Օհանյան․ Ադրբեջանն անցած տարվա սեպտեմբերին Արցախի հայաթափմամբ իրականացրել է ցեղասպանություն

«Մեր ժողովուրդը չպետք է ընկճվի, ես շնորհավորում եմ արցախահայությանը Արցախի տոնի կապակցությամբ եւ ասում, որ երբեք ոչինչ կորցված չէ։ Արցախի էջը փակ չէ՝ հաշվի առնելով գոնե երեք հանգամանք։ Մենք պետք է հասկանանք, որ հակամարտությունն ավարտված չէ, Ադրբեջանի հանցագործ գործունեությամբ անցած տարվա սեպտեմբեր ամսին Արցախի հայաթափմամբ իրականացվել է ցեղասպանություն։ Երկրորդ, Արցախի սուբյեկտայնությունը պետք է պաշտպանել, Արցախի բոլոր ինստիտուտները, կառավարման ամբողջ համակարգը իրենց գործունեությունը պետք է շարունակեն Արցախի ժողովրդի կարգավիճակի եւ ամենակարեւորը՝ վերադարձի պայմանների՝ հատկապես միջազգային անվտանգության երաշխիքների շրջանակներում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ Արցախի ճակատագրի վերաբերյալ բանակցությունները՝ գոյություն ունեցող ձեւաչափով եւ այլ նոր ձեւաչափերով, որոնք հայ ժողովուրդը, արցախահայությունը կընտրեն, այլընտրանք չունեն։ «Ասել է, թե պայքարելն անհրաժեշտություն է։ Եվ ովքեր այսօր անտեսում են Արցախը, ովքեր այսօր Արցախի վրա խաչ են քաշել, դա ՀՀ իշխանություններն են, հայ ժողովրդի բարոյական շարքում տեղ չունեն»,- ասաց նա։

Արցախցիների վերադարձի իրավունքը՝ առանց ինքնորոշման իրավունքի ճանաչման անհնար է

«Ես ուզում եմ եւս մեկ անգամ հստակ շեշտել, որ արցախցիների վերադարձի իրավունքը՝ առանց ինքնորոշման իրավունքի ճանաչման կամ դրա հետ փոխկապակցման, ուղղակի անհնար է: Հակառակ պարագայում 5-6 օրվա ընթացքում չէինք ունենա դատարկված Արցախ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Այս պահին որպես առաջնահերթություն ենք հռչակում վերադարձի իրավունքի թեման օրակարգ մտցնելը՝ հետագայում արդեն սեղանի շուրջ քննարկելու այն բոլոր տարբերակներն ու հնարավորությունները, որոնք կարող են ժամանակի ընթացքում առաջանալ։ Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք, որն ամրագրված է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ։ Կա իրավունքը, եւ այդ իրավունքի իրացման համար պետք է գործադրվեն բոլոր ջանքերը»,- հավելեց նա։

Գեղամ Ստեփանյանն ասաց, որ Մինսկի խմբի շրջանակներում երեք սկզբունքներ են մշակվել, որոնցից մեկն ինքնորոշման իրավունքն էր։ «Արցախի ժողովուրդը միշտ հղում էր անում նրան, որ որպես կարգավորման սկզբունք ընտրվել է ինքնորոշման իրավունքը։ Եվ դրանից հրաժարումը նաեւ Արցախի կործանմանը հասցրեց»,- ասաց նա։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման պատմությունը. փաստաթղթեր և փաստեր

1990 թվականի ապրիլի 3-ին ընդունվեց ԽՍՀՄ օրենքը «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության անջատման հետ կապված հարցերի լուծման կարգի մասին», որը կարգավորում էր միութենական հանրապետության անջատման, այդ նպատակով հանրաքվեի անցկացման կարգը և այլ։

Օրենքի 3-րդ հոդվածում ասվում էր. «Միութենական հանրապետությունում, որը ներառում է ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր և շրջաններ, յուրաքանչյուր ինքնավարության համար անցկացվում է առանձին հանրաքվե։ Ինքնավար հանրապետությունների և ինքնավար կազմավորումների ժողովուրդները իրենք են որոշում ԽՍՀՄ-ում կամ անջատվող միութենական հանրապետությունում մնալու հարցը, ինչպես նաև իրենց պետական ​​և իրավական կարգավիճակի հարցը բարձրացնելու իրավունքը։

Միութենական հանրապետությունում, որի տարածքում կան ազգային խմբերի կոմպակտ բնակության վայրեր, որոնք կազմում են տվյալ տարածքի բնակչության մեծամասնությունը, հանրաքվեի արդյունքները որոշելիս հաշվի են առնվում այդ տարածքներում քվեարկության արդյունքները» (ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի համագումար, Վեդոմոստիի, 1990 թ., թիվ 15, էջ 252):

Այսպիսով, գրեթե բոլոր հանրապետությունները, դուրս գալով ԽՍՀՄ-ից, ստիպված էին կամ, ամեն դեպքում, կարող էին զրկվել խորհրդային տարիներին ձեռք բերված իրենց մի շարք տարածքներից։ Բոլոր 15 հանրապետություններից միայն Հայկական ԽՍՀ-ն, որը չուներ ո՛չ ինքնավարություններ, ո՛չ էլ գերակշռող օտարերկրյա բնակչությամբ շրջաններ, եւ օրինական կերպով կարող էր դուրս գալ Խորհրդային Միությունից։ Ինչը, ըստ էության, կատարվել է 1991 թվականի մարտ-սեպտեմբեր ամիսներին՝ ԽՍՀՄ օրենսդրությանը լիովին համապատասխան։

Շարունակությունը այստեղ

Անցած տարվա սեպտեմբերի 2-ը․ դրոշները դեռ բարձրացնում ենք

«Մի՛շտ պատրաստ-կանգուն` հանուն հայ ազգի…», – վաղ առավոտ դասակն երգելով, թմբուկ-շեփորներով անցնում է Ստեփանակերտի փողոցներով, մարդիկ հեռախոսներով պատշգամբ են շտապում` վիդեո-ֆոտո անելու համար: Հետո Եղբայրական գերեզմանատուն, շքերթ ու տոնական միջոցառումներ, հրավառություն ու հպարտության մի զգացում: Արցախը նշում է իր անկախության օրը` Սեպտեմբերի երկուսը:

2023թ․  սեպտեմբերին արդեն շշուկներ էին տարածվել, իբր վարչական շենքերից հանելու են Հայաստանի եւ Արցախի դրոշները: Այս լուրը ես լսել եմ մի մարդուց, ով իրենց գրասենյակի հետնաբակում վառում էր կազմակերպության արխիվը, մետաղե երկար ձողով տրորում կրակը, հալածվում ծխից:

Անցնելով Վերածննդի հրապարակով՝ նախագահականի դրոշների տակ մարդիկ եմ տեսնում կանգնած: Ես միանգամից վատը մտածեցի, ահա, հանում են…

– Հանո՞ւմ եք դրոշները, – հարցնում եմ ես:
– Ո՛չ, գունաթափ է, փոխում ենք, – հեգնական մի ժպիտ դեմքին ասում է նրանցից տարեցը, – դեռ բարձրացնում ենք, ավելացնում է նա:

Հետաքրքիր է, որտե՞ղ են այդ դրոշները, որտե՞ղ է մեր տոնը…

Մարութ Վանյան

Մեր վերադարձը պետք է լինի միջազգային երաշխիքներով. Սամվել Շահրամանյան

Արցախի հանրապետության նախագահ Սամվել Շահարմանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ Նիկոլ Փաշինյանը Սամվել Շահրամանյանին ու Արցախի իշխանությանն է մեղադրում Արցախը հանձնելու եւ Արցախը լուծարելու որոշում ստորագրելու համար։

«Մենք, տեղահանվելով եւ տեղափոխվելով ՀՀ, որդեգրել ենք մի քաղաքականություն, եւ ես տեղեկացրել եմ մեր բոլոր պաշտոնյաներին, որ մեզ համար առաջնահերթություն է Հայաստանի անվատանգությունը։ Սա եւս մեր հայրենիքի հիմնական մասն է, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի չվտանգենք այն գործընթացները, որոնք հիմա իրականացվում են Հայաստանի իշխանությունների կողմից եւ չվնասենք անվտանգային համակարգին։ Սակայն մենք տեսնում ենք, որ տարբեր առիթներով մանիպուլացվում է այդ հարցը՝ կապված Արցախի լուծարման հետ։

