Ի՞նչ անել 150 հազար մարդու հետ, ովքեր ոչ մի տեղ չեն ինտեգրվում և ցանկանում են ապրել իրենց պապերի երկրում

Անցնող շաբաթը նշանավորվեց արցախցիների հետ կապված ուշագրավ իրադարձություններով:

Նախ հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը հայտարարեց նոյեմբերի 30-ի հանրահավաքի մասին, հետո բառացիորեն հանրահավաքի նախորդ օրը հայտարարեց դրա չեղարկման մասին։ Իսկ ուրբաթ օրը “Հայաստան” խորհրդարանական խմբակցությունը քննարկումներ հրավիրեc Արցախի ժողովրդի քաղաքացիության հարցով։

Զուգահեռաբար տեղի են ունեցել ինքնակազմակերպման և Արցախի հասարակական-քաղաքական միավորների միջև կապեր հաստատելու լատենտ փորձեր, որոնք մինչ այժմ անպտուղ էին։

Այս ամենը տեղի է ունեցել արցախցիների բնակաապահովման ծրագրի ձախողման, ՀՀ քաղաքացիություն ստանալու դժկամության, ինչպես նաև արցախցիներին ՀՀ կառավարության կողմից ուղղակի ֆինանսական աջակցությունը նվազեցնելու և Արցախի հիմնախնդիրների Հայաստանի քաղաքական օրակարգում իսպառ բացառման ֆոնին։

Այսպիսով, խորհրդարանում տեղի ունեցավ քննարկում, որի իմաստը լրատվամիջոցները վերնագրեցին “ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը հայտարարել է, թե քաղաքացիության ընդունումը չի կարող խոչընդոտել Արցախ վերադարձին”, քանի որ բռնի տեղահանման փաստն արձանագրվել է Հայաստանի կառավարության և Արդարադատության միջազգային դատարանի կողմից։ Միաժամանակ սոցցանցերում տարածվեց փաստաբան Սիրանուշ Սահակյանի կարծիքը, ով ասում է, որ ՀՀ քաղաքացիությունը, իհարկե, չի խանգարի վերադարձին, բայց ՀՀ քաղաքացիություն ընդունած արցախցիները կզրկվեն քաղաքական ինքնորոշման գործընթացին  մասնակցելու իրավունքից։ Այսինքն՝ հնարավոր կլինի վերադառնալ, բայց «Ադրբեջան», և ոչ թե Արցախ, որի կարգավիճակը կանխորոշված ​​չէ։

Նոյեմբերի 30-ի հանրահավաքը պետք է «սոցիալական» լիներ։ Այն բանից հետո, երբ Լիաննա Պետրոսյանը հայտարարեց հանրահավաքի մասին՝ նախապես առցանց հարցումներ կատարելով և լայքեր ստանալով, երկու հանդիպում տեղի ունեցավ նրա եւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ու երկու փոխնախարարների միջեւ։ Երկրորդ հանդիպումից հետո Լիաննա Պետրոսյանը հրապարակեց ՀՀ կառավարության առաջարկները, որոնք բնակաապահովման ծրագրում մի շարք «զիջումներ» են պարունակում։ Նա նաև կառավարության անունից կոչ արեց Արցախի ժողովրդին ներկայացնել ողջամիտ առաջարկներ, որոնց վերաբերյալ կառավարությունը, իբր, բաց է քննարկման համար։ Բայց այսպես թե այնպես հանրահավաքը չեղարկվեց, ինչը հիասթափություն առաջացրեց արցախյան հասարակության մեջ։

Ինչո՞ւ չեղարկվեց հանրահավաքը, և ինչո՞ւ իշխանությունը հանկարծ որոշեց կապ հաստատել Արցախի ժողովրդի հետ, նույնիսկ համաձայնելով ինչ-որ բան փոխել իր ծրագրում, որոնք մինչ օրս թափանցիկ չեն։

Բազմաթիվ արցախցիներ պատրաստվում էին հանրահավաքում բարձրացնել քաղաքական հարցեր՝ կարգավիճակ, ինքնորոշում, իրավական կարգավորումներ, առանց որոնց սոցիալական հարցերը չեն կարող լուծվել։ Բացի այդ, արցախցիներն ավելի ու ավելի համառորեն սկսեցին հարցեր տալ՝ որտե՞ղ են դոնորների կողմից բնակարանային և այլ ծրագրերի համար հատկացվող գումարները։ Ինչո՞ւ չի ստեղծվում մեկ հիմնադրամ՝ հոգաբարձուների խորհրդով հանդերձ, որը կորոշի Արցախի ժողովրդին աջակցելու առաջնահերթությունները։ Չէ՞ որ ստացված միջոցների և դրանց օգտագործման մասին տեղեկատվության բացակայությունը կոռուպցիոն կասկածներ է առաջացնում, ինչի մասին արդեն խոսում են միջազգային դոնորները։ Թե՞ իշխանությունը ուզում է թաքուն տնօրինել փողերը եւ գործ չունենալ այն օրինական մարմնի հետ, որն առաջարկում է ստեղծել Արցախի ժողովուրդը՝ իր հավաքական շահերը ներկայացնելու և հավաքական իրավունքները պաշտպանելու համար։ Չէ որ տեղահանությունը կոլեկտիվ էր, լուծումներն էլ պետք է կոլեկտիվ լինեն, ոչ թե “ընտանեական”։

