Հարավային Կորեայի նախագահը ռազմական դրություն է հայտարարել

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը հեռուստատեսային ուղերձի ժամանակ հայտարարել է ռազմական դրություն մտցնելու մասին։ Նա այդ միջոցը որակեց որպես անհրաժեշտ՝ ազատական ​​սահմանադրական կարգը «կոմունիստական ​​ուժերից» պաշտպանելու համար։

Նրա խոսքով՝ սպառնալիքը գալիս է ինչպես Հյուսիսային Կորեայից, այնպես էլ տեղական «հակապետական ​​տարրերից», որոնք պետք է «վերացվեն»։

YTN հեռուստաալիքի կայքը հրապարակել է նախագահի ուղերձը ժողովրդին, որում նա ընդդիմությանը մեղադրում է պետության աշխատանքը կաթվածահար անելու մեջ՝ փորձելով իմպիչմենտի ենթարկել կառավարության հիմնական գործիչներին։

«Սա ակնհայտ հակապետական ​​գործողություն է, որը խախտում է ազատ Կորեայի սահմանադրական կարգը և ոչնչացնում է Սահմանադրությամբ և օրենքներով ստեղծված օրինական պետական ​​ինստիտուտները՝ փորձելով քաղաքացիական պատերազմ հրահրել», – ասել է Յուն Սեոկ Յոլը:

Ֆրանսիան Մուրադ Փափազյանին պարգևատրել է Պատվո լեգեոնի ասպետի մեդալով

Դեկտեմբերի 2-ին Ֆրանսիայի նախկին վարչապետ Գաբրիել Ատալը Պատվո լեգեոնի շքանշան է հանձնել ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Մուրադ Փափազյանին: Շքանշանը շնորհվել է Փափազյանի ավելի քան քառասուն տավա գործունեության, ինչպես նաև մասնագիտական ​​հաջողությունների համար, գրում է armenews.com-ը:

Միջոցառմանը ներկա է եղել շուրջ 300 հյուր, այդ թվում՝ բազմաթիվ քաղաքական գործիչներ, գործարարներ և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ: Հյուրերի շարքում էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին, Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանին, ինչպես նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Պատվո լեգեոնի շքանշանը ազգային շքանշան է, որը սահմանվել է Նապոլեոն Բոնապարտի կողմից 1802 թ. մայիսի 19-ին։ Շքանշանով պարգևատրվում են Ֆրանսիայի համար տարբեր ոլորտներում մեծ ավանդ ունեցող անձինք։

Փափազյանը ՀՅԴ Բյուրոյի անդամ է եւ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ: Երկար ժամանակ նրա մուտքը Հայաստան արգելված էր ներկայիս կառավարության կողմից։

Սեպտեմբերի 19-ը․ Սամվելը, որին բոլորը որպես Շիմիր են ճանաչում, պայմանագրային զինծառայող էր

Ալիսա Մինասյանն իր երկու զավակների հետ Արցախից տեղահանվելուց հետո հաստատվել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ Նրա ընտանիքն ապրում էր Ստեփանակերտում։ Ամուսինը՝ Սամվելը, որին բոլորը որպես Շիմիր են ճանաչում, պայմանագրային զինծառայող էր, որդին՝ Արմենը, սովորում էր Ստեփանակերտի բժշկական քոլեջում, իսկ աղջիկը՝ Էլինան, դպրոցում։ 2023-ի սեպտեմբերի 19-ը ճակատագրական օր դարձավ այս ընտանիքի համար։ Ալիսան կորցրեց ամենաթանկը՝ ամուսնուն, իսկ օրեր հետո՝ հայրենիքը։

Ալիսան պատմում է

-Սամվելը պայմանագրային ծառայող էր Ասկերանի տանկային զորամասում։ Նա գրեթե ամեն օր էր գնում հերթապահության։ Սեպտեմբերի 19-ին ազատ օր էր վերցրել․ պետք է գնար կաթնամթերք բերելու։ Առավոտ շուտ գնաց “Ցեխ ձոր” կոչվող տեղամասից կաթ գնեց ու հետ դառավ։ 45 լիտր կաթ էր բերել, և միասին սկսեցինք կարագ պատրաստել․ օգնում էր ինձ։ Պատմեց, որ փոքր մեքենայով 9 հոգու է բերել այդ տեղամասի գյուղերից։ Անգամ հղի կին կար։

Այդպես խոսում էինք ու հանկարծ Հարավի կողմից հրետանակոծության ձայներ լսեցինք։ Այդ պահին նրա հեռախոսը զանգեց․ զորամասից կանչում էին, թշնամին պատերազմ էր սկսել։ Անմիջապես դուրս եկավ տանից ու գնաց զորամաս։ Այնտեղից զանգեց ու ասաց, որ չանհանգստանամ՝ ամեն ինչ շուտով կհանդարտվի։ Սակայն քիչ հետո սկսեցին հրետակոծել նաև Ստեփանակերտը, աղջկաս հետ իջա մեր շենքի նկուղը։ Քիչ հետո մեզ միացավ նաև տղաս։ Ասաց, որ հայրն է զանգել ու ասել, որ տիրություն անի մեզ։ Դա վերջին խոսակցությունն էր Շիմիրի հետ, դրանից հետո կապը լրիվությամբ կտրվեց։

Հաջորդ օրը պատերազմն ավարտվեց, տղամարդիկ տուն էին վերադառնում։ Շիմիրից լուր չկար։ Զարմանում էի, որ չի զանգում։ Սկսել էի մտածել, որ բան է պատահել։ Այդ ժամանակ մեր տուն եկավ նրա եղբայրը՝ Գարիկն ու ասաց, որ Շիմիրը վիրավորվել ու հոսպիտալում է։ Եկել էր մեզ տանելու Ստեփանակերտի օդանավակայան, որտեղ ավելի անվտանգ էր։ Ամբողջ ճանապարհին լուռ էինք, ես զգում էի, բայց ձայն չէի հանում՝ խնայելով երեխաներիս։ Տղաս խնդրեց հորեղբորը, որ հոսպիտալից զանգի, որ կարողանա լսել հոր ձայնը։ Գարիկը լուռ էր։