Առաջինը դա սուտ թեզ է, այդ փաստաթուղթը մենք ստիպված ենք եղել ստորագրել, ապահովելու խաղաղ բնակչության անվտանգ տեղափոխումը Հայաստան։ Նաեւ ուզում եմ տեղեկացնել, որ զինված ուժերն են տեղափոխվել, ուժային կառույցների պաշտոնյաներ, ցավոք սրտի, մենք ունեցել ենք նաեւ կենդանի պատանդներ՝ ի դեմս մեր ռազմաքաղաքական ղեկավարության։ Ինչ վերաբերում է այդ փաստաթղթին, ուզում եմ տեղեկացնել մեր հանրությանը, որ հենց սկզբից մենք տեղյակ ենք, որ այդ փաստաթուղթը հակասահմանադրական է, հակաօրինական է։ Այդ փաստաթուղթը չի ստացել իրավական ուժ, այն պաշտոնապես չի հրապարակվել, չի տեղադրվել իրավական համակարգում, որից հետո կարելի է փաստաթուղթը համարել նորմատիվ ակտ։ Եվ արդեն, տեղափոխվելով ՀՀ եւ տեսնելով մեր բնակչության կարծիքը, մենք այդ փաստաթղթի վերաբերյալ կայացրել ենք որոշում։ Եվ ես գրավոր տեղեկացրել եմ այդ որոշման մասին Հայաստանի կառավարությանը, ի դեմս վարչապետի, իր կից փաստաթղթերով։ Եվ այսօր խոսել այդ փաստաթղթի ուժ ունենալու մասին, անիմիաստ է եւ դա չի համապատասխանում իրականությանը»,- ասաց նա։

Սամվել Շահրամանյանը նշեց, որ Արցախի հարցը միջազգային օրակարգ բերելը Հայաստանի Հանրապետության իշխանությունների խնդիրն է։ «Մենք պատրաստ ենք այդ հարցով համագործակցել բոլոր շահագրգիռ կառույցների հետ։ Հայաստանի Հանրապետության իշխանություններն ամեն ինչ պետք է անեն՝ արցախցիների իրավունքները պաշտպանելու համար, այդ թվում՝ միջազգային հարթակներում»,- հավելեց նա։

Հարցին, թե Արցախի իշխանությունը պատրա՞ստ է ուղիղ բանակցել Ադրբեջանի հետ՝ վերադարձի հարցի համար, Շահրամանյանը պատասխանեց․ «Մենք պատրաստ ենք տարբեր ձեւաչափերով հանդիպումների, բանակցությունների, կարեւորը, որպեսզի ձեւակերպված լինի ճիշտ խնդիր ու ձեւաչափ»։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կարգավիճակով ու ինչ ձեւաչափով կարող են վերադառնալ, Շահրամանյանն ասաց․ «Ուզում եմ ասել, որ մշտապես մեր օրակարգում է այդ հարցը։ Ուզում եմ նշել, որ արցախցիները մեծ ցանկություն ունեն վերադառնալ, շենացնել իրենց հայրենիքը, հայկական դարձնել Արցախը։ Մեր վերադարձը պետք է լինի միջազգային երաշխիքներով, արժանապատիվ, արդարացի, եւ մենք պետք է ապահով զգանք մեզ մեր հայրենիքում։ Եթե չափանիշներն ապահովվեն, մենք պատրաստ ենք բանակցել այդ հարցերի շուտափույթ լուծման համար»։

Շահրամանյանն ասաց նաեւ, որ հայաստան տեղափոխվելով, չի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ․ «Ես փորձեր չեմ արել հանդիպել։ Ինձ թվում է, դա բնական է, որ մեր հանդիպումը պետք է տեղի ունենար, սակայն մինչ այսօր չենք հանդիպել, որեւիցե հարց չենք քննարկել»։

 Ռոզա Հովհաննիսյան

Հրազդանում կորած Տումիից բռնի տեղահանված Հռիփսիմե Ավագյանին գտել են

Մերի Գրիգորյանը գրում է․

Երեկվանից Հրազդանում փնտրում են Տումիից բռնի տեղահանված Հռիփսիմե Ավագյանին, 14 տարեկան։ Ըստ եղբոր խոսքերի, ինքն է զբաղվում փնտրման աշխատանքներով։

