1918 թվականի հերոսամարտին մասնակցած մահապարտների գնդի մեծ մասը արցախցիներն էին. Բագրատ սրբազան

«Սարդարապատը մեզ համար մեր ինքնաճանաչողության բարձրակետն է՝ ինչպիսին ենք մենք եւ ինչպիսին կարող ենք լինել։ Երբ մենք հասնում ենք այդ ինքնաճանաչողության կետին, սխրանքների ու հերոսության ազգ ենք դառնում։ Այնպես որ, մեզ առաջինը հենց դա է պակասում, եւ այս շարժումը հուսով եմ մեզ կտանի այդ ինքնաճանաչողության ակունքին»,- Սարդարապատի հուշահամալիրում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

Նա հիշեցրեց, որ 1918 թվականի հերոսամարտին մասնակցած մահապարտների գնդի մեծ մասն արցախցիներն էին։ Այդ գունդը կազմված էր հոգեւորականներից եւ արցախցիներից։

«Սա հատուկ շեշտում եմ բոլոր նրան համար, ովքեր ասում են՝ արցախցիները տարբեր են, ուրիշ են, բաժանարար գիծ են անցկացնում մեր սեփական ազգի միջեւ։ Այս դաշտում է կռվել մահապարտների գունդը, ըստ վկայությունների, ամենամարտունակը։ Նրանց մեծ մասը պարզ ժողովուրդն էր, ոչ զինվորականներ։ Եվ նրանք, ովքեր մեզ ասում են՝ մեր ուժերը չեն ներում, մենք չենք կարող, ուղղակի ինքնաճանաչողություն չունեն»,- ասաց Բագրատ սրբազանը։

Ֆրանսիացի զինվորները գնում են Ուկրաինա. դա հնարավոր է

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը Ուկրաինային օգնություն է առաջարկել հրահանգիչների տեսքով, որոնք կարող են գալ և վերապատրաստել Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներին։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն ասել է, որ ֆրանսիական նախաձեռնությունը ողջունվում է Ուկրաինայի կողմից, և այդ պլանի իրականացման համար ձեռնարկվում են կոնկրետ քայլեր և ստորագրվում են անհրաժեշտ փաստաթղթերը։ Այս մասին հայտնում է Ukraine 365 Telegram ալիքը։

Ուկրաինայի պաշտպանության նախարարը հաստատել է այն փաստը, որ երկիր են գալու ֆրանսիացի հրահանգիչներ՝ Ուկրաինայի զինված ուժերի զինվորական անձնակազմին պատրաստելու համար։ Շուտով նրանք կժամանեն Ուկրաինայի ուսումնամարզական հավաքների և կհանդիպեն նրանց, ում հետ կկիսվեն իրենց գիտելիքներով։ Ռուստեմ Ումերովը հույս է հայտնել, որ Ֆրանսիան լավ օրինակ կծառայի մյուս դաշնակիցների համար։

Հայկական քաղաքակրթության ուրացում․ կհայտարարվի՞ իրավահաջորդությունը

Աշխարհասփյուռ հայությունը նշում է Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տարած պատմական հաղթանակի 106-ամյակը՝ Հանրապետության օրը: Այս բառերով է սկսել պետական գործակալությունը Մայիսի 28-ի տոնակատարության մասին իր տեղեկությունը։

Չնայած, որ մայիսի 28-ը տոնական եւ ոչ աշխատանքային օր է Հայաստանում, չի նշվում, որ Հայաստանի Հանրապետությունը եւս նշում է Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տարած պատմական հաղթանակի 106-ամյակը՝ Հանրապետության օրը։