Այսպես թե այնպես իշխանությունը նախընտրեց բանակցել Լիաննա Պետրոսյանի հետ, ով հետագայում ստիպված էր արդարանալ, թե ինչու են ընտրել իրեն։ Չնայած մինչ այդ նա իր էջում հարցում է անցկացրել, որի արդյունքում ստացել է «վստահության քվե»։ Բայց ակնհայտ է, որ շատ արցախցիներ չեն հասկանում, թե ինչ սկզբունքով են ընտրվում իրենց անունից խոսողները, նույնիսկ ամենասրտացավ եւ բանիմաց։

Այսպես թե այնպես նոյեմբերի 30-ի հանրահավաքը չկայացավ, լեգիտիմ հավաքական մարմնի հարցը չլուծվեց, և խորհրդարանական ընդդիմությունն ամեն ինչ արեց, որ արցախցիների քաղաքացիության հարցերը իշխանության հայտարարություններով «փակվեն»։

Անցած մեկուկես տարվա ընթացքում երկու անգամ գլոբալ պլանները «ինտուիտիվ» խափանած արցախցիները հայտնվեցին ոչ միայն առանց ապրելու, այլև առանց քաղաքական տանիքի, առանց մարդկանց շահերն ու իրավունքները ներկայացնող օրինական մարմինների։

2023 թվականին արցախցիները, առանց բացառության, լքեցին իրենց տները՝ ինտուիտիվ հասկանալով, որ եթե գոնե մի քանի հարյուր մարդ մնա, դա կհամարվի «ինտեգրում Ադրբեջանի հետ», իսկ Արցախի հարցը կփակվի։ Հիմա արցախցիները նույնպես ինտուիտիվ չեն շտապում ՀՀ քաղաքացիություն ընդունել, քանի որ հասկանում են, որ դա լինելու է Հայաստանի հետ «ինտեգրում»՝ դարձյալ Արցախի հարցի փակմամբ։

Արցախցիների այս երկու գործողությունները գլխացավանք դարձան ոչ միայն Ալիևի, Փաշինյանի և Պուտինի, այլև «համաշխարհային հանրության» համար, որը ցանկանում է արագ կոծկել Արցախի հարցը, բայց չգիտի ինչ անել 150 հազար մարդու հետ, որոնք ոչ մի տեղ չեն ինտեգրվում և ցանկանում են ապրել իրենց նախնիների հողի վրա՝ ինքնորոշման իրավունքով և անվտանգության երաշխիքներով։

Նաիրա Հայրումյան

2025 թվականի հունվար ամսվա ոչ աշխատանքային օրերը

Հայտնի են 2025 թվականի հունվար ամսվա ոչ աշխատանքային օրերը:

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝

Ամանոր և Ծննդյան տոները  նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ։

Հունվարի 6-ին նշվում է Սուրբ Ծննդյան և Հայտնության օրը, որը նույնպես ոչ աշխատանքային օր է։

Ոչ աշխատանքային օր է նաև հունվարի 28-ը՝ Բանակի օրը։

Ջո Բայդենը երկու քրեական գործով ներում է շնորհել որդուն՝ Հանթեր Բայդենին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկու՝ զենքի խախտման և հարկերից խուսափելու գործերով, ներում է շնորհել իր որդուն՝ Հանթեր Բայդենին։

«Այս պաշտոնում իմ առաջին օրվանից ես ասացի, որ չեմ միջամտի Արդարադատության նախարարության որոշումներին։ Ես պահեցի իմ խոստումը, նույնիսկ այն ժամանակ, երբ տեսա, թե ինչպես են իմ որդուն ընտրողաբար և անարդարացիորեն հետապնդում», – ասված է Բայդենի հայտարարությունում։

Սեպտեմբերին Հանթեր Բայդենն ընդունել էր իր մեղքը դաշնային հարկերի գործով, որով նրան սպառնում էր մինչև 17 տարվա ազատազրկում և մինչև 450 հազար դոլար տուգանք։ Դատավճիռը նշանակվել էր դեկտեմբերի 16-ին: Դատավարությունից հետո հրապարակած հայտարարության մեջ Հանթեր Բայդենը բացատրել էր, որ իրեն մեղավոր է ճանաչել՝ խնայելու իր ընտանիքին դատարան գնալուց։

Հունիսին դատարանը 54-ամյա Հանթեր Բայդենին մեղավոր էր ճանաչել ապօրինի կերպով հրազեն գնելու համար։ Նա, մասնավորապես, մեղադրվում էր, 2018 թվականի հոկտեմբերին ատրճանակ ձեռք բերելիս ստելու համար, թե թմրանյութեր չի օգտագործում։ Սակայն մեղադրանք առաջադրած հատուկ դատախազ Դեյվիդ Վայսը նշել էր, որ նա այդ ժամանակ պայքարել է կոկաինից կախվածության դեմ ու պնդել, թե ԱՄՆ նախագահի որդին թմրանյութ օգտագործելիս հրազեն է ունեցել։

Այս գործով Հանթեր Բայդենին 25 տարվա ազատազրկում էր սպառնում և 750 հազար դոլար տուգանք։ Դատավճիռը սպասվում էր դեկտեմբերի 12-ին։

Արթուր Առուշանյան. Այսպիսով, ինձ հաջողվեց պատրաստել Եվրոպայի երկու չեմպիոն, և ինքս հերթական անգամ նվաճեցի աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Կյանքում հաղթելու համար առաջին հերթին պետք է ունենալ կոշտ կորիզ՝ բնավորություն, որի շնորհիվ կարող ես հաղթահարել բոլոր անհաջողությունները։ Գլխավորը ինքդ քեզ վստահելն է։

Հենց այսպես կարելի է բնութագրել Եվրոպայի ու աշխարհի բազմակի չեմպիոն, Կիոկուշին կարատեի սև գոտի Արթուր Առուշանյանին։

Ծնվել է 1993 թվականի դեկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգում։ 2000 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է հայրենիք՝ Արցախ։ Ավարտել է Ստեփանակերտի թիվ 3 դպրոցը և ընդունվել Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտ։

Արթուրը մանկուց սեր ուներ սպորտի նկատմամբ։ Նա սրտի հետ կապված խնդիրներ ուներ, սակայն սպորտով զբաղվելն օգնեց հաղթահարել հիվանդությունը։

Արթուրի առաջին լուրջ ձեռքբերումը 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հաղթանակն էր, որտեղ նա գրավեց առաջին տեղը, իսկ երկու ամիս անց՝ 2011 թվականի դեկտեմբերին Մոսկվայում կայացավ աշխարհի առաջնությունը, որտեղ նա դարձավ բրոնզե մեդալակիր, և նրա հետագա հաջողությունները կարելի է թվարկել անվերջ:

2011-2013 թվականներին ծառայել է Արցախի պաշտպանության բանակում։ Արցախյան երեք պատերազմի մասնակից. եղել է Արցախի կարատեի հավաքականի գլխավոր մարզիչը։ Անգամ արցախյան շրջափակման անտանելի պայմաններում նա չդադարեց աշխատել՝ պատրաստելով նոր չեմպիոններ։

«Մեր սերունդը մեծացել է արցախյան ազատամարտի լեգենդար հերոսների սխրանքներով, ինչպիք են  Դուշման Վարդանը, Աշոտ Ղուլյանը, Մոնթե Մելքոնյանը։ Ահա թե ինչու 2016 թվականին, հենց որ սկսվեց ապրիլյան պատերազմը, ընկերներիցս շատերը շտապեցին ինքնակամ պաշտպանել իրենց հայրենիքը։ Այդ ժամանակ սովորում էի Երեւանում։ Պատերազմի մասին լուրը լսելով՝ թողեցի ուսումս ու համալրեցի կամավորների շարքերը։ Ինձ ուղարկեցին Մադաղիս գյուղ, որտեղ ծառայեցի մինչև 2016 թվականի մայիսը։ Չնայած այն հանգամանքին, որ, ըստ պաշտոնական վարկածի, պատերազմն ավարտվել է ապրիլի 4-ին, շփման գծի տարբեր հատվածներում տեւական ժամանակ շարունակվել են տեղական բախումները։

Ապրիլյան պատերազմը դարձավ իմ առաջին մարտական ​​փորձությունը. հենց այդ ժամանակ ես իսկապես հասկացա, թե ինչ գնով է վերանվաճվել դարավոր Արցախը, որտեղ ամեն մի թիզ հողի համար արյուն է թափվել։ Իսկ որտեղ արյուն է թափվում, պետք է սահմաններ նշմարվեն։ Հենց այս աշխարհայացքով էլ 2020 թվականին ես նորից մեկնեցի ռազմաճակատ՝ մեր նախնիների սկսած գործն ավարտելու և թշնամու հետ ընդմիշտ հարցերը լուծելու ակնկալիքով։

Այս անգամ մարտական ​​հերթապահություն էի կատարում Մաղավուզ գյուղում։ Իմ կրտսեր ընկերների համար ես հանդիսանում էի դաստիարակ և միշտ փորձել եմ պաշտպանել նրանց։ Մենք բոլորս պատրաստ էինք կռվել մինչև վերջին փամփուշտը, սակայն, չնայած մեր բոլոր ջանքերին, պատտություն կրեցինք, քանի որ հակառակորդը մեզ բազմակի գերազանցում էր թե՛ կենդանի ուժով, թե՛ տեխնիկայով։

Պարտության մյուս գործոնը մեր կողմից ռազմական գործողությունների անկազմակերպ վարելն էր։

