Արցախյան կազմակերպությունները հայտարարությունը կփոխանցեն ՀՀ կառավարությանը

Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության եւ կարիքների ապահովման վերաբերյալ հայտարարություն ներկայացվեց։ Այն ավելի վաղ արված միասնական հայտարարության լրամշակված տարբերակն է։ Հայտարարության տեքստը կհանձնվի ՀՀ կառավարությանը։

«Արցախյան երրորդ պատերազմում զոհված եւ անհետ կորատ զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը հայտարարեց, որ ակնկալում են, որ ՀՀ իշխանությունները երկշաբաթյա ժամկետում արդյունավետ քննարկումներ կսկսեն ու հստակ դիրքորոշումներ կհայտնեն արցախցիների խնդիրների մասին։ «Ակնկալում ենք, որ ՀՀ կառավարության կողմից հստակ կքննարկվի ու հաշվի կառնվի այս ամենը»,- ասաց նա։

«Մի՛ արտագաղթեք, մենք դեռ պիտի փրկենք մեր մշակութային ժառանգությունը»․ Լեռնիկ Հովհաննիսյան

Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում պատմաբան, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը կոչ արեց արցախցիներին չարտագաղթել։

«Ես ձեզ հորդորում եմ, սիրելի՛ հայրենակիցներ, ինչքան էլ դժվար լինի, ինչքան էլ Հայաստանի իշխանությունների կողմից տարբեր խոչընդոտներ ստեղծվեն, նաեւ տեղական որոշ ներկայացուցիչների կողմից թշնամական վերաբերմունքի արժանանանք, եթե ուզում եք մեր մշակույթը, ինքնությունը, բարբառը պահպանենք, ապա մի արտագաղթեք։ Չեք կարող ձեր ինքնությունը պահպանել Մոսկվայում կամ եվրոպական որեւէ քաղաքում ժենգլյալով հաց թխելով։ Մեր հայրենիքում պետք է լինենք համահավաք, իսկ դա Հայաստանն է։ Եվ մենք այդպիսի հիմք կստեղծենք դեպի Արցախ վերադարձի համար»,- ասաց նա։

Լեռնիկ Հովհաննիսյանը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանություններն սկսել են Արցախի տարածքում 1994 թվականից հետո կառուցված բոլոր հուշարձանների ոչնչացումը։ Հաջորդ քայլով սկսելու են հայկական վիմագիր արձանագրությունները ջնջել։ «Ադրբեջանն այս հարցում բազմազան ձեւեր է կիրառում՝ միջնադարյան հուշարձանների աղվանացում, Շուշիի եկեղեցիների ուղղափառացում, ինչպես նաեւ հայկական եկեղեցիները վերածում է մզկիթների, ինչը սովորել է իր մեծ եղբայր Թուրքիայից»,- հավելեց նա։

Լեռնիկ Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում եւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին արցախահայության նկատմամբ էթնիկ զտման ու ցեղասպանության հետեւանքով Արցախը ոչ միայն զրկվել  է իր բնիկ բնակչությունից, այլ հայկական ավելի քան 6000 հուշարձանները մնացել են թշնամու տիրապետության տակ ու կորստի առաջ։ «Ոչնչացնելով մեր մշակութային ժառանգությունը, Ադրբեջանը ունի մեկ նպատակ՝ կտրել մեզ մեր արմատից, մեր ինքնիությունից։ Մեր միասնական ջանքերով պետք է դիմենք միջազգային հանրությանը՝ մեր ինքնության կարեւոր բաղադրիչը՝ մշակութային ժառանգությունը փրկելու»,- ասաց նա։

 

«Վանք գյուղում փաստորեն երեխա են գլխատել, բռնաբարել են կանանց, սպանել են մարդկանց»․ Հաջիյան

«Միջազգային հանրությունն ի վերջո պետք է ուշքի գա, հասկանա, որ այն, ինչ տեղի է ունեցել Ադրբեջանի հայության հետ, Արցախի հայ ժողովրդի հետ, մի օր ուխտի պես իր դռանն է չոքելու»,- Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց քաղաքական վերլուծաբան Միքայել Հաջիյանը։