Օդանավակայանում ինձ մոտենում էին ծանոթ մարդիկ, կարեկցանքով նայում և հորդորում ուժեղ լինել։ Չգիտեի ինչ անել, ինչ ասել երեխաներիս։

Ամուսնուս ծնողների հետ վերադարձանք Ստեփանակերտ։ Սեպտեմբերի 22-ին նրա աճյունը հողին հանձնեցինք իր հարազատ Խնապատի գերեզմանատանը։ Սեպտեմբերի 25-ի առավոտյան ամուսնուս ծնողների հետ բռնեցինք տեղահանության ճանապարհը։

Ալիսան իր մեջ ուժ է հավաքել ու շարունակում է պայքարել

 -Սկզբից չափազանց ծանր էր։ Առանց ամուսնուս ես կիսատ ու դատարկ էի։ Նրանից ու երեխաներիցս բացի ես ոչ ոք չունեի։ Եղբայրս զոհվել է Արցախյան առաջին պատերազմում։ Հայրս չկարողացավ դիմանալ այդ ցավին և միացավ որդուն։ Նրանք հուղարկավորված են մեր հարազատ գյուղում՝ Ակնաղբյուրում։ 2020-ի պատերազմի հետևանքով, երբ կորցրինք նաև մեր գյուղը, մայրս չհաղթահարեց կորստի ցավը։ 2021-ին կորցրի նաև նրան։

Իմ ամենահարազատ մարդկանց գերեզմաններն եմ թողել Արցախում։ Ինձ հետ բերել եմ  մահվան 4 վկայական, ամուսնուս մեդալները, պատվոգրերը և հեռախոսս, որոնց մեջ մնացել են մեր նկարները։

Դիլիջանում հաստատվելուց որոշ ժամանակ հետո հասկացել եմ, որ պետք է ուժ հավաքեմ։ Ամուսնուս և հարազատներիս հիշատակը ինձ պարտադրում է պայքարել ու ապրելու փորձեր անել։ Անկախ ամեն ինչից, արցախցին միշտ էլ ուժեղ է եղել, ապրել է արժանապատիվ կյանքվ և օրվա հացն իր քրտինքով վաստակել։ Պատրաստվում եմ մտնել ՀՀ ՊԲ-ում ծառայելու։ Արդեն հանձնել եմ փաստաթղթերս։ Ընդառաջել են, երևի շուտով կանցնեմ ծառայության։ Պարտավոր եմ երեխաներիս ոտքի կանգնեցնել ու թիկունք լինել։

 -Տղաս՝ Արմենը, բժշկական քոլեջի 2-րդ կուրսի ուսանող է։ Սովորում է գերազանց և քոլեջն ավարտելուց հետո պատրաստվում է բարձրագույն ուսում ստանալ ու բժիշկ դառնալ։ Նա նպատակ է դրել իրականացնել հոր երազանքը՝ դառնալ լավ մասնագետ ու մարդկանց կյանքեր փրկել։ Ամուսինս Արմենին փոքրուց մեքենա վարել էր սովորեցրել։ 15-ամյա որդիս էր վարում մեքենան, երբ դուրս եկանք Արցախից։

Աղջիկս՝ Էլինան, սովորում է 10-րդ դասարանում։ Փոքրուց սիրում էր ստեղծել գեղեցիկ իրեր․ ասում էր՝ կվաճառեմ և կօգնեմ ընտանիքիս։ Ստեփանակերտում թողեցինք նրա բոլոր աշխատանքները։ Դասերին զուգընթաց նա ուլունքներով պայուսակներ և այլ իրեր է պատրաստում։ Կարողանում է նաև վաճառքի հանել իր արտադրանքը, ունի հաճախորդներ։

Ալիսան չի կորցնում հույսը, որ մի օր կվերադառնա տուն

-Չեմ կարողանում հարմարվել հայրենազրկված լինելու մեջ։ Ամեն գիշեր մտքով Արցախում եմ, իմ տանը, երբ դեռ բացակա մարդ չկար։ Այդ հիշողություններն են ապրեցնում ինձ և հետդարձի հույս տալիս։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Փաշինյան․ մենք ընտրել ենք “ուտելիք լինելու” տարբերակը

Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը փորձել է «ապաշխարվել» եւ վերջակետ դնել 6 տարվա իր քաղաքականության այս փուլին։ Սակայն ինչպես այլ բաները, ապաշխարումը նույնպես կեղծ էր եւ թատերական՝ ենթատեքստով։ Էլ Արցախի հարցը 9-ամսեկան հղիության հետ համեմատել, էլ հայերին «ազգ-նահատակ» անվանել, էլ բանակի նշանակության զրույացում։ Ապաշխարության տեղ ստացվեց «мы старый мир разрушили», սակայն «мы свой, мы новый мир не построим»։

Չէ, Փաշինյանը իհարկե փորձել է ձեւացնել, որ եղածը քանդելու, Արցախը հանձնելու, Հայաստանը 29,8 ք/կմ-ի մեջ խցկելու փոխարեն ինչ-որ բան է կառուցել։ Բայց այդպես էլ չասաց, արդյո՞ք արտաքին միջավայրը ջունգլիներից վերածվել է վեգանների պարտեզի, եւ Հայաստանն առանց Արցախի կարող է գոյատեւել որպես «խոտակեր» պետություն եւ հետապնդել տնտեսական շահ։ Յա, իրո՞ք։ Գայլերն անհետացել են, իսկմնացածին կարելի է խափել։

