Խաչանով – Ռուբլյով մրցախաղում արցախահայությանն օգնելու նպատակով հանգանակվել է ավելի քան 100 հազար դոլար

Անցած շաբաթ ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում տեղի ունեցած Կարեն Խաչանով – Անդրեյ Ռուբլյով բարեգործական մրցախաղի շնորհիվ հանգանակվել է ավելի քան 100 հազար դոլար, որը կհատկացվի արցախահայերին։

Աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովն այդ մասին գրառում է արել Ինստագրամում։

«Անցած շաբաթ օրը մենք դարձյալ անցկացրին բարեգործական մրցախաղ Հայաստանի եւ Արցախի ժողովրդին աջակցելու նպատակով։ Այս տարի մեզ հաջողվել է հավաքել ավելի քան 100 հազար դոլար։

Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել այս միջոցառման մասնակիցներին, մասնավորապես, իմ լավ ընկեր Անդրեյ Ռուբլյովին, որը չմնաց անտարբեր, կազմակերպիչներին՝ Homenetmen Glendale Ararat ակումբին՝ ի դեմս Էրիկ Էսրաիլյանի։ Շնորհակալ եմ նաեւ իմ հովանավորներ Wilson-ին եւ Nike-ին, որոնք 100-ից ավելի թենիսի ռակետներ եւ համազգեստ են ուղարկել երեխաների համար։

Հայաստանին եւ Արցախի ժողովրդին օգնելու ճանապարհի ամենասկզբում եմ, բայց հույս ունեմ, որ այս փոքր քայլերը մոտ ապագայում կբերեն լավ փոփոխությունների»,- գրել է Խաչանովը՝ հրապարակելով լուսանկարներ բարեգործական միջոցառումից։

news.am

Որոշում․ 40+10 հզ աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ

ՀՀ կառավարության հաջորդ նիստին կներկայացվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը մինչև տարեվերջ երկարացնելու որոշումը։ «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։

– Տիկի՛ն Ժամակոչյան, և՛ վարչապետը, և՛ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն իրենց ելույթներում վերջին շրջանում խոսեցին ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային մատչելիության ծրագրի և դրամական աջակցությունների շարունակման մասին։ Ի՞նչ է արվում այս պահին այդ ուղղություններով, ի՞նչ փուլում են ծրագրերը։ 

– Այո՛, նախ նշեմ, որ դրամական աջակցությունը շարունակելու որոշումը Կառավարության ընդունմանը կներկայացնենք մյուս հինգշաբթի։ Այս մասին վարչապետն արդեն իսկ հայտարարել էր օրեր առաջ։ Նախագծով նախատեսում ենք դրամական աջակցությունն առանց պայմանների փոփոխության երկարացնել մինչև 2024 թ. դեկտեմբերի վերջ։

Հիշեցնեմ, որ յուրաքանչյուր անձի հաշվով 2023թ հոկտեմբերից սկսած վճարվել են 40 + 10 հզ-ական դրամ բնակելի անարժ գույք չունեցող ընտանիքների անդամներին և 10 հզ-ական դրամ անշարժ գույք ունենալու դեպքում՝ իհարկե միջոցառման մյուս պայմաններին բավարարելու դեպքում: Այս ամիսներին շարունակաբար միջոցառման պայմանները վերանայվել են, ինչի արդյունքում ավելացել են նոր շահառու խմբեր: Բարելավման այս մոտեցումը կարծում եմ կպահպանենք: Մինչև ծրագրի երկարացման որոշումը նախաձեռնել էինք աշխատանքային քննարկում, և կարևոր առաջարկներ ստացանք տեղական և ԼՂ–ում հայտնի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից ու պարզապես ծրագրի շահառու հանդիսացած ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից։

Միաժամանակ, կարծում եմ՝ 2025թ ևս դրամական աջակցության միջոցառումը կշարունակենք, սակայն պայմանները փոփոխելով և կենտրոնանալով անաշխատունակ և խոցելի անձանց ու ընտանիքների կարիքների բավարարման վրա։

