Փաշինյանը հայտարարեց նոր հատվածում «սահմանազատման» մոտալուտ մեկնարկի մասին

Հայաստանի իշխանություններին ընդհանրապես պետք չէ որևէ պատերազմ Ադրբեջանի հետ, ասել է Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների այն հրապարակումները, թե իբր Հայաստանի իշխանությունները ցանկանում են կարճ պատերազմ սկսել՝ սեփական ներքաղաքական դիրքերն ամրապնդելու համար։

Այս հրապարակումները մեկ բան են ցույց տալիս՝ կան ուժեր, որոնք շահագրգռված են տարածաշրջանային իրավիճակի ապակայունացմամբ։ Հայաստանի խնդիրն է չտրվել որևէ սադրանքների և անխոնջ բացատրել իր դիրքորոշումը, ասաց Փաշինյանը։

«Մենք, ըստ էության, քաղաքական մակարդակով և նույնիսկ որոշ չափով իրավական մակարդակով, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա հայտարարել ենք տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին… Շուտով մենք պետք է սկսենք սահմանազատման գործընթացը սահմանի հաջորդ հատվածում»,- ասաց նա՝ չնշելով կոնկրետ տարածքը։

Նա ակնկալում է ակտիվացնել ջանքերը՝ համաձայնեցնելու խաղաղ պայմանագրի նախագիծը՝ ասելով, որ աշխատանքի 90%-ն արդեն արված է։ Մնում է միայն վերջին ջանք գործադրել:

ԱՄՆ-ը նոր մոբիլիզացիայի կոչ է անում Ուկրաինային, Բրիտանիան ասում է, որ թագավորության զորքերը չեն դիմանա նման մասշտաբի կորուստների

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի կադրային քաղաքականության և վետերանների գծով տեղակալ Ալիստեր Կարնեսն ասել է, որ ուկրաինական պատերազմի հետ համեմատած կորուստների դեպքում բրիտանական ցամաքային ուժերը կկորցնեն իրենց ողջ անձնակազմը վեց ամսից մինչև մեկ տարվա ընթացքում:

Այս մասին Կարնեսն ասել է՝ ելույթ ունենալով RUSI վերլուծական կենտրոնի կոնֆերանսում։ Նա օրինակ բերեց Ռուսաստանը, որը, ըստ նրա, այժմ օրական կորցնում է միջինը 1500 սպանված ու վիրավոր։ Նման կորուստներ կրելով՝ Ռուսաստանն արդեն գրեթե ամբողջությամբ կորցրել է ոչ միայն այն բանակը, որով սկսել է պատերազմը, այլև նույն չափի ևս մեկ բանակ, և շուտով կանցնի երրորդին, մեջբերում է Sky News-ը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Reuters-ին տված հարցազրույցում ասել է, որ Կիևը պետք է «բարդ որոշումներ կայացնի հետագա մոբիլիզացիայի վերաբերյալ»:

«Օրինակ, երիտասարդներին կռվի մեջ ներգրավելը, կարծում ենք, ինչպես շատերս ենք կարծում, անհրաժեշտ է։ Հենց հիմա 18-25 տարեկանները պայքարի մեջ չեն»,- հավելեց նա։

«Սա չափազանց կարևոր է, քանի որ նույնիսկ փողի և զինամթերքի առկայության դեպքում առաջին գծում պետք է լինեն մարդիկ, ովքեր կարող են դիմակայել ռուսական ագրեսիային: «Ուկրաինան ստիպված կլինի բարդ որոշումներ կայացնել հետագա մոբիլիզացիայի վերաբերյալ, սակայն դրանք անհրաժեշտ քայլեր են»,- ասել է Բլինքենը։ «Մենք հանձնառու ենք ապահովելու, որ յուրաքանչյուր մոբիլիզացված զինվոր ստանա անհրաժեշտ ուսուցում և սարքավորումներ՝ արդյունավետ պաշտպանելու իր երկիրը»:

Ուկրաինական պատերազմում զոհվածների թիվն արդեն հարյուր հազարավոր է։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարի խոսքերը վկայում են այն մասին, որ Արևմուտքը պատրաստ չէ նման մասշտաբի կորուստների՝ միաժամանակ խրախուսելով Ուկրաինային նոր մոբիլիզացիայի։