Նա նշեց, որ այս հանրահավաքում կոչ է անում հայ ժողովրդի նկատմամբ Արցախում ու Ադրբեջանի տարածքում տեղի ունեցածը որակել որպես ցեղասպանություն հայ ժողովրդի դեմ, որպես հանցագործություն՝ մարդկայնության դեմ։ «ՀՀ Ազգային ժողովը պետք է անպայման բանաձեւ ընդունի այդ կապակցությամբ, մասնավորապես, սեպտեմբերյան մեկօրյա պատերազմի հետեւանքով բռնի տեղահանության ու այն խոշտանգումների կապակցությամբ, որոնց ենթարկվել են մեր հայրենակիցները Արցախում, նամանավանդ ծայրամասային բնակավայրերում»։

«Այն, ինչ տեղի է ունեցել մեր ժողովրդի հետ՝ դեռ 1980-ականներից սկսած, միջազգային իրավական հիմքով դա ոչ այլ ինչ է, քան, ցեղասպանություն»,- ասել է նա։

«Վանք գյուղում փաստորեն երեխա են գլխատել, բռնաբարել են կանանց, սպանել են մարդկանց։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում մեզնից յուրաքանչյուրի համար, ոչ միայն այդ զոհերի հարազատների համար։ Միջազգային հանրությունը քաջատեղյակ է դրան, քաջատեղյակ է Մոսկվան, որի վեց սպաները սպանվել են այն պատճառով, որովհետեւ նրանք ականատես են եղել այդ հանցագործություններին։ Ու արդյունքում ի՞նչ՝ Բաքուն ու Մոսկվան իրար հետ լեզու գտան։ Ալիեւը գումարներ փոխանցեց այդ նահատակների հարազատներին, եւ հարցը վերջնականապես փակվեց։ Ես գտնում եմ, որ մենք այդ հարցը պետք է անպայման բաձրացնենք։ Մենք պետք է միջազգային ատյանների դռները շարունակաբար բախենք եւ ասենք՝ ո՛չ ցեղասպանությանը աշխարհում»,- հայտարարեց նա։

Հաջիյանը նաեւ ասաց, որ արցախցիներն ապրում են մեկ վճռականությամբ․ «Մենք պետք է վերադառնանք Արցախ։ Մենք պետք է մեր ինքնորոշման իրավունքը վերականգնենք, Արցախում չպետք է Ադրբեջան լինի։ Արցախ՝ առանց Ադրբեջանի, ինքնորոշված Արցախ, սա է մեր նպատակը։ Մեզ պետք է, որ հայ ժողովուրդը մեզ աջակից լինի՝ Սփյուռքում, թե Հայաստանում։ Մենք արքայական պայմանների չենք ձգտում այստեղ, ինչ էլ մեզ տրվի, այդ բոլորը մեզ համար ժամանակավոր բնույթ է կրում, որովհետեւ մենք մեր լավագույնը թողել ենք Արցախում»։

Հայրյան․ արցախցիների խնդիրները լուծելու համար միջազգային դոնոր համաժողով պետք է կազմակերպել

Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը հայտարարեց․ «Այսօր հավաքվել ենք այստեղ՝ մեր ապագայի հարցերը լուծելու համար։ Մեր ապագան որ ասում ենք, հասկանում ենք հայերի ապագան, կոնկրետ այս պահին հայության ամենավտանգված հատվածի՝ արցախահայության  ապագան։ Ցավոք, իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ վտանգված է ոչ միայն Արցախի հայության կյանքը, այլեւ ամբողջ հայության կյանքը»։

Հայրյանը նշեց․ այն, ինչ այսօր կատարվում է Ոսկեպարում, շատ նման է Փառուխում կատարվածին։ Նա կոչ արեց միասնական ոտքի կանգնել ու պայքարել հայության շահերի համար։ «Միջազգային հանրությունը մեր փոխարեն հարցեր չի լուծելու։ Ադրբեջանը նույն միջազգային հանրությանը 30 տարի բողոքում էր, որ մենք իբր թե գրավել ենք իրենց տարածքները, եւ միջազգային հանրությունը ոչ մի մեղադրանք չի ներկայացրել մեզ, մինչեւ Ալիեւն ու թուրքերը հասկացել են, որ իրենց սրիկայական ծրագիրն իրականացնելու համար պետք է զենքը վերցնեն ու հարձակվեն։ Մենք չենք ուզում հարձակվել ուրիշի վրա, բայց մենք պետք է մեր զենքը վերցնենք եւ հայրենիքը պահենք։ Մենք առաջին հերթին պետք է իրար կողքի լինենք»,- հավելեց Լեւոն Հայրյանը։