Դա պատահական չէ՝ ներկայիս կառավարությունը ամեն կերպ փորձում է տարանջատել ՀՀ-ն “պատմական Հայաստանից” եւ իրավահաջորդությունից, ուրանալով հայկական բոլոր իրավունքները եւ պահանջատիրությունը։ Ինչպես գրում են ԶԼՄ-ները, Նիկոլ Փաշինյանն այսօր առաջին անգամ այս տարիների ընթացքում չի այցելի Սարդարապատ։ Եւ ոչ այն պատճառով, որ Սարդարապատը երեկ երեկոյան “պաշարել են” Բագրատ սրբազանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցները։ Նա չի այցելելու, քանի որ համարում է Առաջին հանրապետությունը “թշնամական”, ինչպես “թշնամական” է Արցախը։

“1918-ի մայիսի 28-ին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում տված կենաց-մահու ճակատամարտերում տարած հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի անկախությունը, որը կորցրած էր շուրջ 9 դար առաջ”, գրում է պետական գործակալությունը։

Այսինքն՝ 1000 տարի առանց պետականություն։ Թեկուզ բոլորը խոսում են հայկական քաղաքակրության մասին։

«Մենք հատուկ հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի հինավուրց պատմությանը, հարուստ մշակույթին և ավանդույթներին”,- ասել է Ղազախստանի նախագահ Տոկաեվը Երեւանում։

«Ես, որպես ֆրանսիացի, զարմացած եմ, որ միակ օտարերկրացի թագավորը, որ հանգչում է Ֆրանսիայի Սեն Դենիում գտնվող թագավորների նեկրոպոլիսում, հայ թագավորը: Խոսքը Կիլիկիայի թագավոր Լեւոն Լուսինյանի մասին է», գրել է Ֆրանսիայի դեսպանը։

Ռուսներն էլ լավ գիտեն հայկական քաղաքակակրթության մասին, որի ծնունդն է Ռուսիան։

«Ես տեսա այսօրվա մեր զրույցի նպատակը և տեսա նաև Հայաստանի պաշտոնական կառույցների ներկայացուցիչներից մեկի մեջբերումը, որն ասաց, որ Հայաստանը եվրոպական ժողովրդավարական և ինչ-որ այլ արժեքների կրող է։ Գիտեք՝ ինչն է ինձ զարմացնում: Իսկ ինչո՞ւ են Երևանում ներկա իշխանությունների ներկայացուցիչներն այդքան դեմպինգ անում։ Ինչո՞ւ են նրանք համեմատում հայկական հնագույն քաղաքակրթությունը՝ նրա մշակույթը, պատմությունը, պետականությունը, որը եղել է, կներեք, եվրոպական ժողովրդավարությունից շատ առաջ, ներկայիս իսկապես փակուղում գտնվող Եվրոպական միության հետ»,- Звезда հեռուստաընկերության եթերում հայտարարել է Զախարովան այս տարվա ապրիլի 24-ին։

Մայիսի 28-ին, ժամը 10:00-ին Սարդարապատի հուշահամալիրում տեղի կունենա հավաք, որտեղ ուղերձով հանդես կգա Բագրատ Սրբազանը: Հավաքին կհաջորդի ավտոերթ դեպի Երևան, հայտնում է Տավուշը հանուն հայրենիքի շարժումը։

Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում նշեց Առաջին հանրապետության ժողովրդական բնույթը, չհիշատակելով այլ՝ տարածքային, քաղաքական ժառանգությունը։

Կհայտարարի՞ Բագրատ սրբազանը որպես քաղաքական նպատակ Առաջին հանրապետության  եւ հայոց քաղաքակրթության իրավահաջորդությունը։ 

Ինչին են պատրաստում Ալիևին. ամեն ինչ որոշվում է Շուշիում

Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը Բաքվի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հիշեցրել է, որ «Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ցուցաբերում Կիևին։ Եվ որպեսզի, թերեւս, ինչ-որ պարիտետ ու հավասարակշռություն ստեղծվի, կարեւոր կլիներ դրականորեն լուծել ադրբեջանական մարդասիրական օգնությունը Դոնբաս ուղարկելու հարցը։ Սա շատ կարեւոր ցուցանիշ կլիներ մեր հասարակության, մեր հասարակական կարծիքի ընկալման համար»։

