Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +14+16

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ:  Ինչպես հայտնում է «Հայպետհիդրոմետը», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +14+16։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ +8+12,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +9+11,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +11+13,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +8+11,

Լոռի՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +11+14,

Տավուշ՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +14+17,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +8+11,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +12+16,

Արարատ՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +14+18,

Արմավիր՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +14+17,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +8+11,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +15+18,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +15+19,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +9+13.

Հնդկաստանը ընդդեմ Թուրքիայի․ Ալիեւը Պակիստանի հետ նոր պայմանագիր է կնքում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Բաքու ժամանած Պակիստանի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Սախիր Շամշադ Միրզային։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, կողմերը քննարկել են երկու երկրների ռազմական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

«Անդրադառնալով պաշտպանության ոլորտում համագործակցությանը՝ նախագահ Իլհամ Ալիևը գոհունակությամբ նշել է վերջերս Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զինանոցում հայտնված JF-17C ինքնաթիռը, և շեշտել, որ այդ ինքնաթիռները լավագույններից են համաշխարհային մակարդակում», – ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ մամուլը գրել է, թե Հնդկաստանը թույլ չի տալիս Թուրքիային մտնել БРИКС՝ իր հակառակորդ Պակիստանի հետ սերտ համագործակցության համար։  Նույն պատճառով Հնդկաստանը աշխատում է Հայաստանի տարածքով գլոբալ կոմունիկացիաների անցկացման օգտին եւ Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցություն է ծավալում։  

Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջերս տված հարցազրույցում ընդգծել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կարող է կարևոր դեր խաղալ Ռուսաստանի հետ ռազմական առճակատման ավարտի վերաբերյալ խաղաղ բանակցությունների գործընթացում։ Նա նշել է, որ Հնդկաստանը, ունենալով զգալի ազդեցություն միջազգային ասպարեզում, կարող է օգնել բարելավել իրավիճակը և ճնշում գործադրել Մոսկվայի վրա։

 

«Տնտեսական աճի» գաղտնիքը պարզվեց՝ ոսկու վերաարտահանումը

Հայաստանից արտահանումը 2024 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 2,1 անգամ, սակայն Հայաստանում ուղղակիորեն արտադրված ապրանքների մատակարարումների աճը կազմել է ընդամենը 1,4%։

Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում 2025 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Այս արդյունքը մասամբ բացատրվում է նրանով, որ վիճակագրությունը ներառում է ոսկին, որը մասամբ վերամշակվում է Հայաստանում, սակայն դրա արժեքի հիմնական մասը ձևավորվում է նրա սահմաններից դուրս։

Ներմուծումն այս ժամանակահատվածում աճել է 56.5%-ով, սակայն առանց վերաարտահանման նվազել է 5.2%-ով։

Նախարարը նշեց, որ առանց ոսկու վերաարտահանումը հաշվի առնելու՝ Հայաստանում հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվությունը գրանցված 9-ի փոխարեն կկազմեր 6,4 տոկոս։

Փաստորեն, Հայաստանի կառավարությունն ընտրել է տնտեսական զարգացման «ինտենսիվ» տարբերակը՝ ոսկի է ներկրում մի երկրից եւ արտահանում մյուս երկիր։ 

Երևանյան լուսանկարչական փառատոն՝ 2024

Այսօր մեկնարկում է ամենամյա Երևանյան լուսանկարչական փառատոնը, որը կտևի մինչև նոյեմբերի 28-ը։ Փառատոնն իր շրջանակներում ներառում է ցուցահանդեսներ, արվեստագետների հետ հանդիպումներ, աշխատարաններ, դասախոսություններ և վարպետության դասեր՝ աշխարհի լավագույն լուսանկարիչների ու արվեստագետների մասնակցությամբ։

Փառատոնի նպատակն է ներկայացնել ժամանակակից լուսանկարչության լավագույն աշխատանքները, խթանել մշակութային երկխոսությունը և ստեղծել հարթակ՝ ստեղծագործական նորարարության համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.yerevanphotofest.am