Ինչ վերաբերում է բնակարանային մատչելիության ծրագրին, ապա այն մշակման փուլում է, և պայմանների հստակեցման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս պահին շարունակում է այս ուղղությամբ հանդիպումները։ Պետք է նշեմ, որ քննարկումներն այս դեպքում նույնպես ընթանում են ոչ միայն պետական մարմինների միջև, այլև հրավիրվում են տեղական և ԼՂ–ում հայտնի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և գործիչներ։ Հանդիպումների նպատակը ԼՂ բռնի տեղահանվածների համար Հայաստանում բնակվելու կայուն ծրագրեր մշակելիս բոլոր կողմերի կարծիքները լսելն է՝ առաջարկները դիտարկելու համար։ Բնականաբար, հաշվի են առնվելու բռնի տեղահանվածների կարիքները, որոնք ձգտելու ենք բավարարել պետության հնարավորությունները մեծացնելով և նոր միջոցներ ներգրավելով:

Միաժամանակ ծրագրով նախատեսվող որոշ պայմաններ արդեն հստակեցվել են․ մասնավորապես բնակարանի գնման կամ կառուցման նպատակով աջակցության չափը կլինի մեկ անձի հաշվով 3 մլն դրամ: Բացի այդ, ներդրումային առաջնահերթություն ունեցող բնակավայրերում բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու դեպքում աջակցության չափը կավելանա՝ հասնելով 4մլն-ի, իսկ առանձին բնակավայրերում անգամ 5 մլն դրամի:

Ծրագրի շահառու կլինեն ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձինք, քանի որ, ինչպես նշեցի, ծրագիրը ուղղված է ԼՂ բռնի տեղահանվածների Հայաստանում կայուն կյանքի աջակցությանը։ Պարզ է նաև, որ հաշվի առնելով ծրագրի մասշտաբը՝ այն չի կարող իրագործվել միանգամից և կունենա փուլային ընթացք, կտևի 3-5 տարի, սակայն կառանձնացվեն առաջնահերթություններ ունեցող ընտանիքները, որոնց համար ծրագիրը կմեկնարկի այս տարվանից։ Հստակ է, որ 3 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները կունենան առաջնահերթություն։

– Դուք նշեցիք, որ դրամական աջակցության ծրագիրը շարունակվելու է մինչև դեկտեմբեր, սակայն մատչելի բնակարանի ծրագիրը կտևի 3-5 տարի։ Ի՞նչ է լինելու դեկտեմբերից հետո այն ընտանիքների հետ, որոնք այս տարի չեն դառնա բնակարանային ծրագրի շահառու։ 

– Արդեն նշեցի Կառավարությունը տարբեր ձևաչափերով կշարունակի աջակցել ԼՂ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ կացության և կեցության ծախսերը հոգալու հարցում։ Ուզում եմ նշել նաև, որ թեև դրամական աջակցությունները կշարունակվեն 2025թ ևս, մեր աջակցության ամենակարևոր ձևն ենք համարում աշխատաշուկայում ԼՂ տեղահանվածներին աշխատանք գտնելու համար խթանող պայմաններ ստեղծելը։

ՀՀ ՊԵԿ տրամադրած տվյալների համաձայն՝ ՀՀ-ում փետրվարի դրությամբ աշխատանքով է ապահովված ավելի քան 11 հազար ԼՂ բռնի տեղահանված։

ՆԱՏՕ-ն հիացած է Փաշինյանով․ Ստոլտենբերգը զրոյացնում է Արեւմուտքի “վարկանիշը” Հայաստանում

Հայաստանը հետաքրքրված է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Կառավարությունում տեղի ունեցած ընդլայնված կազմով հանդիպման շրջանակներում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երեւանում հանդես է եկել հայտարարությամբ, որը կարող է խիստ հակակրանք առաջացնի Հայաստանում Ալյանսի նկատմամբ։ “Ես անձամբ հիացած եմ Ձեր առաջնորդությամբ և հանձնառությամբ”,- ասել է Ստոլտենբերգը Փաշինյանին, որը բառացիորեն երեկ գնացել էր Տավուշի մարզ եւ հայտարարել, որ եթե 4 գյուղ չտանք, մինչեւ շաբաթվա վերջ պատերազմ կլինի, եւ Հայաստանը կպարտվի այդ պատերազմում։ Ընդ որում նա չի ներկայացրել այդ 4 գյուղի պատկանելիության որեւէ իրավական հիմք, միայն վախեցրել է, որ Բաքուն ու Անկարան գործի կդնեն “ուժի իրավունքը”, իսկ Հայաստանը կհրաժարվի դիմադրելուց։

Դրանո՞վ է հիացած Ստոլտենբերգը եւ հասկանո՞ւմ է նա, թե ինչ մեսիջ է դրանով ուղարկում հայ հասրակությանը ՆԱՏՕ-ի դիրքորոշման մասին։  

