«Դուք ի՞նչ գործ ունեք Ասկերանի գույքի հետ»․ Հայկ Շամիրյանին տնային կալանքի տակ են առել

Արցախի Հանրապետության Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր քննվում էր Հայկ Շամիրյանի խափանման միջոցի միջնորդությունը։ Դատարանի բակում էին հավաքվել Հայկ Շամիրյանի հարազատներն ու Ասկերանի բնակիչներ։ Շամիրյանի հարազատները հարցադրում են անում՝ եթե Հայաստանի կառավարությունն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ինչո՞ւ են արցախցիներին այստեղ քրեական հետապնդման ենթարկում, ի՞նչ հիմքով։

Շամիրյանի հորաքույրը՝ Անահիտ Պետրոսյանը մանրամասներ հայտնեց․ «Խոսքը 5 մլն 200 հազար դրամի մասին է՝ որպես պետությանը հասցված չակերտավոր վնասի։ Պետություն ասելով, այո՛, նկատի ունեն Արցախի Հանրապետությունը։ Լավ մանևրում են, երբ տեղին է, կարողանում են մեր գույքերը հաշվառել, երբ չէ, ասում են՝ գործ չունեն արցախցիների խնդիրների հետ։ Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի՝ ավտոմեքենայի մասին է խոսքը, որը տնօրինում էր Ասկերանի քաղաքապետարանը։ Գույքն օտարվել է համայնքի ավագանու անդամների որոշմամբ, համայնքի անդամները որոշել են, որ գույքը պետք է հանձնեն համայնքի ղեկավարի տնօրինությանը՝ հաշվի առնելով այն բոլոր ներդրումները, որոնք ունեցել է համայնքի ղեկավար Հայկ Շամիրյանը իր գործունեության ընթացքում»,- ասաց Անահիտ Պետրոսյանը։

Նա նշեց, որ Հայկ Շամիրյանը Ասկերանի քաղաքապետի պաշտոնը ստանձնել է բավական բարդ ժամանակահատվածում՝ 2020 թվականին, դրան հետեւել է 44-օրյա պատերազմը։ Պատերազմից հետո բռնի տեղահանված 100 ընտանիք տեղավորվել է  Ասկերան քաղաքում եւ ապահովել նրանց կեցության պայմանները։

«Այդ ավտոմեքենայով է Հայկ Շամիրյանը եկել Հայաստան, իր հետ տեղափոխել է նաեւ երեք բնակիչների, որոնք դուրս գալու համար տրանսպորտային միջոց չեն ունեցել։ Մենք չենք հասկանում մայր հայրենիքում արցախցիների կարգավիճակը, ի՞նչ կարգավիճակով ենք մենք այստեղ, մենք այս պետության օրինական ներկայացուցիչներ ենք, թե՞ չէ, այստեղ հայ լինելու իրավունք ունենք, թե՞ չէ։ Մենք փախստականի կարգավիճակ ունենք, ապրում ենք բարեկամի տանը՝ 11 հոգով մի ընտանիքում։ Այս պահին ցեղասպանութուն տեսած մարդկանց նորից ցեղասպանում են»,- նշեց Անահիտ Պետրոսյանը։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատարանի որոշումը «դիակապտություն» որակեց։ «Այս գործի ամենամեծ իրավական աբսուրդն այն է, թե դուք ի՞նչ գործ ունեք Ասկերանի գույքի հետ»,- ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ Ասկերանի քաղաքապետի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Ռոզա Հովհաննիսյան

Նոր դարաշրջանի սկիզբ, որը թույլ կտա փոքր ազգերին ունենալ սեփական պետություն

Ստեփանակերտ

Նորվեգիան, Իսպանիան և Իռլանդիան ճանաչեցին Պաղեստինը որպես պետություն։

Այս տեղեկությունը կարծես թե դարձել է նոր քաղաքական դարաշրջանի սկիզբ, որը թույլ կտա փոքր ազգերին ունենալ սեփական պետություն։ Այլ կերպ ասած, ժողովուրդների ինքնորոշումը հասնում է ավելի բարձր մակարդակի և դժվար թե կախված լինի այն պետության տարածքային ամբողջականությունից, որի պրոտեկտորատի տակ է գտնվում տվյալ ժողովուրդը կամ վարչական միավորը։

Սրան գրեթե զուգահեռ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիսլերը, ելույթ ունենալով Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից, հայտարարեց հետեւյալը.

«2020 թվականի հոկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ, Լյուքսեմբուրգի խորհրդարանն ընդունեց հայտարարություն՝ կտրականապես դատապարտելով ռազմական գործողությունները, որոնք խախտում էին 1994 թվականի հրադադարը։ Խորհրդարանականները միաձայն դատապարտել են արտաքին միջամտությունը, հատկապես՝ Թուրքիայի ռազմական աջակցությունը Ադրբեջանին։ Նույն թվականի դեկտեմբերին Պատգամավորների պալատը հաստատեց իր դիրքորոշումը՝ ընդգծելով, որ չափազանց կարևոր է նախաձեռնել համափարփակ քաղաքական գործընթացներ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը»։

Փաստորեն, պարզ տեքստով Կլոդ Վիսլերն ասում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշված ​​չէ, թեման փակված չէ՝ չնայած ադրբեջան կոչվող ֆաշիստական, ահաբեկչական կազմակերպության ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությանը։

Նույն թեզերով բանաձեւ Լյուքսեմբուրգն ընդունել է այս տարվա մայիսի 16-ին, իսկ Ֆրանսիայի Ազգային ժողովի երկու պալատներն էլ չորս անգամ նման բանաձեւեր են ընդունել։

Պաղեստին պետությունը դե յուրե անկախ, մասամբ ճանաչված պետություն է Մերձավոր Արևելքում, որը ստեղծման փուլում է։ 2024 թվականի ապրիլի վերջի դրությամբ Պաղեստին պետության անկախությունը ճանաչել են ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 146-ը։

Ի տարբերություն Պաղեստինի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չճանաչված պետություն էր մինչև 2020 թվականի թուրք-իսրայելա-սիրիա-պակիստանա-ռուսական ագրեսիան, որի արդյունքում 12 հազար քառակուսի կիլոմետրից գրավվեց 8 հազարը, իսկ Լեռնային Ղարաբաղի տարածքը (Արցախը) բաժանվեց թուրքիայի և ռուսաստանի միջև։

Ի տարբերություն Պաղեստինի, որը 2023 թվականի հոկտեմբերին դիվերսիոն հարձակում կատարեց Իսրայելի տարածքի վրա, ինչը դարձավ վերջինիս կողմից սաստիկ ագրեսիայի պատճառ, Արցախն ու նրա բնակիչները 10 ամիս ամբողջությամբ արգելափակված էին Հայաստանից և արտաքին աշխարհից, ինչը հանգեցրեց սովի, ֆիզիկական ուժասպառության, անհրաժեշտ դեղամիջոցներ և առաջին անհրաժեշտության պարագաներ ձեռք բերելու անկարողություն:

Ինչպես հայտնի է, Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը դիմել է ՄՔԴ-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, Իսրայելի պաշտպանության նախարարի, ինչպես նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման երեք առաջնորդների նկատմամբ կալանավորման օրդեր ստանալու համար։ Համացանցում տեղեկություններ կան, որ «…Իսրայելի ղեկավարությունը չի կարողանա խուսափել պատասխանատվությունից, քանի որ դատախազը գործ է վարում Գազայի հատվածում սովի կազմակերպման հատկանիշներով»։

Ի տարբերություն պաղեստինցիների, որոնք սնունդ էին ստանում օդային ճանապարհով և ՄԱԿ-ի միջազգային պարենային ծրագրով, Արցախի բնակիչները մնացել են այսպես կոչված ռուս «խաղաղապահների» ողորմությանը, ովքեր երեխաների, հղիների և խրոնիկ հիվանդների աչքի առաջ ուղղաթիռներով սնունդ էին բերում իրենց անձնակազմի համար և անհավանական գներով վաճառում մանկական սնունդ և ծխախոտ։

Ժամանակը ցույց կտա՝ արդյոք Պաղեստինի պետականության ճանաչումը, Լյուքսեմբուրգի և Ֆրանսիայի կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելու ճանաչումը, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդների և բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության օրդերի պահանջը կդառնան ինչ-որ քաղաքական գործընթացի սկիզբ, և արդյոք այն ամենը, ինչ տեղի է ունենում, նախադեպ կդառնա՞ հայերի համար։

ԱՄՆ-ում գործող «Ճշմարտության և արդարության կենտրոն» միջազգային կազմակերպությունը, որը գլխավորում է դաշնային դատավոր Գասիա Աբգարյանը, որի շուրջ հավաքվել են ամբողջ աշխարհից փաստաբաններ, իրավաբաններ և իրավապաշտպաններ, եւս դիմել է Միջազգային քրեական դատարան՝ խնդրելով դատախազին դիտարկել ռազմական հանցագործությունները, այդ թվում՝ Արցախի շրջափակման փաստերը՝ նպատակ ունենալով դատավարություն սկսել ադրբեջանի «նախագահ» Ալիևի և 4 բարձրաստիճան զինվորականների դեմ, որոնց անմիջական հրահանգով բազմաթիվ ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ գործողություններ են իրականացվել։

Հայկական կողմին անհրաժեշտ է ոչ միայն ուշադիր հետևել աշխարհում տեղի ունեցող գործընթացներին, այլև ակտիվորեն ներգրավվել այս բոլոր գործընթացներում՝ պաշտպանելու արցախահայության իրավունքները։

Ցավոք սրտի, Հայաստանի ներկայիս իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի Արցախ բառը վերանա առօրյայից։

Դատելով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիսլերի խոսքերից՝ դա արդեն հեռվից էլ ակնհայտ է։ Բայց, ըստ երեւույթին, աշխարհում կան պետություններ, որոնք հասկանում են, թե որն է ժողովրդի իրավունքը, մասնավորապես՝ ինքնորոշման իրավունքը։

Մարգարիտա Քարամյան

Այո, վճռական մենակ, բայց արևմտյան զենքերով և նորագույն տեխնոլոգիաներով

«Ուժեղանանք, հետո դաշնակիցներ փնտրենք» թեզը, նույնը չէ, ինչ` «Միայն սուբյեկտայնություն ցուցաբերող, ինքն իրեն պաշտպանելու կամք ունեցող ժողովուրդը կարող է ունենալ դաշնակիցներ»:

Քաղաքականության մեջ, եթե ուզում ես գաղափարներդ հստակ փոխանցես ժողովրդին, պետք է, որ խոսքիդ շեշտադրումները դրված լինեն ճիշտ նշանակետերին:

Հայաստանի Հանրապետությանը դաշնակիցներ հենց այսօր են պետք: Երեկ էին պետք: Հետևաբար, երբ երկիրը ներկայացնող իշխանությունը անողնաշար օբյեկտ է, երկրի ներքին ուժերը պետք է ցուցաբերեն ինքնիշխան քաղաքականություն և հստակ մատնանշեն այն երկրները, որոնց տեսնում են ՀՀ դաշնակիցների կարգավիճակում և հստակ ներկայացնեն այդ երկրների հետ հարաբերվելու մեխանիզմներ:

Դա պետք է անել հայտարարություններով, հանրահավաքային ֆորմատով, ԶԼՄ-ների հետ շփման միջոցով, ինչպես նաև՝ պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներում:

Այս փոփոխվող աշխարհում Հայաստանյան քաղաքական ուժը պետք է մատնանշի Հայաստանի սուբյեկտային դիրքը աշխարհում և այն աշխարհաքաղաքական բլոկը, որի մեջ այդ ուժը տեսնում է ապագա Հայաստանը:

Բևեռը դա է անում:

Անշուշտ, վճռական մենակի հրամայականը և հոգեվիճակը պետք է լինի ժողովրդի մեջ, և հանրությունը պետք է հասկանա ուկրաինացիների օրինակով՝ որպեսզի քեզ օգնեն, դու պետք է քեզ ցույց տաս մարտում: Բայց դա քաղաքական դիսկուրս չէ և չի հակասում աշխարհաքաղաքական ուղիների մատնանշմանը:

Այո՛, վճռական մենակ, բայց արևմտյան զենքերով և նորագույն տեխնոլոգիաներով:

Այո՛, վճռական մենակ, բայց քաղաքականապես, ռազմապես և տնտեսապես աջակցող դաշնակիցներով:

Ազգային ուժը նա է, որ բացի վճռական մենակի հոգեվիճակ փոխանցելուց, անում է նաև քաղաքական քայլեր, որոնք միտված են նոր աշխարհաքաղաքական անվտանգային երաշխավորություների ձեռքբերմանը:

2020 թվականի 44-օրյա պատերազմում, 2022 թ.-ի Ջերմուկի և 2023 թ.-ի Արցախի մարտերում մեր բանակի ժամկետային զինծառայողները վճռական մենակի ոգով կռվում էին: Բայց չկար համակարգ, չկար պետություն, չկային դաշնակիցներ: Այդ իսկ պատճառով ունեցանք չարաբաստիկ նոյեմբերի 9-ի հայտարարությունը և 2023 թ.-ի Արցախի ժամանակավոր կուրուստը:

Նաև պետք է գիտակցել այն, որ Հայաստանն առանց արևմտյան աջակցության չի կարող կտրել գաղութային 200-ամյա պորտալարը: Իսկ ՀԱՅՄԱՐՍներ և ՋԵՎԵԼԻՆներ մեզ այսօր են պետք:

Մի հակադրեք վճռական մենակի հոգեվիճակը և հստակ արտաքին քաղաքական կեցվածքը:


Սամվել Ասլիկյան, Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ

Ստեփանակերտի թատրոնը, Հեքիմյանի եկեղեցին եւ տեր Մինասը Օպերայի մոտ

Արցախում զոհված ոստիկանների հոգեհանգստի արարողությունը Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցում: 6 մարտ 2023

Առաջին պատարագն ու սքեմով քահանային ես Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնում եմ տեսել: Դա կա’մ ղարաբաղյան առաջին պատերազմի, կա’մ հաջորդած տարիներն էին: Այդ սերնդի մարդիկ լավ կհիշեն, թե որքան երկար տարիներ տեւեց եւ ինչ գին ունեցավ այնտեղ ապրող մարդկանց համար (ինչպես ասում են, պատերազմը դժվար չէ, դրանից հետո ապրելն է դժվար):

Շատերը կհիշեն 90-ականների կիսաքանդ շենքերը, վիրավորների՝ օգնություն ստացած կապույտ բաճկոնները (վիրավորի կուրթկա), Կարմիր Խաչի կապոցները, զինկոմիսարիատի դիմաց այրի կանանց թոշակի սպասող հերթը, զոհվածների շենքը, 10-րդ դպրոցի բակի անսարք թնդանոթը, երեք ծորակի ջրի հերթը (իրեք կռան), հետո, ճապոնական հեռուստացույցները, ամերիկյան բլոքբասթերները, առաջին Snickers-ն ու Coca-Cola—ն, Սփյուռքի ներդրումները, առաջին Mercedes-600-ը (դե էլ ով, եթե ոչ կամանդույուշին):

Ի դեպ, Սամվել Բաբայանի Mercedes-600-ը նույնն էր, ինչ այսօրվա աղքատ Հայաստանի Rolls-Royce-երը: Երիտասարդները դիզայնով հիանում էին, տարեցներն ասում՝ «ինչպե՞ս կարելի է, երբ մարդիկ օրվա հացի կարոտ են»:

Շեղվելով ասեմ, որ վերջերս Հայաստան այցելած իմ արտասահմանցի կոլեգաները Rolls-Royce-երը չտեսած Երեւանի Brabus-ներից էին ապշել. God, so many… It’s so expensive, — զարմացել էին նրանք: Նույն կերպ ֆինլանդացիներն էլ Ղարաբաղում զարմացել էին՝  ճապոնական ու եվրոպական «ավտոինդուստրիան» տեսնելով:

Ինչեւէ, հարուստների ու աղքատների թեման թողնենք Աստծուն (Տերը տալիս, Տերն առնում է) եւ մտնենք «եկեղեցի», առավել եւս, որ Սովետը քանդվել եւ ավարտվել է ղարաբաղյան առաջին պատերազմով:

Մենք՝ երեխաներս, կանգնած էինք թատրոնի շենքի (եկեղեցու) միջանցքում, երբ ինչ-որ «պաշտոնական դելեգացիա» է մտնում… Քերոլայն Քոքսը շարքից ջոկում է ինձ ու մեկնում ձեռքը, ես նույնն եմ անում, նա հետ է քաշում ձեռքն, ապա հետ բերում ու ծիծաղում. what’s your name?

Հիմա եմ պատկերացնում, թե որքան մռայլ է եղել իմ մանկական դեմքն, որ Լեդի Քոքսը որոշել էր փոխել այն:

Պատմությունը վկայում է, որ թատրոնի շենքը նախկինում եկեղեցի է եղել, որը սովետական տարիներին «վերակառուցվել է» որպես թատրոն: 90-ականների պատարագներից հետո շենքում ինչ ասես չի եղել. գիշերային ակումբ, նախագահական, պատգամավորների, քաղաքապետների ընտրություններ, պարի-երգի պարապմունքներ, արվեստի դասեր, ցուցահանդեսներ, հագած շորերի բաժանման կետ, պահեստ, ի վերջո վերանորոգման խոսակցություններ, որ դեռ Արկադի Ղուկասյանի ժամանակներից էին մնացել:

«Ինչ էլ անեն էս շենքի հետ, մեկ է, փչացնելու են», ասում էր իմ արվեստագետ ծանոթներից մեկը, «լավ է թողնեն` ինչպես կա, թող իր աուրայի մեջ ապրի»:

Այսպես երկար տարիներ թատրոնի շենքում էր պատարագ մատուցվում, մինչեւ 2005 թվականին կառուցվեց Սուրբ Հակոբ եկեղեցին՝ ստեփանակերտցիներին քաջ հայտնի Հեքիմյանի եկեղեցին, որը Սուրբ Ծննդի եւ Զատկի տոներին անհնար էլ լինում մտնել:

Դիմացի ուռենուց աղջիկները պսակներ էին հյուսում Ծաղկազարդին, ծերերը նստում պատի տակ նստարաններին, բակի ֆուտբոլից քրտնած երեխաները գալիս են ջուր խմում խաչքարի ցայտաղբյուրից, մեկը գործի գնալիս մոմ է վառում առավոտյան, մի զինվորական մտնում, գլխարկը հանում ու լուռ կանգնում է խորանի առաջ, կանայք գլխաշոր են քաշում, լումաները զրնգում են գանձարանում, սարկավագները փոխվում են ժամերգության համար, Տեր Մինասը ափով կրծքի խաչը պահած մկրտության է մտնում իր առույգ քայլվածքով, մոմավաճառը դիտում է տեսարանը փոքր պատունահից…

