Արցախի հեղինակային երգի ակումբը պատրաստվում է բարեգործական համերգի Հայաստանում

“Արցախի հեղինակային երգի ակումբի” հիմնադիր և ղեկավար Ջուլիետ Առուստամյանը step1.am-ի հետ զրույցում պատմեց.

“2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի և Շուշիի օկուպացիայից հետո մենք չկարողացանք հանել մեր կիթառները։ Հայ լավագույն բարդերից մեկը՝ Արեգ Նազարյանը օգնեց ձեռք բերել նոր կիթառներ, եւ Արցախի հեղինակային երգի ակումբը վերսկսեց իր գործունեությունը Ստեփանակերտում։

2023 թվականին մենք կրկին չկարողացանք փրկել մեր գործիքները։ Եվ այս անգամ եւս մեզ օգնեց Արեգ Նազարյանը՝ մեզ մոտիվացիա հաղորդելով, նոր գործիքներ ձեռք բերելու համար համերգի գաղափար տալով։ Նա օգնեց մեզ պատրաստվել, ծանոթացրեց Գագիկ Ղազարյանի հետ, ով մեզ տրամադրեց փորձերի համար տեղ ԲԱՑ հարթակում։ Մեկ ամսից ավելի է, ինչ փորձեր ենք անում։ Հուսով ենք՝ այս գարնանը կհասցնենք համերգը պատրաստել»։

Ալվարդ Գրիգորյան

Բա եթե ձեր հողերն են, ինչո՞ւ եք անհանգստանում․ դուք էլ գիտեք, որ ձերը չեն

«Պետք է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ: Հայաստանի պետական զինանշանի վրա պատկերված են մեր հողերն ու Ագրիդաղը (Արարատ լեռը,- խմբ․)։ Դա պետք է վերացվի»,-  Բաքվում՝ «Վերականգնել ճեղքված աշխարհը» նշանաբանով անցկացված 11-րդ գլոբալ համաժողովում հայտարարել է Թյուրքական պետությունների կազմակերպության Ավագանու նախագահ, Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը։:

«Թող 21-րդ դարը դառնա թուրքերի դար: Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի։ Հայաստանը նման հնարավորություն ուներ Ղարաբաղի հարցի լուծումից հետո։ Պետք է բացել սահմաններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացել Զանգեզուրի միջանցքը»,- հայտարարել է Յըլդըրըմը։

Հայաստանի Սահմանադրությունն ու գերբը Թուրքիային անհանգստացնում են միայն մի պատճառով․ Պոլսում, ի տարբերություն Երեւանի, շատ լավ գիտեն, որ այն հողերը, որոնք ամրագրված է ՀՀ Սահմանադրության մեջ, Թուրքիայի հետ երբեք կապ չեն ունեցել՝ Արցախը, Նախիջեւանը, Արեւելյան Հայաստանի այն մասը, որը թուրքերին նվիրել են Լենինն ու Ստալինը։ Յըլդըրըմը գիտի, որ եթե Երեւանում ազգային կառավարություն լինի, եւ գեթ մի բառ հնչի հայկական օրինական իրավունքների մասին, Թուրքիայի եւ իր ապօրինի զավակ ադրբեջանի “ամբողջականությունը” կփլվի։ Եւ քանի պաշտոնական Երեւանը ազգային իրավունքներից հրաժարման ուղու վրա է, Յըլդըրըմը “թուրքերի դար” է ազդարարում։

Վաղը՝ մարտի 16-ը Թուրքիայի համար կենսական 1921 թ․ Մոսկովյան պայմանագրի ստորագրման օրն է։    

Ծար գյուղում ավերվել է 13-րդ դարի խաչքար

Արցախի Շահումյանի շրջանի Ծար գյուղում ադրբեջանցիները հավանաբար ոչնչացրել են 13-րդ դարի հայկական խաչքարը, հայտնում է Հայաստանի կրթության նախարարությանը կից պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական ​​կենտրոնը։

Ինչպես հայտնում է կենտրոնը, վկայակոչելով համացանցում հրապարակված լուսանկարները, ադրբեջանցիները գյուղում ավերել են Արցախյան պատերազմի ժամանակ զոհված հայ զինվորների հիշատակին նվիրված հուշահամալիրը։ Գյուղից անհետացել է նաև 1224 թվականի խաչքարը։