Լրացված․ մեր ընթերցողները տեղեկացնում են, որ աղջկան գտել են, եւ նա ծնողների հետ է։

Սահմանադրությունից մի շեղվեք․ Հայաստանը միավորված է Արցախի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած՝ Բաքվին արած առաջարկը, ըստ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, “շտապելու տենչ է՝ սեփական ուղղակի քաղաքական և բարոյական ուղեգորգ լինելու զգացո՞ւմ, թե՞ պատվեր կատարելու հրահանգ»։ Փաշինյանը, հիշեցնենք, հայտնեց, որ Երևանն ու Բաքուն ամբողջովին համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի 17 հոդվածից 13-ը, ևս 3 հոդվածի բառապաշարի մեծ մասը: Ապա հավելեց՝ Հայաստանը նոր առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին՝ ստորագրել այն հոդվածների տակ, որոնք արդեն համաձայնեցվել են՝ մյուսների քննարկումը թողնելով ապագային։ 

Պայմանագրի տեքստի մեջ, ինչպես ավելի վաղ է հայտնի դարձել, չկան երեք հիմնական կետեր՝ Արցախի հարցը, դելիմիտացիայի եւ կոմունիկացիաների բացման խնդիրները։ Ըստ Փաշինյանի, համաձայնության են եկել, որ կճանաչեն սահմանները ըստ Ալմաթիյի հռչակագրի, թեկուզ Բաքուն հրապարակավ չի համաձայնվել դրան։

“Շտապելու տենչը” հենց դրա հետ է կապված՝ Արցախի օկուպացիան անշրջելի դարձնել “խաղաղության պայմանագրով”, որից հետո “չեղարկել” Մինսկի խումբը, Եռակողմ հայտարարությունը եւ փոխել ՀՀ Սահմանադրությունը։

Արցախի հարցը փակված չէ, հայտարարեց երեկ արքեպիսկոպոսը։ «Այն իր բոլոր դրսևորումներով և ծավալումներով կազմում է հայկական օրակարգի առանցքը: Ինձ համար ընդունելի է Արցախը՝ թե՛ որպես անկախ հանրապետություն, թե՛ վերամիավորված մայր Հայաստանին», – ասաց նա՝ գործող իշխանություններից պահանջելով հետամուտ լինել Արցախի հիմնահարցը բանակցային օրակարգում ներառելուն։

Նա Հայաստանի իշխանություններին մեղադրեց «արցախցիների տուն վերադարձի խոչընդոտը լինելու» մեջ։ 

Ակտիվ ընդդիմությունը, ինչպես եւ իշխանությունները, չեն խոսում Արցախի կարգավիճակի, 1989 թ․ ոորշման մասին, ըստ որի Հայաստանը եւ Արցախը միավորվել են, եւ դա ամրագրված է Անկախության հռչակագրի եւ, ըստ այդմ՝ Սահմանադրության մեջ։ Ընդդիմույունը խոսում է արցախցիների՝ անհասկանալի պայմաններով վերադարձի մասին, շեղելով այդպիսով պայքարի վեկտորը սահմանադրական լուծոմից։

Փաշինյանը, խոսելով արցախահայերի հավաքական վերադարձի մասին՝ ասել է, որ “այն ընկալումներով, որոնցով Լեռնային Ղարաբաղի մի խումբ հայրենակիցներ ու նախկին պաշտոնյաներ փորձում են ձևակերպել հարցը, իրատեսական չէ”:

Դա ճիշտ է, քանի որ արցախցիների վերադարձը, ըստ գործող օրենսդրության, հնարավոր է միայն ՀՀ արցախյան մասի դեօկուպացիայի պայմաններով։ Դոր է գալիս դա մեզ, թե ոչ՝ հրաշք չի լինելու, պետք են կոնկրետ քայլեր այս ուղղությամբ։ Եւ առաջին քայլը՝ ՀՀ իշխանություններն ու քաղաքական-հասարակական միավորները պետք է հստակ գնահատական տան իրավիճակին։ Այդ գնահատականը տվել է Ալիեւը․ նա հայտարարել է, որ՝ ըստ ՀՀ Սահմանադրության Արցախը Հայաստանի մաս է։