Արցախի օկուպացիայից և բնիկ բնակչության տեղահանությունից հետո Ռուսաստանում Ալիևի նկատմամբ love վերաբերմունքը միայն բարելավվեց։ Ընդհանրապես, Ալիևին ողջ աշխարհում զարմանալիորեն ներողամիտ են վերաբերվում։ Ամեն ինչ ներվում է՝ ընդդիմության ճնշումը, միջազգային իրավունքի խախտումը, Արցախի հարցի ուժային լուծումը, Ռուսաստանի հետ ռազմավարական պայմանագիրը Ուկրաինա՝ Մոսկվայի ներխուժման նախօրեին, ճնշումը Հայաստանի վրա, անկարգությունները Նոր Կալեդոնիայում, կապերը Իսրայելի հետ, վերջին հանդիպումը Ռաիսիի հետ աղետից առաջ և շատ ավելին։

Ալիեւին ակնհայտորեն պատրաստում են տարածաշրջանային սատրապի պաշտոնին. փաստորեն, Լուկաշենկոն նրան արդեն կարգել է որպես «Կովկասի առաջնորդ»։ Պատահական չէ Կոբախիձեն ասել, որ Վրաստանը մինչև 2030 թվականը կմիավորվի Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ։ Ինչո՞ւ չմիավորվել, մեկ է՝ նոր «Անդրկովկասյան դաշնություն» է ստեղծվելու։ Իսկ Ալիևը կլինի դրա “նայողը”։

Լուկաշենկոն դա արեց՝ այցելելով հայերից խլված մարգարիտը՝ Շուշի։ Դրանից առաջ այնտեղ եղել էր նաև ԱՄՆ դեսպանը։ Ալիևը բոլորին ձեռ է տալիս։

«Ռուսաստանը մտադիր է Ստեփանակերտում բացել ՌԴ գլխավոր հյուպատոսությունը»,- ասել է Գրիգորի Կարասինը։ Ոչ ոք  չէր էլ կասկածում։ Ահա թե ինչու Ռուսաստանը 2020 թվականին զորքեր ուղարկեց Արցախ՝ այն հայերից մաքրելու, Բաքվին հանձնելու և այնտեղ “հյուպատոսություն” բացելու համար։

Արցախցիները չեն կարդացել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ուստի չեն նկատել, որ այնտեղ «հայ» բառը նույնիսկ մեկ անգամ չի օգտագործվել։

Ասում են, արցախցիների բնակապահովման ծրագիրը մեկնարկել է․ կարգը կհաստատվի հունիսին

Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով մեկնարկել է Կառավարության՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ մինչև 2024 թվականի հունիսի 15-ը  կհաստատվի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին դիմելու կարգը։

Ծրագրի շահառուներն են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնց  բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն (ստացել են) ՀՀ քաղաքացիություն։

«ԼՂ տեղահանված մեր հայրենակիցները կարող են պարզեցված կարգով ստանալ Հայաստանի քաղաքացիություն:  ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների համար  պետք է  մոտենալ Երևանում՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10 հասցեով, իսկ մարզերում դիմումներ կընդունվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր անձնագրային ստորաբաժանումներում»,- նշված է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: Քաղաքացիության դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հետևյալն է.

– դիմում-հարցաթերթ,

– ծննդյան վկայական /եթե օտարալեզու է՝ սահմանված կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ/,

– ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի վավեր անձնագիր,

– 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար (գունավոր).