Ալիեւը “մատնո՞ւմ” է Փաշինյանին, թե՞․․․

«2018-ին, երբ Հայաստանում կառավարության փոփոխություն եղավ, համաձայնության հասնելու հնարավորություն կար։ Մենք այն ժամանակ Հայաստանի նոր կառավարության կողմից վստահեցումներ ստացանք, որ նրանք կգործեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, և տարածքները կվերադարձվեն», – հայտարարում էր Ալիևը։

«Մենք նման սպասելիքներ ունեինք, և եթե այդ ժամանակ Հայաստանի նոր կառավարությունը գերադասեր գործել այնպես, ինչպես այժմ է գործում, ապա մեր ինքնիշխանությունն ուժով վերականգնելու կարիք չէր լինի», – ասաց Իլհամ Ալիևը՝ շարունակելով, թե համաձայնության հասնելու հնարավորությունները, սակայն, վերացան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019-ի օգոստոսին հնչեցրած «Արցախը Հայաստան է և վերջ» հայտնի կարգախոսից հետո։

Ի՞նչ նպատակ է հետապնդում Ալիևը բանակցությունների այս փուլում նման հայտարարություններ անելով, երբ, կարծես թե, ամեն ինչ գնում է դեպի Հայաստանի զիջումներ և Բաքվի առաջարկած համաձայնագրի ստորագրումը: Եվրամիությունը և ԱՄՆ-ը Փաշինյանի դրդմամբ եռանդուն պաշտպանում են Ալմա-Աթայի հռչակագիրը և ՌԴ Գլխավոր շտաբի քարտեզները, ինքը Փաշինյանը հայտարարում է, որ պատրաստ է առաջին փուլում հանձնել 4 գյուղ, Արցախի հարցը ընդհանրապես չի բարձրացվում։
Բայց նույնիսկ այս իրավիճակում չկա զիջումների եւ Արցախի “ադրբեջանական” պատկանելիության որեւէ իրավական հիմք։ Ալմա-Աթայից նույնիսկ հավերն են ծիծաղում, իսկ որ պակաս անլուրջ Փաշինյանի բանավոր հայտարարությունը այլեւս չի հիշատակվում։
Այս համատեքստում Ալիևի հայտարարությունն ուղղված է Հայաստանում դժգոհություն հրահրելուն, որը պետք է «ճնշվի» մոսկովյան ուժերի կողմից, ինչի արդյունքում Փաշինյանը կամրապնդի իր թուլացած մանդատը։ Սա երկկողմանի շահեկան քայլ է, քանի որ եթե այս հայտարարություններից հետո Հայաստանում դժգոհություններ չառաջանան, Փաշինյանը հնարավորություն կստանա կատարել այն բոլոր քայլերը, որոնք համաձայնեցվել են 2018 թվականին, ինչպես նշել է Ալիևը։ 

Մանկավարժի մասնագիտությունը օգնում է նոր աշխատանքում

Արցախցի ուսուցիչը նախընտրում է ոչ մասնագիտությամբ աշխատանք անել

Լիանա Կարապետյանը ուսուցչուհի է: Գրեթե 30 տարի նա ռուսերեն է դասավանդել Արցախի Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում։

 

Լիանա Կարապետյանը՝ Արցախի իր աշակերտների հետ

Ընտանիքի հետ Արցախից տեղահանվել է սեպտեմբերի 26-ին։ Մեծ դժվարություններով են հասել Հայաստան։ Ողջ ճանապարհին, որը տևել է 40 ժամ, մտածել է, թե ինչ են անելու, ոնց են ապրելու հետո․․․

Երևան հասնելուն պես՝  350 հազար դրամով երեք սենյականոց բնակարան են վարձակալել, ապրում են 8 հոգով։

Լիանան պատմում է, որ սկզբում իր մասնագիտությամբ է աշխատանք փնտրել։ Սակայն ուսուցչի գործ միայն գյուղերում կար։ Իսկ պետական հիմնարկներում աշխատանքի անցնելու համար ՀՀ քաղաքացիություն էր պետք ունենալ։ Ստիպված ուժերը փորձել է  իր համար բոլորովին նոր բնագավառում և աշխատանքի անցել Երևանի սուպերմարկետներից մեկում։

