Վիրավորների թիվը հայտնի չէ

ԱԺ-ի դիմաց ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցներ: Առողջապահության նախարարությունն առայժմ չի հայտնում վնասվածք ստացողների կոնկրետ թիվը: Սակայն դատելով համացանցում հրապարակված լուսանկարներից, նրանց թիվը հասնում է մի քանի տասնյակի: Հիշեցնենք, որ քաղաքացիները տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել, իսկ նրանցից մեկի ձեռքը դաստակից կտրվել է:

Շտապօգնության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին ԱԺ-ի մոտ շտապօգնության 8 բրիգադ է աշխատում: Նրանք նույնպես հոսպիտալացված քաղաքացիների թիվ չհայտնեցին:

Փաշինյանը վիրավորեց արցախցիներին ու չասաց, թե ի՞նչ “ձեւ” էր առաջարկում

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանը մեղադրեց Արցախի հայաթափման ու արցախցիներին բողոքի ակցիաների հանելու համար։

«Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերներն ինձ մեղադրում էին նրա համար, որ ես իբր սահմանը փակել եմ, որ ԼՂ ժողովուրդը Լեռնային Ղարաբաղից դուրս չգա։ Դուք եւ ձեր կողմից նշանակաված իշխանությունը դատարկեց Լեռնային Ղարաբաղը։ Բա որտե՞ղ էին կարգավիճակ ստանալու։ Ասում էի՝ լսեք, դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ եք ուզում հիմա անեք՝ դուրս գանք, դուրս գանք։ Բա որ ինձ պատին էիք դեմ տալիս, ասում էիք՝ ես չեմ թողնում, որ ԼՂ ժողովուրդը դուրս գա, բա ԼՂ ժողովուրդը, որ դուրս եկավ, այդ կարգավիիճակը որտե՞ղ էր ստանալու։ Մենք իրենց ասել էինք ձեւը, ինչ պետք է անել՝ այդ խնդրի լուծմանը հասնելու համար։ Դուք էիք, որ այս ամբիոններից ասում էիք եւ մի հատ էլ զանգում էիք այնտեղ, ասում էիք՝ չանեք դա, կանեք ուղիղ հակառակը, վեր կացեք, բոլորով եկեք։ Գիտե՞ք՝ ինչու էիք կանչում, որովհետեւ դուք թքած ունեք ԼՂ ճակատագրի վրա։ Քանի որ ցույց էիք անում այստեղ, 3-4 հազար մարդուց ավելի չէր հավաքվում, ձեզ ցույցի մասնակից էր պետք։ ԼՂ ժողովրդին էնքան թունավորեք Հայաստանի կառավարության ու Հայաստանի ժողովրդի դեմ․․․ Ձեզ ԼՂ ժողովուրդը 1998 թվականից հետո պետք է եղել ձեր իշխանությունը պահելու համար։ Այսօր իրենց բերել եք՝ որպես ցույցի մատերիալ՝ 5000 դրամով ցույցերի բերելու համար։ Այ էս եք դուք, հիմա էլ ուզում եք նույնը անեք ՀՀ ժողովրդի հետ, որ գուբերնիայում լիենք թեմական առաջնորդներ՝ կայսեր տիրապետության ներքո։ Ձեզ համար ԼՂ ժողովուրդը եղել է, կա եւ կլինի իշխանություն պահելու միջոց»,- հայտարարեց Փաշինյանը։

Փաշինյանը չասաց, թե ի՞նչ “ձեւ” էր առաջարկում․ արցախցիները մնան Արցախում եւ ցեղասպանությա՞ն ենթարվեն, որ 5-հազարանոց մատերիալ չդառնան, թե՞ մնան, որ Ալիեւն ու Պուտինը հաճույք ստանան։

Փաշինյանը արցախյան գեներալներին կրկին դասալիք անվանեց ու ասաց, որ նրանք պետք է մնան բանտում

«Ես ուզում եմ անդրադառնալ այն գնահատականին, որ Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղին թողել է մենակ։ Ես էլի ուզում եմ հիշեցնել, որ 2020 թվականից հետո ՀՀ կառավարությունը 1 մլրդ դոլարից ավելի գումար է տվել Լեռնային Ղարաբաղին։ Եվ այն մարդիկ, ովքեր իմ ասուլիսներում Լեռնային Ղարաբաղից լրագրողների միջոցով մեսիջներ էին ղրկում՝ ասելով, որ ԼՂ հերոսական ժողովուրդը եւ մենք մինչեւ վերջ կանգնելու ենք եւ ոչ մի բան չենք զիջելու, Ադրբեջանի կողմից գործողությունը սկսելուց ուղիղ երկու ժամ առաջ դողեդող զանգում էին ինձ, ասում էին՝ մի բան արա, մենք ըստեղից փախնենք»,- Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների մեղադրանքներին։

Պատգամավորները բարձրաձայնեցին հարցը, որ քաղաքական դրդապատճառով մինչեւ հիմա բանտում է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը։ Անդրադառնալով զինվորականներին՝  Փաշինյանն ասաց․ «Էտ ձեր նշած գեներալները 2018-2019 թվերին գիտե՞ք ինչ հայրենասիրական կենացներ են խմել իմ ներկայությամբ։ Այդ մարդիկ, որ ասում եք բանտերում են, ասում եմ՝ վախկոտ դասալիքներ են։ Բոլոր վախկոտ դասալիքները պիտի հայտնվեն բանտերում եւ երկար տարիներ պետք է անցկացնեն բանտերում։ Դա Հայաստանի Հանրապետության  արժանապատվության հարցն է»։

Փաշինյանի այս հայտարարությունից հետո վիճաբանություն տեղի ունեցավ ԱԺ նիստում։ Ընդդիմադիր պատգամավորները «դավաճան» անվանեցին Փաշինյանին։

Ալեն Սիմոնյանը մեղադրեց սրբազանին եւ ընդդիմադիր պատգամավորներին

«Բագրատ Գալստանյանը դրսում հայտարարեց, որ մենք ըստեղ իրար ծեծում ենք եւ մարդկանց ուղղորդեց գրոհել ոստիկաններին»,- ԱԺ նիստում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա հայտարարեց, որ սա վաղուց ծրագրված էր, ընդդիմադիր պատգամավորներն էին ծրագրել, իսկ ՔՊ-ականները չպետք է տրվեին սադրանքին։

Նշենք, որ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ-ում վիճաբանություն ու քաշքշուկ էր տեղի ունեցել պատգամավորների միջեւ։

«Դրանից հետո Սիրահարների այգու միջով մարդիկ փորձել ներխուժել ոստիկանական պատնեշներից ներս, որից հետո ոստիկանությունն արդարացիորեն կիրառել է լուսաձայնային նռնակներ։ Սա կազմակերպվել եւ նախատեսվել է շատ վաղուց, մարդիկ չէին գալիս հարց ու պատասխանին, այսօր եկել են։ Իշխան Սաղաթելյանը, այլ պատգամավորներ գտնվում են այնտեղ եւ ուղղորդում են։ Բագրատ Գալստանյանն էլ ասել է, որ ներսում բախումներ են եւ կոչ է արել ժողովրդին գալ ներս՝ այստեղ։ Մարդիկ, ծառերի վրա բարձրանալով, փորձել են գալ, եւ ոստիկանությունը թույլ չի տվել»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը

Լարված վիճակ․ խորհրդարանում եւ Բաղրամյան պողոտայում

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում կրկին բախում և քաշքշուկ սկսվեց ոստիկանների և ցուցարարների միջև: Ոստիկանները մահակներով հարվածում են ցուցարարներին:

Ոստիկանները հրում են պատգամավորներին և թույլ չեն տալիս մտնել ԱԺ շենք: Քաշքշոց է սկսվել նրանց միջեւ: ԱՎելի վաղ հայտնել էինք, որ Բաղրամյան, Դեմիրճյան և Պռոշյան փողոցներից բերման է ենթարկվել 60 քաղաքացի:

Շարժման անդամներից 3 հոգին, որոնցից 2-ը կին են, վնասվածքներ են ստացել, այժմ գտնվում են հիվանդանոցում։ Այս մասին ԱԺ-ի բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Ազգային ժողովում իրավիճակը քիչ առաջ լարվեց, երբ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձավ այն գեներալներին, որոնք 2018-2019 թվականներին իր ներկայությամբ հայրենասիրական կենացներ էին խմում։

