Ի՞նչ է արել դատախազությունը՝ “սահմանազատման” օրինականությունը պարզելու համար

Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, այսօր՝ մայիսի 31-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակից մեկնարկած երթի մասնակիցները հասել են Գլխավոր դատախազության շենքի մոտ:

Այստեղ Բագրատ Սրբազանը ելույթ ունեցավ՝ նշելով. ««Հայաքվե» նախաձեռնությունը հայց է  ներկայացրել ապօրինի եւ անօրինական, հակասահմանադրական սահմանազատման հարցով, դատախազությունը ձեւական կեցվածքով ընդամենը երեւի ինչ-որ բան է արել: Որեւէ կերպ անդրադարձ չի եղել հանցագործներին: Հետեւաբար, դատախազությունը այս պահին մեր երկրում գոյություն չունի: Սա անօրինության բարձրագույն արտահայտությունն է»:

Այն վայրը, որտեղ, ըստ լուրերի, Պուտինը թաքնվում էր հնարավոր վտանգներից, ավերվել է հրդեհից

Ալթայում այրվել է Կրեմլի ղեկավարի ամառանոցը։ Այս եզրակացության են եկել ռուսական լրատվամիջոցները, որոնք ակտիվորեն սկսել են այս լուրերը տարածել համացանցում։ Միջադեպի մասին առաջինը հանրությանը հայտնել է ռուս բլոգեր Ամիր Այտաշևը։ Հենց նա է հրապարակել լուսանկարներ, որտեղ պատկերված է այրված շենքը, որը շատ է հիշեցնում Պուտինի Ալթայի նստավայրը։ Այս մասին հայտնում է Antikor.com.ua-ն։ Պաշտոնական հաստատում չկա, որ Ալթայում Պուտինի «բունկերն» այրվել է, և, ամենայն հավանականությամբ, չի լինի։ Միակ ապացույցը, որ ռուս դիկտատորն այլեւս տեղ չունի թաքնվելու, հրդեհից ավերված շենքի լուսանկարներն են։

Հայտնի չէ նաև, թե ինչն է հրդեհի պատճառ դարձել, քանի որ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, տեղի ԱԻՆ-ը չի մեկնաբանում տեղի ունեցածը, միայն ասում են, որ կարողացել են մարել կրակը։ Լրատվամիջոցների չհաստատված տեղեկությունների համաձայն՝ Պուտինի բունկերը գտնվել էր կրակի հետևանքով ավերված շենքի տակ։

Կարդալ ավելին  «Диалог.UA» կայքում

Forrights. «Արցախցիները մտադիր չեն օգտվել կառավարության բնակապահովման ծրագրից»

Forrights

Հասարակական գործիչ Արեգա Հովսեփյանը իր արցախյան 070 կոդով անձնագրով 2019-ից 2021 թվականը աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում և նրա համար որևէ խնդիր չի առաջացել երբևէ։ «Ունեի գաղտնիության հասանելիություն, որը ոչ ՀՀ քաղաքացին իրավունք չուներ ու չունի», -Forrights.am-ի հետ զրույցում ասում է Արեգան։ Այժմ սակայն, նրա համար տարօրինակ է՝ ինչու է պետությունը պահանջում փոխել արցախյան անձնագիրը, ստանալ տեղի հաշվառում և հետո միայն օգտվել այս կամ այն աջակցությունից։  «Հիմա հրահանգ է իջեցվել պետական մարմիններում, բանակում՝ բոլոր այն արցախցիները, ովքեր ունեն 070 կոդով անձնագրեր, շտապ կարգով պետք է դիմեն ու արագացված ընթացակարգով փոխեն իրենց անձնագրերը», -նշում է նա։

Բայց ամենաուշագրավը, ըստ Արեգայի, այն է, որ հայաստանյան որևէ կոդով, բայց Արցախի հաշվառմամբ անձնագիր ունեցողից պահանջում են գնալ, վերցնել 070 կոդով անձնագիրը, հետո գնալ փոխել՝  հայաստանյան որևէ կոդով նոր անձնագիր ստանալու համար։

Մեկ այլ խնդիր է ՀՀ կառավարության բնակարանային ապահովման ծրագիրը, որն ընդունվել է վերջերս և որից օգտվելու համար կառավարությունը պահանջ է դրել՝ պետք է ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Այս փուլում մշակվում են ու առաջիկայում կընդունվեն համապատասխան կարգերը, որոնց հիման վրա էլ հնարավոր կլինի դիմել ու օգտվել այդ ծրագրից։

ՀՀ քաղաքացիություն՝ տուն ունենալու դիմաց

Արցախցիների բնակապահովման ծրագիրն իրականացվելու է աջակցության  հետևյալ եղանակներից որևէ մեկով՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում, անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում և գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է՝ 5 մլն դրամ, եթե անձը ձեռք բերի կամ կառուցի իր տունը կամ բնակարանը Հայաստանի 242 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (ցանկը՝ այստեղ

