Իսպանացի Ռոդրին ստացավ 2024 թվականի «Ոսկե գնդակը»

DW

France Football ամսագրի սահմանած մրցանակի շրջանակներում ֆուտբոլի ամենանշանակալի անհատական ​​գավաթի՝ «Ոսկե գնդակի» դափնեկիրը Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթի» ակումբի խաղացող, կենտրոնական կիսապաշտպան Ռոդրին էր։ Այս մասին երկուշաբթի՝ հոկտեմբերի 28-ի երեկոյան, Փարիզի Chatelet թատրոնում հայտարարվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների 68-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ։

Ռոդրին արարողությանը ներկա է եղել հենակներով: Մրցանակը հանձնել է 1995 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր, ծնունդով լիբերիայից Ջորջ Վեան։

«Բարսելոնայի» խաղացող Այտանա Բոնմատին արժանացել է կանանց ֆուտբոլի «Ոսկե գնդակին»: Արգենտինայի հավաքականի եւ անգլիական «Աստոն Վիլա» ակումբի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց լավագույն դարպասապահ։ Աշխարհի լավագույն երիտասարդ խաղացող է ճանաչվել Իսպանիայի հավաքականի 2024 թվականի Եվրոպայի չեմպիոն, «Բարսելոնայի» խաղացող 17-ամյա Լամին Յամալը։ Մրցաշրջանի երեսուն լավագույն խաղացողների թվում արարողությանը ներկա է եղել Ուկրաինայի հավաքականի հարձակվող Արտեմ Դովբիկը։

Փարիզում կայացած արարողության ժամանակ Մադրիդի «Ռեալը» ճանաչվել է անցած մրցաշրջանի լավագույն ակումբ, իսկ նրա մարզիչ Կարլո Անչելոտին ճանաչվել է 2024 թվականի լավագույն մարզիչ։ Ոչ ոք բեմ չբարձրացավ այս մրցանակները ստանալու համար. «Ռեալը» բոյկոտել է արարողությունը։

Բարի գալուստ Նոր աշխարհ: Ինչու է Իլոն Մասկին պետք Թրամփը

Կրակովի OFF ռադիոկայանը ներկայացրել է արհեստական ​​ինտելեկտի միջոցով ստեղծված երեք նոր հաղորդավարների: Այժմ ռադիոկայանի հաղորդումները գործնականում վարում են 20-ամյա Էմիլիա «Էմի» Նովակը, 22-ամյա Յակուբ «Կուբա» Զիելինսկին և 23-ամյա Ալեքս Շուլցը։

Իսկ իտալական Leonardo UK հոլդինգի բրիտանական ստորաբաժանումը Վաշինգտոնում ԱՄՆ բանակի ասոցիացիայի տարեկան հանդիպմանը ներկայացրել է խոստումնալից BriteStorm էլեկտրոնային պատերազմի համակարգը։ Թշնամու ռադարից զոնդավորման ազդանշաններ ստանալուց հետո համակարգը կրկնօրինակում է դրանք և նույն հաճախականությամբ ետ ուղարկում նմանատիպ իմպուլս: Արդյունքում հակառակորդի ռադարների էկրաններին ցուցադրվում են բազմաթիվ կեղծ թիրախներ՝ մոլորեցնելով հակաօդային պաշտպանությունը։

Արհեստական ​​ինտելեկտը, որը ներկայացվել է համեմատաբար վերջերս, արդեն սկսել է փոխարինել ամբողջ ոլորտները։ Ամեն ինչ փոխվում է աշխարհում, ու նոր կառավարում է պետք։ Առանց քաղաքականության փոփոխության չի լինի, և փորձագետներն արդեն փորձում են պարզել, թե ինչու պետք մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը, ով սահմաններ չի ճանաչում՝ Իլոն Մասկին է ընտրություններում աջակցի Դոնալդ Թրամփին։

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին, եւ Թրամփն ունի ընտրվելու բոլոր նախադրյալները։ Կրկին՝ «սահմանները չճանաչելու» նրա ունակության պատճառով։ Ի՞նչ է պատրաստվում անել Թրամփը, եթե նորից նախագահ դառնա.

Տիեզերքը նվաճելու Իլոն Մասկի ցանկությունը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ը կսկսի վերահսկել այն, ինչ կա «գետնի վրա», տիեզերքում տեղակայված “ջոյսթիկով”։ «Այդտեղից» պետությունների միջև սահմանները նշանակություն չունեն. քաղաքականության, մարդկանց վարքագծային հոգեբանության վրա ազդելու համար  վիզաներ և բանակցություններ այլեւս պետք չեն լինի։ Կարելի է այնտեղից կառավարել պատերազմներ. էլեկտրոնային ազդանշանը բավական է, որպեսզի ինքնաթիռներն ինքնուրույն կործանվեն, իսկ մարդիկ սկսեն վազել անգիտակից վիճակում:

Ի դեպ, աուտիզմով տառապող Էլոն Մասկը իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ իր փորձառության և աշխատանքի մեջ ամենատպավորիչը համակարգչային խաղերի համար ծրագրեր գրելն էր։ Նա ասաց, որ հենց այդ ժամանակ է հասկացել, թե ինչպես է ստեղծվել և գոյություն ունի մեր աշխարհը։ Սա է նրա ընկալումը կրոնի և քաղաքականության մասին։

Խաղի լեվելը բարձրանում է։ Բարի գալուստ Նոր աշխարհ։

Էրդողանը սաբոտաժի է սպասում, բայց ոչ Հայաստանից

Անկարան ուշադիր հետևում է խաղաղության հասնելու Բաքվի և Երևանի ջանքերին, երեկ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Նա նշել է, որ Անկարան կշարունակի «համակարգված աշխատել ադրբեջանցի եղբայրների հետ՝ կայուն խաղաղության հասնելու համար»։

«Մենք ուզում ենք որքան հնարավոր է շուտ լավ լուր ստանալ այս ուղղությամբ, նախքան ինչ-որ մեկը կփորձի սաբոտաժի ենթարկել գործընթացը», – հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ չհստակեցնելով, թե ինչ սաբոտաժի մասին է խոսքը։

Նա հաստատ Հայաստանի կողմից չէ որ սաբոտաժ չի է սպասում, ամենայն հավանականությամբ, Էրդողանը նկատի ունի Իրանի, Հնդկաստանի եւ Ֆրանսիայի մեջ հնարավոր կոնսենսուսը այն տարածաշրջանի նկատպմամբ, որին Թուրքիան հավակնում է։

Հնդկաստանը նորերս թույլ չի տվել Թուրքիային БРИКС մտնել։ Իրանը կրցքով պահում է “Զանգեզուրի միջանցքը”։ Մյուս կողմից, Էրդողանի ջանքերը “ղեկավարել” թյուրքական աշխարհը եւ որպես նրա ներկայացուցիչ մտնել ՄԱԿ ընդլայնված Անվտանգության խորհրդի կազմ, բախվում են Չինական պատին։ Կենտրոնական Ասիայի “թյուրքական աշխաչրհը” այլեւս Չինաստանն է ներկայացնում։ 

Էրդողանը աշխատում է նախապես “ամրագրել “իր տեղը նոր աշխարհակարգում, որտեղ “խոշորացում է” տեղի ունենալու։ Էրդոանի քայլերը սակայն խոսում են այն մասին, որ “խոշորացումը” կարող է նաեւ Թուրքիայի հաշվին լինի։ Նա կրկին ակտիվացրել է քրդերի դեմ պայքարը, սպասելով “սաբոտաժի” ոչ միայն հայկական, այլեւ քրդական հարցում։    

«Հրապարակ». Ալիեւը Փաշինյանին․ ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանին չեք պահանջում

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 24-ին Ալիեւ-Փաշինյան կազանյան բանակցություններին մասնակցել են նաեւ 2 երկրի ԱԳ նախարարները։ Հանդիպման ընթացքում խոսք է գնացել գերիների շուրջ։ Երբ Արարատ Միրզոյանն Ալիեւին առաջարկել է COP-29-ին իրենց մասնակցելու դիմաց գերեվարված զինծառայողներից գոնե մի քանիսին վերադարձնել եւ երաշխավորել է, որ այդ դեպքում անձամբ կգնա Բաքու՝ մասնակցելու միջոցառմանը, Ալիեւը հարցին պատասխանելու փոխարեն Փաշինյանին է հարց տվել.