Քաղաքացիություն է շնորհվել 3611 արցախցիների

Այսօրվա դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Արցախից բռնի տեղահանված 5600 անձ։ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ազգային ժողովում ներկայացրեց քաղաքացիության եւ հաշվառումների դիմումների վճակագրություը։

«Ներկա դրությամբ ժամանակավոր պաշտանության վկայականներ են ստացել 113 635 անձինք, մշտական հաշվառում է ստացել 99 091 մարդ։ Քաղաքացիության համար այս պահին դիմել է շուրջ 5600 անձ, որոնցից քաղաքացիություն է շնորհվել 3611-ին։ Կարծում եմ՝ այս թիվն աճի միտում ունի՝ հաշվի առնելով կառավարության կողմից վարվող քաղաքականությունը»,- ասաց Արփինե Սարգսյանը։

«Հայստանում ու Սփյուռքում այսօր պասիվություն են ցուցաբերում Արցախի իրավունքի վերաբերյալ»

«Հայստանում ու Սփյուռքում այսօր պասիվություն են ցուցաբերում Արցախի իրավունքի վերաբերյալ։ Սա անհասականալի է, որովհետեւ Արցախի ժողովուրդն իր բնական հողից դուրս է դրվել, եւ այդ ժողովրդի իրավունքների հարցը դեռ մնում է: Միայն տարբերությունն այն է, որ երբ նախկինում խոսում էինք ինքնորոշման իրավունքների մասին, դա տեղում այդպես էր, բայց այսօր էլ այդ իրավունքը գոյութուն ունի, միայն վերաձեւակերպվել է»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց իրավաբան և միջազգային իրավունքի փորձագետ Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանը։

Նա նշեց, որ ինքնորոշման իրավունքը ոչ միայն կենդանի իրավունք է, նաեւ միջազգային օրենքը երաշխավորում է այդ իրավունքը։ «Շատ օրինակներ կան՝ մեկ օրինակը պաղեստինյան ժողովրդի իրավունքներն են, արդեն 70 տարի է, որ այդ իրավունքը պաշտպանվում է, գոյություն ունի։ Բոլորը գիտեն, թե ինչ իրավիճակ է այսօր անտեղ, բայց այդ իրավունքն արձանագրված է, մնայուն է եւ այդպես պետք է մնա, նույնիսկ եթե այդ ժողովուրդը Գազայից դուրս գա։ Ուրեմն՝ մեր ամբողջ հայության պարտականությունն է՝ շարունակել այդ պայքարը Արցախի իրավունքների համար»,- ասաց նա։

Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին, իրավական կարծիք է հրապարակել՝ վերլուծելով Արցախի հայ բնակչության շարունակական ծանր վիճակը նրանց բռնի տեղահանումից և Արցախի Հանրապետության կազմալուծումից հետո:

«Հինգ հարցումներ եմ պատասխանում այդ իրավական կարծիքի մեջ։ Առաջինը՝ ապացուցում եմ, որ իրավական ու քաղաքական իրավունք է դա։ Երկրորդ, արձանագրում եմ, որ վերադառնալու անհատական եւ կոլեկտիվ իրավունքը նույնն են, այսինքն՝ տարբերություն չկա։ Երրորդ՝ հարց եմ տալիս՝ ո՞րն է ամենահարմար դատական համակարգը, որտեղ կարող ենք դիմել, որպեսզի այդ իրավունքն արձանագրվի։