4 մլն դրամ տրամադրվում է այն դեպքում, եթե անձը ձեռք է բերում կամ կառուցում իր տունը/բնակարանը Հայաստանի 148 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (ցանկը՝ այստեղ

3 մլն դրամ տրամադրվում է մնացած բոլոր բնակավայրերում, բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտուց, իսկ 2 մլն դրամ՝ եթե արդեն անձն ունի հիփոթեք, բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտում գտնվող գույքի։

Ծրագիրն իրականացվելու է 3 փուլով։ Առաջին փուլում կընդգրկվեն՝ 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 2 անչափահասով ընտանիքները և զոհվածի կամ այլ խոցելի ընտանիքը, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, ցանկացած այլ կազմի ընտանիք, որոնք կհամարվեն վարկունակ և աջակցության առնվազն 50% լրացուցիչ վարկ կստանան բանկից։ 2-րդ փուլում կընդգրկվեն՝ 2 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 1 անչափահասով ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը՝ ոչ ուշ, քան 2026-ի հունվարի 1-ն է։ Վերջապես 3-րդ փուլում կընդգրկվեն՝ ցանկացած կազմով ընտանիքները։ Ծրագրի երրորդ փուլի մեկնարկը՝ ոչ ուշ, քան 2027-ի հունվարի 1-ն է։

Այս ծրագրից օգտվելու գլխավոր նախապայմանը ՀՀ քաղաքացիություն ունենալն է։ ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը օրերս խորհրդարանում տեղեկացրել էր, որ Արցախից բռնի տեղահանված 2075 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Մինչ այժմ նրանցից 1437-ին է շնորհվել ՀՀ քաղաքացիություն։ Այս պահին փախստականի ժամանակավոր պաշտպանության վկայական է ստացել տեղահանված 96 696 անձ, հավառման է կանգնել 83 942անձ։

«Արցախցիները մտադիր չեն օգտվել կառավարության բնակապահովման ծրագրից»

Այս ծրագիրն արդեն սկսել են քննադատել արցախցի նախկին պաշտոնյաները․ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը համարում է, որ արցախցիների վերաբերյալ ընդունված այս ու մյուս ծրագրերը հենց արցախցիների արտագաղթը խթանելն է։

«Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը Արցախի ժողովրդի վերաբերյալ որոշումները կայացնում է առանց ռազմավարության, իսկ ավելի ճիշտ` մի շարք հիմքեր կան պնդելու, որ եղած ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է», -ասում է նա: Բացի այդ, նրա խոսքով, հաստատված ծրագիրը սկզբունքային խնդիրներ ունի ընտրված մոտեցումների առումով, որոնք չեն լուծելու ո՛չ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի թեմայի պահպանման հարցը, ո՛չ տեղահանված անձանց մեծամասնության մարդասիրական խնդիրները, ո՛չ էլ ՀՀ ժողովրդագրական խնդիրները:

Հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը շատ է շփվում արցախցիների հետ ու տեղյակ է՝ բնակապահովման ծրագիրը հանրայնացման առաջին իսկ օրվանից դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել բռնի տեղահանված արցախցիների շրջանում:

Այդ բողոքներն ու առանձին քննարկումները նկատի ունենալով սոցիալական հարթակներում Լիաննան նախաձեռնել է մի քանի հարցում, որի արդյունքներով՝ հարցվածների կեսից ավելին պատասխանել է, թե այս պահին չի պատրաստվում օգտվել ծրագրի առաջարկվող տարբերակից:

«Առհասարակ, եթե ներկայացված ծրագիրը չի ընդունել շահառուների առնվազն 10 -15 տոկոսը, սա արդեն ցուցիչ է, որ այն պետք է վերանայվի», — Forrights.am-ին ասում է Լիաննան:

Արցախցիների համար նախատեսված բնակապահովման ծրագրի վերանայման ու առաջարկների քննարկման հետ կապված կառավարությանն ուղղված Լիաննայի բաց նամակին արձագանքել է ՀՀ ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը։ Նա ասում է՝ նախարարի հետ հանդիպմանը ներկայացրել է բոլոր խնդիրները, մարդկանց դժգոհություններն ու մտահոգությունները։ «Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու, որպեսզի բնակապահովման ծրագրի վերանայման հարցը մտնի ՀՀ կառավարության օրակարգ», -ասում է Լիաննա Պետրոսյանը։

«Իրենք մեզ զրկել են քաղաքացիությունից ու հիմա ասում են՝ պետք է քաղաքացիություն ունենալ ծրագրից օգտվելու համար։ Այնքան նախապայման, սահմանափակում ու քիչ գումար են առաջարկում, որ մարդիկ շատերը մտածում են հրաժարվել այդ ծրագրից», -ասում է Արեգա Հովսեփյանը։

Հասմիկ Համբարձումյան

Վնասն ահռելի է ու այս պահին դժվար հաշվելի. Գնել Սանոսյան

Ազատություն

«Մոտ երկու մետր արդեն ջուրը նվազել է, ինչի հետևանքով, իհարկե, առաջացել է այս հսկայական աղետալի վիճակը և՛ Դեբեդ, և՛ Աղստև, և՛ Տաշիր գետերի և իրենց վտակների շուրջ առկա բնակավայրերում և տարածքներում». – հեղեղի վնասն ահռելի է ու այս պահին դժվար հաշվելի՝ սա Լոռու և Տավուշի մարզերում հեղեղից հինգ օր անց տարածքային կառավարման նախարարի գնահատականն է։

Պաշտոնյան, որ ղեկավարում է անհետաձգելի օգնության կառավարական օպերատիվ շտաբը, այսօր գործադիրի նիստում մանրամասներ ներկայացրեց:

Երկու մարզում ընդհանուր առմամբ շուրջ 20 կամուրջ է վնասվել. – «Ախթալայի և Քարկոփի կամուրջների վնասման հետևանքով յոթ բնակավայր Ալավերդի քաղաքի հետ կապ չունեն, և հիմա այնտեղի մատակարարումները իրականացվում են հիմնականում լեռնային անտառապատ մի հատվածի ճանապարհով, որը բարեկարգում ենք ընթացքում»:

141 մարդ դեռ մնացել է գետի մյուս ափին՝ Ալավերդիի Սանահին թաղամասում։ Սնունդն ու անհրաժեշտ իրերը փրկարարները դեռ շարունակում են ճոպաններով հասցնել։ Այդ գոտուց 443 մարդու են տարհանել:

Բնակիչների պնդումները, որ Լոռու մարզի Քարկոփ գյուղն էլ գոյություն չունի, փաստացի հաստատեց նաև Գնել Սանոսյանն ու շարունակեց. – «Գյուղը հիմնականում մեկուկես մետր և ավելի ջրածածկ է: Շատ մեծ վնասներ կան դրանից հարավ՝ դեպի Այրում կայարանում, երկաթգծի տարբեր կայարաններում և դեպի Բագրատաշեն ամբողջ գետի հունով այգիներ, շինություններ, հասարակական տարբեր օբյեկտներ: Այսինքն՝ վնասների մի մասը դեռ տեսանելի չէ»:

Տարհանված բնակիչներից 44-ն այս պահին հյուրանոցներում են, մյուսները նախընտրել են ծանոթ-բարեկամների տանը մնալ կամ վարձով ապրել: Նախարարը պնդեց, որ բոլորի հետ կապ կա, անհրաժեշտ ամեն ինչ տրամադրվում է:

Պաշտոնյաների այս հայտարարություններին զուգահեռ՝ կամավորականները համացանցում շարունակում են սքրինշոթեր տարածել, որտեղ մարդիկ իրենց գրում են, թե ինչի պակաս ունեն՝ տակդիրից մինչև ջուր ու այլ պարագաներ:

Բայց Սանոսյանն ասում է՝ փորձում են հնարավորինս համակարգված աշխատել: «Երեկ Թումանյան թաղամասը, մեծ մասը՝ մոտ 90 տոկոս մաքրել ենք, տիղմը և այլն հեռացրել ենք, և արդեն հնարավոր է, որ մասնագետները մոտենան շենքին, նկուղներին, բակերին, կարողանան մասնագիտական տեսանկյունից նայել», – նշեց նախարարը:

Խմելու ջուրը Դիլիջանում արդեն մասնակի մատակարարվում է, բայց խնդիրը դեռ սուր է Ախթալայում՝ ջրատար մեքենաներով ու տարաներով է մարդկանց ջուրը հասնում:

Աղետի առաջին օրերին, ըստ նախարարի, հազարավոր բաժանորդներ զրկվել էին գազից ու ջրից, հիմա այդ թիվը նվազել է՝ հասնելով մի քանի հարյուրի:

Դեռ փակ է Վանաձորից Ալավերդի ու Այրում տանող ճանապարհը: Խոշոր վնասներ են կրել միջպետական մայրուղիների զգալի հատվածներ, օրինակ՝ Դիլիջանից Իջևան տանող հատվածը և ոչ միայն: Իսկ ամբողջովին ավերված հինգ ճանապարհներից չորսի անցանելիությունը, ըստ Սանոսյանի, վերականգնված է:

«Կարողացել ենք, այսպես ասած, փրկել մի շարք ճանապարհների քանդվելը, և դրա արդյունքում է, որ կարողացանք Մ-4 ճանապարհը, թեկուզ վնասված և միակողմանի, հինգ հատվածներում պահել երթևեկելի: Էդպիսին է նաև Մ-6-ը, նշեցի՝ 43 հատված է վնասված, և մի շարք տարածքներ վերականգնվել են՝ գոնե շինարարների, էլեկտրահաղորդման, գազամատակարարման, ջրամատակարարման մասնագետների և բնակավայրերը ինչ-որ ապրանքներով ապահովելու համար դարձրել ենք երթևեկելի», – ասաց նախարարը:

Կառավարության նիստում աղետից հետևություններ անելու մասին խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ճանապարհների ու կամուրջների շինարարության ստանդարտներին: Նախարար Սանոսյանն ընդգծեց՝ Ալավերդիում չեն փլուզվել երեք կամուրջներ՝ երկուսը՝ նոր կառուցված, մեկը՝ միջնադարյան։ Փաշինյանն էլ շարունակեց՝ հետևություններ և ուսումնասիրություններ անելու ժամանակն է:

«Եվ նաև մենք պետք է հասկանանք, թե տվյալ հատվածներում ճանապարհային հենապատեր եղել են, գոյություն ունեցել են, գոյություն չեն ունեցել, էդ հենապատերը ինչու չեն աշխատել: Եվ նաև վերլուծություն իրականացնենք, թե եղանակի տեսությանը մեր համապատասխան մարմինների արձագանքը ինչքանով է ադեկվատ եղել», – նշեց Փաշինյանը:

Լոռու և Տավուշի մարզերի շուրջ 9 բնակավայր Կառավարությունն աղետի գոտի է ճանաչել, 300 միլիոն դրամ հատկացրել: Տարածքային կառավարման նախարարն ասաց՝ գրեթե բոլոր գերատեսչությունները պետք է միավորվեն, նաև միջազգային ընկերությունների աջակցությանը պետք է դիմել, որ աղետի հետևանքները փորձեն վերացնել։

Բաքուն և Անկարան Փաշինյանին մղում են քայլերի, որոնք նրա ուժերից վեր են

Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պետք է ապահովեն թուրքական հատուկ ջոկատայինները. այս մասին թուրքական Sozcu TV-ի եթերում ասել է հայտնի թուրք գործիչ, Independent Turkce կայքի գլխավոր խմբագիր Նեւզեթ Չիչեքը։ Նա հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հայ հասարակությանը հրաժարվել մեծ Հայաստանի երազանքից և ընդունել ներկայիս Հայաստանը՝ իր սահմաններով։ Չիչեքը նաև հիշեցրել է Հայաստանի կառավարության ղեկավարի ուղղաթիռի հետ կապված վերջին միջադեպը։ Նա ընդգծել է, որ այս դեպքը մտահոգություն է առաջացրել Թուրքիայում։

Անկարայում և Բաքվում գիշեր-ցերեկ խոսում են, որ Փաշինյանը չպետք է «թողնի մրցավազքը» և պետք է ավարտի իր սկսածը։ Հայաստանը պետք է ձերբազատվի երրորդ երկրների և հայկական սփյուռքի «վատ ազդեցությունից», երեկ Իզմիրում EFES-2024 բազմազգ զորավարժությունների ժամանակ ասել է Էրդողանը։ Նա ասել է, որ «Ղարաբաղի ազատագրումից հետո» տարածաշրջանում պատուհան է բացվել կայուն խաղաղության հաստատման համար։ Հայաստանը պետք է հասկանա, որ իր ապագան կապված է տարածաշրջանային երկրների հետ, որոնց հետ դարեր շարունակ գոյակցել է։ «Հայաստանը պետք է քաջություն ունենա ամեն ինչ անելու այս նպատակին հասնելու համար»,- ասել է Էրդողանը։

Իր հերթին, Բաքուն թրոլինգ է անում Փաշինյանին և դրդում նրան քայլերի, որոնք ակնհայտորեն նրա իրավասությունների մեջ չեն, և նա այլեւս չի կարողանում ավելի հեռուն գնալ։ Անգամ պատերազմի սպառնալիքը, որը Փաշինյանը օգտագործեց Տավուշի գյուղերը հանձնելիս, ժխտվեց հանրային բողոքի ակցիաների մեկնարկով։ Բավական էր մեկ անգամ հայտարարել, որ ժողովուրդը պատերազմ չի ուզում, բայց նաև ամեն գնով խաղաղություն չի ուզում, և Փաշինյանը կորցրեց իր վերջին փաստարկը։

Անպատվաբերության քաղաքականության տոտալ հրապարակային մերժումը՝ անկախ հանրահավաքներին մարդկանց մասնակցությունից, ինչպես նաև միջազգային դերակատարների մի շարք քայլերը վկայում են այն մասին, որ Հայաստանի ղեկավարությունը (Փաշինյանը կամ որևէ մեկը) իրավասու չէ խախտելու կարգը տարածաշրջանում։ Խոսքը վերաբերում է ինչպես 1994 թվականի ստատուս քվոյի խախտման արդյունքների չճանաչմանը (ինչի մասին Հայաստանի խորհրդարանում հայտարարեց Լյուքսեմբուրգի Ներկայացուցիչների պալատի խոսնակը), այնպես էլ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբի մանդատը չեղարկելու լուռ մերժմանը (ինչի մասին են վկայում ԵԱՀԿ գործող նախագահի՝ Երևան և Բաքու վերջերս կատարած այցի արդյունքները)։

Անկարան և Բաքուն հասկանում են, որ տարածաշրջանի «խաղաղ» վերաբաժանման համար ռեսուրսներ չեն մնացել, և կա միայն բիրտ ուժի ճանապարհը, որը հղի է մեծ վտանգներով։ Սա ակնհայտ է հատկապես Պաղեստինի ճանաչման շքերթի, Ղարաբաղի «ճանաչումից» հետո Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման, այս համատեքստում Անկարայի ու Բաքվի նյարդայնության և պաշտոնական Թեհրանի խլացուցիչ լռության ֆոնին։