2020 թվականի նոյեմբերին ռազմական գործողությունների ավարտից հետո ես հոգեպես ընկճված վիճակում գնացի Երևան։ Ընտանիքս օգնեց ինձ վերականգնվել հետպատերազմյան ցնցումից։ Շուտով ինձ հետ կապվեց Լիտվայից մի լրագրող և խնդրեց ուղեկցել իրեն Արցախ մեկնելու ժամանակ։ Ես նրա հետ միասին 2020 թվականի դեկտեմբերին վերադարձա հետպատերազմյան Արցախ և շրջեցի նրա բոլոր անկյունները՝ ցույց տալով ադրբեջանական կողմի հանցագործությունների հետքերը։ Ճամփորդության արդյունքների հիման վրա նա վավերագրական ֆիլմ է նկարահանել Արցախում տեղի ունեցածի մասին, որը ցուցադրվել է աշխարհի տարբեր ծայրերում։

Արցախ վերադառնալուց հետո մենք մեր առջեւ նպատակ ենք դրել չկոտրվել ու զարգացնել այն, ինչ ունենք։ Այսպիսով, կարատեի առումով 2021 թվականին մենք հասել ենք մեծ բարձունքների։ Այն ժամանակ մարզական կարիերաս ավարտելու մտքեր ունեի, սակայն հետագայում մտափոխվեցի, քանի որ կարեւոր էր մեր ժողովրդին աջակցել նոր ձեռքբերումներով։

Այսպիսով, ինձ հաջողվեց պատրաստել Եվրոպայի երկու չեմպիոն, և ես ինքս կրկին նվաճեցի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Անգամ շրջափակման դաժան ժամանակահատվածում մենք շարունակեցինք մարզվել և նոր հաջողությունների կհասնեինք, եթե չլիներ 2023 թվականի էթնիկ զտումները, որի արդյունքում մեզ արտաքսեցին։

Հիմա որոշ ժամանակով տեղափոխվել եմ Արգենտինա, քանի որ չեմ պատկերացնում իմ կյանքն Արցախից դուրս և ներկայիս Հայաստանի պայմաններում։ Իմ նվիրական երազանքը Արցախ վերադառնալն է, և ես հավատում եմ դրա շուտափույթ իրականացմանը»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Արթուրը։

Արսեն Աղաջանյան

Եթե ​​վրացական ոստիկանությունը անցնի ընդդիմության ու ժողովրդի կողմը

Վրաստանի պաշտպանության և արտաքին քաղաքականության գերատեսչությունների որոշ աշխատակիցներ դեմ են արտահայտվել Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները դադարեցնելու ռուսամետ իշխանությունների որոշմանը` հայտարարելով, որ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղին երկրի անվտանգության համար այլընտրանք չունի:

Պաշտպանության նախարարությունում եվրատլանտյան ինտեգրմանը նվիրվածության մասին համատեղ հայտարարություն են ստորագրել տարբեր գերատեսչությունների աշխատակիցների 43 հոգի։

ԱԳՆ-ում 100 աշխատակիցներ ստորագրել են նմանատիպ հայտարարություն, իսկ Բուլղարիայում Վրաստանի դեսպան Օթար Բերձենիշվիլին՝ ի նշան բողոքի, հայտարարել է իր հրաժարականի մասին։ ԱԳՆ պաշտոնյաներն ընդգծել են, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների սառեցումը հակասում է երկրի սահմանադրությանը և ռազմավարական շահերին։

Սահմանադրական դատարանի որոշ աշխատակիցներ նույնպես կոչ են արել «Վրացական երազանքի» կառավարությանը վերանայել իր որոշումը, քանի որ այն անտեսում է վրաց ժողովրդի սահմանադրական կամքը։

Վրաստանում խոշոր բիզնեսը նույնպես դեմ է արտահայտվել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների սառեցմանը։ Խոսքը, մասնավորապես, խոշորագույն Bank of Georgia և TBC Bank բանկերի, Magticom և Silknet հեռահաղորդակցության օպերատորների, ORBI Group-ի շինարարության և զարգացման հոլդինգի և ավտոդիլերային Tegeta ընկերության մասին է, հայտնում է The Bell-ը։ Բիզնեսը ԵՄ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ինտեգրումն անվանել է վրաց ժողովրդի բացարձակ մեծամասնության պատմական ընտրությունը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի լքի իր պաշտոնը այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանը երկու շաբաթից նոր նախագահ կընտրի։ Վերլուծաբանները խոսում են Վրաստանում երկիշխանության մասին.

Մինչ դեռ ոստիկանական ուժերը կողմ են իշխող կուսակցությանը և արդեն 4-րդ օրն է Թբիլիսիում ցրում են բազմահազարանոց ցույցերը։ Ի՞նչ կլինի, եթե ոստիկանությունն անցնի ժողովրդի կողմը.