Հետո բերում եմ փաստարկներ, որոնք հակասում են այսօրվա իշխանությունների ասածներին, երբ ասում են՝ Արցախի հարցը փակված է։ Ինչպե՞ս կարող ենք փակել այդ հարցը, Արցախի հարցն ամբողջ հայության հարցն է եւ նույնիսկ Հայաստանի հարցն է։ Եթե որեւէ մեկը կարծում է, որ խաղաղություն կարող ենք ունենալ առանց նրա, որ Ադրբեջանը դատապարտվի եւ չր կիրառի փոփոխություն իր ծրագրերում, դա անկարելի է։ Երբ Հայաստանը դիմեց Արդարադատության միջազգային դատարան, միայն Արցախի հայերի համար չէր այդ հայցը։ Եթե այդ դատավարությունը մինչեւ վերջ չգնա, մինչեւ վերջնական դատավճիռ չունենանք, Հայաստանը վտանգի մեջ է»,- հավելեց Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանը

Նա նշեց՝ միջազգային իրավունքում այսպես է՝ եթե մեկ երկիր խախտում է մյուսի ինքնորոշման իրավունքը, աշխարհի մյուս երկրներն իրավունք եւ պարտականություն ունեն այնպես անել, որ այդ խախտումը վերջանա, եւ վերադառնանք նախնական վիճակին։ Նշանակություն չունի, թե ով է տուժել գործողություններից։ Քանի որ միջազգային հանրությունն է շահառու, յուրաքանչյուր պետություն իրավական հիմք է ձեռք բերում խախտումը կանխելու, վերացնելու եւ գործընթացներ նախաձեռնելու։

«Մի խոսքով՝ Արցախի հարցը միայն հայկական հարց չէ, համաշխարհային հարց է, եւ պետք է սա նկաի ունենանք, որպեսզի առաջ գնանք եւ պատշտպանենք այդ իրավունքները»,- հավելեց նա։

Անդրադառնալով հարցին, որ Հայաստանի իշխանությունները հայտարարել են Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններ ներկայացրած հայցերը հետ կանչելու հնարավորության մասին, Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանն ասաց․ «Եթե Հայաստանը հրաժարվի ռասիստական եւ ատելության քաղաքականությունը կշարունակվի եւ վտանգի տակ կդնի Հայաստանին։ Իրավական ճանապարհները կարող են քաղաքական արդյունք բերել։ Այսինքն՝ եթե Հաայստանը կարողանա ներգավել այլ պետություններ, որոնք մտնեն այդ գործի մեջ, ավելի ուժեղ դիրք կունենան Ադրբեջանի հետ բանակցությունների մեջ։ Երկրորդ, այո, այսօր դատավարությունը կարող ենք իրոք շահել։ Ժամանակավոր միջանկյալ որոշումն արդեն իսկ ի օգուտ մեզ է, այնտեղ հստակ գրված է Արցախի ժողովրդի վերադառնալու իրավունքի մասին՝ հստակ պայմաններով։ Այսինքն՝ եթե հրաժարվենք, այդ ամբողջ արձանագրությունները կկորեն, հայությունը կկորի։Մեր դիվանագետները հակառակը պետք է անեն՝ պետք է շարունակեն այդ դատավարությունները, որեպեսզաի ավելի ուժեղ լինենք բանակցություններում»։

Ռոզա Հովհաննիսյան

Արցախը այդպես էլ չդիմեց Ռուսաստանին «օգնության» համար. Պուտինը հիշել է ինքնորոշման մասին

Վլադիմիր Պուտինը վերջերս հիշեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը գերակայում է տարածքային ամբողջականությունից։ Նա դա ասել է առաջին հերթին Ռուսաստանի կողմից բռնակցված Ուկրաինայի տարածքների առնչությամբ, բայց նկատի ուներ նաեւ Աբխազիան և Մերձդնեստրը։

Պուտինն ակնհայտորեն նկատի չի ունեցել Արցախը, թեև հետխորհրդային բոլոր հակամարտող տարածաշրջաններից միայն Արցախի հանդեպ կա ինքնորոշման կետ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներում։ Մնացած բոլոր հակամարտություններում համաշխարհային հանրությունը պնդում է միայն Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի տարածքային ամբողջականության սկզբունքը։