Նման գնահատական հնչեցնում են ԱԻՄ-ը, ՀՅԴ-ն, Ազգային-ժողովրդավարական բեվեռը, Գերագույն խորհրդի նախկին պատգամավորները, առանձին քաղաքական գործիչներ։ Սակայն այս հարցի շուրջ լռելյալ համաձայնություն կա՝ բարձրաձայն այդ մասին չխոսալ, շեղել օրակարգը Սահմանադրությունից։ Իշխանությունը դա անում է “խաղաղ պայմանագրով”, տանելով դեպի ՀՀ կործանում, ընդդիմությունը՝ դեպի “արցախցիների վերադարձ”՝ ցեղասպանության “երաշխիքով”։

Մի շեղվեք Սահմանադրությունից։ Պետք է ընդամենը պահանջել կատարել Սահմանադրության մեջ ամրագրված ժողովրդի կամարտահայտությունը։

Նաիրա Հայրումյան

Ալիևի ընտրությունները. բոլորը քմծիծաղում են, բայց սեղմում են նրա ձեռքերը

BBC-ի փոխանցմամբ՝ ընտրատեղամասերի փակման ժամանակ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ադրբեջանցի ընտրողների միայն մոտ 37%-ը։ Ալիևի «Նոր Ադրբեջան» կուսակցությունը Միլլի Մեջլիսի 125 մանդատներից ստանում է 68-ը՝ նույնքան, որքան նախորդ անգամ։ Ուղիղ 50+1%։

Մյուս մանդատները կտրամադրվեն պաշտոնապես անկախ թեկնածուներին, ովքեր փաստացի աջակցում են կառավարությանը, ինչպես նաև փոքր իշխանամետ կուսակցություններին: Ադրբեջանի ժողովրդական ճակատը բոյկոտել է քվեարկությունը։ «Մուսավաթ»-ը 15 տարվա մեջ առաջին անգամ է մասնակցել ընտրություններին, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, նոր խորհրդարանում ոչ մի տեղ չի ստանում։

Այս տարի Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն առաջին անգամ անցկացվեցին առանց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդների մասնակցության։ Փոխարենը դրանց մասնակցել են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ այս 30 տարիների ընթացքում Ադրբեջանում ոչ մի ընտրություն չի ճանաչվել արդար, անկախ և արդար միջազգային կազմակերպությունների կողմից։

Համաշխարհային լրատվամիջոցները քմծիծաղում են Ալիևի «ժողովրդավարության» մասին հիշատակելիս, սակայն պատրաստվում են պատվիրակություններ ուղարկել՝ մասնակցելու նոյեմբերին Բաքվում նախատեսված ՄԱԿ-ի Կլիմայի ֆորումին։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի կշտամբել Ալիևին օրերս Պուտինի հետ հանդիպելու և Գազպրոմի հետ պայմանագիր ստորագրելու համար։ Խելացի դեմքերով ուկրաինացի վերլուծաբաններն ասում են, որ Ալիևը «գիտի, թե ինչ է անում», իսկ իրականում «խեղդում է» Ռուսաստանին։ Ամերիկյան Պետդեպարտամենտը, մատնանշելով Ալիևի «մեղքերը», միայն հիշատակում է ձերբակալված լրագրողներին՝ չհիշելով, որ մեկ տարի էլ չի անցել այն բանից, որ Ալիևը Պուտինի հետ միասին ենթարկել է Արցախը օկուպացիայի, ցեղասպանության և տեղահանության։ Պետքարտուղարությունն ասում է, որ դեռ չի կարող գնահատել Արցախում տեղի ունեցածը։ Իսկ Մաշա Զախարովան գլխով է անում ու ասում, որ աշխարհում ոչ մի կազմակերպություն տեղի ունեցածը չի ճանաչել որպես էթնիկ զտում (չնայած Եվրախորհրդարանի ու ԵԽԽՎ-ի զեկույցների, որոնք հստակ գնահատական ​​են տալիս)։

Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն և Պուտինը շնորհավորում են Ադրբեջանի փոխնախագահին, նույնը՝ Ալիևի կնոջը ծննդյան օրվա առթիվ՝ հայտարարելով, որ «բարձր են գնահատում նրան»։

