ԵՄ-ն Բաքվի հետ կնքում է միայն կարճաժամկետ պայմանագրեր՝ առանց ներդրումների

Ինչպես հաղորդում է Financial Times-ը, Ադրբեջանը մեղադրել է ԵՄ-ին նրանում, որ նա վերաբերվում է երկրին որպես «հրշեջի»՝ կնքելով միայն կարճաժամկետ գազային գործարքներ՝ չնայած երկրին դեպի դաշինք վառելիքի արտահանումն ավելացնելու խնդրանքին:

ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիհովը Financial Times-ին ասել է, որ Բաքվին անհրաժեշտ է երկարաժամկետ պայմանագրերի որոշակիություն, որպեսզի ներգրավի իրեն անհրաժեշտ ֆինանսավորումը Կասպից ծովում գազի արդյունահանումը մեծացնելու և ԵՄ լրացուցիչ պահանջարկը բավարարելու համար: «Մենք չենք կարող լինել հրշեջներ, որոնք պարզապես գազ են ուղարկում երեքից վեց ամիս», – ասել է Սադիհովը:

Բաքվի հետ ԵՄ-ի գազային պայմանագրերն ի սկզբանե ոչ թե տնտեսական, այլ քաղաքական բնույթի էին. այդ պայմանագրերը Բաքվին պաշտպանում էին հնարավոր պատժամիջոցներից հայկական հողերի ուղղակի օկուպացիայի և ցեղասպանության պատճառով: ԵՄ-ն այդպես էլ պատժամիջոցներ չի կիրառել Բաքվի նկատմամբ։ Մյուս կողմից, Եվրոպան չի պատրաստվում ռուսական խեղդամահը փոխանակել ուրիշի հետ։

«Ադրբեջանը, որը մեծապես կախված է նավթից և գազից ստացվող եկամուտներից, այս տարվա նոյեմբերին պետք է հյուրընկալի ՄԱԿ-ի Կլիմայի ամենամյա գագաթնաժողովը: Որոշ դիվանագետներ և բանակցողներ մասնավոր կերպով մտահոգություն են հայտնել, որ երկիրը չի ցանկանում մտածել, թե ինչպես հեռանալ հանածո վառելիքից»,- գրում է FT-ն։

Ամերիկյան խորհրդատվական Straife ընկերության կառավարիչ տնօրեն և Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան ասել է, որ մինչև 2027 թվականը ադրբեջանական գազի ներկրման ԵՄ նպատակին հասնելու համար կարևոր է ֆինանսավորել արդյունահանումը, քանի որ հակառակ դեպքում Ադրբեջանը բավարար լրացուցիչ գազ չի ունենա Եվրոպա հասցնելու համար։

Բրյուսելը չի ​​կարողանում ֆինանսավորել նախագծերը 2021 թվականին իր կանոնների փոփոխությունների պատճառով, որոնք թույլ չեն տալիս ԵՄ բյուջեն ծախսել հանածո վառելիքի ենթակառուցվածքների վրա: SGC-ի մաս կազմող Tanap-ի՝ Թուրքիայի տարածքով խողովակաշարի բաժնետերերը «դժկամությամբ են ներդրումներ կատարում հզորությունների ընդլայնման մեջ, քանի որ վախենում են, որ ոչ ոք չի օգտագործի այն»:

Կադիրովն ընդդեմ Միրզոյանի Wildberries-ի պատճառով. ռուսական բիզնես-բարքեր

Ըստ ԶԼՄ-ների՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է ռուսական խոշորագույն մարկետփլեյսերից մեկի՝ Wildberries-ի «բաց և լկտի տիրանալու» մասին․ դա տեղի է ունեցել ընկերության հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հետ հանդիպումից հետո։

Wildberries marketplace-ի և Russ արտաքին գովազդի օպերատորի միաձուլման մասին հայտարարվել է հունիսի 18-ի երեկոյան։ RBC-ի աղբյուրներն այնուհետ հայտնեցին, որ նոր միավորված ընկերությունների խմբի գործադիր տնօրենը կդառնա Ռոբերտ Միրզոյանը (տեսանյութում Վլադիսլավ Բակալչուկը նշել է նրզ եղբորը՝ Լևանին):

Ես գիտեմ, որ այս արշավանքի լծակները գտնվում են Լևան և Ռոբերտ Միրզոյան եղբայրների, ինչպես նաև մի քանի հայտնի կովկասցիների ձեռքում»,- ասել է Կադիրովը։