– ամուսնության վկայականը և դրա պատճենը, եթե դիմումատուն փոխել է ազգանունը,

– այն դեպքում, երբ դիմումատուն սահմանված կարգով կատարել է անձնական տվյալների փոփոխություն, ապա պահանջվող փաստաթղթերում առկա գրառումների հետ անհամապատասխանության դեպքում ներկայացվում է նաև փոփոխությունը հավաստող փաստաթուղթ,

– պետական տուրքի վճարման անդորրագիր:

Քաղաքացիության դիմում ներկայացնելիս ժամանակավոր պաշտպանության վկայական ներկայացնելը պարտադիր չէ:

Անչափահաս երեխաների դեպքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Ծնողների քաղաքացիություն ստանալու դիմումին զուգահեռ անչափահասների համար նախատեսված է ՀՀ քաղաքացու անձնագրի տրամադրման ընթացակարգ 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Քաղաքացիություն հնարավոր է ստանալ դիմելուց 1-ից 2  ամսվա ընթացքում, ինչից հետո անհրաժեշտ է ձեռք բերել ՀՀ քաղաքացու անձնագիր։ Ծրագրի մանրամասները՝ հետևյալ հղումով:

Թուրքիայի «կադաստրի թուղթը» Հայաստանում է․ ինչ է ուզում Էրդողանը

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին։

«Ռազմական հեղաշրջումների ժամանակն անցել է։ Գործող սահմանադրությունը խաթարում է վստահությունը քաղաքականության հանդեպ, Թուրքիան այլևս ի վիճակի չէ դրանով առաջ շարժվել», –  հայտարարել է Էրդողանը։

Էրդողանն, որը վերջին անգամ է ընտրություններին մասնակցել, ցանկանում է նոր սահմանադրությունով Թուրքիան օժտել «կադաստրի թղթով»։

Ներկայումս նախկին Բյուզանդիայի տարածքում փռված Թուրքիան չունի ներքին ընթացակարգով հաստատված սահմաններ։ Երկրի սահմանները Առաջին համաշխարհայինից հետո որոշված են 2023 թ․ Լոզանի պայմանագրով։ Իսկ Հայաստանի, ավել ճիշտ՝ նախկին ԽՍՀՄ-ի հետ սահմանը՝ 2021 թ․ ռուս-թուրքական Կարսի պայմանագրով։

Եւ Լոզանի, եւ Կարսի պայմանագրերի մաքսիմալ իրավական ժամկետը սպառվել է, եւ հիմա Թուրքիայի սահմանները «օրինական են» այնքան ժամանակ, որքան Հայաստանը չի վիճարկում այն։

2020-2024 թ․ ռուս-թուրքական օպերացիան Հայաստանի դեմ ուղղված է Կարսի արդեն սպառված պայմանագրով որոշված սահմանների ամրագրմանն ու ընդլայմանը։ Եւ Հայաստանի ներկայիս կառավարությունը իրականացնում է այդ նպատակը։ Վերջին ակտը լինելու է «հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի» ստորագրումը, ինչպես առաջարկվում է՝ այս տարվա նոյեմբերի 11-24-ին Բաքվում։ Այս պայմանագրով Հայաստանը կհրաժարվի Նախիջեւանից, Արցախից, Սյունիքից, ինքնիշխան պետությունից եւ Թուրքիայի հանդեպ ցանկացած պահանջից։

Դրանից հետո Ալիեւին եւ Փաշինյանին նոբելյան մրցանակ կտան, իսկ Թուրքիան նոր սահմանադրություն կընդունի, որտեղ կամրագրի «նոր իրողությունները»։

Գնալով նկատում ենք, որ բավականին խնդրահարույց է տարեցների հարցը, մասնավորապես միայնակ տարեցների

Բոլորը, առանց բացառության, ովքեր վերապրել են պատերազմներ և  բռնի տեղահանում, սոցիալ-հոգեբանական աջակցության կարիք ունեն

Մասիս համայնքում «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի» աջակցությամբ անցած տարեվերջին հիմնվեց «Սոցիալական աշխատանքի կենտրոն»՝ Արցախից բռնի տեղահանվածների սոցիալական խնդիրներին արձագանքելու և նոր համայնքում նրանց սոցիալական ինտեգրումը ապահովելու նպատակով։

Կենտրոնը պաշտոնապես սկսել է գործել 2023 թվականի դեկտեմբերին։ Կենտրոնի տարբեր ծառայություններից օգտվում են Մասիս համայնքում ապաստանած ավելի քան 650 տեղահանված ընտանիք։