Ռուսաստանը դեռևս տոտալ վերահսկողություն է պահպանում Հայաստանի քաղաքական դասի վրա, բայց նույնիսկ նա չի կարողանում լեգիտիմացնել ուժային «կարգավորումը» Արցախում։ Այս հարցը կարող է լուծվել միայն գլոբալ վերափոխումների համատեքստում. Հայկական հարցը հարյուրավոր տարիներ եղել է աշխարհակարգի բանալին։

Նաիրա Հայրումյան

Հայաստանը չի ճանաչում Պաղեստինը․ ինչի՞ համար է Սիմոնյանը ուղեվորվում Սլովենիա

Գազա

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ հունիսի 3-6-ը ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Լյուբլյանա՝ Սլովենիայի Հանրապետություն:

Հիշեցնենք, որ երեկ Սլովենիայի կառավարությունը ճանաչեց Պաղեստինի պետության անկախությունն ու ինքնիշխանությունը: Որոշումը վերջնական պետք է հաստատի Սլովենիայի խորհրդարանը, ակնկալվում է, որ դա տեղի կունենա հունիսի 4-ին։

Անցած օրերին Պաղեստին պետության ճանաչման մասին հայտարարել են ևս երեք եվրոպական երկրներ՝ Նորվեգիան, Իսպանիան և Իռլանդիան։ Իսրայելն ի պատասխան հետ է կանչել իր դեսպաններին Օսլոյից, Դուբլինից և Մադրիդից։

2024 թվականի դրությամբ Պաղեստին պետության անկախությունը ճանաչել են Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) անդամ 145 երկրներ՝ 193-ից։ Բացի այդ, Պաղեստինը 2012 թվականի նոյեմբերից ՄԱԿ-ում դիտորդ երկիր է։

Հայաստանը այն 50-ից էլ քիչ երկրների շարքում է, որոնք չեն ճանաչել Պաղեստինը։

Արդյո՞ք դա կապված է Հայաստանի եւ Իսրայելի հատուկ “քիմիայի” հետ, որն այս վերջին 6 տարիներին առավել ակնհայտ է դարձել։ Չնայած բազմաթիվ այն պնդումներին, որ Հայաստանի դեմ 2020-2023 թ․ պատերազմի շահառուներից գլխավորը հենց Իսրայելն է, Հայաստանը ոչ մի քայլ չարեց այդ երկիրը պատասխանատվության հրավիրելու համար։ Հիմա էլ չի ճանաչում Պաղեստինը։

Դժվար թե հայ պատգամավորները Սլովենիա են գնում, որ իրենց զորակցությունը հայտնեն Պաղեստինը ճանաչելու որոշմանը։

Բաքվի համար սահմանագծումը նշանակում է Երեւանի կենտրոնում՝ Կոնդում ադրբեջանական դրոշ տնկելը

«Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանն ունի ծավալապաշտական նկրտումներ, դրանցից հետ չի քաշվել։ Իրենց համար սահմանազատումն ու սահմանագծումը նշանակում է Երեւանի կենտրոնում՝ Կոնդում ադրբեջանական դրոշ տնկելը»,- step1.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը։

Բաքուն նորանոր պահանջներ է առաջ քաշում, հիմա էլ Ալիեւը հայտարարում է, թե Հայաստանը պետք է ճանաչի այսպես կոչված «խոջալուի ցեղասպանությունը և ներողություն խնդրի»։ «Նախքան խոջալուի մասին հիշատակելը, նախ եւ առաջ պետք է հիշեն Ադրբեջանի առաջին նախագահի հարցազրույցը։ Երկրորդ, ես ուզում եմ հիշեցնել, որ զոհերն անգամ ադրբեջանցի թուրք չեն եղել, եւ կրակել էին դիմացի ուղղությունից, ոչ թե հետեւից»,- նշեց Գրիգորի Այվազյանը։ «Իրավիճակը բավական բարդ է, պետք է հաշվի առնենք, որ Ալիևը ֆինանսավորում է այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» կառավարությունը եւ հեռուստաընկերությունը եւ նկատի ունի ամբողջ ՀՀ տարածքը։ Ես շատ եմ ցավում, որ ոչ բոլորն են հասկանում հարցի էությունը։

Ադրբեջանական կողմն այս հարցերում սկզբունքային է։ Ուրիշ հարց է, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է փլուզվել ներքաղաքական հարցերի պատճառով, ինչպես դա եղել է 1992 թվականին։ Եվ այդ ֆոնին մենք արձանագրեցինք մեր փառահեղ հաղթանակները Արցախում։ Եվ հիմա էլ դա բացառված չէ, նամանավանդ հավշի առնելով այն դավադրությունը, որ Ադրբեջանը կատարեց, նկատի ունեմ՝ Իրանի նախագահի սպանությունը։ Դե թող Իրանի ղեկավարությունը հաշվի առնի, թե ում հետ գործ ունեն Խուդաֆերինի ջրամբարի հարցով։ Նաեւ թող տեսնեն, թե Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված տարածքները՝ Արաքսի հովիտը, ում վերահսկողության ներքո է գտնվում։ Դա աշխարհաքաղաքական մեծ խաղ է»,- ասաց Այվազյանը։

Գրիգորի Այվազյանը նաեւ նշեց, որ Տավուշում այսպես կոչված «սահմանազատումից» հետո Ադրբեջանում իրենց ծավալապաշտական խոսույթը կա։ «Եվ ինձ համար զարմանալիորեն վերջին երեք օրվա ընթացքում Հայաստանում ինտերնետի խափանումներ կան։ Որպեսզի ամբողջ տեղեկատվությանը տիրապետենք, պետք է այդ տեղեկատվությանը ազատ մուտք ունենանք։ Ադրբեջանն ամեն ինչ օգտագործում է ի օգուտ իրեն, սակայն ես Իլհամ Ալիեւին կհիշեցնեմ 1992 թվականի պատմությունը, երբ Ադրբեջանը փլուզվեց և մենք ազատագրեցինք ամբողջ Արցախը։ Դա անցյալ է, եւ դա ապագա է, այդպես էլ կլինի։ Արդյոք մենք պատրաստ կլինե՞նք այդ ապագային, պատմությունը ցույց կտա»,- հավելեց նա։

Ռոզա Հավհաննիսյան

Կրասնոդարի երկրամասում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նավթավերամշակման գործարանի վրա, կան տուժածեր

Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը ուրբաթ՝ մայիսի 31-ի գիշերը, հայտնել է Ռուսաստանի մարզի Նովոռոսիյսկ և Տեմրյուկ շրջաններում «զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակումը» հետ մղելու մասին։ Նրա խոսքով՝ բոլոր անօդաչու սարքերը «ճնշվել են հակաօդային պաշտպանության ուժերի կողմից»։

Միևնույն ժամանակ, Տեմրյուկի շրջանի նավթային պահեստին հասցված ավիահարվածը ուժեղ հրդեհ է առաջացրել, որին վերագրվել է «բարդության բարձր կատեգորիա», ասել է նահանգապետը: Նրա խոսքով՝ հարձակման հետեւանքով տուժել են նավթի պահեստի աշխատակիցները, որոնց բուժօգնություն է ցուցաբերվում։ Նավթային պահեստի ենթակառուցվածքը վնասվել է, «այրվում է նավթամթերքով 3 տանկ»,- հավելել է նա։

Ուկրաինական Telegram «Crimean Wind» ալիքը գրում է, որ հարձակման ենթարկված նավթի պահեստը գտնվում է Կերչի նեղուցի «Կովկաս» նավահանգստում։

Երդվյալ ատենակալները Թրամփի դեմ գործով մեղադրական դատավճիռ են կայացրել, սակայն դա չի խանգարի նրան մասնակցել ընտրություններին

Նյու Յորքի ժյուրին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր է ճանաչել փաստաթղթեր կեղծելու մեջ՝ նախկին պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին 2016 թվականի ընտրություններից առաջ վճարումները թաքցնելու համար։

Մանհեթենի դատավարությունը պատմական էր. Թրամփը դարձավ առաջին նախկին նախագահը, ով մեղավոր է ճանաչվել քրեական հանցագործության մեջ:

Ընդհանուր առմամբ, նրան մեղադրանք է առաջադրվել 34 կետով։ Երդվյալ ատենակալները նրան մեղավոր են ճանաչել բոլոր կետերով:

Նախկին նախագահի դատավճիռը կհրապարակի դատավոր Խուան Մերչանը, որը նախագահում է դատավարությունը։ Դա տեղի կունենա հուլիսի 11-ին։

Նիստերի դահլիճից դուրս գալուց հետո Դոնալդ Թրամփը լրագրողներին կարճ մեկնաբանություն արեց և ասաց, որ «ամեն ինչ դեռ ավարտված չէ»:

«Մենք շարունակելու ենք պայքարել, պայքարելու ենք մինչև վերջ և հաղթելու ենք, քանի որ մեր երկիրը դարձել է դժոխք»,- ասաց նա։ «Մենք այլևս չունենք նույն երկիրը, մենք ունենք պառակտված անիրավ երկիր»։

Նախկին նախագահը նաև կրկին հարձակվել է ԱՄՆ ներկայիս վարչակազմի վրա, որին մեղադրել է իր հետապնդումների մեջ։

«Դա արվել է Բայդենի վարչակազմի կողմից՝ հակառակորդին, քաղաքական հակառակորդին վիրավորելու և վնասելու համար», – հավելել է նա։

Ջո Բայդենի թիմը, մեկնաբանելով երդվյալ ատենակալների դատավճիռը, ասել է, որ «ոչ ոք օրենքից վեր չէ»։