Լիանա Կարապետյան-սուպերմարկետ

«50 տարեկանում վաճառողուհի դառնալն այնքան էլ իմ սրտով չէ, բայց ժամանակն իր պայմաններն է թելադրում, պետք է սթափ նայել կյանքին։ Արդեն 3-րդ ամիսն է, ինչ աշխատում եմ։ Կարողանում եմ լեզու գտնել գործընկերներիս ու հաճախորդների հետ։ Կարծում եմ՝ այս հարցում մանկավարժ լինելն օգնում է ինձ»։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տվյալներով՝ Հայաստանում ապրում է Արցախից բռնի տեղահանված 1500 ուսուցիչ։ Նրանց համար մշակվել և իրագործվում է աջակցության ծրագիր․ մարզեր գործուղվող արցախցի ուսուցիչները 30 տոկոս հավելավճար են ստանում իրենց աշխատավարձին, իսկ սահմանամերձ որոշ բնակավայրերում աշխատելու դեպքում՝ ևս 50 հազար դրամ լրացուցիչ գումար։

2024 թ-ի մարտի 13-ի տվյալներով՝ կառավարության աջակցության ծրագրով 324 ուսուցիչ է գործուղվել Հայաստանի մարզեր։ Արցախցի ուսուցիչները նախընտրում են հիմնականում Երևանին մոտ մարզերում աշխատել՝ Արարատ, Արմավիր, Կոտայք։  Լիանա Կարապետյանն այս ծրագրին չի դիմել։

«Չենք կարող Երևանից տեղափոխվել, որովհետև աղջիկս ԵՊՀ-ի ուսանող է, իմ ընտանիքում կան նաև հաշմանդամներ, որոնք պարբերաբար բուժզննության կարիք ունեն։»

Անցած 6 ամսվա ընթացքում Արցախից  բռնի տեղահանված ուսուցիչների մոտ 22 տոկոսն է աշխատանք գտել մարզերում։ է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից պարզաբանում են, որ իրական թիվը հնարավոր է մի փոքր ավելին լինի, քանի որ  Հայաստանի տարբեր մարզերում բնակություն հաստատած արցախցիները տեղում աշխատանքի են անցել՝ առանց կառավարության ծրագրին դիմելու։

2024թ-ի մարտի դրությամբ Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների  աջակցության հարթակում դեռ 600-ից ավելի աշխատատեղ կա՝ թե՛ հեռավոր, թե՛ Երեւանի մոտ մարզերում։ Ամենաշատ թափուր հաստիքները Լոռիում են, նաև Երևանին մոտ՝ Արմավիրում ու Արագածոտնում։

Իր տան մոտ գտնվող սուպերմարկետոմ Լիանան 180 հազար աշխատավարձ է ստանում։ Սա համարյա նույն գումարն է, ինչ ուսուցիչների գործուղման հարթակում նշված միջին աշխատավարձը՝ անգամ 30 տոկոս լրավճարով։

Մարզերում ուսուցչություն անելու պետության առաջարկը մրցունակ չէ աշխատանքի շուկայում։

 

Կարինե Բախշիյան

Հայաստանը պետք է դիմի Հաագայի դատարան՝ Իլհամ Ալիեւին ռազմական հանցագործ ճանաչելու հայցով

Հայաստանը պետք է դիմի Հաագայի դատարան՝ Իլհամ Ալիեւին ռազմական հանցագործ ճանաչելու եւ ձերբակալության օրդեր ստանալու հայցով։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները վերջին շրջանում հայտարարել են, որ եթե Ադրբեջանը հետ վերցնի Հայաստանի դեմ Միջազգային դատարան ներկայացրած հայցերը, հայկական կողմն էլ հետ կվերցնի Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը։