Ալվինան “Մի կտոր երջանկություն” բրենդով

Արցախում Ալվինա Գաբրիելյանը վարկային գործակալ էր։ Հիմնական աշխատանքի հետ մեկտեղ զբաղվում էր նաև հրուշակագործությամբ։ 2020-ից հետո Ստեփանակերտում հրուշակեղենի իր արտադրամասն էր հիմնել։ Նրա ընտանիքն Արցախում ուներ նաև հագուստի խանութ, սրճարան, ինչպես նաև զբաղվում էին գյուղատնտեսական աշխատանքներով։ Արցախից տեղահանվելուց հետո Ալվինան որոշել է շարունակել հրուշակեղենի իր բիզնեսը Երևանում։ Այսօր նրա հիմնական եկամտի աղբյուրը հրուշակագործությունն է։ Ինչպես և Արցախում, այստեղ ևս նա ներկայանում է  “Մի կտոր երջանկություn” բրենդով։

-Երբ հաստատվեցինք Երևանում, մտածեցի զբաղվել որևէ գործով, որ կարողանամ հաղթահարել այն արհավիրքը, որի միջով անցել ենք բոլոր արցախցիներս։ Մասնակցեցի հրուշակեղենի վերապատրաստման դասընթացների, միաժամանակ սկսեցի սովորել շոկոլադ պատրաստել։ Դեռևս ճանապարհին էի մտածել, որ բիզնեսս անպայման կշարունակեմ Հայաստանում։ Սոցիալական ցանցերից իմացա բիզնես-ծրագրերի մասին։ Դիմեցի՝ իմ պատրաստած կոնֆետներով նախապես մասնակցելով ցուցահանդես-վաճառքի։ Իմ բիզնեսը հաղթողների շարքում էր։ Ստացա դրամաշնորհ և որոշեցի այն լրիվությամբ օգտագործել նպատակային։ Երևանում տարածք վարձակալեցի, հիմնեցի արտադրամաս, ձեռք բերեցի համապատասխան սարքավորումներ՝ երկու վառարան, հարիչ, սառնարան, կահույք։

Ստեփանակերտի իմ արտադրամասից բերել եմ ընդամենը մի քանի իրեր, որոնք իմ մեջ մշտարթուն են պահում Արցախն ու իմ առաջին արտադրամասը։

Կարճ ժամկետում ձեռք բերեցի հաճախորդներ, որոնք հետզհետե ավելանում են։ Ինձ համար հաճելի է, որ մարդիկ հավանում են իմ խմորեղենն ու շոկոլադները։ Ես այն մեծ սիրով եմ պատրաստում։ Մեծ նշանակություն եմ տալիս թե՛ համին, և թե՛ տեսքին։ Շոկոլադը պատրաստում եմ բելգիական հումքով, բնական չրերով, տարբեր միջուկներով, իսկ թխվածքներն առանց կոնսերվանտների, տնական բաղադրատոմսով, մրգային միջուկներով:

Ունեմ նաև աշխատողներ։ Ցանկանում եմ մեծացնել արտադրամասիս տարածքը, որպեսզի հնարավորություն լինի պատրաստելու նաև արցախյան ժենգյալով հացը։ Մոտ օրերս կսկսենք թխել, – ասում է Ալվինան և ավելացնում, որ ցանկացած գործ ունի իր դժվարությունները, սակայն, երբ ունես հստակ նպատակ և գնում ես դրա հետևից, ապա հաջողությունդ ապահովված է։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Փափուկ աշուն

Դեկտեմբերի 5-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ հաջորդ շաբաթվա սկիզբ էապես չի փոխվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝– +7+9։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ 0+4,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +1+4,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +5+8,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ 0+4,

Լոռիում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +5+8,

Տավուշում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +7+10,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -7-10, ցերեկը՝ -1+2,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +4+8,

Արարատում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +8+10,

Արմավիրում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +8+10,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ 0+2,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +7+10,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +9+13,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +4+8։

Մի խումբ արցախցիներ շեշտադրում են 1989 թվականի Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշումը․ այսօր դատական նիստ է

