Ինչպես Հայաստանն առաջին անգամ մերժեց Արցախը

Լևոն Տեր-Պետրոսյանը Անկարայում, հանդիպում Էլչիբեյի հետ

Ինչպես արդեն գրել էինք, 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ԱՊՀ ստեղծման մասին հռչակագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ճանաչեց Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը առկա սահմաններում։ ԱՊՀ պայմանագրի վավերացման ժամանակ ներկայացված տարբեր կարծիքում Հայաստանը չի անդրադարձել Ադրբեջանի հետ ԼՂՀ հարցում տարաձայնությունների և կոնֆլիկտի առկայությանը։ Այս խնդիրը երբեք չի բարձրացվել ԱՊՀ շրջանակներում։ Սա, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին մերժումն էր և ՀՀ Սահմանադրության առաջին խախտումը։

Հայաստանի և ԼՂՀ-ի միջև հարաբերությունների կոնկրետ մոդել է ձևավորվել. ԼՂՀ-ից Հայաստանի Գերագույն խորհուրդ ընտրված պատգամավորները հետ չեն կանչվել, չնայած այն հանգամանքին, որ Արցախն արդեն ձեւավորել էր սեփական խորհրդարանը։

Չնայած իրավական տարանջատմանը, փաստացի անջատում տեղի չի ունեցել։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինտեգրվել է Հայաստանին բոլոր ոլորտներում. ԼՂՀ-ում իշխանության գլխին Հայաստանի հովանավորյալներն էին, ովքեր չէին կարող ազդել քաղաքականության վրա։

Լղոզվել է հայոց պետականության ստեղծման իրավական հիմքը. կառավարումն ու պետականաշինությունը սկսեցին հիմնվել ավտորիտար սկզբունքների վրա։ Սա իր հերթին հանգեցրեց քաղաքական ու տնտեսական քաոսի ու երկրում օլիգարխիայի ձեւավորմանը։

Հակասություններ առաջացան նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։ 1992 թվականից Լեռնային Ղարաբաղի խնդիրը դիտարկվում է ԵԱՀԿ շրջանակներում, և Հայաստանը հրաժարվում էր ինքնուրույն լուծել ԼՂՀ կարգավիճակի հարցը։ Հայաստանը խնդիրը ներկայացրել է «փոքրամասնությունների իրավունքների և անվտանգության» շրջանակներում։ Հենց դա էլ հնարավորություն տվեց ադրբեջանին արդարացնել ուժի կիրառումը։

1992 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանի պատերազմը ստիպեց Հայաստանի իշխանություններին որոշել դե ֆակտո ճանաչել ԼՂՀ-ն և օգնություն ցուցաբերել նրան։ Մոբիլիզացիա է հայտարարվել։ Հենց այդ ժամանակ էլ նախագահ Տեր-Պետրոսյանը Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի հիմք ընդունեց «Թուրքիայի հետ հաշտեցումը», և ադրբեջանի և ԼՂՀ-ի հակասությունները անվանվեցին Հայաստանի զարգացման առանցքային խնդիր։ Իրականում այս դիրքորոշումը հետագայում հանգեցրեց ինքնիշխան քաղաքականության կորուստին և Հայաստանի ինտեգրմանը Ռուսաստանի ռազմական, ապա տնտեսական բլոկներին։

Ծանոթ մոտեցումներ են, այնպես չէ՞։ Այսօրվա իշխանությունը հավատարիմ է նույն դիրքորոշումներին, բայց ավելի բացահայտ ձևերով։ Հայաստանի վարչապետը հրապարակայնորեն ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Արցախը որպես ադրբեջանի մաս, ստորագրեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի հանցավոր հայտարարությունը և համակարգված սպասարկում է ռուս-ադրբեջանական տանդեմը։

Արտաքին քաղաքական կուրսը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու ռազմավարական գիծ է հետապնդում, որն էլ իր հերթին կապում է այդ կուրսը ադրբեջանի հետ։ Նույնիսկ 1994-ի պատերազմում Ադրբեջանի պարտությունը չփոխեց Հայաստանի բոլոր իշխանությունների մտադրությունները, չնայած այն հանգամանքին, որ բոլոր ազատագրված տարածքները գտնվում էին Հայաստան + ԼՂՀ վերահսկողության տակ։

Հենց այս անհեռատեսությունն ու քաղաքական ու դիվանագիտական ​​անգրագիտությունը հանգեցրին ադրբեջանի ակտիվացմանը միջազգային ասպարեզում։ Իսկ աշխարհաքաղաքական հարմար իրավիճակը հնարավորություն տվեց այս ահաբեկչական, ռասիստական ​​երկրին իրականացնել Արցախի բնակիչների ցեղասպանությունն ու տեղահանությունը։

Հաջորդ հոդվածներում կանդրադառնանք Հայաստանի իշխանությունների անցած 26 տարիների հանցավոր քաղաքականությանը, որն արդեն իսկ հասցրել է պետականության կորստի շեմին։

Մարգարիտա Քարամյան

Միասնականչ. հաջորդ համերգը սեպտեմբերի 13-ին

Շուշիի «Վարանդա» երգչախմբի ղեկավար Զաքար Քեշիշյանը հանդես է եկել «Միասնականչ» համերգային ծրագրով:

« Ցանկանում էի Կոմիտասի տուն-թանգարանում համախմբել իմ բոլոր արցախցի ընկերներին, որպեսզի միասին վայելենք երաժշտությունը: Հերթական երաժշտական ծրագրով հանդես կգանք սեպտեմբերի 13-ին Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում»-նշել է նա:

Սահմանադրական դատարանը կքննարկի Արցախի, Սյունիքի եւ Տավուշի “սահմանազատումը”

Կիրանց

Նախապես հայտարարված ժամկետից երկու ամիս ուշացմամբ երեկ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրին և ստորագրեցին, թե ինչ սկզբունքների հիման վրա են շարունակելու սահմանազատումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:

«Կանոնակարգը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի Կառավարության քննարկմանը, որից հետո կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը, և այս նպատակով փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար», – հայտնել են վարչապետի աշխատակազմից։

Թե ովքեր են ստորագրել և ինչու դեմ առ դեմ հանդիպում տեղի չի ունեցել ո՛չ Արտգործնախարարությունը, ո՛չ վարչապետի աշխատակազմը չեն հստակեցնում:

Բաքվում այս փաստաթղթի ստորագրումը շատ կարեւոր համարեցին։ Թե ինչ սկզբունքների է համաձայնվել Հայաստանի կառավարությունը, կարելի է կռահել․ Արարատ Միրզոյանը հայ դեսպաններին հավաքից հետո տարել է Կիրանց եւ ցույց տվել, թե ինչ սկզբունքով պետք է լինի «սահմանազատումը»։

Հետաքրքիր է, որ սահմանազատման սկզբունքները հաստատվում են այն բանից հետո, երբ «ճանաչվել» է նոր «սահմանը» Տավուշում եւ հայտնի է դարձել, որ դեռ 2020-ի դեկտեմբերին Երեւանը, Բաքուն եւ Մոսկվան ՊՆ մակարդակով ինչ-որ հուշագիր են ստորագրել, որով Սյունիքում հանձնվել են հայկական հողեր, այդ թվում՝ Գորիս-Կապան ճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածը։ Մինչ այդ ՀՀ վարչապետի ստորագրությամբ 2020-ի նոյեմբերի 9-ին հանձնվել են արցախյան տարածքներ, մեծ մասը առանց մի կրակոցի։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը եւս չի անցել Հայաստանում ներքին ընթացակարգեր։

Արցախի, Սյունիքի եւ Տավուշի «սահմանազատումը» Ազգային ժողովը եւ Սահմանադրական դատարանը չի քննարկի, թեկուզ իրավական պետության առկայության դեպքում օրվա իշխանություններին պետք է հարցնեին, թե ինչ իրավունքով են հանձնվել հողերն՝ առանց վավերացման եւ իրավական հիմքի։ Դրա համար հատուկ եւ ծանր հոդված կա Քրեական օրենսգրքում։

Այսօր Փաշինյանը ասուլիս կտա եւ կասի, որ դա արվել է, որպեսզի պատերազմ չլինի, որ մարդիկ Սեւանի շուրջ հանգիստ հեծանիվ քշեն, որ էլի արցախցիներն են մեղավոր։ Գուցե նաեւ կասի, որ ռեւանշիստները չեն ուզում Հայաստանի խաղաղ գոյությունը, եւ դրա համար նոր ընտրություններ են պետք, որ կարողանանք ռեվանշիստներին հաղթել եւ նոր Սահմանադրություն ընդունենք՝ առանց Արցախի, Սյունիքի եւ Տավուշի։ Հատկապես որ “ռեւանշիստներն” էլ դեմ չեն գնա Պուտինին։

Նաիրա Հայրումյան

Ինչու՞ անջատվեց ՀԱԷԿ-ը. Զապորոժիեի ԱԷԿ-ը հանեց բոլոր «կարմիր գծերը»

Օգոստոսի 30-ին՝ ժամը 22:55-ի սահմաններում, Հայաստանի ատոմակայանը անջատվել է երկրի էներգահամակարգից։ Այս մասին հայտնում են Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Անջատումը տեղի է ունեցել կայծակի հարվածից, որի հետևանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը տեղափոխել է անվտանգ անջատման ռեժիմ: Ներկայումս ԱԷԿ-ի թիմը զբաղված է կայանի վերագործարկումով։

Երեկ, իհարկե, Հայաստանում զգալի ամպրոպ էր, բայց երբևէ կայծակի հետևանքով ատոմակայան ավտոմատ չի անջատվել։

Զապորոժյեի և Կուրսկի ատոմակայանների հետ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին հայկական ատոմակայանի հետ կապված «միջադեպը» պատահական չի թվում։

Ռուսները, զավթելով Զապորոժյեի ատոմակայանը, փաստացի ջնջեցին այն «կարմիր գծերը», որոնք լռելյայն կային միջուկային օբյեկտների հետ կապված։ Դա թույլ տվեց Ուկրաինային ներխուժել Կուրսկի շրջան՝ նպատակ ունենալով գրավել Կուրսկի ատոմակայանը:

Հայկական ատոմակայանը գտնվում է 30 կմ հեռավորության վրա Թուրքիայի հետ սահմանից, որը «հսկում են» ռուս սահմանապահները։ Հիշեցնենք՝ օրերս հայտնի դարձավ, որ ամերիկյան կողմի հետ քննարկվում է հայկական ատոմակայանի նոր բլոկի կառուցման հարցը, եւ Մոսկվան չի թաքցնում իր զայրույթը։ Իր հերթին Բաքուն և Անկարան միջազգային բոլոր հարթակներում պահանջում են փակել հայկական ատոմակայանը։

Իրաքի շոգը հասնում է Հայաստան

Սեպտեմբերի սկզբին Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա գրեթե 3 աստիճանով, հանրապետությունում տիրություն են անելու Իրաքից ներթափանցող տաք օդային հոսանքները։

Իրաքից հոսքերի ներթափանցում է սպասվում երկուշաբթի օրը։ Արդյունքում՝ սեպտեմբերի 2-3-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով։ Նմանատիպ ջերմային ֆոն կդիտվի Արարատյան դաշտում, Սյունիքում, Տավուշի հարթավայրում և Երևանում։ Օրվա ընթացքում այս հատվածներում օդի առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել 37-38 աստիճանի։

Արցախցի սպաները Հայաստանում․ “Միգուցե նրանք վախենո՞ւմ են ինչ-որ բանից”

Հայաստանի կառավարությունը չի սահմանափակում, որպեսզի Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները ներգրավվեն Հայաստանի զինված ուժերում, բայց առաջացնում է արհեստական խոչընդոտներ։ Այս մասին Արցախի ՊԲ եւ այլ ուժային կառույցների նախկին ծառայողներին Հայաստանի անվտանգային համակարգում ինտեգրելու թեմայով քննարկման ժամանակ ասաց Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Էդուարդ Առաքելյանը։

Նա նշեց, որ խոչընդոտներից մեկը ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու պարտադիր պահաջն է։ Մարդկանց մի մասը սկզբունքից ելնելով՝ չեն ուզում փոխել իրենց անձնագրերը, քանի որ չեն հասկանում, թե ինչո՞ւ պետք է ՀՀ քաղաքացու 070 կոդով անձնագիրը փոխեն եւ մեկ այլ՝ 099 կոդով անձնագիր ստանան։

Պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանի Զինված ուժերում առաջարկվող աշխատավարձերը ցածր են, իսկ արցախցիներն ունեն սոցիալական ու բնակարանային խնդիրներ։ Բացի դա, Արցախի կորստից հետո մարդիկ մոտիվացված չեն, բարոյահոգեբանական վատ վիճակում են եւ չեն ուզում ծառայել։ Այս խնդիրների համատեքստում, նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը անհատական մոտեցում չի ցուցաբերում այս մարդկանց։ Այն ներուժը, որը եղել է Արցախի ՊԲ-ում, չի գնահատվում այսօր։ Շատ մասնագետներ են փաստում, որ Արցախի ՊԲ-ում ավելի պատրաստված զինվորականներ են եղել, քան Հայաստանում։

«Ես մեկ օրինակ բերեմ, որպեսզի պարզ լինի, որ մարդկանց անհատական մոտեցում չի ցուցաբերվում․ մեր փոխգնդապետներից մեկն արդեն 9-10 ամիս է՝ սպասում է, որ իրեն աշխատանքի ընդունեն։ Շատ լավ մասնագետ է, նման մասնագետներ դժվար է գտնել, ՊՆ-ում փաստաթղթերը ստուգել են, հարցազրույց են անցկացրել, աշխատավարձի չափն էլ են ասել, բայց մարդուն չեն կանչում ծառայության։ Եվ հարցն այն է, որ ոչ ոք չի պարզաբանում, թե ինչո՞ւ իրեն չեն կանչում։ Ես չգիտեմ՝ Հայաստանի իշխանությունները սա դիտավորյա՞լ են անում, միգուցե բյուրոկրատիայի հետեւանք է, միգուցե նրանք վախենո՞ւմ են ինչ-որ բանից»,- ասաց Էդուարդ Առաքելյանը։

Բանախոսը նշեց, որ Հայաստանի ԱԱԾ-ում ավելի դժվար է ընթանում արցախցիներին աշխատանքի ընդունելու գործընթացը՝ չնայած Հայաստանի Ազգային ժողովն օրենք էր ընդունել այդ մասին։

Արցախի պահեստազորի գնդապետ Գրիգորի Սահակյանի խոսքով՝ արցախցի զինծառայողներին Հայաստանի զինված ուժերում ներգրավելու ուղղությամբ չկա մոտիվացիա։ Այդ աշխատանքը պետք է կատարեր իշխանությունը, բայց չի անում։ «Եթե ավագ սպային առաջարկում են բանվոր-ծառայողի հաստիք, այն էլ 120 հազար դրամ աշխատավարձով, դա աբսուրդ է, լուրջ չէ։ Չկա մոտիվացիա եւ արժեքի գնահատում»,- ասաց Սահակյանը։ Նա ուշադրություն հրավիրեց այն հարցի վրա, որ տարիներ շարունակ զինվորական ծառայությանն ու երկրի պաշտպանությանը նվիրված մարդիկ խոցելի են, ավելի դժվարությամբ են ինտեգրվում քաղաքացիական կյանքին։

Ռոզա Հովհաննիսյան

COP 29-ը․ Բաքուն “պատժում “է ԵԽԽՎ-ին, որը “էթնիկ զտում” է որակել Արցախում կատարվածը

COP 29-ին ընդառաջ Ադրբեջանն արգելել է ԵԽԽՎ պատգամավորների մուտքը երկիր՝ հայտարարելով, որ արգելքը կհանվի միայն այն դեպքում, երբ վերականգնվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իր պատվիրակության մանդատը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։

ԵԽԽՎ-ն այս տարվա հունվարին որոշել էր չվավերացնել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը, քանի որ երկիրը «չէր կատարել հիմնական պարտավորությունները»։  ԵԽԽՎ-ն նաև անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, նշելով, որ “2023թ. ռազմական գործողությունները հանգեցրեցին Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության տեղահանությանը Հայաստան և էթնիկ զտումների»:

Մեկնաբանելով ադրբեջանական որոշումը՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը մասնավորապես նշել է․ «Պետք է մի պարզ հարց ուղղել բոլոր այն երկրների կառավարություններին, որոնց պատգամավորներին արգելվել է մուտք գործել Ադրբեջան՝ դուք դեռ ընտրություն կկատարե՞ք մասնակցել Բաքվում կայանալիք COP 29-ին՝ այդպիսով փաստորեն հիասթափեցնելով ձեր իսկ ժողովրդավարական ճանապարհով ընտրված պատգամավորներին, որոնց մուտքը պարզապես արգելվել է իրենց աշխատանքը բարեխղճորեն կատարելու համար: ԵՄ-ի համար խայտառակություն կլինի, եթե տեղի տա Ադրբեջանի ճնշումերին։ Մեկ այլ հարց պետք է ուղղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, թե արդյո՞ք ՄԱԿ-ը թույլ է տալիս ավտորիտար ռեժիմին, ինչպիսին Ադրբեջանն է, թելադրել, թե ով կարող է մասնակցել ՄԱԿ-ի կարևոր համաժողովներից մեկին։ Բաքվի աճող ցինիզմը հետևանք է այն բանի, որ նավթային այս փոքր բռնապետությունը պատասխանատվության չի ենթարկվել իր հանցագործությունների համար և շարունակում է բացահայտ արհամարհանք դրսևորել ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ»։

Հիշեցնենք, որ երեկ Մարիա Զախարովան ասել է, թե ոչ մի միջազգային մարմին Արցախում կատարվածը որպես էթնիկ զտում չի որակել։

Ստեփանակերտում մնացած վերջին բժիշկները. «Ես երբեք չեմ մոռանա պայթյունի օրը»

Բժիշկների ներդրումն արցախյան ազատամարտում դժվար է գերագնահատել. Արցախյան չորս պատերազմների ժամանակ նրանք, չխնայելով իրենց, խիզախորեն կռվեցին մարտի դաշտում վիրավորված յուրաքանչյուր զինվորի կյանքի համար։ Չնայած պատերազմի բոլոր դժվարություններին, նրանք իրենց ծառայությունը մատուցեցին արժանապատվորեն, առանց մեկ րոպե կանգ առնելու՝ կրակի տակ, նկուղներում, պատշաճ լուսավորության և անհրաժեշտ դեղերի բացակայության պայմաններում։ Ամեն օր համալիր գործողություններ էին իրականացվում՝ փրկելով հարյուրավոր կյանքեր։

Սպիտակ բանակի արժանի ներկայացուցիչներից է ռազմական վիրաբույժ Հայկ Օսիպյանը։ Ծնվել և մեծացել է Ստեփանակերտում։ Մանկուց ֆուտբոլ էր սիրում և երազում դառնալ հայտնի ֆուտբոլիստ։ Բայց տարիքի հետ ամեն ինչ փոխվեց, և 8-րդ դասարանում Հայկը սկսեց մտածել զինվորական բժշկի մասնագիտության մասին՝ խորապես գիտակցելով այս գործի կարևորությունը մեր տարածաշրջանի պայմաններում։

Ուսումն ավարտելուց հետո Հայկը ծառայության է ուղարկվել Արցախի պաշտպանության բանակ։

«Առաջին մարտական ​​փորձարկումը 4-օրյա պատերազմն էր 2016թ.։ Այդ ժամանակ ծառայում էի Մարտունու շրջանի զորամասերից մեկում։ Լավ եմ հիշում պատերազմի սկսվելու օրը։ Շաբաթ էր, այդ օրը պետք է տուն վերադառնայի, բայց այդպես էլ չհասցրի։ Ապրիլյան պատերազմի ժամանակ Մարտունու ուղղությամբ համեմատաբար հանգիստ էր, իսկ ընդհանուր առմամբ ռազմական գործողությունների ընթացքը վերահսկվում էր, բոլորը գիտեին ու հստակ կատարում էին իրենց մարտական ​​խնդիրը։ Վիրավորների մեծ հոսք չի եղել, և բուժանձնակազմը բավականին լավ է կատարել իրենց պարտականությունները՝ առանց լրացուցիչ օգնության։

44-րդ պատերազմի ժամանակ ես արդեն աշխատում էի Իվանյանի հոսպիտալում, և այն, ինչ տեսա այս ընթացքում, 4-օրյա պատերազմի լրիվ հակառակն էր։ Վիրավորների ու մահացածների անվերջանալի հոսք։ Տարբեր ծանրության, հիմնականում բեկորային վնասվածքներ: Բժիշկները դժվարությամբ են հաղթահարել այս դժվարին խնդիրը: Բժիշկներին օգնության են եկել ինչպես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից կամավորներ։ Ստիպված էի էքստրեմալ պայմաններում աշխատել առավելագույն արագությամբ։ Եվ այսպես, ամեն օր կատարելով իմ պարտքը՝ սպասելով ավելի լավ լուրերի ճակատից։

Սակայն մեզ հասած տեղեկությունը միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը։ Այն այնքան հակասական էր, որ անհնար էր հասկանալ, թե ինչ է կատարվում առաջնագծում, ինչ է մեզ սպասում։ Այսպիսով, մենք 44 օր ապրեցինք տագնապալի անորոշության մեջ՝ պատերազմի ավելի լավ ելքի հույսով: Բայց այն, ինչ եղավ, այն չէր, ինչ մենք սպասում էինք»։

Նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությունը ստորագրելուց հետո Հայկը, ինչպես արցախցիների մեծ մասը, մնաց ապրելու և աշխատելու հայրենիքում՝ խաղաղ ապագայի հույսով։ Բայց այս անգամ եւս հույսերը չարդարացան։ Երկար սպասված խաղաղությունը այդպես էլ չեկավ, սկսվեց 9-ամսյա շրջափակումը և դրա հետ կապված բոլոր դժվարությունները։ Նա  ստիպված էր գոյատևել և աշխատել դեղորայքի սղության և հոսանքազրկման պայմաններում։ Բայց նույնիսկ նման պայմաններում Հայկը և նրա գործընկերները բարեխղճորեն կատարել են իրենց մասնագիտական ​​պարտքը։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ կեսօրին, հերթական անգամ հնչեց օդային հարձակման նախազգուշացումը, որին հաջորդեցին արկերի պայթյունները… Արցախը կրկին ներքաշվեց պատերազմի մեջ։ Այս պահին Հայկը գտնվում էր մարտական ​​դիրքում և խորապես գիտակցում էր, որ այս անգամ պետք է հույսը դնի միայն սեփական ռեսուրսների վրա, քանի որ Հայաստանի ճանապարհը փակվել է։

Չնայած բոլոր դժվարություններին, անհույս թվացող, անմարդկային պայմաններում բժիշկները շարունակում էին պայքարել յուրաքանչյուր վիրավորի կյանքի համար։ «Իմ կյանքի ընթացքում ես տեսել եմ 4 պատերազմ, վերապրել եմ շրջափակումը, բայց այն ապշեցուցիչ պատկերը, որ տեսա վառելիքի պահեստում պայթյունից հետո, չի կարելի համեմատել ոչնչի հետ։ Պայթյունի ժամանակ արդեն տարհանում էր, հանրապետությունում բուժանձնակազմի սուր պակաս կար, և միայն մի քանի հոգի էին մնացել հիվանդանոցում։ Ես երբեք չեմ մոռանա այդ չարաբաստիկ օրը։ Պայթյունից որոշ ժամանակ անց «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան մտել է հիվանդանոցի բակ, որտեղից սկսել են այրված մարդկանց տեղափոխել։

Սարսափելի ճչեր էին լսվում. մարդիկ բառիս բուն իմաստով հառաչում էին սարսափելի, անտանելի ցավից։ Երբեմն մենք մեզ անզոր էինք զգում, քանի որ հիվանդանոցներում ռեսուրսները սպառվում էին, և մենք չգիտեինք, թե ինչպես և ինչով օգնել մարդկանց: Մինչ օրս սարսափով եմ հիշում մարդկանց անօգնական հայացքները, ովքեր զոհերի մեջ փնտրում էին իրենց հարազատներին ու ընկերներին։ Շատերը, ծնկի իջած իմ առաջ, օգնություն էին խնդրում սիրելիին գտնելու և փրկելու համար։ Երջանկությանս չափ ու սահման չկար, երբ կարողանում էի տուժածների մեջ գոնե մեկին գտնել ու օգնել նրա մտերիմներին»։

Տեղահանությունից հետո Հայկին ծառայության են ուղարկել Սյունիքի մարզ՝  Սիսիան քաղաք, որտեղ ապրում և աշխատում է առ այսօր։ «Եթե մեզանից յուրաքանչյուրը ամեն օր նպաստի հայրենիք վերադառնալու գործում, ապա անպայման կվերադառնանք։ Ես համոզված եմ սրանում»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Օսիպյանը։

Արսեն Աղաջանյան

Արցախից բերված թեյաբույսերը՝ որպես թալիսման

“Թեյերի մոտավոր 20 տեսակ ունենք, բայց ինչպես բոլորը, ես էլ ունեմ իմ սիրելին` ուրցով և սրխունդով” Լիլիթը, մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան է, սակայն սերը դեպի բնականը, արցախյանը նրան հնարավորություն տվեց թեյեր ստեղծել:

Ասում է, որ թեյեր ստեղծելու մտահղացումը առաջացել է 44-օրյա պատերազմից հետո, մտածում էր, թե ինչ կարող է ստեղծել դաժան իրականությունից կտրվելու, մյուսներին գոնե մի քիչ ժպիտ նվիրելու և ինչու չէ՝ նաև եկամուտ ունենալու համար:

Անվան ընտրությունը և լոգոն միշտ ցանկանում էր, որ կապած լինեին Արցախի հետ, ավելի կոնկրետ` տատիկ-պապիկի: Թեկուզ՝ Հայաստանում մի փոքր դժվարությունների էին հանդիպել անվան և լոգոյի հետ կապված:

Արցախում թեյը և թեյախմությունը մի այլ արվեստ է: Արվեստ է նաև խոտաբույսերով թեյեր պատրաստելը, յուրաքանչյուր բույս ունի իր նշանակությունը և օգտակարությունը, ինչի ընտրության արվեստին Լիլիթը տիրապետում է:

Թեյերում օգտագործվող թեյաբույսերը Լիլիթը անձամբ էր հավաքում Արցախի տարբեր գյուղերից, որից հետո մշակում և ապա բրենդավորում: Հայաստան տեղափոխվելուց հետո փորձում են շարունակել Արցախում սկսած աշխատանքը, չնայած այժմ ունեն որոշակի իրավաբանական խնդիրներ, որոնք փորձում են լուծել:

Արցախից կարողացել են բերել թեյաբույսերի մի փոքրիկ փունջ, որը պահում են որպես թալիսման: Չնայած, որ այժմ արցախյան խոտաբույսերի ձեռքբերումը անհնար է, բայց նրանք փորձում են խոտաբույսեր գտնել Սյունիքում: Լիլիթը նաև նշում, որ Հայաստանում, ի տարբերություն Արցախի՝ թեյախմությունը այդքան էլ զարգացած չէ, ինչն իհարկե բացասաբար է ազդում, և առայժմ վաճառքը հիմնականում կարողանում են իրականացնել տարբեր փառատոների ժամանակ:

Թեյերը կարող եք ձեռք բերել Արցախի բուրմունք էջից

Քրիստինա Ալավերդյան

Ինչի մասին է լռել Զախարովան. ոչ ոք Արցախի օկուպացիան օրինական չի ճանաչել

Էթնիկ զտումները չճանաչվեցին, բայց օրինական չհամարվեց նաև Արցախի օկուպացիան

Հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում պատասխանելով Հայաստանին վերաբերող հարցերին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իրեն բնորոշ ձևով, փորձեց ուշադրությունը կենտրոնացնել Ռուսաստանին ձեռնտու հանգամանքների վրա՝ չնշելով այն, ինչը կարող է բացահայտել Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության բարբարոսական էությունը։

Նա, մասնավորապես, նշել է, որ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից եզրակացություններ չկան, որ Արցախում էթնիկ զտումներ են տեղի ունեցել։

«Եթե դուք՝ որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ, գիտեք, որ Հայաստանում ինչ-որ մեկը պաշտոնական մակարդակով հրաժարվել է եռակողմ համաձայնագրերից, հետ է վերցրել իր ստորագրությունը կամ պաշտոնական հայտարարություն է արել, որ այդ փաստաթղթերն այլևս վավերական չեն, ապա մենք դա կմեկնաբանենք։ Այս պահին մենք նման բան չենք լսել»,- ասել է Զախարովան։

Հիշեցնելով, որ Պուտինը վերջերս զանգահարել է Փաշինյանին՝ Ալիևի հետ բանակցություններից հետո, նա հորդորել է. «Ճշտեք Երևանի իշխանություններից՝ արդյո՞ք հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է այս բանակցությունների ընթացքում, որ այլևս չի դիտարկում եռակողմ համաձայնագրերը (1,2,3,4) որպես գործող։ Ես չգիտեմ այս մասին»:

Մոսկվան “սլիվ” է անում Հայաստանում իր գործակալներին՝ հայտարարելով, որ պաշտոնական Երևանն է եռակողմ «համաձայնագրերի» պրովայդերը և չի հրաժարվում դրանցից՝ շարունակելով կապիտուլյացիայի ճանապարհը։

Սակայն Զախարովան, նշելով, որ ոչ մի միջազգային կազմակերպություն չի ճանաչել Արցախում էթնիկ զտումների փաստը, չի հիշում, որ ոչ մի միջազգային կազմակերպություն չի ճանաչել Արցախի ռուս-թուրքական օկուպացիայի և 2020-2023 թվականների ագրեսիայի արդյունքները։ Չկա որևէ միջազգային իրավական ակտ, որը կճանաչի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը որպես «կարգավորման համաձայնագիր», իսկ ռուսական զորքերի մուտքը՝ օրինական գործողություն։ Ոչ մի երկիր կամ միջազգային կազմակերպություն չի հայտարարել, որ իրավաչափ է համարում արցախցիների տեղահանումը, որ Արցախի հարցը լուծված է, եւ բանակցություններ այլեւս պետք չեն։

Ավելին, չնայած Բաքվի և Մոսկվայի փորձերին, միջազգային հանրությունը հետ չի կանչում ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը` հիշեցնելով, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի Մինսկի համաժողովում։

Իսկ Հայաստանին Սահմանադրությունը փոխելու Բաքվի փորձերը հանգեցրին նրան, որ Հայաստանի Հանրապետության հիմքը բացահայտվեց ամբողջությամբ և հաստատվեց, որ Արցախը 1989 թվականի որոշմամբ Հայաստանի անբաժան մասն է։ Սա նշանակում է, որ ռուս-թուրքական զորքերը գրավել են Հայաստանի մի մասը։

Զախարովան խոհեմաբար լռեց այս մասին, բայց այս լռության հետևում գիտակցում կա, որ հատուցումը կարող է սպասվածից շուտ գալ։ Եվ մի օր ռուսական զորքերը կլքեն Հայաստանը այնպես, ինչպես հապճեպ հեռացան Արցախից։ Բայց առանց զենքի ու հուշարձանների։

«Sunny Artsakh». արցախցի չրագործ քույրերը

Չրագործությունն Էլինա Աղաջանյանի համար սիրելի զբաղմունք էր․ ստեփանակերտյան  ամառներն առանց մրգի կտրտման չէին անցնում, իսկ աշնանն ու ձմռանը վիտամիններով հարուստ չրերն ընտանիքի սիրելի աղանդերն էր դառնում։

2020թ. 44-օրյա պատերազմը բազում ընտանիքներ ավերեց, զոհվեց Էլինայի ամուսինը՝ Արթուր Աղաջանյանը։ Արթուրն անմահացավ Հադրութում՝ հոկտեմբերի 10-ին, անօդաչու թռչող սարքի հարվածից։

Չրեր պատրաստելու ցանկությունը մարեց պատերազմից հետո։ Ցավը, տառապանքը ստեղծագործելու ուժ չէին թողել։

«2022թ․ դեկտեմբերին Էլինան եկել էր Երեւան ու երբ արդեն պիտի հետ վերադառնար՝ ճանապարհը փակվեց։ Սկսվեց շրջափակումը»,- պատմում է Ալյոնան՝ Էլինայի հարազատ քույրը։

Մի քանի ամիս հնարավոր չէր Էլինայի Արցախ վերադառնալը․ ընտանիքը հետո վերամիավորվեց, սակայն ոչ թե Ստեփանակերտում, այլ Երեւանում։

«Էլինայենց ընտանիքին աջակցում էր սփյուռքահայ մի կին՝ Զաբել Բերբերյանը, ում իր երախտիքը հայտնելու համար Էլինան իր պատրաստած չրերից էր նվիրել։ Հենց տիկին Բերբերյանն էլ Էլինային առաջարկեց իր ձեռքի աշխատանքը դիտարկել որպես բիզնես գաղափար»,- հիշում է Ալյոնան։

Երբ հնարավոր չէր ճեղքել շրջափակումը, կամ իր մեծ ընտանիքին էլ հասցնել Երեւան, Էլինան  անզորությունը  փարատեց՝ անցնելով իր սիրելի զբաղմունքին՝ չրագործությանը։

Հայրենի եզերք վերադառնալու, հարազատներին տեսնելու, կարոտի ու սպասման ժամերը վերածվեցին կիլոգրամներով չրեր պատրաստելուն, դա ժամանակ էր, որ շեղում էր միտքը եւ կրճատում սպասումը։

Բայց ոչ թե բացվեցին ճանապարհները, այլ Արցախի դռները փակվեցին․․․

Էլինայի ծնողներն ու քույրը եկան Երեւան եւ դաժան ամիսների ընթացքում փորձում էին սփոփանք գտնել իրենց համար։

2023թ․ Էլինան արդեն սկսել էր համացանցային հարթակում չրերի վաճառք գրանցել, սակայն 2023թ. հոկտեմբերին ստացած պատվերը շատ բան փոխեց։

«Միանգամից 300 տուփ չրի պատվեր ստացանք։ Աշխատում էինք օր ու գիշեր, եւ միայն պատվերը ժամանակին հասցնելու մասին էինք մտածում»,- վերհիշում է Ալյոնան։

Քույրերը համախմբվեցին, եւ սիրողական գործը դարձավ սեփական աշխատանքի հիմք։ Այդպես ծնվեց «Sunny Artsakh»-ը։ Ասում է՝ ինչ խոսք, Արցախի մրգերը չեն, բայց հայկական հողի, արեւի համն է, որ համեմված է արցախյան սիրով ու նվիրումով։

Այդ նվիրումի ու սիրո միջոցով ստեղծված 300 մրգային տուփերը հասան 300 արցախցիների տուն՝ դառնությունը փոքր-ինչ փարատելու։

«Դեկտեմբերին տեղի ունեցած «Վըսկէ ծերքեր» փառատոնին մասնակցեցինք, որը մեզ ճանաչում բերեց, այդ ընթացքում մի քանի խոշոր պատվեր ստացանք 2 ընկերություններից՝ ամանորյա նվերներ պատրաստելու իրենց աշխատակիցների համար»,- պատմում է Ալյոնան, ով մեծ ոգեւորությամբ այդ ընթացքում ուսումնասիրել էր չրագործության նրբություններն ու  քրոջն առաջարկում էր  շուկայում նորույթ համարվող մրգային չիպսերի արտադրություն սկսելը։

«Sunny Artsakh»-ն արդեն հասել է մի շարք երկրներ՝ Դանիա, ԱՄՆ, Ռուասաստանի Դաշնություն, Իսպանիա, Հոլանդիա։ Իհարկե, ուրախանում են արտասահմանյան պատվերներից, բայց ամենաշատը ոգեւորում է այն, որ իրենց ձեռքի աշխատանքը տրամադրություն կարող է փոխել, որ անվտանգ ու ցածր ջերմաստիճանի տակ, առանց շաքարի կամ արհեստական հավելումների չորացրած մրգերը հասնում են գնորդի սեղանին եւ շատ հաճախ ջերմությունը նոր ալիքով հետ է վերադառնում։

Այս օրերին աղջիկների սոցիալական էջերում հաճախ կարելի է տեսնել բազմազան մրգեր եւ հետեւել դրանց մրգային չիպս կամ չիր դառնալու ողջ ընթացքին՝ մրգի քաղից մինչեւ պատրաստի արտադրանքի փաթեթավորում։

Ժողովրդական առածն ասում է՝ ամառվա փուշը ձմեռվա նուշն է։ Հիմա լիուլի պատրաստում են չրեր ու չիպսեր։ Ունեն 16 տեսակի մրգային չիպսեր,  մրգային  խառնուրդներ ու  հավելումներով թեյեր։

Ալյոնան ասում է, որ ամենաարագը արքայանարնջի չիպսն է սպառվում

«Մինչեւ արքայանարինջի հասնելը դեռ մի քանի ամիս կա, բայց մեր ունեցած պաշարը արդեն մի ամիս առաջ է սպառվել»,- ասում է նա։

Աղաջանյան քույրերի խնդիրն այսօր փոքր տարածքն է, տան պայմաններում են պատրաստում չրերը, հաճախ պատրաստի տարաները զբաղեցնում են պահարանների մեծ մասը։ Երազում են մի օր ունենալ իրենց աշխատանքային տարածքը, մեծացնել արտադրանքը և ունենալ արցախցի օգնականներ՝ ապահովվելով նրանց աշխատանքով։

Որպես մխիթարանք մեկնարկած ծրագիրն այսօր հավակնում է հաջողված բիզնես դառնալ, չեն բողոքում եւ ամեն ինչ անում են, որ սեփական արտադրանքը մեծ շուկայում հայտնվի,  իրենք էլ չեն տրտնջում՝ սովորում են նորամուծություններ անել ու  իրենց հոգու ջերմությունը չրերի տեսքով  հասցնել չրի սիրահարներին՝ արեւի ու արցախյան հոգու համը փոխանցելով։

Բրենդի սոցիալական էջերի հղումները՝

https://www.facebook.com/sunnyartsakh.am

https://www.instagram.com/sunny_artsakh/

 

Մարիամ ՍԱՐԳՍՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի նախագծի շրջանակներում

Բեգլարյան․ Միանշանակ, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք եւ միշտ էլ եղել ենք

Եվրամիության անդամ երկրների դեսպանատների կողմից Արցախից բռնի տեղահանված 070 կոդով անձնագիր ունեցող անձանց վիզա չտրամադրելու եւ փաստաթղթերը չընթացքավորելու հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել էր․ «070 կոդով տրված փաստաթուղթը 2023 թվականի հոկտեմբերի 26-ի որոշման շրջանակում հանդիսանում է ճափորդական փաստաթուղթ։ Սակայն նշված փաստաթղթերը, համաձայն որոշման, ՀՀ-ից դուրս գալիս եւ ՀՀ մուտք գործելիս վավեր են միայն միասին գործածելու պարագայում, եւ դրանք կրող անձինք չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիներ։ ՀՀ եւ Եվրոպական միության անդամ պետությունների միջեւ առկա երկկողմ, բազմակող իրավապայմանագրային բազան առնչվում է ՀՀ քաղաքացիներին»։

Այսօր հրավիրած ասուլիսում Արցախի նախկին պետնախարար, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ  Արտակ Բեգլարյանը, արձագանքելով ԱԳՆ այս հայտարարությանը, ասաց, որ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի որոշումը հակասահմանադրական է։

«Միանշանակ, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք եւ միշտ էլ եղել ենք քաղաքացիներ, օգտվել ենք գրեթե բոլոր իրավունքներից։ Եվ ավելի բարձր նորմատիվ իրավական ակտերով եւ պրակտիկայով մենք համարվել ենք քաղաքացի։ Կառավարության որոշումն այս տեսակյունից հակասահմանադրական է։ Արցախում  մենք ստացել ենք ՀՀ տասնյակ հազարավոր նույնականացման քարտեր։ ՀՀ նույնականացման քարտերի մասին օրենքը հստակ ասում է, որ դա տրվում է բացառապես ՀՀ քաղաքացիներին։ Եթե քաղաքացի չենք, ապա ինչպե՞ս է դա տրվել։ Արցախի Հանրապետության հաշվառում ունեցող մի քանի հազար անձինք ՀՀ-ում ունեցել են եւ այսօր էլ ունեն գյուղատնտեսական նշանակության հող՝ սեփականության իրավունքով։ Ըստ օրենսդրության՝ բացառապես ՀՀ քաղաքացիները կարող են գյուղատնտեսական նշանակության հող սեփականաշնորհել, ինչպե՞ս է դա տեղի ունեցել։ Չասեմ, թե հանրային ծառայությունում Արցախի հաշվառմամբ քանի ծառայողներ կան՝ եւ բարձրաստիճան պաշտոններում, եւ ներքեւի օղակներում։ Ինչպե՞ս են իրենք ընդունվել ծառայության, եթե օրենքն ասում է, որ բացառապես ՀՀ քաղաքացիները կարող են ընդունվել հանրային ծառայության»,- հարցադրում արեց Արտակ Բեգլարյանը։

Ռոզա Հովհաննիսյան