Փաստաբան Դավիթ Հովհաննիսյանն ասում է, հայկական կողմի փաստական հիմքերն ավելի ուժեղ են, եւ բացի Միջազգային դատարան արդեն ներկայացրած հայցադիմումներից, հայկական կողմը կարող է դիմել նաեւ Միջազգային քրեական՝ Հաագայի դատարան՝ Ալիեւին միջազգային հանցագործ ճանաչելու եւ ձերբակալելու համար։ «Ալիեւը պետք է ճանաչվի միջազգային հանցագործ, ինչպես միջազգային հանցագործ է ճանաչվել Վլադիմիր Պուտինը, որի ձերբակալության համար օրդեր է դուրս գրվել, եւ Հայաստանն էլ, լինելով Հռոմի ստատուտի անդամ, Պուտինի՝ Հայաստան ժամանելու դեպքում պետք է նրան ձերբակալի։ Այսինքն՝ եթե մենք գնանք այս ճանապարհով, նույն ակտը կարող ենք ստանալ նաեւ Իլհամ Ալիեւի նկատմամբ։ Եվ դա լուրջ քաղաքական լծակ կլինի արդեն դիվանագիտական դաշտում Հայաստանի համար ավելի շահավետ պայմաններ ստանալու տեսանկյունից»,- ասաց Դավիթ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, եթե հայցերը հետ վերցնելու մասին խոսելով՝ ՀՀ իշխանությունները նկատի ունեն քաղաքացիական հայցերը՝ նյութական վնասի եւ այլնի մասին, ապա այդտեղ վտանգ չկա Հայաստանի համար։ Բայց քրեաիրավական տեսանկյունից արցախահայության էթնիկ զտման եւ ցեղասպանության համար պետք է պատասխանատվության ենթարկել հանցագործերին կամ առնվազն նման փորձ կատարել։

«Օրինակ՝ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ կոնֆլիկտի համատեքստում Գազայի հատվածի բնակչության համար Հարավաֆրիկյան Հանրապետությունը դիմել է Միջազգային քրեական դատարան, որպեսզի Իսրայելի գործողությունները ճանաչվեն որպես ցեղասպանություն, եւ Իսրայելը ղեկավարող վարչակազմը ենթարկվի քրեական պատասխանատվության։ Ինչո՞ւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը կարող է Իսրայելի համար դիմել, իսկ Հայաստանի Հանրապետությունը Արցախում իրականացված հայերի էթնիկ զտման եւ ցեղասպանության համար չի կարող դիմել։

Միջազգային քրեական դատարանին միանալը մեզ մինչ օրս բացի վնասից ոչ մի օգուտ չի տվել։ Մենք միացել ենք Հռոմի ստատուտին, որպեսզի ռազմական հանցագործներին պատժենք, բայց առ այսօր նման գործողություն նախաձեռնված չէ։ Մենք պետք է օգտվենք անդամ լինելու հանգամանքից, այսինքն՝ լինելով Հռոմի ստատուտի անդամ, պետք է դիմենք Միջազգային քրեական դատարան եւ փորձենք Իլհամ Ալիեւին ձերբակալելու համար օրդեր դուրս գրել։ Եթե դա հաջողվեց, դա շատ մեծ հաղթանակ է լինելու, եւ Ալիեւը չի կարողանալու Հռոմի ստատուտի անդամ 122 պետություններ այցելել, դա աշխարհի մեծ մասն է։ Այսինքն՝ արտաքսված իզգոյի կարգավիճակ է ունենալու»,- հավելեց փաստաբանը։

Հնդկաստան-Իրան-Հայաստան․ պաշտպանություն, աշխատուժ, լոգիստիկա

Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում մենք ուրախ ենք, որ մեր հարաբերությունները Հայաստանի հետ զարգանում են նաեւ պաշտպանական ոլորտում։ Այս մասին «Հնդկաստան-Հայաստան. բիզնեսի հորիզոնների միավորում» բիզնես-համաժողովի ժամանակ մարտի 14-ին ասել է Հայաստանում Հնդկաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ քաղաքական հարաբերություններն ամուր հիմք ունեն եւ հիմնվում են ժողովուրդների բազմամյա կապերի վրա։

Նա կարեւոր է համարել, որպեսզի քաղաքական կապերը ծառայեն Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ տնտեսական կապերի ամրապնդմանը։

«Մեր երկրները կիսում են ընդհանուր դեմոկրատական եւ մշակութային արժեքներ։ Դա էլ ավելի է ամրապնդում մեր հարաբերությունները։ Հայաստանում հնդիկ ուսանողների եւ աշխատողների առկայությունը եւս համագործակցության հիմքեր է ստեղծում»- նշել է դիվանագետը։

Քննարկվում է Հնդկաստան-Իրան-Հայաստան առեւտրային միջանցքի բացման հարցը։ Այս մասին բիզնես-համաժողովի շրջանակում հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։ Դա պատասխանն է այն հարցին, թե ինչպիսի լոգիստիկայով պետք է կապնվեն Հնդկաստանը եւ Հայաստանը։