Ըստ Forbes-ի՝ Միրզոյանն ու Տատյանա Բակալչուկը նամակ են հղել Պուտինին։ Նրանք գրել են, որ գործարքը Ռուսաստանում «ամենաուժեղ մրցակից» կստեղծի այնպիսի ընկերությունների համար, ինչպիսիք են Amazon-ը և Alibaba-ն, ինչպես նաև կստեղծի «խոշորագույն թվային բանկային ցանցը և վճարային համակարգը ռուբլով հաշվարկների համար ամբողջ աշխարհում՝ շրջանցելով SWIFT-ը»:

Կադիրովը հայտարարել է, որ «իմ հանձնարարությամբ այդ հարցով կզբաղվի իմ սիրելի ԵՂԲԱՅՐ, ՌԴ Պետական ​​դումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը»։

«Անկասկած, ՀԱՐԳԵԼԻ՛ ԵՂԲԱՅՐ, Չեչնիայի Հանրապետության ղեկավար, Ռուսաստանի հերոս ՌԱՄԶԱՆ ԱԽՄԱՏՈՎԻՉ ԿԱԴԻՐՈՎԻ բոլոր պատվերները կկատարվեն արագ և հարյուր տոկոսով։ Մենք դա կհասցնենք մինչև վերջ»։ Դելիխանովն այսպես է արձագանքել Կադիրովի «Վլադիսլավի կնոջն ու բիզնեսը ընտանիքին վերադարձնելու» հրամանին։

Սա ոչ այնքան Հայաստանին է ուղղված, որքան եվրոպական համերաշխությունը ընդգծելու

ԵՄ խորհրդի որոշումը՝ 10 միլիոն եվրոյի չափով օգնություն տրամադրել Հայաստանի զինված ուժերին, խորհրդանշական քայլ է։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

Նշենք, որ աջակցությունը կտրամադրվի Խաղաղության եվրոպական հիմնադրամի (ԵՀՀ) շրջանակներում։ Սա Հայաստանի համար առաջին նման որոշումն է, որի նպատակն է հզորացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական ներուժը եւ նպաստել ճգնաժամային ու արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը։

«Այդ որոշումը շատ հետաքրքիր ենթատեքստ ունի․ եթե հիշում եք, ամիսներ առաջ Հունգարիան կարողացավ արգելակել հենց այս քայլը՝ պատճառաբանելով, որ աջակցությունը պետք է լինի հավասարաչափ նաեւ Ադրբեջանի համար։ Հիմա մենք տեսնում ենք, որ 24 ժամվա մեջ Հունգարիայի նկատմամբ կիրառվեցին դաստիարակչական միջոցներ։ Նախ Ժոզեֆ Բորելը ցուցում տվեց, որ արտգործնախարարների վեհաժողովն անցկացվի ոչ թե Բուդապեշտում, այլ Բրյուսելում։ Երկրորդ, Հայաստանին, որը չի հանդիսանում ԵՄ անդամ եւ անգամ չի դիմել հայտով, ցուցադրաբար օգնություն են տրամադրում՝ ի հեճուկս Հունգարիայի դիրքորոշման։ Կրկնում եմ, սա ոչ միայն ու ոչ այնքան Հայաստանին է ուղղված, որքան եվրոպական համերաշխությունը ցուցադրելու ու ընդգծելու նպատակ կա։ Բայց, իհարկե, այստեղ կա նաեւ մաքուր հայկական աստառ, դա այն է, որ Եվրոպան հերթական անգամ պատասխանում է չարաբաստիկ հարցին՝ բայց մեզ այնտեղ սպասում են, թե՞ ոչ։ Ես այդ հարցը լսում եմ լրագրողներից, տաքսիների վարորդներից մինչեւ վարչապետ, եւ ինձ շատ է զարմացնում։ Ես փորձում եմ հասկանալ՝ Եվրոպան էլ ի՞նչ պետք է անի, որ մեզանում այդ հարցը չառաջանա»,- ասաց Խզմալյանը։

Նրա խոսքով՝ այս աջակցությունը շարունակական է լինելու։ «Հիշեցնեմ, որ այդ որոշումից 24 ժամ առաջ վիզաների ազատականացման գործընթացն էլ մեկնարկեց։ Այսինքն՝ մեկը մյուսի հետեւից ժամերի ընթացքում քայլեր են իրականացվում։ Ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ սա Եվրոպայի անուղղակի, իսկ ինչո՞ւ ոչ, միգուցե ուղիղ ակնարկն է, որ նրանք լսել են Հայաստանում ժողովրդավարական ուժերի նախագծի մասին։ Խոսքը Եվրամիության անդամակցությանն ուղղված հանրաքվեի ստորագրահավաքի գործընթացի մասին է։ Եվրոպայի այս քայլերն ակնարկ են եւ կառավարությանը, եւ հայ ժողովրդին, որ՝ մենք լսել ենք, նկատել ենք եւ մենք սպասում ենք ձեզ։ Իսկ այն, ինչ ձեզ ասում են, թե ձեզ Եվրոպայում չեն սպասում, դա սուտ է»,- հավելեց Խզմալյանը։

Ռոզա Հովհաննիսյան

Հայաստանը դարձել է հնդկական զենքի թիվ մեկ խոշոր գնորդը

Ազատություն

Հայաստանը դարձել է հնդկական զենքի թիվ մեկ խոշոր գնորդը, ինչը վկայում է Հնդկաստանի խորհրդարան ֆինանսների նախարարության ներկայացրած տնտեսական տեղեկանքը։

«Նախկին խորհրդային հանրապետություն Հայաստանը Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և Akash զենիթային հրթիռների ձեռքբերման գործարքներ կնքելուց հետո դարձել է Հնդկաստանից զենքի ամենախոշոր ներմուծողը», – ТАСС-ի փոխանցմամբ` նշված է տեղեկանքում։

Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով` 2024-2025 ֆինանսական տարիների կտրվածքով հնդկական սպառազինությունների Հայաստանի գնումների ծավալները հասել են 600 միլիոն դոլարի։

Գիշեցի Գրիգորյանները մտադրված են տուն ձեռք բերել Լեռնահովիտում

Գրիգորյանները մտադրված են բնակարանային աջակցության ծրագրով տուն ձեռք բերել Լեռնահովիտ գյուղում՝ մտքում միշտ պահելով Արցախ վերադառնալու երազանքը

Գիշեցի Արարատ Գրիգորյանն իր բազմանդամ ընտանիքով հանգրվանել է Լոռու մարզի Տաշիր համայնքի Լեռնահովիտ բնակավայրում։ Արցախից տեղահանվելուց հետո միանգամից հաստատվել են այստեղ, ապրում են անվճար։ Արցախցի ընտանիքը շատ ուրախացավ մեր անակնկալ այցելությունից։ Սկզբից չգիտեին, որ արցախցի ենք ու աշխատում էին խոսել գրական հայերենով, բայց երբ պատասխանեցինք արցախյան բարբառով, բոլոր 8 անդամների դեմքերը ողողվեցին ժպիտով։ Անգամ ամենափոքրը՝ Հայկը, ուրախությունից սկսեց չարաճճիություններ անել ու թռչկոտել մեր շուրջը։

Տունը, որ զբաղեցնում էին Գրիգորյանները, գտնվում էր անմխիթար վիճակում։ Օրեր առաջ տեղացած անձրևի հետքերը դեռ տանն էին։ Տան տանիքից անձրևաջուր էր թափվել ու խոնավության շունչը դեռ պահպանվում էր։

Աղքատիկ իրավիճակ էր, ինչպես բռնատեղահանված արցախցիների մեծամասնության տներում։ Այնուհանդերձ այս ընտանիքում բոլորը ժպտերես ու պինդ էին։

-Երբ սեպտեմբերի վերջին մեր կամքին հակառակ դուրս եկանք մեր գյուղից ու բռնեցինք գաղթի ճանապարհը, կյանքն ինձ համար կանգ էր առել։ Գիշուց հեռու ապրել չէի պատկերացնում։ Սակայն, ինչպես ասում են, մարդ ամեն ինչի կարողանում է հարմարվել։ Չեմ ասում, թե հարմարվել եմ հայրենիքս կորցնելու մտքին, բայց արի ու տես, որ շարունակում ենք ապրել՝ հարյուրավոր կիլոմետրեր Արցախից հեռու։ Այս գյուղում մեզ լավ են ընդունել, պարբերաբար օգնություններ ենք ստանում, էլ չեմ խոսում մարդկանց հոգատար վերաբերմունքի մասին։ Փորձում ենք ինտեգրվել նոր միջավայրին, ծանոթանալ տեղի կենցաղին, մարդկանց բնավորությանը։ Այստեղ շատ արցախցիներ կան, առանձնապես Մարտունու շրջանից, երբեմն թվում է՝ Արցախում ենք։ Բայց եթե հենց այս պահին հնարավորություն լիներ վերադառնալ՝ առանց երկմտելու արդեն մեր գյուղի ճամփան բռնած կլինեի․ միայն թե անվտանգ ու առանց թշնամու լիներ Արցախը,-ասում է Արարատը։

Կինը՝ Գայանեն, լրացնում է ամուսնու խոսքը։ “Մենք հիմա մտածում ենք միայն մեր երեխաների ապահովության համար։ Այն, ինչ տեսանք Արցախում, թող երբեք ոչ ոք չտեսնի։ Ճիշտ է, ձեռնունայն ենք հեռացել գյուղից, նեղության մեջ ենք այսօր, բայց չենք վհատվում։ Կյանքը կոփել է մեզ, ավելի ենք ուժեղ դարձել։ Միայն կարոտն է, որ կեղեքում է մեր սիրտը։ Կարոտի ու հիշողությունների դեմ պայքարել անզոր ենք։ Մեր մտքում միայն Արցախ վերադառնալու երազանքն է, մեր գյուղում լիաթոք շնչելու տենչը”։

Երեխաները՝ Կարենը, Արմանը, Մարիամը, Լիլիթը, Ալեքսն ու փոքրիկ Հայկը չեն կարողանում մոռանալ Գիշին, իրենց տունը, ընկերներին, “Ոսկի խաչը”․․․ Մարիամի խոշոր ու հմայիչ աչքերը արցունքով լցվեցին, երբ խոսեցինք գյուղի մասին, իսկ Լիլիթն անընդհատ փախցնում էր ամոթխած հայացքը։ Տղաներն ավելի ամուր էին իրենց պահում․ միևնույն է, երբ էլ լինի, վերադառնալու են Արցախ․․․

Գրիգորյանները մտադրված են բնակարանային աջակցության ծրագրով տուն ձեռք բերել Լեռնահովիտ գյուղում, զբաղվել հողագործությամբ ու անասնապահությամբ։ Այդ նպատակի համար արդեն ձեռք են բերել մի քանի հորթ և տրամադրված են զարգացնել անասնապահությունը։

Գիշիում կինը տնային տնտեսուհի էր, ամուսինը՝ զինվորական թոշակի անցնելուց հետո զբաղվում էր տարբեր աշխատանքներով։ Լեռնահովտում ևս նա կփորձի կայուն աշխատանք գտնել, որ կարողանա կերակրել ընտանիքը, թեև այս տարածաշրջանում աշխատանք գտնելը շատ դժվար է։

Ներկա պահին ընտանիքը զբաղվում է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացով։

Կարինե Բախշիյան

«Վերջին 70.000 մետրը․ ի՞նչ է պատմում ճանապարհը». Բերձորի դժոխք

10 ամսական Դավիթը Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնի հյուրն է և «Վավերագրելով դրաման» ծրագրի հերոսներից մեկը։ Ընդամենը հինգ օրական էր, երբ ծնողների հետ, հիվանդանոցի ծածկոցով փաթաթված, անցավ տեղահանության ճանապարհը։

Հուլիսի 22-ին ՄՆԿ-ն ներկայացրեց «Վերջին 70.000 մետրը․ ի՞նչ է պատմում ճանապարհը» մուլտիմեդիա նախագիծը։ Այն համադրում է տեղորոշման, քարտեզագրման, տվյալների պատկերման գործիքներն ու մարդկային պատմությունները։

Սովորական պայմաններում Ստեփանակերտ-Կոռնիձոր 70 կմ ճանապարհը կարելի էր անցնել 40 րոպեում, բայց մարդիկ այն անցան 3 օրում։ Այս տվյալները, ինչպես նաև կյանքի, մահվան ու անորոշության պատմությունները տեղ են գտել նախագծում։

Այն իրականացրին Հայաստանի և Արցախի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները և անհատ լրագրողներ՝ ՄՆԿ և արտասահմանյան մասնագետների խորհրդատվությամբ։ Նրանք ներդրեցին արդի լրագրության ստեղծագործական, էթիկակական ու նորարարական  մոտեցումները՝ պատմելու Արցախի տեղահանության դրվագները։

Գայանե Սարգսյանը միացել է նախագծին, մասնակցել քարտեզագրման, խոցելի խմբերի հետ աշխատելու, հատուկ նախագծեր կազմելու դասընթացներին՝ այս ծրագրի շրջանակում։

Գայանե Սարգսյան, 301.am  

«Քանի որ ինքս արցախցի եմ ու անցել եմ այս դրամայի միջով, հնարավորություն էի փնտրում բռնի տեղահանման ճանապարհի պատմությունները որևէ կերպ ներկայացնելու, թեև հասկանում էի, որ միայնակ չեմ կարողանա դա անել։ Անչափ ուրախացա, երբ ընտրվեցի՝ աշխատելու «Վավերագրելով դրաման» նախագծի թիմում։ Նյութը, որ պատրաստել եմ գործընկերոջս հետ, հենց մտերիմ ընկերուհուս ընտանիքի պատմության մասին է, այդ առումով հատկապես պատասխանատու ու ծանր էր աշխատանքը։ Շատ եմ կարևորում այս բոլոր պատմությունները գտնելն ու արխիվացնելը»։

Բռնի տեղահանման ճանապարհի վկայություններն ու փաստերը մեկ հարթակում՝ մի քանի օրինակներով, վավերագրությամբ, լուսանկարներով, տեսանյութերով և տվյալներով։

Հարթակի շնորհանդեսին հրավիրել էր նաև «51-րդ բրիգադը» պատմության հերոս Վազգեն Ասատրյանը, որը շտապ բուժօգնության մեքենայով տասնյակ հիվանդներ ու վիրավորներ է տեղափոխել։ Նրանցից մեկն էլ Արթուրն էր։ Նա հարազատ Ավդուռ գյուղը պաշտպանելիս ծանր վիրավորվել էր և հիմա վերականգնվում է։ Արթուրն ու բժիշկը պատերազմից հետո հանդիպել են հրապարակման հեղինակ Շուշան Փափազյանի օգնությամբ։

«Վավերագրելով դրաման» ծրագրի «Վերջին 70,000 մետրը. ի՞նչ է պատմում ճանապարհը» նախագիծը թարգմանվել է անգլերեն։ ՄՆԿ-ն այսուհետ ևս կխրախուսի լրագրության արդի ձևաչափերով հանրային կարևորության թեմաների լուսաբանումը։

Նախագիծն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում: 

 

 

ԱՄՆ դեսպանը դիտարկել է հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը գեներալ-մայոր Ջեյմս Քրիզելի (ԱՄՆ Եվրոպական հրամանատարություն), բրիգադի գեներալ Էնթոնի Մոհաթի (Կանզասի ազգային գվարդիա) և բրիգադի գեներալ Էնդրյու Սասլավի (Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքեր) հետ դիտարկել է «Արծիվ գործընկեր 24» զորավարժության ընթացքը։

«Հուլիսի 15-ին մեկնարկած այս զորավարժությունը հայ-ամերիկյան երկարամյա պաշտպանական համագործակցության հերթական նախաձեռնություններից է միջազգային խաղաղապահ գործողություններում մասնակցության նախապատրաստման ուղղությամբ»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Արմեն Գրիգորյանն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

Հուլիսի 23-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը:

ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել այն աշխատանքը, որը միությունն անում է նպատելու Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր և անդրադարձել հետագա համագործակցության հնարավորություններին:

ՀՅԴ․ Պետք է օգտագործել COP29 ներկայացնելու Ադրբեջանի իսկական՝ ցեղասպանական էությունը

2024-ի նոյեմբերի 11-22-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գումարվելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29), որին ակնկալվում է կառավարական հազարավոր պատվիրակների, լրագրողների եւ զանազան կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցություն։ Ադրբեջանն այս համաժողովն օգտագործում է՝ մոլորեցնելու համար միջազգային հանրային կարծիքն իր էության մասին։ Այդ մասին գրում է ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակը։

Միաժամանակ, այս համաժողովն առիթ է, որպեսզի ներկայացնենք Ադրբեջանի իսկական՝ ցեղասպանական, ռազմատենչ, ամբողջատիրական հակաժողովրդա­վարական էությունը՝ բարձրաձայնելով նաեւ կլիմայի փոփոխության մեջ Ադրբեջանի բացասական վարքագծի մասին։

Հայ Դատի համակարգը՝ հանձնախմբերն ու գրասենյակները, այս ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներից հետո սկսել են իրականացնել հատուկ մշակված ծրագիր՝ հասնելու կառավարական, քաղաքական, հասարակական եւ լրատվական այն բոլոր շրջանակներին, որոնք որեւէ կերպ առնչված են COP-29-ին։ Այդ աշխատանքների նպատակն է շեշտել արցախցիների վերադարձի իրավունքը, մղել նշյալ շրջանակներին՝ ազդեցություն գործադրել Ադրբեջանի վրա՝ պահանջելով փոխել Արցախում իր գործադրած ցեղասպանական արարքների, Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս իր ներխուժման եւ հայ գերիներին անօրինական պահելու հարցերով իր հայատյաց քաղաքականությունը։

Այս աշխատանքներում կարեւոր դերակատարություն է վերապահված յուրաքանչյուր հայի, որը սոցիալական ցանցերի (social media) օգտատեր է։ Կոչով դիմում ենք բոլորին՝ սոցիալական ցանցերով այս նպատակով օտար լեզուներով կատարել գրառումներ՝ միաժամանակ օգտագործելով առնվազն այս չորս hashtag-ները. #COP29Exposed , #COPout29 , #COP29 , #COP29Azerbaijan ։ Այս կայքէջից (https://copout29.com/) կարող եք ներբեռնել Հայ Դատի համակարգի կողմից պատրաստված գծանկարներ եւ պատկերիզներ, որոնք արտահայտում են մեր տեսակետները։ Խիստ կարեւոր է բոլոր գրառումներում եւ կամ գծանկարների հետ օգտագործել վերոհիշյալ hashtag-ները։

Մեր տեսակետները բարձրաձայնելու համար հարմար առիթ են նաեւ առաջիկա օրերին Փարիզում մեկնարկող 2024-ի Օլիմպիական խաղերը։

Սոցիալական ցանցերում, հայկական շրջանակների հետ համագործակցաբար, նման աշխատանքի մասնակից է նաեւ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։ Այս առիթով հայությանն ուղղված իր ուղերձն Օկամպոն եզրափակել է՝ գրելով. «Միջազգային հանրության ջանքերը միավորելով՝ դուք կարող եք հասնել այն բանին, որ COP-29-ում դիտարկվեն ոչ միայն կլիմայի փոփոխության, այլեւ մարդու իրավունքների պաշտպանության և արդարության հարցերը: Հայե՛ր, ժամանակն է լինել փոփոխությունների առաջամարտիկը: Գրառումներ կատարե՛ք, մեկնաբանե՛ք եւ բարձրացրե՛ք ձեր ձայնը: Ձեզ կմիանան շատերը, այդ թվում՝ ես»:

Քաղաքական հանրահայտ դեմքեր, միջազգային տարբեր կազմակերպու­թյուններ արդեն իրենց դժգոհությունն են հայտնել COP29-ի Բաքվում գումարվելու առնչությամբ։ Ոմանք նույնիսկ կոչ են արել բոյկոտել այդ նախաձեռնությունը։

Հանրությանը տեղյակ պահելու համար մենք պարբերաբար կանդրադառնանք այս աշխատանքներին։

Հ.Յ.Դ. ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ

MediaHub. Արցախն այսուհետ նյութերի տեսքով՝ Հայաստանի ազգային արխիվում

MediaHub

MediaHub-ը դիմել էր «Հայաստանի  ազգային արխիվ»` հետաքրքրվելով, թե 2023 թվականի բռնի տեղահանումից հետո Արցախի արխիվից հնարավոր եղե՞լ է նյութեր տեղափոխել Հայաստան ու պահպանել դրանք Հայասատանի ազգային արխիվում։

Ի պատասխան մեր հարցմանը՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից պատասխանեցին՝ Արցախի վերաբերյալ պահպանվում են փաստաթղթեր, սակայն 2023թ. Արցախի հայաթափումից հետո արխիվային ոչ մի փաստաթուղթ Արցախի արխիվի կողմից Հայաստանի ազգային արխիվ չի հանձնվել:

Նրանք ներկայացրին, որ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ պահպանության են հանձնվել Քաշաթաղի տարածքային արխիվում գտնվող թղթե հիմքով արխիվային գործերը, որոնք ՀՀ են տեղափոխվել մինչև 2023թ. սեպտեմբերյան դեպքերը:

Բացի այս, Արցախի Արխիվի աշխատակիցներից մեկի կողմից կրիչով «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ է հանձնվել նաև Լեռնային Ղարաբաղի արխիվում պահպանվող որոշ փաստաթղթերի թվայնացված տարբերակները, որոնք կներկայացնենք ստորև։

««Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ում թղթե հիմքով փաստաթղթերի պլանային թվայնացման աշխատանքների շրջանակներում նախատեսվում է իրականացնել նաև Արցախից տեղափոխված արժեքավոր փաստաթղթերի թվայնացումը»,- ասված է MediaHub-ի հարցմանն ի պատասխան ստացված գրության մեջ:

Որպես օրինակ ներկայացնենք, թե Հայաստանի ազգային արխիվում Արցախին վերաբերող ինչ նյութեր են պահվում: Օրինակ, Ստեփանակերտի քաղաքապետարանի որոշումները, Ստեփանակերտի բուժօգնության անձնական հաշիվները, տարբեր գյուղերի և համայնքների տնտեսական մատյաններ, որոնց թվում են՝ Դաշբուլաղ գյուղական խորհրդի Բադարա գյուղի մատյանները (1945-47թթ.), ինչպես նաև Բալուջա, Մեկտիշեն, Ջամիլլու գյուղերի մատյանները (1925թ., 1935-1939թթ., 1971-77թթ.)։ Մուշկապատ գյուղական խորհրդի գործկոմի տնտեսական մատյանները (1925-1931թթ.):

Կարմիր գյուղի մատյանները՝ 1925-63 թթ.:

Պահպանվել են նաև ԼՂՀ արխիվային գործի վարչության անձնական կազմի հրամանները, Մարտակերտի շրջանի վարչակազմի արձանագրությունները։

Հանձնվել են նաև մեկական պատմա-վավերագրական գրքեր, որոնց թվում են՝ Էդվարդ Լալայանի «Գանձակ, Վարանդա», Արտո Սարգսյանի «Ներքին Հոռաթաղ», Մովսես Առաքելյանի «Ասք Ղարաբաղի և Ննգի գյուղի մասին», Արշավիր Գալստյանի «Հաղթանակ, Նորագյուղի մասին», Հրանտ Աբրահամյանի «Քերթ», Սերգեյ Մելքումյանի «Լեռնային Ղարաբաղ» գրքերը։

Այս նյութերի քանակը, որ պահվում են Հայաստանի ազգային արխիվում և Արցախի մասին են, 2767-ն է…

Շարունակությունը՝ MediaHub

Եթե աշխատանք եք փնտրում․ կարող է գտնե՞ք

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն-ը հայտարարություն է հրապարակել․ 

Հարգելի՛ հայրենակիցներ,
եթե ԼՂ-ից բռնի տեղահանվել եք 2023 թվականին և փնտրում եք աշխատանք, ապա ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում կարող եք՝ ընտրել հետևյալ երեք հնարավորություններից որևէ մեկը՝
☑️ անցնել 6-ամսյա մասնագիտական ուսուցում՝ ցանկացած մասնագիտությամբ, այդ ընթացքում ստանալ կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում,
☑️ անցնել աշխատանքային պրակտիկա, որի ընթացքում ստանալ նաև վարձատրություն,
☑️ համատեղել մասնագիտական ուսուցումն ու վարձատրվող աշխատանքային պրակտիկան։
Ցանկացած հնարավորության ընտրության դեպքում Ձեզ տրվում է աշխատանքի տեղավորման հնարավորություն։
Միջոցառման շրջանակում պետությունը հարկերի փոխհատուցման տեսքով աջակցում է նաև այն գործատուներին, ովքեր աշխատանքի կընդունեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց։
Ծրագրից օգտվելու համար և՛ գործատուները, և՛ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
Ծրագրի վերաբերյալ առավել հաճախ հնչող 5 հարցերը ներկայացնում ենք ստորև ⤵️
ՀԱՐՑ 1։ 16 տարեկան եմ․ կարո՞ղ եմ օգտվել ծրագրի մասնագիտական ուսուցման և աշխատանքի տեղավորման բաղադրիչից։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, կարող եք օգտվել ինչպես տվյալ բաղադրիչից, այնպես էլ ծրագրի մյուս երկու բաղադրիչներից։ Առհասարակ, ծրագրից կարող են օգտվել 16-ից մինչև 63 տարեկան անձինք։
ՀԱՐՑ 2։ Վարձու աշխատող, քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություն մատուցող կամ աշխատանքներ կատարող անձը կամ անհատ ձեռնարկատերը կարո՞ղ է օգտվել ծրագրից։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Ո՛չ, ծրագիրը նախատեսված է ԼՂ-ից բռնի տեղահանված այն հայրենակիցների համար, ովքեր տեղահանվել են 2023 թ․ սեպտեմբերին և որպես գործազուրկ հաշվառվել են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում։
ՀԱՐՑ 3։ Եթե հեռակա ուսուցմամբ սովորում եմ բարձրագույն ուսումնական հաստատությունում, կարո՞ղ եմ որպես շահառու ընդգրկվել տվյալ ծրագրում։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, հեռակա ուսուցման դեպքում՝ կարող եք օգտվել ծրագրից։ Առկա ուսուցմամբ որևէ ուսումնական հաստատությունում սովորողները չեն կարող օգտվել ծրագրից, քանի որ համարվում են զբաղվածություն ունեցող անձինք։
ՀԱՐՑ 4։ Ծրագրի շրջանակում կարո՞ղ եմ, оրինակ՝ ծրագրավորման ոլորտի վերաբերյալ համապատասխան դասընթացներ անցնել։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, կարող եք, եթե գործատուի կողմից ներկայացված թափուր աշխատատեղի համալրման համար պահանջվում է տվյալ մասնագիտությամբ հմտություններ և կարողություններ ունեցող անձ։
ՀԱՐՑ 5։ Եթե ԼՂ-ից տեղահանվել եմ 2020 թվականին, կարո՞ղ եմ դառնալ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Ո՛չ, տվյալ դեպքում ծրագրից չեք կարող օգտվել, քանի որ ծրագրի շահառուները 2023 թ․ սեպտեմբերին տեղահանված անձինք են։ Սակայն հանրապետությունում առկա թափուր աշխատատեղերին կարող եք ծանոթանալ e-work.am հարթակում` https://e-work.am/, որի միջոցով ոչ միայն կարող եք ստեղծել Ձեր ինքնակենսագրականը, այլև գտնել Ձեր մասնագիտական կարողություններին համապատասխան աշխատանք և ուղիղ կապ հաստատել գործատուի հետ։

Երգող Արցախ ծրագիրը շարունակվում է

Շուշիի Վարանդա մանկապատանեկան, երիտասարդական պետական երգչախումբը հիմնադրվել է 1992թ., Շուշիի Արամ Մանուկյան վարժարանում, լիբանանահայ երաժիշտ Զաքար Քեշիշյանի կողմից: Երգչախումբը հիմադրման օրվանից բազմաթիվ համերգներով ելույթներ է ունեցել Արցախի տարբեր շրջաններում, զորամասերում, դպրոցներում, Հայաստանում և Լիբանանի Համազգայինի Կարկաչ մանկապատանեկան և Այգ երիտասարդական երգչախմբերի հետ: Խմբի մասին պատրաստվել են վավերագրական ֆիլմեր:

2004թ. երգչախումբը ձայնագրել է “Բերդաքաղաք” խտասալիկը, կատարել հայ դասական հոգևոր խմբերգերի մի ընտրանի: 2012թ.` երգչախմբի 20-ամյակի առթիվ պատրաստվել է երգչախմբի ստեղծագործական տարեգրության մասին պատմող Հրաչ Թոքաթլյանի “Երգող ամառներ” վավերագրական ֆիլմը:

“Շուշին կորցնելուց հետո Ստեփանակերտում իրականացրի “Երգող Արցախ” ծրագիրը, որին մասնակցեցին 120-ից ավել երեխաներ: Այդ օրերին նպատակ էր դրված այդ դժվարին պատերազմի մեջ գտնվող երեխաների հետ լինել, երգի ճամփով նրանց ժպիտ պարգևել: Երգը, երաժշտությունն ինչ-որ տեղ նաև բուժիչ հատկություն ունի: Այսօր  երգչախումբը և՜ Երևանում, և՜ Լիբանանում համերգներ է կազմակերպում: Նախախնամությունն ինձ առաջնորդեց, որպեսզի կարողանամ ծրագիրն իրականացնել Երևանում: Ուրախ եմ ասելու, որ ավելի քան 80 երեխա գրանցվել են, որոնց հետ առաջին հանդիպումը կկայանա չորեքշաբթի ժամը 3-ին: Մենք սիրով կսպասենք արցախցի` երաժշտական լսողություն ունեցող երեխաներին: Մենք ունենք մշակութային զարգացման ծրագիր, որի շրջանակներում այցելություններ ենք կատարելու տարբեր մշակութային վայրեր, որպեսզի հաճելին և օգտակարը համատեղենք: Պիտի կարողանանք մինչև Արցախ վերադարձը շարունակել ծրագիրը”, ասել է step1.amին Զաքար Քեշիշյանը։

Տաթեւ Ազիզյան