Նա հայտարարեց, որ բռնի տեղահանված արցախցիների երազանքն է վերադառնալ իրենց հայրենիք․ «Որպեսզի երազանքը չմեռնի, պետք է կանգնենք իրար կողքի։ Եթե մենք ամբողջ արցախահայությունով կարողանանք կանգնել իրար կողքի, համայն աշխարհի հայությունը կկանգնի մեր կողքին, ինչպես կանգնել են 1988 թվականին»։

Հայրյանը նաեւ ասաց, որ մոտ 10 հազար արցախցի անվերադարձ հեռացել է Հայաստանից, մնացածին էլ նույն ճակատագիրն է սպասվում, եթե սոցիալական լուրջ ծրագրեր չիրականացվեն։

Նա ներկայացրեց իր առաջարկը եւ ասաց, որ արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար միջազգային դոնոր համաժողով պետք է կազմակերպել։ Արցախ վերադառնալու համար, ըստ նրա, կարեւոր է, որ այսօր արցախցիները համայնքով բնակվեն Հայաստանում։

«Մենք այստեղ գոյատեւելու կարիք ունենք, մինչեւ միջազգային հարմար երաշխիքներ կստեղծվեն Արցախ վերադառնալու համար։ Ես կուզենայի, որ այդ վերադարձը լիներ զենքով, չպիտի խորշենք ոչ մի բանից, եթե ժամանակը գա, պետք է նաեւ խնդրենք, ստիպենք, զենք ուզենք, որ մեր հայրենիքը ազատենք»,- հայտարարեց նա։

 

 

“Կոչ եմ անում այնպիսի կարծիք չստեղծեք մեր հայրենակիցների մոտ, որ արցախցին հրաժարվում է ծառայել”

«Այսօր այս հրապարակում հավաքվելով՝ մենք պնդում ենք, որ դեմ ենք բնակարանային ծրագրերի նախագծին»,- Ազատության հրապարակում հրավիրված հավաքում ասաց «Արցախյան երրորդ պատերազմում զոհված եւ անհետ կորատ զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը։

Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը․ «Բնակարանային ծրագրի մասին խոսելիս՝ նա հավասարության նշան է դրել Արցախից բռնի տեղահանված ժողովրդի եւ Հայաստանի մեր հայրենակիցների միջեւ՝ ասելով, որ այդ ծրագիրը պետք է բոլորի համար լինի։ Այսպիսի արտահայտություն անելով՝ փորձում են սեպ խրել մեր միջեւ՝ մեր դեմ լարելով մեր հայրենակիցներին։ Իհարկե, մենք սա չենք ընդունելու»,- ասաց Ասրյանը։

Նա հավելեց․ «Վերջերս նաեւ զրույցներ են հնչել, որ արցախցին չի ուզում ծառայել բանակում։ Ասեմ, որ դա ՀՀ կառավարության մեղավորությունն է, որ արցախցին այստեղ չի ծառայում, քանի որ պարտադիր պայման են դրել հրաժարվել մեր 070 կոդով անձնագրերից։ Հիմա հարց եմ տալիս ՀՀ կառավարությանը՝ մինչեւ 2020 թվականը ներառյալ 070 կոդով անձնագրով արցախցին ծառայում էր ՀՀ Զինված ուժերում, ո՞նց էր դա ստացվում։ Ներկայում այս ծանր իրավիճակում բազմաթիվ արցախցիներ պատրաստ են ծառայել Զինված ուժերում, սակայն այդ դուք եք, որ չեք թույլատրում նրանց՝ պարտադրելով հրաժարվել մեր անձնագրերից։

Կոչ եմ անում այնպիսի կարծիք չստեղծեք մեր հայրենակիցների մոտ, որ արցախցին հրաժարվում է ծառայել։ Նմանատիպ իրավիճակ է նաեւ պետական մյուս գերատեսչություններում, մարդիկ կային, որ 070 կոդով անձնագրով աշխատել են ՀՀ պետական համակարգում, եւ հիմա եկել իրենց ասում են՝ այլեւս չի ստացվում, որ դուք այստեղ աշխատեք, պետք է քաղաքացիություն ընդունեք։ Ի՞նչ է փոխվել, 070 կոդով անձնագիրն իր արժեքը կորցրե՞լ է ձեզ մոտ, թե՞ այլ նպատակներ եք հետապնդում»։