Չինաստանը ղժժում է Հայաստանի վրա․ «Միջին միջանցքը» Տավուշո՞վ կանցնի

Այսօր՝ մարտի 19-ին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Ֆան Յոնգին:

Հանդիպման ընթացքում մարզպետը դեսպանին ներկայացրել է հնարավոր համագործակցության ուղղությունները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Քննարկվել են նաեւ Տավուշի մարզում կրթության ոլորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության զարգացմանն ուղղված հարցեր:

Դեսպանն իր խոսքում վստահեցրել է, որ այս ոլորտների զարգացումն արդյունավետ կլինի, որովհետև Տավուշի մարզը զարգացման մեծ հնարավորություններ ունի:

Այսօր Չինաստան է այցելել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Հանդիպումների ժամանակ ընդգծվել է երկու երկրների համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու փոխադարձ ցանկությունը։ Մասնավորապես, մտքերի փոխանակություն է տեղի ունեցել «Միջին միջանցք» նախագծի իրականացման, COP29-ի շրջանակներում փոխգործակցության և Ադրբեջանից կանաչ էներգիայի փոխադրման ծրագրին Չինաստանի մասնակցության շուրջ», – X-ում գրել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Միջին միջանցքը (կամ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին) միջազգային տրանսպորտային միջանցք է, որն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով, ապա Թուրքիայով դեպի եվրոպական երկրներ:

Եթե նկատի ունենանք, որ երեկ Փաշինյանը գնացել է Տավուշ, որ համոզի 4 գյուղ հաձնել, իսկ ընդդիմությունն ասում է, որ այդ դեպքում Բաքուն 15 կմ առաջ կգա ու կհասնի Լոռու մարզին, կարելի է ենթադրել, որ Չինաստանի դեսպանն այսօր Տավուշ է գնացել, որ «Միջին միջանցքի» եւս մեկ երթուղի դիտարկի։ Ընթաքցում էլ ղժժացել հայերի վրա՝ թե բա Տավուշի զարգացում։    

Հայկական կողմը ՌԴ-ին ծանուցել է «Միր» քարտի սպասարկումը դադարեցնելու մասին

Ռուսական կողմը Հայաստանի վճարային համակարգից պաշտոնական ծանուցում է ստացել, որ մարտի 30-ից բանկերը կդադարեցնեն «Միր» քարտերի սպասարկումը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան ՏԱՍՍ պետական գործակալությունը՝ վկայակոչելով «Միր»-ի պաշտոնական հաղորդագրությունը։

Լրատվամիջոցը հավելում է, որ միևնույն ժամանակ «ՎՏԲ Հայաստան» բանկը, որն ամբողջությամբ սպասարկում է «Միր» քարտերն իր ենթակառուցվածքներով, կշարունակի աշխատել Հայաստանում ռուսական քարտերով։

2024 թվականի փետրվարին «Միր»-ը կամ ռուսական ազգային վճարային համակարգը ԱՄՆ պատժամիջոցների թիրախում է հայտնվել, Վաշինգտոնը պնդում է, որ այդ համակարգի միջոցով «Ռուսաստանը շրջանցում է պատժամիջոցները և պահպանում կապերը միջազգային ֆինանսական համակարգի հետ»։

Վաղը հանրահավաք է՝ ինչպես խուսափել կեղտոտ խաղերի մեջ մտնելուց և ներկայացնել արցախցիների պահանջների էությունը

Վաղը՝ մարտի 20-ին, արցախյան կազմակերպությունները արտոնված հանրահավաք են անցկացնելու Երեւանի Ազատության հրապարակում։ Ըստ կազմակերպիչների՝ արցախցիները մտադիր են իրենց սոցիալական խնդիրների լուծումները պահանջել։ Նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն ասաց, որ վաղվա հանրահավաքը կապված չէ Հայաստանի կամ Արցախի քաղաքական ուժերի հետ, դա վերքաղաքական իրադարձություն է։

Այնուամենայնիվ, նույնիսկ հանրահավաք անելու մտադրությունն արդեն որոշակիորեն իր ազդեցությունն է ունեցել։ Հայկական լրատվամիջոցները գրում են, որ այսօր մեկնարկող խորհրդարանական ժողովի օրակարգում կլինեն նաև արցախցիների սոցիալական իրավունքներին առնչվող հարցեր։ Ավելին, ինչպես նշվեց, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներին հանձնարարվել է երբեմն հանդիպել արցախցիների հետ, պարզել, թե ինչն է նրանց հուզում և հատկապես որ հարցերն են պայթյունավտանգ։