«Իսկ ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանին չեք պահանջում»: «Որովհետեւ գիտեմ, որ չեք տալու»,- պատասխանել է Փաշինյանը։

Ալիեւը շարունակել է․ «Փոխարենը՝ այլ երկրից են պահանջում, Պուտինն է պահանջում նրան»։

Ի դեպ, Արարատ Միրզոյանն այս զրույցի մասին պատմել է ՔՊ-ական պատգամավորներին` ուրբաթ երեկոյան տեղի ունեցած փակ հանդիպման ժամանակ»:

Անշուշտ, Եվրախորհրդարանում գտնում են, որ Արցախի հարցը փակ չէ, բայց սայլը տեղից չի շարժվում

Step1.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

-Պարոն Ղուկասյան, ինչպե՞ս եք գնահատում Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը, ի՞նչ ուղերձ ունի այն։

-Սա փաստում է, որ Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը չի համապատասխանում Եվրամիության ակնկալիքներին։ Դրա համար տեսնում ենք, որ քննադատող բանաձեւ են ընդունում։

Բանաձեւում Եվրախորհրդարանը հորդորում է համապարփակ եւ թափանցիկ երկխոսություն սկսել արցախահայության հետ եւ տալ անհրաժեշտ բոլոր երաշխիքները նրանց պաշտպանության, հողի ու սեփականության իրավունքների վերաբերյալ։ Ինչ-որ գործնական քայլեր կարո՞ղ են լինել։

-Չեմ կարծում, որ դրանից հետո ինչ-որ իրադարձություն կարող է լինել։ Հարցին նաեւ այսպես կարելի է նայել՝ Եվրամիության կուսակցությունները, քաղաքական ուժերն իրենց վրայից հանում են պատասխանատվությունը Ադրբեջանի հանցավոր ռեժիմի հետ համագործակցության հարցում։ Եվ այդ պատասխանատվությունը թողնում են գործադիր մարմինների վրա։ Իսկ մենք տեսնում ենք, որ գործադիր մարմիններն Ադրբեջանի նկատմամբ գործուն քայլեր չեն գործարկում, որեւէ ձեւով ազդեցություն չունեն իրավիճակի վրա։ Այսինքն՝ կա փաստացի գնահատական քաղաքական ուժերի կողմից, որոնք համարում են, որ Ադրբեջանը խախտում է իր միջազգային պարտավորությունները, եւ կան գործադիր իշխանություններ, որոնք այլ կերպ են այդ ամենին նայում։ Այս պահին սա է գոյություն ունեցող իրավիճակը։

Այսինքն՝ գործնական քայլեր տեւական ժամանակ է՝ չկան, բաց տեսնում ենք, որ կա պատասխանատվությունը գործադիր իշխանությունների վրա թողնելու քաղաքականությունը։

Բանաձեւում նաեւ Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին խոսք կա, նշվում է, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած ֆիզիկական անձի և կազմակերպության նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Ո՞ր դեպքում պատժամիջոցներ կկիրառվեն։

-Անընդհատ այդ պատժամիջոցների մասին ասում են, պնդում են, որ պետք է ձեռնարկել ինչ-որ գործողություններ, բայց տեսնում ենք, որ ոչ մի բան տեղի չի ունենում։ Անշուշտ, նրանք գտնում են, որ Արցախի հարցը փակ չէ, որ Ադրբեջանը իրավունքների եւ իր պարտավորությունների խախտում է թույլ տվել այդ հարցում։ Բայց, կարելի է ասել, սայլը տեղից չի շարժվում։ Այսինքն՝ քաղաքական մարմինները պատասխանատվության գնդակը գցում են գործադիր իշխանությունների վրա, իսկ գործադիր իշխանութունները շարունակում են այն քաղաքականությունը, որը մինչեւ հիմա եղել է։