Մարդը կարիքի մեջ․ ի՞նչ են պատմում Ասյայի փնջերը 

Վեց տարի առաջ, երբ  ֆլորիստի մասնագիտությունը նոր–նոր ուսումնասիրող Ասյա Բաբայանը համացանցում նորարարական գաղափարներ էր փնտրում, չէր էլ պատկերացնում, որ կգա մի օր, երբ   ամենաանհավանական բաղադրիչներից հավաքված իր “Համով փնջերը” կդառնան  քննարկան առարկա ու օրինակ այլոց համար։ 

Ասյայի անհավանական փնջերից մեկը

Ինչպես սկսեց 

Ասյան  տարբեր ոլորտներում է փորձել իրեն, տիրապետում է ժեստերի լեզվին, աշխատել է աուտիզմիկ խնդիրներ ունեցող երեխաների հետ, 2020 թվականից հետո բարեգործական–կամավորական աշխատանքով է  զբաղվել՝  ֆեյսբուքում բացելով “Պարգևենք ժպիտ” հարթակը։ Ի վերջո հասկացել է, որ իրեն պետք է փորձի  ֆլորիստի մասնագիտության մեջ։ 

 

Տարվեց ֆուդ–ֆլորիստիկայով․ համացանցում մանդարինից փունջ էր տեսել։

Ասյայի առաջին փունջը՝ մանդարինից

“Պատուհանից այն կողմ դեկտեմբեր էր, Ամանորին օրեր էին մնացել, իսկը մանդարինից փունջ հավաքելու եղանակ էր, պատմում է Ասյան։  Առաջին փունջը տպավորություն թողեց ընկերների վրա և նա որոշեց ֆեյսբուքյան էջ բացել՝ “Букет со вкусом”  անունով և ցուցադրել իր աշխատանքները։ Դրանք սկզբում քաղցրավենիքներից էին, ապա սկսեց մրգեր ու այլ ուտելիքներ էլ հավաքել իր փնջերի մեջ։

Շրջափակումը և Ասյայի փնջերի «էվոլյուցիան» 

Ամենահետաքրքիր փնջերը ստեղծվել են հենց բլոկադայի ընթացքում․ Ստեփանակերտում իր փնջերի համար ապրանքներ չէին գտնվում, իսկ պահանջ կար։ Ասյայի փնջերի մեջ տեղ գտան վայրի խոտերը, դժվարությամբ  ձեռք բերված եզակի բանջարեղենն ու միրգը, ձուն, հացն ու ջուրը, ամանի հեղուկն ու օճառը, լուցկին ու էլեկտրական լամպերը, մոմերը, սննդի կտրոններն ու էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների գրաֆիկը։ Այն ամենը, ինչ կարող էր պետք գալ կենցաղում, կարելի էր գտնել Ասյայի փնջերում։

Ասյայի փնջերը ձեռքի տակ հայտնված իրերից ու մթերքներից

Ինչ են պատմում Ասյայի փնջերը 

Ասյան հիմա Երևանում է ապրում։ Զբաղվում է իր սիրած գործով։  Հարցազրույցի պահին Ասյան կիտրոնով փունջ էր հավաքում գիտելիքի օրվան ընդառաջ։

Հայաստանում Ասյան հաճախ է տարբեր ցուցահանդեսների ներկայացնում իր «Համով  փնջերը», պատմում Արցախի, այնտեղ ապրած իր օրերի, զգացմունքների մասին։

«Ես ուզում եմ , որ մարդիկ իմանան, թե ինչի միջով ենք մենք անցել, ինչ ենք ստիպված եղել հաղթահարել, բայց չենք կորցրել մեր հավատն աշխարհի նկատմամբ, հավատացել ենք, որ դժվարությունները հաղթահարելի են, եթե կա կամք ու միասնականություն։

Իմ փնջերը  գեղեցիկի մասին են․ գեղեցիկ արարքների, գեղեցիկ մարդու, զգացմունքի, կյանքի մասին»։

Սրբուհի Վանյան

Այս շարքում պատմում եմ չորս տարբեր կանանց՝ այդ թվում՝ իմ պատմությունը, Կարինեյի ու Մելինեյի պատմությունները՝ կրկնվող բլոկադայի և 1990-ականներից 2020-ականներ հասած կենցաղային փորձառությունների ու դրանց հաղթահարման մեր հնարների մասին։ 

Նյութը պատրաստված է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Այս հրապարակման բովանդակությունը բացառապես հեղինակի պատասխանատվությունն է, եւ այն չի կարող ընկալվել որպես Եվրոպական միության տեսակետների արտացոլոում։

 

Ռուսները Սիրիայում իրենց զինանոցները «հանձնում են» թուրքամետ ուժերին՝ ի հեճուկս Իրանին

Սիրիայում թուրքամետ ուժերը գրավել են առանցքային օբյեկտներ և ռազմավարական նշանակության զենքեր: Ապստամբների ցուցադրած գավաթներից էին ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերը, այդ թվում՝ ռուսական «Պանցիր-Ս1» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգը։

Մինչ այս պահը թուրքամետ զինյալները գործնականում չունեին արդյունավետ հակաօդային պաշտպանության համակարգեր և ենթարկվում էին մշտական ​​ավիահարվածների սիրիական և ռուսական օդանավերի կողմից։ Այժմ գրավված համակարգերը կարող են դառնալ ուժերի հարաբերակցությունը փոխող գործոն, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։

Պուտինը ձևացնում է, թե դեռ պաշտպանում է Ասադին, բայց թուրքամետ ուժերի կողմից մի քանի օրում միլիոնանոց քաղաք և մի ամբողջ շրջան գրավելը խոսում է Պուտինի և Էրդողանի պայմանավորվածության մասին։ Այս պայմանավորվածությունների շրջանակում Մոսկվան ոչ միայն չի օգնում Ասադին ու Սիրիայում իրանամետ ուժերին, այլեւ Սիրիայում իր զինանոցները փոխանցում է թուրքամետ ուժերին։