Այն քաղաքականությունը, որն ինքը վարել է և վարում է, Փաշինյանի համոզմամբ, ոչ թե ճիշտ է կամ սխալ, այլ միակ հնարավոր տարբերակն էր, որը պետություն ունենալու շանս է տալիս։

«Ես 2 տարի առաջ այս ամբիոնից հայտարարել եմ, որ եթե մեզ հաջողվի 1-2 տարի պահել մեր պետականությունը, դա նշանակում է, որ մենք առաջիկա հարյուրամյակում պետություն ունենալու իրական հնարավորություն ենք ստեղծում։ Ահա 2 տարի անց ես կանգնած եմ խորհրդանում որպես վարչապետ և պետք է արձանագրեմ, որ միջնաժամկետում մեր դարավոր և ռազմավարան խնդիրը լուծված է։ Բայց մեզ չի կարելի ոչ մի վայրկյան թուլացնել մեր զգոնությունը», – հայտարարեց Փաշինյանը։

Նա համարում է, որ «պետությունը ունի կոնկրետ տարածք, պատասխանատվության կոնկրետ գոտի և գործում է միայն ու միայն այդ տարածքի, միայն ու միայն այդ սեփական պատասխանատվության տարածքի շահերին համապատասխան։ Իսկ այդ շահը տնտեսական զարգացումն է»:

Փաշինյանի ներկայացմամբ, պետք է ստեղծել անվտանգային մի համակարգ, որի առաջին գծում բանակը չէ. «Բանակից առաջ կան բուֆերներ, որո՞նք են այդ բուֆերները, օրինակ, տնտեսական փոխկախվածությունները, որից առաջ կա ուրիշ բուֆեր՝ միջազգային կանոնները, որի ոտնահարումներից այսօր բողոքում են բոլորը»:

Այս 2 տարվա մեջ աշխարհակարգում ոչինչ չի փոխվել՝ նույն գիշատիչ բարքերը, եւ այդ պայմաններում կամ պաշտպանվում ես՝ դիվանագիտությամբ, զենքով, ազգային ղեկավարությամբ, կամ ուտելիք ես դառնում։

Փաշինյանի այսօրվա հայտարարության ենթատեքստ այն մասին է, որ հայերը իր ղեկավարությամբ ընտրել են «խժռվելու» տարբերակը։ Եթե նախկին պաշտպանության համակարգով, Արցախով, «ազգ-բանակով» չի հաջողվել դիմակայել գիշատիչներին, հիմա շանսերը գրեթե զրոյացել են։

Դա է Փաշինյանի ասացի տրամաբանությունը։

“Այս պահին կազմակերպված տարհանումը Հալեպից անհնարին է”․ ՀՀ դեսպանատուն

Սիրիայում ՀՀ դեսպանությունն ու Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարում են՝ կազմակերպված տարհանումն այս պահին անհնարին է, բայց հայրենակիցներին օժանդակելու նպատակով ստեղծվել է թեժ գիծ (+ 963 96 000 36 22)։ Տեղեկությունը հայտնում է Սիրիայում ՀՀ դեսպանությունը։
«Այս պահին կազմակերպված տարհանումն անհնարին է: Հորդորում ենք Հալեպում և շրջակայքում բնակվող մեր հայրենակիցներին հնարավորինս զերծ մնալ տեղաշարժերից (միայն անհրաժեշտության դեպքում), իսկ քաղաքից դուրս գալու փորձերը այս պահին լիովին բացառել»,- ասված է դեսպանության հաղորդագրությունում:
Հայտնում են, որ ճշտվում են ցուցակները, թե ում անձնագրերն են պատրաստ, կան անձնագրային գործեր, որոնք դեռ գտվում են պատրաստման փուլում և Հայաստանում են: Փնտրվում են հնարավորություններ առկա անձնագրերը իրենց հասցեատերերին հանձնելու ուղղությամբ: Դիվանագիտական կառույցից ընդգծում են՝ իրավիճակի փոքր-ինչ կայունանացումից հետո կկապվեն հասցեատերերի հետ և կտեղեկացնեն, թե որտեղ և ինչպես կարող են ստանալ իրենց անձնագրերը:
Սիրիայում ՀՀ դեսպանությունից նշում են՝ այն հայրենակիցները, ովքեր դիմել են ՀՀ քաղաքացիության, բայց դեռ չեն ստացել անձնագրերը և հայազգի Սիրիայի քաղաքացիները, ովքեր ցանկանում են մեկնել Հայաստան՝ կարող են դիմել Դամասկոսում կամ Բեյրութում ՀՀ դեսպանություններ և հեշտացված կարգով ստանալ ՀՀ մուտքի արտոնագրեր (վիզաներ):
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը ներկայում արտակարգ ռեժիմով շարունակում է իր աշխատանքները Դամասկոսում ՀՀ դեսպանությունում։

Աբխազիայի խորհրդարանը դեմ է քվեարկել. Ռուսաստանը կշրջափակի՞ Սուխումը

Աբխազիայի խորհրդարանը դեմ է քվեարկել հանրապետությունում ռուսաստանյան իրավաբանական անձանց ներդրումային գործունեության մասին համաձայնագրի վավերացմանը։

Այս համաձայնագիրը հոկտեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրել են Աբխազիայի փոխվարչապետ Օզգանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։

Նոյեմբերի 15-ին Աբխազիայի խորհրդարանում պետք է տեղի ունենար պայմանագրի վավերացումը, սակայն այս համաձայնագրին դեմ հանդես եկող ընդդիմությունը բողոքի ցույցեր է կազմակերպել։ Արդյունքում հրաժարական են տվել Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան և վարչապետ Ալեքսանդր Անկվաբը։

Ինչպե՞ս կարձագանքի Մոսկվան Աբխազիայի՝ Ռուսաստանին «տնտեսապես» ինտեգրվելու դժկամությանը։ Մոսկվան արդեն խոստացել է դադարեցնել Աբխազիայի բնակիչներին կենսաթոշակների վճարումը, էներգետիկ աջակցությունը և այլն։ Մնույմ է ճանապարհների փակումն ու շրջափակումը։

Աբխազիայում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2025 թվականի փետրվարին, սակայն Արցախի Հանրապետության “սովի մատնելուց” եւ «լուծարմամբ» սկսված գործընթացների համատեքստում ընտրությունները կարող են չկայանալ։ Մոսկվան կփորձի «վերացնել» Աբխազիան որպես հանրապետություն՝ աբխազներին թողնելով ընտրություն՝ կա՛մ Վրաստան, կա՛մ Ռուսաստան։

Իսկ Վրաստանում տեղի ունեցող գործընթացների ֆոնին չի բացառվում, որ Մոսկվան ու Թբիլիսին համատեղ ջանքերով «կլուծարեն» Աբխազիան։ Էրդողանն էլ քավոր։

Եթե ​​Վիետնամի ամենահարուստ կանանցից մեկին չհաջողվի 9 միլիարդ դոլար հավաքել, նրան մահապատժի կենթարկեն

BBC

Վիետնամցի գործարար Տրուոնգ Մայ Լանը, որը երկրի ամենահարուստ կանանցից մեկն է, խարդախության գործով դատապարտվել է մահապատժի: Նա կարող է խուսափել մահապատժից, եթե վճարի 9 միլիարդ դոլար՝ իր խարդախությունից ստացած գումարի մի մասը:

68-ամյա Թրուոնգ Մայ Լանը մահապատժի է դատապարտվել ապրիլին։

Դատարանը պարզել է, որ 2011-2022 թվականներին նա Saigon Commercial Bank-ից ստացել է 304 տրիլիոն VND (մոտ 12,5 միլիարդ ԱՄՆ դոլար) վարկեր։ Սա Վիետնամի ՀՆԱ-ի գրեթե 3%-ն է 2022 թվականին։ Ընդ որում, նրա գործողություններից ընդհանուր վնասը գնահատվում է 27 մլրդ դոլար։

Վիետնամի օրենքների համաձայն, եթե տնտեսական հանցագործությունների համար մահապատժի դատապարտվածները վերադարձնեն գողացված միջոցների 75%-ը, նրանց կյանքը կփրկվի։

Այսպիսով, Truong My Lan-ը պետք է վճարի մոտ 9 միլիարդ դոլար՝ մահապատժից խուսափելու համար:

Վերաքննիչ բողոքի ընթացքում գործարար կնոջ պաշտպանությունը խնդրեց պատիժը փոխել ցմահ ազատազրկման։ Փաստաբանների կարծիքով, նրա համար շատ ավելի հեշտ կլինի հավաքել անհրաժեշտ գումարը, եթե մահապատժի սպառնալիքը չկախվի դատապարտյալի գլխին։ 9 միլիարդ դոլար հավաքելու համար Truong My Lan-ը պետք է վաճառի այնպիսի ակտիվներ, ինչպիսիք են Հո Չի Մին քաղաքում անշարժ գույքը, բաժնետոմսերը և շահերը բիզնեսներում և շինարարական նախագծերում:

«Նրա ունեցվածքի ընդհանուր արժեքը գերազանցում է պահանջվող փոխհատուցման չափը»,- BBC-ին ասել է նրա փաստաբաններից մեկը: «Սակայն դրանք վաճառելը մեծ ջանք ու ժամանակ է պահանջում. նրա ակտիվներից շատերը անշարժ գույք են, որոնք չեն կարող արագ վաճառվել»:

Շուշի այցելած Բաքվում ԱՄՆ դեսպանն առողջական խնդիրներ ունի

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հայտարարել է դիվանագիտական ծառայությունից հեռանալու մասին։

«Առողջական խնդիրները, որոնց մասին ես խոսել էի 2023 թվականին Սենատում կայացած լսումների ժամանակ, ցավոք սրտի, պահպանվում են։ Վերջին բժշկական հետազոտությունների արդյունքները վկայում են, որ եկել է տուն վերադառանալու և վերջապես սեփական առողջության վրա կենտրոնանալու ժամանակը», – նշել է Լիբբին։

«Ադրբեջանում դեռ շատ անելիք կա մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու, ինչպես նաև Հարավային Կովկասում հարատև, արժանապատիվ խաղաղության հասնելու համար», – նշել է Լիբբին։

Մարկ Լիբին 2020 թվականի պատերազմից հետո այցելեց Շուշի։ Իսկ այցից մի քանի օր առաջ «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում նա հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղ կամ հարակից տարածքներ մեկնելու մտադրություն առայժմ չունի: «Հասկանալի է, որ վերադարձված տարածքները մյուսներից տարբերվում են: Այստեղ շատ ավելի մեծ կոորդինացիա է հարկավոր, բացի այդ՝ ես չեմ ցանկանում որևէ մեկի կազմակերպած շոուի մաս դառնալ որևէ տեղ մեկնելով», – ասել էր ԱՄՆ դեսպանը:

Ստեփանակերտի վերականգնողական կենտրոն. առաքելությունը՝ օգնել, աջակցել, բուժել

1992 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 47/3 բանաձեւով դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր, որոնց թիվը, ցավոք, տարեցտարի ավելանում է աշխարհում։

2023 թվականի էթնիկ զտումների հետևանքով Արցախը լքած փախստականների թվում զգալի թիվ են կազմում ամենախոցելի կատեգորիաների ներկայացուցիչները՝ Արցախյան չորս պատերազմների մասնակիցներ, վիրավորներ, Ստեփանակերտի վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով վիրավորներ, հաշմանդամություն ունեցող անձինք և այլն։

25 տարի շարունակ Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան Վերականգնողական կենտրոնը զբաղվում է Արցախի բնակչության վերականգնմամբ՝ մատուցելով ծառայությունների լայն շրջանակ։

Արցախից բռնագաղթումից որոշ ժամանակ անց կենտրոնի մասնագետները՝ տնօրեն և հիմնադիր, Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանի գլխավորությամբ, բացեցին հասարակական կազմակերպություն։

«Հասարակական կազմակերպություն բացելու գաղափարն առաջացել է Երևանի այրվածքների կենտրոն առաջին այցելությունից հետո, որտեղ բուժվել են Ստեփանակերտի վառելիքի պահեստում պայթյունից տուժած մեր հայրենակիցները։ Հաշվի առնելով նրանց հետագա և երկարատև վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաև վերականգնողական և բժշկական օգնության բազմաթիվ խնդրանքները՝ մենք որոշեցինք բացել «Ք․Քոքսի վերականգնողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը։

Այս կազմակերպության կազմում մեր անձնակազմը արդեն իրականացնում է տնային այցեր՝ հիվանդներին տրամադրելով բժշկական պարագաներ և անհրաժեշտ խորհրդատվություն: Մեր մասնագետներն աշխատում են Երևանի այրվածքների կենտրոնում՝ օգնելով կենտրոնի բուժանձնակազմին վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով տուժածների վերականգնման գործում։ Հաշվի առնելով աուտիզմի համախտանիշով երեխաների հետ աշխատելու մեր արցախյան փորձը՝ մենք Լուսե վերականգնողական կենտրոնի հետ համատեղ իրականացնում ենք աուտիզմով երեխաներին հասարակությանը ինտեգրելու նախագիծ։

Բարոնուհի Քերոլայն Քոքսի, ինչպես նաև այլ բարերարների աջակցությամբ մեզ բախտ վիճակվեց գնել շենք և ստանալ նոր հասցե՝ Եղվարդ, Նար Դոսի փ․, 44։ Շենքը կապիտալ ​​է, բայց ոչ պիտանի հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ուստի անհրաժեշտ է վերակառուցում, որը կապված է լրացուցիչ միջոցների որոնման հետ։

Վերակառուցման ավարտից հետո կենտրոնը կրկին իր դռները կբացի բոլորի համար, ովքեր վերականգնման կարիք ունեն։ Կենտրոնը կդառնա մի վայր, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են վերականգնողական փուլ անցնել, նոր մասնագիտություն գտնել, դառնալ ավելի անկախ և ինտեգրվել հասարակությանը»,- ասաց Վարդան Թեդևոսյանը։

Վերականգնողական կենտրոնի վերածնունդը շատերի նվիրական երազանքն է, և հուսով ենք, որ այն կիրականանա գալիք տարում։

Արսեն Աղաջանյան

Թրամփը խոստանում է «իսկական դժոխք» Մերձավոր Արևելքում

ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին ժամանակ է տվել մինչև 2025 թվականի հունվարի 20-ը, որպեսզի ազատ արձակեն բոլոր հրեա պատանդներին, հակառակ դեպքում նա նրանց խոստանում է «իսկական դժոխք»։ Այս մասին երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Truth Social-ի իր էջում գրել է նա։

Թրամփը դժգոհել է նրանից, որ շուրջբոլորը պարզապես խոսում են պատանդների մասին, բայց ոչ ոք քայլեր չի ձեռնարկում նրանց ազատելու համար, ինչի պատճառով Թրամփը ահաբեկիչներին կոչ է անում շուտափույթ ազատ արձակել բոլոր պատանդներին, հակառակ դեպքում՝ պատասխանը չի ուշանա: 2025 թվականի հունվարի 20-ից հետո Մերձավոր Արևելքում «դժոխք» կլինի ողջ մարդկության դեմ կատարվող վայրագությունների հետևում կանգնածների համար, ասել է նա:

«Պատանդները» և ՀԱՄԱՍ-ը լավ քողարկող ծածկույթ են Մերձավոր Արևելքի վերաբաշխման և այն Իրանի և շիա ուժերի վերահսկողությունից Իսրայելի վերահսկողության տակ փոխանցելու համար: Թուրքիան փորձում է «միջամտել» Սիրիայում և ստանալ իր բաժինը։ Էրդողանը, ով Նեթանյահուին ցեղասպան է անվանում, Սիրայում օգնում է նրան կոտրել «շիական աղեղը»։

Արրանի և Թուրանի՝ նստակյաց և քոչվոր ուժերի պատերազմը տևում է դարեր և կավարտվի նստակյաց-բնիկ ժողովուրդների ոչնչացմամբ, ինչը հիմա տեղի է ունենում Մեծ Մերձավոր Արևելքում:

Մենք պետք է մեր սուբյեկտայնությունը պահենք՝ դրանից բխող ճանապարհային քարտեզով

Step1.am-ի զրուցակիցն է Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի  Կարապետյանը։

-Պարոն Կարապետյան, արցախցիները ինչո՞ւ չեն կարողանում համախմբվել, ի՞նչ աշխատանք պետք է տարվի, որպեսզի մարդիկ համախմբվեն ու առաջ տանեն իրենց իրավունքներին առնչվող հարցերը։

-Ամեն ինչ ասված է, ամեն ինչ գրված է, Աստծու կողմից ամեն ինչ տրված է։ Ասված է՝ նայելու եք, չեք տեսնելու, լսելու եք, չեք ընկալելու։ Ժամանակին Ղարաբաղում էլ ենք ասել, թե որը որից հետո է, չեն լսել։ Կան պարզ բաներ, որոնք եթե չես անում, ընկնում ես ցեխը։ Ազգային գաղափարախոսություն չունես, պատմությունդ չգիտես, լեզուդ չգիտես, դաստիարակության պակաս ունես, վարի ես գնում։  Այնքան պարզ բաներ են, որ մեկ-մեկ զարմանում եմ՝ ինչո՞ւ, սա պետք է մարդկանց բացատրե՞լ։ Ես միշտ հնարավորություն եմ ունեցել իշխանության մեջ լինելու, բայց այնքան հոգնել եմ մարդկանց պարզ բաներ բացատրել, դրա համար որեւէ ցանկություն չունեմ։

Բայց մյուս կողմից էլ, դա իմ պարտքն է, որովհետեւ ես փորձ ունեմ, որը պետք է փոխանցեմ։ Միասնությունն այս պարզ լուծումները չիմանալով՝ չի լինում։ Եթե միացնող բան չկա, միասնություն չի լինելու, դա սուտ գաղափար է։ Իսկ եթե մարդ հասկանում է, որ ինքը պետք է միանա, ինքը պետք է հասկանա, թե ինչ է ուզում, կողքինն ինչ է ուզում։ Եվ ինքը կարող է միայն միանալ այն գաղափարի հետ, որն իրեն հոգեհարազատ է։

Ամենամեծ խնդիրն այն է, թե ինչի՞ շուրջ ենք համախմբվում, ի՞նչ ենք ուզում։ Միասնությունը լինում է այն ժամանակ, երբ միտքը վեր է ածվում խոսքի ու գործի։ Եվ ի վերջո գործով ստեղծվում է միասնություն։ Ղարաբաղցիների պարագայում դա մի քիչ հեշտ է, որովհետեւ մենք այսօր այն վիճակում ենք, որ մարդիկ հասկացել են, թե ինչ են կորցրել։ Մինչեւ չես կորցնում, դրան վերաբերվում ես որպես մի բանի, որն արժեք չունի, դրա համար չես պայքարում։

Այս նոր սերունդն ինչո՞ւ պարտվեց, որովհետեւ չկարողացանք այս նոր սերդին դաստիարակել։ Նոր սերունդը չիմացավ, թե այդ ոնց եղավ, որ իրենք ազատություն ունեցան, պետություն ունեցան։ Ինչո՞ւ եմ ասում՝ ղարաբաղցիների պարագայում միավորվելը հեշտ է, որովհետեւ գրեթե բոլորն ուզում են վերադառնալ Ղարաբաղ։ Այդ վերադարձն այսօր մեր գերխնդիրն է։ Հիմա մենք ղարաբաղցիներին պետք է հասկացնենք, թե այդ ազգային գաղափարին ոնց պետք է հասնենք։ Այդ իմաստով հեշտ է, որովհետեւ խնդիր կա, եւ ոչ Նիկոլը կարող է ճնշել այդ պահանջը, ոչ էլ աշխարհը։ Մի մասին կարելի է ճնշել, բայց դա օգուտ չի տա։ Ջհուդները մինիմում 2000 տարի այդ հույսով ապրում էին եւ Իսրայել ստեղծեցին։ Իսկ հիմա, երբ ժամանակները խտացել են, դա 2000 տարի չի տեւի, մի քանի տարի է տեւելու մաքսիմում։ Դրա համար, ով հիմա փորձի ղարաբաղցիներին ճնշել, նրանց հորդորում եմ՝ մի տանջվեք, մեկ է, պարտվելու եք, գործ չունեք։ Կարողանում եք, սատարեք, չեք կարողանում, մի կողմք անցեք, որ կատոկի տակ չընկնեք։ Իմ կատոկի տակ չէ, Աստծո կատոկի մասին է խոսքը։

Այսինքն՝ դուք Արցախ վերադարձի հնարավորությունը տեսնո՞ւմ եք։

-Իհարկե, ես տեսնում եմ, որ մենք վերադառնալու ենք, ես գիտեմ դա։ Երբ աշխարհը սկսի քանդվել, կերեւա, թե ինչ ճանապարհեվ ենք վերադառնալու, հիմա որ ասեմ, չեն հասկանա։ Մենք որպես տեր ենք գնալու այնտեղ, ոչ մի Ադրբեջան, ոչ մի բան։ Մարդկանց ասում եմ, զարմանացած նայում են, թե այս ինչ եմ ասում։ Այն, ինչ Ղարաբաղում կատարվել է, Հայաստանում էլ է կատարվելու, այնտեղ փորձ են արել հայության վրա։ Մարդկանց թվում է, թե դա միայն Ղարաբաղի խնդիրն էր, բայց հայության խնդիրն է դրված։ Ղարաբաղը Հայաստանի մասն ու հայության մասն է։ Բայց մեզ կարողացել են բաժանել ու պառակտել։

-Արցախցիներն ասում են՝ մինչեւ միջազգային երաշխիքներ չլինեն, վերադարձն իրատեսական չէ, ի՞նչ կասեք դուք։

-Դա սուտ գաղափար է, դա նույն պատրանքն է, որ ռուսը մեզ փրկելու է։ Հիմա էլ ասում են՝ Արեւմուտքն է փրկելու։ Բայց մեզ ոչ ոք չի փրկելու, մեզ փրկելու է Աստված, եթե մենք դառնանք դեպի իրեն։ Դրա համար մի օր պետք է բոլորս դա հասկանանք ու ապաշխարհենք։

-Ի՞նչ ներուժ ունենք մենք այսօր։ Պատերազմից հետո իշխանությունն անընդհատ հասարակությանը ներարկում է, որ մենք թույլ ենք, պարտված ենք։ Մենք գիտենք, որ 1990-ական թվականներին էլ մեծ ռեսուրս չունեինք, բայց ինչպե՞ս հաղթեցինք։

-Մենք առաջին պատերազմում եւ հաղթել ենք, եւ չենք հաղթել․ հաղթել է ժողովուրդը, պարտվել է իշխանությունը։ Այն, որ որեւէ ռեսուրս չունեինք, ամենալավը ես գիտեմ։ Բայց մենք չպարտվեցինք, որովհետեւ 4 տարի կարողացանք ժողովրդի մեջ ազգային գաղափարախոսություն մտցնել ու պատրաստել կռվի։ Նժդեհն ասել է՝ հաղթանակի տաճարը նախ քո հոգու մեջ պետք է կառուցես։ Եթե դու ներքուստ համոզված ես, որ չես պարտվելու, չես պարտվի, կհաղթես։ Ի՞նչ է արվում հիմա՝ զոռով փորձում են մեզ համոզել, որ մենք որեւէ շանս չունենք, պարտված ենք։ Մենք 1988 թվականից պատերազմի մեջ ենք եւ հիմա էլ ենք պատերազմի մեջ, մարդիկ դա չեն հասկանում։ Մենք 1990-ականներին որեւէ շանս չունեինք հաղթելու, ոչ զենք ունեինք, ոչ զինամթերք, ոչ հրամանատար։ Բայց ունեինք պատրաստակամություն՝ գնալ ու կռվել, ընկերոջը չթողնել մենակ։ Իսկ դա Աստծո շնորհ է, Աստված մեզ կրեդիտով հաղթանակ տվեց, իսկ մենք այդ կրեդիտը չվերադարձրեցինք։ Այդ իներցիայով մենք հաղթել ենք, որովհետեւ եթե մենք իրականում հաղթեինք, հիմա այլ իրավիճակում կլինեինք, հիմա Ադրբեջանի կեսը կլիներ մերը, դրա հնարավորությունը մեկից մեկ էր։ Բայց 1992 թվականից այդ ազգային գաղափարախոսությունը ջարդեցին։

Ինչն է նպաստում միասնությանը եւ ինչը չի նպաստում, սա եթե տարբերակենք, պարզ կլինի, թե ինչ են արել ու հիմա ինչ են անում։ Օրինակ՝ եթե տրանսպրոտի ուղեվարձը բարձրացնում են, ի՞նչ հարց են լուծում։ Ամենամեծ հարցը, որը լուծում են, այն է, որ մենք իրար հետ էլ չենք կարող շփվել, որովհետեւ ես չեմ կարող ամեն օր գնալ հասնել իմ երեխային, որն, օրինակ, ապրում է Չարբախում։ Այսինքն՝ մարդկանց միջեւ կապ է կտրվում։ Երբ հարցնում եք՝ ի՞նչ անել, մենք պետք է նախ հասկանանք, թե ինչն է խանգարում մեր միասնությանը։ Եվ ամեն ինչ դառնում է շատ պարզ։ Ասացի՝ արցախցիների դեպքում կարեւորն այն է, որ մենք ուզում ենք վերադառնալ Արցախ։ Դրան ի՞նչն է նպաստելու, այն, որ մենք կարողանանք իրար կողքի կանգնել, կարողանանք մեր սուբյեկտայնությունը պահել։ Համայնքների այս խոշորացումն ի՞նչ նպատակ ունի, որ մարդկանց սուբյեկտայնությունից կտրեն։ Գյուղը, որը նախկինում գյուղ էր, հիմա ինչ-որ անհասկանալի մեծ համայնք է։ Սովետի տարիներին դա արել են, տեսել ենք, Ղարաբաղում որոշ գյուղեր այդպես ոչնչացան։

Իմ կարծիքով՝ առաջին հերթին գործողություններ պետք է անենք, որոնք չեն հակասում Աստծուն։ Հակասեց, չի ստացվելու։ Այս ամենն այնքան պարզ է, ուղղակի գործել է պետք։ Հիմա ասում են՝ եկեք միանանք ու առաջ շարժվենք, բայց մի հատ անալիզ արեք, տեսեք ինչ է եղել, եւ ով է մեղավոր։ Հասկանանք, թե որ գործողությունների շարքը մեզ բերեց այս օրվան, որ էլ չկրկնենք։ Եթե ինչ-որ մեկը մեծ-մեծ խոսում է, ինքը չի կարող լավ բաներ անել, եթե չապաշխարհի։

Ազգերը ստեղծել է Աստված, ասել է՝ ժողովրդին բաժանեցի ազգերի եւ տվեցի իրենց լեզուն ու տարածքը, որտեղ իրենք պետք է գտնեն իրենց ճշմարիտ Աստծուն։ Այն տարածքը, որը մեզ տրվել է, դա մեր ուխտն է Աստծո հետ, որը մենք մեր մեղքերի պատճառով չպահեցինք եւ զրկվեցինք դրանից։ Կռիվն այս աշխարհում մարդու կամքի վրա է, եթե մեր կամքին տիրեցին, ինչ ունես, տալու ես։ Հարստությունը ոսկին չէ, նավթը չէ, եթե մարդը կամազուրկ եղավ, նավթն էլ է քեզ տալու, ոսկին էլ, այնպես, ինչպես Ղարաբաղը տվեցին, հիմա էլ Հայաստանն են տալիս։ Հենց կամազրկվեցին, տալու են։

-Հիմա մեզ մոտ մի գործընթաց է, որ իշխանությունն է մարդկանց կամազրկում ու նախապատրաստում հերթական զիջումներին։

-Այո, այդպես է։ Ես միշտ ասել եմ՝ այս իշխանությունն ինչքան քիչ խոսի, այնքան լավ։ Ինչքան խոսում են, այնքան հարցեր են առաջանում՝ լավ, այս ի՞նչ պետություն ենք ուզում սարքել։ Լավ, եթե դու ինձ չես սիրում, մեր հայրենիքը չես սիրում, կարո՞ղ ես լավ բան անել։ Ինչի՞ հիման վրա կարող ես լավ բան անել, օրենքի՞, օրենքն ամեն օր փոփոխում են։ Այս 100 տարվա մեջ հազար օրենք փոխվեց, մի հատ փաստաթուղթ ցույց տվեք, որ ստորագրված է մեր մասին ու հայերի մասին, գործել է։

Բայց եթե կարճ ձեւակերպենք՝ Ղարաբաղը սուրբ հող է, եւ Աստված մեզ այնտեղից քշեց, որ մենք մեր սխալներն ընդունենք, ըստ Աստծո խոսքի կարողանանք մեր ծրագրերը կազմել ու ոտքի կանգնել։ Բոլորն ապշած են, ոչ ոք չէր սպասում, որ ղարաբաղցիները բոլորը դուրս կգան, այդտեղ Աստծո մատն է խառը։ Եվ ցույց տվեց ղարաբաղցիներին, որ այն, ինչ սարքել եք, հիմա ձերը չէ, թե ինչու ձերը չէ, գնացեք մտածեք։ Հենց հասկացաք, թե ինչու ձերը չէ, հետ է գալու ձեզ։ Բայց Աստված մեր ձեռքերով է գործում, այնպես չէ, որ հույսներս պետք է դնենք Աստծո վրա ու ոչինչ չանենք։ Դրա համար պետք է ճգնենք, տքնենք ու վերադառնանք։ Ես շատ իրատեսական բաներ եմ ասում, ինձ թվում է՝ Աստված այս 100 տարվա մեջ մեզ ամեն ինչ ցույց է տվել, ամեն ինչ տեսել ենք, պետք է հասկանանք, թե ինչու այդպես եղավ։ Բայց մենք չենք ուզում հասկանալ, եթե չենք ուզում հասկանալ, առանց հայրենիք էլ կմնանք։

Մենք պետք է մեր սուբյեկտայնությունը պահենք՝ դրանից բխող ճանապարհային քարտեզով։ Մենք հիմա փորձում ենք միասնություն ստեղծել, աշխատանք ենք իրականացնում, կստացվի։ Փորձում ենք հասկանալ՝ ով որտեղ է, ինչ է մտածում։ Հիմա տարբեր թեզեր կան՝ ջնջենք, մոռանանք։ Չի լինի ջնջել ու մոռանալ, ներել կլինի, բայց ջնջել ու մոռանալ չի լինի։ Ամենալավ զինվորը քրիստոնյա զինվորն է։ Իսկական քրիստոնյան, բացի նրանից, որ աղոթում է, պետք է նաեւ միշտ պատրաստ լինի խորը հավատով ու զենքով պաշտպանել իր հայրենիքը:

Ռոզա Հովհաննիսյան

Երեւանում ավտոբուսի վարորդները գործադուլ են հայտարարել

Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում այսօր վաղ առավոտից գործադուլ է: Վարորդներից մի քանիսը «Ազատության» հետ զրույցում ասացին, որ գործադուլի պատճառը իրենց աշխատանքային պայմաններն ու աշխատավարձային քաղաքականությունն է, որ չի փոփոխվել:

Գործադուլի պատճառով շատ ավտոբուսներ դուրս չեն եկել երթուղիներ, վաղ առավոտից կանգառները մարդաշատ են:

Երեւանի քաղաքապետի խոսնակն արձագանքելն է Երեւանում ավտոբուսների վարորդների գործադուլին:

Նա, մասնավորապես, գրել է. «Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛  գործընկեր,

այսօր առավոտյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ առանց որևէ նախնական ծանուցման հրաժարվել են դուրս գալ երթուղիներ՝ ըստ էության փաստի առաջ կանգնեցնելով առավոտյան աշխատանքի և այլ վայրեր շտապող տասնյակ հազարավոր քաղաքացիների։

Ինչպես գիտեք, վերջին ամսվա ընթացքում հանրությանը պարբերաբար առիթ ենք ունեցել հայտնելու, որ միասնական տոմսային համակարգի ներդրմանը զուգահեռ էականորեն կրճատվել է ստվերային շրջանառությունը, և այս գործընթացը շարունակական է լինելու։

Չնայած վարորդների կողմից բարձրացված աշխատանքային բնույթի հարցերը պարբերաբար լուծում են ստացել, ինչպես նաև վարորդներին հայտնել են, որ ստվերային շրջանառության կրճատմանը զուգընթաց բարելավվելու են աշխատանքային պայմանները, այնուհանդերձ, ինչպես վերը նշվեց, մեծ թվով վարորդների կողմից հերթական անգամ առաջ են քաշվում անտրամաբանական պահանջներ, որոնք զուգորդվում են շանտաժի դրսևորումներով։

Ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ վարորդների ամսվա ընթացքում 15 օրվա համար վարձատրությունն առանց հարկերի (մաքուր աշխատավարձ) կազմում է

  • MAN – 401,500 ՀՀ դրամ,
  • Zhong Tong – 309 500 ՀՀ դրամ,
  • Gazel City – 219,500 ՀՀ դրամ:

Հարկ ենք համարում հատուկ շեշտել․ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանվում է, որ քաղաքային հասարակական տրանսպորտի կազմակերպության աշխատակիցները, գործադուլ իրականացնելու մասին առնվազն 14 օր առաջ պարտավոր են ծանուցել այդ մասին և անգամ այդ դեպքում պարտավոր են գործադուլի ընթացքում ապահովել նվազագույն պայմաններ, որոնք անհրաժեշտ են հասարակության անհետաձգելի կարիքները բավարարելու համար։

Տեղեկացնում ենք նաև, որ վերոնշյալ գործողություններին տրվելու է գնահատական աշխատանքային օրենսդրության շրջանակներում, ինչպես նաև դիմելու ենք պատկան մարմիններին՝ վերոնշյալ արարքներին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով»: