Աղետալի հեղեղումներ Հայաստանում

Ալավերդիում աղետ է: Գիշերը տեղացած հորդառատ անձրևի պաատճառով վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան: Կապն աշխատում է խափանումներով, խոսվում է գետափնյա տներից անհետացած մարդկանց մասին: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է Հրաչյա  Պապինյանը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հորդառատ անձրևների պատճառով անանցանելի են դարձել դեպի «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետ տանող ճանապարհները։

«Հաշվի առնելով ստեղծված վիճակը՝ Կոմիտեն հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին՝ Վրաստանից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներն առայժմ կազմակերպել «Գոգավան» կամ «Բավրա» պետական սահմանի անցման կետերով։

Միաժամանակ, նշվածով պայմանավորված՝ արդեն իսկ ճանապարհին գտնվող բեռնափոխադրումների մասով Կոմիտեն զերծ կմնա երթուղու չպահպանման համար նախատեսված պատասխանատվության կիրառումից և վարչական վարույթների հարուցումից։ Ճանապարհների վիճակի կարգավորվելուն պես՝ Կոմիտեն լրացուցիչ կտեղեկացնի, միաժամանակ, կարող եք հետևել լրահոսին»,- հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետեւանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Դեբեդ գետի վարարման հետևանքով փակ են Ձորագետ-Ալավերդի-Քարկոփ և Բագրատաշեն-Պտղավան ավտոճանապարհները:

Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Տաշիր գետի վարարման պատճառով ջուրը լվել էՏաշիր քաղաքի փողոցները: Այս մասին հայտնում են օգտատերերը` հրապարակելով լուսանկարներ եւ տեսանյութեր:

Նշենք, որ Դեբետ գետի վարարման հետեւանքով Ալավերդիում աղետ է, կան փլուզումներ խոսում են կորած մարդկանց մասին:

Ներքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է հայտնել Դեբեդ գետի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ:

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում 2024 թվականի մայիսի 26-ին ժամը 00։40-ից բազմաթիվ ահազանգեր են ստացվել է Դեբեդ գետի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ։

Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել, Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը (նախնական տվյալներով կա 1 զոհ), Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար (ամբողջությամբ ջրի մեջ, խցիկի վրա 2 քաղաքացի), Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր:
Նախնական տվյալներով 1 տարեց քաղաքացի ընկել է գետը, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ժ․08։00-ի դրությամբ՝

Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը քանդվել է։ Բնակավայրը  ջրածածկված է։

Ախթալա բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը ջրածածկված է, հնարավոր է լինեն քանդված հատվածներ,  երկաթգիծի վրա նշմարվում են նստվածքային տեղամասեր և տապալված սյուներ։

Ալավերդի քաղաքի Մ6-ճանապարհին, Թումանյան փողոցում, Սանահին թաղամաս տանող ճանապարհին և Մ6 ճանապարհի գերեզմանների հատվածում ճանապարհը ամբողջությամբ ջրածածկված է, նկատելի են ամբողջական փլուզված տեղամասեր։ Ամբողջությամբ քանդվել է Սանահին կայարանը Ալավերդի քաղաքին կապող կամուրջը։

Շնող-Թեղուտ հատվածում գետի վարարման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ քանդվել է։
Նախնական տվյալներով Մ6-Թեղուտ հատվածում գետում առկա է ավտոմեքենա որում կա քաղաքացի։
Փամբակ համայնքում՝ Մ6-ճանապարհի Քոբայր-Ձորագետ ավան հատվածում, ճանապարհը ամբողջությամբ փլուզվել է մի քանի հատվածներում։ Տվյալ հատվածում 3 ավտոմեքենա արգելափակված է։ Ձորագետ ավանի 70 բնակիչ տարհանվել են անվտանգ տարածք։

ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումերը սպասարկում են բոլոր դեպքերը․ ներգրավվել են Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 7 մարտական հաշվարկ, 2 օպերատիվ խումբ և Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ։

ՏԿԵՆ-ից ներկայացնում են փակ ճանապարհները և առաջարկում այլընտրանքային երթուղիներ.

Փակ երթուղիներ՝

  1. Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն
  2. Դիլիջան – Իջևան

Այլընտրանքային երթուղիներ՝

Հայաստան – Վրաստան միջպետական երթուղի

  1. «Գոգավան մ/տ» – Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երևան
  2. «Բավրա մ/տ» – Գյումրի – Երևան

Հայաստանի ներհանրապետական երթուղի

  1. Այրում – Նոյեմբերյան – Այգեհովիտ – Տավուշ – Բերդ – Թթուջուր – Ճամբարակ – Սևան-Երևան

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» ցուցահանդես

Factor.am

Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որը համատեղ կազմակերպվել էր Ն.Գ. Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի և Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանի կողմից։

Միջոցառման ընթացքում ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները վերջինիս «Արցախ. լուսանկարչի աչքը» գրքից։

Ցուցահանդեսի բացման իր խոսքում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել խոսնակին և մյուս գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։ Դեսպան Հարությունյանն առանձնանշել է, որ Ադրբեջանն այս պահին Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, յուրացման և պղծման միջոցով վերացնում է բնիկ արցախահայության ներկայության հետքերը։

Այդ համատեքստում դեսպանը զուգահեռներ է անցկացրել Նախիջևանի հայկական պատմամշակութային ժառանգության գրեթե 99 տոկոսի ոչնչացման ուղղությամբ Ադրբեջանի համակարգված քաղաքականության հետ։

Ընդգծելով Արցախի հայկական ժառանգության պահպանման նշանակությունը՝ նա մեծապես կարևորել է այդ ուղղությամբ միջազգային ջանքերի անհապաղ գործադրումը՝ որպես համաշխարհային պատասխանատվության խնդիր։

Ներկայացուցիչների պալատի խոսնակը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում բազմադարյա հայկական ժառանգության ոչնչացման և պղծման անթույլատրելիությանը, կարևորել է նման գործողությունների կանխմանն ուղղված պայքարը՝ շեշտելով տվյալ արժեքների՝ համայն մարդկության ժառանգության մաս կազմելու հանգամանքը։

Ցուցահանդեսին իրենց մասնակցությունն են բերել Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի և Սենատի, այդ թվում՝ Կանադա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ, Կանադայի Քվեբեկ նահանգում ՀՀ պատվո հյուպատոսը, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք և հյուրեր։

Բայդենը Ալիևին ակնարկել է, որ հինգերորդ ժամկետն արդեն գահի հայտ է

Ադրբեջանի Անկախության օրվա կապակցությամբ Ալիևին ուղղված ԱՄՆ նախագահի ուղերձում ասվում է. «Ձեր նախագահության հինգերորդ ժամկետի սկզբում Միացյալ Նահանգները ջանքեր կգործադրի…» և այլն։

Ամերիկյան ժողովրդավարական ավանդույթների համար հինգերորդ ժամկետը, իհարկե, անհեթեթություն է: Բայց Բայդենի հայտարարության մեջ կարելի է տեսնել ևս մեկ ակնարկ՝ Ալիևը, որը նախագահ է, նախագահի որդի, փոխնախագահի ամուսին, ապագա նախագահի հայր, հինգերրոդ ժամկետով, իհարկե, ժառանգական տիրապետության, ազնվականության հայտ է ներկայացնում։

«Մենք ցանկանում ենք առաջ մղել մեր ընդհանուր կլիմայական նպատակները COP29-ում նոյեմբերին Բաքվում և պատրաստ ենք աջակցել Ադրբեջանին միջոցառումը հաջողությամբ անցկացնելու գործում», – ասված է ԱՄՆ նախագահի նամակում։

Ի դեպ, այսօր Ալիևի խորհրդականն ակնարկել է, որ Երևանն ու Բաքուն կարող են «խաղաղության պայմանագիր» կնքել Բաքվում կայանալիք վերոհիշյալ գագաթնաժողովում։ Պատահական չէր, որ Փաշինյանը համաձայնեց գագաթնաժողովը Բաքվում անցկացնելուն. հենց նման ֆորումներում շնորհում են «կլոր սեղանի ասպետություն»։

Ուխտագնացություն Տաթև՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և Բաքվում պահվող մյուս գերիների

Sputnik․ Այսօր տեղի է ունեցել «Կենաց ծառ» խորհրդանշական անվամբ ուխտագնացություն դեպի Տաթևի վանական համալիր՝ ի զորակցություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Բաքվում ապօրինի պահվող մյուս հայ գերիների: Տեղեկությունը հայտնում է Ռուբեն Վարդանյանի գրասենյակը։

Սուրբ Պողոս-Պետրոս տաճարում գերաշնորհ Տ.Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ համատեղ աղոթք է անցկացվել՝ հանուն հայ գերիների շուտափույթ վերադարձի։
«Տաթևը հայոց հոգևոր և ազգային-ազատագրական վերածննդի խորհրդանիշներից է։ Այսօր շատ կարևոր է ներշնչանք և ուժ ստանալ մեր ազգային-հոգևոր ակունքներից՝ մեր նոր զարթոնքի համար։ Մեր խոցված ազգային արժանապատվությունը վերականգնելու, հուսահատությունների ու հիասթափությունների կորստաբեր շղթան կոտրելու համար նաև խիստ կարևոր է Բաքվում պահվող մեր գերիների շուտափույթ և ապահով վերադարձը հայրենիք»,- ասել է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։
Խորհրդանշականորեն նաև «Կենաց ծառ» է տնկվել և պտղատու նոր այգի բացվել, Տաթևում և Հալիձորում ազգագրական-մշակութային միջոցառումներ են անցկացվել: Համայնքի բնակիչները ավանդական հարիսա են պատրաստել։ Համերգային կատարումներով հանդես են եկել Արցախի ազգային նվագարանների նվագախումբը և «Մռակած» երգչախումբը:
Նշենք, որ ուխտագնացությունն իրականացվել է Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրը: Այսօր Արցախի նախկին պետնախարարը 56 տարեկան է դառնում։

Կիրանցի բնակիչը Փաշինյանին տուն չթողեց

Sputnik. Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչը Ադրբեջանի հետ սահմանամերձ գյուղ ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանին տուն չի թողել։

«Ի՞նչ անել, եթե սահմանն անցնում է այնտեղ, որտեղ այն անցնում է քարտեզի վրա», – տան բակում հարցրեց Փաշինյանը։

«Մեր երկիրը գնալով փոքրանում է»,- նրան ասաց բնակիչներից մեկը։

Սրան Փաշինյանն առարկեց. «Ոչ թե փոքրանում է, այլ մնում է նույնը։ Սահմանը, ըստ քարտեզների, մնացել է այնտեղ, որտեղ եղել է»։

Մի քանի այլ բնակիչներ առաջարկել են Փաշինյանին և իր ընտանիքին սահմանազատման գործընթացի ավարտից հետո բնակություն հաստատել Կիրանցում։ «Սպասիր, մենք նոր պայմանավորվել ենք քննարկել»,- ասաց վարչապետը։

Սրան էլ տան տերը, ում մոտեցել է Փաշինյանը, պատասխանել է. «Գնա ստեղից։ Ըստ ձեր քարտեզների՝ սա Ադրբեջանի տարածքն է։ Դե ուրեմն գնա՛»։

Փաշինյանն այլևս «սուրբ կով» չէ. ինչու են Կոպիրկինին կանչել Մոսկվա

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա։ Պատճառները չեն հաղորդվում, սակայն, ըստ էության, հայ-ռուսական հարաբերություններում ոչ մի նոր կամ ակնհայտ բան տեղի չի ունեցել, ուստի պետք է ենթադրել, որ նրան կանչել են հետագայի մասին խորհրդակցությունների։

Հիշեցնենք, որ Պուտինը Սերգեյ Կոպիրկինին նշանակեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում 2018 թվականի ապրիլի 6-ին, հենց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր քայլարշավը Գյումրիից Երևան, որն ավարտվեց «թավշյա» հեղափոխությամբ և հայկական պետականության քայքայմամբ։ Կոպիրկինը Հայաստան ժամանեց ավելի ուշ եւ իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին հունիսի 4-ին, երբ Փաշինյանը արդեն վարչապետ էր։

Կոպիրկինը, ով Հայաստանում իր գործունեությունը սկսել է «փափուկ ուժի» անոնսով եւ համարվում է Հայաստանի բազմաթիվ քաղաքական ուժերի կուրատոր, նույնիսկ ճարտարապետը ներկայիս խորհրդարանի, որը ձևավորվել է 2021 թվականին Հայաստանի համար աղետալի պատերազմից հետո։ Նա “ռուչնոյ” ռեժիմով համակարգում է թե՛ իշխանական խմբի, թե՛ ընդդիմադիր ուժերի գործողությունները։ Եւ մինչ այժմ ամեն ինչ այնպես էր, ինչպես ցանկանում էր Ռուսաստանը։

Սակայն վերջին շրջանում արևմտյան երկրները չափազանց համառորեն են Նիկոլ Փաշինյանին առաջարկում ընտրություն կատարել. Կոպիրկինի խորամանկ բանաձևը «անվտանգություն և տնտեսություն Ռուսաստանի հետ, և փող ժողովրդավարության համար Արևմուտքից» դադարել է գործել։ Արեւմուտքն արդեն գործում է Փաշինյանի գլխավերեւում՝ նրան ու Ռուսաստանին դնելով կատարված փաստի առաջ։

Օրինակ՝ վերջերս արևմտյան քաղաքական գործիչները բացահայտ ասում են, որ արցախյան հակամարտությունը չի լուծվել, որ 1994 թվականի ստատուս քվոն խախտելն անընդունելի է, և որ «խնդիրը Փաշինյանն է», ինչպես ասաց Մակրոնը։

Արևմուտքի և Ռուսաստանի համար Փաշինյանի անհարմարությունն արդեն ակնհայտ է դառնում, և չի բացառվում, որ հենց դա է պատճառը, որ Կոպիրկինին կանչել են՝ ցուցումներ տալու։ Ինչպես պահպանել բարակ շեմը՝ կանխել Հայաստանում ազգային շահերով առաջնորդվող իշխանության ստեղծումը, միաժամանակ պատասխանատվություն չվերցնել Փաշինյանի հավանական տապալման և ռազմաքաղաքական կատակլիզմների համար։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը անմիջապես ողջունեց Սերժ Սարգսյանի հրաժարականը 2018թ։ «Մի ժողովուրդ, որն ուժ ունի իր պատմության նույնիսկ ամենադժվար պահերին չբաժանվելու և միմյանց հանդեպ հարգանք պահպանելու, չնայած կատեգորիկ տարաձայնություններին, մեծ ժողովուրդ է։ Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»,- ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, ասել է Մարիա Զախարովան։ Հետաքրքիր է, կասի՞ նա նույնը մայիսի 26-ին։

Այո, Ռուսաստանը միշտ հայերի հետ է՝ հեռացնելով բոլորին. 2020 թվականին Ռուսաստանը խրախուսեց Բաքվին ռազմական գործողությունների՝ երաշխավորելով Հայաստանի պարտությունը, իր զորքերը մտցրեց Արցախ և երեք տարի անց հասավ Արցախի ամբողջական օկուպացմանը։ Ռուսաստանը կարող է ապահովել Արցախի օկուպացիայի անշրջելիությունը միայն Հայաստանին մասնատելով ու ինքնիշխանությունից զրկելով։

Մայիսի 26-ի հանրահավաքը շատ բան կորոշի։ Բայց Նիկոլ Փաշինյանի այսօրվա արկածները Կիրանցում, որտեղ նրան մերժել են, վկայում են նրա սակրալության կորստի և այն մասին, որ նա դադարել է սուրբ կով լինել բոլորի համար։

Աշխատանքային իրավունքների պաշտպանության համար ստեղծվել է թեժ գիծ՝ 096 492984

Աշխատանքային իրավունքների պաշտպանության համար ստեղծվել է թեժ գիծ՝ 096 492984։ Եթե հասարակական և քաղաքացիական միջոցառումներին մասնակցելու պատճառով ձեր աշխատանքային իրավունքները խախտվում են, զանգահարեք և ստացեք իրավական պաշտպանություն։

Արցախի մարդիկ. Ռուզաննա Աբրահամյան

Կամ՝ հաց, որի մեջ սեր կա

40 տարվա մանկավարժը ժենգյալով հաց թխելով է հոգում ապրուստը: Բռնի տեղահանումից հետո Երևանի Սվաճյան փողոցում ժենգյալով հացի թխման կետ է բացել: Փորձ ուներ, գիտեր, որ եթե համին սովորեցին՝ հաճախորդների պակաս չի ունենա:

«Ես Ռուզաննա Աբրահամյանն եմ: 40 տարի եղել եմ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, շատ սիրել եմ իմ աշխատանքը: Օրերից մի օր, երբ տեսա, որ մանկավարժի աշխատավարձով անհնար է ընտանիք պահել, որոշեցի ժենգյալով հաց թխել ու վաճառել»:

«Գործը դեռ Ստեփանակերտում եմ սկսել: Թիվ 8 դպրոցի դիմաց, որտեղ մանկավարժ էի աշխատում, մի խանութ վարձեցի, գրեցի ճակատին՝ Արցախի բրենդ ժենգյալով հաց: Ու սկսեցի ժենգյալով հաց թխել: Ուսումնասիրեցի բիզնեսի կառավարման մասին գրականություն, ինքնավստահություն ձեռք բերեցի ու սկսեցի»:

«Գյուղում մեծացած աղջիկ եմ՝ բնությանը քաջածանոթ, բույսերն անգիր գիտեի, 30 տարի ժողովրդական բժշկությամբ եմ զբաղվել, գիտեմ՝ որ բանջարն ինչ բուժական հատկություն ունի»:

Տիկին Ռուզաննան պատմում է, հետն էլ ստուգաբանում բանջարեղենի անվանումները: Հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհու համար սա լոկ մեխանիկական աշխատանք չէ, մի ամբողջ աշխարհ է՝ իր հետաքրքիր բացատրություններով:

Ժենգյալով հացը մեր պահքի ուտեստներից է: Նրա միջի բանջարներն ունեն հակաբորբոքային նշանակություն: Այն նաև նյարդերի վրա բարերար ազդեցություն ունեցող ուտեստ է, երջանկության հորմոններ ունի իր մեջ: Գուցե գաղտնիքը նրանում է, որ այն սովորաբար թխում ու վայելում ենք բարեկամներով, մտերիմներով, յուրայիններով:

Ժենգյալով հացը մի յուրահատուկ ծես է, արարողակարգ: Ընթացքը շատ աշխատատար է՝ շուրջ 3 տասնյակ բանջարեղեն պիտի հավաքես, լվանաս, մանր կտրտես, խմորը հունցես ու նոր միայն թխես: Հնից եկող ավանդույթով՝ գերդաստանի կանայք հավաքվում էին ու իրար օգնում այդ պրոցեսում: Հարսները, աղջիկները միասին զրուցում էին, երգում, հետն էլ ժենգյալով հաց թխում ու գինով վայելում: Գուցե երջանկության հորմոնը այս ամենի արդյունքում է ձևավորվում:

Ստեփանակերտում երբ թխում էի, փոքր երեխաներն այնքան էին սիրում, որ չէին համբերում. «Մամա շուտ արա, շուտ արա, ուզում եմ ուտել»,- այս բառերով էր ուղեկցվում փոքրիկների սպասումը:

Քանի՞ տեսակի բանջարեղեն են օգտագործում

Սովորաբար նշում են շուրջ 2 տասնյակ բանջարների մասին, սակայն տիկին Ռուզաննան շուրջ 6 տասնյակ բանջարի անուն ունի իր մոտ գրած: Ճիշտ է՝ այդ ամենը միշտ չէ, որ գտնվում է, տարվա եղանակների հետ կապված՝ ցուցակը նոսրանում է:

Արցախում աճող շատ կանաչիներ այստեղ փոխարինում է Հայաստանում աճող բանջարներով (ըստ նրա՝ 15 տեսակի բանջար այստեղ կարելի է գտնել): Տիկին Ռուզաննան նախ ինքն է փորձում համը, հետո միայն որոշում՝ խառնե՞լ իր բանջարեղենին, թե՞ ոչ:

Ասում է՝ պիտի իմանաս ինչ համամասնությամբ խառնել բանջարեղենը, ոնց խառնել, ինչքան ձեթ ու սոխ ավելացնել, ինչքան պահել կրակին, որ իր օգտակար հատկությունները չկորցնի:

Համեմունքային կանաչիները նրա մոտ առանձնացված են, ձմռանը չաճող կանաչիները նա չորացնում է ու խառնում, օրինակ՝ անանուխը, ռեհանը կարելի է չորացրած էլ խառնել: Անցնում է բարբառի՝ «մին պատառ սըրանա, մին պատառ նըրանա՝ համավ պեն ա ստացվում»:

Փորձարկումներ է անում. հարևանների համար նաև գազար է ավելացնում, իր ընտանիքի համար աղացած միս է խառնում: Այսպես ամեն օր մի նորույթ է մատուցում:

Ստեփանակերտի իր այգում ելակ ու ազնվամորի էր աճեցնում, սրանց տերևներն էր նաև խառնում ժենգյալով հացին:

Ինչու հենց ժենգյալով հաց

Ուտեստը պարզ բաղադրություն ունի, բնության հետ է կապված, երբ ուրիշ բան չի լինում ուտելու, արցախցի հնարամիտ կինն իր բոստանից (տնամերձից) բանջարեղեն է հավաքում, մի քիչ ալյուր շաղախում, խմոր հունցում, ժենգյալով հաց թխում՝ երեխաներին կշտացնում:

Արցախյան առաջին պատերազմի ու վերջին շրջափակման ժամանակ հենց ժենգյալով հացն էր արցախցու փրկիչ ուտեստը:

«Հիշում եմ՝ 90-ականներին տանս մի կիլոգրամի չափ ալյուր էր մնացել: Իմ բոստանից բանջար քաղեցի, մի 10 ժենգյալով հաց թխեցի ու այդ օրը մի լավ կշտացանք: Բլոկադայի ժամանակ էլ, երբ անգամ ձեթ չկար, առանց ձեթ էի թխում, հաճախորդներս չէին տրտնջում, մեկական էի տալիս, որ բոլորին ինչ-որ բան հասներ»,- պատմում է տիկին Ռուզաննան:

Արցախի ժողովուրդը բնությանը մոտ էր, ճանաչում էր իրեն շրջապատող ամեն քար ու թուփ, գիտեր՝ ինչը կարելի է ուտել, ինչը՝ոչ: Մեր տատիկներին էլ է ժենգյալով հացը օգնության ձեռք մեկնել Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, երբ համատարած սով էր:

Հաց, որի մեջ սեր կա

«Մոսկվա էի գնացել՝ որդուս այցելության, հետս տարա՝ համից չէր կշտանում, ասում է՝ մամա, քո թխածն ուրիշ է, այստեղ էլ են վաճառում, գնում ենք, բայց քոնի համն ու հոտն ուրիշ է: Ասում եմ՝ սեր եմ դնում մեջը, դրանից է:

Իսկապես, այնքա~ն սիրով եմ անում իմ գործը, չեմ ալարում, հաճույքով եմ կատարում ամեն մի պրոցես, եթե անգամ տնեցիները երբեմն օգնում են, ես, միևնույն է, վերահսկում եմ՝ պիտի ամեն ինչ իմ ուզածով լինի:

Միշտ Աստծո բաժինը բաժանում եմ՝ մի չունևորի, սոված մարդու, հարևանի, երեխայի եմ տալիս, սա էլ մի հատուկ արարողակարգ է ինձ համար: Խիղճս մեջտեղ դնելով եմ անում իմ աշխատանքը, հո՞ ամեն ինչ փող վաստակելու համար չէ միայն»:

Ժենգյալո՞վ, թե՞ ջանջյալով հաց

«Ծանր, աշխատատար գործ է, կատակում ենք ՝ժենգյալով հաց չի, է~, ջանջյալով (խմբ.` ջանջյալ-դժվար` Արցախի բրբ.) հաց է: 8 տարի է զբաղվում եմ դրանով: Երեխաներիս մեծացնելիս, կրթություն տալիս շատ է օգնել ինձ:

24 տարի է, ինչ միայնակ մայր եմ: 3 զավակ եմ մեծացրել: Մեծս՝ Վահանը, 11 տարեկան էր, երբ մենակ մնացի: Չեմ ընկճվել, գիտեի՝ կպահեմ, կմեծացնեմ»:

«Ես Շոշ գյուղից եմ: Մեր հարևանները ուսուցիչներ էին՝ Թորոսյանները, միշտ մայրիկիս ասում էին՝ Նորա, շատ ես չարչարում երեխաներին, ասում էր՝ «վեչինչ, թող անէ ինձետէ, սըվերէ ուրան հետէ» (թող ինձ համար անի, իր համար սովորի): Ու իսկապես, եթե մորս այդ չարչարելը չլիներ, կյանքի հարվածներին չէի դիմանա:

Մեր Ղարաբաղի լեռներից, քերծերից այնքա~ն զկեռ եմ հավաքել, մեր սառնորակ աղբյուրներից այնքա~ն ջուր եմ կրել:

Ամենաուժեղ կրթությունն աշխատանքն է, երեխան փոքր տարիքից պիտի միտքը զարգացնի: Ես այս տարիքում էլի նոր բան եմ ուզում սովորել, բիզնես դպրոցներ կան, դասընթացներ կան, որոնց սիրով կմասնակցեի, բայց հացի խնդիր եմ լուծում, ժամանակ չունեմ:

Երեխաներիս ասում եմ՝ ինչքան կարողանում եք, սովորեք, ամեն տարիքում մի նոր բան սովորեք, ձեր իմացածին նորը ավելացրեք, դրանից միայն օգուտ կքաղեք»:

Մարինե ՄԿՐՏՉՅԱՆ

Նյութը պատրաստված է “Ստեփանակերտ” Մեդիա ակումբի նախագծի շրջանակներում

Իրավապահները խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի տունը

5 իրավապաշտպանների նախաձեռնության անդամ, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ իրավապահները խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ  Սարգսյանի տունը:

Նշենք, որ ավելի վաղ խուզարկություններ են տեղի ունեցել Ասկերանի եւ Մարտակերտի քաղաքապետերի տանը, նրանք ձերբակալվել են:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը քաղաքական դրդապատճառներ է տեսնում, քանի որ համայնքապետերը օրերս մասնակցել էին Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը:

Արցախի պետական ​​մեքենաները կառգրավվեն և կվերադարձվեն Արցախ

Երեւանում մայիսի 26-ի հանրահավաքից երկու օր առաջ ձերբակալվել են Ասկերանի եւ Մարտակերտի քաղաքապետեր Հայկ Շամիրյանն ու Միշա Գյուրջյանը։ Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռք բերած գույքը վաճառելու համար։

Խոսքը Արցախի պետական ​​ու համայնքային մեքենաների մասին է, որոնք տեղահանությունից առաջ վերջին օրերին գլխացավանք դարձան բազմաթիվ պաշտոնյաների համար։ Կառավարության մակարդակով որոշում է կայացվել ավտոմեքենաները օտարել այն պաշտոնյաներին, որոնց նրանք ծառայում էին։ Շատերը չհամաձայնեցին սեփականաշնորհել, բայց այս մեքենաներով եկան Հայաստան՝ այն մտադրությամբ, որ հետո դրանք կհանձնեն պատկան մարմիններին։

Ենթադրվում էր, որ Հայաստանում Արցախի պետական ​​մարմինները կունենան ինչ-որ կարգավիճակ, իրավական բալանս, եւ մեքենաները կգտնեն իրենց օրինական տերերին։ Այլընտրանքը մեքենաները թշնամուն թողնելն էր։

Բայց Հայաստանում Արցախի թե՛ պետական, թե՛ մունիցիպալ մարմինները հայտարարվեցին «ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ», Արցախի ժողովուրդը հանկարծ դարձավ Հայաստանի ոչքաղաքացի, Արցախի պետական ​​և այլ ունեցվածքը ոչ միայն օրենքից դուրս ճանաչվեց, այլ, ըստ էության, յուրացված արցախցիների կողմից։

Ասկերանի և Մարտակերտի քաղաքապետերին դատում են Ադրբեջանին «պատկանածը» յուրացնելու համար։ Այս տրամաբանությամբ հնարավոր է, որ խնդրո առարկա մեքենաները Հայաստանի քննչական մարմինների կողմից առգրավվեն և վերադարձվեն Ալիևին։

Հակառակ դեպքում Հայաստանում կստեղծվեր համակարգող մարմին՝ Արցախի իշխանությունների հետ միասին, որը կզբաղվեր նման հարցերով։ Կասկածից վեր է, որ այս մոտեցմամբ պետական ​​գույք բերողներից շատերը՝ անկախ դրանից, դա արել են թշնամուն չթողնելու թե՞ պարզապես յուրացնելու համար, կներկայանային համակարգող մարմնին, թեկուզ գույքը օրինականացնելու համար։