Երեւանի Վարչական դատարանում այսօր նախատեսված է արցախցիների քաղաքացիության վերաբերյալ գործով հերթական դատական նիստը։ Արցախցի Մարատ Եգանյանը կոչ է անում արցախցիներին միավորվել այս հայցի շուրջը եւ անհամաձայնություն հայտնել արցախցիների իրավունքների զանգվածային խախտման դեպքերին։ «Մենք պետք է եւս մեկ անգամ վերահաստատենք մեր պատրաստակամությունը՝ մնալ, արարել եւ գործել ի շահ Հայաստանի Հանրապետության։ Արցախը նույնպես Հայաստան է, մենք պետք է վերահաստատենք դա, անընդհատ ներկայացնենք մեր պահանջը դրա վերաբերյալ եւ թույլ չտանք մարդկանց իրավունքների զանգվածային խախտումը։ Եկեք եւ ներկա գտնվեք դատական նիստին, ինձ թվում է, դա ձեզանից մեծ բան չի պահանջում»,- արցախցիներին դիմել է Մարատ Եգանյանը։

Այս գործի հիմքում Արցախի բնակիչ Մերի Ղարայանի հայցն է, որով նա պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը՝ ժամանակավոր պաշտպանության տակ վերցնել իրեն։  2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ընթացքում մոտ 120 հազար արցախցի բռնի տեղահանվել եւ տեղափոխվել է Հայաստան, որոնց թվում է եղել նաեւ Մերի Ղարայանը։ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին կառավարությունը որոշում է ընդունել, որով սահմանվել է, որ բռնի տեղահանված անձինք պետք է ստանան ժամանակավոր պաշտպանություն ու դրանից բխող փախստականի կարգավիճակ։ Արցախի բնակիչ Մերի Ղարայանը եւս դիմել է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար, բայց ստացել է մերժում։ Մերժման հիմքն այն է, որ Մերի Ղարայանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, եւ կառավարության որոշման շրջանակներում նրան ժամանակավոր պաշտպանություն տրամադրելու իրավական հիմքերը բացակայում են։

Բռնի տեղահանված Մերի Ղարայանն ու նրա փաստաբանը պնդում են, որ բոլոր արցախցիները Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, ունեն ՀՀ քաղաքացու անձնագրեր, այդ դեպքում ինչո՞ւ է արցախցիների մեծամասնությանը տրամադրվել փախստականի կարգավիճակ, իսկ Մերի Ղարայանի նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերվել։

Այս գործըի շրջանակներում մի խումբ արցախցիներ միավորվել են եւ դատարանում շեշտադրում են 1989 թվականի Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշումը։ Ըստ արցախցիների՝ 1989 թվականի որոշումը չեղարկված չէ, մինչ օրս ուժի մեջ է, եւ ըստ այդ որոշման՝ արցախցիները ՀՀ քաղաքացի են։

Ռոզա Հովհաննիսյան

Առաջին քայլը կարող է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի վերակենդանացումը եւ իրագործումը

Դեկտեմբերի 5-6-ին Վալետայում (Մալթա) կկայանա ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 31-րդ նիստը։ Նիստն անցկացվում է յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։ 

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ինչպես նաև ԵԱՀԿ անդամ 57 երկրների արտգործնախարարներ, բարձրաստիճան ներկայացուցիչներ կմասնակցեն նիստին։ 

ԵԱՀԿ-ն՝ միջազգային միակ կազմակերպությունն է, որը լեգիտիմ մանդատ ունի Ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհներ որոնելու համար։ Չնայած Բաքվի եւ Մոսկվայի ջանքերին եւ Հայաստանի կրավորական լռությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը պահպանվում է եւ կարող է աշխարհակարգի համար փրկօղակ լինել։

2020-2023 թվականին Արցախում կատարված ահաբեկչական պատերազմը, շրջափակումը, օկուպացիան, 150 հազ․ բնիկ բնակչության տեղահանությունը հիմնովին խաթարել է ԵԱՀԿ պատասխանատվության գոտու անվտանգության համակարգը։

Այդ համակարգի փլուզման ճաքերը հասել են աշխարհի բոլոր կետեր՝ Ուկրաինան արդեն խոսում է տարածքներ զիջելու մասին, Գերմանիայում եւ Ֆրանսիայում կառավարական ճգնաժամ է, ԱՄՆ-ում իշխանության են եկել ռադիկալ ուժեր, Վրաստանում եւ կից Աբխազիայում սահմանադրական կազուս է, Ռուսաստանը տնտեսական քայքայման եզրին է, Մերձավոր Արեւելքում գիշատիչները վերաբաժանում են սկսել, Հարավային Կորեյաի նախագահը ռազմական դրություն է հայտարարում, հետո չեղարկում։