Զարինե Պետրոսյանը, Մասիսի «Սոցիալական աշխատանքի կենտրոնի» պատասխանատուն պատասխանեց  Step1.am-ի հարցերին:

Որքա՞ն ժամանակ է, որ գործում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան և ո՞րն է նրա առաքելությունը

 – Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան գործում է դեռևս 2004 թվականից: Ասոցիացիան նպատակ ունի Հայաստանում նպաստել որակյալ սոցիալական ծառայությունների ներդրմանն ու տարածմանը: Մասիս քաղաքում գործում ենք արդեն 6 ամիս: Կենտրոնը այստեղ ստեղծվել է աջակցություն ցուցաբերելու Արցախից տեղահանված բնակչությանը: Ասոցիացիան նման կենտրոններ ունի Հայաստանի ևս վեցը խոշորացված համայնքներում՝ Գորիսում, Վայքում, Աշտարակում, Մարտունիում, Աբովյանում և Երևանում: Շուտով նոր կենտրոններ կբացվեն այլ համայնքներում ևս:

Կարևոր է նշել, որ մինչ Արցախի բլոկադան և արցախցիների բռնի տեղահանումը Ասոցիացիան բավականին լայն գործունեություն էր ծավալում նաև Արցախում՝ այնտեղ զարգացնելու սոցիալական աշխատանքը և սոցիալական ծառայությունները: Եվ, այսօր այստեղ, փաստացի մենք աշխատում ենք նույն մոտեցումներով, ինչպես սկսել էինք գործել Ասոցիացիայի կողմից Արցախում հիմնված Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոններում:

Մասիսում Սոցիալական աշխատանքի կենտրոնը հիմնվել է՝ Մասիսի համայնքապետարանի հետ սերտ համագործակցության արդյունքում՝ երկու աջակիցների շնորհիվ՝ Հ.Հովնանյան ընտանեկան հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի:

 -Որպես կազմակերպություն, որը զբաղվում է Արցախցիների հիմնախնդիրներով, կարող եք նշել, թե ի՞նչ խնդիրների հետ են առնչվում տեղահանվածները:

– Կենտրոնը փորձում է հասկանալ տեղահանվածների խնդիրները տարբեր կողմերից և հնարավորինս օգնել յուրաքանչյուրին գտնել իրեն և իր ընտանիքին հարմար լուծումներ: Իհարկե խնդիրները բազմազան են, դրանց կարելի է տարբեր խմբերի մոտ հանդիպել, թե երեխաների, թե նրանց ծնողների, թե հաշմանդամություն ունեցող անձանց և այլն, սակայն գնալով նկատում ենք, որ բավականին խնդրահարույց է տարեցների հարցը, մասնավորապես միայնակ տարեցների: Հաճախ նկատում ենք, որ մարդիկ ի լրումն կենսական կարիքների բավարարմանը, ընդամենը կարիք ունեն պարզ մարդկային շփման, էներգիայի, մոտիվացիայի, ինչը կորցրել են մեզ հայտնի պատճառներով:

  – Դուք նշեցիք, որ ունեք տարբեր ծառայություններ, կարո՞ղ եք մանրամասնել:

– Կենտրոնի կողմից մատուցվող հիմնական ծառայությունը՝ սոցիալական աշխատողների կողմից իրականացվող միջամտություններն են, որոնք ուղղված են բազմազան խնդիրների՝ ընտանիքների հիմնական կարիքների ապահովումից մինչև նրանց ինքնաբավության խթանում: Ի լրումն դրա, ըստ անհատական կարիքների, տրամադրում ենք նաև  հոգեբանական աջակցության ծառայություններ, տարբեր թերապևտիկ միջամտությունների ձևով, այդ թվում կազմակերպում ենք օրինակ սոցիալական միջոցառումներ, սակայն ոչ միայն:

-Մի քանի ամիս առաջ նշել էիք, որ սոցիալական վիճակի հետ կապված մարդիկ գտվում են ընկճախտի մեջ, անցել է 6 ամիս արդյո՞ք ճգնաժամը հաղթահարված է:

– Պետք է նկատի ունենանք, որ պատերազմը, տեղահանումը դրանք այնպիսի երևույթներ են, որոնք երկարատև ազդեցություն են ունենում մարդկանց կյանքի վրա: Մարդկանց արձագանքն էլ դրան շատ տարբեր է: Ոմանք ավելի դիմակայուն են, հաջողվում է նրանց ավելի արագ ոտքի կանգնեցնել, ոմանց դեպքում ավելի շատ ժամանակ ու ջանքեր են պահանջվում: Սոցիալական աշխատողները հատկապես այս խմբի հետ աշխատանքում շատ մեծ դեր ունեն:

 -Կան այնպիսի ընտանիքներ, որոնք ունեն աջակցության լուրջ կարիք, բայց չեն համաձայնվում օգտվել, օրինակ՝ հոգեբանական աջակցությունից, ինչպե՞ս եք հաղթահարում այս պատնեշը:

–  Աջակցությունը, եթե անգամ ամենալավ նպատակներից ելնելով է արվում, չի կարող «պարտադրանք» լինել: Մեր խնդիրն է՝ որպես սոցիալական աշխատողներ, հնարավորինս պարզ ու մատչելի ձևով առաջարկել օգնությունը մեր կարիքն ունեցող մարդկանց: Հավատացած եղեք, որ երբ մարդը գիտակցում, հասկանում է, թե ինչու է դա կարևոր, ինչպես կարող է իրեն օգտակար լինել, իր համար կարողանում է ճիշտ որոշում կայացնել: Այ այստեղ, սոցիալական աշխատողի մասնագիտական հմտություններն՝ «գաղտնիքներն», են օգնության գալիս:

Ալվարդ Գրիգորյան

4 զոհ, 17 փլված կամուրջ

Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա 4 զոհ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Քիչ առաջ նաև հայտնաբերվել է անհետ կորած անձանցից մեկի դին։ Կարող ենք ասել, որ ունենք չորս զոհ այս աղետի հետևանքով»,- ասաց Սանոսյանը։

Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով 17 կամուրջ է փլուզվել, որոնցից  5-ը խոշոր  կամուրջներ են։

«Ընդհանուր առմամբ՝ 17 կամուրջ է փլուզվել։ Դրանց մի մասը փոքր կամուրջներ են՝ համայնքային նշանակության, բայց նաև փլուզվել է 5 խոշոր կամուրջ, և մեզանից մեծ ջանք ու ժամանակ կպահանջվի դրանք վերականգնելու համար։ Այդ կամուրջների փլուզման հետևանքով ստեղծվել է բնակավայրերի հետ կապի լուրջ խնդիր։ Եթե փոքր  համայնքների պարագայում լուծումներ գտնվել են և այդ համայնքներում կապի խնդիր չկա, խոշոր կամուրջների փլուզման պարագայում կապի խնդիր ստեղծվել է»,- ասաց Սանոսյանը։

Սիսիանում գազ են կիրառել ոստիկանները. Բագրատ սրբազան

Սիսիանում գազ են կիրառել ոստիկանները, տղաների աչքերին գազ են փչել, խնդիր չկա, մենք շարունակելու ենք նույն կերպով:

Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Առավոտից մինչև հիմա շատ ընտիր եղել է ամեն ինչ։ Դուք ականտես եք եղել, որ գրեթե շարժ չկար առավոտյան կողմը, դա շատ կարևոր է, բայց ավելի պետք է մեծացնենք ճմշումը։ Իրենք հանգիստ պետք է չունենան, այս մարդը պետք է հանգիստ չունենա և իր հետ բոլոր նրանք, ովքեր հանցակից են։ Մենք հանգիստ ենք, համբերատար առաջ ենք գնալու, ծրագրերն իրենց ընթացքով գնում են, նորմալ է ամեն ինչ»,- ասաց Սրբազանը։