Ի դեպ, ասում են, որ Ալիևի որդին ընտրվել է խորհրդարան և կարող է դառնալ խոսնակ, իսկ արևմտյան ժողովրդավարությունները, անշուշտ, կծափահարեն ընտանեկան կառավարումը մի երկրում, որը շուտով կհյուրընկալի ՄԱԿ-ի գագաթնաժողովը և կդառնա Եվրոպայի գլխավոր «գազի մատակարարը»:

Արցախի Հանրապետության նվիրված օրն առանց Արցախի

Երեկ Սուրբ Աննա եկեղեցու բակում Արցախի պետական օրհներգով մեկնարկեց Սրբազան պայքարի՝ Արցախի Հանրապետության օրվան նվիրված մեծ հավաքը։

“Համոզված եմ, որ մեր ժողովուրդն իր միակամությամբ, առանց ուրիշի վրա հույս դնելու հնարավորություն է ստեղծելու նորից վերականգնելու Արցախի Հանրապետության անկախությունն ու մեր ազատ ապրելու իրավունքը։

Ցավոք, Արցախի Հանրապետության տարածքն օկուպացնելուց հետո Ադրբեջանը փորձում է մեր հիշողությունից ջնջել նաև Արցախի հայկական հետքը։

Ովքեր եղել են Արցախում, գիտեն, որ անզեն աչքով էլ տեսանելի է՝ դրախտային այս երկիրը հնարավոր չէր չլիներ մարդկային օրրաներից մեկը”,- ասել է Արցախի Հանրապետության պատգամավոր Վահան Բալայանը:

Արցախի թեմի թեմակալ խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով` բոլորս հավատացած ենք, որ վերադառնալու ենք մեր հայրենիք և վանքերում, ու եկեղեցիներում նորից հնչելու է տերունական աղոթքը, և նորից այնտեղ մենք կատարելու ենք կնունքի ու պսակի արարողություններ։

“2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո ես իջել եմ փողոց՝ արդարության փնտրտուքով, ճշմարտության հաղթանակի համար ու մինչև հիմա ես փողոցում եմ։ Ես շարունակելու եմ իմ պայքարը, քանի դեռ հավատս ու հույսս ուժեղ են:

Մենք՝ արցախցիներս, ոչ թե հյուրեր ենք, այլ Հայաստանի Հանրապետության տերն ու տիրակալներն ենք, ինչպես Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները։ Բայց ինչպես հայկական քրիստոնեական ընտանիքներին է բնորոշ, տերն ու տիրակալը պետք է պատասխանատվություն կրի իր ընտանիքի անվտանգության, առողջության, մաքրության, ամեն ինչի համար, և մենք պատրաստ ենք այդ պատասխանատվությունը կրել,-ասել է արցախցի Արեգա Հովսեփյանը»։

Բագրատ Սրբազանի խոսքով՝ իրականությունն այն է, որ տնավեր է արցախցին, այսինքն, տնավեր ենք բոլորս։ Մենք պետք է ունենանք ազատագրված Հայաստան և ազատագրված Արցախ։ Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՛ն և չեմ ներելու հանուն Արցախի։ Այսօր մենք հավաքվել ենք ոչ թե հիշատակելու, այլ հիշեցնելու, որ Արցախի հարցը փակված չէ, և այն իր բոլոր դրսևորումներով ու ծավալներով կազմում է հայկական օրակարգի առանցքը։ Ինձ համար ընդունելի է Արցախը՝ թե՛ որպես անկախ հանրապետություն, թե՛ վերամիավորված մայր Հայաստանին:

Այսօր ոչ մի արցախցի երեխա Արցախում դպրոց չգնաց, ոչ մի ուսանող կամ դասախոս չբացեց համալսարանի դուռը, Արցախի ոչ մի վանքում կամ եկեղեցում աղոթք չհնչեց, ոչ ոքի շիրիմի առջև խունկ չծխաց ու աղոթք չբարձրացավ։

Ու այս ամենի մեղավորը Հայաստանի Հանրապետության իշխանությունն է։ Սա դատապարտության խարան է ձեր ճակատին։