Սակայն ինչ-որ պահի համաշխարհային առաջնորդները եկան կոնսենսուսի, որ Արցախի դեպքում ինքնորոշման սկզբունքի կիրառումը վտանգավոր է, քանի որ այն կարող է էքստրապոլացվել «ռուսական հակամարտությունների» վրա: Չէ որ միայն Արցախը չէր բռնակցվել և «ճանաչվել» Ռուսաստանի կողմից։

2020 թվականի պատերազմից հետո, երբ ռուսական զորքերը մտան Արցախ, իսկ 2022-ին Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, ինքնորոշման սկզբունքն այլեւս չհիշատակվեց ԱՄՆ-ի կողմից։ Հայաստանում ԱՄՆ դեսպանը, օրինակ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից առաջ ասաց, որ հնարավոր է համարում «Ադրբեջանի կազմում հայերի երջանիկ ընտանեկան կյանքը»։

Չնայած այն հանգամանքին, որ Եվրախորհրդարանը և եվրոպական մի շարք երկրներ՝ Ֆրանսիա, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, ընդունեցին կոշտ բանաձևեր և որոշումներ Արցախի նկատմամբ ինքնորոշման սկզբունքի կիրառման անհրաժեշտության վերաբերյալ, Եվրամիությունը նույնպես դադարեց խոսել ինքնորոշման մասին։ Ավելին, Շառլ Միշելի ղեկավարությամբ ԵՄ-ն նախանձելի եռանդով սկսեց պաշտպանել 1991 թվականի շրջանակներում խորհրդային սահմանների անձեռնմխելիությանը, հատկապես Արցախի հետ կապված։ Ըստ ամենայնի, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հույս ունեին, որ այդ կերպ կկանխեն Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների բռնակցումը։

Հայաստանի իշխանությունը նույնպես «մոռացավ» ինքնորոշման սկզբունքի մասին․ բավական չէր, որ Արցախը օկուպացված էր, իսկ արցախցիները տեղահանված էին, Հայաստանի իշխանությունը «օրորոցում է խեղդում» Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հռչակելու ցանկացած փորձ։

Հիմա, երբ խոսքը գնում է Ուկրաինայում «փոխզիջումային» խաղաղության հնարավորության մասին, Պուտինը հիշեց ինքնորոշումը: Հիշեցնենք, որ պատերազմը կարող է դադարեցվել Ուկրաինայի կողմից տարածքային զիջումների, այլ կերպ ասած՝ Ռուսաստանին արդեն իսկ բռնակցված շրջանների «ինքնորոշման» ճանաչման միջոցով։ Ուկրաինայի երեք շրջաններ և Ղրիմը կճանաչվեն Ռուսաստանի կազմում, քանի որ «բնակիչները դա էին ուզում»։

Բայց արցախցիները, կասի Պուտինը, չէին ուզում Ռուսաստան դառնալ, ուստի իրենք ունեն իրենց ինքնորոշումը։ Այ եթե խնդրեինք գալ Ռուսաստան, միգուցե մտածեինք։

Արցախում բոլոր բողոքի ցույցերից հիմնականում վերարտադրվել են միայն ռուսական դրոշը բարձրացնողների կադրերը, թեկուզ դա ամենաաննշանն էր։ Անգամ Հայաստանի իշխանությունը, որը ստորագրել էր նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ ռուսական զորքերի Արցախ մտցնելու մասին, նախատում էր արցախցիներին չափազանց ռուսամետ լինելու համար։ Բայց արցախցիները երբեք չեն դիմել Ռուսաստանի օգնությանը՝ պահանջելով հայկական ինքնորոշում։ Իսկ Պուտինն ու Շառլ Միշելը ճանաչում են միայն նրանց «ինքնորոշումը», ովքեր համաձայն են դառնալ Ռուսաստանի հպատակները։ Թրամփը նրանց օգնական։

Նաիրա Հայրումյան

Փաշինյանը, Ալիեւը եւ Օրբանը շնորհավորել են Կոբախիձեին, չնայած կասկածելի ընտրություններին