Օրեր առաջ Օպերայի հրապարակում նստած, մեկը տոպրակներով նստում է հենց կողքս:

— Բարեւ Ձեզ, Տեր Մինաս, – ասում եմ ես:

— Օ, բարեւ, – պատասխանում է Սուրբ Հակոբ եկեղեցու քահանան:

— Անունդ չհիշեցի, – ավելացնում է նա:

Վայրկյանների մեջ ես ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ ես էլ եմ շատերի անունները մոռացել, արդարացնում ինձ, որ Ֆեյսբուքն է մեղավոր, որ չեմ կարող բոլորին հիշել, որ մարդիկ սոցցանցերում այլ տեսք ունեն, իրականում` այլ:

Մի օր մեկը մեքենան կանգնեցրել բարեւել էր, ես էլ ձեւ եմ արել, իբր հիշում եմ, հարցնում եմ՝ գործերն ինչպես են, տեղավորվե՞լ, տուն գտե՞լ է, երկխոսությունը շարունակում, հաջող ենք անում` բաժանվում, երկու օր հետո եմ տեղը բերել, թե ով էր…  Հետո, երբ ուրիշ արցախցիների մոտ էլ եմ սկսել նկատել այս «դիագնոզը» (Պարույր, հո՞ւնց ըս, – Երեւանում հարցրել էր ինձ ղարաբաղցի մի տաքսիստ), հասկացել եմ, որ Ղարաբաղը ֆիզիկապես կորցնելուց հետո, նրա նախկին բնակիչներն էլ են կորցնում, մոռանում իրար: Արդեն ոչ մեկը ոչ մեկի տեղը չգիտի: Թվում է թե ինտերնետում գոնե կարող ենք միասին լինել, բայց ես նաեւ այնտեղ «չեմ տեսնում» ղարաբաղցիներին:

— Տե՛ր Մինաս, քիչ առաջ ձեզանից էինք խոսում եւ ահա դուք, – անակնկալի եկած ասում են երկու ստեփանակերտցիներ, – քիչ առաջ ձեզանից էինք խոսում, ու դուք այստեղ նստած եք, – իրար վկայակոչելով ասում են ստեփանակերտցիները, որ հենց նոր մոտեցան:
Ես նրանց թողնում ու իմ ավստրալացի հյուրի հետ հեռանում եմ:

Արցախցիներին Հայաստանում տարբեր տեղեր հանդիպելով, տարօրինակ մի զգացում է պատում հաճախ. որքա՞ն չեն սազում այս մարդիկ այս տարածքին: Ասենք մի աղջկա, ում չես ճանաչում, բայց ամեն օր տեսնում էիր, գիտես, որ Կոլցեվոյի գեղեցկության սրահի վարսահարդարն է, հիմա Գազանանոցի ճանապարհին կանգառում տրանսպորտի է սպասում: Չէ էլի չէ, մարդիկ կան, ում հենց Հեքիմյան, Կոլցիվոյ, Պիտաչոկ, ստոկվարտիրնի, Պալիտի դիմաց կանգնած, ԿԳԲ-ի պարկում կամ եկեղեցում պետք է տեսնել, բայց ոչ Օպերա, Կոմիտաս ու Երրորդ մաս:

«Բրատ, երեսուն տարեկան եմ, կյանքումս Երեւան գնացած չկամ», – ասում էր մի ստեփանակերտցի: Տատս էլ, ով ամբողջ կյանքը գյուղում է ապրել, Ստեփանակերտի մեր տան պատուհանից նայելով ասում էր. «դե սա ի՞նչ է, Հաթերքը սրա տաս չափ կա…»:

Տեր Մինասի հետ մի օր ուխտագնացության էինք գնացել Ղայբալուշենի եկեղեցի, ձորով բարձրացել Շուշի, ճանապարհին եղնիկ տեսել: Դա այն նույն ձորն է, որտեղ սպանվեցին ոստիկանները: Մեկօրյա պատերազմի ժամանակ Ստեփանակերտի գերեզմանատնից տեսնում էի ադրբեջանական հրետանու հեղեղը, որ թափվում էի տեղանքում, նկարում հեռախոսով` թաքնվելով գերեզմանաքարերի եւ կիպարիսների հետեւում: Տեսանյութը հրապարակել էր Sky News-ը:

Երեսուն տարի անց նորից նույն ձայները նույն տեղում: Վստահեցնում եմ, հրետանու ձայնն ավելի սարսափեցնող է, քան նրա բեկորները: Օդային տագնապից ավելի էս շփոթվում, քան կործանիչից:

Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ «գրադը» տապալել էր Ստեփանակերտի մեր հնգհարկի մի մասը: Լավ հիշում եմ փռված նաստիլների ու Սեգո ձյաձայի ճմրթված կանաչ ժիգուլին բակում, թե ինչպես են նկուղի մարդիկ գազից խեղդվելուց փրկվել: Դե գիտեք, կարկուտը թակած տեղն է թակում: 2020 ժամանակ, ավիառումբի ալիքից ու ֆիզիկայի օրենքներով շենքի աղյուսները դուրս են շպրվել՝ նույն աղյուսները, որոնցով վերանորոգել էին առաջին պատերազմից հետո:

Դրանից առաջ էլ, հենց 2020 պատերազմի առաջին օրը` սեպտեմբերի 27-ին «սմերչի» գնդակներն են փշրել պատուհանները:

Այնքան, որ մինչեւ 2023-ը շենքն էլ չդիմացավ ու ասաց՝ բոլ ա, էլ չեմ դիմանում, գնացեք… Մենք էլ գնացինք:

Հույս ունեմ, թատրոնի շենքը, եկեղեցին կդիմանան:


Մարութ Վանյան

 

«Ռուսներն ադրբեջանցիների հետ եկան և հրամայեցին հանձնել զենքերը»

Կամո Սողոմոնյանը ծնունդով Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է։ Մարտական ​​սպա, 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից։

2020 թվականի սեպտեմբերի 26-ին Կամոն վերադարձել է մարտական ​​հերթապահությունից։ Այդ օրերին նա ծրագրել էր արձակուրդ գնալ։ Բայց, ցավոք, նա այդպես էլ չի կարողացել հանգստանալ։ Պատերազմի բռնկումը խաթարեց բոլոր ծրագրերը։

Տեղեկանալով լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկի մասին՝ Կամոն շտապել է Ասկերանի իր հերթապահ վայր։ Այնտեղից նա իր ստորաբաժանման հետ գնաց մարտական ​​դիրքեր։ Հոկտեմբերի 2-ին նրանք տեղափոխվել են Ջրական, որտեղ հակառակորդի հարձակման են ենթարկվել։

Թշնամու ուժերը թե՛ տեխնիկայով, թե՛ կենդանի ուժով բազմիցս գերազանցում էին։

«Մեր տղաները քաջաբար կռվեցին։ Այդ գիշեր Ստեփանակերտից օգնություն է հասել, սակայն որոշ ժամանակ անց նրանց հետ են կանչել։ Ու նորից մնացինք անհավասար կռվի մեջ։ Եվ այսպես՝ մինչև հոկտեմբերի 10-ը, երբ ստացվեց նահանջի հրամանը։ Մենք թողեցինք խրամատները և անմիջապես ընկանք հրետանու կրակի տակ։ Մեր տղաներից շատերը մահացան։ 18 մարդ ողջ է մնացել, հիմնականում վիրավոր։ Փորձեցի հրետակոծությունից հանել վիրավորներին, ինչի արդյունքում բազմաթիվ բեկորային վնասվածքներ ստացա։ Մեզ հաջողվեց դուրս գալ այս դժոխքից։

Ինձ ուղարկեցին Մարտունու հիվանդանոց, որտեղ արյունահոսությունը կանգնեցրին և առաջին բուժօգնություն ցուցաբերեցին։ Չեմ հիշում, թե ինչ է եղել հետո։ Երեւան գնալու ճանապարհին շտապօգնության մեքենայում ուշքի եկա։ Ինձ տեղափոխեցին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ մի քանի վիրահատության ենթարկվեցի։ Դրան հաջորդեց բուժման և վերականգնման երկար, հոգնեցուցիչ գործընթացը:

Ամբողջ մարմինս ոտքից գլուխ պատված էր բեկորներով։ Վնասվել է նաև մի աչքս։ Բուժման գործընթացը տեւել է վեց ամիս։ Որից հետո վերադարձա Արցախ և շարունակեցի վերականգնումը Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում։ Վերականգնումը տվել է դրական արդյունքներ։ Եթե ​​նախկինում քայլում էի քայլողով, հիմա քայլում եմ ձեռնափայտով։

Անցնելով այս բոլոր փորձությունների միջով, մտքովս անգամ չէր անցնում, որ մի օր ստիպված կլինենք թողնել այն ամենը, ինչին այսքան ժամանակ ձգտել էինք… Անգամ շրջափակման ժամանակ ես, ինչպես ողջ արցախցիները, հույսս չկորցրեցի։ Բայց, ցավոք, տեղի ունեցավ այն, ինչ եղավ։

Մեկօրյա պատերազմի ժամանակ զինապահեստում էի։ Ռազմական գործողությունների ավարտից հետո ռուս խաղաղապահներն ադրբեջանցիների հետ միասին եկան մեր պահեստ և հրամայեցին հանձնել մեր զենքերը։ Հետո գնացին բոլոր գյուղերով ու շարունակեցին զինաթափվել։ Մի երկու օր հետո գյուղապետարանն ինձ վառելիք տրամադրեց՝ ընտանիքս տարհանելու համար։

Ստեփանակերտի ճանապարհին ադրբեջանցին կանգնեցրեց մեզ, ամեն կերպ վիրավորեցին ու նվաստացրեցին ինձ ու ընտանիքիս, իսկ հետո մեքենայի մեջ կախված շղթայով խաչն ու տեսանկարահանող սարքն խլեցին։

Տեղահանությունից հետո 7 հոգանոց ընտանիքով հաստատվեցինք Գյումրիում։ Ես աշխատանքի ընդունվեցի ավտոտեխսպասարկման կենտրոնում, իսկ գիշերը աշխատում եմ որպես տաքսու վարորդ։ Ապրում ենք վարձով բնակարանում և 100 հազ. դրամ ենք վճարում։

Հուսամ, որ արդարությունը մի օր կհաղթի։ Այս ողբերգության բոլոր մեղավորները կպատժվեն, և մենք կկարողանանք վերադառնալ հայրենիք»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Կամոն։

Արսեն Աղաջանյան

Ինչո՞ւ օրինական կարգով անձնագիր եւ ID ստացած Արցախի բնակչությունն առանց որեւէ իրավական հիմքի հայտարարվեց փախստական

Step1.am-ի զրուցակիցն է արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։

ՀՀ կառավարությունը հաստատեց բռնի տեղահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը, որ դժգոհություն է առաջացրել մարդկանց շրջանում։ Ինչպե՞ս եք գնահատում այս ծրագիրը։

-Ընդունված ծրագիրը չի համապատասանում արցախահայության սպասելիքներին։ Արցախցիներն ավելի ընդարձակ ու լայն հանարավորություններով ծրագիր էին սպասում, որովհետեւ այն, ինչ առաջարկում է ՀՀ կառավարությունը եւ այն գները, որոնք այսօր անշարժ գույքի շուկայում առկա են, անհամեմատելի են։

-Այդ ծրագրով նաեւ ՀՀ քաղաքացիություն ստանալու պարտադիր պայման է դրվում, ինչպե՞ս եք գնահատում դա։

-Հայաստանի քաղաքացի լինելու պարտադիր պայմանը ես նորմալ եմ գնահատում։ Շրջափակումից եւ ցեղասպանությունից հետո, երբ արցախցիները դուրս էին գալիս Արցախից, իրենք իրենց համարում էին Հայաստանի Հանրապետության քաղաքացի, քանի որ քաղաքացիության մասին օրենքի երրորդ եւ չորրորդ հոդվածներով սահմանված կարգով ստացել էին ՀՀ անձնագիր եւ նույնականացման քարտ։ Ես չեմ կարողանում վերջնական հասկանալ՝ ո՞րն է Հայաստանի կառավարության նպատակը, որ օրինական կարգով անձնագիր եւ նույնականացման քարտ ստացած Արցախի բնակչությունն առանց որեւէ իրավական հիմքի հայտարարվեց եւ դիտարկվեց որպես փախստական։ Այսինքն՝ կառավարությունը, չունենալով օրենսդրական հիմք, ուղղակի քաղաքական այդպիսի մոտեցում ցուցաբերեց։ Այնուհետեւ ի հայտ եկան բազմաթիվ խնդիրներ, եւ մարդկանց հիմա նորից ստիպում են քաղաքացիություն ստանալու համար երկարատեւ քաշքշուկների ու թղթաբանության մեջ մտնել։ Բոլորս էլ գիտենք, որ քաղաքացիության ստացման պրոցեսը առնվազն 4 ամիս է տեւում՝ 90 աշխատանքային օր։ Եվ ծանր սոցիալական ու հոգեբանական վիճակում գտնվող բանկչության համար դա լրացուցիչ բեռ է։ Կառավարության այս վարքագիծն Արցախի բնակչության պատկերացումների վրա բացասական է անդրադառնում։