«2020 թվականից հետո ՀՀ կառավարությունը 1 մլրդ դոլարից ավելի գումար է տվել ԼՂ-ին։ Այն մարդիկ, ովքեր իմ ասուլիսներում ԼՂ-ից լրագրողների միջոցով մեսիջներ էին ուղարկում, ասելով, որ ԼՂ-ի ժողովուրդը հերոսական մինչև վերջ կանգնելու է և մենք էլ նրանց հետ ոչ մի բան չենք զիջելու, Ադրբեջանի կողմից գործողությունը սկսելուց ուղիղ 2 ժամ առաջ դողեդող զանգում էին ինձ, ասում էին՝ մի բան արա, մենք ստեղից փախնենք։ Գեղամ Մանուկյան, ձեր նշած գեներալները 2018-2019-ին այնպիսի հայրենասիրական կենացներ էին խմում իմ ներկայությամբ։ Գլուխները պատին են տվել, վախկոտ դասալիքներ են։ Նրանք պիտի հայտնվեն բանտերում և երկար տարիներ անցկացնեն այնտեղ»,- ասաց Փաշինյանն իր խոսքում։

Այդ ելույթի ընթացքում կրքերը թեժացան, ընդդիմության և իշխանության միջև մեղադրանքներ հնչեցին։ ԱԺ նախագահը չկարողանալով հանդարտեցնել իրավիճակը՝ հայտարարեց ընդմիջում։

Պայմանագիր չի լինելու, դա ի սկզբանե պարզ էր

Ձեր տրամաբանությունն այն է, որ սկզբում պետք է խաղաղության պայմանագիրը լինի, հետո մնացածը, բայց կարող է հակառակը լինել: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավանական համարելով, որ հնարավոր է սկզբում հաղորդակցությունների բացումը լինել, հետո նոր խաղաղության պայմանագիրը:

«Կարող է իրական խաղաղություն ձեւավորվել կոնկրետ պրակտիկ գործողություններով, որի արդյունքներով ձեւակերպվի խաղաղության պայմանագիրը: Բայց մեր ընկալումն այն է, որ պետք է լինի խաղաղության պայմանագիրը»,-ասաց նա:

Այսօր Փաշինյանը երկու անգամ “ուրացել է” պայմանագիրը, նախ, ասելով, որ սահմանազատումը առանց պայմանագիր կլինի, երկրորդ՝ որ կոմունիկացիաները կբացվեն մինչեւ պայամանագիրը կնքելը։ Այսինքն, երկրի սահմանները կբզկտեն սահմանազանմամբ, իսկ ամբողջությամբ Հայաստանը կմասնատեն “կոմունիկացիաներով”։ Եթե Հայաստանը ինքը չի ճանաչում սեփական տարածքը եւ պատրաստ է այն խաչմերուկի վերածել, ինչո՞ւ թշնամիները պետք է հրաժարվեն։ 

Ի սկզբանե պարզ էր, որ ոչ մի պայմանագիր չի լինելու․ Ալիեւը շատ լավ գիտի պայմանագրի արժեքը, դրա համար ուզում է հետ կանչել Մինսկի խմբի մանդատը եւ չեղարկել Հայաստանի Սահմանադրության մեջ ամրագրված՝ Արցախի եւ Հայաստանի միացման մասին որոշումը։ Հայաստանը ամեն կերպ նպաստում է դրան։ 

Մեր ժառանգությունը դեռևս շարունակում է պայքարել՝ նաև մեր փոխարեն․ Սթունիս

Հիշողության կրիչները՝ որպես պայքարի միջոց

Անփոփոխ է մուսավաթական, ապա նաև խորհրդային Ադրբեջանի ու ալիևյան ավտորիտար կլանի հակահայ քաղաքականությունն՝ ուղղված արցախահայության ֆիզիկական ոչնչացմանն ու մշակութային ցեղասպանությանը։ Անփոփոխ ենք նաև մենք, ամեն մի իրավիճակի մեր հարմարվողականությամբ ու նաև նրանով, որ մեզ հետ հազար անգամ կատարվածին միշտ նայում ենք նորովի ու տարօրինակ զարմանքով՝ մոռանալով նույնիսկ ոչ հեռավոր անցյալը։

Ադրբեջանն Արցախի օկուպացված տարածքը ադրբեջանականացնելու ու մահմեդականացնելու քաղաքականություն է վարում, առաջնորդվելով հայտնի “այն ինչ Ադրբեջանի տարածքում է՝ ադրբեջանական է” կարգախոսով։  Ալիևն Արցախում նոր մզկիթներ է կառուցում՝ զուգահեռ հիմնահատակ ավերելով հայկական հին ու նոր եկեղեցիները Մեխակավանի Սբ Աստվածածին զորավոր, Շուշիի Կանաչ ժամ, Բերձորի Սբ Համբարձման և Աղավնոյի եկեղեցիները։

Առնվազն տարօրինակ է որոշ հայերի համաձայնվողական դիրքորոշումը հայկական տարածքների մասին Ադրբեջանի ստեղծած միֆերի վերաբերյալ։ Այսօր Քաշաթաղն ու Քարվաճառն են համարում ադրբեջանական հողեր, վաղն արդեն ամբողջ Արցախն այդպես կդիտարկեն՝ ադրբեջանցիների պես հաշվի չնստելով այն հսկայական պատմամշակութային ժառանգության հետ, որը դարերով հայությունը ստեղծել է այդ տարածքներում։

Ի հեճուկս նրանց, մեր ժառանգությունը դեռևս շարունակում է պայքարել, նաև մեր փոխարեն։

Սթունիս գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Այն պատմական Աղահեճք գավառի բնակավայրերից մեկն է, որը հիշատակված է Տաթևի վանքին հարկատու գյուղերի ցանկում։ 19-րդ դարում, երբ գյուղը բնակեցվել է քրդերով, գյուղի անվանումն աղավաղվել դարձել է Սադընլար, ու որոշ ժամանակակից քաղաքական գործիչների տրամաբանությամբ, այս Սադընլարը չի կարող կապ ունենալ հայերիս հետ։

Գյուղի հարավային կողմում՝ գետի ձախակողմյան բարձրադիր հարթակի վրա գտնվում է եկեղեցին, որը ցավոք շինարարական արձանագրություն չունի։ Դատելով ճարտարապետական և շինարարական առանձնահատկություններից, ինչպես նաև համեմատելով տարածաշրջանում առկա նույնատիպ թվագրված կառույցների հետ՝ հուշարձանը հնարավոր է վերագրել 17-րդ դարին։ Որպես եկեղեցի գործել է մինչև 18-րդ դարի կեսերը։ Այնուհետև սկսվել է գյուղի հայաթափումը։

Եկեղեցին եռանավ, թաղածածկ, զուսպ հարդարանքով շինություն է։ Արտաքին և ներքին պատերին ու սյուներին ագուցված 12-16-րդ դարերով թվագրվող խաչքարերի և տապանաքարերի բազմաթիվ բեկորները փաստում են տարածքում տվյալ ժամանակաշրջանում հայերի ներկայության մասին։ Հարավային արևմտակողմ սյան խոյակին և նրա ստորին հատվածում փորագրված է հիշատակագրական արձանագրություն, որը մասամբ ծածկված է կրաշերտով։ Այդուհանդերձ, որոշ մաս կարդացվում է, որտեղ հիշատակված է ․․․եղբայրն Հայկազին․․․ չի բացառվում, որ խոսքը վերաբերվում է Քաշաթաղի մելիք Հայկազին։

 

Ինչպես տարածքի շատ այլ հուշարձաններ, եկեղեցին նույնպես դուրս չի մնացել հետագայում այստեղ հաստատված օտարների ուշադրությունից, ովքեր ձևախեղելով կառույցը, այն հարմարեցրել են իրենց կենցաղային նպատակներին։ Ու չնայած դրան, այն փրկվածների շարքում է, կամ էր, քանի որ տարածքը հանձնվելուց հետո հուշարձանի ճակատագիրն անհայտ է։

Արմինե Հայրապետյան

 

 

Փաշինյանը չասաց, կա՞ մի տեղ, որտեղից Բաքուն մեկ մետր հետ է քաշվել

Այսօր խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին Նիկոլ Փաշինյանին՝ ինչո՞ւ Բերքաբերի հողերը չեն վերադարձվել Հայաստանին։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ այսպես կոչված սահմանազատման գործընթացի շրջանակներում Հայաստանին կվերադարձվեն 33 գյուղերի կենսական նշանակության հողատարածքները։ «Այդ հատվածում սահմանազատում տեղի չի ունեցել։ Մայիսի 19-ի արձանագրությունը երբ ստորագրվել է, մենք նաեւ հրապարակել ենք քարտեզ, որպեսզի ձեզ տեսանելի լինի՝ որտեղ է արվում եւ որտեղ չի արվում։ Այդ քարտեզը ձեւավորվել է այդ թվում՝ բնակիչների հետ մեր ունեցած քննարկումների արդյունքում»,- ասաց նա։

Հարցին, թե բանակցային սեղանին հարց դրվա՞ծ է, որ մինչեւ «խաղաղության պայմանագրի» կնքումը ադրբեջանցիները պետք է դուրս գան ՀՀ տարածքներից, նա պատասխանեց․ «Հարցը դրված է հետեւյալ կերպ։ Նախ՝ մենք Հայաստանի 33 գյուղերի կենսական օկուպացված տարածքների հարցը երբեք օրակարգից չենք հանել եւ չենք հանելու։ Երկրորդ, սեղանին դրված է հետեւյալը՝ հիմա սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցնում են իրենց համատեղ աշխատանքի կանոնակարգը, որը պետք է ստորագրվի, ապա անցնի ներպետական ընթացակարգերով։ Եվ այդ կանոնակարգի հիման վրա պետք է շարունակվի սահմանազատումը։ Որտե՞ղ պետք է շարունակվի սահմանազատումը, պետք է ձեւավորվի կոնսենսուս, այսինքն՝ համատեղ որոշում»։

Կոնկրետ հարցին, թե Տավուշում ադրբեջանցիների ցանկությամբ տարածքներ հանձնվեցին, հայկական կողմը կպնդի՞, որ հաջորդ փուլով ադրբեջանական զորքերը դուրս գան Վայոց Ձորի եւ Սյունիքի տարածքներից, Փաշինյանը նման պատասխան տվեց․ «Ձեր ընկալումը, որ դա Ադրբեջանի նախաձեռնությունն է, այնքան էլ օբյեկտիվ չէ։ Իրենք այդպես են ներկայացնում, ես էլ ձեզ ասում եմ, թե ինչ է տեղի ունեցել՝ ինչքան դա Ադրբեջանի նախաձեռնությունն է, առնվազն այդքան էլ Հայաստանի նախաձեռնությունն է։ Ինչո՞ւ պիտի Հայաստանն այդպիսի բան նախաձեռներ, որովհետեւ կարծում եմ, որ այդ թվում՝ Ոսկեպար, Կիրանց ու մյուս գյուղի անվտանգության ապահովման ամենաարդյունավետ միջոցը սահմանազատված սահմանն է։ Եվ մենք հետաքրքրված ենք, որ այդ պրոցեսը շարունակվի նույն տրամաբանությամբ»։

Փաշինյանն այդպես էլ չասաց, թե երբ են ադրբեջանցիները դուրս գալու Սյունիքի, Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի տարածքներից։

Վարդան Գրիգորյանին ազատ են արձակել

ՄԻՊ-ն անդրադարձել է Հաթերքի նախկին գյուղապետ Վարդան Գրիգորյանին ձերբակալելու վերաբերյալ ահազանգերին:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ահազանգ է ստացվել առ այն, որ ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին՝ մեքենայում միայնակ թողնելով վերջինիս մանկահասակ երեխաներին։

Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ դեպքի մանրամասները հրատապության կարգով բանավոր ընթացակարգով ճշտվել են պետական իրավասու մարմինների հետ: Արդյունքում, պարզվել է, որ Վարդան Գրիգորյանն ազատ է արձակվել: Դեպքի հանգամանքների մանրամասները պարզելու նպատակով գրավոր պարզաբանում կպահանջվի նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հաթերքի գյուղապետի երեխաներին թողել են մեքենայի մեջ, իրեն ձերբակալել

Արցախի Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին ձերբակալելու լուրը հաստատվել է։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերով ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Ցավոք սրտի, հաստատվեց, խոսել եմ գյուղապետի կնոջ հետ, 7, 9 եւ 13 տարեկան երեխաներն ավտոյի մեջ, գալիս են վատ ձեւով, քաշքշելով, ավտոյից դուրս շպրտելով, գետնին պառկեցնելով մարդուն բռնում են։ Երեխեքի վիճակը պատկերացնո՞ւմ եք։ Հորը գցում են գետնին վերջին վատ ձեւով, դա հերիք չէ, մի հատ էլ երեխեքին թողնում են ավտոյի մեջ, գնում են։ Մեկը գրել էր՝ թուրքից վատն են։ Ես չեմ լսել այսպիսի այլանդակություն՝ երեխեքին այսպես թողնել անտերության, հորը տանել։ Լավ, սա ի՞նչ է, սրա համար ինչ-որ մեկը պե՞տք է պատասխան տա»,- ասաց Մելիքյանը։

Նա նշեց, որ շատ դրական են բնութագրում Հաթերքի գյուղապետին՝ իր մարտական ուղիով, իր համարձակությամբ ու գյուղը ղեկավարելու աշխատանքով։

Բախումների վտանգը․ սադրանքից հինգ պակաս

12-ը վճռական օր է լինելու, ասում են Բաղրամյան պողոտան արդեն 3 օր փակած “Տավուշը հանուն հայրենիքի” շարժման առաջնորդները, որոնք կոչ են արել այսօր ժ․ 15.00-ից սկսած հավաքվել ԱԺ-ի մոտ։

Այսօր խորհրդարան է եկել Նիկոլ Փաշինյանը։ Իսկ երեկ իշխող կուսակցությունը “չորով” մերժել է ընդդիմության բոլոր առաջարկները՝ սկսած վարչապետի հրաժարականից, արտահերթ ընտրություններից մինչեւ նույն իշխող ուժի նոր ծրագրով կառավարության ձեւավորում։ “Դուք մեզնից իշխանություն չեք ստանա”,- ասում են իշխանական պատգամավորները։

Քաղաքական գործիչներին հետաքրքրել է՝ եթե կրիտիկական զանգված հավաքվի, ո՞րն է լինելու հաջորդ քայլը։ Բագրատ սրբազանը հարցն անպատասխան է թողել, ասելով՝ թող հավաքվի, կտեսնենք։ Ի դեպ, իշխանական թիմում այս օրերին ակտիվ ներքին քննարկումներ են ընթանում ՝ հնարավոր սցենարների վերաբերյալ։ ՔՊ-ում վախենում են, որ եթե 30 հազար մարդ հավաքվի ԱԺ-ի դիմաց, կգրոհեն շենքի վրա, իսկ այս դեպքում իրավապահները «պարտավոր են գործողություններ ձեռնարկել»` ընդհուպ ռազմական զենք»,- գրում են ԶԼՄ-ները:

Եթե իշխող կուսակցությունը Սահմանադրության եւ քաղաքական էթիկայի սահմաններում չի ուզում հրապարակավ քննարկի խնդիրները, չի ճանաչում, որ իր կառավարության ծրագիրը ձախողվել է, հակառակը՝ պնդում է, որ “չի տալու իշխանությունը”, դա կարելի է որակել որպես ընդդիմությանը ուժային քայլերի մղելու քաղաքականություն։ Սոցցանցերում գրում են՝ Փաշինյանի սիրտը մարտի 1 է ուզում։

Բախումները կարծես անխուսափելի են դառնում, հարցը այն է, թե ո՞ր կողմն է այն սադրելու։ Իշխանությունը ամեն ինչ անում է, որ սադրանքի մեջ մեղադրի ընդդիմությանը /նախկիններին, Եկեղեցուն, ղարաբախցիներին, Ռուսաստանին, ազգայնականներին/։ Ընդդիմությունը զգուշացնում է, որ ուժային կառույցները իրենք կարող են սադրել։

ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը գրել է․ “Պլանը սա է. այս ֆարսի միջոցով հնարավորինս շատ մարդ հավաքել Ազգային ժողովի դիմաց, բախումներ հրահրել ու ստեղծել քաոս”:

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր կոչով դիմել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին՝ հորդորելով պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։ ԱԱԾ-ն զգուշացրել է՝ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։ Ոստիկանությունն իր հերթին հորդորել է՝ զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին:

Իշխանության ներկայացուցիչների անզիջում պահվածքը, որը ճիշտ կլինի երկրի թշնամիների դեմ օգտագործել, միտումնավոր բախումներից հինգ պակաս իրավիճակ է ստեղծում։ 

Հունվարից աշխատանքային տարիքի արցախցիները հնարավոր է 40+10 հազ․ դրամը չստանան

2024 թվականի մայիսի 31-ի դրությամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 17 հազար անձ աշխատանք է գտել: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Հաշվառված անհատ ձեռնարկատերերի քանակը գերազանցում է հազարը»,- ասաց նա։

Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, որ հավանական է, որ 2025 թվականի հունվարից 1-ից վարձակալության ծախսերի աջակցությունը կարող է դադարել աշխատանքային տարիքի անձանց համար ու օգնությունը կհասցեագրվի առավելապես երեխաներին, հաշմանդամություն ունեցող անձանց ու թոշակառուներիին։

Նա ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կոչ արեց ծանոթանալ աջակցության ծրագրերին, տալ հարցեր, որոնք կարող են օգնել իրենց որոշումները վերջնական կայացնելու համար ու իրացնել ծրագրով նախատեսված բնակարանի գնման կամ տան կառուցման իրավունքը։