Թերթերից մեկն ուշադրություն է հրավիրել մի կարևոր խնդրի վրա. փաստորեն, Հայաստանի իշխանությունները չեն ճանաչում Արցախի ընտրված ղեկավարներին, սակայն պատրաստ են աշխատել հասարակական կազմակերպությունների հետ։ Հասարակական կազմակերպությունները չպետք է փոխարինեն պետական ​​կառույցներին, կարծում են փորձագետները։ Թերթերը գրում են, որ ՀՀ իշխանությունները ցանկանում են հասարակական կազմակերպություններից մարմին ստեղծել, արցախցիները, հասկանալով նման ձեռնարկության վտանգը, համաձայն չեն, և վաղվա հանրահավաքում կարող են սադրանքներ լինել այդ կապակցությամբ։

Արցախի կառավարական կառույցների հետ շփվելուց և համագործակցելուց Հայաստանի ղեկավարության կտրականապես հրաժարվելը կապված է ոչ միայն արտաքին «գործընկերներին» և տերերիի ծառայելու հետ։ Հայաստանի ղեկավարությունը բազմիցս փորձել է հանել Արցախի նկատմամբ իր քաղաքականության մեղքը և մեղադրել «Արցախի նոր իշխանություններին» Արցախի հանձնման, ցեղասպանության և տեղահանության մեջ։ Ավելին, Փաշինյանը չէր ամաչում ասել, որ արցախցիներին հայրենիքից զրկել են, որպեսզի նրանց բերեն Հայաստան ու այստեղ իշխանություն փոխեն։

2023 թվականի սեպտեմբերի 19-ից ուղիղ 6 ամիս անց արցախցիները Հայաստանի ներքաղաքական գործերին միջամտելու փորձ անգամ չարեցին։ Բայց կասկած չկա, որ վաղվա հանրահավաքը կմեկնաբանվի հենց որպես «իշխանափոխության» փորձ։ Դրա համար էլ Արտակ Բեգլարյանն ասում է, որ հանրահավաքը կապված չէ քաղաքական ուժերի հետ։

Սակայն քաղաքական խնդիրներից հեռու մնալը արցախյան ակտիվ ուժերի դիրքերը կարող է իջեցնել մինչեւ սովորական “սոցիալական բողոքի”, թեև բոլորը հասկանում են, որ արցախցիների սոցիալական խնդիրների ակունքները զուտ քաղաքական են։ Խնդիրներն առաջացել են շատ կոնկրետ քաղաքական որոշումների արդյունքում։ Եվ պատահական չէ, որ Հայաստանի իշխանությունը Բերձորի միջանցքում անցակետի ստեղծումից անմիջապես հետո սկսեց հայտարարել, որ խնդիրը զուտ մարդասիրական է։ Արցախի ժողովրդի խնդիրներով զբաղվող կենտրոնն առ այսօր անվանվում է մարդասիրական։ Իբր՝ քաղաքական ոչինչ չկա։

Մինչդեռ ՀՀ կառավարության ձեռնարկած իրավակարգավորումները այնպիսի խառնաշփոթ են ստեղծել, որ ոչ ՄԱԿ-ը, ոչ էլ միջազգային այլ կազմակերպություններ չգիտեն՝ որ կողմից մոտենալ։

Արցախի բնակիչներին շնորհվել է «ժամանակավոր պաշտպանության» կարգավիճակ կամ Հայաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորություն։ Միևնույն ժամանակ, Հայաստանի կառավարությունը չստեղծեց միասնական մարմին, որը կզբաղվեր Արցախի ժողովրդի խնդիրներով, իսկ Ղարաբաղի իշխանությունների գործունեությունը Հայաստանի տարածքում գործնականում արգելված է։

Պետական ​​քաղաքական և իրավական աջակցության բացակայությունը հանգեցրել է նրան, որ ղարաբաղցիների սոցիալական խնդիրները չեն լուծվում, դժվարանում է լիարժեք ինտեգրումը, արցախցին զրկված է կոլեկտիվ ինքնակառավարումից և չունի հնարավորություն ներկայացնել իր իրավունքները միջազգային և ազգային մակարդակում։