«Քննարկումները վարվում են մեր գործընկերների հետ եռակողմ ձեւաչափով։ Կան պիլոտային բեռներ, որոնք անցնում են այդ երթուղով։ Բայց որպեսզի ուղղությունը կայուն լինի, պետք է շատ բան անել»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ Հնդկաստանը Հայաստանը համարում է ռազմավարական գործընկեր տարածաշրջանում, ինչը դրսեւորվում է շատ ոլորտներում, այդ թվում քաղաքացիական եւ այլ ոլորտներում։

«Պատմականորեն Հայաստանը եւ Հնդկաստանը մոտ են միմյանց, կապված են միմյանց հետ։ Մենք տեսնում ենք, որ Հայաստան եկել եւ գալիս են Հնդկաստանից։ Բացի այդ, վերջին երկու տարում Հնդկաստանից շատ աշխատուժ է գալիս մեր երկիր եւ հիմնականում՝ շատ ոլորտներում բավական հաջող աշխատում են»,- ընդգծել է պաշտոնյան։

Տերյանը տեղեկացրել է, որ ներկա պահին քննարկվում են Հայաստանի կամ հայկական ընկերությունների՝ Չաբահար (Իրան- խմբ.) նավահանգստում մասնակցության տարբեր ձեւաչափերին, բայց մանրամասներ չեն նշվում։

Այսօր Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ ամենամյա ապրանքաշրջանառությունը համեստ ցուցանիշներ ունի եւ կազմում է ընդամենը 200 մլն դոլար, ասել է դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

«Համաժողովի անցկացման գաղափարը ծագեց մոտ մեկ ամիս առաջ, երբ ինձ հրավիրեցին միջոցառման, որն ուղղված էր Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ բիզնես-շփումների ուժեղացման ուղիների որոնմանը»,- նշել է դիվանագետը։

Նա հուսով է, որ փոխշահավետ համագործակցությունը կզարգանա։

Դեսպանը հիշեցրել է Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ավելի վաղ ստորագրված համաձայնագրի մասին։

Նա նշել է համագործակցության կարեւորությունը հատկապես բարձր տեխնոլոգիաների, կրթության, տուրիզմի, ենթակառուցվածքի, լոգիստիկայի, դեղագործության, «կանաչ» տեխնոլոգիաների ոլորտներում։

Դիվանագետը տեղեկացրել է, որ հնդիկներն այսօր Հայաստանում թվաքանակով երկրորդ համայնքն են ռուսաստանցիներից հետո։

Փաշինյանը Արևմուտքին համոզեց ԱՊՀ ստեղծման փաստաթղթի «հրամայականի» մեջ

Նիկոլ Փաշինյանը ողջունեց Եվրոպական խորհրդարանի՝ Եվրամիության և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին ընդունած բանաձևը։

Նա նշեց, որ բանաձևը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա անսասան աջակցություն է արտահայտում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու անկախությանը, նաև աջակցություն հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ջանքերին։

Փաշինյանը Եվրախորհրդարանին, փաստորեն, համոզեց, որ տարածաշրջանում սահմանները պետք է որոշվեն Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։ Դա աշխարհում միակ փաստաթուղթն է, որը հազիվ «հաստատում» է Արցախի ներկայությունը ադրբեջանի կազմում։ Փաշինյանը հասել է նրան, որ ԱՊՀ ստեղծման փաստաթուղթը արեւմտյան հանրության համար հրամայական է դառել։ Անգամ մեկնաբանելով Եվրախորհրդարանի կոչը՝ դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը, Փաշինյանը պնդում է Ալմա-Աթայի հռչակագիրը՝ իսպառ ջնջելով Հայաստանի՝ Արցախի հետ միասին ԵՄ-ին անդամակցելու ցանկացած հնարավորություն։

Լիսագոր կվերադառնան միայն Արցախի անկախ կարգավիճակով

Արցախի Հանրապետության Լիսագոր գյուղի բնակիչները կվերադառնան միայն այն դեպքում, երբ Արցախի անկախ կարգավիճակը կապահովվի, Արցախում հայկական իշխանություն կլինի եւ կվերականգնվեն 2020 թվականի պատերազմից առաջ եղած սահմանները։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Լիսագորի գյուղապետ Գագիկ Նասիբյանը՝ հավելելով, որ այսօրվա պայմաններում իրենք բացառում են վերադարձը։ «Իմ նշած պայմաններից բացի ուրիշ ոչ մի պայման մեզ համար ընդունելի չէ»,- նշեց նա։