-Ինչի՞ կհանգեցնի այս քաղաքականությունը, կան կանխատեսումներ, որ արցախցիների արտագաղթը նոր թափ կստանա։

-Չեմ կարող ասել, թե կառավարության նպատակը որն է, երեւի հիմնական նպատակն այն է, որ արցախահայերը բնակեցվեն սահմանամերձ գոտիներում։ Բայց սա ավելի խորքային հետեւանքներ կունենա՝ բնակչության մի մասը ստիպված կլինի արտագաղթել։ Մարդիկ սպասում են, որ մայիսին երեխաները դպրոցն ավարտեն, եւ արտագաղթի նոր ալիք կլինի։ Այսինքն՝ սա նպաստելու է արտագաղթին եւ նրան, որ մարդիկ ուղղակի չեն կարողանալու նորմալ հասարակական սոցիալիզացիա անցնել եւ ներկա այս փոխհարաբերություններում չեն կարողանալու իրենց տեղը գտնել։

Ռոզա Հովհաննիսյան

Բնակարանի խուզարկությունից հետո ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը

Քիչ առաջ իր բնակարանի խուզարկությունից հետո ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Նա ձերբակալվել է ինչ-որ մեղմ ասած անհասկանալի գործով, թե ինչ իրավունք ունեք ինչ-որ որոշում կայացնելու: Կարծում եմ սա ակնհայտորեն քաղաքական պատճառներով է: Ինչպես հայտնի է` ով Բագրատ Սրբազանի հետ շփվում է ռեպրեսիաներ է սկսվում: Երբ ես գնացի, ներս չէին թողնում, հետո ներս թողեցին: Բացատրեցի, որ ցեղասպանություն տեսած մարդիկ են, էդ ի՞նչ ֆինանսական  հարցեր են քննարկում»,-ասաց նա:

news.am

Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը

Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն Ադրբեջանին մեղադրել է Ֆրանսիայում ապակայունացնելու փորձերի մեջ, մասնավորապես Նոր Կալեդոնիայում խժդժություններ հրահրելու եղանակով։ Բուայեն կոչ է արել սառեցնել ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասը վերականգնելուն, որը հասնում է գրեթե 1 մլրդ եվրոյի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վալերի Բուայեն այս մասին ասել է Ֆրանսիայի Սենատի նիստում Ֆրանսիայում օտարերկրյա միջամտության կանխարգելմանն ուղղված օրինագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթի ժամանակ՝ նշելով, որ Ֆրանսիայի դեմ գործողություններին ներգրավված են նաև Ռուսաստանը, Թուրքիան և Չինաստանը։

«Նոր Կալեդոնիան բռնության է ենթարկվել Ադրբեջանի, Ռուսաստանի և Չինաստանի ազդեցության ներքո, որոնք ձգտում են ապակայունացնել Ֆրանսիան և օգտագործել նրա ռեսուրսները, ներառյալ նիկելը: Հեռուստատեսային հաղորդումները ցույց են տվել, որ Նոր Կալեդոնիայում որոշ «անկախական» գործիչներ կրել են ադրբեջանական դրոշներով շապիկներ, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարներով ցուցարարների պատկերներ: Այս պայթյունավտանգ իրավիճակը սրվում է օտարերկրյա միջամտություններով, որոնք չեն սահմանափակվում միայն Նոր Կալեդոնիայով: Ֆրանսիան դարձել է տեղեկատվական պատերազմի թիրախ, և այն նոր է սկսվում, Իսկ այդ հարձակման հետևում կանգնած է Ադրբեջանը։ Հարձակման առաջնագծում Ադրբեջանն է՝ մի երկիր, որը բռնատիրական ռեժիմ է՝ կախված գազի վաճառքից, Արցախում էթնիկ զտումներ է իրականացնում, հայերին տեղահանում և միջազգայնորեն ճանաչված պետության ինքնիշխանությունը ոտնահարում»,- հայտարարել է Բուայեն։

Նա հավելել է, որ վերջին տարիներին Ֆրանսիան Աֆրիկայում բախվել է տեղեկատվական հարձակումների, որոնք նախաձեռնվել են, մասնավորապես, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից, որոնք ձգտում են վարկաբեկել Ֆրանսիան՝ մեղադրելով նրան նեոգաղութատիրության մեջ։ «Այսօր այդ հարձակումների հիմնական թիրախը դարձել են ֆրանսիական տարածքները, հատկապես՝ անդրծովյան տարածքներում։ Այս բռնարարքների առաջնագծում են Նոր Կալեդոնիան և Պոլինեզիան, և կրկին Ադրբեջանը փորձում է ազդել տեղի բնակչության մի մասի վրա։ 2023 թվականին Չմիավորման շարժման գագաթնաժողովում Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրեց Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում և անդրծովյան տարածքներում գաղութային հանցագործությունների և ցեղասպանության մեջ, ինչպես նաև պաշտպանեց Կոմորների ինքնիշխանությունը Հնդկական օվկիանոսում ֆրանսիական Մայոտ կղզու նկատմամբ՝ անտեսելով իրավունքի նորմերը, ժողովուրդների ինքնորոշումը, քանի որ Մայոտի բնակչությունը քվեարկել է Ֆրանսիայի կարգավիճակը պահպանելու օգտին 2023 թվականի նոյեմբերին։ Նա կրկնեց իր մեղադրանքները՝ ասելով, որ Ֆրանսիան հող է նախապատրաստում նոր պատերազմների համար՝ ապակայունացնելով ոչ միայն իր անցյալ ու ներկա գաղութները, այլեւ Հնդկական օվկիանոսը և իրենց տարածաշրջանը։ Սա անհավանական երեսպաշտություն է գերգաղութային կայսրությունների ՝ Ռուսաստանի ՝ իր արբանյակներով, Թուրքիայի կողմից, որը շարունակում է իր պանթուրքական նկրտումները ՝ երազելով Օսմանյան կայսրության վերականգնման մասին, և Ադրբեջանի կողմից, որը հայերի էթնիկ զտումներ է իրականացնում Արցախում՝ ամեն օր խաթարելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Մոսկվան, Անկարան և Բաքուն տարածում են Ֆրանսիայի ՝ որպես դաժան գաղութային տերության կերպարը, մինչդեռ իրենք են ճնշում գործադրում ՝ նպատակ ունենալով թուլացնել ժողովրդավարությունը, ազգային համախմբվածությունը և խարխլել մեր երկրի միջազգային իմիջը»,- ասել է Ֆրանսիայի Սենատի անդամը։

