Բարության էստաֆետ, կամ ինչպես Մայր Հայաստանը դիմավորեց ղարաբաղցիներին

Ղարաբաղից դեպի Հայաստան գաղթի ճանապարհին ավտոշարասյան մեքենաներից մեկում հազիվ տեղավորվել էին յոթ հոգի՝ վեց մեծահասակ և երկու տարեկան մի փոքր երեխա։ Մեծահասակների թվում են երկվորյակներով հղի Արմինեն և նրա 80-ամյա տատիկը։ Յոթ  հոգու համար իրեր դնելու միայն մի տեղ կար, պարզապես ոչինչ: Ինչպես Արմինեն է ասում, երկվորյակների ակնկալիքով նրանք նախընտրել են իրենց հետ տանել այն, ինչ մեծ դժվարությամբ են գնել պաշարված քաղաքում՝ տակդիրները։ Այդպես էին անում բազմաթիվ ղարաբաղցիներ, ովքեր վերջին պահին իրենց հետ վերցրեցին պարենային ապրանքներ, որոնց համար շրջափակման ժամանակ մեծ գումարներ էին վճարել, թեև Երևանում իրականում դրա կարիքն արդեն չկար։

Դժվար է պատկերացնել, անհնար է նկարագրել, թե ինչպես երեք օրում նրանք անցան մի ճանապարհ, որը սովորաբար տևում է 1,5-2 ժամ… Գորիսի բաշխիչ կենտրոնում, ուր ընտանիքն առաջին հերթին գնացել էր, նրանց խորհուրդ տվեցին մեկնել Մասիս քաղաք, որտեղ նրանց կարող են տրամադրել ժամանակավոր ապաստան։ Բայց, հասնելով Մասիս, նրանք այնտեղ գտան մի սենյակ, որը լիովին պիտանի չէր բնակության համար։ Ինչպե՞ս կարող էին այստեղ տեղափոխվել փոքրիկ երեխայի հետ՝ երկու նորածինների էլ սպասելով:

«Երկար ճանապարհորդությունից և սթրեսից հետո վիճակս ամեն ժամ վատանում էր, ցավեր էի զգում, ոտքերս այտուցվում էին։ Ամուսինս՝ Վարդանը, մեքենան քշեց Մասիսի քաղաքապետարան և քաղաքապետին խնդրեց, որ գոնե մի սենյակ հատկացնի ինձ և որդուս, որպեսզի գիշերենք և հաջորդ առավոտ սկսենք բնակարան փնտրել»,- պատմում է Արմինեն։

Բացի քաղաքապետից, աշխատասենյակում անծանոթ մարդ էր նստած։ Դառնալով անելանելի իրավիճակի ակամա վկան՝ նա ղարաբաղցիներին հրավիրել է Երևանի կենտրոնում գտնվող իր երեք սենյականոց բնակարանում ապրելու, մինչև բնակարան գտնեն, երեք ամսով և անվճար։ Նրա անունը Հակոբ է, և միայն այսքանն է հայտնի նրա մասին։

Հակոբը նրանց բերեց իր բնակարան, սուպերմարկետից երեխայի համար այնքան սնունդ ու քաղցրավենիք գնեց, որ դեռ երկար հերիքեց, հետո հավաքեց իրերը և գնաց…

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատերը չեն ցանկանում վարձակալության տալ տները բազմազավակ ընտանիքներին, փոքր երեխաներ ունեցող կամ տարեցներ ունեցող ընտանիքներին, Հակոբի որոշումը՝ պարզապես իր տունը նվիրել մարդկանց, ում կյանքում չի հանդիպել, զարմացնում է նրանց, ովքեր լսում են դրա մասին:

Հոկտեմբերին երկվորյակ տղաներ ծնվեցին, և այդ ամսվա վերջին Արմինեի ընտանիքը որոշեց, որ ժամանակն է տեղափոխվել վարձով բնակարան։

«Շնորհակալ եմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի հոգատար բժիշկներին՝ Էդիտա Էդուարդովնային, ովքեր կատարեցին իմ վիրահատությունը, Իննա Վյաչեսլավովնային, Կարինա Գառնիկովնյիան։ Տղաներս՝ Դանին և Դավիթը ծնվեցին 2023 թվականի հոկտեմբերի 10-ին, իսկ ամսվա վերջում մենք տեղափոխվեցինք վարձով բնակարան»,- պատմում է Արմինեն։

Նույն հիվանդանոցում նրան մեծապես աջակցել է բուժքույր Հեղինե Ադիխանյանը։ Երեխաները վերակենդանացման բաժանմունքում են եղել, բուժքույրը սովորեցրել է մորը երեխաներին խնամել, ջերմաստիճանը պահպանել, իսկ հերթափոխից դուրս գալուց թողել է իր անձնական հեռախոսահամարը, որ եթե ինչ-որ բան լինի, Արմինեն իրեն զանգի։ «Երբ գիշերը տեղս չէի գտնում, իսկ Դանին պառկած էր , ինձ մոտ եկավ հիանալի Հեղինեն և օգնեց ինձ չհուսահատվել։ Ես դեռ կապ եմ պահպանում նրա հետ և խորհրդակցում երեխաների համար բժիշկների հետ կապված: Ի դեպ, այս հիվանդանոցում մեզ թույլ չէին տվել նույնիսկ 1000 դրամ ծախսել»,- ասում է Արմինեն։

Հետո նրանց կյանքում հայտնվեց մեկ այլ բարի կին՝ Սոնա Հովհաննիսյանը, ով երեխաների համար մանկասայլակներ ու նվերներ էր «կազմակերպել»։

«Այսպիսով, Հակոբ անունով մի բարի մարդ նշանավորեց իմ կյանքի մի շարք հրաշալի մարդկանց շարան այստեղ՝ Հայաստանում»,- ամփոփում է Արմինեն։

Սվետլանա Դանիելյան

Նյութը պատրաստվել է Ստեփանակերտի Մեդիա Ակումբ նախագծի շրջանակներում

Հովհաննես Քաջազնունու Բաքվի հայոց եկեղեցին

Իսկ գիտեի՞ք, որ Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին ոչ միայն ճարտարապետ էր, այլև նրա նախագծով կառուցվել է Բաքվի Սբ․ Թադևոս և Սբ․ Բարդուղեմիոս եկեղեցին, որը գտնվում էր Դիմիտրովա-Բոնդարնայա-Շամսի Բադալբեյլի փողոցում։

Դեռ ուսանողական տարիներին երիտասարդ Քաջազնունու համար երազանք էր դարձել նախագծել հայկական եկեղեցի, և այդ երազանքը նրան տարավ Անի, բացահայտելու հայկական ճարտարապետության գաղտնիքները։  Հովհաննես Քաջազնունին հայկական եկեղեցու նախագիծը մշակել է տարիներ շարունակ, փայփայելով հայկական նոր ոճով կոթողային շինություն ստեղծելու գաղափարը: Գիտակցելով հայկական ճարտարապետության բարձր գեղարվեստականությունն ու արտահայտման ազգային ձևերը, նա իր առջև խնդիր էր դրել ճարտարապետությանը տալ նոր բովանդակություն, ստեղծելով  հայկական նոր ոճ։

19-րդ դարավերջը ինչպես ասում են, Քաջազնունու երազանքի աստեղային ժամն էր։ Բաքվեցի մեծահարուստ Ենովք Բուդաղյանի կտակած միջոցներով Բաքվի կենտրոնում հայկական եկեղեցի կառուցելու համար 1898 թվականին Սանկտ Պետերբուրգի ճարտարապետների կայսերական ընկերությունը հայտարարում է մրցույթ։ 1907 թվականի փետրվարի 28-ին մրցույթին ներկայացված հինգ նախագծերից մեկն էլ Հովհաննես Քաջազնունունն էր։

Հունիսի 4-ին հայտնի է դառնում, որ Պետերբուրգում գործող ժյուրին առավելությունը տվել է ճարտարապետներ Գ. Տեր-Միքելյանի ե Վ. Պետրովսկու նախագծերին. դրանք արժանացնելով առաջին մրցանակի: Բուդաղյանի ընտանիքի կտակակատարների խորհուրդը, սակայն կտրականապես դեմ գնալով ժյուրիի որոշմանը, նախընտրեց Քաջազնունու տարբերակը: Սկսվում է նախագծի աշխատանքային գծագրերի մշակումը, որը Քաջազնունին կատարում էր մենակ, առանց որևէ մեկին ներգրավելու աշխատանքներին: Ըստ ներկայացված նախագծի, եկեղեցու շինարարության արժեքը կազմում էր 300.000 ռուբլի: Բայց ժառանգած գումարը կազմում էր ընդամենը 200.000 ոուբլի։  Քաջազնունին ստիպված էր զգալիորեն վերափոխել նախագիծը։ Եթե նախագծով նախատեսված էր 1500 տեղանոց աղոթասրահ, չափերը փոքրացնելով այն հասցվեց 1000 մարդու։

1909 թվականին Քաջազնունին քաղաքական գործունեության համար ձերբակալվում է, գրավով ազատվելուց հետո, 1911 թվականին քաղաքական հալածանքներով պայմանավորված մեկնում է արտասահման։ Այդ ընթացքում եկեղեցու շինարարությանը հետևում էր մեկ այլ հայ ճարտարապետ՝ Նիկողայոս Գեորգի Բաևը, որը նույնպես մեծ ավանդ ունի Բաքվի ճարտարապետության մեջ։

1914 թվականին կայանում է եկեղեցու օծման արարողությունը, որից հետո Ենովք Բուդաղյանի աճյունը, որ ժամանակավորապես հողին էր հանձնվել հայկական հին գերեզմանատանը, տեղափոխվում և վերահուղարկավորվում է նորակառույց եկեղեցու բակում, ինչպես նախօրոք հայտարարել էր հայկական եկեղեցու ավագ քահանա Ղևոնդ Տեր-Աստվածատուրյանը։

Ականատեսների վկայությամբ, այդ եկեղեցին Բաքվի ամենագեղեցիկ շենքն էր, որը աչքի էր ընկնում իր ներքին ու արտաքին շքեղությամբ ու ճարտարապետական դրվագներով։ Սպիտակ քարի և ոսկու նուրբ շերտով հարդարման զուգակցումը, արևի ճառագայթների ներքո հատուկ մի վեհություն էին տալիս եկեղեցուն:

Քաջազնունու եկեղեցու ճարտարապետությունը որոշ ճարտարապետների կողմից մեկնաբանվեց որպես «նոր հայկական գոթիկա»։ Եկեղեցու հիմքում պահպանելով կենտրոնագմբեթ, հավասարակողմ խաչի հայեցակարգը, գլխավոր ծավալի չորս անկյունները ձևավորել է չորս պարագծով կորագիծ խորաններով, որով խախտել է հայկական եկեղեցաշինության հատակագծային հիմնական առանձնահատկությունը՝ կենտրոնագմբեթ համակարգի քառաթև պարզ և բնորոշ ծավալը։ Դրա հետ մեկտեղ՝ հետաքրքիր է լուծված զանգակատան տեղն ու դիրքը՝ ընդհանուր համայնապատկերում։ Այն եռաթռիչք կամարաշարով առաջ է բերված արևմտյան ճակատից և այդ առումով նման է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն։

Խորհրդային տարիներին եկեղեցին հայտնվում է «ոչ ցանկալի» հուշարձանների ցանկում և բարբարոսաբար քանդվում 1930-ական թվականի սկզբներին։ Ականատեսների վկայությամբ՝ քանդում էին երեք տարի շարունակ։ Այնքան ամուր կառույց էր, որ 1937 թվականին ստիպված են լինում պայթեցնել: Եկեղեցու տեղում կառուցվել է Բաքվի կոնսերվատորիայի  շենքը։

Եկեղեցին ճարտարապետական ու նաև բարձր գեղարվեստական արժանիքներով, իր ուրույն տեղն ունի հայ ճարտարապետության պատմության մեջ։

Արմինե Հայրապետյան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց քաղաքացիությունը Լեռնային Ղարաբաղն է․ Արմեն Ղազարյան

Step1.am-ի զրուցակիցն է ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

-Պարո՛ն Ղազարյան, Արցախից բռնի տեղահանված քանի՞ անձ է դիմել՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

-Օգոստոսի 26-ի տվյալներով՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4217 անձ։ Նախագահի հրամանագրով քաղաքացիություն են ստացել 2496-ը։ Շատերն այս թվերին նայելով, ասում են, թե քաղաքացիություն ստացողների թիվը քիչ է, բայց այստեղ պետք է հաշվի առնել մի կարեւոր հանգամանք, որ անչափահասներն այս տվյալների մեջ չկան եւ չեն կարող լինել։ Քաղաքացիության դիմումներ լրացնում է 18 տարին լրացած անձը, իսկ երբ ծնողները կամ մեկ ծնողը դառնում են ՀՀ քաղաքացի, անչափահասն ուղղակի անձնագրի փոփոխության ճանապարհով դառնում է ՀՀ քաղաքացի։

-Արցախցիները հետեւյալ հարցն են բարձրաձայնում՝ բնակապահովման ծրագրից օգտվելու համար ինչո՞ւ է պարտադիր նորմ սահմանվել ՀՀ քաղաքացի դառնալը։ Չէ՞ որ այդ ծրագրի նպատակն այն է, որ Հայաստանը փախստական արցախցիներին ապահովում է բնակարանով, ՀՀ քաղաքացիություն ստանալու պահանջի նպատակը ո՞րն է։

-Իրականում ծրագրի պատասխանատու մարմինը մենք չենք, հարցն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տիրույթում է։ Բայց ծրագրի պատասխանատուները բարձրաձայնել են այդ հարցը, հետեւյալ տրամաբանությունն է, որ պետությունը երկարաժամկետ ներդրում է կատարում այս անձանց համար՝ բնակարանային ապահովման ծրագրերի իրականացման նպատակով։ Եվ երկարաժամկետ ներդրումը պետք է արտահայտվի նաեւ պետության հետ երկարաժամկետ կապի որոշակի դրսեւորմամբ։ Իսկ դրա իրավական դրսեւորումը մեր իրավական համակարգի պայմաններում միայն քաղաքացիություն ստանալն է։ Այսինքն՝ քաղաքացիությունն է ապահովում այն երկարաժամկետ եւ իրավական կապն անձի ու պետության միջեւ, որն ակնկալվում է, որ պետք է լինի նաեւ այս ծրագրի արդյունքը։ Սա է հիմնարար տրամաբանությունը։

Բայց ես նշեմ նաեւ շատ կարեւոր հանգամանք՝ եթե ուշադրություն դարձրած լինեք, աջակցության ծրագրերի համար սոցիալական ու իրավական կարգավիճակը միմյանց հետ կապված չեն եղել։ Ես նկատի ունեմ միանվանգ 100 հազար դրամ, 40+10 հազար դրամ աջակցության ծրագրերը, որոնց դեպքում սոցիալական ու իրավական կարգավիճակը միմյանց հետ կապված չեն եղել։ Այսինքն՝ բռնի տեղահանման փաստի հիման վրա են իրականացվել սոցիալական ծրագրերը, որովհետեւ դրանք եղել են ճգնաժամի կառավարման եւ ճգնաժամի հաղթահարման սոցիալական ծրագրեր, ոչ թե երկարաժամկետ կապ ենթադրող ծրագրեր։ Անձը լիներ ՀՀ քաղաքացի, թե չլիներ, եթե ԼՂ-ից բռնի տեղահանված էր, եւ ֆիքսված էր նրա տեղահանության փաստը, այդ փաստի ուժով նա օգտվում էր եւ շարունակում է օգտվել նշածս սոցիալական ծրագրերից։

-Քաղաքացիություն ստանալու պարտադիր պահանջը կարո՞ղ է ազդել բնակապահովման ծրագրի արդյունավետ իրականացման վրա։ Ես նկատի ունեմ, որ այդ պահանջի դեպքում ծրագրի իրականացումը կարող է դանդաղել։ Գուցե սա արվել է այն նպատակով, որպեզի հնարավորինս քիչ մա՞րդ օգտվի ծրագրից։

-Անկեղծ ասած, ծրագրի դիմելիության մասին տեղեկություն չունեմ, պետք է դիմելիությունը հաշվենք, որպեսզի կարողանանք նմանատիպ եզրահանգում անել։ Այստեղ մի կարեւոր հանգամանք կա՝ ԼՂ-ից տեղահանված անձանց շրջանում որոշակի միֆեր, կասկածներ կան, որոնք օբյեկտիվորեն կարող են առաջանալ։ Մենք ամենօրյա ռեժիմով շփվում ենք տեղահանված անձանց հետ, եւ հիմնական մտահոգություններն այն են, թե ի՞նչ կլինի իրենց գույքային իրավունքների հետ։ Մինչդեռ, մենք հստակ բացատրում ենք, որ իրականում այս իրավունքների մասով անձը որեւէ կերպ չի տուժում, դրանք անձի հետ անխզելիորեն կապված իրավունքներ են։ Անձի իրավական կարգավիճակի փոփոխությամբ այս իրավունքները որեւէ կերպ չեն խաթարվում եւ չեն տուժում։ Նմանօրինակ մտահոգություններ ես տեսել եմ նաեւ Ադրբեջանից բռնի տեղահանված անձանց շրջանում։

-Ժամանակավոր պաշտպանության՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար արցախցիները ստորագրում են մի փաստաթուղթ, ըստ որի՝ ոչ մի երկրի քաղաքացի չեն հանդիսանում։ Ինչի՞ համար է սա արվում։

-Այստեղ շատ կարեւոր հանգամանք կա՝ ձեւակերպումն այսպես է՝ չեն հանդիսանում որեւէ այլ երկրի քաղաքացի։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակը որոշակիացվել է 2023 թվականի հոկտեմբերի կառավարության 18-64 որոշմամբ։ Այդ որոշումը ենթադրում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի, փախստականի կարգավիճակի տրամադրում։ Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը կիրառվում է աշխարհում զանգվածային հոսքերի դեպքում։ Օրինակ՝ Եվրամիությունում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տալիս են Ուկրաինայից բռնի տեղահանված փախստականներին՝ միակ տարբերությամբ, որ այնտեղ ժամանակավոր պաշտպանությունը միանգամից չի ենթադրում փախստականի կարգավիճակ։ Իսկ մեր Փախստականների եւ ապաստանի մասին օրենքը հստակ ասում է, որ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ճանաչվում են փախստական։ Այսինքն՝ նրանք ՀՀ-ում ունեն նույն իրավունքները, ինչ այլ փախստականները։

Կառավարության որոշումը, որով տրամադրվեց ժամանակավոր պաշպանության կարգավիճակը հստակեցնում է այն խումբը, որին տրամադրվում է այդ կարգավիճակը։ Երեք կատեգորիա է նշված՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրով անցնող մարդիկ, այն անձինք, ում վերջին հաշվառումը եղել է ԼՂ բնակչության ռեգիստրում եւ երրորդը՝ չկան ԼՂ բնակչության ռեգիստրում, բայց բռնի տեղահանության ընթացքում մենք ֆիքսել ենք, որ այս անձինք ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք են։ Եվ մեկ բացառություն կա, որ անձը չի հանդիսանում այլ երկրի քաղաքացի։ Սրա լոգիկան դրված է Փախստականների եւ ապաստանի մասին մեր օրենքում, որ եթե անձն ունի որեւէ այլ երկրի քաղաքացիություն, նա օգտվում է այդ երկրի պաշտանությունից։ Պայմանական ասած՝ եթե անձը Ռուսաստանի կամ Արգենտինայի քաղաքացի է, նա արդեն օգտվում է այդ երկրի պաշտպանությունից։ Ժամանակավոր պաշտպանության էությունն այն է, որ որեւէ պարագայում ՀՀ-ն չի վերադարձնելու ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձին այն տարածք, որտեղ նրա կյանքին ռիսկ է սպառնում։ Իսկ այս պարագայում նա արդեն օգտվում է այդ չվերադարձելիության սկզբունքից երրորդ պետության կողմից։ Նույնը ՀՀ քաղաքացիների մասին է՝ եթե անձը ՀՀ քաղաքացի է, իրավականորեն անհրաժեշտություն չկա ու չի էլ կարող լինել մի իրավիճակ, որ անձն իր քաղաքացիության երկրում լինի նաեւ փախստական։ Դա իրավական նոնսենս է, չի կարող նման բան բան գոյություն ունենալ։ Եվ հենց այդ պատճառով է նշված, որ անձը չպետք է լինի այլ երկրի քաղաքացի։

-Այսինքն՝ երբ նշվում է՝ չպետք է լինի այլ երկրի քաղաքացի, խոսքն Արցախի մասի՞ն  չէ։

-Այո՛, հենց ոչ Արցախի մասին է խոսքը։

-Այսինքն՝ Արցախում իրենց կոլեկտիվ գույքային եւ մյուս իրավունքները պահպանվո՞ւմ են։

-Այո՛։ Հենց դրանով մենք սահմանազատում ենք դնում, որ եթե անձը միայն Լեռնային Ղարաբաղում էր բնակվում, այնտեղ էր հաշվառված, իրեն համարում էր ԼՂ քաղաքացի, մենք նրան վերցնում ենք ժամանակավոր պաշտպանության տակ։ Մենք ուղղակի պետք է ֆիքսենք, որ այլ երկրի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի չի հանդիսանում տվյալ անձը։

-Արցախից բռնի տեղահանված անձանց մոտ շատ է ծագում այս հարցը՝ իրենք քաղաքացիություն ունեցող, թե՞ չունեցող անձինք են։

-Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց քաղաքացիությունը Լեռնային Ղարաբաղն է։

– Կմանրամասնե՞ք՝ ի՞նչ անձնագրեր են տրամադրվում արցախցիներին, 099 կոդով անձնագիրը ինչո՞վ է տարբերվում 070 կոդով անձնագրերից։ Դա հատուկ անձնագի՞ր է, թե սովորական քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, հետագայում մարդիկ դարձյալ խնդիրների չեն բախվի՞ իրենց անձնագրերի պատճառով։

-099 կոդը վերաբերում է նրան, որ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո մարդն առաջին անգամ անձնագրավորվում է։ Դա առանձին անձնագրավորման կոդն է։

-Այսինքն՝ եթե, օրինակ, Իսպանիայի քաղաքացին որոշի ՀՀ քաղաքացիություն ստանալ, դարձյալ այդ կոդն է լինելո՞ւ։

-Այո՛, դա առաջին անգամ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձի անձնագրավորման կոդն է։ Նախկինում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը տրամադրվել են ՀՀ անձնագրերը ոչ թե որպես քաղաքացիության հավաստում, այլ որպես ճամփորդական փաստաթղթեր։ Դրա մասին արձանագրված է «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռում, որտեղ հղում է կատարված 1999 թվականի փետրվարի 24-ի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ համաձայնագրին, գրված է, որ այդ փաստաթղթերը ճանփորդելու նպատակով են տրամադրվում եւ չեն վկայում անձի՝ ՀՀ քաղաքացիության պատկանելության մասին։

Ինչ վերաբերում է ծննդավայրը անձնագրում նշելուն, մեր կարգավորումներով հնարավորություն կա ընտրել երկիր, մարզ եւ բնակավայր։ Այսինքն՝ երբ անձն իր դիմումում գրում է, որ ցանկանում է որպես իր ծննդավայր նշել մարզը կամ բնակավայրը, այդ հնարավորությունը կա։ Լեռնային Ղարաբաղի դեպքում բնակավայրի անունն է նշվում։

Ռոզա Հովհաննիսյան

2022 թվականի ամառ. Ռուսական զորքերը հստակ առաքելություն ունեին խեղդելու Արցախը

2022 թվականի ամռանը սկսվեց Արցախի կործանման վերջնական փուլը։ Ադրբեջանը հայտարարեց Լաչինի միջանցքի այլընտրանքային ավտոմայրուղու կառուցման ավարտի մասին՝ պահանջելով Քաշաթաղի (Լաչին) շրջանի լիակատար վերահսկողություն և ռուս խաղաղապահների դուրսբերում այս գոտուց։

Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են Բերձորի, Սուս և Աղավնո (Արիավան) գյուղերի բնակիչների հետ՝ հայտարարելով, որ միջանցքն անցնում է ադրբեջանցիներին, և մարդիկ պետք է լքեն իրենց տները։ Կառավարության կարգադրությամբ դադարեցվել են բոլոր հաղորդակցությունները, տները չայրելու հրաման է տրվել։

Օգոստոսի 20-ից ռուսական խաղաղապահ զորախումբն առանց հատուկ թույլտվության արգելափակել է մուտքը Աղավնո հայ լրագրողների, հասարակական գործիչների և քաղաքացիական անձանց համար։ Այնտեղից հնարավոր էր միայն հեռանալ։ Միևնույն ժամանակ, ադրբեջանցիները «փրկարարների» անվան տակ արդեն կանգնած էին բնակավայրերի մոտ:

Վերջին հայ ընտանիքները օգոստոսի 24-ին լքել են Բերձորը, Սոսը և Աղավնոն։ Նրանց հետեւել են Լեռնային Ղարաբաղի ոստիկաններն ու փրկարարները։ Որոշ ժամանակ անց ռուս խաղաղապահները եւս լքել են Լաչինի միջանցքը։

Այն ժամանակ խոսույթ է ի հայտ եկել, որ Լաչինի միջանցքի վաղաժամ հանձնումը տեղի է ունեցել ղարաբաղյան եւ ադրբեջանական կողմերի գործարքի արդյունքում՝ ռուս խաղաղապահների ճնշման և միջնորդության ներքո։ Այս խոսույթը սկսեց հատկապես հաստատվել, երբ օգոստոսի վերջին օրը, առանց զգուշացման, կառավարությունն ու ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարասյունով գնացին Ստեփանակերտից Հայաստանի սահմանը այլընտրանքային ճանապարհով, այսինքն։

Այդ օրերին Ստեփանակերտում տեղի էին ունենում բողոքի ակցիաներ։ Մասնակիցները կոչ էին անում հանրությանը ուշադրություն դարձնել 44-օրյա պատերազմից հետո ծաղկած կոռուպցիային և այն փաստին, որ նոյեմբերի եռակողմ հայտարարության ստորագրողները չեն կատարում իրենց պարտավորությունները։

Ընդդիմությունը կոչ արեց ուշադրություն դարձնել այն փաստին, որ Բերձորի և Աղավնոյի վաղաժամ հանձնումով սրվելու է Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ Բերձորի միջանցքով անցնող ենթակառուցվածքային հաղորդակցությունների հարցը ։ Այլընտրանքային ճանապարհի որակը կասկածի տակ դրվեց, և փաստարկվեց, որ Հայաստանի հետ հաղորդակցությունը պետք է ապահովվի երկու երթուղիներով՝ Բերձորի միջանցքով և այլընտրանքային ճանապարհով։

Ընդդիմությանն ի հակակշիռ սկսվեց այլընտրանքային ճանապարհի առաջնահերթության քարոզչություն։ Իսկ հաղորդակցությունների հարցը, ինչպես հայտարարեցին իշխանությունները, իբր կլուծվի ռուս խաղաղապահների աջակցությամբ։ Մարդկանց այն ավելի շատ դուր եկավ:

Սակայն մի քանի ամիս անց սկսվեց շրջափակումը։ Կենսական ամեն ինչի պակասից բացի, փորձեր են սկսվել տարածել այն նարատիվը, որ ղարաբաղցիները սխալ են հասկացել եռակողմ համաձայնագրի կետերը, իսկ ռուս խաղաղապահների առաքելությունը բոլորովին այլ է։

Ալվարդ Գրիգորյան

Ռոստովի մարզում անօդաչու սարքերը հարձակվել են նավթի պահեստի և օդանավակայանի վրա

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը 3:00-ի սահմաններում անօդաչու սարքերը հարձակվել են նավթի մեկ այլ պահեստի, որը գտնվում է Ռոստովի մարզում։ Շրջանի նահանգապետ Գոլուբևը հաստատել է անօդաչուների հարձակումը, ինչպես նաև հարվածների ժամկետները։ Սակայն նա պնդում է, որ չորս անօդաչու թռչող սարք են խոցել, հաղորդում է «Ուկրաինա 365» ալիքը։

Փաբլիկները գրում են, որ հարված է հասցվել Կամենսկի շրջանում գտնվող նավթի պահեստին։ Ավելին, համացանցում հայտնվել են կադրեր, թե ինչպես է դրոնը հարվածում նավթավերամշակման տանկերից մեկին։ Տեղի բնակիչները հայտնում են, որ այժմ վառելիքի միանգամից երկու բաք է այրվում։ Բացի այդ, աղմկոտ է եղել Մորոզովսկի օդանավակայանի տարածքում։

«Ժամանակը կանգ է առել ժամագործի համար». Ռուբեն Հարությունյան

Ռուբեն Հարությունյանը, ով իր կյանքում դժվար ու փորձություններով լի ուղի է անցել, այսօր ստիպված է բնակվել Գորիսում, հեռու իր բնօրրանից՝ Արցախից։ Նրա կյանքի պատմությունը սերտորեն կապված է հայ ժողովրդի ծանրագույն օրերի հետ, սկսվելով Շուշիից, որտեղից նրա ընտանիքը ստիպված եղավ հեռանալ 1920-ականների դաժան ջարդերից հետո։ Սիբիրում երկար տարիներ ապրելուց հետո Հարությունյանների ընտանիքը տեղափոխվեց Բաքու՝ նոր կյանք սկսելու հույսով, սակայն ճակատագիրը նոր փորձություններ էր պատրաստել նրանց համար։

1990-ին՝ Բաքվի ջարդերի ժամանակ, Ռուբենը հազիվ կարողացավ փրկել իր ընտանիքը՝ հարազատներին դուրս բերելով և տեղափոխելով Հայաստան։ Նա վերադարձավ Արցախ՝ մասնակցելու 1990-ականների ազատագրական պատերազմին։ Հաղթանակից հետո Ռուբենն իր ընտանիքի հետ վերադարձավ Շուշի՝ գտնելու հայրական տունը։ Ընտանիքի հետ միասին նա Շուշիում ապրեց մինչև 2020 թվականը։

Պատերազմը կրկին բաժանեց նրան իր տնից։ Ճակատագրի հեգնանքով ստիպված եղան լքել Շուշին՝ ոչինչ չվերցնելով իրենց հետ, քանի որ նրանց վստահեցրել էին, որ ընդամենը մի քանի օրից կկարողանան վերադառնալ։ Երկու տարի անց, երբ նրանք նորից Ստեփանակերտում սկսեցին իրենց կյանքը վերակառուցել, ճակատագիրը կրկին անարդար վարվեց. 2022 թվականին, երբ Ռուբենը մեկնեց Հայաստան, բլոկադայի պատճառով չկարողացավ վերադառնալ Արցախ։

Ռուբեն Հարությունյանը երաժիշտ է։ Նրա երաժշտական ուղին սկսվել է դեռևս մանկությունից, երբ չորս տարեկանում առաջին անգամ ձեռքն առավ դհոլը։ Տարիների ընթացքում նա դարձավ Շուշիի ժողգործիքների պետական անսամբլի ամենաավագ երաժիշտը՝ նպաստելով հայկական մշակույթի պահպանմանը և տարածմանը։ «Մեր ժողովրդական երգերն ու պարերը մեր ազգի հոգին են, դրանք պետք է միշտ մնան մեր սրտերում։ Մարդիկ պիտի լսեն, պարեն ու իմանան արվեստի գործիչներին»,- ասում է նա։

Այսօր, Ռուբենը ստիպված է դադարեցնել իր սիրելի գործը՝ նվագելը, խոստանալով ինքն իրեն, որ միայն այն ժամանակ նորից դհոլ կնվագի, երբ կրկին ոտք կդնի հայրենի հողին, կվերադառնա Արցախ։ Մինչ այդ նա Գորիսում փոքրիկ կրպակում վերանորոգում է ժամացույցներ և կարի մեքենաներ։ Ասում է, որ աշխատելն այսօր մեծ դժվարություն է, քանի որ մարդիկ նախընտրում են շատ բաներ դեն նետել, քան վերանորոգել։ Չնայած դրան՝  նա շարունակում է այդ գործը սիրով: Բայց նրա կյանքը, կարծես, կանգ է առել՝ անորոշության ու սպասման մեջ։

Անժելիկա ԶԱՔԱՐՅԱՆ

 Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի ծրագրի շրջանակներում

Հետպատերազմյան Արցախում ծնված հոբբին Երևանում դարձավ աշխատանք` ava_artsakh

Շուշիի ու Ղազանչեցոց եկեղեցու պատկերով պայուսակ ունենալու ցանկությունը Ավանեսյան քույրիկների՝ Աննայի ու Գայանեի համատեղ բիզնեսի հիմքը դարձավ։ Նման պայուսակներ այդ ժամանակ Արցախում չկային, 2021 թվականն էր, պատերազմից հետո։ Կտորն ու ներկերը Ստեփանակերտի նոր-նոր վերաբացվող խանութներից առան, պայուսակը կարեց մայրիկը, վրան նկարեց քույրերից Գայանեն։

Պայուսակն արդեն պատրաստ էր, աղջիկները հերթով կրում էին, այն ժամանակ ո՛չ շարունակելու միտք կար, ո՛չ էլ առավել ևս գործը բիզնես դարձնելու գաղափար։ Աղջիկների ընկերուհիներն ու ծանոթները հավանում էին քույրերի սիրուն և առանձնացող պայուսակը։ Գաղափարն այստեղից շունչ առավ։

«Մտածեցինք, որ կարող ենք արդեն վաճառելու համար պայուսակներ կարել։ Ստեփանակերտի Ազատամարտիկների պողոտայի վրա գտնվող գրախանութի հետ պայմանավորվեցինք, մենք սկսեցինք կարել, նրանք` վաճառել։ Գործը լավ էր գնում, մշտական եկամուտ ունեինք»․- պատմում է Աննան։

Վրա հասավ բլոկադան, որը խոչընդոտեց ու խաթարեց ամեն բան։ Ժամանակի ընթացքում խիստ դժվարացավ կտոր ու ներկեր ձեռք բերելը։ Նյութերի փնտրտուքը խանութից խանութ, քաղաքի մի ծայրից մյուսն էր տանում, չէր վերջանում ու քչանում նաև արտադրանքի պահանջարկը։

«Դպրոցին նախապատրաստվելու շրջանը եկավ, երեխաները պետք է դպրոց գնային, բայց պայուսակի տարբերակ չկար, ու վաճառքի պահանջարկը կրկնապատկվեց, եռապատկվեց։ Շա՜տ-շա՜տ դժվարությամբ էինք կտոր ճարում, տարբեր խանութներ էինք գնում։ Մի կերպ կտոր էինք գտնում, որպեսզի վաճառքը ապահովենք, բայց գնային որևէ փոփոխություն չենք արել»։

Տատիկի հին, բազմաչարչար կարի մեքենայով էր աղջիկների մայրը կարում այդքան պահանջված պայուսակները։ Այն իրենց հետ Հայաստան պիտի բերեին, բայց տունը ոստիկանության շենքի դիմացն էր, որտեղից պարզ երևում էր, թե ադրբեջանցիներն ինչպես են մտնում շենք։ Այդպես խուճապի մեջ ընկան, պլանավորված իրերից շատերը թողեցին ու ճանապարհ ընկան, թողեցին նաև կարի մեքենան։ Մայրը դրա համար շատ էր տխրել, նույնիսկ դեպրեսիայի մեջ էր ընկել։

Դեպրեսիայից դուրս գալու և սթրեսը հաղթահարելու համար պետք էր աշխատել, կարի մեքենա արդեն չունեին, ստիպված նորը գնեցին։ Բիզնեսի աշխատանքների վերսկսման ճանապարհը բարդ էր, բայց ինչպես Աննան է ասում՝ ընկերները անգնահատելի օգնություն ցուցաբերեցին։ Հետո բազմաթիվ միջոցառումների ու տոնավաճառների մասնակցեցին, քիչ-քիչ https://www.instagram.com/ava_artsakh/ բիզնեսը սկսեցին ճանաչել նաև հայաստանյան շուկայում։

Անելիքները, նպատակներն ու երազանքները շատ են, ճանապարհը՝ դժվար, բայց ցանկությունը՝ մեծ։

Ասպրամ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի ծրագրի շրջանակներում

Արցախցիներին նույնականացման՝ ID քարտ տրամադրելու հարցը լուծված է

Արցախից բռնի տեղահանված անձանց նույնականացման՝ ID քարտ տրամադրելու հարցը լուծված է․ հուլիսի 22-ից արցախցիները հնարավորություն ունեն դիմել անձնագրային ծառայություններ ու ստանալ ID քարտեր։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիները չէին կարողանում Հայաստանում ID քարտ ձեռք բերել։ Արմեն Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խնդիրը տեխնիկական էր, որը շտկվել է։ Արցախցիներին տրամադրվող նույնականացման քարտերում որպես նրանց ծննդավայր նշվելու է Արցախի իրենց բնակավայրը։

«Հուլիսի 22-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները սովորական ընթացակարգերով կարողանում են դիմել ու ստանալ նույնականացման քարտեր՝ բնակավայրի նշումով»,- ասաց Ղազարյանը։ Իսկ այն արցախցիները, որոնք ՀՀ քաղաքացիություն չեն ստացել, չեն կարող ID քարտ ստանալ եւ ունեն փախստականի վկայական, կարող են ակտիվացնել մոբայլ ID-ին։

«ID քարտը հիմնականում օգտագործվում է էլեկտրոնային միջավայրում հավաստագրման, այսինքն՝ էլեկտրոնային ստորագրությունների համար։ Որպեսզի այնպես չլինի, որ բռնի տեղահանված անձինք չկարողանան օգտվել այդ հնավորությունից, մենք հնարավորություն ենք տվել, որ արցախցիների փախստականի քարտը եւս կիրառվի մոբալ ID-իի համար։ Այսինքն՝ եթե անձն ունի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի վկայական, ինքը եւս կարող է ակտիվացնել մոբայլ ID-ին։ Անձը պետք է մոտենա իր հեռախոսային օպերատորին, ակտիվացնի մոբայլ ID-ին, որից հետո կկարողանա էլեկտրոնային միջավայրում էլեկտրոնային ստորագրություններ դնել»,- ասաց Արմեն Ղազարյանը։

Ռոզա Հովհաննիսյան

40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը դեկտեմբերին կավարտվի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերի 40+10 հազար դրամ պետական աջակցության ծրագրի վերաբերյալ ներկայացրել է հարցեր ու դրանց պատասխանները.

ՀԱՐՑ 3։ Արդյոք 40+10 հազար դրամ աջակցությունը կշարունակվի 2025 թվականին։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Կեցության և այլ ծախսերի 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի ավարտը 2024 թ․ դեկտեմբեր ամիսն է։ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների մշտական բնակության նպատակով՝ ՀՀ կառավարությունն իրականացնում է բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որին կարող եք դիմել հղմամբ։ Դրանից զատ, ՀՀ կառավարությունը նախատեսում է մշակել 2025 թ․ ընթացքում որոշակի ժամկետով դրամական աջակցություն տրամադրելու միջոցառում՝ ԼՂ–ից բռնի տեղահանված հատուկ և խոցելի խմբերի համար։

Բելգորոդի շրջանում ուկրաինական զորքերը ճեղքելու փորձ են արել

Ուկրաինայի զինված ուժերը փորձում են ճեղքել Բելգորոդի շրջանի սահմանը, հայտարարել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ իրավիճակը սահմանին մնում է ծանր, բայց վերահսկելի։ Մեր զինվորականները պլանային աշխատանքներ են իրականացնում»,- գրել է նա իր հեռագրային ալիքում։

Նա չի հստակեցրել, թե սահմանային որ շրջանների մոտ են ընթանում մարտերը։

Մարզպետը ժողովրդին հորդորեց հանգստություն պահպանել և վստահել միայն պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին։

Իր հերթին, ուկրաինական լրատվամիջոցները գրում են. ռուսական Z-ալիքները հայտնել են Ուկրաինայի Զինված ուժերի Բելգորոդի շրջանի տարածք ներխուժելու փորձի մասին։ Միաժամանակ ուկրաինացի զինվորականների գործողության մասշտաբների մասին վարկածները տարբեր են։ Ըստ որոշ տեղեկությունների՝ 60-ից 200 ուկրաինացի զինվորներ են սկսել են գործողությունը մոտավորապես ժամը 8:00-ին Նեխոտեևկա գյուղի տարածքում։ Խումբը բաղկացած է ութ զրահամեքենայից։ Տեղեկություններ կան նաև, որ 300 ուկրաինացի զինվորներ մարտ են սկսել Բելգորոդի շրջանի Շեբեկինո անցակետի տարածքում։

Արցախցիների համար կարեւոր փոփոխություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2024 թվականի օգոստոսի 02-ին պատրաստել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագիծ։ Այդ մասին գրում է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Նախագծով առաջարկվող լրացումների համաձայն վերը վկայակոչված օրենքի 7-րդ և 63-69-րդ հոդվածների դրույթները տարածվելու են նաև Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության համակարգի ծառայողների վրա։

Այլ խոսքով՝ նախագծով առաջարկվող փոփոխությունները վերաբերելի են լինելու նաև Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած այն անձանց, որոնք ծառայություն էին իրականացնում վերը նշված մարմիններում։

Փոփոխություններն ընդունվելու դեպքում վերը նշված անձինք պետք է ստանան զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի կարգավիճակ (ուշադրություն. ոչ թե զոհված, այլ՝ մահացած) և օգտվեն զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողների համար «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 63-69-րդ հոդվածներով նախատեսված ծրագրերից (դրամական օգնություն, բնակարանային ապահովում, բժշկական օգնություն և սպասարկում, տրանսպորտային և հանգստի ապահովում, կրթություն ստանալու երաշխիք և դրամական աջակցություն)։

Քաղաքացիական անձանց, ինչպես նաև դատախազության, հարկային, դատական կամ քննչական ծառայողների մահվան հետևանքով նրանց ընտանիքի անդամներին սոցիալական հատուցում, աջակցություն կամ որևէ արտոնություն սահմանելու վերաբերյալ նոր իրավական ակտ կամ նախագիծ առայժմ գոյություն չունի։

Բարբարոսության դեմքը. Ստեփանակերտ, այսօր

Համացանցում հայտնվել են Ստեփանակերտի կենտրոնական բակերից մեկի կադրերը, որտեղ փորոտվել են բոլոր ավտոտնակները, և ինչ-ինչ պատճառներով հատուկ ուշադրություն են արժանացել մանկական հեծանիվները և մանկասայլակները։ Բարբարոսության դեմքն այսպիսի տեսք ունի։