Մարտի 19-ից 20-ը Հայաստանը կգտնվի հարավից եկող հզոր ցիկլոնի ազդեցության տակ, հայտնում է Հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Այսպես, մարտի 19-ին, ինչպես նաև 20-ի գիշերը Շիրակի, Լոռու և Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռներում և նախալեռներում սպասվում է ձյուն, որոշ հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Հեղինակ՝ naira
ԵՄ-ը Հայաստանին ու Վրաստանին կինտեգրի՝ իշխանությունների կամքին հակառակ
Մարտի 18-ին Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարների Բրյուսելում ընթացող նիստի օրակարգում, այլ հարցերի թվում, կներառվեն Հայաստանին աջակցությունը Եվրամիության կողմից եւ Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորումը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչին։
Մի քանի օր առաջ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւում նշված է․ «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»։
Հայաստանի իշխանություններն ի պատասխան ասում են, որ թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտ ներկայացնելու համար իրենք դեռ պետք է հանրային քննարկումներ անցկացնեն եւ պարզեն, արդյո՞ք ՀՀ քաղաքացիները ուզում են դա։
ՀՀ իշխանությունների նման կրավորական պահվածքն արդեն կասկածներ ու քմծիծաղ է առաջացրել․ տեղյակ փորձագետներն ասում են, որ Եվրամիությունը, տեսնելով, որ իշխանությունները ժողովրդի կամքի դեմ են գնում, որոշել է Վրաստանին եւ Հայաստանին “ինտեգրել”՝ առանց իշխանությունների կարծիքը հարցնելու։ Վրաստանի իշխանությունները ի պատասխան այդ փորձերի սկսել են բացահայտ խոստովանել, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն իրենց համար ավելի կարեւոր են։
Հայաստանի իշխանությունները դեռ “հակառուս եւ արեւմտամետ” են ձեանում, սակայն արդեն բացահայտ ասվում է, որ Հայաստանը երբեք այդքան կախված չէր Ռուսաստանից եւ Թուրքիայից, ինչքան այս իշխանությունների օրոք։
Եվրոպայի քաղաքականությունը բավականին կոշտանում է, եւ հեռու չէ այն օրը, երբ եվրոպական առաջնորդները պատռեն ներկայիս ՀՀ իշխանության դիմակը։ Շոլցը դա արդեն արել է, Փաշինյանի հետ ասուլիսում խոսելով արցախցիների ինքնորոշման իրավունքի մասին եւ ապացուցելով, որ այդ իրավունքը խեղդողը Փաշինյանն է։ Նույնն արել է Մակրոնը՝ կոչ անելով հայերի բոլոր պրոբլեմները փնտրել Փաշինյանի մոտ։ Նույնիսկ եվրոպական դիտորդների մուտքը Հայաստան կատարվել է ՀՀ իշխանությունների կամքին գրեթե հակառակ։
Եվրոպական առաջնորդները Փաշինյանի կառավարության հետ ակնհայտորեն հույս չեն կապում, դրան փաստի առաջ դնելով։
Պուտինը պարտվել է Երևանում և Գյումրիում
ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքները Հայաստանում տեղակայված ընտրատեղամասերում հետևյալ պատկերն ունի, հայտնում է radar.am-ը։
Երևան՝
Դավանկով-63%
Պուտին-8%
Խարիտոնով-1%
Սլուցկի-1%
Անվավեր քվեաթերթիկ 17%
Գյումրի՝
Դավանկով – 48%
Պուտին – 21%
Խարիտոնով-2%
Սլուցկի-1%
Անվավեր քվեաթերթիկ – 10%
Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ՀՀ գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի
Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին
ՀՀ բարձրագույն իշխանությունների հայտարարությունները միջազգային դատական ատյաններում և այլ կառույցներում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու հնարավորության մասին հարուցում են խիստ մտահոգություններ. այդպիսի քայլերն անվերականգնելի վնաս կհասցնեն Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։
Այդ առթիվ շեշտադրում ենք հետևյալը.