«Ժամանակավոր պաշտպանության» կարգավիճակը միջազգային կարգավիճակ չէ և ավելի քան 100 հազար մարդու զրկում է փախստականների համար միջազգային կոնվենցիաներով նախատեսված իրավունքներից և սոցիալական աջակցությունից օգտվելու հնարավորությունից։ Իր հերթին, Հայաստանի քաղաքացիություն ստանալը դժվար է և շատ ժամանակ է պահանջում։ Իրավունքների նման բացակայությունը հանգեցնում է նրան, որ տեղահանված ղարաբաղցիների սոցիալական և այլ իրավունքների լուծումը կախվածության մեջ է Հայաստանում առանձին պաշտոնյաների քմահաճույքից և «ողորմածությունից»։

Հայաստանում Արցախի ժողովրդի իրավական կարգավիճակի որոշումը, նրա իրավունքների հստակեցումը, օգնության կենտրոնացումը և ինքնակառավարման հնարավորությունը թույլ կտան Հայաստանի կառավարությանն ու դոնորներին լուծել Արցախի ժողովրդի սոցիալական և հումանիտար խնդիրները։ Բացի այդ, դա պետք է հիմք հանդիսանա արցախյան հիմնախնդիրը միջազգային հարթություն վերադարձնելու և միջազգային սկզբունքների վրա հիմնված բանակցությունները շարունակելու, այդ թվում՝ ինքնորոշման և ուժի չկիրառման հիման վրա։ Արցախի ժողովրդին անքակտելի իրավունքներից զրկած ուժերն ու անհատները պետք է պատասխանատվության ենթարկվեն միջազգային չափանիշներով.

Կկարողանա՞ն վաղվա հանրահավաքի կազմակերպիչները ներկայացնել պահանջների բուն էությունը և խուսափել կեղտոտ խաղերի մեջ ներքաշվելուց։

Նաիրա Հայրումյան

Արցախցիները պարզ հարցեր են տալիս, պատասխանեք այդ հարցերին

«Տարբեր պետական մարմիններ իրարամերժ եւ իրարից տարբերվող պարզաբանումներ ու պատասխաններ են տալիս Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

«Նախ, անթույլատրելի է հատկապես իշխող քաղաքական ուժի կողմից սոցիալական եւ հանրային կյանքում առկա այլ խնդիրների հակադրությունն՝ ըստ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված մեր հայրենակիցների։ Չի կարելի նման բան անել, սա այնտեղը չէ, որտեղ սեւեր-սպիտակներ կամ տարանջատումներ պիտի արվեն։ Ականջներիդ օղ արեք, չի կարելի, եւ սա իրական կարմիր գիծ է։ Շաբաթ-կիրակի օրերին այցելել էի Մարտունու եւ Արտաշատի տարածաշրջաններ, կոնկրետ մարդիկ պարզագույն հարցերն են բարձրացնում, տվեք այդ հարցերի պատասխանները։ Եվ տարբեր պետական մարմիններ իրարամերժ եւ իրարից տարբերվող պարզաբանումներ ու պատասխաններ են տալիս մարդկանց։ Չի կարելի՝ առանց այն էլ բազմաթիվ խնդիրներով են մարդիկ։ Օրինակ՝ պարզ բացատրեք այդ մարդկանց կարգավիճակի տարբերությունները՝ ՀՀ քաղաքացիության դեպքում ինչ իրավունքներ ունեն, ինչ իրավունք ունեն փախստականի կարգավիճակի դեպքում։

Մարդիկ հարցնում են՝ եթե, օրինակ, իրենք ՀՀ քաղաքացիություն վերցնեն այդ ընթացակարգերով, արդյոք կկորցնեն, թե՞ չեն կորցնի իրենց պահանջի հատուցման, փոխհատուցման իրավունքը, իրենց՝ հայրենիք վերադառնալու իրավունքը։ Բացատրեք, բացատրեք այնքան, մինչեւ այդ մարդիկ պարզ կհասկանան, ոչ թե տարբեր մարմիններ տան տարբեր պարզաբանումներ՝ ամեն մեկն իր այսպես ասած նեղ անձնական շահերից կամ այլ թաքնված ցուցումներից բխող»։