Բայց դա չի արվել, այդ թվում, որպեսզի ճիշտ պահին հանվեն մեղադրական ապացույցները թղթապանակից։

Ստոլտենբերգ. ժամանակն է թույլ տալ Կիևին օգտագործել ՆԱՏՕ-ի զենքերը Ռուսաստանի տարածքում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Economist-ին տված հարցազրույցում, դաշինքի անդամ երկրներին, որոնք Ուկրաինային զենք են մատակարարում, կոչ է արել չեղարկել Ռուսաստանում ռազմական օբյեկտների վրա հարձակումների համար դրանց օգտագործման սահմանափակումները:

«Ժամանակն է, որ դաշնակիցները մտածեն վերացնելու որոշ սահմանափակումներ, որոնք նրանք դրել են Ուկրաինային փոխանցվող զենքի օգտագործման վրա», – ասել է Ստոլտենբերգը մայիսի 24-ին տված հարցազրույցում։ «Հատկապես հիմա, երբ Խարկովում՝ սահմանի մոտ ծանր մարտեր են ընթանում, Ուկրաինային մերժելը այդ զենքերը Ռուսաստանի տարածքում օրինական ռազմական թիրախների դեմ օգտագործելու համար ավելի է դժվարացնում իր տարածքի պաշտպանությունը»:

Ստոլտենբերգի համար Ուկրաինային թույլ տալը հարձակվել Ռուսաստանի թիրախների վրա արևմտյան զենքով և ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցությունը հակամարտությանը նույն բանը չէ, նշում է Economist-ը։

«Մենք վարժանքներ ենք անցկացնում, զենք ու զինամթերք ենք տրամադրում Ուկրաինային, բայց ՆԱՏՕ-ի տարածքից ուղղակիորեն չենք մասնակցի Ուկրաինայի կամ Ուկրաինայում մարտական ​​գործողություններին։ Սա բոլորովին տարբեր հարցեր են»,- ասել է Ստոլտենբերգը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պարբերաբար կոչ է անում արևմտյան գործընկերներին «ցուցաբերել վճռականություն» և թույլ տալ, որ այն օգտագործվի Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար։

Ձերբակալել են Մարտակերտի քաղաքապետին

Ձերբակալել են Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Ռուբեն Մելիքյանը NEWS.am-ի հետ զրույցում  ասաց, որ քաղաքապետին ձերբակալել են խարդախության կասկածանքով, սակայն այստեղ քաղաքական դրդապատճառներ կան:

«Ասկերանի քաղաքպետի ձերբակալության նույն պատմությունն է կրկնվում,Մարտակերտի քաղաքապետը իր հետ բերել է քաղաքին պատկանող ավտոմեքենա, Հայաստանում հաշվառման կանգնեցնելու հետ կապված նրանից ոստիկանությունը պահանջել է որ ավագանու որոշում լինի, եւ դա որակվել է որպես խարդախություն: Հիմա հարց է առաջանում, որ խարդախություն կամ հափշտակութուն է, ով է տուժողը, Ադրբեջանի՞ շահերն են պաշտպանում, կամ Ադրբեջանի հափշտակած Մարտակերտ համայնքի՞ շահերն են պաշտպանում: Երկու դեպքում էլ որեւէ մարտակերտցի կամ ասկերանցի խնդիր չի բարձրացրել: Այս մարդիկ այս անպատվաբեր պատվերն են ստանձնել եւ միակ նպատակը բնականաբար քաղաքական է, որովհետեւ մի քանի օր առաջ Բագրատ Սրբազանը հանդիպել էր Արցախի իշխանությունների հետ եւ ինչ աստիճան եղկելի պատվերի հետ գործ ունենք»,-ասաց  նա:

Մելիքյանը նշեց, որ Մարտակերտի քաղաքապետին գիշերն են ձերբակալել, ենթադրում է, որ կներկայացնեն կալանքի միջնորդության:

Իրավապաշտանը նշեց, որ այս ձերբակալություններով եւ կալանքներով տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները փորձում են մեկուսացնել համայանքապետերին հանրահավաքին ընդառաջ:

news.am