Մի քանի երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետն արդեն շնորհավորել են Վրաստանի վարչապետին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով։

Կառավարության հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրակլի Կոբախիձեին «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի առիթով»՝ նշելով. «Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։ Լիահույս եմ, որ Վրաստանում Ձեր առաջնորդության առաջիկա տարիների ընթացքում և մեր համատեղ ջանքերի շնորհիվ անշեղորեն կզարգանա ու կընդլայնվի Հայաստանի և Վրաստանի փոխգործակցությունը»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս շնորհավորական ուղերձ է հղել՝ Վրաստանի վարչապետին հրավիրելով Բաքու. «Այս քվեարկությամբ Վրաստանի քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնել զարգացմանը, կայունությանը և ավանդական արժեքներին։ Կարծում եմ, որ ընտրությունների արդյունքները կնպաստեն Վրաստանի համակողմանի զարգացմանն ու բարգավաճմանը»։

Այսօր Վրաստան կժամանի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Նա մի շարք հանդիպումներ կունենա Թբիլիսիում, կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Կոբախիձեն ու Օրբանը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Հունգարիայի վարչապետն առաջինն էր, որ շնորհավորեց «Վրացական երազանք»-ին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ նախքան ընտրությունների նախնական արդյունքների պաշտոնական հրապարակումը։

«Վրաստանի ժողովուրդը գիտի, թե որն է լավագույնն իր երկրի համար, և այսօր իր ձայնը լսելի դարձրեց բոլորին», – հայտարարեց Հունգարիայի վարչապետը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է՝ երեկ երկրում տեղի են ունեցել «ռուսական ընտրություններ», նոր տեխնոլոգիաներ են օգտագործվել կեղծիքների համար։

«Ես այս ընտրությունները չեմ ճանաչում», – հայտարարել է նախագահ Զուրաբիշվիլին ընդդիմության առաջնորդների հետ ճեպազրույցում։

Նա նաև հայտարարել է այսօր հանրահավաք հրավիրելու մասին։

Ըստ ԿԸՀ-ի՝ «Վրացական երազանք»-ը ստացել է ձայների 54.8 տոկոսը, խորհրդարանի անցողիկ շեմը հաղթահարել են նաև 4 ընդդիմադիր ուժեր։ Նրանցից ոմանք արդեն հայտնել են ընտրությունների արդյունքները չընդունելու, մանդատները չվերցնելու և ակցիաներ սկսելու մտադրության մասին։

«Հակամարտության լրագրության դրվագներ» ցուցահանդեսը շարունակում է իր մարզային շրջագայությունը

 Հոկտեմբերի 22-ից Լոֆթ Իջևանում հանդիսատեսին ներկայացվել է 30 տարիների ընթացքում հայկական մեդիայի աշխատանքը Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման գործում. արխիվային տեսանյութեր, տպագիր մամուլի օրինակներ, ռադիոհաղորդումներ, լուսանկարներ ու հոդվածներ, վերլուծություններ, վավերագրական ֆիլմեր ու մուլտիմեդիա նախագծերը:

«Հակամարտության լրագրության դրվագներ»ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» մեդիա թանգարանի հինգերորդ նախագիծն է։

Մանե Գրիգորյանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի  ծրագրի ղեկավար,  մանրամասն խոսեց նախագծի մասին:

Ալվարդ Գրիգորյան

«Հակամարտության լրագրության դրվագներ» ցուցահանդեսը շարունակում է իր մարզային շրջագայությունը

Պուտինը Գուտերեշին հիշեցրեց ՄԱԿ-ի կանոնադրությունն ու ինքնորոշման իրավունքը՝ մոռանալով հիշատակել Արցախը

Նախագահ Վլադիմիր Պուտինը հիշեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որ Կազմակերպության կանոնադրության մեջ նախ նշվում են ազգերի ինքնորոշման իրավունքը և մարդու իրավունքները հարգելու անհրաժեշությունը, РИА Новости-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։