«Հաջորդ խնդիրը, օրինակ, հենց Մարտունու Լիճք գյուղում բնակվող 9 հոգանոց ընտանիքի մայր էր եկել՝ արցունքն աչքերին, բնականաբար, այդ ընտանիքում 6 երեխա հաշմանդամություն ունեցող մեկ անձ, մնացածն էլ գործազուրկ։ Հիմա այս ընտանիքին որեւէ սոցիալական աջակցություն չի ցուցաբերում պետությունը, այդ մարդը ո՞նց ապրի։ Այդ պարագայում դուք ո՞նց եք հակադրում, ասում եք՝ աղքատ ընտանիքներ Հայաստանում էլ կան։ Բայց մարդիկ տուն ու տեղը կորցրած, հայրենիքը կորցրած բազմազավակ ընտանիքներ են։ Սրանք այն հարցերն են, որոնց սխալ մոտեցման դեպքում վրա է հասնելու նաեւ Աստծո դատաստանը»,- նշեց Թադեւոս Ավետիսյանը։

Աղազարյան․ Եթե մենք այս քայլը կատարենք, իրենք ընդառաջ քայլ չկատարեն, ապա մենք մտնում ենք տուպիկ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգանավոր Հովիկ Աղազարյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ է իշխանությունը միակողմանի զիջումների գնում եւ թշնամուն հանձնում հայկական բնակավայրերը։

«Եթե դա կարող է դիտվել միակողմանի քայլ, թող այդպես դիտվի, տեսնենք միջազգային հանրությունն ինչ է ասում։ Մենք, լինելով այս տարածաշրջանում շատ դժվար աշխարհաքաղաքական իրավիճակում, ունենալով Թուրքիայի եւ Ադրբեջանի պես հարեւաններ, մեր հնարավորությունները շատ սահամանափակ են։ Մենք պետք է անպայման մեր քայլերի մեջ ներգրավենք միջազգային ուժերի ուշադրությունը։ Մենք անում ենք ընդառաջ քայլ խաղաղության գործընթացների տրամաբանության մեջ»,- ասել է Աղազարյանը։

Միաժամանակ նա նշել է, որ թշնամուց ընդառաջ քայլեր չի տեսնում․ «Եթե մենք հիմա այս քայլը կատարենք, իրենք ընդառաջ քայլ չկատարեն, ապա մենք մտնում ենք տուպիկ»։

Հովիկ Աղազարյանը հավելել է․ «Տավուշի մարզում չկան գյուղեր, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Տավուշի մարզում կան բնակավայրեր, որոնք պատկանել են ադրբեջանական խորհրդային հանրապետությանը, եւ դրանք ոչ թե պետք է հանձնվեն, այլ պետք է վերադարձվեն իրենց վերահսկողությանը»։

 

Աբրահամյան․ դրական է, որ Տավուշի մարզի համայնքների բնակիչները դեմ են այս ծրագրերին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում  նշեց, որ Նիկոլ Փաշինյանի քայլերն ընդլայնելու են ադրբեջանական պահանջներն ու ախորժակը, եւ ադրբեջանական ճնշումները գնալով ավելի մեծ տեմպ են ստանալու։

Աբրահամյանն ասաց, որ եթե թշնամուն հանձնվեն Տավուշի մարզի չորս գյուղերը, ինչի մասին հայտարարել է Փաշինյանը, անվտանգային լուրջ խնդիրներ կառաջանան։ «Ժամանակին ոչ միայն այդ, այլ նաեւ մնացած ուղղություններում, այդ թվում՝ Արցախի Պաշտպանության բանակի պաշտպանական ուղղություններում առաջնագիծը, ինժեներական կառույցներն իրենց ողջ ենթակառուցվածքներով տեղակայվել են՝ հաշվի առնելով տվյալ ուղղությամբ պաշտպանություն իրականացնող զորքի խնդիրները եւ նպատակները։ Եվ դիրքավորում է տեղի ունեցել բոլոր այն մարտավարական ու ռազմավարական նշանակության բարձունքներում, որոնք մեզ հնարավորություն են տվել մեր պաշտպանական խնդիրներն առավել արդյունավետ իրականացնելու։ Մեխանիկական տեղափոխությունները դեռեւս չի նշանակում նույն պաշտպանական խնդիրների էֆեկտիվությունը»,- ասաց նա։

