Լուսանկարը՝ Վիկտորյա Գրիգորյանի
step1.am-ի համար՝ Lori Media Tour-ի շրջանակներում
Հեղինակ՝ naira
Ջրհեղեղից և ուժեղ կարկուտից հետո Լոռու գյուղերը չեն գոյատևի առանց կառավարության աջակցության
Հարցին, թե ինչպես եք ապրում, Դոնար տատիկը պատասխանում է. “Դոմ-գոմ, գոմ-դոմ” (դոմ՝ ռուս․ տուն, խմբ)
Հարցին, թե ինչու է այդքան շատ աշխատում, նա պատասխանում է. «Էլ ի՞նչ անեմ։ Ես տղամարդու պես եմ աշխատում, ուրիշ կյանք չեմ տեսել, չգիտեմ»։
Կինը ցույց է տալիս ձեռքերը և կրկնում. «Ամեն ինչ հանուն ընտանիքի եմ անում, ինձ չեն սովորեցրել այլ կերպ ապրել»:

82-ամյա Դոնար տատիկը Լոռու Յաղդան գյուղից է։ Նա վստահ է, որ եթե միջոցներ չձեռնարկվեն, իրենց գյուղը, ինչպես կենտրոնից հեռու գտնվող բազմաթիվ գյուղական բնակավայրեր, պարզապես կդադարի գոյություն ունենալ։
Կառավարության աջակցությունն անհրաժեշտ է գյուղաբնակներին՝ զարգացնելու սեփական տնտեսությունը, արտադրանքի վաճառքին և ավելի շատ ավտոբուսային երթուղիներ, որոնք կկապեն գյուղը մարզկենտրոնի և քաղաքների հետ: Որպեսզի երիտասարդները սոցիալական պատճառներով չլքեն գյուղը։
Գյուղացիները հատկապես աջակցության կարիք ունեն վերջին երեք ամիսների ընթացքում տեղի ունեցած բնական աղետներից հետո: Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած մեծ ջրհեղեղը և վերջերս հորդառատ կարկուտը ոչնչացրեցին ամբողջ բերքը և պաշարները: Մարդիկ անհանգստացած են, որ առանց պաշարների դժվարությամբ կդիմանան ձմռանը, իսկ գարնանը սերմեր ստանալն անհնարին խնդիր է թվում։
Ալվարդ Գրիգորյան

Իրանի դեսպանի սենսացիոն հայտարարությունը. հրաժարվեք նոյեմբերի 9-ի սուտ հայտարարությունից
«Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայստատել է, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունն այլեւս չի գործում։ Այդ դեպքում ի՞նչ իրավական հիմք է գործում։
«- Ռուսաստանը պնդում է, թե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Նախիջևան-Սյունիք հատվածը պետք է վերահսկեն ռուս սահմանապահները։ Եվ այժմ արդեն կան տեղեկություններ, որ այդ գործառույթը կարող է վստահվել որևէ եվրոպական կամ միջազգային կազմակերպության։ Իրանի համար այս տարբերակներից ո՞րն է առավել ընդունելի։
– Մենք մենակ կողմ ենք, որ լինի Հայաստանի տարածքային ինքնիշխանության ներքո։ Այն համաձայնագիրը, ինչի մասին Դուք նշեցիք, դրանում առկա պայմանավորվածությունների մի մասն այլևս գոյություն չունի։ Դուք միայն այդ պայմանավորվածությունների մի մասն եք ասում։ Սա մի համաձայնագիր է, որը նաև ուրիշ հարցեր է ընդգրկել։ Այդ հարցերի մեջ եղել են Ղարաբաղը, Ղարաբաղի և Հայաստանի կապը, Լաչին-Շուշի կապը։ Դրանք հիմա չկան, որ ուզենանք դրանց հղում անել։ Հիմա իրականում չկա գործնական առումով գոյություն ունեցող փաստաթուղթ։
– Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ չի գործում այդ փաստաթուղթը։
– Այո՛, դա չի գործում։ Եվ այդ պայմանավորվածությունների մի մասն արդեն գոյություն չունի։ Եվ մնացածն էլ, բնականաբար, գոյություն չունեն»։
Նշված հատվածն իրոք սենսացիոն է, քանի որ ոչ մի կողմ մինչ օրս նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեղյալ չի համարել։ Բաքուն եւ Մոսկվան ստիպում են հայերին կատարել հայտարարության «վերջին» կետը՝ Զանգեզուրի միջանցքը ռուսական վերահսկողության տակ։ Հայաստանի վարչապետը, որը բերանի մի կողմով ասում է՝ Բաքուն եւ Մոսկվան խախտել են հայտարարության գրեթե բոլոր կետերը, մյուս կողմով հաստատում է, որ եռակողմ հայտարարությունը ուժի մեջ է։
Իրանի դեսպանը պատռեց դիմակները, հավանաբար, ակնկալելով Հայաստանի կառավարության աջակցությունը։ Այս պահի դրությամբ, սակայն, Հայաստանի կառավարությունը խիստ զբախված է հարսանիքներով, նոր «սահման» ստեղծելով եւ նոր զիճումների նախապատրաստվելով։
Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեղյալ չի հայտարարում։ Չէ՞ որ այդ դեպքում կսկսեն գործել դրան նախորդող իրավական հիմքերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատն ու առաջարկները, որոնք հիմնվում են 1994 թ․ ստատուս-քվոյի վրա, ինչպես եւ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին 1989 թ․ որոշումը, ինչը հաստատում է Բաքուն։ Հենց այդ պատճառով էլ չի հայտարարում, որպեսզի Հայաստան պետությունը գոյատեւի ոչ թե լեգիտիմ միջազգային հիմքերի վրա, այլ սեպառատ, անօրեն, պարտադրված «խաղաղության» հիմքերի։
Իրանի դեսպանը ձեւը ցույց է տալիս՝ հրաժարվեք անիրավ հայտարարությունից, վերադառձեք միջազգայնորեն ճանաչված հիմքերի եւ ձեւաչափերի, եւ մենք պատրաստ ենք սատարել այդ հիմքերը։
Նաիրա Հայրումյան
2020 թ․ Լեդի Գագայի «911» տեսահոլովակի ռեժիսորը Երեւանում հավաստիացրել է, որ այն կապ չունի Արցախյան պատերազմի հետ
Լեդի Գագայի փարաջանովյան մոտիվներով մեծ աղմուկ հանած «911»-ի հեղինակ, ռեժիսոր Թարսեմ Սինգհը «Ոսկե Ծիրանի» շրջանակում Երևանում հայտարարեց՝ գիտեմ դավադրական տեսության ինչ մեծ ալիք է ստեղծել տեսահոլովակը Հայաստանում։
Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմից մի քանի օր առաջ հրապարակվեց Լեդի Գագայի հոլովակը, որը գրեթե կանխագուշակեց այն, ինչ պետք է լիներ Արցախում։
«Նման փոքր երկրներում մարդիկ խորհրդանիշներ են փնտրում։ Դա, իհարկե, տարօրինակ է, որովհետև այս ամենը մենք արել էինք նախքան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, նախքան Ադրբեջանի հարձակումը։ Մարդիկ ասում էին՝ «Լեդի Գագան որտեղի՞ց սա գիտեր, նա սատանա է»։ Խեղճ աղջիկն ի՞նչ մեղք ուներ։ Ասում էի՝ «եթե ուզում եք մեղադրել, ինձ մեղադրեք, որովհետև ես եմ Լեդի Գագային այդ միտքն առաջարկել»։ Ես ինքս էլ չէի հասկանում՝ ինչ է կատարվում, մինչև իմ հայ հարևանները բացատրեցին՝ ինչն-ինչոց է», – Հայաստանում հայտարարեց Սինգհը։

2020 թվականի սեպտեմբերի 18-ին թողարկված Լեդի Գագայի «911» տեսահոլովակն իրարանցում առաջացրեց Հայաստանում: Հոլովակում օգտագործված են մի շարք հայկական էլեմենտներ։ Հիմնական թեման՝ փարաջանովյան պատկերներն են՝ «Նռան Գույնը» ֆիլմից։
Կադրերից մեկում ոստիկանական ժապավենի վրա գրված էր «Զգուշություն» բառը՝ հայերենով։ Մի քանի օր անց՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա։ Տեսահոլովակի վերնագիրը՝ «911»-ը, ևս շահարկման առարկա դարձավ. եռակողմ պայմանագիրը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքվեց նոյեմբերի 9-ին, նոյեմբերը տարվա 11-րդ ամիսն է։
«Գրողը տանի։ Ուղեղը ծարգրավորված է հատուկ խորհրդանիշներ տեսնել։ Ես ամենևին Նոստրադամուսը չեմ, դա աբսուրդ է, լրիվ այլ բան է», – հայտարարեց ռեժիսորը։
Հնդկական ծագումով ամերիկացի ռեժիսորի կարիերայի զգալի մասը երաժշտական և կոմեցիոն հոլովակներն են։ Լեդի Գագայից բացի աշխատել է Վանեսսա Պարադիի, Սյուզան Վեգայի և այլ հայտնի աստղերի հետ։
«Երբ Լեդի Գագան ուղարկեց երգը, ես նրա երաժշտությանը ծանոթ չէի, դա իմ ճաշակով չէր, ես նրա հետ խոսեցի, ասացի, որ «ծանոթ չեմ քո արվեստին, բայց գիտեմ՝ ինչ պետք է անեմ երգի հետ»։ Բախտս բերեց, որ դա նրան դուր եկավ, որովհետև ես չէի պատրաստվում բանակցել։ Արյուն է լինելու, լիքը սարսափ է լինելու, բայց սարսափազդու տեսահոլովակ չի լի լինելու։ Միակ ոճը, որ մտածում էի, հայկական թեման էր։ Ու Լեդի Գագան չառարկեց։ Ընդամենը մի նկար էի ցույց տվել նրան Փարաջանովից», – ասաց Սինգհը։
Հայկական աչքերով տարված Սինգհը պատրաստվում է մի նախագիծ էլ իրականացնել Հայաստանում, թե ինչ, դեռ չգիտի, մի բան, ասաց՝ հստակ է՝ էլի է գալու Հայաստան։
Իսրայելի իրավունքների ճանաչումը՝ պայման է Գերմանիայում քաղաքացիություն ստանալու համար. կլինի՞ այդպես առաջիկայում
DW-ի փոխանցմամբ՝ Գերմանիայում հունիսի վերջին ուժի մեջ է մտել քաղաքացիության մասին նոր օրենքը։ Բրիտանական Financial Times (FT) թերթը հոդված է նվիրել այս հարցին՝ «Գերմանիայի նոր քաղաքացիները պետք է ճանաչեն Իսրայելի գոյության իրավունքը» վերնագրով։
Օգտատերերից մեկը օրենքի պահանջն անվանել է «նվաստացուցիչ», հատկապես պաղեստինցի միգրանտների համար, ովքեր ցանկանում են ստանալ Գերմանիայի քաղաքացիություն։
Օրենքի առաջին փոփոխությունն այն է, որ քաղաքացիության թեստի ավելի քան 300 հարցերի մեջ ներառվելու են այնպիսի թեմաների վերաբերյալ հարցեր, ինչպիսիք են հակասեմականությունը, Իսրայել պետության գոյության իրավունքը և Գերմանիայում հրեական կյանքը: Այժմ օրենքը պահանջում է նաև ճանաչել, որ Գերմանիան կրում է «հատուկ պատմական պատասխանատվություն» նացիոնալ-սոցիալիստական կառավարման և դրա հետևանքների համար, մասնավորապես՝ հրեական կյանքի պաշտպանության համար»:
Հպատակագրման թեստը, որի մասին խոսում է FT-ն, բազմակի ընտրության հարցաշար է: Նոր օրենքի ընդունմամբ թեստին ավելացավ հարց. «Իսրայել պետության հետ կապված ի՞նչ գործունեություն է արգելվում Գերմանիայում»։ Ճիշտ պատասխան՝ «Հանրային կոչեր՝ ոչնչացնելու Իսրայելը»։ Սխալ պատասխաններից է, օրինակ, «Իսրայելի քաղաքականության հանրային քննադատությունը»։
Բացառություն է կազմում Սաքսոնիա-Անհալթ դաշնային նահանգը. այնտեղ դիմորդները պետք է իրականում ճանաչեն Իսրայել պետության գոյության իրավունքը:
Խմբ․ Այն, որ միջազգային հիմնարար փաստաթղթերում հակասեմիտիզմը ենթադրում է ավելի ծանր պատասխանատվություն, քան «ուղղակի» այլատյացությունն ու ռասիզմը, դրված է ներկայիս աշխարհակարգի հիմքում։ Օրինակ, Մեծ Բրիտանիայի վարչապետները պետք է, ի թիվս իրենց երկրի համար մի շարք առանցքային հարցերի, անպայման նշեն Իսրայելի և նրա գոյության իրավունքի լիակատար աջակցությունը։
«Իսրայելական հարցը» ներկայիս աշխարհակարգի առանցքն է, որն առաջացել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Հրեա ժողովրդի ներկայացուցիչները, ովքեր իրականում կրել են մեծ տառապանքներ և դժվարություններ, կարողացել են համոզել համաշխարհային հանրությանը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառը՝ նացիստների մտադրությունն էր ոչնչացնել հրեա ժողովրդին, ինչը նշանակում է, որ նացիստների պարտության հետևանքը պետք է լինի Իսրայել պետություն ստեղծելու հրեաների իրավունքը։
Սա դեռ տեղի է ունենում, բայց պատերազմն Իսրայելում այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահը և մյուսները հայտարարում են աշխարհակարգի փոփոխության մասին, հուշում է, որ Իսրայել պետության իրավունքը կարող է դադարել լինել աշխարհակարգի հիմքը: Սա չի ժխտում Իսրայել պետության գոյության իրավունքը, սակայն դժվար թե Գերմանիայում նոր կարգով քաղաքացիություն ստանալիս նրանք ստիպեն պատասխանել Իսրայելի մասին հարցին, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետը զեկուցի հրեական պետության նկատմամբ իր վերաբերմունքի մասին։
Հրեական պետության ճակատագիրը, որի համար 1947 թվականին տարածք հատկացվեց Պաղեստինում, կարող է ևս մեկ անգամ փոխվել։ Իզուր չէ, որ խոսում են Ուկրաինայի հարավում կամ Արցախում հրեական պետական սուբյեկտների ստեղծման մասին։
Մեկ տարի առաջ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց Լեռնային Ղարաբաղը Բաքվի հանձնելու մասին
2023 թվականի հուլիսի 15-ին ՌԴ ԱԳՆ-ն հերթական, բայց նշանակալից հայտարարությունն արեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Դա, ըստ էության, նշանակում էր Կրեմլի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն աբշերոնյան նացիստներին հանձնելու մասին հայտարարություն։
ՌԴ ԱԳՆ հայտարարությունը նաև փորձ է պարունակում Բաքվի նացիստական ռեժիմի կողմից ԼՂ-ի բարբարոսական ամբողջական շրջափակման և Կրեմլի անգործության պատասխանատվությունը տեղափոխելու պաշտոնական Երևանի վրա։ Որն, ի դեպ, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության, պաշտոնապես դադարել է լինել արցախահայության անվտանգության երաշխավորը, քանի որ այդ գործառույթները ստանձնել է Ռուսաստանի Դաշնությունը։
ՌԴ ԱԳՆ-ի հուլիսի 15-ի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր.
«2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։ Մենք հարգում ենք Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշումը, սակայն դա արմատապես փոխեց այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի դիրքորոշումը»։
Այս մանտրաները հիմք հանդիսացան Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնյաների բոլոր հետագա փորձերի համար՝ հրաժարվելու անգործության պատասխանատվությունից և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և ցեղասպանության պատասխանատվությունը Բաքվի նացիստական ռեժիմից հայկական կողմին փոխանցելու համար:
Մինչդեռ դեռևս 2020 թվականի նոյեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ ասուլիսի ժամանակ ասաց. «Միջազգային իրավական տեսանկյունից Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, բայց իրականում իրավիճակն ավելի բարդ է։ Այստեղ յուրաքանչյուր կողմ ունի իր ճշմարտությունը» (https://www.kommersant.ru/doc/4617117):
2020 թվականի նոյեմբերի 22-ին «Մոսկվա. Կրեմլ. Պուտինը» «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում (https://www.vesti.ru/article/2488891) Վլադիմիր Պուտինն ասել է. «Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Սա նշանակում էր, որ միջազգային իրավունքի տեսանկյունից և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ հարակից բոլոր տարածքները եղել և մնում են Ադրբեջանի Հանրապետության տարածքի անբաժանելի մաս»։
Թեև միջազգային իրավունքի տեսակետից այս հայտարարությունը սխալ էր, սակայն հարց առաջացավ՝ ինչո՞ւ այդ դեպքում Պուտինն առաջարկեց 2020 թվականին ռուս խաղաղապահներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ։
ՌԴ ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարության մեջ նաեւ ասվում էր.
«Մենք կարծում ենք, որ այս պայմաններում չի կարելի Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը երրորդ երկրների վրա դնել։ Մենք պետք է անհապաղ սկսենք խաղաղության պայմանագրի նախապատրաստումը Բաքվի և Երևանի միջև՝ հիմնվելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա»։
Հարցն այն է, թե ո՞վ պետք է պատասխանատու լիներ Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի համար, եթե Ռուսաստանն ինքը կամավոր վերցներ նրանց իր պաշտպանության տակ։
Հայտնի ռուս փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը, որը 2022 թվականի դեկտեմբերին ՌԴ ԱԳՆ-ի կողմից հեռացվել էր MГИMO-ից՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ալիևի նացիստական ռեժիմի ցեղասպանական քաղաքականությունը քննադատելու համար, իսկ այժմ Ռուսաստանի տարածքում այս ռեժիմի կողմից հալածված է, այն ժամանակ գրել էր.
«ՌԴ ԱԳՆ հայտարարության համաձայն՝ պարզվում է, որ Երևանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և այն, ինչ մտածում է ինքը՝ Լեռնային Ղարաբաղը, էական չէ։ Սա աղաղակող դիրքորոշում է։ Այնտեղ ապրում է 120 հազար մարդ, և նրանք ցանկանում են ապրել իրենց ձևով՝ իրենց ավանդույթներով, իրենց գաղափարներով։ Ստացվում է, որ նրանց պետք է վռնդել այնտեղից։ ՌԴ ԱԳՆ-ն ընդհանրապես չի անդրադառնում այս խնդրին, թեև Ռուսաստանը պարտավորվել է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։
Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներ մտցնել, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը վերցնել իր պրոտեկտորատի տակ, և դրա համար մի քանի տարածքներ վերադարձվեցին Ադրբեջանին առանց կռվի։ Բայց այնտեղ պատերազմը կարող էր շարունակվել ամիսներ շարունակ, և ոչ ոք չգիտի, թե ինչով այն կավարտվի։ Հայերը զիջումների գնացին՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը Ռուսաստանի պաշտպանության տակ վերցնելու խոստումով։ Եվ հիմա Ռուսաստանն ասում է՝ ինչո՞ւ տեղափոխել երրորդ երկրների վրա։ Մենք դրա հետ կապ չունենք» («Ռուսաստանը պետք է կատարի Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու իր պարտավորությունը», https://news.am/rus/news/770970.html)։
Իր 2020 թ․ նոյեմբերի 10-ի. № 695 որոշման մեջ Պուտինը գրել է, որ խաղաղապահները մտցվում են «Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու և խաղաղությունը պահպանելու համար»։
Միևնույն ժամանակ, Դաշնության խորհուրդը որոշում ընդունեց Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս օգտագործելու մասին՝ քննարկելով Նախագահ Վ.Պուտինի դիմումը Դաշնության խորհրդին:
Սենատին ուղղված Պուտինի ուղերձում ասվում էր.
«…Ադրբեջանական և հայկական կողմերում կրակի և այլ ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունները պահպանելու նպատակով, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության զանգվածային մահերից և քաղաքացիական օբյեկտներին էական վնաս պատճառելուց խուսափելու նպատակով, ես որոշեցի անհապաղ ուղարկել Լեռնային Ղարաբաղ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի զորախումբ…» («Ի՞նչ է ասել Վ. Պուտինը իրականում Լեռնային Ղարաբաղի մասին», https://russia-artsakh.ru/node/18630. )
Այս կետերը ռուս խաղաղապահների մանդատն էին։ Դրանք բոլորը խախտվել են Ադրբեջանի կողմից 2021-2023թթ. Ռուսաստանի Դաշնության ղեկավարության քաղաքականության պատճառով։
Մանրամասները՝ russia-artsakh.ru
Արցախցիների 11 ընտանիք՝ Տաշիր քաղաքի հյուրանոցում․ “Երեխաներս զրկված են ամենափոքր ուրախություններից”
Արցախից բռնի տեղահանվելուց հետո արցախցիների մի մասը բնակություն է հաստատել Լոռու մարզի Տաշիր համայնքի բնակավայրերում։ Այսօրվա դրությամբ համայնքի 12 բնակավայրերում ապրում են 302 ընտանիքներ՝ 1174 անձանց ընդգրկմամբ։ 11 ընտանիք հաստատվել է Տաշիր քաղաքի հյուրանոցներից մեկում, որտեղ ապրում են անվճար հիմունքներով, անժամկետ։ Սենյակները վերանորոգվել են և տրվել նրանց։
Տեսնելու, թե ինչպես են ապրում խոցելի խմբի այդ մարդիկ՝ մենք այցելեցինք հյուրանոց, սակայն օրվա այդ ժամին ոչ բոլորն էին իրենց կացարաններում։
Թամարա Թադևոսովան Ստեփանակերտից է տեղահանվել։ Երեխա էր, երբ առաջին անգամ մոր հետ 1988 թվականին բռնատեղահանվել է Ադրբեջանի Մինգեչավուր քաղաքից։ Միայնակ մայր է, ունի երկու անչափահաս երեխաներ, տարեց ու հաշմանդամ մոր խնամակալությունը ևս նրա վրա է։ Կացարանն անմխիթար վիճակում էր։ Երկու սենյակներից բաղկացած բնակարանը կահավորված չէր։ Չկար լվացքի մեքենա ու սառնարան։
Սեպտեմբերի 28-ին են դուրս եկել Ստեփանակերտից և մեծ դժվարությամբ հասել Գորիս։ Անկողնուն գամված մայրը ճանապարհը մի կերպ է հաղթահարել։ Ծայրահեղ ծանր կացության մեջ են Թադևոսովները։
-Պետության կողմից տրվող աջակցությունները չենք ստանում, ապրում ենք մորս կենսաթոշակով ու երեխաներիս նպաստով։ Դժվար է շատ, մի կերպ ենք յոլա գնում։ Լուրջ խնդիրներ ունենք, որոնց լուծման համար գումար է հարկավոր։ Երեխաներս փոքր են, զրկված են ամենափոքր ուրախություններից, որովհետև հնարավորություն չունեմ հոգալու նրանց կարիքները։ Ճիշտ է, որոշակի սնունդ ենք ստանում, բայց փոքրիկներս ու տարեց մայրս մրգի, բանջարեղենի, մսեղենի ու կաթնամթերքի կարիք ևս ունեն։ Կրտսեր տղաս դեռ մանկապարտեզ չի գնում, այդ պատճառով չեմ կարող աշխատանք գտնել։
Լսել եմ բնակարանային աջակցության ծրագրի մասին, սակայն չգիտեմ, ինչպես մոտենալ հարցին։ Չեմ կարողանում կողմնորոշվել։ Մտածում եմ՝ ստանալ սոցիալական բնակարան ու ապրել Տաշիր համայնքում,-ասում է Թամարան։
Մյուս արցախցին, որի հետ հաջողվեց հանդիպել՝ Սերգեյ Ավագիմովն է Արցախի Մարտունի քաղաքից։ Նա նույնպես երկրորդ անգամ է բռնատեղահանվում։ Առաջին անգամ Բաքու քաղաքից է որպես փախստական տեղահանվել ու հաստատվել Մարտունիում։ Սերգեյը ընտանիք չի կազմել, ապրել է մենակ և հարազատ բնակավայրում իր մեծ ու հարմարավետ տունն է ունեցել։ Զինվորական թոշակառու է, և այսօր իր ապրուստի միջոցը միայն այդ թոշակն է։

-Արցախից տեղահանվելուց հետո, երբ ինձ առաջարկել են հաստատվել այս հյուրանոցում, անմիջապես համաձայնել եմ, որովհետև ինքս չէի կարող տուն վարձակալել։ Այստեղ սննդով ապահովում են մեզ, թոշակիս գումարով կարողանում եմ գոյատևել։ Ուղղակի հեռուստացույց ու սառնարան չունեմ, ինչը շատ անհրաժեշտ է ինձ համար։ Իմ միջոցներով հնարավոր չէ ձեռք բերել։ Իրականացվող բնակարանային աջակցության ծրագրի մասին այնքան էլ տեղեկացված չեմ ու չեմ հետաքրքրվում։ Քանի-որ ինձ հասնում է ընդամենը 3 մլն դրամ, դրանով ի՞նչ տուն կարող եմ գնել։ Իմ կարծիքով միայնակ մարդկանց համար լավ կլինի կացարաններ կառուցեն ու տրամադրեն, այլապես մենք կմնանք առանց տանիքի։
Երբ հեռանում էինք հյուրանոցից, մի քանի արցախցիների ևս հանդիպեցինք, որոնք ապրում են նույն հյուրանոցում։ Բոլորն էլ դժգոհ էին բնակարանային ծրագրից ու համոզված, որ տրամադրվող հավաստագրերով 1 կամ 2 հոգանոց ընտանիքները չեն կարողանա տուն ձեռք բերել։ Արցախցիների միակ երազանքն ու փրկությունը հարազատ բնակավայրեր վերադառնալն է, որի իրականացմանն արդեն չեն հավատում։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Լուսանկարները՝ Ալվարդ Գրիգորյանի
Բարությունը չփրկեց
Հրանտին Ստեփանակերտում բոլորն էին ճանաչում, հայտնի «Գուրման» խանութի միրգ-բանջարեղենի մատակարարմամբ էր զբաղվում։ Այնտեղ ամեն ինչ ճաշակով էր, բերված ապրանքն էլ առանձնանում էր թե՛ արտաքին և թե՛ համային հատկություններով։
Երբ գործը սկսեցին, բարի սիրտ ունեցող Հրանտն ապրանքի մի մասն անվճար բաժանում էր: Խանութը գտնվում էր զոհված ազատամարտիկների ընտանիքների համար կառուցված շենքի հարևանությամբ, այնտեղ ապրող երեխաների նկատմամբ նա առանձին վերաբերմունք ուներ։
Բլոկադայի ծանր շրջանում «Գուրման»–ում միշտ ինչ-որ բան կարելի էր գտնել։ Երբ սոխի համար երկար հերթերը հաղթահարելով մոտեցա վաճառասեղանին ու տեսա Հրանտի կնոջ՝ Արևիկի կլորիկ փորը, շատ ուրախացա․ գիտեի ինչքան էին երեխաներ սիրում, ու ինչ դժվարությամբ է լույս աշխարհ եկել երկար սպասված առաջնեկը։
Լուսանկարում՝ Արևիկը, Հրանտն ու Իննան
Արևիկի ու Հրանտի սիրո պատմությունը բազմաթիվ փորձությունների է դիմակայել, Իննայի ծնունդը վատ օրերը մի վայրկյանում գոլորշիացրեց, այնքան երջանիկ էին վերջապես ծնող դառնալու հանգամանքով, որ մնացյալ ամեն ինչ երկրորդական էր։
Շատ էր կապված Հրանտը աղջկա հետ, Իննայի խնամքի մի մասը իր վրա էր վերցրել․ գիշերները խնամում էր, որ կինը փոքր–ինչ հանգստանար փոքրիկի ցերեկային ռեժիմի ռիթմից։ Իսկ երբ իմացավ, որ տղա պիտի ունենա՝ աշխարհն իրենն էր․ «Հրանտ պիտի անվանենք»,- ասել էր կնոջը։ Արևիկը թեև դեմ էր, բայց չառարկեց։ Փոքրիկ Հրանտը ծնվեց հոր մահից հետո, ուղիղ քառասունքի օրը։
Լուսանկարում՝ փոքրիկ Հրանտը
«Կարծում էի՝ բարի արարքները կպաշտպանեն նրան չարիքից, բայց ավաղ…»,– արցունքների միջից պատմում է Արևիկը:
Սեպտեմբերի 22–ին Իննայի ծննդյան օրն էր, աղջիկը 1 տարեկան դարձավ, մի քանի օր հետո նա կորցնելու էր հորը։
Ընտանիքը վառելիք ուներ, ըստ երևույթին Հրանտը եղբոր ընտանիքի համար էր գնացել վառելիք հայթայթելու։ Բանից անտեղյակ Արևիկը նրան տանն էր սպասում, արդեն հասցրել էր հրաժեշտ տալ հայրական տան ամեն մի անկյունին ու շնորհակալություն հայտնել երկնային տիրոջը՝ այդ տանն անցկացրած երջանիկ օրերի, իր երազանքների իրականացման համար։
Մայրն արդեն ճանապարհվել էր, Հրանտը եղբոր ընտանիքի հետ միասին էր ուզում դուրս գալ Ստեփանակերտից։
Արևիկը ֆեյսբուքյան լրատվական հոսքից իրեն հեռու էր պահում, այդ օրը սակայն Հրանտը հաղորդագրություն ուղարկեց՝ հայտնելով, որ բենզինի համար «Հայկազով» է գնացել, շուտով կվերադառնա։ Սիրտը վատ բան կանխազգաց, պայթյունից հետո հղի կինը սկզբում մանկական հիվանդանոց գնաց, հետո հանրապետական բժշկական կենտրոն․
Հղի կնոջը ուղղաթիռով ճանապարհում են Երևան: Այրված վիրավորի շուրթերին ամեն անգամ ջուր մոտեցնելով մտածում էր՝ գուցե այս պահին մեկն էլ իր Հրանտին է ջուր մեկնում, աղոթում էր՝ միայն թե ողջ լինի։
Հրանտից հետո շատ դժվար է, երբ փոքրիկին բժշկի պիտի տանի, քանի որ նախկինում դա երկուսով էին անում: Արևիկը չի ուզում տնից դուրս գալ։ Միտքը, որ երեխաները չեն տեսնի հորը, չեն զգա նրա ջերմությունը, սպանիչ է։ Մանկական խաղահրապարակում, զբոսավայրերում բոլորը հայրիկ-մայրիկների հետ են: Իրենք էլ միշտ երկուսով էին Իննային զբոսնելու տանում, այժմ ամեն ինչ այլ է։

Լուսանկարում՝ Արևիկն ու երեխաները
Փոքրիկ Իննան սկզբում գիշերները չէր քնում: Մտածելով, որ հոր կարոտից է, Արևիկը նրան գերեզմանատուն տարավ. հանդարտվեց երեխան: Մայրը մտածում է՝ տեսնես կհիշի՞ Հրանտին, երբ մեծանա։
Այժմ Արևիկին ապրեցնողը երեխաներին մեծացնելու պարտավորությունն է․ ծաղիկներից գեղեցիկ փնջեր է հյուսում, ուզում է ընդլայնել այդ բիզնեսը, որպեսզի Իննայի ու Հրանտի համար ուժեղ թիկունք լինի։

Լուսանկարում՝ Արևիկի հյուսած փնջերը
Մինչև փոքրիկ Հրանտը հոր պես ուժեղ տղամարդ դառնա՝ Արևիկը պարտավոր է ուժեղ լինել։ Իսկ մինչ այդ երազներում նրան քաջալերողը մեծ Հրանտն է: Ինքն իրեն հարցնում է. «Տեսնես երկնային արքայությունը գոյություն ունի՞, մեծ ու փոքր Հրանտները տարիներ անց կճանաչե՞ն միմյանց»: Արևիկի հարցադրումը հույսի շղարշով է։
Մարինե ՄԿՐՏՉՅԱՆ
Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիա–ակումբի ծրագրի շրջանակներում
Հայտնի է, ով է կրակել Թրամփի հանրահավաքում
Թրամփի վրա կրակել է Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը, հաստատել է ՀԴԲ-ն։
Նախաքննությունը շարունակվում է:
Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը ավարտվեց. հայտնի են մրցանակակիրները
Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը, որն իր շուրջ էր համախմբել կինոգործիչների աշխարհի տարբեր ծայրերից, եզրափակվեց մրցանակաբաշխությամբ, որը տեղի ունեցավ հուլիսի 13-ին Կինոյի տանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան»-ը, որ կրում է ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր, դերասան Գենադի Մելքոնյանի անունը, տրվեց Հրանտ Վարժապետյանի «Տուն» ֆիլմին, «Արծաթե ծիրան»-ի արժանացավ Աննա Մկրտումյանի «Արմատ» կինոնկարը։
Ականավոր ռեժիսոր Ատոմ Էգոյանը, որ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահն էր, տեսաուղերձով ասաց՝ մրցանակները տրվում են երկու ֆիլմի, որոնք գտել են երկրում առկա ճգնաժամը հասկանալու շատ տարբեր ուղիներ։
«Մեկը ցնցող և խորապես ոգեշնչող դրամա է, մյուսը՝ բանաստեղծական և ինքնավստահ վավերագրական ֆիլմ։ Երկու ֆիլմն էլ օգտագործել են ամենապարզ միջոցները պատերազմի, տեղահանման, ապաքինման հնարավորության մասին հոգեկեղեք պատմություններ պատմելու համար»,-նշեց նա։
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան»-ը տրվեց Կարոլինե ֆոն դեր Թանի «Չիրետտայի ավետարանը» ֆիլմին, «Արծաթե ծիրան»-ը՝ Գուտու Պարենտիի «Տարօրինակ ուղի» կինոնկարին, հատուկ հիշատակման արժանացավ Նինա Պալմադոտիրի «Մենություն» կինոնկարը։
Մրցույթի ժյուրիի նախագահ Ալեքսանդր Փեյնը, որն օսկարակիր ռեժիսոր է, հայտնեց՝ միջազգային ժյուրին դիտել է 11 կինոնկար, որոնք հետաքրքիր էին և քննարկումների առիթ են դարձել։
«Դժվար է որևէ մեկին մրցանակ հանձնել, քանի որ ամեն արտիստ իր ուրույն ձևն ու մտածողությունն ունի։ Իրականում, ես մի փոքր հիասթափված էի, քանի որ մրցույթում ոչ մի կատակերգություն չկար։ Մինչ մյուս ֆիլմերը կինոմատոգրաֆիկ առումով մի քիչ ռիսկային էին, հաղթող ֆիլմերում մեղմություն, սեր կար»,-ընդգծեց ռեժիսորը։
Տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրան»-ը տրվեց Ֆարահ Քասեմի «Մենք ներսում ենք» ֆիլմին, «Արծաթե ծիրան»-ը՝ Ֆարահնազ Շարիֆի «Իմ գողացված մոլորակը» կինոնկարին, հատուկ հիշատակման արժանացավ Էմիլի Մկրտչյանի «Լինում է, չի լինում» կինոնկարը։ Այն նաև արժանացավ Fipresci-ի մրցանակին։
«Այս ֆիլմը նվիրված է Սոսեին, Սիրանուշին, Սվետային, Կարինեին և Արցախին»,-ասաց Մկրտչյանը։
Խոսելով տարածաշրջանային մրցույթի մասին՝ հանրահայտ ռեժիսոր, վիզիոներ Տարսեմ Սինխը խոստովանեց՝ իր համար ժյուրի լինելը բավականին հետաքրքիր փորձառություն է եղել։
«Բարդ է. տպավորություն է՝ պետք է որոշել, թե երեխաներիցդ ով է ամենատգեղը, սակայն ես հույս ունեմ, որ այլևս նման աշխատանք չեմ անի»,-նշեց Սինխը, որը ծնվել է Հնդկաստանում։ Ըստ նրա՝ Հայաստանը շատ նման է Հնդկաստանին, քանի որ այն գեղեցիկ է, տգեղ է, քաոսային է և հրաշալի։
Կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը կինոյում ունեցած մեծ ավանդի համար «Փարաջանովյան թալեր» մրցանակ հանձնեց իրանցի ականավոր ռեժիսոր Ջաֆար Փանահիին։

«Հիշում եմ՝ 15 տարի առաջ հեռուստացույցով դիտում էի Բեռլինի կինոփառատոնի ամենահուզիչ հատվածներից մեկը. կար դատարկ աթոռ ու վրան գրված էր՝ Ջաֆար Փանահի։ Բեմում Իզաբելլա Ռոսելինին կարդում էր Փանահիի նամակը, որն այդ ժամանակ դատապարտվել էր և իրավունք չուներ ֆիլմ նկարել։ Նամակում ռեժիսորն ասում էր, որ շարունակելու է ֆիլմեր նկարել իր երևակայության մեջ ու հույս ունի, որ քսան տարի կանցնի, և այդ ընթացքում ինքը կտեսնի ֆիլմեր, որոնք բարձրացնում են այն թեմաները, որոնց ինքն է անդրադառնում իր ֆիլմերում։ Նա հույս ուներ, որ քսան տարի անց կտեսնի մի քիչ փոխված աշխարհ, որտեղ ազատությունը, ժողովրդավարությունը, բազմակարծությունը, մարդու իրավունքը գոյություն կունենան։ Անցավ քսան տարի, չեմ կարծում, որ Փանահիի երազանքները իրականացել են, սակայն այսօր տեսնում ենք աթոռ, որի վրա նստած է հենց ինքը՝ Ջաֆար Փանահին»,-շեշտեց Ավետիսյանը։
Նա ընդգծեց՝ Փանահին չէր լինի Փանահի, եթե, ի հեճուկս շատերի, այդ տարիներին ֆիլմեր չնկարահաներ, որոնք հաղթում էին միջազգային փառատոններում։ Ավետիսյանը հիշեցրեց, որ Փարաջանովը մեդալիոններ էր պատրաստում բանտում, և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին ցանկանում են 20-րդ դարի մեծ բանտարկյալ արվեստագետի անունից մրցանակը հանձնել 21-րդ դարի մեծանուն բանտարկյալ և այժմ ազատության մեջ գտնվող ռեժիսորին։
Դահլիճը հոտընկայս դիմավորեց Փանահիին։ Նա շնորհակալություն հայտնեց «Ոսկե ծիրան»-ի կազմակերպիչներին և ներկաներին։
«Միշտ մտածել եմ, թե երբ է արվեստագետը մահվան մասին մտածում։ Կարծում եմ՝ այն ժամանակ, երբ դժվարություններն անտանելի են, սակայն արվեստագետը կապված է իր արվեստին և չի կարող այդ մասին մտածել, քանի դեռ իր լավագույն ֆիլմը չի նկարահանել։ Ես դեռ չեմ նկարահանել իմ լավագույն ֆիլմը, ուստի չեմ մտածում այդ մասին»,-նշեց նա։
Ռեժիսորն այցելել է Փարաջանովի թանգարան, հիացել նրա աշխատանքներով, դրանց բազմազանությամբ, ուստի զարմանում է, որ հարցազրույցներից մեկում Փարաջանովն ասել է՝ մտածում է մահվան մասին։
«Նրա բոլոր հետաքրքիր աշխատանքներում պատմություն կա։ Ես հույս ունեմ, որ «Փարաջանովյան թալեր» ստացած կինոգործիչները չեն մտածի, որ իրենց լավագույն գործն արել են, ու կշարունակեն արարել»,-ընդգծեց Փանահին ու հավելեց՝ երջանիկ է, ուրախ է։
«Ոսկե ծիրան»-ի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն էլ «Փարաջանովյան թալեր» հանձնեց Ալեքսանդր Փեյնին։
«Այս մրցանակը հանձնում եմ մի մարդու, որի հետ ծանոթացել եմ տասը տարի առաջ միջազգային փառատոններից մեկի ժամանակ, որտեղ իմ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունն էր կազմակերպվել։ Փեյնն արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, ֆիլմերում անդրադարձել է հայկական թեմաների և ունի շատ հայ ընկերներ»,-նշեց Խաչատրյանը։
Նա տասը տարի առաջ է Փեյնին հրավիրել «Ոսկե ծիրան»-ին մասնակցելու։ Փեյնը խոստացել է հաջորդ տարի գալ, բայց միայն 21-րդ փառատոնին է հնարավոր եղել դառնալ փառատոնի մի մասը, ինչի համար թե՛ ռեժիսորի երկրպագուները, թե՛ «Ոսկե ծիրան»-ի թիմը շատ ուրախ էին։
Ալեքսանդր Փեյնը շնորհակալություն հայտնեց մրցանակի համար և շեշտեց՝ առանց դրա էլ սիրով կմասնակցեր «Ոսկե ծիրան»-ին։ Նա շնորհակալություն հայտնեց իրեն տասը տարի սպասելու համար։
Մրցանակների հանձնման արարողությունից հետո Հարություն Խաչատրյանը բեմ հրավիրեց «Ոսկե ծիրան»-ի համահիմնադիրներ Միքայել Ստամբոլցյանին, Սուսաննա Հարությունյանին և փառատոնի թիմին՝ ազդարարելով 21-րդ «Ոսկե ծիրան»-ի ավարտը։
Երևանի 21-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հուլիսի 7-14-ը հանրությանը ներկայացրեց մրցութային ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր Կաննի, Բեռլինի և այլ փառատոններից: Փառատոնն առանձնահատուկ անդրադարձ կատարեց երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին. կազմակերպվեցին նրանց նվիրված ֆիլմերի ցուցադրություններ և ցուցահանդեսներ։
21-րդ «Ոսկե ծիրան»-ը հյուրընկալել էր այնպիսի ականավոր կինոգործիչների, ինչպիսիք են՝ կինոյի աշխարհում Հայաստանի դեսպան Ատոմ Էգոյանը, թատրոնի և կինոյի աշխարհահռչակ դերասան օսկարակիր Քևին Սփեյսին և այլք։ Հյուրերից յուրաքանչյուրը բաց հանդիպում ունեցավ կինոյի երկրպագուների հետ, որոնց ընթացքում հնարավոր էր հարցեր ուղղել նրանց։
Փառատոնն անցկացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Երևանի քաղաքապատերանը «Ոսկե ծիրան»-ի գլխավոր հովանավորն էր։
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի
Թրամփի վիճակը «լավ է»՝ Փենսիլվանիայում նրա քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած կրակոցներից հետո
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան Թբիլիսիից ժամանել է Երևան
Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան Թբիլիսիից ժամանել է Երևան։
«Ողջույն Հայաստանից», -X-ի իր էջում հայերեն գրել է Զեյան՝ շարունակելով՝ ակնկալում է ամրապնդել համագործակցությունը կառավարության և քաղաքացիական հասարակության գործընկերների հետ՝ ժողովրդավարական օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և դատական բարեփոխումների խթանման ուղղությամբ։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն X-ում նաև գրել է, որ այցելել է Լոռու մարզում գտնվող Հաղպատի վանական համալիր՝ «բացահայտելու Հայաստանի հարուստ կրոնական և մշակութային ժառանգությունը»:

