«Ուկրաինական հակամարտությունում միջազգային իրավունքի կիրառման հարցը քննարկելիս Գուտերեշը պաշտպանել է իր տեսակետը, հիմնվելով ՄԱԿ-ի իրավաբանների վրա, տարածքային ամբողջականության սկզբունքի առաջնահերթության վերաբերյալ։ Ի պատասխան՝ Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը նախ նշում է ազգերի ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև մատնանշում է մարդու իրավունքները հարգելու անհրաժեշտությունը՝ անկախ ռասայից, սեռից, լեզվից և կրոնից»,- ասաց նա։

Պուտինը, խոսելով ինքնորոշման իրավունքի մասին, մոռացել է Արցախի մասին. միակ հակամարտությունը հետխորհրդային տարածքում, որտեղ ՄԱԿ-ը և ԵԱՀԿ Մինսկի խումբը որպես կարգավորման սկզբունքներից մեկը նշել են ինքնորոշման իրավունքը, Ղարաբաղյան հակամարտությունն է։ Մնացած բոլոր հակամարտությունների համար՝ Աբխազիայում, Հարավային Օսիայում, Մերձդնեստրում, Ղրիմում և Դոնբասում, խոսվում է բացառապես տարածքային ամբողջականության մասին։

Երևանի ցուցահանդեսից կարելի է ձեռք բերել Արցախի մասին գրքեր

Տեղեկացնում ենք, որ ,,Արցախյան գրքի շաբաթը,, մեկնարկել է հոկտեմբերի 26-ին ,,Բուկինիստ,, ընկերության՝ Երեւան, Ամիրյան 2 հասցեով մասնաճյուղում: Ցուցահանդես-վաճառքին ներկայացված գրքերը, սկսած նույն օրվա ժամը 17.00-ից, ,,Գրքի գիշերվա,, ակցիայի շրջանակում կվաճառվեն 30% զեղչով:

Արցախյան գրքի շաբաթ ցուցահանդես-վաճառքը կազմակերպել է,,Ոգի-Նաիրի,, գեղարվեստի կենտրոնը եւ  ,,Բուկինիստ,, ընկերությունը: Ներկայացված են Արցախում և Հայաստանում հրատարակված գրքերը

Lուսանկարները Step1․am-ին տրամադրեց ,,Կաճառ,, գիտական կենտրոնի նախագահ Մհեր Հարությունյանը։

«Վրացական երազանքը» մոտ 54 տոկոս է ստանում, ընդդիմությունը դա անվանում է սահմանադրական հեղաշրջում

Ձայների ավելի քան 99%-ի հաշվարկից հետո «Վրացական երազանքը» կհավաքի 54 տոկոս, այսինքն՝ կստանա 90 մանդատ 150 տեղ ունեցող խորհրդարանում»,- հայտարարլ է  Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

Ինչպես նշել է Պապուաշվիլին, սա  հստակ ազդանշան է ընդդիմության համար։

Վրաստանի երկու ընդդիմադիր կուսակցություններ արդեն հայտարարել են, որ չեն ճանաչում այս ընտրությունների արդյունքները։

«Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության նախագահ Թինաթին Բոկուչավան ընտրություններն ու արդյունքները անվանել է «գողացված»։

«Մենք տեսնում ենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կատարեց Իվանիշվիլիի կեղտոտ հրամանը և հայտարարեց արդյունքներ, որոնք ցույց են տալիս, որ օլիգարխ Իվանիշվիլին գողացել է հաղթանակը վրաց ժողովրդից և դրանով իսկ գողացել եվրոպական ապագան»,- ասել է նա։

Նրա գործընկեր, «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդ Նիկա Գվարամիան նույնպես ասաց, որ իր կուսակցությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. «Ընտրությունները գողացել են։ Տեղի է ունեցել իշխանության յուրացում. Սա սահմանադրական հեղաշրջում է»։

Ընդդիմությունը հայտարարել է, որ մտադիր է բողոքի ցույցեր կազմակերպել։