«Դոնալդ Թրամփը միշտ սխալմամբ հավատացել է, որ իր անձնական շահի համար օրենքը խախտելու հետևանքների չի ենթարկվի: Դոնալդ Թրամփին Օվալաձև գրասենյակից հեռու պահելու միայն մեկ ճանապարհ կա՝ քվեատուփը», – ասել է Բայդենի նախընտրական շտաբի խոսնակ Մայքլ Թայլերը:

Թրամփի փաստաբանական թիմը չի ծրագրում պաշտոնական հայտարարություն անել դատավճռի վերաբերյալ։

Դոնալդ Թրամփին մեղադրել են փաստաթղթեր կեղծելու մեջ, որոնք օգտագործվել են 2016 թվականի նախագահական ընտրություններից առաջ Սթորմի Դենիելսին 130 հազար դոլար վճարելու համար։

Դենիելսը պնդում էր, որ ինքը և Թրամփը սեքսով են զբաղվել 2006 թվականին, իսկ նախագահի նախկին փաստաբան Մայքլ Քոհենը վճարել է իրեն՝ այդ մասին լռելու համար:

Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ Թրամփը կեղծել է գրառումները, երբ նա փոխհատուցել է Քոհենին իր գումարը որպես իրավական վճար:

Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչել 34 կետերից ոչ մեկում, ինչպես նաև հերքել է Դենիելսի հետ սեռական հարաբերություն ունենալը:

Գործը, ամենայն հավանականությամբ, կլինի նաև միակը, որը կանցնի մինչև ընտրությունները, քանի որ Թրամփի դեմ մյուս դատավարությունները հետաձգվում են ընթացակարգային խնդիրների պատճառով:

Ընտրվելու դեպքում Թրամփը կարող է փակել երկու դաշնային հետաքննություն, որոնք նրան մեղադրում են 2020 թվականին իր ընտրություններում պարտությունը ապօրինի կերպով տապալելու և 2021 թվականին պաշտոնը թողնելուց հետո գաղտնի փաստաթղթերի սխալ մշակման մեջ: Թրամփը բոլոր դեպքերում իրեն մեղավոր չի ճանաչել և իր դեմ հարուցված գործերն անվանել է ընտրություններից առաջ իրեն վնասելու դեմոկրատների փորձ։

Նախկին նախագահին սպառնում է չորս տարվա ազատազրկում, թեև հանցագործության համար դատապարտված մյուսները հաճախ ստանում են ավելի կարճ պատիժներ, տուգանքներ կամ պայմանական ազատազրկում: Բանտային պատիժը չի խանգարի նրան նախընտրական քարոզարշավի կամ նախագահ դառնալու հաղթանակի դեպքում:

Հայաստանում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19։27-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.07⁰ և արևելյան երկայնության 44.58⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 14 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․3 մագնիտուդով երկրաշարժ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում՝ 4 բալ, Կոտայքի մարզում՝ 3-4 բալ, Արարատի մարզում՝ 3 բալ ուժգնությամբ։

Ընտանեկան ալբոմ. Չջնջվող հիշողություն

Հանրային լրագրության ակումբի «Ընտանեկան ալբոմ» նախագիծը պատմում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների հիշողությունների ու դրանք վավերացնող լուսանկարների մասին։

Նինել Գաբրիելյանը ծնունդով Ասկերանից է, ամուսնանալուց հետո ապրել է Ստեփանակերտում։

Մասնագիտությամբ բանասեր է, աշխատել է մշակույթի ոլորտում: 19 տարեկան էր, երբ իր ընկերներից մեկը խնդրեց որպես հանդիսավար փոխարինել իրեն մեկ օրով, ու այդ դեպքից հետո Նինելը սկսեց զբաղվել նաև հանդիսավարությամբ։

Անցումը դեպի հանդիսավարություն այդքան էլ հեշտ չէր, քանի որ Արցախում կին հանդիսավար տեսնելն անսովոր էր, սակայն  աստիճանաբար նրան սկսեցին ճանաչել ու որպես հանդիսավար հրավիրել միջոցառումներ վարելու համար։

Նինելը Հայաստան է եկել սեպտեմբերի 25-ին։ Իր հայրենիքից Հայաստան տեղահանման ընթացքում նա կարողացել է իր հետ բերել ընտանեկան լուսանկարների ալբոմները, որոնք ընտանիքում մեծ խնամքով են պահպանում։ Յուրաքանչյուր լուսանկար ունի իր պատմությունն ու հիշողությունը՝ ընտանեկան իրադարձությունների, կարևոր միջոցառումների, ծնունդների ու կնունքների, խնջույքների և ուրախ պահերի մասին։

Այս տեսանյութում Նինելը մեզ պատմում է մի քանի լուսանկարի մասին, որոնցից յուրաքանչյուրը  դառնում է պատուհան դեպի նրա ու նրա ընտանիքի ոչ վաղ անցյալի, վկայում այն ուրախ ու երջանիկ պահերի մասին, որոնց մասին հուշերն  այսօր օգնում են վերապրել դաժան տեղահանումն ու պատերազմի հետևանքները։

Արցախից բռնի տեղահանությունից հետո Նինելն ու իր ընտանիքը հաստատվել են Արտաշատում։ Նա աշխատում է Արտաշատի մշակույթի տանը և զուգահեռ նաև զբաղվում հանդիսավարությամբ։