Նույն պատմությունը եղավ Արցախում, որտեղ ռուս «խաղաղապահները» օգնեցին կազմակերպել Արցախի շրջափակումը, զինաթափել հայկական բանակը և տեղահանել բնիկ բնակչությանը։ Դաշնակիցների «հանձնումը» ռուսական բռենդն է, և այժմ Սիրիայի և Իրանի հերթն է:

Ուկրաինացի «վերլուծաբանները» ուրախանում են Սիրիայում թուրքամետ ուժերի հաջողություններով և Ռուսաստանի «պարտությամբ», թեև հասկանում են նաև, որ «ի պատասխան» Թուրքիան Ռուսաստանին «կհանձնի» Ուկրաինայի հարավը և Անդրկովկասը։ Գիտեն նաեւ, որ ռուսներն Արցախից զենք են տեղափոխել հենց ուկրաինական ճակատ։

Այս գործընթացները սկսվել են 2020 թվականին՝ Արցախի օկուպացիայից։ Իրանը, ճանաչելով Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» և Արցախում ռուսական զորքերի անօրինական ներկայությունը, ճանապարհ հարթեց օկուպացված Արցախի հետ սահմանին իր նախագահի սպանության և Ռուսաստանի կողմից հայկական և իրանական շահերի ավանդական դավաճանության համար։

Երկրաշարժ Հայաստանի հյուսիսում

Սույն թվականի դեկտեմբերին 2-ին` տեղական ժամանակով ժամը 08:38-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04։38-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․06⁰ և արևելյան երկայնության 44.27⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3․4 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր քաղաքներում և Մեծավան, Կաթնառատ, Պրիվոլնոյե գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Ավտոբուսներում և տրոլեյբուսներում այսօրվանից գործելու է բանկային քարտով վճարման եղանակը

Արդեն իսկ վերգետնյա շարժակազմում, այսինքն բոլոր ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հնարավոր է վճարումը իրականացնել ֆիզիկական բանկային քարտերի միջոցով՝  ՀՀ բանկերի կողմից թողարկված: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Նրա խոսքով, այս գործարքները միջնորդավճար չեն ենթադրում քաղաքացիների կողմից. «Այսինքն ծրագիրը իրականացնող «Թելսել» կազմակերպության կողմից այս միջնորդավճարները վճարվում են: Ամեն դեպքում կհորդորեմ քաղաքացիներին, եթե ցանկանում են, եթե վստահ չեն, որ ամբողջությամբ գիտեն իրենց և բանկի միջև պայմանները, մի հատ էլ լրացուցիչ ճշտում կատարեն կոնկրետ իրենց քարտի թողարկման պայմանների մասով, որպեսզի վստահ լինեն, որ ինչ-որ լրացուցիչ վճարներ գանձման ենթակա չեն:

Նաեւ նախատեսում ենք այս շաբաթվա ընթացքում այս գործարկումից հետո, եթե ինչ-որ խնդիրներ ի հայտ գան, խնդրում ենք քաղաքացիներին իրենց մասին հայտնել և դրանք կստանան շուտափույթ լուծում, որից հետո նաև վճարման հնարավորությունը կնախատեսվի նաև մետրոպոլիտենում»,-ասաց նա:

Արցախցի հրուշակագործը մասնակցել է ցուցահանդես-վաճառքին

Այսօր Երևանի <<Մարիոթ>> հյուրանոցում կազմակերպված Christmas շուկա ցուցահանդեսվաճառքին իր արտադրանքն է ներկայացրել նաև արցախցի հրուշակագործ Լիանա Իսրայելյանը։

Լիանային ճանաչում են գրեթե բոլորը։ Ով գոնե մեկ անգամ համտեսել է նրա պատրաստած փխրուն բամդամբուրին ու արցախյան փախլավան, չի կարող երբեք մոռանալ դրանց անմահական համը։ Ավելի քան 24 տարի Լիանան զբաղվում է հրուշակագործությամբ և իր գործն այնքան է սիրում, որ առանց դրա չի պատկերացնում իր կյանքը։ Արցախից տեղահանվելուց հետո Լիանայի ընտանիքը հաստատվել է Էջմիածին քաղաքում։ Նա հրուշակեղենի արտադրամաս է բացել և շարունակում է իր քաղցր ու անուշահամ գործունեությունը։ Աշխատում է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի <<Ագապե>> սեղանատանը։