Ռոզա Հովհաննիսյան

Հնարավոր է հանդիպում անհետ կորածների եւ գերիների հարցով

Հայաստանն ու Ադրբեջանը հնարավոր է առաջիկայում հանդիպում անցկացնեն անհետ կորածների եւ գերիների հարցով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։

«Շատ հնարավոր է՝ առաջիկայում նման հանդիպում կազմակերպվի»,- ասաց նա։

Ադրբեջանական կողմը խոսում է այն մասին, թե իբր 4000 անհետ կորած ունի։ Անդրադառնալով այս հայտարարություններին՝ Աբազյանն ասաց․ «Թվեր չհնչեցնեմ, բայց առաջիկայում շատ հնարավոր է, որ տեղի ունենա հանդիպում հանձնաժողովների կազմով։ Արդյունքների մասով չշտապենք հայտարարություն անել, եթե նմանատիպ իրավիճակ լինի, ձեզ կտեղեկացնենք»։

Թոշակի գնացած զինվորականները կկարողանան ծառայության անցնել եւ ստանալ թե կենսաթոշակը, թե աշխատավարձը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանը հոկտեմբերի 31-ին` ժամը 13:00-ին, արտահերթ նիստ կգումարի։

Օրակարգում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն է, որը հեղինակել են ՔՊ խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանն ու Արմեն Խաչատրյանը, նախագծով տալիս են հնարավորություն, որպեսզի կենսաթոշակի գնացած զինվորականները կարողանան ծառայության անցնել եւ ստանալ թե կենսաթոշակը, թե աշխատավարձը։

Հերմինե Ավագյանի հետ “Կապույտ տանիքներում…”

Հոկտեմբերի 28-ին, Tumanyan’s ART-ում տեղի ունեցավ Հերմինե Ավագյանի ստեղծագործական երեկոն՝ “Կապույտ տանիքներում…” խորագրով։ Հանդիպման ընթացքում գրողը ներկայացրեց իր ստեղծագործությունները, որոնք լցված էին խաղաղության, կարոտի և երազների թեմաներով։

Հերմինեի նոր գիրքը պատմում է կորսված տան ու հայրենիքի մասին,  որտեղ խաղաղությունն ու կարոտը դառնում են գլխավոր թեմաներ։ Երեկոյի ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան լսելու Հերմինեի տողերը, որոնք խոսում էին աշխարհի ամենատխուր հեքիաթի մասին՝ խաղաղության մասին պատմություն, որտեղ բոլոր երեխաները մեծացան։

Այսպիսի միջոցառումները ընթերցողներին հնարավորություն են տալիս գրողների հետ մտերմանալու և նրանց ստեղծագործությունները վերապրելու նոր հարթության մեջ։

Տաթև Ազիզյան

Ռուս սահմանապահները այսուհետ եւս “կպաշտպանեն” Հայաստանի սահմանները

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ագարակից ռուս սահմանապահների դուրս գալու հարցով պայմանավորվածություն կա։

«Նախնական պայմանավորվածություն կա, որպեսզի 2025 թվականի հունվարի մեկից Ագարակ սահմանային վերահսկողության կետում ամբողջական սահմանային ծառայությունն իրականացվի Հայաստանի Հանրապետության սամանապահ զորքերի կողմից։ Իսկ ընդհանուր հայ-իրանական սահմանի համատեղ ծառայության վերաբերյալ այս պահին տեղի են ունենում քննարկումներ»,- ասաց Արմեն Աբազյանը։

Լրագրողները հարցրին՝ Հայաստանն ի վիճակի՞ է հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմաններին միանակ իրականացնել ծառայություն։ Ի պատասխան Արմեն Աբազյանն ասաց, որ փուլային տարբերակով՝ այո, բայց ներկայում նման որոշում չկա։

Ագարակի անցակետից ռուսական սահմանապահ ուժերի դուրսբերման որոշումից հետո Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին հայ-ռուսական պայմանագրի փոփոխություն կամ վերանայում չի նախատեսվում, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։

«Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի մասնակցության, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով իրականացնելու մասին ձեռքբերված համաձայնությունը պայմանագրի փոփոխություն կամ վերանայում չի նախատեսում», – ասված է գերատեսչության պատասխանում։

Հիշեցնենք, որ Իրանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանները ռուսական սահմանապահ զորքերը պաշտպանում են որպես “ԽՍՀՄ” սահմաններ։ Հայ-ռուսական պայմանագրի մեջ նշված է, որ ռուսները դուրս կգան, երբ հայկական սահմանապահները ի վիճակի կլինեն պաշտպանել սեփական սահմանները։ 

Մինչ օրս ռուս սահմանապահները դուրս են եկել միայն Զվարթնոց օդանավակայանից եւ շուտով կլքեն Ագարակի անցակետը։ Մնացած ամբողջ սահմանագծին առաջվա պես կանգնած կլինեն ռուսները։ 

 

Ուկրաինական ազգանունով ՌԴ բանակի ծառայողը կրակել է ծառայակիցների վրա

Զապորոժիեի շրջանի օկուպացված տարածքում նախկինում դատապարտված ռուս բանտարկյալը կրակել է քնած իր 10 գործընկերների վրա և փախել։ Այս մասին գրում է ռուսական հատուկ ծառայություններին մոտ կանգնած «Spy Dossier» Telegram ալիքը։

Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ 2-րդ գրոհային վաշտի զինծառայող Մաքսիմ Անդրեևիչ Ֆեդորչենկոն է “աչքի ընկել”՝ շաբաթ գիշերը Նովոպոկրովկա գյուղի մոտ ռուս զինվորը կրակել է իր ստորաբաժանման 10 քնած զինծառայողների վրա և անհետացել»։

Հայերի համար դժվար է հասկանալ, թե ինչպես կարող են ուկրաինական ազգանունով մարդիկ ռուսական բանակում կռվել Ուկրաինայի դեմ։ Ի տարբերություն հայ-ադրբեջանական հակամարտության, չնայած շուրջ 3 տարի շարունակվող ակտիվ պատերազմին, ուկրաինացիները ոչ միայն ապրում են Ռուսաստանում, այլև ծառայում են բանակում և զբաղեցնում պետական ​​բարձր պաշտոններ։ Ռուս գեներալների թվում եւս կան ուկրաինացիներ։ Սա լավ պայմաններ է ստեղծում սաբոտաժի և վերը նկարագրված դեպքերի համար։ Թեկուզ, ինչ խոսք, դա վերաբերում է նաև ուկրաինական հասարակության մեջ ապրող և բանակում ծառայող ռուսներին:

ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունը կանգնած է ոչնչացման սպառնալիքի առաջ. ԱԳ փոխնախարար

Լեռնային Ղարաբաղի հազարամյակների հարուստ պատմություն ունեցող հայկական ժառանգությունն այսօր կանգնած է ոչնչացման և ինքնության խեղաթյուրման սպառնալիքի առաջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ  Վահան Կոստանյանը Մատենադարանում ՀՀ արտաքին գործերի նախարարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ կազմակերպված համաժողովում ունեցած ելույթի ժամանակ, որը նվիրված է մշակութային ժառանգության պահպանությանը։

Վահան Կոստանյանի խոսքով՝ ժամանակակից աշխարհում մշակութային ժառանգության վրա հարձակումներն ավելանում են, իսկ մշակութային ինքնության ժխտումը կիրառվում է որպես գործիք՝ հակամարտությունների էսկալացիայի և միջազգային կայունությունը խաթարելու համար։

«Կեղծ խոսույթներ են օգտագործվում՝ մշակույթը դարձնելով բաժանարար գործիք, այլ ոչ թե միավորող գործոն։ Ցավոք, նույնիսկ մեր օրերում միջազգային կոնվենցիաների պարտադիր իրավական ուժ ունեցող սկզբունքները և Միավորված ազգերի կազմակերպության Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումներն անտեսվում են՝ ստեղծելով վտանգավոր նախադեպեր, որոնք սպառնում են մշակութային պաշտպանության գլոբալ համակարգին և արտացոլում միջազգային բազմակողմ ինստիտուտների և մեխանիզմների թուլացումը», – նշեց Վահան Կոստանյանը։