Մենք կոչված ենք սխրանքի ու հերոսության, մենք կոչված ենք գնալու մեր իղձերի ու երազանքների հետևից՝ որևէ վայրկյան չտատամսելով մեր կյանքի համար, որովհետև այդ կյանքն արդեն գնված է մեր եղբայրների ու քույրերի կողմից։

Ինձ համար գոյություն ունի մեկ կյանք, հայրենիք կամ մահ”։

Տաթև Ազիզյան

 

Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառը եղանակային վատ պայմաններն էին. ավարտական զեկույց

Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառը եղանակային վատ պայմաններն էին, ասվում է հետաքննության ավարտական զեկույցում, Reuters-ի հաղորդմամբ՝ հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը։

Ռայիսին և նրա ուղեկիցները, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը մայիսի 20-ին մահացած էին գտնվել Իրանի հյուսիս-արևմուտքում՝ ուղղաթիռի կործանման վայրում։ Նրանք Իրան էին վերադառնում Ադրբեջանից։

Վահանս ու Կարենս երկնքից նայում են․ նրանք գիտեն, որ իրենց մայրը դեռ առաքելություն ունի

-Չգիտեմ՝ ինչպես եմ 11 ամիս առանց զավակներիս ապրում․ զարմանում եմ, որ չեմ խելագարվում։ Մտածում եմ՝ ապրելուս իմաստը որն է, ինչպե՞ս կարող է մայրը երկու որդիներին միանգամից կորցնել ու շարունակել ապրել։ Հետո հասկանում եմ․  չէ՞ որ պետք եմ նրանց երեխաներին,- չի կարողանում զսպել լացը Նաթելլա Մուսայելյանը, որի տղաները զոհ են դարձել 2023-ի սեպտեմբերի 25-ի պայթյունին։

Նաթելլան Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղից է։ Ամբողջ կյանքում համագյուղացիների առաջին բուժօգնություն ցուցաբերողն էր․ տասնամյակներ շարունակ Խնձրիստանի բուժկետի վարիչն էր և անձնվիրաբար էր իրականացնում իր առաքելությունը։ Գիշեր, թե ցերեկ նա յուրաքանչյուրի կողքին էր՝ պատրաստ առաջին օգնությունը ցուցաբերելու։ Նրան երբեք չէր խանգարում իր առողջական բարդ վիճակը․ տառապում է կոքսարթրոզ հիվանդությամբ։ Խնձրիստանցիները լավ գիտեին․ ինչ էլ լինի, Նատան միշտ կհասնի․․․ Բոլորին հասավ, բայց իր երեխաներին հասնել չկարողացավ․․․

-Կորցրի և՛ հայրենիքս, և՛ տղաներիս։ Սեպտեմբերի 25-ին գյուղում էինք։ Տղաներս՝ Վահանն ու Կարենը, գնացել էին վառելիք ձեռք բերելու։ Լսել էինք, որ Ստեփանակերտի մոտակայքում վառելիք են բաժանում։ Մարդիկ խուճապահար էին, յուրաքանչյուրն աշխատում էր ժամ առաջ դուրս գալ վտանգված Արցախից ու փրկվել։ Ինչքան էլ դաժան, բայց դա էր իրականությունը․ Արցախը հայաթափվում էր։

Հանկարծ գույժը հասավ գյուղ․ խոշոր պայթյուն է եղել, զոհերի թիվն անհամար է։ Այդ պահին հողը սկսեց փախչել ոտքերիս տակից, սիրտս կանգ էր առնում։ Չգիտեի՝ ինչ անել, տեղատարափ անձրևն ավելի էր մեծացնում խուճապը։ Մեր բարեկամներից մեկի մեքենայով հասանք Ստեփանակերտ՝ գյուղում թողնելով տղայիս մեքենան, որի մեջ նախօրոք տեղավորել էինք մեր անհրաժեշտ իրերը։ Ամեն ինչ թողեցինք և ընդամենը փաստաթղթերը վերցնելով՝ դուրս եկանք գյուղից։ Հարսներիս հետ 5 օր շարունակ փնտրում էինք տղաներիս, շրջում բոլոր հիվանդանոցներով։ Նրանց անունները չկային ո՛չ զոհվածների և ոչ էլ վիրավորների ցուցակներում։