1. Իշխանության բարձրագույն մակարդակում արվող այդ հայտարարությունները բացարձակապես անթույլատրելի են:
2. Ադրբեջանի դեմ գանգատներն ունեն Հայաստանի ու Արցախի հայերի, առհասարակ հայ ժողովրդի իրավունքների խախտումների համար միջազգային պատասխանատվություն ապահովելու ռազմավարական նպատակ: Դրանք անփոխարինելի միջոցներ են մեր հավաքական ու անհատական իրավունքների պաշտպանության և միջազգային արդարադատության համար:
3. Առանց միջազգային արդարադատության հնարավոր չէ հասնել կայուն ու տևական խաղաղության, ինչպես նաև կանխել ադրբեջանական նորանոր ոտնձգություններն արդեն ուղիղ կերպով Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ` Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթման ձևով ու այլ հանցանքներով:
4. Միջազգային ատյաններում առկա այդ գործընթացներն անհրաժեշտ քայլեր են նաև Արցախի ժողովրդի դեմ հանցագործությունների քննության և հավաքական իրավունքների պաշտպանության համար: Դրանք կարևորագույն նշանակություն ունեն Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի, Արցախում հոգևոր-մշակութային ժառանգության, հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանության և վերադարձից հետո այնտեղ միջազգային պաշտպանության մեխանիզմների երաշխավորմամբ անվտանգ ու արժանապատիվ կյանքի ապահովման հարցում:
5. Ավելին, ներկայացված գանգատներով ու հայցերով Հայաստանի Հանրապետությունը հանձնառություն է ստանձնել միջազգային ատյաններում պաշտպանելու ադրբեջանական հանցագործությունների հետևանքով տուժածների իրավունքները, այդ թվում` բռնի տեղահանված արցախահայության գույքային և այլ իրավունքները:
Դրա արդյունքում մարդիկ զերծ են մնացել միջազգային դատական ատյաններ անհատական գանգատներ ներկայացնելուց, իսկ իրավական պաշտպանության միջազգային միջոցներից Հայաստանի հրաժարվելու և դրանք քաղաքական հարթություն տեղափոխելու դեպքում որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը կկատարի այդ պահանջները:
Հետևաբար, ՀՀ ներկայացրած հայցերից հրաժարվելն անխուսափելիորեն հանգեցնելու է տուժածների իրավունքների պաշտպանության միջազգային այս կարևորագույն գործիքակազմերի գործադրման անհնարինությանը՝ ելնելով հենց այդ գործիքակազմերի ձևական պահանջներից:
6. Միջազգային ատյաններում ներկայացված են նաև բազմաթիվ անհատական գանգատներ միջպետական գանգատներից բացի, և դրանցից հրաժարվելու դեպքում անորոշ է լինելու անհատական գանգատների ճակատագիրը:
Այս դեպքում անհատական գանգատների ուժը կա´մ զգալիորեն կթուլանա, կա´մ միջազգային դատարանը դրանք կարող է պարզապես միացնել միջպետական գանգատներին, որոնցից երկիրը հրաժարվում է, և մերժել դրանք:
Ստացվելու է` Կառավարության անթույլատրելի քաղաքական որոշման պատճառով մարդիկ զրկվելու են իրենց իրավունքների միջազգային դատական պաշտպանությունից:
7. Միջազգային ատյաններում գանգատներն ու պահանջներն անփոխարինելի են Հայաստանի դիվանագիտության համար: Միջազգային պահանջներից հրաժարումն անդառնալի վնասներ կհասցնի ՀՀ-ին միջազգային ասպարեզում` խարխլելով դիվանագիտական դիմադրողականության հիմքերը:
8. Ադրբեջանական իշխանությունները տարիներ շարունակ հայերի դեմ վարել են խորքային ռասիզմի և ատելության քաղաքականություն` սկսած Հայաստանից ու Արցախից մինչև Սփյուռք:
Ադրբեջանը ոչ միայն երբևէ չի փորձել պաշտպանել որևէ հայի կամ անգամ կանխել որևէ հայի իրավունքի խախտում, այլ պետական մակարդակով, հաճախ «խաղաղության» շղարշի ներքո, խրախուսել ու ոգևորել է հային ցանկացած վնաս հասցնելը` սպանություններ, խոշտանգումներ, առևանգումներ, կամայական ազատազրկումներ ու գերեվարումներ, հոգեկան տառապանքներ և այլն:
9. Ավելին, ադրբեջանական գործող իշխանության ցեղասպանական քաղաքականությունը յուրաքանչյուր հանցանքից հետո մշտապես ավելի է խորացրել թշնամանքը և ստեղծել է նոր հանցանքների հիմքեր: Այդ կերպ առաջ են եկել ահագնացող սպառնալիքներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հավաքական գոյության դեմ առհասարակ:
10. Սրան գումարվում է այն, որ Հայաստանի իշխանությունն անընդհատ միակողմանիորեն բավարարում է ադրբեջանական պահանջները՝ սին հույսով, որ Ադրբեջանը կանգ կառնի, բայց դա այդպես էլ տեղի չի ունենում ու տեղի չի էլ ունենալու:
11. Ադրբեջանի իշխանությունը երբեք էլ խաղաղության իրական մտադրություններ չի ունեցել: Նրանց միջազգային պահանջները Հայաստանի դեմ եղել են միայն արհեստական` զուտ հայելային` քայլ՝ արտաքին աշխարհին մոլորության մեջ գցելու, շղարշ ապահովելու և սեփական հանցանքները կոծկելու համար:
12. Միջազգային ատյաններ Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից Հայաստանի կառավարության հրաժարումն օրինականացնելու է ադրբեջանական ատելության քաղաքականությունն ու ծանր հանցանքները հայ ժողովրդի նկատմամբ, ծնելու է մեր իրավունքների նոր խախտումներ ու հանցանքներ:
13. Հաշվի առնելով վերը շարադրվածը` Հայաստանի իշխանություններից վճռականորեն պահանջում ենք զերծ մնալ միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատներից հրաժարվելու հայտարարություններից ու գործողություններից։
Ավելին, պահանջում ենք ներկայացնել միջազգային դատական նոր հայցեր բոլոր հնարավոր կոնվենցիաներով, այդ թվում՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման հանցագործության համար քրեական պատիժ կիրառելու պահանջով Միջազգային քրեական դատարանին դիմելու միջոցով:
Ստորագրողներ`
Գեղամ Ստեփանյան, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան
Արման Թաթոյան, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան
Արտակ Բեգլարյան, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան
Սիրանուշ Սահակյան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար
Արա Ղազարյան, «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի հիմնադիր և ղեկավար, միջազգային փորձագետ
Հայաստանում սպասվում է տեղումնառատ եղանակ, օդի ջերմաստիճանը 5-7 աստիճանով նվազելուց հետո նույնքան կբարձրանա
