայց՝ ո՞ւր, չգիտես։ Թշնամին, որ առաջ էր եկել, Մարտակերտի գյուղերը վերցրել էին, այդ գյուղերի բնակիչները օդանավակայանում էին, մենք մեզ պաշտպանված չէինք զգում, չկար իշխանության ներկայությունը, չգիտեինք, թե ինչ անեինք, հայտարարություն չկար, որ հետևեինք։ Ամեն մեկը պետք է իր գլխի ճարը տեսներ։ Ստեփանակերտը ծխի մեջ էր, մարդիկ այրում էին զինվորական հագուստները, մեզ համար աշխարհի վերջն էր այդ օրը։ Գալիս էինք Հակարի կամուրջ, բայց հույս չունեինք, որ այնտեղից դուրս ենք գալու»,-ասաց նա։

Նարեկ Կիրակոսյան

Փարիզի Աստվածամոր տաճարի բացման արարողությունը. «սև կարապը» կհեռանա՞

RFI

Փարիզի Աստվածամոր տաճարի բացման համար Օլիմպիական խաղերից հետո ստեղծված անվտանգության «բացառիկ» համակարգ կգործի, կիրակի օրը հայտարարել է Փարիզի ոստիկանության պրեֆեկտ Լորան Նունյեսը: Արարողությունը կտևի երկու օր՝ դեկտեմբերի 7-ին և 8-ին, որին կմասնակցեն տասնյակ ֆրանսիացի և արտասահմանցի արվեստագետներ, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Բացմանը հրավիրված են արտասահմանյան երկրների ղեկավարներ։

Բացման արարողության առաջին օրը կսկսվի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթով տաճարի դիմացի հրապարակում, որին կհաջորդի պատարագի արարողությունը՝ չբացահայտված օտարերկրյա պետությունների ղեկավարների ներկայությամբ:

Կիրակի, դեկտեմբեր 8-ին, առավոտյան ժամը 10:30-ին, առաջին պատարագը տեղի պիտի ունենա 150 ֆրանսացի եւ օտար եպիսկոպոսների, ինչպէս նաեւ նախագահ Մակրոնի ներկայութեամբ։ Այդ օրը ժամը 18:30-ին կկատարվի հանրության համար բաց պատարագ։ Դեկտեմբերի 9-ից 15-ը Նոտր Դամում ծառայությունները նվիրված կլինեն բարերարներին և արվեստի հովանավորներին, ովքեր նվիրատվություն են արել տաճարի վերականգնմանը, ինչպես նաև Աստվածամոր տաճարի շրջանի բնակիչներին:

Սպասվում է, որ տաճարի բացմանը ներկա կլինեն մոտ հիսուն պետությունների ղեկավարներ։ Միայն հատուկ հրավիրված հյուրերը կկարողանան մուտք գործել հրապարակ և շենք՝ առավելագույնը 3000 մարդ։

2019 թվականի ապրիլի 15-ին տաճարը մասամբ ավերած հրդեհը, որի պատճառը դեռևս պարզված չէ, կարեկցանքի արձագանքներ է առաջացրել ամբողջ աշխարհում։ Շուրջ 700 միլիոն եվրո արժողությամբ հսկայական վերանորոգումից հետո գոթական արվեստի այս գլուխգործոցը վերականգնվել է, իսկ տանիքն ու գագաթը վերադարձվել են նույն վիճակոի:

Նոտր Դամի հրդեհն ամբողջ աշխարհում դիտվել էր որպես վատ նշան՝ սև կարապ: Իրոք, այդպես էր. կորոնավիրուսի համաճարակ բռնկվեց, Արցախում տեղի ունեցավ 2020-2023 թվականների ահաբեկչական պատերազմը, որն ավարտվեց բնիկ քրիստոնյա բնակչության տեղահանությամբ, Ուկրաինայի պատերազմը, որը շարունակվում է մինչ օրս, Մերձավոր Արևելքը գտնվում է արյունոտ «մասնատման» շեմին։ Արդյո՞ք Աստվածամոր տաճարի բացումը կքշի սև կարապին:

Ավերիչ երկրաշարժի 36-րդ տարելիցն է

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 36 տարի առաջ տեղի ունեցավ խոշոր բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար: Հաշված վայրկյանների ընթացքում ավերիչ երկրաշարժը հազարավոր շինությունների փլուզման, տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11-ն անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:

Սպիտակի երկրաշարժը պատկանում է, այսպես կոչված, լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը: Տուժեցին 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր:

Անօթեւան մնաց 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ մոտ 20 հազարը, զոհերի թիվը կազմեց 25 հազար: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում՝մոտ 15-17 հազար եւ Սպիտակում՝ 4 հազար մարդ:

Ավերիչ երկրաշարժի հետևանքով ավերվեց ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17 տոկոսը, դադարեց գործել 100-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս հասավ նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին:

 

Թուրքամետ ուժերը գրավեցին Դարաան, Էրդողանը հայտարարում է Դամասկոսի գրավման մասին. Մոսկվան հրաժարվեց փրկել Ասադին