Սեպտեմբերի 29-ին մեզ ասացին՝ Արցախում մնալը վտանգավոր է, տղաներին պետք է փնտրել Հայաստանում։ Հաջորդ օրը վերջին ավտոբուսով դուրս եկանք Արցախից։ Բառերով չեմ կարող նկարագրել այն իրավիճակը, որ տիրում էր ողջ ճանապարհին։ Բոլորի համար էր ծանր դժոխային այդ ճանապարհը։ Հայրենիքը մնում էր հետևում, սակայն, երբ դրան գումարվում է մարդկային կյանքերի կորուստը, ապա ցավը դառնում է անասելի ծանր։

Երբ հասանք Երևան, նորից սկսեցինք փնտրել տղաներիս։ Սրտի դողով նույնականացման համար ԴՆԹ հետազոտության թեստ հանձնեցի, հոգուս խորքում հույս ունենալով, որ այն բացասական կլինի, և տղաներս հրաշքով ողջ կլինեն։ Ախր մենակ ու մեծ դժվարությամբ էի երեխաներիս մեծացրել, մի՞թե Աստված չի խղճա ինձ․․․Սակայն հրաշք տեղի չունեցավ․ նոյեմբերի 10-ին մեզ տեղեկացրին, որ պարզվել է երեխաներիս ինքնությունը։

2 օր հետո կազմակերպեցինք որդիներիս հուղարկավորությունը։ Աշխարհում չկա ավելի մեծ ցավ, քան մոր ձեռքերով երեխաներին հողին հանձնելու դաժան ցավը։ Ոչ մեկին չեմ ցանկանում այդպիսի ճակատագիր։ Թող ոչ մի մայր այլևս արցունք չտեսնի,-ասում է տիկին Նաթելլան։

Որդեկորույս մայրը աշխատում է դիմանալ բոլոր ցավերին։ Զավակների ու Հայրենիքի կորստին ավելացել է նաև ֆիզիկական ցավը։ 4-րդ աստիճանի կոքսարթրոզ հիվանդությամբ տառապող Նաթելլան օրերս ծանր վիրահատություն է տարել։ Այլևս հնարավոր չէր սպասել, հիվանդությունը տանջում էր նրան։ Միաժամանակ, չէր ցանկանում հարսների համար ծանրություն դառնալ՝ մնալով հաշմանդամության սայլակին։ Վիրահատությունը բարեհաջող է անցել, իսկ կկարողանա՞ արդյոք լրիվությամբ վերականգնվել՝ գիտի միայն Աստված։

-Շատ ծանր վիրահատություն տարա, չգիտեմ՝ ինչ ընթացք կստանա, սակայն մի բան գիտեմ՝ ես պետք եմ թոռնիկներիս։ Վահանիս երկրորդ երեխան ծնվել է հոր մահից հետո՝ ապրիլին։ Այս բարդ ու դաժան աշխարհից անտեղյակ Էմիլի թոռնիկս ընդամենը 4 ամսական է։ Հանուն նրա ու մյուս թոռնիկներիս՝ Նատալիի և Արթուրի, պետք է ուժ հավաքեմ, որ կարողանամ հարսներիս կողքին լինել, որոնք ինձ համար ոչ թե հարսներ են, այլ հարազատ դուստրեր են դարձել։ Սիրտս մղկտում է, որ նրանք այրիացել են այդքան երիտասարդ տարիքում ու պետք է մենակ մեծացնեն երեխաներին։ Ո՛չ, ես չեմ կարող հուսախաբ անել իմ զավակներին։ Վահանս ու Կարենս երկնքից նայում են։ Նրանք գիտեն, որ իրենց մայրը դեռ առաքելություն ունի անելու,- արտասվում է որդեկորույս մայրը․․․

Նաթելլա Մուսայելյանը, որ տարիներ շարունակ հայրենի Խնձրիստանի բնակչության առաջին օգնությունն էր, այսօր ինքն է զգում օգնության կարիք։ Բարդ վիրահատությունից հետո ֆինանսական ծանր կացության մեջ է հայտնվել առանց տղամարդու ուժի մնացած նրա ընտանիքը։ Ո՞վ գիտի, գուցե կգնտնվեն մարդիկ և օգնության ձեռք կմեկնեն այս ընտանիքին․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