Հայաստանի տարածքում մարտի 17-ի ցերեկը, 18-ին՝ առանձին շրջաններում, 19-22-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, մարտի 19-ին, 20-ի գիշերը տեղումները առանձին վայրերում կլինեն ինտենսիվ։
«Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 17-ի ցերեկը, 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, 20-22-ին՝ նույնքան կբարձրանա։
Ըստ աղբյուրի՝ Երևանում մարտի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 19-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 19-ին տեղումները կլինեն ինտենսիվ։
Պաշտոնական. գրեթե հինգ ամսում Հայաստանից հեռացել և չի վերադարձել 7825 արցախցի
5 ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում գրանցված 7825 քաղաքացի լքել է Հայաստանը և չի վերադարձել։ Այս մասին են վկայում Sputnik Արմենիայի՝ գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ կառավարությանը տրամադրված տվյալները։
Այսպես, 2023 թվականի սեպտեմբերի 4-ից մինչև 2024 թվականի մարտի 4-ը Հայաստանից հեռացել է Արցախում հաշվառում ունեցող 13619 քաղաքացի, որից վերադարձել է միայն 5794-ը։
Հայաստանում գրանցված է 101848 ներքին տեղահանված անձ Լեռնային Ղարաբաղից, այդ թվում՝ 30 հազար երեխա։ Մարզերում բնակվում է 72626 տեղահանված, մնացածը՝ Երևանում։
Արևմուտքը կճանաչի՞ Պուտինի «ընտրությունները». Ուկրաինան արդեն արել է առաջին քայլը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահը տխուր իրադարձություն էր, բայց «նման բաներ տեղի են ունենում»: Պուտինը նաև ասել է, որ Նավալնու մահից մի քանի օր առաջ որոշ անձերից առաջարկ է ստացել փոխանակել Նավալնիին Արևմուտքում բանտարկված մարդկանց հետ, և անմիջապես համաձայնել է այդ մտքին։ Այն, որ Պուտինին նման գործարք է առաջարկվել, ավելի վաղ հայտնել էին ընդդիմադիրի գործընկերները։
Պուտինը ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկության ավարտից հետո իր շտաբում կայացած մամուլի ասուլիսում առաջին անգամ հրապարակավ բարձրաձայն ասաց Նավալնիի անունը։
Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար շրջանի Խարպայի ԻԿ-3 գաղութում։
«Այն անձը, ով խոսեց ինձ հետ փոխանակման մասին, դեռ չէր ավարտել իր նախադասությունը, և ես ասացի. «Համաձայն եմ»: Միայն մեկ պայմանով՝ փոխենք նրան, որ չվերադառնա, թող մնա այնտեղ»,- ասել է Պուտինը։
Ինչպես երեւում է, Նավալնին չի համաձայնել չվերադառնալ։ Սակայն Պուտինի խոստովանանքը պետք է դիտարկել որպես Պուտինի վախ ռուս ժողովրդի մի մասի հանդեպ, որը կարող է ցանկացած պահի ոտքի կանգնել և պատասխան պահանջել։
Փորձագետները Նավալնիի սպանությունը գնահատեցին որպես Պուտինի փորձ՝ ցույց տալու, որ նա Ռուսաստանում միակ տիրակալն է և կարող է սպանել բոլոր նրանց, ովքեր դեմ են նրան: Այնուամենայնիվ, Նավալնիին հրաժեշտի 10 օրը, երբ հազարավոր մարդիկ եկան նրա գերեզմանին, ինչպես նաև «կեսօրն ընդդեմ Պուտինի», չնայած Պուտինի օգտին ստացած «ձայների» 89%-ին, ցույց տվեցին, որ սպառնալիքները, ընտրությունները, ընդհանուր աջակցությունը շղարշ են, և ցանկացած պահի Ռուսաստանի համար ամեն ինչ կարող է փոխվել.