Արցախցիների` արտերկիր մեկնելու սահմանափակում և բնակապահովման ծրագիր. ի՞նչ են անելու փողերի հետ

Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է խոսվում այն ​​մասին, որ 070 անձնագիր ունեցող արցախցիներին մերժում են Հայաստանից մեկնել։ Ու թեև սրա վերաբերյալ հրապարակային որոշում չկար, ավելին, պաշտոնապես նշվում է, որ ժամանակավոր պաշտպանության վկայականով եւ 070 անձնագրով մեկնելը հնարավոր է, բայց վիզաներ տրամադրելիս օտարերկրյա պետությունները արդեն սկսել են առաջնորդվել ՀՀ կառավարության դիրքորոշմամբ։

Արցախցի օգտատերերից մեկը կիսվել է հետևյալ գրառումով. “Ինձ` Գերմանիա հրավիրող կողմը պաշտոնական նամակ է ուղարկել Գերմանիայի դեսպանատուն և ահա, թե ինչ պարզաբանում են տվել`

«Դեսպանատունը ցավով է տեղեկացնում, որ ներկայումս հնարավոր չէ վիզա տրամադրել 070 կողմից տրված անձնագրերին: Այս թեմայով Հայաստանի իշխանությունների կողմից հրապարակված տեղեկատվության հիման վրա դեսպանությունը ներկայումս ենթադրում է, որ 070 անձնագիրը փաստացի չի համարվում Հայաստանի քաղաքացի։ Քանի դեռ անձնագրով հստակ ապացուցված չէ քաղաքացիությունը, հնարավոր չէ ընդունել կամ ընթացք տալ դիմումին։ Այս պահին պետք է հստակորեն նշել, որ դեսպանատան տեսակետը չի, որ 070 անձնագիր ունեցող անձինք փախստականներ են, այլ դա Հայաստանի միգրացիոն իշխանությունների պաշտոնական ձևակերպումն է»”։

Գերմանիայի դեսպանատան այս պատասխանը վկայում է կա՛մ այն ​​մասին, որ Հայաստանի իշխանությունը, իրավական կազուս ստեղծելով, կանխում է արցախցիների հավանական արտահոսքը, կա՛մ այն մասին, որ արցախցիներն ամբողջությամբ օրենքից դուրս են դնում ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում։

Թեեւ ընդունված է կարծել, որ Հայաստանի իշխանությունը խթանում է արցախցիների արտագաղթը, սակայն հավանական է, որ դա այդպես չէ, և այս պահին արցախցիների արտագաղթը զուտ մերկանտիլ տեսանկյունից ձեռնտու չէ իշխանությանը։

Դա կարող է պայմանավորված լինել ապրիլի վերջին կառավարության կողմից հայտարարված արցախցիներին բնակապահովման ծրագրով։ Այս ծրագիրը, որը ենթադրում է զգալի գումարների ներհոսք, մի կողմից կապված է արցախցիների հետ, մյուս կողմից՝ միջազգային հիմնադրամների ու պետությունների, որոնք պաշտոնապես պատրաստակամություն են հայտնել աջակցել այս ծրագրին։

Քանի որ ամեն ինչ ծածկված է գաղտնիությամբ, հրապարակայնորեն չի նշվում, թե որքան կարժենա այս ծրագիրը, որքա՞ն գումար է արդեն ստացվել և որքան է նախատեսվում ստանալ։ Չի նշվում նաեւ, թե կառավարությունը առաջիկա ամիսներին ինչ է մտադիր անել ստացված միջոցների հետ։ Դրամական միջոցները կսառեցվե՞ն, թե՞ շրջանառության մեջ կդրվեն։