-Իմ պատրաստած առաջին խմորեղենը բադամբուրին էր։ Տարիներ առաջ, երբ որոշեցի զբաղվել հրուշակեղենի պատրաստմամբ, դեռևս չէի պատկերացնում, որ այն կդառնա իմ հիմնական աշխատանքը։ Իմ բադամբուրիների միջոցով հայտնի դարձա Ստեփանակերտում ու հետզհետե սկսեցի ավելացնել տեսականին։ Արցախում ունեի քաղցրավենիքի արտադրության անհատական ձեռնարկություն, որտեղ աշխատում էինք թիմով։ Ինչպես այնտեղ, այստեղ ևս ինձ ուժ են տալիս իմ հավատարիմ հաճախորդները և ընտանիքս։ Տեղահանվելուց հետո վերսկսեցի գործս, մասնակցեցի բիզնես ծրագրի ու ստացա դրամական աջակցություն, որն ինձ օգնեց բացելու հրուշակեղենի արտադրամաս։ Նպատակս Էջմիածին քաղաքում արցախյան խմորեղենը ճանաչելի դարձնելն է։  Չնայած բիզնեսս Հայաստանում նոր է, սակայն կարճ ժամկետում ես կարողացա ձեռք բերել հաճախորդներ, իհարկե, հույս ունեմ, որ այն կընդլայնվի ու ավելի կբարգավաճի։ Ունեմ երկու աշխատող՝ Զոյան և աղջիկս՝ Ռիտան։

Շատ եմ սիրում իմ գործը և ամեն անգամ ավելի եմ համոզվում, որ այն ինչ անում ես սիրով, անպայման լավ արդյունք է ունենում։ Իմ աշխատանքն ինձ կյանք է տալիս։ Մեծ սիրով մասնակցում եմ նաև փառատոնների, ցուցահանդես-վաճառքների,-ասում է Լիանան։

Լիանան համեստորեն լռում է, բայց մենք գիտենք, որ իր գործն անելուց բացի նա նաև շատ-շատերին է օգնում, խորհուրդներ տալիս։ Սրտացավ ու պատրաստակամ հրուշակագործը Արցախից տեղահանվելուց հետո շատերին է սովորեցնում խմորեղեն պատրաստելու նրբությունները և ներքուստ հպարտանում, որ իր աշակերտներն իրենից պակաս չեն թխում և, որ ամենակարևորն է, կարողանում են դրանով վաստակել օրվա հացը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Այսօր Արցախի և Հայաստանի վերամիավորման 35-րդ տարեդարձն է

1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԼՂԻՄ Ազգային խորհուրդը համատեղ որոշում ընդունեցին Արցախը Հայաստանին վերամիավորելու մասին։

Այս բանաձեւը հիշատակվում է 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության հռչակագրում որպես հիմնարար փաստաթղթերից մեկը։ 1991թ. սեպտեմբերի 2-ին ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության հռչակագրում դեկտեմբերի 1-ի որոշումը նշված չէ, սակայն Հայաստանին վերամիավորվելու Արցախի ցանկությունը եւ փաստացի վերամիավորումը միշտ եղել են Արցախի ժողովրդի քաղաքական կուրսի հիմքում։ Արցախը երբեք Հայաստանին «այլ պետություն» չի համարել՝ դրա դիմաց ստանալով նույն վերաբերմունքը։ Հայաստանը չէր կարող ճանաչել Արցախի անկախությունը, քանի որ Արցախն արդեն Հայաստանի մաս էր։

Այժմ, երբ Արցախը ֆիզիկապես օկուպացված է, իսկ ԼՂՀ-ն դե ֆակտո լուծարված, Արցախի կարգավիճակը մատնանշող միակ փաստաթուղթը 1989թ. որոշումն է։

Ռուսաստանը, որը 1990-ի սկզբին պաշտոնապես ճանաչեց հետխորհրդային հանրապետությունների անկախությունը և նույնիսկ Արցախի ինքնորոշման իրավունքը (տե՛ս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները, որտեղ Ռուսաստանը դեռևս համանախագահ է), գործնականում ամեն ինչ արեց թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքականությունը կառավարելու համար։ Ռուսաստանը տիրել է Հայաստանի տնտեսական ակտիվների մեծ մասը, հաղորդակցությունները, ռուս սահմանապահները պահպանում են Հայաստանի սահմանները Թուրքիայի և Իրանի հետ՝ որպես «ԽՍՀՄ արտաքին սահմաններ», Ռուսաստանը պահպանել է Հայաստանում 102-րդ ռազմակայանը և 2020 թվականին իր զորքերը անօրեն ուղարկել է Արցախ։ Լրտեսների և ազդեցության գործակալների ընդարձակ ցանցը թույլ է տալիս Մոսկվային մինչ օրս տիկնիկավարի պես կառավարել Հայաստանը, ներառյալ Արցախը։ Ռուսաստանի քաղաքականությունն էր, որ բերեց նրան, որ վերամիավորման որոշումը չիրականացվեց և ընտրվեց «անկախ» Արցախի ի սկզբանե պարտվող տարբերակը։

2020-2024 թթ Ռուսաստանը, հիմնվելով Թուրքիայի հետ պայմանավորվածությունների վրա, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ կոնսենսուսի շրջանակներում (հիշենք ԵՄ-ՌԴ-ԱՄՆ գաղտնի հանդիպումը 2023թ. սեպտեմբերի 17-ին Պոլսում, որտեղ տրվել է Արցախի օկուպացման կանաչ լույսը), «զիջում է» Արցախը և Հայաստանի հարավը Թուրքիային՝ հետխորհրդային երկրներում ազդեցությունը պահպանելու դիմաց։