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ ոմանք փորձում են միջամտել ընտրություններին` նկատի ունենալով առաջին հերթին Բելգորոդի մարզում ռուսական սահմանը ճեղքելը։ Այսօր արդեն հրապարակվում են կադրեր, որտեղ պատկերված են ռուս հակապուտինյան կամավորների խմբերը, որոնք գրավել են Բելգորոդի շրջանի երկու գյուղ։ Իսկ Ուկրաինայի իշխանությունները խոսում են ռուսական կանոնավոր զորքերի ստորաբաժանումների կամավորներին միանալու հավանականության մասին։
Բայց Ռուսաստանի համար հիմնական վտանգը այնտեղ չէ։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեգնական տոնով «շնորհավորեց» Պուտինին հաղթանակի կապակցությամբ՝ դեռ ընտրությունների ավարտից առաջ։ Սա հուշում է, որ Ռուսաստանի ընտրությունները կարող են չճանաչվել արևմտյան հանրության կողմից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Սա ներառում է Ռուսաստանի նոր կառավարության հետ համագործակցությունից, այդ թվում Ռուսաստանի հետ պայմանագրերից հրաժարվելը, մասնավորապես այն ոլորտներում, որոնք ծառայում են որպես ռուսական եկամտի հիմնական աղբյուրներ։
Այս երկու տարվա ընթացքում Եվրոպան ապացուցեց, որ կարող է ապրել առանց ռուսական գազի։ Ուկրաինան արդեն արել է առաջին քայլը։
Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն հաստատել է, որ Կիևը մտադիր չէ որևէ լրացուցիչ համաձայնագիր կնքել կամ երկարաձգել Ռուսաստանի հետ գազի տարանցման պայմանագիրը։ Այս մասին նա հայտարարել է մարտի 17-ին։ Այս պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը, մանրամասնեց նախարարը։
Գալուշչենկոն նաև ընդգծել է, որ ուկրաինական գազափոխադրման համակարգը, այդ թվում՝ ստորգետնյա գազապահեստարանները, անցած տարի անցել է «սթրես թեստ» և պատրաստ է գործել առանց Ուկրաինայի վրա հարձակված երկրից գազի տարանցման, և ԵՄ երկրները ռուսական գազից արագ հրաժարվելու հաջող փորձ ունեն։
Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է միջուկային զենք կիրառել այն երկրների դեմ, որոնք սպառնում են Ռուսաստանի ինքնիշխանությանը և ամբողջականությանը։ Ի՞նչ միջոցներ կձեռնարկի Պուտինը, եթե արևմտյան հանրությունը հրաժարվի ճանաչել իր իշխանության օրինականությունը և հրաժարվի տնտեսական պայմանագրերից։
Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ «Ռուսաստանը երբեք ի վիճակի չի եղել ազգ դառնալու։ Միշտ կայսրություն է եղել ցարով, սովետներով, հիմա էլ՝ Պուտինով։ Սա Ռուսաստանի մշտականությունն է, նրա քաղաքական ինքնությունը և, որպես հետևանք, սպառնալիք իր հարևանների և հատկապես մեզ համար»:
Այն, ինչպես Ռուսաստանը վերաբերվեց Հայաստանին և հայ ժողովրդին, բումերանգի պես կվերադառնա նրան։ Իսկ հայկական Արցախը հերթական անգամ կտեսնի ռուսական օկուպացիոն զորքերի հապճեպ դուրսբերումը։
Կոպիրկինը Պուտինին դե՞մ է գնացել. Ռուսական «կեսօր» Երևանում
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Ռուսաստանի և նրա ժողովրդի համար շատ բան է կախված լինելու Ռուսաստանում ընթացիկ նախագահական ընտրությունների արդյունքներից, և երկիրը շրջադարձային փուլ է ապրում։
Դեսպանն, ըստ էության, դեմ է դուրս գալիս Պուտինին, որի միակ գաղափարախոսությունը կայունությունն է, ով վերջերս հայտարարեց, որ երկիրը ոչ թե խաչմերուկում է, այլ ռազմավարական ուղու վրա։