Ակնհայտ է, որ հունիսին ծրագրի մեկնարկից հետո այն դեռ երկար ժամանակ շահառուներ չի ունենա։ Քաղաքացիության պահանջը ենթադրում է գրեթե վեց ամիս բյուրոկրատական քաշքշուկ, որից հետո կսկսվի ​​գործընթաց բնակարանային ծրագրում գրանցվելու և այլի համար։ Էլ չենք խոսում այն ​​մասին, որ արցախցիներից շատերը կարող են բոյկոտել ծրագիրը, թքել ու հեռանալ։

Հայտնի չէ՝ բնակարանային ապահովության հիմնադրամի միջազգային աուդիտ կլինի՞, թե՞ ընդհանրապես նման հիմնադրամ կստեղծվի։ Բայց ակնհայտ է, որ եթե արցախցիները չլինեն, հիմնադրամում գումար էլ չի լինի։ Առավոտյան աթոռներ, երեկոյան փող, ինչպես ասում են։ Եւ խոսքը ոչ միայն գումարի, այլ ՀՀ կառավարության միջազգային պարտավորությունների կատարման մասին է։ Չէ՞ որ արցախցիներին ժամանակավոր պաշտպանություն տալով, ՀՀ կառավարությունը իր վրա միջազգային պարտավորություն է վերցրել։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում հաճախ է խոսվում, որ ուսումնական տարվա ավարտով կարող է սկսվել արցախցիների արտագաղթը։ Տեղեկությունն այն մասին, որ արցախցիներից շատերն այլևս Հայաստանում չեն, դոնորներին կարող է ցույց տալ, որ ծրագիրը ձախողված է։ Առավել եւս, եթե արցախցիները մեկնեն ոչ թե ավանդական Ռուսաստան, այլ Արեւմուտք։

Դրա համար արցախցիների հեռանալը կանխվում է։ Թեև սա, իհարկե, իրավական քաոսի պատճառներից մեկն է միայն։

Ամոթ է, մի արեք

Հայաստանի քննչական կոմիտեն վախենում է «Ստեփանակերտ» բառն օգտագործել

ՀՀ քննչական կոմիտեն մայիսի 25-ին տեղեկացրել էր, որ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի՝ նախկին համայնքի ղեկավար Դ․Ս․-ի և երեք անձանց նկատմամբ։

Խոսքը Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի մասին է, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ տեղահանության ժամանակ Արցախից բերված պետական ​​և մունիցիպալ մեքենաները վաճառվել են փաստաթղթերով, որոնցում ցանկության դեպքում կարելի է խարդախություն տեսնել։

Քննչական կոմիտեն չի նշում «Ստեփանակերտ» համայնքը, ըստ երևույթին, Հայաստանի Հանրապետության պետական ​​մարմինների ռեգիստրներում Արցախի մայրաքաղաքն արդեն գրանցված է որպես «Խանքենդի»։

Հայաստանում իշխող խմբավորումը ոչ միայն քաղաքականապես հրաժարվեց Արցախից, այլև օրենքից դուրս հայտարարեց բոլոր արցախցիներին և ընկղմեց նրանց կատարյալ ապօրինության մեջ։ Մարդիկ չեն կարողանում անձը հաստատող փաստաթղթեր ձեռք բերել, նրանց ստիպում են ՀՀ 070 ծածկագրով անձնագիրը փոխել 099 ծածկագրով այլ անձնագրի։ Հետո պարզվում է, որ 099 ծածկագրով անձնագրեր են տրվում քաղաքացիություն չունեցող անձանց։

Բոլոր ատյաններում անիրավություն է, մարդիկ չգիտեն, թե ուր դիմեն իրենց հարցերով, ամեն ինչ որոշում է համակարգիչը, և այն ծրագրված է անողոք լինել արցախցիների նկատմամբ։

Այս մասին արցախցիները բարձրաձայն չեն խոսում, քանի որ ամաչում են խոստովանել, որ նման վերաբերմունքի են հանդիպում ոչ թե մեկ այլ տեղ, այլ Հայաստանում։

Ամոթ է, մի արեք։