1989 թվականի որոշման հիշատակումը Հայաստանի Անկախության Հռչակագրում և, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ անհաղթահարելի խոչընդոտ է 2020-2023 թվականների ահաբեկչական պատերազմի արդյունքների օրինականացման ծրագրերի համար։ Զուր չէ, որ Ալիեւը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն անհրաժեշտ պայման է համարում «խաղաղության պայմանագիր» կնքելու համար։ Քանի դեռ Հայաստանը չի փոխել Սահմանադրությունը, քանի դեռ գործում է Հայաստանի Անկախության հռչակագիրը և 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը, Արցախը կհամարվի Հայաստանի օկուպացված տարածք։ Ալիեւը, Էրդողանը եւ մյուս պուտինները դա հասկանում են։

Կարևոր չէ, թե ինչ են ասում Ալիևը, Պուտինը, Փաշինյանը, կարևորն այն է, որ փաստաթղթավորված և փաստորեն Արցախը Հայաստանն է։ Կարևոր չէ, որ Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը չեն հիշում 1989թ որոշումը։ Ոչ մի երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, չի դիմել Հայաստանին՝ Սահմանադրությունը փոխելու և Միացումի մասին որոշումը այնտեղից հանելու կոչով։ Այդ մասին չեն խոսում եւ Հայաստանի քաղաքական ուժերը։

Թուրքիան և Ռուսաստանը գործում են ձեռք ձեռքի տված՝ Սիրիայում, Ուկրաինայում, Կիպրոսում, Հայաստանում

Նոր «աշխարհի բաժանման» ֆոնին Ռուսաստանը և Թուրքիան, ինչպես 100 տարի առաջ, հանդես են գալիս որպես նույն վիշապի գլուխները՝ ընդդեմ Եվրոպայի, Իրանի և Եվրասիայի բնիկ ժողովուրդների:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել «հաշվի առնել» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները։ Թուրքիան «վախեցնում է» Արևմուտքին՝ ստիպելով նրան զիջումների գնալ Ուկրաինայի հարցում։

«Բոլոր սովորական զինատեսակները, որոնք կարող են օգտագործվել, արդեն օգտագործվել են, բայց պատերազմն Ուկրաինայում ավարտված չէ։ Այս գործընթացում կա՛մ խաղաղություն կտիրի, կա՛մ պատերազմը դուրս կգա վերահսկողությունից: Պուտինն այս խոսքերով արդեն արտահայտել է. Այն կհասնի նրան, որ կվառի շրջակա բոլոր երկրները, կամ ինչ-որ կերպ խաղաղություն կտիրի»,- Ֆիդանի խոսքը մեջբերում է Türkiye թերթը։

Լսվեցին Թուրքիայի խոսքերը. Զելենսկին արդեն խոսում է ներկայիս ճակատային գծի երկայնքով պատերազմը սառեցնելու հավանականության մասին, եթե Կիևի կողմից վերահսկվող երկրի տարածքն անցնի «ՆԱՏՕ-ի հովանու ներքո»։ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը՝ տարածքային զիջումներով, դիտարկվել է Թրամփի առաջարկներից մեկում։

Զելենսկու խոսքով՝ ՆԱՏՕ-ն պետք է Ուկրաինային հրավիրի իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով, որոնք ներառում են բռնակցված Ղրիմը։ Այնուհետեւ, նրա խոսքով, օկուպացված տարածքները կարող են հետագայում «դիվանագիտական ​​ճանապարհով» վերադարձվել։

Ինչպե՞ս կարձագանքի Թուրքիան այս հեռանկարին: Դատելով Կիպրոսում տեղի ունեցողից՝ Թուրքիան կարգելափակի Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ, ինչպես որ մտադիր է արգելափակել Կիրոայի մուտքը ՆԱՏՕ։

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը հաստատել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու իր երկրի մտադրությունը։ Նիկոսիան բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ դաշինքին միանալու ուղիների շուրջ։ Նրա խոսքով, Կիպրոսը չի կարող ՆԱՏՕ-ի անդամ լինել Թուրքիայի առարկությունների պատճառով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Նիկոսիան հիմք չունի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու համար, սակայն նույնիսկ նրա փորձերն անընդունելի զարգացում են Թուրքիայի համար»։

«Այս փորձը կխախտի նուրբ հավասարակշռությունը Կիպրոսի հարցում և բացասաբար կանդրադառնա դրա լուծմանն ուղղված բանակցային գործընթացների վրա», – ավելացրել են նախարարության աղբյուրները՝ նկատի ունենալով միջերկրածովյան բաժանված կղզում խաղաղության համաձայնագրի հասնելու շարունակական միջազգային ջանքերը։

Թուրքիան, նույնպես Ռուսաստանի հետ միասին, փորձում է զավթել Սիրիայի հյուսիսը․ թուրքամետ զորքերը երկու օրում արդեն գրավել են Հալեպը (նշում փորձագետներին, ովքեր ծիծաղում էին 2023-ին մեկ օր կռված Արցախի վրա)։ Միլիոնանոց քաղաքը գրավել են 2 օրում, Ռուսաստանը, ինչպես Արցախում, կրակում է ճնճղուկների վրա՝ չխանգարելով Հալեպի նախապես պայմանավորված օկուպացմանը։