Նրա խոսքով՝ այս դժվարին իրողությունները ծանր հետևանքներ են ունեցել նաև Հարավային Կովկասում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում, որի հազարամյակների հարուստ պատմություն ունեցող հայկական ժառանգությունն այսօր կանգնած է ոչնչացման և ինքնության խեղաթյուրման սպառնալիքի առաջ Ադրբեջանի կողմից։

Փոխնախարարի խոսքով՝ նման լուրջ վտանգներին դիմակայելու համար ավելի քան երբևէ անհրաժեշտ է ամրապնդել մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ինստիտուտները և գործիքները, ինչպես նաև ուսումնասիրել նորարարական ուղիները մարդկության համատեղ ժառանգությունը պահպանելու համար։

Շտաբի պետն ասում է, որ տարածքները “կազատագրեն” սահմանազատմամբ․ իսկ Հադրո՞ւթը

«Ես առաջարկում եմ այդ հարցն այլեւս ինձ չտալ, որովհետեւ դա ռազմավարական օպերատիվ նշանակության հարց է, եւ ես պուբլիկայի դիմաց դրան չեմ պատասխանի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ադրբեջանցիներին դուրս չեն շպրտում ՀՀ օկուպացված տարածքներից։

Մասնավորապես, 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Ասրյանը հայտարարել էր, որ Ջերմուկի տարածքներն օկուպացրած ադրբեջանցիները կսովածանան ու կգնան։ Լրագրողներն այսօր հարցրին Ասրյանին՝ ադրբեջանիցները գնացե՞լ են։

«Ես դա ասել եմ, բայց դա եղել է 2022 թվականին, հիմա 2024 թվականն է։ Դուք ձեր հարցադրումով կոնկրետ ուզում եք Գլխավոր շտաբի պետին ասեք, որ գլխավոր շտաբի պետը պետք է զենք վերցնի եւ գնա այնտեղից հանի՞։ Ճիշտ հարց չեք տալիս ինձ, ես այդ հարցին չեմ պատասխանում»։

Դիտարկումներին, որ ԳՇ պետը չի կատարում իր պարտականությունները, նա պատասխանեց․ «Ես ձեր խոսափողների դիմաց խոստովանություն չեմ կատարում, եւ դուք էլ իրավունք չունեք այստեղ ինձ հարցադրում անել պատասխանատվության մասով։ Դրա համար կան իրավապահ մարմիններ, դատախազություն, Քննչական կոմիտե, եթե պատասխանատու եմ, ապա իրավապահ մարմիններն իրենց անելիքը գիտեն։ Մեր սահմանների անվտանգության համար միայն գլխավոր շտաբի պետը չէ պատասխանատու, պատասխանատու են բոլորը, դուք էլ եք պատասխանատու»։

Նա նշեց, որ Ադրբեջանի կողմից հարձակման վտանգ չի տեսնում այս փուլում․ «Ոչ, այսպիսի վտագներ, սպառնալիքներ չկան ներկա դրությամբ։ Սահմաններում իրադրությունը գնահատվում է հարաբերականորեն կայուն»։

Ծննդով հադրութցի Ասրյանը հավելեց, որ համաձայն է Նիկոլ Փաշինյանի այն դիրքորոշման հետ, որ ՀՀ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով հետ բերելու նպատակ չպետք է դրվի․ «Կա սահմանազատման գործընթաց, եւ սահմանազատման գործընթացի շրջանակներում նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վերակագնում՝ համապատասխան սահմաններով։ Ես վստահ եմ, որ սահմանազատման, խաղաղ գործընթացներով դա հնարավոր է իրականացնել»։

Նա չասաց, թե ինչ կլինի Հադրութին և ամբողջ Արցախի դեպքում, քանի որ, ըստ ընդունված կանոնակարգի, Արցախը արդեն դուրս է սահմանազատման “փակագծերից”։