Ի՞նչ շրջադարձային պահ է ակնկալում Կոպիրկինը։ Պուտինն արդեն հայտարարել է, որ ոմանք ցանկանում են փչացնել ընտրությունները, այն բանից հետո, երբ ռուս դիվերսանտները ընտրությունների օրերին ճեղքեցին Ռուսաստանի սահմանները և, փաստորեն, գրեթե փողոցային մարտեր են մղում Բելգորոդի մարզում։ Բացի այդ, Ռուսաստանում զելյոնկա են լցնում քվեատուփերի մեջ, հրկիզում և բողոքի քվեարկություն են անում։
Նավալնիի սպանությունից հետո, երբ մարդիկ մոտ 10 օր գալիս էին նրա գերեզմանի մոտ՝ ցույց տալով, որ ռեպրեսիվ խեղդամահը կարելի է կոտրել, իսկ Ռուսաստանում կյանքը լիովին չի մահացել, ռուս պաշտոնյաները դադարեցին թաքցնել, որ ընտրությունները կարող են շրջադարձային դառնալ։
Ռուսական ընդդիմությունն իր հերթին Յուլիա Նավալնայայի կոչով այսօր անցկացնում է «Կեսօրն ընդդեմ Պուտինի» ակցիան։ “Մենք պետք է օգտագործենք ընտրությունների օրը՝ ցույց տալու համար, որ մենք կանք, և մենք շատ ենք, մենք իրական մարդիկ ենք և դեմ ենք Պուտինին։ Դուք պետք է այցելեք ընտրատարածքներ նույն օրը և նույն ժամին՝ մարտի 17-ի կեսօրին: Ինչ անել հետո, կախված է ձեզանից: Դուք կարող եք քվեարկել ցանկացած թեկնածուի օգտին, բացի Պուտինից։ Դուք կարող եք փչացնել ձեր քվեաթերթիկը: Դրա վրա կարելի է մեծ տառերով գրել «Նավալնի»: Եվ նույնիսկ եթե ընդհանրապես իմաստ չեք տեսնում քվեարկելու մեջ, կարող եք պարզապես գալ և կանգնել ընտրատեղամասում, իսկ հետո շրջվել և գնալ տուն:
Եթե անգամ ձեզ ստիպել են ավելի վաղ քվեարկել, ոչինչ չի խանգարի ձեզ մարտի 17-ին ժամը 12-ին կանգ առնել ընտրատեղամասի մոտ։ Կարեւորը գալն է։ Սա շատ պարզ և անվտանգ գործողություն է, այն չի կարելի արգելել։ Եվ դա կօգնի միլիոնավոր մարդկանց տեսնել համախոհներ և հասկանալ, որ մենք միայնակ չենք, մենք շրջապատված ենք մարդկանցով, ովքեր նույնպես դեմ են պատերազմին, կոռուպցիայի դեմ և անօրինականությանը»,- հորդորեց Նավալնայան։
«Մենք մի փոքր ուժեղացրել ենք անվտանգությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրություններն ընթանում են շատ կարևոր, բարդ քաղաքական ժամանակաշրջանում, ինչպես նաև հաշվի առնելով, որ ընտրողները կարող են ավելի շատ լինել, քան սովորաբար։ Ուստի մենք ապահովեցինք մեզ, որպեսզի ցանկացած անսպասելի իրադարձություն ժամանակին կասեցվի անհրաժեշտության դեպքում կամ կանխվի»,- այսօր ասաց Կոպիրկինը` հիշեցնելով, որ Հայաստանում հազարավոր ռուսներ կան:
Հայաստանում արդեն հսկայական հերթ է Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Ռուսական լրատվամիջոցները դա ներկայացնում են որպես Պուտինի օգտին քվեարկելու ռուսների ցանկություն։
Օդեսա vs Բելգորոդ. մարտեր Ռուսաստանի տարածքում
Բելգորոդը, որտեղ ռուսական զինված ընդդիմությունը՝ ի դեմս РДК-ի, ЛСР-ի և Սիբիրյան գումարտակի, ռազմական գործողություն է իրականացնում Պուտինի բանակի դեմ, երկրորդ անգամ ենթարկվեց մի շարք հզոր պայթյունների և թնդանոթի, և քաղաքում ոռնում է օդային հարվածի ազդանշանը։ Համապատասխան կադրերը ակտիվորեն տարածվում են սոցիալական ցանցերում։ Մինչդեռ Z-փաբլիկները պնդում է, որ ռուսական հակաօդային պաշտպանությունն այժմ փորձում է որսալ բազմաթիվ հրթիռային համակարգերից արձակված հրթիռները, եւ բեկորները ընկել են քաղաքի ձեռնարկություններից մեկի վրա։