Այս մեծ խաթարումը տեղի է ունեցել փոքր Արցախում միջազգային բոլոր նորմերն ու իրավունքները խախտելու “կոնսենսուսի” պատճառով։ ԵԱՀԿ-ն եւ կազմակերպության “գրանդ”-անդամները թույլ են տվել ռուս-թուրք-իսրաելական հանցավոր համաձայնություն Արցախում, ջախջախելով այն հենասյուները, որոնց վրա ներկայիս աշխարհակարգն է կառուցված։

Դեռ շատ պետություններ են փլվելու, եթե միջազգային իրավունքը չվերականգնվի։ Իսկ դրա առաջին քայլը կարող է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի վերակենդանացումը եւ իրագործումը։ Դրան պետք է նախորդեն ռուս-թուրքական հանցավոր համաձայնությունների եւ ահաբեկչական պատերզմի արդյունքների չեղարկումը։

Այլապես Արցախը կմնա աշխարհի կենտրոնում, իսկ տասնյակ պետություններ կդադարեն գոյություն ունենալ։

“Փաշինյանն իր հայտարարությամբ վերախմբագրում է Զինված ուժերի գործառույթները եւ ոչնչացնում հայոց պետականությունը”

Նիկոլ Փաշինյանը ազգային եւ պետական ինքնիշխանության դեմ ուղղված ծանր հանցագործություն է կատարել։ Այս մասին ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Նիկոլ Փաշինյանն այս ամբոինից կատարեց հայտարարություններ, որոնք ուղղված էին ՀՀ ազգային եւ պետական ինքնիշխանության դեմ, կատարեց հայտարարություններ, որոնք ուղղակիորեն հակասում են ՀՀ Սահմանադրուդրությանը եւ հրապարակային հրաժարվեց Սահմանադրությամբ պետությանը վերապահված պարտավորություններին։ Մասնավորապես, ՀՀ քաղաքացիները ՀՀ սահմաներից դուրս ՀՀ պաշտպանության ներքո են։ Նիկոլ Փաշինյանն այս ամբոինից հայատարարում էր՝ պետությունը պարտավորություն է կրում միայն ՀՀ տարածքում բնակվող քաղաքացիների նկատմամբ։

Մյուսը, նա հրաժարվեց նաեւ Սահմանադրությամբ ամրագրված մեկ այլ կարեւոր պահանջից՝ ՀՀ-ն միջազգային իրավունքի հիման վրա պարտավորվում է ապահովել հայկական պատմական եւ մշակութային արժեքների պահպանությունը։ Նա այս ամբիոնից հայատարարում է, որ պատասխանատու է միայն ՀՀ տարածքում իրականացվող գործողությունների համար։ Եվ հպարտորեն հայտարարում է, որ Արցախի հանձնումը միակ փրկությունն է հայոց պետականությունը պահպանելու համար։ Սա ազգային եւ պետական ինքնիշխանության դեմ ուղղված ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը վաղ թե ուշ վրա է հասնելու»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությամբ վերախմբագրում է Զինված ուժերի գործառույթները եւ ըստ էության ոչնչացնում է հայոց պետականությունը։

Ռուսական ռազմանավերը լքել են սիրիական Տարտուսի իրենց բազան

BBC

Բոլոր ռազմանավերը լքել են սիրիական Տարտուսում գտնվող ռուսական ռազմածովային բազան։ Դատելով «Planet Labs»-ի արբանյակային պատկերներից, որոնք ուսումնասիրել է BBC-ի ռուսական ծառայությունը, նրանք այնտեղ են եղել երկու օր առաջ։

Պաշտոնապես այս օբյեկտը կոչվում է Սիրիայում ռուսական նավատորմի նյութատեխնիկական ապահովման կետ. ռուս զինվորականները պնդում են, որ դա լիարժեք ռազմաբազա չէ:

Սիրիայում ՌԴ ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կետը կարևոր է առաջին հերթին այն պատճառով, որ դա Միջերկրական ծովում Ռուսաստանի միակ ռազմածովային օբյեկտն է։

Նրա արժեքն աճել է 2022 թվականին՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։

Այժմ ռուսական նավատորմը չի կարող իր նավերը ուղարկել Սև ծով, քանի որ Թուրքիան պատերազմի պատճառով փակել է նեղուցները ռազմանավերի համար։

Մեկ այլ կարևոր օբյեկտ է Խմեյմիմ ավիաբազան։

Ռազմական փորձագետները նշում են, որ Տարտուսից նավերի և օժանդակ նավերի դուրսբերումը կարող է նշանակել, որ ռուսական հրամանատարությունը վստահ չէ դրանց անվտանգությունն ապահովելու ունակության մեջ։