Տիգրան Աբրահամյանը հավելեց՝ շատ կարեւորն է, որ հանրությունն իր ձայնը բարձրացնի, եւ դրական է, որ Տավուշի մարզի համայնքների բնակիչները դեմ են այս ծրագրերին, որովհետեւ շատ ժամանակ իշխանությունն օգտագործել է իրավիճակը, որ տարբեր համայնքներում բողոքի ձայն ու դժգոհություն չի եղել, եւ ավելի հեշտ են գնացել զիջումների։ «Ցանկացած հայտարարություն, որը հնչում է Երեւանից, չունի այն ուժը եւ այն հնարավորությունը, որը կարող է ստեղծվել, երբ բողոքի ձայնն առաջին հերթին արտահայտվում է հենց այդ գյուղերում։ Դա ունի որոշակի զսպաշապիկի դեր, որովհետեւ այս պահին խոսվում է չորս գյուղի մասին, հետագայում նաեւ քննարկման մեջ է մտնելու չորս անկլավների հանձնման թեման, բայց այս իշխանության քաղաքականությունը շատ բանով պայմանավորված է լինելու նրանից, թե հանրային կարծիքն ինչպես է դրսեւորվում եւ հատկապես տեղերից ինչպիսի արձագանք է լինելու։ Երբ սասանվում են իշխանության դիրքերը, երբ իրենք խնդիր են տեսնում իրենց պաշտոնի եւ իշխանության մասով, իրենց քայլերում շատ ավելի զգուշություն են դրսեւորում»,- ասաց պատգամավորը։

Ըստ նրա՝ ընդդիմությունն այս իրավիճակում ունի խնդիր՝ բարձրաձայնելու եւ հասարակության բոլոր շերտերի համար ընկալելի դարձնելու այն մատուցումը, թե ինչ վտանգ է սպառնում մեր երկրին։ «Երկրորդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր բոլոր խնդիրների հիմքում այս իշխանության գոյությունն է եւ նրա վարած քաղաքականությունը, բնականաբար, ընդդիմությունն իր գործունեությունը պետք է ուղղի իշխանության շուտափույթ հեռացմանը։ Օրակարգը սա է, որովհետեւ մենք այս պահին Տավուշն ենք քննարկում, մեկ այլ փուլում այլ իրավիճակ ենք քննարկելու, բայց դրա հիմքում կա մեկ մեծ խոչընդոտ, դա Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանության գոյությունն է»։

Տիգրան Աբրահամյանիը նկատեց մի վտանգավոր միտում՝ նախքան տարածքներ հանձնելը իշխանությունը նախապատրատսական գործընթաց է տանում, այդ տարածքները հռչակում է ադրբեջանական։ Եվ սրանով խնդիր է ստեղծում ոչ միայն բուն բանակցային գործընթացում, այլ նաեւ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում կլինեն խնդիրներ։ «Օրինակ՝ այդպես եղավ Արցախի դեպքում, երբ Ադրբեջանի հարձակումից դեռեւս մեկ տարի առաջ հայտարարվեց, որ Արցախն Ադրբեջան է, եւ հետագայում Ադրբեջանը գործողություններ իրականացնելիս հղում էր անում նաեւ երկրի իշխանություններին, այդ թվում՝ Փաշինյանի հայտարարություններին։ Ցավոք սրտի, այս պահին որոշակի առումով խնդիրն արտացոլված է նաեւ այստեղ, որովհետեւ Տավուշի մարզում նա արդեն իսկ այդ գյուղերը հռչակել է ադրբեջանական։ Եվ եթե լինի դիմադրություն կամ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ իշխանությունը վախենա գնալ նման քայլի, զուտ իշխանությունը կորցնելը հաշվի առնելով, հնարավոր ռազմական գործողությունների դեպքում Փաշինյանն իր հայտարարություններով Ադրբեջանի համար արդեն լեգիտիմ դաշտ է ստեղծել։ Եվ իրավական առումով բոլորը հղում են անելու Նիկոլ Փաշինյանի լեգիտիմացրած այդ դրույթներին։ Եվ այս իրավիճակում Ադրբեջանը հերթական անգամ մարսելու է իր քայլերը։ Սա ամենավտանգավոր դրսեւորումներից մեկն է»,- ընդգծեց նա։

 

Փաշինյանը Պուտինին շնորհավորել է, հենց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ինքնաթիռն վայրէջք է կատարել Հայաստանում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով: Ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։

Հուսով եմ, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկխոսությունը կզարգանա՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ Ձեր գործունեության մեջ»։

Հիշեցնենք, որ Փաշինյանը շնորհավորել է Պուտինին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ինքնաթիռի Երևան վայրէջքից անմիջապես հետո։ Ալիեւը նույնպես շնորհավորել է Պուտինին այն օրը, երբ Ստոլտենբերգը Բաքվում էր։

Գառնիկ Դանիելյան. եթե հայ ժողովրդի կողմից ճնշում լինի, Փաշինյանը հետ կկանգնի իր որոշումներից

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Տավուշի մարզի 4 գյուղերը թշնամուն հանձնելու դեպքում մի շարք աղետների առաջ ենք կանգնելու բոլորս։

«Դա Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն է, կոմունիկացներն են, ՀՀ մտնող գազն է, կահավորված առաջնագիծն է, որը 30 եւ ավելի տարիներ կահավորվել է։ Այսինքն՝ թիկունքը բացվում է, հյուսիս-արեւելյան դարպասները բացվում են թշնամու առաջ։ Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումներն անմիջապես հայտնվելու են ճանապարհին, Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ ֆրակցիան Ադրբեջանի հատուկ ջոկատայիններին բերում ու կանգնեցնում են միջպետական ճանապարհի վրա։

Եվ հաջորդիվ այդ տարածքի գյուղերում ոչ մանկապարտեզ, ոչ դպրոց, ոչ մի պետական հաստատություն չի կարողանալու աշխատել, ուղիղ նշանառության տակ են մնալու։ Այդ տարածաշրջանն ամբողջությամբ դատակվելու է, այդ մասին հանդիպման ժամանակ ասել են նաեւ գյուղաիցները, ասել են՝ թշնամուն բերում ես, հասցնում ես գյուղի մեջ, ըստեղ մա՞րդ է մնալու»,- ասաց նա։

Գառնիկ Դանիելյանը նշեց, որ եթե հայ ժողովրդի կողմից ճնշում լինի, Նիկոլ Փաշինյանը հետ կկանգնի իր որոշումներից։

«Այդ ճնշումը պետք է լինի, բազմաթիվ օրինակներ կան, որ երբ ժողովուրդը կանգնել ու ցույց է տվել իր դիրքորոշումը, ինքն իր որոշումներից հետ է կանգնել։ Մենք բազմիցս նշել ենք, որ Արցախը մեր վահանն է, Արցախը հանձնելու պարագայում մենք լրջագույն մարտահրավերների առաջ ենք կանգնելու, թշնամին կանգ չի առնելու, նորանոր պահանջներ է ներկայացնելու»,- ասաց նա։

Դանիելյանն ասաց, որ այդ գյուղերում 8-րդ դարի եկեղեցի է վեր խոյանում, բազմաթիվ հայկական հուշարձաններ կան։ «Դրանք ադրբեջանական կարող են անվանել միայն ադրբեջանցիները եւ այստեղ ապրող թրքահպատակ հայերը։ Ադրբեջանը ոչ թե ԽՍՀՄ իրավահաջորդ է ճանաչել իրեն, այլ Մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդ։ Այսինքն՝ այդ գյուղերի՝ ադրբեջանական լինելու թեզն այստեղ հոլովելն անտեղի է, դրանք բուն հայկական տարածքներ են»,- հավելեց նա։

Նա նշեց, որ տավուշցիները կտրուկ անհամաձայնություն են հայտնել, ասել են, որ այդ հրեշավոր որոշումն իրականացնելու դեպքում տարածաշրջանի որեւէ գյուղ բնակեցված չի նա։

«Աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում. կիզակետում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը»․ քննարկում Բելգիայի Սենատում

Բելգիայի Սենատում մարտի 25-ին տեղի կունենա «Աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում. կիզակետում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը» խորագրով կլոր սեղան- քննարկում, որի նպատակն է վերլուծել Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական զարգացումները 2020 թվականի սեպտեմբերից ի վեր, այս համատեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները:

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ կլոր սեղանի գլխավոր բանախոսներն են լինելու Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Էլս Վան Հուֆը, միջազգային բանակցությունների վերլուծաբան, Clingendael ինստիտուտի համահիմնադիր Փոլ Մերթսը, գրող, դիվանագետ Օլիվյե Վեբերը և Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Բանախոսները լույս կսփռեն տարածաշրջանում զարգացումների վրա՝ միջազգային, մարդու իրավունքների տեսանկյունից, կվերլուծեն միջազգային հանրության արձագանքը, մասնավորապես ԵՄ-ի դերը։ Քննարկման մասնակիցները կխոսեն նաև ապագայի հեռանկարների, առկա իրավիճակից ելքերի և անհրաժեշտ հստակ քայլերի մասին, որոնք պետք է ձեռնարկվեն՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի և արցախահայության անքակտելի իրավունքները։