Սիրիայի կառավարությունը կորցրել է վերահսկողությունը Դարաա քաղաքի նկատմամբ, որը խորհրդանշական նշանակություն ունի իսլամիստ գրոհայինների համար։ Սա արդեն երրորդ քաղաքն է Սիրիայում, որը գրավել են թուրքամետ ուժերը՝ Հալեպից և Համայից հետո։

Միևնույն ժամանակ, սիրիական արաբական բանակի հինգերորդ կամավորական գրոհային կորպուսը, որը մինչև վերջերս ծառայում էր Բաշար ալ-Ասադի ռեժիմին, անցել է ընդդիմադիր ուժերի կողմը։ Հատկանշական է, որ այն իրականում զրոյից ստեղծվել և զինվել է Ռուսաստանի Դաշնության կողմից, հայտնում է Անաթոլյան գործակալությունը։

Դամասկոսի հասկացրել են, որ Ռուսաստանն այժմ այլ առաջնահերթություններ ունի, և նրա միջամտությունը կարող է միայն սահմանափակ լինել։ Կրեմլին մոտ կանգնած աղբյուրները հաստատել են, որ Մոսկվան Բաշար Ասադին փրկելու ծրագիր չունի։

Սիրիական ընդդիմությունը շարունակում է հարձակումը Դամասկոսի ուղղությամբ. Այս մասին երեկ խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Իդլիբը, Համան, Հոմսը և, իհարկե, նպատակը Դամասկոսն է։ Այս հարձակումը շարունակվում է։ Մենք հուսով ենք, որ Սիրիայում այս առաջխաղացումը տեղի կունենա առանց միջադեպերի»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանը հիշեցրել է Ասադին ուղղված իր առաջարկը՝ բանակցել Սիրիայի ապագայի շուրջ, որը մնացել է անպատասխան։ «Ցավոք, մենք Ասադից դրական պատասխան չստացանք։ Այս պահին Իդլիբից հետո Հոմսը նույնպես ընդդիմության ձեռքում է, և առաջընթաց կա դեպի Դամասկոս»,- նշել է նա։

Աղազարյանը վերջին խոչընդոտն է․ օպերացիան սկսված է

Վերջին շաբաթների՝ ՔՊ նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ կապված պատմությունը մամուլը լուսաբանում է երկու հիմնական տեսանկյունից․ Աղազարյանի նամակների “հանրայնացման” օրինականության եւ պատգամավորի ինտիմ կյանքի կեխտոտ մանրամասների։

Սակայն Հովիկ Աղազարյանի հարցը, ինչպես երեւում է, շատ ավելի խոր արմատներ ունի, եթե նկատի առնենք, որ ՔՊ-ն 2021-ի ընտրություններում թեկուզ սահմանադրական մեծամասնություն ստացավ, բայց այն շատ փխրուն է։ Հիմա այդ մեծամասնությունը կարող է փլվել Աղազարյանի պատճառով։ Պատահական չէ, որ նրան ստիպում են ոչ միայն դուրս գալ ֆրակցիայից, այլեւ վայր դնել մանդատը։

Սահմանադրական մեծամասնություն ՔՊ-ին պետք է մի քանի կարեւոր հարցի համար․ Բաքվի հետ “խաղաղության պայմանագիրը” վավերացնելու՝ ադրբեջանցիների վերադարձով հանդերձ, Սահմանադրությունը փոխելու, Անկախության հռչակագիրը օրենքից դուրս հայտարարելու եւ պետությունը լուծարելու համար։

Իսկ Աղազարյանը հայտարարել է, որ «այն տեսքով, որ հիմա կա /Բաքվի հետ/ պայմանագիրը՝ ես խնդիր չեմ տեսնում, բայց եթե պայմանագիրը որոշակի փոփոխվի՝ իմ որոշումը կարող չհամընկնել ՔՊ-ի դիրքորոշման հետ”։ “Սա վերաբերում է նաև Անկախության հռչակագրի, Սահմանադրության և Ապահովագրության համապարփակ համակարգի ներդրմանը։ Սրանք այն սկզբունքային պահերն են, որոնց վերաբերյալ ես իմ դիրքորոշումը պետք է ունենամ։ Բոլոր այլ դեպքերում, այդ թվում՝ ինձ անձեռմխելիությունից զրկելուն, ես քվեարկելու եմ այնպես, ինչպես ՔՊ-ն»,-ասաց Աղազարյանը։

Այսինքն՝ Աղազարյանը խաթարում է ՔՊ սահմանադրական մեծամասնությունը եւ հանրապետությունը լուծարելու պլանները, նրան պետք է շտապ զրկել մանդատից եւ փոխարինել ավելի պատրաստակամ մեկով։ Գուցե նույնիսկ այլ անկախ պատգամավորով։

Օպերացիան սկսված է։

 

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար դարձավ Թուրքիայի նախկին արտգործնախարարը

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նոր գլխավոր քարտուղար է դարձել Թուրքիայի ԱԳՆ նախկին ղեկավար, ՄԱԿ-ում Թուրքիայի նախկին մշտական ​​ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն։ Դրա մասին դեկտեմբերի 6-ին հայտարարել է կազմակերպության գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Յան Բորգը։

Թուրքիան ամեն կերպ իր ներկայացուցիչներին “բրդում” է միջազգային կառույցների ղեկավարների պաշտոններին, եւ նրանք բացահայտ թուրքամետ քաղաքականություն են վարում, առանց ամաչելու եւ չվախենալով “հետադեմ” լինելու մեղադրանքներից։

Եթե նկատի առնենք, որ Արցախյան հիմնախնդրի լուծման միակ լեգիտիմ մանդատն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը, կարելի է ենթադրել, որ Սինիրօղլուի առաջին “դեկրետը” կլինի Միինսկի խմբի մանդատի չեղարկումը։ Այդ մանդատը մինչ օրս տարածաշրջանի ռուս-թուրքական նոր բաժանման գլխավոր խոչընդոտներից է։

Նման ընթացքը ապացուցում է այն, որ Մալթայում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի իր ելույթում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկ անգամ նույնիսկ չհիշատակեց Մինսկի խումբը։

Հայաստանի կառավարությունը ի տարբերություն այլոց չի վարում ազգային քաղաքականություն, ցանկացած նման դրսեվորում անվանելով “հետադեմ ազգայնականություն” եւ “սպառնալիք պետական անվտանգությանը”։

Թեկուզ “թուրք” ազգ որպես այդպիսին գոյություն չունի, Թուրքիան քայլ առ քայլ կերտում է այն, իսկ պաշտոնական Երեւանը քայլ առ քայլ ոչնչացնում է հազարամյակներ գոյություն ունեցող հայ ագը։

 

Չկա ոչ մի միջպետական պայմանագիր, ուղղակի տեղում զիջումներով սյուները խփում են

«Այս քաղաքականությունը կհանգեցնի մեր բոլոր շահերի հանձնմանը Ադրբեջանին։ Նիկոլ Փաշինյանը դելիմիտացիա է կոչում մի բան, որը միջազգային իրավունքով այդպես չէ»,- step1.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ առաջիկայում նոր հատվածում է իրականացվելու դելիմիտացիա։

«Դելիմիտացիան, ըստ միջազգային իրավունքի, այն է, երբ միջպետական պայմանագրով որոշվում է, նկարագրվում է սահմանը, հետո տեղում դեմարկացիա է արվում՝ սահմանանշում։ Մեր դեպքում չկա ոչ մի միջպետական պայմանագիր, ոչինչ գոյություն չունի, ուղղակի գնում են, տեղում զիջումներով սյուները խփում են։ Առավել եւս սկզբունքները համաձայնեցված չեն, որովհետեւ այն հատվածում, որտեղ ձեռնտու է Ադրբեջանին, ինքն ասում է՝ ես ՍՍՀՄ քարտեզն եմ օգտագործում, մեկ ուրիշ հատվածում ասում է՝ ուրիշ բան եմ օգտագործում։ Եվ Նիկոլը նրանց բոլոր պահանջներին համաձայնում է։ Սա ըստ էության պետական եւ ազգային շահերի մեծ աճուրդ է, եւ երկրի ղեկավարը, որը տարածքային ամբողջականության երաշխավորն է, ըստ էության հանդես է գալիս դրա դեմ»,- ասաց Արա Պապյանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ստում է, երբ ասում է, թե իր վարած այս քաղաքականությունը, Արցախը հանձնելը «Հայաստանի պետականությունը փրկելու միակ շանսն է»։

«Ինքը սուտ է խոսում, որովհետեւ սա բնավ փրկություն չէ, երբ դու քո անվտանգության աստիճանը մի քանի աստիճանով իջեցնում ես։ Ուղղակի իր խարդախ եւ խաբեբա քաղաքականությունն է, ինքն ամեն ինչ անում է, որ վատ լինի, ոչ մի քայլ չի անում, որպեսզի մեզ այլ հնարավորություններ տրվեն, եւ ասում է՝ սա միակն է։ Իհարկե, եթե դու քեզ մեկնած ձեռքը չսեղմես, եթե քեզ առաջարկվող զենքը չգնես կամ նվեր չստանաս, եթե երկրում ռազմարադյունաբերությունը ոչ թե զարգացնես, այլ խեղդես, տնտեսությունդ խեղդես, վերջում կկանգնես, կասես՝ դե ուրիշ հնարավորություն չկա։ Եթե ինքն ուրիշ այլ հնարավորություն չի տեսնում, թող հրաժարական տա ու գնա, ես գամ, շատ ավելի լավ հնարավորություններ կստեղծեմ ու կես տարի հետո կասեմ՝ ձեր նախկին ղեկավարը ձեզ խաբում էր»,- ասաց Պապյանը։

Ռոզա Հովհաննիսյան