«Սյունիքն էլ տանք` հանգիստ ապրենք…»

Այլեւս անիմաստ է Երեւանի Կիլիկիա ավտոկայան գնալ: «Ստեփանակերտ գնացող… Բրատ, մի հոգի ա մնացալ, կյա` շարժվինք» ասող տաքսիստներ չկան: Ղարաբաղին մոտիկանալու համար պետք է Կայարան գնալ եւ սպասել ժամը իննին եւ երեքին Գորիս գնացող մարշրուտկային, կամ եթե շտապում եք` տաքսիներ լինում են: Հինգ հազար դրամ ուղեվարձ:

Տաքսու հետեւում կողքս մի պարկեշտ երիտասարդ է նստած, վարորդին մոտ մի օրիօրդ: Երիտասարդը Կրասնոդարից է գալիս` հայրենի քաղաքում Նոր տարին հարազատների հետ անցկացնելու համար: Դեռ Երեւան մի եկեղեցու մոտով անցնելիս, երիտասարդը “թաքուն” երեք անգամ խաչակնքվում էր, կիսաբաց պատուանից քաղաքի օդը քիթը քաշում, ապա բարձրաձայնում ժպիտով. “Հայաստանի օդը…” Նա տաքսու վարորդի եւ օրիօրդի հարցերին պատասխանում եւ պատմում էր Կրասնոդարի մասին: Նկարագրում, որ շատ սիրուն քաղաք է եւ անգամ մոսկվիչներն են տեղափոխվում այնտեղ ապրելու համար: Խոսակցություն է գնում քաղաքացիության, ռուսի հետ ЗАГС-ով անցնելու եւ այլնի մասին…

Մեր ճանապարհը շարունակվում է դեպի Գորիս: Ամեն ինչ նույնն է, ինչպես նախորդ անգամ: Որքան մոտենում ես Գորիսին, այնքան սակավանում են մեքենաները: Եղեգնաձոր հասնելով տաքսու վարորդը զիջում է ՊԲ բեռնատարներին, ԵՄ դիտորդական առաքելության մեքենաներին, որոնք լիցքավորում են ճանապարհին: Նրանց ցեխոտ մեքենաները ապացուցում են, թե որտեղից են գալիս: Իրանական համարանիշելով հրավտանգ բեռնատարը գնում է դատարկ ճանապարհով: Մենք նույնն ենք անում շարունակելով Կրասնոդարի թեման:

Ռուսների վրա հեչ չես ասի, որ իրենց երկիրը պատերազմի մեջ է, պատմում է երիտասարդը, իրենց համար ուրախ ապրում են, ասես ոչինչ տեղի չի ունենում:

Իսկ Հայաստանում այդպե՞ս չէ, – միանգամից բորբոքվեց դիմացը նստած օրիօրդը, փորձելով որքան հնարավոր է հետ` դեպի մեզ շրջվել:

Էն օրվա Ղափանի դեքերից հետո էր… Երեւան սրճարանում նստած էի, երկու հոգի զրուցում են կողքի սեղանին: Մեկ էլ մեկը թե …լավ է, Սյունիքն էլ տանք հանգիստ ապրենք: Զոռով ինձ պահել եմ, որ բան չասեմ, ասում է օրիօրդն ու փորձում ավելի հարմար նստել իր տեղը: Այո, այդպես է, Երեւան չգիտեն, թե ինչպես են ապրում շրջանները, ավելացնում է տաքսու վարորդը:

Զգայուն այս թեման աշխատանքի մասին խոսակցությունները միայն մեղմացրեց:

Հորս ու մորս թոշակը միասին 80 հազար դրամ է: Միայն հորս դեղերի փողը 112 հազար է ամսական, ասում է բարետես օրիօրդը: Ինքն էլ 75 հազար դրամ է վաստակում ամեն ամիս` 8 ժամ աշխատելով: Սա զարմացրեց երիտասարդին, ով մեկ ու կես տարի Հայաստանում չի եղել, եւ նա ասաց, որ ինքն էլ մի 300 հազար դրամ է վաստակում, ավելացնելով, որ ռուբլին զիբիլ է դառել: Տաքսու վարորդն էլ ասաց, որ դրամն էլ նույնն է. Երկու բան ես գնում` տասհազարանոցը չկա, ասում է վարորդը: Դե դու էլ վարձ ես տալիս էլի, ասում է օրիորդը երիտասարդին:

Պարեկների շատությունից, հարկայինի դաժանություններից, ապրանքների առանձին վաճառքի, շտրիխ կոդերի, առգրավված համակարգչի մասին խոսակցություններով հասնում ենք Զանգերի մոտ:

Չնայած երիտասարդը հենց իմ կողքին էր նստած, բայց մեջքով նստած օրիօրդը դա տեսավ, գգաց: Կարոտել ես չէ՞ երեւի, հարցրեց նա երիտասարդին: Ես շրջվեցի, երիտասարդի աչքերը լցվել էին…

Ոչ ոքի չեմ ասել, որ գալիս եմ: Միայն Ռուսաստանի ընկերս գիտի եւ մի ուրիշ ընկերոջ եմ ասել Երեւանում…

Ի՞նչ անել, իմ լացը չի գալիս Գորիս մտնելիս: Շուշիին մոտենալիս ոչ մի արտառոց բան չէր լինում: Պարզապես շնչում էիր, հասկանալով որ տուն ես հասնում: Կարող ես բանալիները նետել սեղանին ու փորի վրա փռվել մահճակալին: Այդքան բան:

Պատկերացնում եմ, ինչ հյուսիսկորեական լացի տեսարան կլինի ղարաբաղցիների մոտ, եթե մի հրաշքով հնարավոր լինի նրանք Գորիսից երկու ժամ ճանապարհ շարունակեն: Ոչ, մեզ չեն ստիպի, մենք ինքներս կլացենք:

Մարութ Վանյան

44-օրյա պատերազմի զեկույցով Անդրանիկ Քոչարյանը շանտաժ է անում ՔՊ-ին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական իրազեկ աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը իրեն օրենքից վեր է դասում. նա օրենքի կոպտագույն խախտումներով ձգձգում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքը ու դրա միջոցով շանտաժ է անում իր թիմակիցներին։ ՔՊ-ականներն էլ լուռումունջ աչք են փակում Քոչարյանի ապօրինությունների վրա, չեն համարձակվում նրա դեմ դուրս գալ։

Սկսենք սկզբից. 44-օրյա պատերազմից մեկ ու կես տարի անց՝ 2022 թվականի փետրվարին, ԱԺ-ում ստեղծվեց քննիչ հանձնաժողով, որը պետք է զբաղվեր պատերազմի հանգամանքների ուսումնասիրությամբ։ Քննիչ հանձնաժողովի ստեղծումից 4 տարի անց, սակայն, ո՛չ դրա զեկույցը կա, ո՛չ էլ անգամ` նշույլ։ Միայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է ամեն ամիս հայտարարում, թե զեկույցը պատրաստ է, շուտով կհրապարակվի, բայց այդպես էլ չի հրապարակվում։

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 20-րդ հոդվածում սեւով սպիտակի վրա գրված է՝ «Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչեւ վեց ամիս է, որը կարող է հանձնաժողովի առաջարկությամբ, Ազգային ժողովի որոշմամբ, երկու անգամ երկարաձգվել մինչեւ վեցական ամսով»: Քննիչ հանձնաժողովի գործունեությունը շուրջ երկու անգամ երկարաձգվել է. առաջին անգամ 2022 թվականի սեպտեմբերին՝ 6 ամսով, երկրորդ անգամ 2023 թվականի մայիսի 3-ի նիստում՝ 6 ամսով՝ մինչեւ սույն թվականի նոյեմբերի 3-ը։ Բայց, արի ու տես, որ Քոչարյանը օրենքից դուրս է իրեն հայտարարել եւ արդեն 2 տարի է մատի փաթաթան է դարձրել հանձնաժողովի զեկույցը:

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանը դեռ սեպտեմբերին հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, եզրակացությունը պատրաստ է, արդեն հոկտեմբերին նամակով դիմելու է ԱԺ նախագահին: Բայց չարեց: Իսկ նոյեմբերի 11-ին էլ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտարարել էր. «Զեկույցը, որպես այդպիսին, պատրաստ է։ Շատ էջեր կան, միայն տեսաձայնագրությունները վերծանելը հսկայական աշխատանք է, որը նույնպես ավարտված է, Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում այն ամբողջությամբ կհրապարակվի», – նշել էր Քոչարյանը:

Բայց զեկույցը մինչ օրս չի հրապարակվել: Եվ, ըստ ՔՊ-ականների, Քոչարյանը շանտաժի է ենթարկում թե՛ ընդդիմադիրներին, թե՛ իր թիմակիցներին։ Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի մյուս անդամներին` այդ թվում եւ ՔՊ-ական անդամներին, թույլ չի տալիս ծանոթանալ զեկույցին։ Երբ հանձնաժողովների անդամները պահանջում են Անդրանիկ Քոչարյանից հրապարակել զեկույցը, վերջինս արդարանում է, թե զեկույցը դեռ վերջնական չէ, սեւագիր տարբերակով է, սպասում է՝ փորձագետները վերջնական տարբերակը տան իրեն, եւ երբ տան՝ կփոխանցի: Ի դեպ, զեկույցի մի մասը բաց է, որը պետք է հրապարակվի, իսկ մյուս մասը, ասել է, որ փոխանցելու է ԱԺ նախագահին, որ վերջինս որոշի՝ հանրայնացվելո՞ւ է այն թե՞ ոչ, եւ երբ կհրապարակվի։

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Անդրանիկ Քոչարյանը միտումնավոր չի հրապարակում զեկույցը, պահում է այն, որպեսզի հասկանա՝ ինչ որոշում են ՔՊ-ում իր պաշտոնանկության կապակցությամբ կայացնում: Իսկ քանի դեռ զեկույցը չի հրապարակել, որոշում չեն կայացնի: Կարճ ասած՝ նա զեկույցի շանտաժով երկարաձգում է իր պաշտոնավարումը ԱԺ հանձաժողովում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Եթե ես պետք է պատվիրակության կազմում լինեմ, եւ որեւէ մեկը ասի՝ «Արցախը Ադրբեջանի մաս է», ես անմիջապես կթողնեմ ու դուրս կգամ

Step1.am-ի զրուցակիցն է Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» նախագահ, պատմաբան Ազատ Օրդուխանյանը։

-Պարոն Օրդուխանյան, վերջին ամիսներին մենք ակտիվություն ենք նկատում Եվրոպայում Արցախի հարցով Եվրոպական խորհրդարանը հերթական բանաձեւն ընդունեց, որով կոչ էր արվում ապահովել արցախցիների անվտանգ վերադարձը, նաեւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության հարցն էր բարձրացվում։ Հնարավո՞ր է գործադիր իշխանությունը քայլեր անի՞՝ իրագործելու այդ բանաձեւերն ու որոշումները։

-Ես կարծում եմ, որ շատ բան կախված կլիներ ՀՀ իշխանական դասի ներկայացուցիչներից։ Եթե նրանք վերջապես գիտակցեն Եվրոպայի արժեքը, կարողանան այդ կամքը ցուցաբերել եւ ընդառաջ գնալ Եվրոպային, պարզված ձեռքը չմնա օդում, կարծում եմ, որ Եվրոպան կրկին կակտիվացնի իր գործունեությունը։ Գոնե այդ տրամադրությունները մեզ համար շոշափելի են այնտեղ, բայց ամեն ինչ կախված է հայկական իշխանությունների կամքից, համարձակությունից, արժեքների վերաարժեւորումից։ Չէի ցանկանա գուշակություններ անել, բայց ակնհայտ է, որ մթնոլորտը հասուն է Եվրոպայում, կա նաեւ ԱՄՆ գործոնը, որն ազդում է Եվրոպայի վրա՝ հայկական շրջանակների հետ կապերի ակտիվացման կամ այս տարածշրաջնում իրենց վերադիրքավորման հարցումէ։ Եթե մի 10 տարի առաջվա հետ համեմատենք, Եվրոպայի դիրքն այսպիսին չէր։

Ես համոզված եմ, որ մեր լավ աշխատանքի դեպքում, եթե լուրջ քաղաքական, ռազմավարական կոնցեպտներ մշակենք ու քայլ առ քայլ իրականանցենք, շատ ավելի շահեկան դիրքերում կհայտնվենք։ Բայց մենք չենք աշխատում, միայն պահանջում ենք։ Մենք սիրում ենք, որ իրենք ընդառաջ գան եւ քննադատում ենք, թե ինչո՞ւ Եվրոպան սա չարեց, Արեւմուտքը սա չարեց։ Շատ բան կախված է մեր տնային աշատանքների կատարումից։ Եկեք լրջանանք, աշխատենք եվրոպացիների հետ ամեն բնագավառում՝ գիտական, մշակութային, ռազմական, տնտեսական, քաղաքական։ Սա ընդհանուր քաղաքական օրիենտացիայի հարց է։ Եվրոպական օրիենտացիայի հարց է, որը, ցավոք սրտի, դեռ թույլ զարգացած է։ Մենք պատմության մեջ 1700 տարի ունեցել ենք արեւմտյան օրիենտացիա, բայց վերջին շրջանում ռուսական օրիենտացիան կարողացել է դոմինանտ դառնալ։

Վերջերս նաեւ Շվեյցարիայի խորհրդարանը կառավարությանը առաջարկել էր հնարավորինս արագ կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ միջազգային խաղաղության ֆորում։ Որոշման տեքստում նշվում է, որ «նման առաջարկի նպատակն է դյուրացնել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների բաց երկխոսությունը, որը կանցկացվի միջազգային հսկողության ներքո կամ միջազգային համապատասխան դերակատարների ներկայությամբ՝ պատմականորեն այնտեղ բնակվող հայ բնակչության անվտանգ եւ հավաքական վերադարձի շուրջ բանակցելու համար»։ Մենք տեսանում ենք, որ Հայաստանի իշխանությունն այս եւ նմանօրինակ որոշումներին չի արձագանքում, քայլեր չի անում։ Ինչպե՞ս եք սա գնահատում։

-Եթե ես կառավարության անդամ լինեի, գիշեր-ցերեկ կաշխատեի մասնագետների հետ, ովքեր աշխատում են շվեյցարական քաղաքականության, մշակույթի դաշտում կամ լավ ծանոթ են այդ երկրին։ Անմիջապես պատվիրակություն կստեղծեի, կուղարկեի Շվեյցարիա՝ ընդառաջ։ Ոչ միայն բանավոր հայտարարություններ պետք է արվեն, այլ պետք է գնան, տեղում ընդգրկեն նաեւ սփյուռքյան ուժերին եւ աշխատեն։ Մենք շատ զայրանում ենք, որ հայկական պատվիրակությունները գալիս են Գերմանիա բանակցությունների, եւ տեղի Սփյուռքը չի աջակցում, չի իմանում, թերթերից ենք իմանում։ Իրենք շրջանցում են մեզ, արհամարհում են կամ մեծամտություն են ցուցաբերում։ Եթե հայկական Սփյուռքին չներգրավեն այս հարցում եւ չաշխատեն պատվիրակություններով, մենք նորից դոփելու ենք նույն տեղում։ Չի կարող եվրոպական մի երկիր լինել, որտեղ հայկական Սփյուռքը չունենա իր մասնագիտական ռեսուրսները, որոնք, ցավոք սրտի, չեն ընդգրկվում այս աշխատանքների մեջ։

-Կան տեսակետներ, որ Սփյուռքի ներկայացուցիչներն իրենք են հրաժարվում աշխատել Հայաստանի այսօրվա իշխանությունների հետ։ Կա՞ն այդպիսի տրամադրություններ Սփյուռքում։

-Դա էլ կա, բայց իրենք են հասցրել դրան։ Սփյուռք ասածը հարաբերական է, բայց Սփյուռքի որոշ սկզբունքային շրջանակներ, այո, հրաժարվում են։ Եթե ես պետք է պատվիրակության կազմում լինեմ, եւ որեւէ մեկը ասի՝ «Արցախը Ադրբեջանի մաս է», ես անմիջապես կթողնեմ ու դուրս կգամ։ Ես այդպիսի նախադասություն չեմ կարող մեկ սենյակում հանդուրժել։ Արցախը մեր հայրենիքն է եղել, կա եւ պետք է լինի։ Կարսը, Էրզրումը, Վանը մեր հայրենիքն են եղել, կան եւ պետք է լինեն։ Եթե իրենք պետք է գան ու այդպիսի արտահայտություններ անեն, իհարկե, պետք է խուսափենք, ի՞նչ պետք է անենք, իրենց հետ պետք է նույն երգը երգե՞նք։

Ռոզա Հովհաննիսյան

Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. շարժակազմները դուրս են եկել երթուղիներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Դեռ հայտնի չէ, թե ինչ են պայմանավորվել քաղաքապետարանում վարորդների հետ։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 3-ի առավոտյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ հրաժարվել են դուրս գալ երթուղիներ։ Նրանք բողոքում էին իրենց աշխատանքային պայմաններից եւ աշխատավարձից: