Մշակութային կյանք․ Երթուղայինի վարորդը կիթառով հարվածել է ուղևորի գլխին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 14-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին են զանգահարել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հաղորդել, որ «ԳՈՒՎ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 45-ամյա Արծրուն Ա․-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է Րաֆֆու փողոցում 35 երթուղու ավտոբուսի վարորդի կողմից կիթառով գլխին հարվածելու հետևանքով և, հրաժարվելով բուժօգնությունից, հեռացել է:

Փաշինյանի «պարադոքսը՝ ուզում էի՞ք, որ արցախցի զինվորականները դիմադրեի՞ն, թե՞ «խաղաղ» զոհվեին. Ինչո՞ւ պետք է գեներալները «փտեն» բանտում

Ստեփանակերտի օդանավակայան, 19-21 սեպտեմբերի, 2023թ. Լուսանկարը՝ Ալվարդ Գրիգորյանի

Խորհրդարանի բարձր ամբիոնից Նիկոլ Փաշինյանը մեղադրեց արցախցի գեներալներին դասալքության մեջ՝ ասելով, որ «վախկոտ դավաճանները պետք է բանտում փտեն մինչև իրենց օրերի վերջը»։

Միևնույն ժամանակ, Փաշինյանը մեղադրում է Արցախի ղեկավարությանը Բաքվի հետ բանակցությունների իր «պլանը» չընդունելու մեջ, որը թույլ կտար հայերին մնալ Արցախում «առանց դիմադրության» և ռազմական բախման։ Նա մեղադրում է Արցախի նոր իշխանությանը, որ մարդկանց ստիպել են լքել տները, որ գան Երեւանում իշխանություն փոխեն։ Եվ քանի որ Արցախում մարդ չկա, Արցախի կարգավիճակը հիմա իբր չի քննարկվում։

Այս պարադոքսը չտեղեկացված մարդու համար դժվար է ընկալել, բայց մի երկու պարզ հարցով կարելի է պարզաբանել, թե ինչ է առաջարկել Փաշինյանը Արցախին, ում են դավաճանել արցախցի գեներալները, ինչու են մարդիկ լքել Արցախը։

«Եռակողմ» ծրագրի համաձայն՝ 9-ամսյա շրջափակումից հետո Արցախի ղեկավարությունը (այն ժամանակ դեռ Արայիկ Հարությունյանը) 2023 թվականի հուլիսին պետք է բանակցեր Բաքվի հետ, ավելի ճիշտ՝ կապիտուլյացիայի ենթարկվեր առանց դիմադրության։ Հարությունյանը բացահայտ խոսում էր ծրագրի մասին՝ պետական ​​կառույցների, բանակի լուծարում, զինաթափում և «ինտեգրում»։

Բերձորի ճանապարհը պետք է կարճ ժամանակով բացվեր, «ինտեգրվել» չցանկացողները կարող էին հեռանալ (բացառությամբ ռազմական գործողությունների մասնակիցների), իսկ մնացածները պետք է մնային ու դառնային «ադրբեջանցիներ» Արցախում ռուս-թաթարական բանակի աչալուրջ աչքի առաջ։ Եկեղեցիները «ալբանական» կլինեին, դպրոցներում կդասավանդվեր Ալիև-Փաշինյան փառապանծ բռունցքի պատմությունը, իսկ Խանքենդիի մուտքի մոտ կկախվեին Պուտինի և Էրդողանի դիմանկարները։

Դա էր պլանը։ Սեպտեմբերի 19-20-ը կատաղի դիմադրություն ցույց տված արցախյան զինուժը «դավաճանեց» այս ծրագիրը՝ տապալելով «խաղաղ ինտեգրացիան»։ Երկրորդ անգամ զինվորները «դավաճանեցին»՝ ըստ երևույթին ողջ մնալով, այլ ոչ թե ամբողջությամբ զոհվելով։

Փաշինյանը կոնկրետ ինչո՞ւմ է մեղադրում արցախցի զինվորականներին. որ դասալի՞ք դուրս եկան, թե՞ որ դիմադրել են։

Ինչո՞ւմ է նա մեղադրում Արցախի ղեկավարությանը. որ նա խափանեց «խաղաղ ինտեգրացիա՞ն», որի պայման էր «ռազմական հանցագործների», այսինքն՝ արական սեռի մեծամասնության լիկվիդացիան։

Ինչո՞ւմ է նա մեղադրում արցախցիներին. որ նրանք փախստակա՞ն ​​են դարձել, ոչ թե դասալիք, որ եկել են Հայաստան՝ դառնալով գլխացավանք։ Դասալիքներին կերակրելու կարիք չէր լինի, բայց փախստականներին ստիպված են կերակրել:

Ըստ երևույթին, 2023 թվականի ամառային պլանը դեռևս գործում է, և հնարավոր է, որ ինչ-որ պահի արցախցիների որոշակի զանգված հրավիրվի վերադառնալու և «ինտեգրվելու»։ Համենայնդեպս, Արցախի ժողովրդին երկարաժամկետ սատարելու կառավարության ծրագրերը ուղղված չեն Արցախի կարգավիճակի շուրջ բանակցություններ սկսելուն և նրա բնիկ բնակչության իրավունքների պաշտպանությանը։

Արթուր Հովհաննիսյանի դեմ իրավական գործընթաց ենք սկսելու. Սրբազան

Հունիսի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ Բագրատ Սրբազանը ասել է․

«Ես հաստատում կատարելու իրավասություն չունեմ, բայց տեղեկությունները այդպիսին են: Մենք ամենակեղտոտ համակարգի դեմ ենք գործում, որը բարձրացել է մինչեւ ԱԺ ամբիոն: Այս ամբողջ շարժման ժամանակահատվածում ԱԺ ամբիոնը դարձել է պարզապես  հակաքարոզչություն ասեմ, կեղտոտ քարոզչություն ասեմ, միջոց, որ մարդիկ ինքնադրսեւորվեն: Դրանցից մեկին, որը ինքն իրեն շատ երեւակայել է կյանքում եւ որոշակի տեղեկություններ կան, որ անցել է թմրանյութերի գործով, Արթուր Հովհաննիսյան է անունը, այս օրերին դատական գործընթաց ենք սկսելու իր հայտարարությունների մասով:

Գիտեք նաեւ, որ դատական գործընթաց ենք սկսել մի լրագրող հանդեպ, որը մեզ համարում էր գործակալ,  միլիոնավոր գումարներ ստացած մարդ: Դա էլ հերքվեց: Իրավական գործընթացները յուրաքանչյուրի մասով սկսելու ենք»։

Ի՞նչ էր ուզում ասել Հայաստանի ԱԳՆ-ն, ի՞նչ ագրեսիա

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության  վերաբերյալ պաշտոնական Բաքվի մեկնաբանություններին։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը.

«Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս: Մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է:

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Հայաստանն ու Ադրբեջանը բարձրագույն մակարդակում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է այս սկզբունքին և միջազգայնորեն ճանաչված իր 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս հավակնություններ չունի: Հայաստանի Հանրապետությունն այս մոտեցումը գործնականում ապացուցել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի չորս գյուղերի շրջանում սահմանազատում իրականացնելու նախաձեռնությամբ: Ադրբեջանին կոչ ենք անում վերջ դնել ՀՀ ավելի քան 30 գյուղերի կենսական նշանակության տարածքների օկուպացիային:

Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար:

Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այս, ինչպես նաև այն փաստի վրա, որ 1 ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու պաշտոնական Երևանի առաջարկը պաշտոնական Բաքվի կողմից մնացել է անարձագանք»:

Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը հնչում է որպես բանակցությունների խզման անոնս՝ Հայաստանի կողմից Արցախից հրաժարվելուց, հայկական չորս գյուղերի հանձնումից և հասարակությանը խաղաղության պայմանագրին «նախապատրաստումից» հետո։ Ի՞նչ է պատրաստվում անել Երևանը, եթե Ալիևը չլքի հայկական 30 գյուղերի տարածքները։ Արդյո՞ք Երևանը մտադիր է հետ վերցնել իր համաձայնությունը նոյեմբերին Բաքվում կայանալիք Կլիմայի գլոբալ գագաթնաժողովն ընդունելու վերաբերյալ: Իսկ ինչպե՞ս է Փաշինյանը հայ ժողովրդին բացատրելու իր «խաղաղության օրակարգի» ձախողումը։ Վա՜յ, չստացվե՞ց։

Երեկ հեռախոսազրույց են ունեցել Փաշինյանն ու Էրդողանը

Հունիսի 18-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։

Վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

Նախագահ Էրդողանը ցավակցել է վարչապետ Փաշինյանին Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ։

Առաջնորդներն ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ։

Այդ համատեքստում առաջնորդներն ընդգծել են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումների շարունակականության կարևորությունը և վերահաստատել են մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Առաջնորդները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների շարունակական երկխոսությունը։ Նրանք քննարկել են նաև տարածաշրջանի և միջազգային օրակարգի վերջին զարգացումները։

Բնակարանային ապահովման ծրագիրը պետք է վերանայվի․ Լիաննա Պետրոսյան

Step1.am –ի զրուցակիցն է հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը:

-Բնակարանային ապահովման ծրագիրը մի շարք հարցեր ու խնդիրներ է առաջացրել: Ինչու այդ ծրագիրը չի ընդունվում արցախցիների կողմից:

-Մեծամասնությունը  պատրաստ չի օգտվել  այդ  ծրագրից: Վերլուծելով սոցիալական տիրույթում մարդկանց անհանգստությունները, պահանջները` մի շարք առաջարկներ առանձնացրի, որոնց հիման վրա կարելի է ծրագիրը դարձնել մարդակենտրոն, թիրախային և ինչու չէ` շահագրգռող, որ մարդիկ օգտվեն, իրենց զգան արժևորված, որովհետև փաստացի ծրագիրը նրա համար է, որ մարդ ՀՀ-ում իրեն զգա քաղաքացի, ոչ թե քաղաքացիության իրավիճակն եմ նշում, այլ որպես հայ մարդ, ով ապրում է ՀՀ-ում: Այդ առաջարկները հիմնված են քաղաքացիների բարձրացրած խնդիրների վրա: Առաջինը վերաբերում է պարտադիր քաղաքացիություն ստանալուն:  Մարդիկ կտրականապես դեմ են այդ առաջնային պահանջին և որպես առաջարկություն կարելի էր տվյալ անձանց համար դիտարկել հետագայում քաղաքացիություն ընդունելու պահանջը, մարդկանց հնարավորություն տալ փախստականի վկայականի, բռնի տեղահանվածի կարգավիճակի հիման վրա ծրագիրը իրացնել և հասցնել շահառուներին:

-Ծրագրով նախատեսված է հատուկ խմբերին (զոհվածների, կերակրողը կորցրած, հաշմանդամություն ունեցողների ընտանիքներին) առավելություն տալ առաջնային փուլում ընդգրկվելու համար: Ուրիշ ինչ արտոնություններ ունեն հատուկ խմբերը:

-Առաջարկվել է որոշակի տարբերակների դիտարկում, որպեսզի մարդն արժևորված համարի իր հարազատի կորուստը: Այսինքն` եթե ունեցել է կորուստ պատերազմներում, այսօր նրան հնարավորություն են տալիս առաջնային փուլում դիմել, բայց բացի դրանից նաև այլ հնարավորություններ տալ, օրինակ` չսահմանափակել  նրա նվազագույն գումարի շեմը, որը 3 մլն է և հասնում է 5 մլն-ի և հնարավորություն տալ այդ ընտանիքներին օգտվել 5 մլն շեմից: Մյուս կարևոր կետն այն է, որ այն մարզերում, որտեղ այսօր արցախցին ժամանակավոր բնակություն է հաստատել, կարողանա տվյալ մարզից, տվյալ քաղաքային, կամ գյուղական բնակավայրից տուն ձեռք բերել, շարունակել կյանքն այդտեղ, որովհետև հեշտ չէ ամեն անգամ նոր բնակավայր տեղափոխվել, նոր դպրոց հաճախել… Այսինքն` մարդն ինչ-որ չափով հարմարվել է այդտեղ …

-Ծրագրով նախատեսված գումարի չափն արդյոք համապատասխանում է այս տարվա` բնակարանների առուվաճառքի գներին:

– 1-4 անձից բաղկացած ընտանիքները պարզ է, որ 12 միլիոնով, չենք ասում Երևանում, նույնիսկ Երևանին սահմանակից մարզերում հնարավոր չէ բնակարան ձեռք բերել: Որքան էլ որ շահարկվում է այն հանգամանքը, որ ծրագիրը կազմվել է նախորդ տարվա բնակարանների առուվաճառքի գների հիման վրա, մենք շատ լավ գիտենք, որ այդ գները չեն համապատասխանում այն իրական շուկայական արժեքներին, որ հիմա կան ՀՀ-ում: Նույնիսկ սահմանամերձ վայրերում բնակարան ձեռք բերելու համար մարդկանց անհրաժեշտ է մեծ, կլորիկ գումար:

-Ինչ է լինելու փոքր կազմով ընտանիքների հետ:

-Փոքր կազմով ընտանիքները… Կառավարությունը, չգիտեմ ինչու, միշտ շեշտը դնում է 6 և ավելի անդամներից բաղկացած ընտանիքների վրա: Չգիտեմ, ինչ-որ մեկը վիճակագրություն արե՞լ է արդյոք, թե Արցախից տեղահանված ընտանիքները ինչ կազմով են, եթե նման վիճակագրություն ունեն և կա փաստ, որ բոլոր ընտանիքները կազմված են 6 և ավել անդամներից, և նրանք նվազագույնը 18 միլիոն հավաստագրի հիման վրա կարող են բնակարան ձեռք բերել` խնդիր չկա… Բայց եթե չկա այդպիսի վիճակագրություն և շուկայական գներն էլ, վստահ եմ, որ հենց ծրագիրը մեկնարկի` 10-15 տոկոսով բարձրանալու են, ու դա ոչ ոք չի կարող բացառել… Մյուս կողմից էլ չեմ հասկանում` ինչ է դա տալու ՀՀ կառավարությանը, որովհետև մարզաբնակ ՀՀ մեկ քաղաքացին փոխարինվելու է տեղահանված, ՀՀ քաղաքացիություն ստացած անձով և բնականաբար, մարզում իր բնակարանը վաճառած անձը հայտնվելու է կա’մ մայրաքաղաք Երևանում, կա’մ մարզի գյուղական բնակավայրից տեղափոխվելու է քաղաքային բնակավայր, կա’մ էլ վերջին երրորդ ընտրություն` տեղափոխվելու է ՀՀ-ից: Այսինքն` սրանով ժողովրդագրական խնդիրներ չեն լուծվելու:

-Ինչ կասեք իրականացման ժամկետների հետ կապված մարդկանց մոտ առաջացած մտահոգությունների  մասին:

-Եթե անձը չի համապատասխանում առաջին և երկրորդ փուլերին դիմելու ընթացակարգերին, պետք է սպասի, որպեսզի ծրագրին երրորդ փուլով դիմի:  Այս պահին անհայտ է, թե ինչ է լինելու տվյալ ընտանիքների հետ մինչև այդ երրորդ փուլին հասնելը` մանավանդ, երբ կառավարությունը շրջանառության մեջ դրեց այն գաղափարը, որ 2025թ. հունվարից 40+10 հազար սոցիալական աջակցությունները տրամադրվելու են միայն թոշակառուներին, հաշմանդամներին, անչափահասներին: Փաստացի, աշխատելով ՀՀ-ում,  հնարավոր չէ և’ կենցաղային խնդիրներ լուծել, և’ ընտանեկան հոգսերը հոգալ` դրան զուգահեռ վճարելով աստղաբաշխական գներով բնակվարձ: Սա ևս պետք է զուգահեռ քննարկվի, եթե մարդիկ չեն կարող դիմել առաջին, երկրորդ փուլերով, այս անձանց համար սոցիալական աջակցությունը պետք է լինի շարունակական:

-Արցախ տեղափոխված և երկար տարիներ այնտեղ ապրած ՀՀ քաղաքացիները որևէ կերպ օգտվելու են ծրագրից:

– Այս պարագայում պետք են վերանայումներ: Այդ ընտանիքները  բախվում են խնդիրների, որովհետև եթե նրանք այստեղ ունեն որոշակի սեփականություն, համասեփականատեր են` զրկվում են այդ աջակցությունից, և իմ առաջարկն էր, որ գոնե, ինչպես հիփոթեքի պարագայում է, գոնե այս անձանց նմանատիպ գումար տրամադրվի, որ նրանք ևս կարողանան ծրագրից օգտվել: Այս և նման առաջարկների մասին բարձրաձայնել եմ և հույս ունեմ, որ անդրադարձ կլինի, ծրագիրը կդառնա կենսունակ, և մարդիկ կկարողանան օգտվել ծրագրից, երբ այն լինի ըստ իրենց պահանջի:

Տաթև Ազիզյան

Queen խմբի երգերը Երեւանում կներկայացնի լեգենդար Queen Sensation խումբը

Առաջին անգամ Հայաստանում կհնչեն աշխարհահռչակ Queen խմբի երգերը, խմբի գործունեությունը լավագույն կերպով ներկայացնող լեգենդար Queen Sensation խմբի կողմից։ Համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հուլիսի 19-ին, ժամը 19:30-ին։

«Ես երկար էի հետեւում՝ արդյոք  Փաշինյանին կաջողվի՞ ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով այնպիսի կռուտիտներ հորինել, ինչպիսիք հորինեց Կիրանցի դեպքում»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն այսօր լրագրղների հետ ճեպազրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ այսպես կոչված սահմանազատման գործընթացում հնարավոր է հանրաքվե լինի։ «Կարող է ինչ-որ պահի Հայաստանն ու Ադրբեջանը քննարկեն, թե՝ 100 քառակուսի մենք զիջենք, 100 քառակուսի էլ՝ իրենք, բայց սա պետք է արվի հանրաքվեով»,- Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ ասել էր Փաշինյանը։

«Ես երկար էի հետեւում՝ արդյոք  Փաշինյանին կաջողվի՞ ՀՀ ամբողջ պետական սահմանի երկայնքով այնպիսի կռուտիտներ հորինել, ինչպիսիք հորինեց Կիրանցի դեպքում: Կտոր-կտոր նայում էի ու ենթադրում էի, թե Գեղարքունիքի հատվածում ինչ է ասելու, որ պետական սահման չի փոխվում, Սյունիքում ինչ է ասելու, Արարատում, Վայոց ձորում ինչ է ասելու: Փաստորեն չի գտել, անձամբ ստի արքա, մանիպուլյացիաների մեծն մասնագետ Նիկոլ Փաշինյանը չի գտել տարբերակ, որպեսզի սա ներկայացնի, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը չի փոխվում: Եվ ըստ ամենայնի նա ստիպված է գնալ հանրաքվեի: Ես հույս ունեմ՝ մենք ամեն ինչ կանենք նրա համար, որ այդ հանրաքվեին ինքը մասնակցի, ես չգիտեմ՝ կալանավայրերից մասնակցո՞ւմ են հանրաքվեին, ամեն ինչ կանենք, որպեսզի այդպես մասնակցի։ Եթե իհարկե այդ հանրաքվեն լինի»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, որ սյունեցիների մի հատվածը ջերմ ընդունեցին Նիկոլ Փաշինյանին, Մամիջանյանն ասաց․ «Ես երբեք չեմ կարող մեղադրել իմ հայրենակիցներին, ես կարող եմ մեղադրել ինձ, որ չեմ կարողացել իրականությունն ու ճշմարտությունը հասցնել այն հայրենակիցներիս, որոնք երեկ ուրախությամբ հյուրընկալում էին Փաշինյանին, հանած իրենից կախում ունեցող մարդկանց»:

Արցախյան բրենդ․ կճանաչե՞ք ձեր լվացքը

Արցախին հատուկ երեւույթներից է՝ կախված լվացքը, որը կարգ ու կանոն ունի։ Լվացք փռելը՝ յուրահատուկ թեսթ է նոր եւ արդեն փորձառու հարսների համար։ Կճանաչե՞ք ձեր փռած լվածքը։

Լուսանկարները Մարութ Վանյանի

Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել Պաշտպանության նախարարությանը

ԱԱԾ մեկուսարանում կալանքի տակ գտնվող Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, կինը՝ Դիանա Դավթյանը, որդիները՝ Արսեն եւ Ալբերտ Արզումանյանները դատի են տվել Պաշտպանության նախարարությանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Նրանք պահանջում են, որ դատարանը ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի 2023 թ. հուլիսի 12-ի «Ծանուցում» վերտառությամբ թիվ 8 վարչական ակտը վերացնի:

Հիշեցնենք, որ 2022 թվականին կալնավորվել է 44-օրյա պատերազմի օրերին Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանը, որին մեղադրանք է առաջադրվել Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնեական անփութության համար: Միքայել Արզումանյանը սակայն չի ընդունում մեղադրանքը։

Բնակարանային ծրագիրն արցախցիներին անհաղթահարելի ընտրության առաջ է կանգնեցնում

Լուսանկարը՝ Ալվարդ Գրիգորյանի

Պաշտոնապես մեկնարկել է ցեղասպանության և նախնիների հողից վտարված արցախցիների բնակապահովության ծրագիրը։ Սակայն ծրագիրը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները ՀՀ կառավարությունը չի տալիս։

Սկսենք արցախցիների կարգավիճակից. ինչպես հայտնի է, դեպի Հայաստան տեղի ունեցած զանգվածային գաղթից և բնակեցումից հետո բոլոր արցախցիները փախստական ​​են ճանաչվել։ Ընդ որում, այս ճանաչումը միջազգային էր՝ ընդհուպ մինչեւ ՄԱԿ-ի մակարդակով։

Հետո եղան «պարզաբանումներ». արցախցիներին առաջարկվել է կա՛մ ընդունել ՀՀ քաղաքացիություն, կա՛մ «Հայաստանի Հանրապետության ժամանակավոր պաշտպանության տակ գտնվելու» կարգավիճակ։ Թե ինչ «պլյուսներ եւ մինուսներ» էին տալիս այս կարգավիճակները, մնացին անհասկանալի։

Ի՞նչ է պատահել իրականում այս կամ այն ​​կարգավիճակը վերցրած մարդկանց հետ։

Կենսաթոշակառուները, որոնց 070 ծածկագրով անձնագիրին կից պետք էստանային «ժամանակավոր պաշտպանության» վկայական, վերջապես սկսեցին ստանալ իրենց թոշակները։ Արցախի ՊԲ նախկին զինծառայողները, ովքեր ցանկանում էին շարունակել ծառայությունը ՀՀ զինված ուժերում, արագ քաղաքացիություն ստացան, սակայն մի քանի ամիս անց բախվեցին սոցիալական ծրագրերից (մասնավորապես՝ վարձավճարի փոխհատուցում 40+10) զրկվելու փաստին: Ավելին, նրանց ընտանիքի անդամները նույնպես պետք է զրկվեն այս սոցիալական աջակցությունից։

Իսկ սոցիալական բնակարանային ծրագիրն արցախցիներին ամբողջովին «վանդակի» մեջ է գցել։ Ծրագրի շահառու դառնալ ցանկացողները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն, ընդ որում ընտանիքի բոլոր անդամները պետք է քաղաքացիություն ունենան։ Այսինքն՝ ողջ ընտանիքը հաշվառված պետք է լինի որպես ՀՀ քաղաքացի՝ 099 ծածկագրով նոր անձնագրերով։ Այսինքն՝ այդ մարդիկ ինքնակամ հրաժարվում են ժամանակին Արցախի բնակիչ լինելուց, ինչպես նաև կամովին հրաժարվում են փախստականների սոցիալական բոլոր ծրագրերից՝ դառնալով լիարժեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։

Ստանալով բնակարանի վկայական, եթե իհարկե կարողանան բնակարան գտնեն կառավարության առաջարկած գումարով, արցախցիներն այլևս չեն կարողանա որևէ բան պահանջել և պետք է իրենց խնդիրները լուծեն ՀՀ մյուս քաղաքացիների հետ հավասար հիմունքներով։ Ապագայում երաշխավորված չէ, որ նրանք կունենան ընտրելու, իրենց մասնագիտությամբ աշխատելու իրավունքը, բիզնեսի նկատմամբ հավասար իրավունքներ, հիփոթեքի և այլն։

Բացի այդ, բնակարան ձեռք բերելու և, համապատասխանաբար, ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու ցանկություն ունեցողները 6 ամսից ավելի չպետք է լքեն Հայաստանը։ Ամեն դեպքում, եթե ընտանիքի երկու չափահաս անդամները մեկնել են սեզոնային աշխատանքի կամ պարզապես մեկնել են երկրից՝ ժամանակավոր կամ մշտական ​​աշխատանք փնտրելու նպատակով, ապա ամբողջ ընտանիքը զրկվում է ծրագրին մասնակցելու իրավունքից։ Արդյո՞ք կառավարությունը փոխհատուցում է աշխատանքի հնարավորությունները և այլ ծրագրեր, որպեսզի մարդիկ կարողանան ապահովել իրենց ընտանիքների ֆինանսական կացությունը, չգնալով Հայաստանից:

Կան արցախցիներ, ովքեր չեն պատրաստվում փոխել իրենց անձնագրերը՝ չցանկանալով փոխանակել հայկական մեկ կապույտ անձնագիրը մյուս կապույտի հետ, որը դեռ պարզ չէ, թե ինչով է տարբերվում նախորդից։ Նրանք չեն փոխում, քանի որ չեն ցանկանում կորցնել իրենց գրանցումը հավաստող կնիքը Արցախի իրենց բնակության հասցեում։ Այդ մարդիկ չեն կորցնում միջազգային ատյաններ դիմելու հույսը՝ պաշտպանելու իրենց իրավունքները՝ ոտնահարված ադրբեջան կոչվող ահաբեկչական պետության կողմից։ Այս մարդիկ բազմաթիվ ապացույցներ ունեն այն մասին, թե ինչպես են ադրբեջանցիները ավերել իրենց տները, պղծել իրենց հարազատների գերեզմանները, իսկ անձնագրում դրված կնիքը կօգնի ապացուցել, որ դրանք իրենց տներն են։

Արցախցիները կանգնած են երկընտրանքի առաջ՝ կա՛մ մոռանալ իրենց անցյալը և մտածել ապագայի մասին, կա՛մ անցնել դժվարությունների միջով՝ պաշտպանելու իրենց իրավունքները։

Դաժան ընտրությունը, որի առաջ Հայաստանի իշխանությունը դրել է արցախցիներին, շատերին ստիպում է պարզապես լքել երկիրը և ավելի լավ կյանք փնտրել օտար ափերում։ Որովհետև այդպես ավելի հեշտ է հաղթահարել «յուրայինների մեջ օտարի» զգացումը:

Հայ հասարակության պառակտման ռուս-թուրքական ծրագիրը մոտենում է ավարտին եւ տանում է դեպի հայկական պետականության կորստի։ Անտեսանելի պատը, որը անկախության բոլոր տարիներին կառուցվել է Հայաստանի գրեթե բոլոր իշխանությունների և Արցախի նրանց կամակատարների կողմից, ոչնչացրեց հայ ժողովրդի ամբողջականության և պետականության հույսերը։ Ավաղ, պատմությունը մեզ այդպես էլ ոչինչ չի սովորեցրել։

Մարգարիտա Քարամյան

“Մեր սիրտը կանգնում է, որ Ջերմուկը դատարկվում է, քաղաքում ջահել չի մնացել”

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում 2022 թվականի սեպտեմբերյան հարձակումից հետո զբոսաշրջային հոսքը նվազել է ու դեռ չի վերականգնվել։ Թեպետ այս տարի նախորդ տարվա համեմատ զբոսաշրջային այցերի առումով մի փոքր դրական միտում կա, բայց Ջերմուկի բնակիչները նշում են, որ քաղաքից արտագաղթ կա։ 2022 թվականից հետո շատ ընտանիքներ են իրենց բնակարանները վաճառում ու հեռանում։

«Մեր սիրտը կանգնում է, որ քաղաքը դատարկվում է, շատերը տները վաճառել գնացել են, քաղաքում ջահել չի մնացել։ Տուրիստներն էլ հաճախ խուսափում են գալ, ինտերնետով նայում են, որ թուրքերը սարի վրա են, չեն գալիս»,- մեզ հետ զրույցում ասում է Ջերմուկի բնակչուհիներից մեկը։ Նրա խոսքով․ «Մեր երկիրը ոտքի կկանգնի, երբ թուրքերը մեր սարերից հեռանան, Նիկոլն էլ՝  վարչապետի պաշտոնից»։

Ջերմուկի բնակչուհի թոշակառու Ամալյան  ասում է․ «Սա ապրել չէ, որ մենք ենք ապրում։ Այս ժողովուրդը տները վարձով տալով էր հաց վաստակում, փող աշխատում։ Բայց էն չէ, արդեն մարդ գոյություն չունի, շատերն են տները ծախել-գնացել, մենք ենք մի երկու տուն, որ մնացել ենք։ Այս սեզոնին առողջարաններում տեղ ու դադար չկար, 15-20 օր առաջ պատվիրում էին, որ գային տեղավորվեին։ Հիմա չեն գալիս, ասում են՝ մարդիկ վախենում են»։

Տիկին Ամալյայի խոսքով՝ մարդիկ անորոշության մեջ են․ «Մի հատ դմփոց է լսվում, վախենում ենք, սարերի վրա նստած են թուրքերը։ Առաջ գնում էինք բանջարի, բայց ժողովուրդն էլ բանջարի էլ չեն կարողանում գնալ»։ Հիշելով սեպտեմբերյան հարձակման օրերը՝ նա ասաց․ «Մենք գիշերը վեր թռանք, ես իմացա, թե կայծակ է, բայց հետո հասկացանք, թե ինչ է կատարվում, խառնվեցինք իրար, մարդկանց ասացին՝ շուտ դուրս եկեք քաղաքից։ Մենք դուրս չենք եկել, իջանք ապաստարան, կողքի հարեւաններին ու մի քանի զբոսաշրջիկների բերեցինք մեր ապաստարան։ Այդ հոգեկան տրավման չենք մոռանում, հիմա էլ ամեն օր վախով ենք ապրում»։

Ջերմուկի բնակչուհի Վիկտորյան ասում է․ «Մեր սիրուն քաղաքը հայտնվել է թուրքերի վերահսկողության տակ»։ Այնուհետեւ հավելում է, որ նախորդ տարվա համեմատ քաղաք այցելող զբսաշրջիկների թիվն այս տարի մի փոքր ավելացել է։ «Անցած տարի շատ քիչ էին զբոսաշրջիկները, այս տարի ահագին շարժ կա, բայց արտագաղթողների թիվը մեծ է։ Երիտասարդներից, ով գնաց, էլ հետ չեկավ։ Բայց մեծահասակները մնում են, եթե բոլորս գնանք, ուրեմն այս հողը տալիս ենք թշնամուն։ Մեզ ուժեղ ղեկավար է պետք, որ չզիջի, ինչքա՞ն կարելի զիջել, ափսոս են մեր երկիրը, մեր երեխեքը»,- ասաց նա։

«Մեր նպատակը մեր երկրի կայունությունն է, դա բոլորիս ցանկությունն է։ Կոնկրետ ես որդեկորույս մայր եմ, 44-օրյա պատերազմում կորցրել եմ որդուս, եւ այսպես անորոշ ապրում ենք։ Զիջելով հնարավոր չէ երկիր պահել»,- մեզ հետ զրույցում ասում է Ջերմուկի բնակչուհի Սոֆիան։

Ռոզա Հովհաննիսյան