Նինելի պատվիրատուների մեծ մասը արցախցիներն են։ Արցախցիների խնջույքների կամ հարսանիքների ժամանակ երբեմն իրեն թվում է, թե Արցախում է։

Նինելն ու իր ընտանիքի անդամներն ասում են, որ իրենց համար դժվար է դեռևս  ապագայի հետ կապված պլաններ կազմել․ տեղահանումն ու կորուստները նրանց դրդել են կենտրոնանալ ներկայի վրա։

Նյութը պատրաստվել է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝  Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

Բովանդակության համար բացառապես պատասխանատու է Հանրային լրագրության ակումբը, և այն չպետք է դիտարկվի որպես Եվրոպական միության տեսակետ:

Նախագծի ղեկավար՝ Սեդա Մուրադյան

Հեղինակներ՝ Մարտա Հարությունյան

                          Քրիստինե Ղահրամանյան

Օպերատոր՝ Նինել Ալեքսանյան

Մոնտաժային ռեժիսոր՝ Արթուր Փարսյան

 

Կուտակային կենսաթոշակների մասին․ Գեղամ Ստեփանյան

Արցախից բռնի տեղահանությունից հետո բազմաթիվ արցախցիներ դիմում են՝ հստակ տեղեկություն ստանալու կուտակային կենսաթոշակային համակարգով կուտակած գումարների ճակատագրի վերաբերյալ։ Խոսքն ընդհանուր առմամբ մոտ 17 մլրդ դրամի և մոտ 34,5 հազար շահառուի մասին է։
Հաշվի առնելով խնդրո առարկայի վերաբերյալ արցախցիների շրջանում բարձր հետաքրքրվածությունը՝ մեր կողմից իրականացվել են ուսումնասիրություններ, որոնք հանգում են հետևյալին՝
• 2024 թ․ հունվարի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը լրացում է կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, որով հնարավորություն է ստեղծվել մասնակիցների համար կուտակված միջոցները իրենց ցանկությամբ փոխանցելու այլ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին, կամ էլ հետ ստանալու՝ փոխանցելով այն իրենց բանկային հաշիվներին։ 2024 թ․ փետրվարի 29֊ին ԱՀ կառավարության որոշմամբ հաստատվել է վերոնշյալ օրենքից բխող համապատասխան ընթացակարգը։
• Հարցի շուրջ Արցախի կառավարությունը քննարկումներ է ունեցել շահագրգիռ կառույցների՝ ՀՀ կենտրոնական բանկի, «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ֊ի և ֆոնդի կառավարիչ «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ֊ի հետ, որոնց կողմից ևս որևէ խոչընդոտ գործընթացի իրականացման տեսանկունից չի ներկայացվել։
• Ըստ էության՝ Արցախի Հանրապետության համապատասխան մարմինների և շահագրգիռ այլ կառույցների կողմից ապահովվել է անհրաժեշտ բոլոր իրավական ընթացակարգերը, որոնք ԱՀ քաղաքացիներին հնարավորություն են տալիս կամ հետ ստանալու կուտակված միջոցները, կամ էլ դրանք փոխանցելու ՀՀ կուտակային համակարգում գործող այլ ֆոնդի։ Ըստ օրենքի՝ գործընթացը պետք է ավարտվեր 2024 թվականի նոյեմբերին։
• Սակայն 2024 թվականի մայիսին ՀՀ կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ համաձայն որի նախատեսվում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը, իր դիմումի համաձայն, կարող է իր կուտակած միջոցները տեղափոխել ՀՀ կենսաթոշակային կուտակային համակարգ, իսկ համապատասխան դիմումի բացակայության դեպքում, միջոցները տեղափոխվելու են օրենքի ուժով։
• Փաստորեն ՀՀ կառավարության առաջարկած նախագծով հնարավորություն չի ստեղծվում կուտակված միջոցները մասնակցին վերադարձնելու համար, այլ միայն սահմանվում է, որ դիմումի առկայությամբ կամ առանց դրա կուտակված գումարները փոխանցվելու են ՀՀ կուտակային կենսաթոշակների համակարգում գործող այլ ֆոնդի։
Ըստ էության՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, փաստացիորեն չունենալով որևէ լիազորություն կուտակված գումարների ճակատագրի տնօրինման մասով, շրջանառվող օրենքի նախագծով փորձում է ներդրումային ֆոնդի գումարները տեղափոխել ՀՀ կենսաթոշակային ֆոնդ՝ զրկելով կուտակային համակարգի մասնակցին սեփական միջոցները տնօրինելու հնարավորությունից։
Հայաստանի Հանրապետության կառավարության համար արդեն ընդունված վարքագիծ է դարձել բռնի տեղահանվածներին վերաբերող հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնել առանց պատշաճ հանրային քննարկման, առանց ներառականություն ապահովելու՝ անտեսելով առնվազն իրենց վերաբերող հարցերի շուրջ լսված լինելու իրավունքը։