Իր հերթին Ուկրաինայի ռազմական հետախուզությունը հրապարակել է Բելգորոդի շրջանի բնակիչների նոր գաղտնալսված խոսակցությունը տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։ «Բոլորը, ով կարող է, ով ավելի հարուստ է, հավանաբար, ով ինչ-որ տեղ ունի գնալու, զանգվածաբար հեռանում է։ Գրեյվորոնը տարհանվում է Գրանիտնոյե։ Հարյուր տոկոս մոբիլիզացիա է լինելու, ասում էին զինկոմիսարիատից»,- ասվում է հրապարակված գրառման մեջ։ Այս մասին հայտնում է Dialogue.UA-ն։
Ի պատասխան՝ Ռուսաստանը ռմբակոծում է Օդեսան։
Լեհաստանի կառավարության ղեկավար Դոնալդ Տուսկը դիմել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մայք Ջոնսոնին, ով արգելափակում է Ուկրաինային ռազմական օգնությունը։ Տուսկը կոչը հրապարակել է մարտի 16-ին X սոցիալական ցանցի իր պաշտոնական աքաունթում։ Եվս քանի՞ փաստարկ է անհրաժեշտ որոշում կայացնելու համար (Ուկրաինային օգնության մասին-խմբ.)»,- գրել է Լեհաստանի վարչապետը։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 15-ին, Ռուսաստանը կրկնակի հրթիռային հարված է հասցրել Օդեսային։ Մեկ բալիստիկ հրթիռ արձակելով՝ ռուսները սպասել են, որ փրկարարները, բժիշկները և ոստիկանները ժամանեն հարձակման վայր և նորից խոցեն։ Վերջին տվյալներով՝ այս հարձակման ժամանակ զոհվել է 21 մարդ, ևս 70-ը վիրավորվել են, շատերը՝ «ծանր» վիճակում։
Հայաստանում այս ձմեռը եղել է ամենատաքը վերջին 57 տարվա ընթացքում
Համաձայն Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների Հայաստանի Հանրապետությունում 2023-2024թթ․ ձմեռը եղել է վերջին 57 տարիների ամենատաք ձմեռը։
Օդի միջին ջերմաստիճանը կազմել -1,48 աստիճան, որը գերազանցել է 1961-1990թթ․ ժամանակահատվածի նորման (-5,5C) 4,0 աստիճանով։
«Հայաստանը և ԵՄ-ն՝ ԼՂ հայաթափումից հետո» խորագրով համաժողով Բրյուսելի Ազատ Համալսարանում
Բրյուսելի Ազատ Համալսարանում (ULB) տեղի ունեցավ «Հայաստանը եւ ԵՄ-ն՝ ԼՂ հայաթափումից հետո» խորագրով համաժողով, որը կազմակերպվել է «Նաիրյան» միության եւ Բրյուսելի Ազատ համալսարանում ՄԱԿ-ի համայնքի ջանքերով։ Համաժողովի բանախոսն էր Բելգիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՄ-ում մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դեսպանն ուսանողներին ներկայացրեց 1988-2023 թվականների ընթացքում տեղի ունեցած զարգացումները, ԼՂ պատմությունն՝ իր բոլոր շերտերով՝ շարժում, պատերազմներ եւ բանակցություններ։
Դեսպանն անդրադարձավ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացում ՀՀ տեսակետներին, ԵՄ հետ երկկողմ հարաբերություններին, համագործակցության խորացմանն ու ապագա համատեղ ծրագրերին։
«ՀՀ արտաքին քաղաքականությունը ո՛չ շրջադարձ է դեպի Արեւմուտք, ո՛չ էլ շրջադարձ է դեպի Արեւելք: ՀՀ արտաքին քաղաքականությունը շրջադարձ է դեպի հայոց պետական շահը», – նշեց դեսպան Բալայանը։
Ներկա ուսանողներից շատերին հետաքրքիր էր իմանալ Հայաստանի ԵՄ անդամակցության հնարավոր թեկնածությունը։ Տիգրան Բալայանն իր պատասխաններում շեշտեց՝ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին մոտենալ այնքան, որքան ԵՄ-ն է պատրաստ դա անել։
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատներից հրաժարվելու անթույլատրելիության վերաբերյալ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