Լիսագորից բռնի տեղահանված անձինք բնակվում են Հայաստանի տարբեր մարզերում։ Գագիկ Նասիբյանն ասաց, որ կապ է պահում գյուղացիների հետ։ «Ում որտեղ հարմար է, տեղավորվել են։ Ես իմ աշխատանքային լիազորությունները հիմա չեմ իրականացնում, ուղղակի հեռախոսով կապի մեջ եմ գյուղացիների հետ։ Իրարից հարցնում ենք, տեղեկանում, թե ինչ խնդիր կա, ես բոլորի հետ կապը պահում եմ»,- ասաց նա։

Գագիկ Նասիբյանն ասաց, որ պատերազմից հետո ռուս խաղաղապահները չապահովեցին արցախցիների անվտանգությունը։ Իսկ նախորդ տարվա սեպտեմբերի 19-ի հարձակման ու դրան նախորդած օրերին, ըստ համայնքի ղեկավարի, ռուսների կողմից ոչ մի աջակցություն չի ցուցաբերվել Լիսագորի բնակիչներին։ «Մեզ ասել էին՝ պետք է  դուրս գաք գյուղից, մենք էլ ասել ենք՝ երբ պահը հասնի նրան, որ պետք լինի դուրս գանք, այդ ժամանակ էլ դուրս կգանք։ Եվ երբ արդեն ընդհանուր հոսքը եղավ, համայնքի բնակիչները մեկ մարդու նման միասին դուրս եկան։ Այդ օրը մեր գյուղում ռուսներ կային, բայց իրենց գործերով էին։ Գյուղացիներն իրենց անձնական իրերն ու փաստաթղթերը վերցրել են, նստել են իրենց մեքենաներն ու դուրս եկալ։ Մեր գյուղացիները զենք էլ չունեին, որ հանձնեին»,- ասաց նա։

Արցախի կառավարության կողմից հանձնարարական չկա համայնքների ղեկավարներին, որպեսզի գույքագրեն արցախցիների կորցրած գույքը։ Լիսագորի գյուղապետն ասաց, որ իրենք եւս նման հանձնարարական չունեն։ «Բայց բոլորին էլ պարզ է, թե ինչ ենք կորցրել։ Այնպես չէ, որ ինչ-որ մեկը շատ բան է կորցրել, մյուսը՝ քիչ։ Բոլորս էլ մի բան ենք կորցրել, դա մեր հայրենիքին է, կորցրել ենք ամենաթանկը»,- նշեց նա։

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, մարտի 15-ի ցերեկն առանձին շրջաններում, 16-18-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ, մարտի 15-17-ին սպասվում է քամու ուժգնացում` 14-17մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 14-15-ին աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 14-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։
Տեղումներ կդիտվեն նաև մարտի 15–ի երեկոյան ժամերին։

“Ավո” ակումբի տղաները դեռ կհիշեցնեն, որ ամեն ինչ Մարտունիից է սկսվել

Գրել «Ավո» մանկապատանեական ֆուտբոլային թիմի մասին պատրաստվում էինք դեռ 2023թ. սեպտեմբերին, բայց հայտնի իրադարձությունները ստիպեցին անորոշ ժամանակով հետաձգել նյութը:

Թիմը ստեղծվել է 2020թ. պատերազմից հետո, երբ ակումբի հիմնադիր և մարզիչ Նարեկ Մկրտչյանը որոշեց Մարտունու երեխաներին հնարավորություն ընձեռել զբաղվելու իրենց սիրելի սպորտաձևով:

2021  թ. ակումբը սկսեց գործել: Մասնակիցների թիվը սկզբում 15 էր, հետո արդեն ՝30, ընդ որում երեխաները գալիս էին նաև շրջկենտրոնի հարակից գյուղերից՝ Գիշի, Բերդաշեն:

Թիմի անվան մասին խոսելիս Նարեկը նշում է, որ գլխավոր նպատակը ոչ միայն լեգենդար հրամանատարի անունը հիշատակելն էր, այլեւ երեխաների մոտ հրամանատարի անմնացորդ հայրենասիրության սերմանումը:

Շրջափակման ժամանակ նույնիսկ չթողեցին իրենց պարապմունքները՝ մարտունեցիներին հատուկ կամքով և համառությամբ:

«Ավո» թիմի վերջին պարապմունքը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Մարտունիում: Այն Մարտունիում, որի մասին խոսելիս հիշում ես նուռը, արմավենիները և արցախցու «կոխկահաստությունը»:

Այժմ թիմի սաները ապրում են տարբեր վայրերում, եւ չկա հնարավորություն շարունակել ակումբի գործունեությունը։ Բայց կարևորն այն է, որ թիմի անդամները շարունակում են պարապմունքները ՀՀ-ի տարբեր ակումբներում և տարիներ հետո նրանք կհիշեցնեն, որ ամեն ինչ սկսվել էր Մարտունիի «Ավո» թիմից:

Քրիստինա Ալավերդյան

Ֆոտոն արվել է 2023-ի սեպտեմբերի 29-ին

Արցախի եւ Հայաստանի որոշ ուժեր հայտարարություն են տարածել․ վերադարձ առանց կարգավիճակի՞

Հայաստանի գործող իշխանությունները պատմական պատասխանատվություն ունեն և պարտավոր են դիվանագիտական ջանքեր գործադրել տարածաշրջանում մեր պետության լիակատար մեկուսացման վտանգը և սուբյեկտայնության կորուստը կանխելու ուղղությամբ։ Դրա  համար առաջին ու անխուսափելի պայմանը բանակցային գործընթացում հստակ դիրքորոշում ունենալն ու սկզբունքային վարքագիծ դրսևորելն է։ Այս մասին հայտարարություն են տարածել Արցախի և Հայաստանի մի շարք քաղաքական ուժեր:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մենք՝ ներքոստորագրյալներս, Հայաստանի իշխանություններից պահանջում ենք արտաքին քաղաքականության օրակարգում ներառել և բանակցային գործընթացի շրջանակում պարտադիր քննարկման առարկա դարձնել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հավաքական իրավունքն իրացնելու պահանջը։

Արցախի ժողովրդի էթնիկ զտումն ու հայրենազրկումն արդյունքն է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի և քաղաքական պայմանավորվածությունների կոպիտ խախտման, և չկա միջազգային որևէ դերակատար, որը կկարողանա հերքել խնդիրն օրակարգ բերելու հայկական կողմի իրավունքը։

Առանց խոչընդոտների և միջազգային երաշխիքներով իր հազարամյակների հայրենիքում ազատ ապրելն Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքն է և դրա նախապայմանը՝ հավաքական վերադարձը, որն ամրագրված է միջազգային հիմնարար կոնվենցիաներով և փաստաթղթերով, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ Արցախի վերաբերյալ կայացված որոշումներով։

Հարավային Կովկասում չի կարող լինել խաղաղության ակնկալիք, առավել ևս՝ երաշխիք, քանի դեռ հայկական կողմը չի ձևակերպել և օրակարգ չի բերել արդարության պահանջը։ Սրա ապացույցն Ադրբեջանի պահվածքն է և խաղաղության հասնելու հայկական կողմի ապարդյուն փորձերը։ Հնարավոր չէ հասնել խաղաղության և կարգավորման մի իրավիճակում, երբ կողմերից մեկը զրկված է իր շահերի պաշտպանության հնարավորությունից։

Համոզված ենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը հասնել հնարավոր է միմիայն Արցախի ժողովրդի հավաքական վերադարձով՝ ամրագրված միջազգային երաշխիքներով։ Վստահ ենք, որ սա ընկալում են տարածաշրջանի և դրանում ներգրավված բոլոր դերակատարները։ Հայաստանի իշխանության պատասխանատվությունն է առնվազն այս հարցում դրսևորել դիվանագիտական հմտություն և քաղաքական կամք՝  հօգուտ Հայաստանի ու հայ ժողովրդի գոյութենական սպառնալիքների չեզոքացման:

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն

«Հայ հեղափոխական դաշնակցության» արցախյան կառույց

Արցախի «Արդարություն» կուսակցություն

Արցախի «ժողովրդավարական» կուսակցություն

«Հայաստան» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինք

«Ազգային անվտանգություն» կուսակցություն

«Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն

«Հայաստանի հանրապետական» կուսակցություն

«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնություն

«Միասին» շարժում