Արմեն Ասրյանը նաեւ ասաց, որ արցախցիները պահանջում են ՀՀ կառավարությունից, որպեսզի 40+10 հազար ծրագիրը շարունակվի մինչեւ արցախցիների բնակարանային խնդիրների լուծումը, հակառակ դեպքում ապրիլ ամսից արցախցիները լուրջ սոցիալական խնդիրների առաջ կկանգնեն։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Չկա արցախցի՝ չկա Արցախի հարց. համայքների ղեկավարների ահազանգը

2023թ. պատերազմից և ծննդավայրի կորստից հետո Արցախի տարբեր համայնքների ղեկավարները համախմբվել են Երևանում՝ քննարկելու իրենց համայնքների համախմբման և զարգացման հարցերը։ «Այսօրվա դրությամբ բնակչության հետ ամենօրյա կապ ենք հաստատում: Ոչ բոլոր դեպքերում ենք կարողանում հարցերին լուծում տալ: Մյուս գործառույթը տեղեկանքների տրամադրումն է: Այնուհետև փորձում ենք սոցիալ-տնտեսական հարցերին լուծում տալ»,-ասում է Շուշիի շրջվարչակազմի նախկին ղեկավար Գրիշա Ավանեսյանը:

Համայնքների ղեկավարներն իրենց հանդիպումների ժամանակացույցի շրջանակներում այցելում են նաև հայկական գյուղերում ապաստանած մարդկանց՝ աջակցելու և քննարկելու նրանց ներկա իրավիճակն ու կարիքները:

«Մեր հիմնական նպատակն ու պարտականություններն այսօր բնակչության խնդիրների վերհանումն է, դրանց լուծման հնարավորության դեպքում տալիս ենք համապատասխան խորհրդատվություն»,-ասաց Ասկերանի շրջվարչակազմի նախկին ղեկավար Համլետ Ապրեսյանը:

Ասկերանի վարչակազմի ղեկավարի օգնական Անահիտ Պետրոսյանի խոսքով՝ ամենօրյա խնդիրներով եկող մարդկանց թիվը մեծ է, իսկ համայնքի ղեկավարների աշխատանքը՝ ինտենսիվ և ծավալուն։

Կարևոր է նշել, որ այս ամբողջ աշխատանքը կատարվում է բոլորովին անվճար՝ ցույց տալով համայնքների վերականգնման և զարգացման գործում  նվիրվածության բարձր մակարդակ:

Գրիշա Ավանեսյանի խոսքով` «ՀՀ-ում, կապված բնակվարձերի հետ, բնակչության մեծ մասը չի կարողանում ապահովել կենցաղային նվազագույն պայմանները, աղետալի վիճակ է տիրում: Մեր բոլորիս ջանքերն ուղղված են բնակարանային բարելավումն առաջնահերթ դարձնելուն»:

Հնարավոր արտագաղթը կասեցնելու համար բնակարան ձեռք բերելու գործընթացը պետք է անհատականացված լինի և հաշվի առնվեն յուրաքանչյուրի առանձնահատկությունները:

Գյուղական  միջավայրում ապրած բնակչությունը կարող է դժվարությամբ հարմարվել քաղաքային կյանքին և հակառակը: Տեղահանվածների համար աշխատանքի և բնակության վայրի խնդիրը շարունակում է մնալ հիմնական և ամենակարևորը, քանի որ այդ ասպեկտներն ուղղակիորեն ազդում են նրանց կյանքի որակի և բարեկեցության վրա։

Տաթև Ազիզյան

Տավուշի գյուղերի բնակիչներին առաջարկել են տեղափոխվել Իջևա՞ն

Դատելով Տավուշի հանձնման ենթակա գյուղերի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման լուսանկարներից՝ իրավիճակը դրամատիկ է, և դա արտացոլվում է բնակիչների դեմքերին։

Որոշ նյութեր արտացոլում են մարդկանց պատրաստակամությունը պայքարելու իրենց գյուղերի համար: Մյուս ալիքներն հաղորդում են, որ մարդիկ համակերպվել են։ Իսկ այսօրվա «Հրապարակ»-ը գրում է, որ գյուղերը հնարավորինս շուտ կհանձնվեն։

Այս վայրերից ծանոթներս ասում են, որ հանդիպման ժամանակ իշխանությունները մարդկանց առաջարկել են տեղափոխվել Իջևան։ Մարդիկ ասելեն, որ նման քաղաքականությամբ իշխանությունները շուտով կհրաժարվեն ոչ միայն Տավուշի գյուղերից, այլեւ Իջեւանից։

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կարծում է, որ Տավուշի մարզի 4 գյուղերի հանձնման մասին հայտարարությունը «ոչ միայն թշնամական պահանջ չէ, այլ, ցավոք, ՀՀ թուլության արտահայտություն է, ինչպես նաև անհայրենիքի հոգեբանություն»։

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի կարծիքով՝ ՀՀ դե ֆակտո իշխանությունները հարմար գործիք են թշնամու համար՝ հեշտացնելու Հայաստանի ու հայության վրա ստրկատիրական շղթաներ գցելը։

Էլբակյանը վստահ է, որ եթե իշխանությունը հրաժարվում է պաշտպանել երկրի շահերը, դա նշանակում է, որ իշխանությունը ոչ լեգիտիմ է, իսկ իրականում դա թշնամու հետ համագործակցող կոլաբորացիոն ռեժիմ է։

Եթե ​​Հայաստանի իշխանությունների նպատակը երկիրը պահպանելն է, ապա արդյո՞ք դա հնարավոր է անել՝ հայկական հողերը մաս-մաս կամ Արցախի պես ամբողջությամբ տալով։

Ալվարդ Գրիգորյան

Գիշերները չեմ կարողանում քնել, իմ երեխայի գերեզմանն այնտեղ է․․․

Դեմքին անթիվ կնճիռներ ունեցող այս տարեց կինը Արցախից բռնի տեղահանված տիկին Ռազմիկն է։ Իր տղամարդկային անվան նման կյանքն էլ ավելի շատ լիքն էր տղամարդկային պարտականություններով։ Երիտասարդ Ռազմիկը Ճարտարից եկել էր Հադրութ և ամուսնացել։ Իրենց ընտանիքում սերն ու համերաշխությունը մեծ արժեքներ էին, որին համապատասխան էլ ապրում էին 4 երեխաները։

Ռազմիկի ավագ որդին՝ Ռոբերտը, որը ծառայել էր Գերմանիայում, 1992թ․ վերադարձավ Ստեփանակերտ և մասնակցեց պատերազմին։ «Երեխաս գնաց կռիվ․․․Զանգեց ասաց՝ մամ, այսօր չեմ վերադառնա, Ավոն ասաց, որ երեկոյան բոլորս պիտի մնանք kազարմայում»,-արցունքները զսպելով վերհիշում է տիկին Ռազմիկը։

Հետո կատարվեց աղետը։ «45 տոննանոց տանկը գլորվեց ձորը, լյուկի մեջի երկու տղան մի կերպ դուրս եկան, ողջ մնացին, իսկ իմ երեխային 10 օրից բերեցին․․․Որդին 8 ամսական էր»։

Դրանից հետո տիկին Ռազմիկի կյանքն էլ ավելի բարդացավ։ Պատերազմի ժամանակ ավերվել էր այն տունը, որտեղ իրենք ապրում էին։ Որդու մահից հետո ամուսինն էլ հիվանդացավ և մահացավ։ Ստիպված էր կյանքի ծանր լուծն իր վրա վերցնել․ կառուցել կիսավեր տունը՝ միաժամանակ մշակել ապրուստի միջոց հանդիսացող բանջարանոցը և հանգամանքների բերումով միայնակ խնամել փոքրիկ թոռանը՝ Սերգեյին։

Արդեն մեծ տարիքում Սերգեյը խոստովանում է, որ տատիկն իր համար և մայր էր, և հայր։ Միասին վերհիշում են կյանքի ուրախ և տխուր պահերը։ Մի անգամ, 8-րդ դասարանում սովորելու ժամանակ, ուսուցչի և Սերգեյի միջև վեճ է առաջանում, ինչն ավարտվում է Սերգեյի հասցեին հնչած ընտանեկան բնույթի վիրավորանքներով ․․․Սերգեյը հրաժարվում է մասնակցել դասերին, այնինչ՝ վտանգվում է դպրոցական վկայական ստանալու ընթացքը։ Տիկին Ռազմիկը երկար պայքարելուց հետո կարողանում է ստանալ վկայականը և թոռանը տեղափոխել Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարան։

«Ամուսնացրի Սերգեյին, հարսը ոտքը դրեց առաջին աստիճանի վրա, երկու ափսեներն էլ  ջարդեց, ասացի՝ Աստված, եկող տարին մի տղա երեխա բերի, իմ երեխայի անունը դնեմ, սիրտս կհովանա»,-պատմում է տիկին Ռազմիկը։

Նրա կանխատեսումներն իրականանում են՝ միայն թե փոքրիկ Ռոբերտը ծնվում է 2020թ․ պատերազմի ընթացքում։

Ներկայումս նրանց ընտանիքը հաստատվել է Գյումրիում՝ «Լորիկ» բարեգործական հիմնադրամի կողմից նվիրաբերած տանը, սակայն տիկին Ռազմիկը չի կարողանում գիշերները քնել։ Անընդհատ մտածում է՝ որդու գերեզմանը թողել են Արցախում․․․

Տաթև Ազիզյան

 

Արցախցի թոշակառու. Հայաստանում անհնար է թոշակով ապրել, եթե անօթևան ես

Լուսանկարն արվել է 2020 թվականի նոյեմբերին, Քարվաճառում։ Ամուսիներ են. 44-օրյա պատերազմից հետո վերադառնում են տուն։ Մի քանի օրից Քարվաճառը կհանձնվի, բայց այն ժամանակ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու երկայնքով հատկացված ավտոբուսներով մարդիկ վերադառնում էին իրենց տները՝ իրենց Արցախ։

Իսկ Արցախում արդեն եռակողմ պայմանագիր և ռուս «խաղաղապահներ» էին։ Թվում էր, թե դա ապահով կյանքի երաշխիք էր։ Բայց աջորդ երեք տարվա ընթացքում ադրբեջանական կողմն անարգել իրականացրեց հայերի սպանություններ ու առևանգումներ, տարածքներ գրավեց, ժողովրդին ենթարկեց լիակատար շրջափակման և գործն ավարտեց պատերազմով ու բռնի տեղահանությամբ։

Ես չգիտեմ, թե ինչ եղավ այս ամուսնական զույգի հետ: Բայց եթե ողջ են, հավանաբար ենթարկվել են տեղահանության, զրկվել արժանապատիվ ծերությունից, ինչպես արցախցի եւս 20 հազար տարեցներ։

Հայաստանում կառավարության պայմանները թոշակառուների համար անհասանելի են՝ անկարողության պատճառով։ Կենսաթոշակների չվճարում վեց ամսվա ընթացքում, օրերով հերթեր անձնագրային գրասենյակներում, բնակարանների բացակայություն՝ ահռելի գների պատճառով, վերջին ամիսների ընթացքում կուտակված պարտքեր։

Արցախցի թոշակառու Մաքսիմը ստացել է 6 ամսվա թոշակը մարտի սկզբին` անձնագրային բաժանմունքներում երկամսյա սպասումներից ու հերթերից հետո։ Հավաքել է գրեթե 250 հազ․ դրամ։ Գումարի մեծ մասը թոշակառուն հատկացրել է այս ամիսների ընթացքում կուտակված պարտքերը մարելու համար։ Մնացած չնչին գումարը բաժանվել է հաջորդ օրերին՝ մինչեւ ապրիլյան թոշակը չմեռնելու համար։

Նա նշեց, որ Հայաստանում ոչ մի սոցիալական ծրագիր կենսաթոշակառուների ապահովության համար չկա։ «Ըստ ամենայնի, կառավարությունը մեզ համարում է ժամանակավոր խնդիր՝ հույս ունենալով, որ կարճ ժամանակում բոլորը կմահանան, իսկ տարեց մարդու խնդիրը կվերանա նրա հետ միասին։ Արցախցի իմ ծանոթներից շատերը ձմռանը մահացել են՝ չդիմանալով փորձություններին։ Փաստը մնում է փաստ, որ Հայաստանում անհնար է թոշակով ապրել, եթե անօթևան ես»։

Ալվարդ Գրիգորյան

Ձյան ծածկը Ջերմուկում հասնում է 85 սմ, Մարտունիում՝ 58 սմ

Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում շարունակվում են դիտվել առատ տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և  նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ  ձյան ծածկի առավելագույն բարձրությունն այս պահին Արագածի մերձգագաթային մասում կազմում է 156սմ, Ջերմուկում՝ 85սմ, Ամբերդում՝ 75սմ, Մարտունիում՝ 58սմ,  մյուս լեռնային մարզերում՝ 20-50սմ։

Հանրապետության առանձին շրջաններում 24 ժամում թափվել է ամսական նորմայի չափ տեղում։ Այսօրվա դրությամբ բոլոր մարզերում տեղումների քանակը գերազանցել է ամսական նորման և հիմնականում կազմում է նորմայի 150-200, առանձին հատվածներում մինչև՝ 276 տոկոսը։

Այս պահի դրությամբ հանրապետության առանձին շրջաններում տեղումները շարունակվում են։  Մարտի 20-ի կեսօրից հետո  տեղումները կարճ ժամանակով կդադարեն։ Մարտի 21-ին Միջերկրական ծովի շրջաններից մեզ է մոտենում հաջորդ ցիկլոնը, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում տեղումներ կվերսկսվեն, որոնք լեռնային մարզերում կրկին կլինեն ձյան տեսքով։

Սիմոնյանը Բաղունցին ընդունել է որպես «մասնավոր անձ»՝ հրաժարվելով միջխորհրդարանական համագործակցությունից

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս տարեվերջին Արցախի ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի պարտականություններն իրականացնող Գագիկ Բաղունցը գրավոր դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ընդունելություն խնդրելով, որ քննարկեն Արցախի եւ Հայաստանի միջեւ միջխորհրդարանական նիստեր անցկացնելու հարցեր։

Սակայն Ալեն Սիմոնյանը մերժել է՝ պատասխանելով, որ եթե որպես քաղաքացի է ուզում հանդիպել, կընդունի, որպես ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնակատար` ոչ։ Հիշեցնենք, որ ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը սեպտեմբերյան իրադարձություններից հետո գտնվում է Բաքվի բանտում, նրան փոխարինում է Բաղունցը։

ԱԺ նախագահի խոսնակին հարցրինք` եղե՞լ է արդյոք նման առաջարկ, եւ ընդունե՞լ է Ա. Սիմոնյանը Բաղունցին: Խոսնակ Նելլի Ղուլյանը փոխանցեց․ «Այո, հարցում եղել է: Ալեն Սիմոնյանը հրաժարվել է ընդունել Գագիկ Բաղունցին: Ինչ վերաբերում է որպես ՀՀ քաղաքացի ընդունելությանը, պարոն Սիմոնյանը պատրաստ է ընդունել ցանկացած ՀՀ քաղաքացու: Դրա համար նախատեսված ընթացակարգ եւ օրեր կան»։ Իսկ թե այլ կարգավիճակով հանդիպում եղել է, խոսնակը պատասխանեց` ոչ, չի եղել:

Չնայած արցախյան մեր աղբյուրները հայտնում են, որ Բաղունցը` որպես քաղաքացի, հանդիպել է ԱԺ նախագահի հետ։ Մեր տեղեկություններով, Արցախի ԱԺ նախագահը փորձել է պայմանավորվել, որ Արցախ-Հայաստան միջխորհրդարանական քննարկում-հանդիպում կազմակերպվի, սակայն ՀՀ ԱԺ նախագահը չի ցանկացել անգամ լսել այդ մասին»:

ԱՄՆ “հատուկ ուշադրությունը” Տավուշին․ պատերազմը օրինակա՞ն է

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հիմնախնդրին հատուկ ուշադրություն է դարձնում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին այն մասին, որ Ադրբեջանի հետ պատերազմից խուսափելու համար անհրաժեշտ է սահմանի արագ սահմանազատում իրականացնել:

«Սա մի խնդիր է, որին մենք շարունակում ենք հատուկ ուշադրություն դարձնել։ Սա հարց է, որի վրա ոչ միայն պետքարտուղարը (խմբ․ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն), այլև նրա օգնական Օ’Բրայենը (խմբ․ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայեն), ինչպես նաև ավագ համակարգող Բոնոն (ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնո) շարունակում են կենտրոնանալ՝ շփվելով համապատասխան զրուցակիցների հետ»,- եզրափակել է խոսնակը։

Պատելը չի մեկնաբանել, թե ի՞նչ կանի ԱՄՆ պատերազմի դեպքում, նույնիսկ չի հայտարարել դրա անթույլատրելիության մասին, փաստորեն, “աջակցելով” Փաշինյանին եւ նրան անձնական երաշխիք տալով։ Երեկ Երեւանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նույնպես չհերքեց “պատերազմի իրավականությունը” եւ “հիացավ” Փաշինյանի հանձնառությամբ։