Հաշվի առնելով Նոր Կալեդոնիայում տիրող իրավիճակը՝ Վալերի Բուայեն առաջարկել է սառեցնել ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն օգտագործել վնասը վերականգնելու համար, որը տվյալների համաձայն, Նոր Կալեդոնիայում հասնում է գրեթե 1 մլրդ եվրոյի։

«Մենք նույնն արեցինք՝ սառեցնելով ռուսական ակտիվները Ուկրաինայի համար։ Հուսով եմ, որ այս օրինագիծը կոլեկտիվ և ավելի լայն աշխատանքի մեկնարկ կլինի, օրինակ՝ մեր բուհերում արտաքին ազդեցության խնդրի շուրջ։ Ազգային ժողովի զեկույցից գիտենք, որ Չինաստանը ներգրավված է Ֆրանսիայի ակադեմիական և գիտական ​​ոլորտներում ազդեցության փորձերին 70-80%-ով։ Նույնը կարելի է ասել Թուրքիայի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի որոշ երկրների, այդ թվում՝ Իրանի մասին։ Ավելին, Ադրբեջանն իր դաշնակիցների ՝ Ռուսաստանի և Թուրքիայի հետ նպաստում է ապակայունացմանը ՝ ձգտելով գրավել մեր տարածքները: Մենք կարող ենք նշել «Մուսուլման եղբայրների» ազդեցությունը ՝ սկսած Սամուել Պատիի դեպքից մինչև իսլամաֆոբիայի դրսևորումների հետ կապված վիճելի միջոցառումներ: «Մուսուլման եղբայրների» ստվերը կախված է մեր երկրի վրա։ Ես հավատում եմ, որ մենք պետք է արագ գործենք այս պատերազմների և հակամարտությունների դեմ, որոնց մեջ մենք ներքաշված ենք։ Մենք այլևս չենք կարող աչք փակել այս միջամտության վրա, որը միայն ամրապնդվում է: Ժակ Շիրակին վերաձևակերպելով՝ թույլ տվեք ասել, որ մեր ժողովրդավարությունները այրվում են, իսկ մենք նայում ենք այլուր: Պետք է քաջություն ունենանք փրկելու մեր ազատությունը և թույլ տալ, որ այն շարունակի գոյություն ունենալ, քանի որ նա արժանի է դրան»,- ասել է Բուայեն:

Forrights. «Հունի մեջ էինք մտել, բայց նորից պատերազմ սկսվեց». արցախյան ազգային երգի-պարի համույթի հայաստանյան կյանքը

Forrights

Արցախի «Մենք ենք մեր սարերը» ազգային երգի-պարի համույթը 2023-ի սեպտեմբերյան բռնի տեղահանումից հետո թեպետ նոսրացած կազմով, բայց փորձում է վերակենդանանալ։ Երևանի ծայրամասային մի հատվածում փոքրիկ տարածք են գտել, որտեղ շաբաթը երկու անգամ փորձեր են անցկացնում։

«Շատ դժվար է մեզ համար այստեղ հարմարվելը, բայց փորձում ենք», -Forrights.am-ին ասում է համույթի տնօրեն Էլինա Հարությունյանը։

Համույթը Արցախում ամեն ամիս համերգներ է տվել՝ գյուղերում, քաղաքներում, զորամասերում։ Տնօրենն ասում է՝ ամեն ինչ արել են արցախյան երգն ու պարը տարածելու համար։ «Մենք Արցախում ամեն ամիս մենահամերգներ էինք տալիս, գնում էինք զորամասեր, այնտեղ համերգներով հանդես էինք գալիս մեր զինվորների, սպայակազմի համար։ Ոգեշնչում էինք մեր զինվորներին, մեր բարբառով երգեր ենք երգում։ Հենց մեր երգերը երգում էինք, ամբողջ դահլիճը ոգեվորվում էր, սկսում էին պարել, երգել մեզ հետ միասին», -հիշում է Էլինան։

46-ամյա Էլինա Հարությունյանը օտար լեզուների՝ անգլերենի ու ֆրանսերենի մասնագետ է, Ստեփանակերտում 23 տարի անգլերեն է դասավանդել, նաև՝ երաժիշտ է, ջութակահարուհի։  «Մենք ենք մեր սարերը» համույթի տնօրեն նշանակվել է 2020-ի մայիսին․ «Մենք շատ լավ էինք ապրում, պետական համույթ էինք ու պետությունից աշխատավարձ էինք ստանում, բոլորը ամեն օր գալիս էին փորձերի։ Բլոկադայի ժամանակ նույնիսկ երբ վառելիք չկար, մարդիկ գյուղերից ոտքով էին գալիս փորձերի։ Այ էդպես նվիրված են եղել մեր համույթի անդամները իրենց գործին»։

Հետո սկսվել է 44-օրյա պատերազմը, տղաները գնացել են պատերազմ, աղջիկները՝ Հայաստան։ Սակայն, նրա խոսքով, պատերազմի դադարից հետո անմիջապես վերադարձել են Արցախ ու վերսկսել գործունեությունը։

«Հավաքվեցինք, հունի մեջ էինք մտել, բայց նորից պատերազմ սկսվեց»,- նշում է Էլինան։

2023-ի սեպտեմբերյան բռնի տեղահանման հետևանքով «Մենք ենք մեր սարերը» համույթի 41 անդամներից 13-ն են մնացել համույթի կազմում։ Հայաստանի տարբեր բնակավայրերում հաստատված երգիչ-երգչուհիները շաբաթական երկու անգամ հաճախում են փորձերի։ «Անգամ Վանաձորից ունենք, որը գալիս է մասնակցում փորձերին։ Մասիսից, Չարենցավանից», -ասում է Էլինան։

Տեղահանված սեփական բազմանդամ ընտանիքի հոգսերից բացի, Էլինան փորձում է «Մենք ենք մեր սարեր»-ին կենդանի պահել․ հարազատների միջոցով փորձերի համար տարածք է գտել, ընկեր-ծանոթների միջոցով փնտրել են հովանավոր ընկերություններ, ստացել ֆինանսական փոքրիկ օժանդակություն, կարողացել են դրանով գնել հագուստ, տեխնիկա ու ամսական սիմվոլիկ՝ 50 հազար դրամ վճարել համույթի անդամներին։

«Հույս չունեի որ այստեղ կկարողանանք մեր գործունեությունը շարունակել։ Արեգա Հովսեփյանը և Նարե Սիմոնյանը մի օր պատահաբար հանդիպեցին, լսեցին մեր խնդիրը ու առաջարկեցին սիմվոլիկ գումարի դիմաց շարունակել համույթի գործունեությունը։ Աղջիկները դիմել էին տարբեր ֆոնդերի, անհատների, այդ պատճառով ստացվեց ֆինանսավորումը, որը սակայն կավարտվի շուտով։ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես մերժել է մեզ, նույսիկ մերժեցին դահլիճ տրամադրել համերգի համար։ Մեծ գումար չէ՝ 50 հազար դրամ, բավականացնում է միայն փորձերին գալուն, բայց այնուամենայնիվ բոլորս միաձայն համաձայնեցինք, որ շարունակենք մեր աշխատանքը», -ասում է Էլինան։

Աևդեն հասցրել մենահամերգով հանդես գալ․ այս տարվա փետրվարին, Առնո Բաբաջանյան փոքր համերգասրահում։ «Դահլիճ տրամադրելու հարցում բազմաթիվ մերժումներ ստացանք, ասում էին՝ ֆինանսավորում չկա, երկիրը այն վիճակում չի, որ անվճար դահլիճ տրամադրենք ձեզ։ Բայց գտնվեց մի բարերար, որը մեզ համար վարձակալեց դահլիճը ու հաջողությամբ համերգն անցավ։ Մյուս համերգը պատրաստվում էինք մայիսի 28-ին անել, բայց երկրի ներքին վիճակը հույսեր չի առաջացնում, դրա համար առայժմ կհետաձգենք», -ասում է «Մենք ենք մեր սարերը» համույթի ղեկավարը։

Նրա խոսքով, Երևանում իրենց հանդիաստեսի մեծ մասը արցախցիներ են եղել։ Նկատել է՝ կարոտով էին լցված․ «Կարծում եմ՝ մարդկանց սրտերում մտքերում հայրենասիրական, ազատագրական երգի կարոտը բոլորի մեջ ապրում է։ Մենք մեր երգով, մեր արցախյան բարբառով կարթնացնենք հայրենասիրություն։ Հիմա դրա կարիքը շատ կա»։

 

Հասմիկ Համբարձումյան

200-ից ավելի արցախյան կազմակերպությունների նամակը փոխանցվել է ԵԱՀԿ գործող նախագահին

200-ից ավելի արցախյան ՀԿ-ներ, համայնքների ղեկավարներ և անհատներ նամակ էին փոխանցել Երևանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար պարոն Յան Բորջին: Սույն բաց հայտարարությամբ նրանք պահանջում են պատասխանել Բաքու կատարած իր այցից հետո ծագած հարցերին

ԵԱՀԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պաշտոնական ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են համաշխարհային հանրությանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հիմնված է երեք սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականության հարգում, պետությունների և ժողովուրդների ինքնորոշում։ Դիվանագետներն ու պաշտոնյաները մեզ վստահեցնում էին, որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կորոշվի նրա ժողովրդի մասնակցությամբ։ Այսօր Իլհամ Ալիևը հրապարակավ ծաղրում է բոլոր նրանց, ովքեր նման հայտարարություններ են անում և պահանջում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և հարակից ինստիտուտների վերացում։

Հասարակությունը փորձում է հասկանալ, թե որտեղ են անհետացել նախկինում հնչեցված հակամարտությունների կարգավորման սկզբունքները, և ո՞ր անտեսանելի ուժն է ԵԱՀԿ դիվանագետներին ստիպում հնազանդորեն դիմանալ Իլհամ Ալիևի հրապարակային ծաղրանքին, ով պարծենում է, որ հայերին Լեռնային Ղարաբաղից վտարել է ռազմական ուժով և դրանով իսկ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

Այս կապակցությամբ խնդրում ենք Ձեզ՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ, պատասխանել պարզ հարցերի, որոնք կարող են ծագել յուրաքանչյուր խելամիտ մարդու մոտ Բաքու կատարած Ձեր վերջին այցից հետո:

  1. Արդյո՞ք 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, դրան հաջորդած շրջափակումը և հայերի բռնի տեղահանումը իրենց պատմական հայրենիքից վեճերի խաղաղ կարգավորման և ուժի չկիրառման սկզբունքների խախտում են։ Եթե այո, ապա ի՞նչ միջազգային հետեւանքներ կարող են առաջանալ Ադրբեջանի համար ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների խախտման արդյունքում։
  2. Արդյոք Թուրքիայի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման կազմակերպմանը և իրականացմանը՝ Ադրբեջանին ռազմական խորհրդատուներ տրամադրելով, Ադրբեջանում տեղակայված թուրքական հատուկ նշանակության ստորաբաժանումների և F-16 կործանիչների մարտական կիրառումը, սիրիացի վարձկաններ վարձելը և տեղափոխելը խախտում է ուժի չկիրառման սկզբունքը։ Եթե այո, ապա ի՞նչ միջազգային հետեւանքներ էին սպասվում Թուրքիայի համար ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների խախտման արդյունքում։
  3. Կարո՞ղ է Ադրբեջանն այսօր Հայաստանին սպառնալ ռազմական ուժի կիրառմամբ և հարձակմամբ, եթե Հայաստանը չհրաժարվի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին և Օսմանյան կայսրությունում և Թուրքիայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից։ 1915-1923թթ. Արդյո՞ք նման պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության պայմանագիրը վավերական կլինի։

 

Մենք հուսով ենք, որ դուք չեք անտեսի մեր կոչը և անկեղծորեն կպատասխանեք այս հարցերին։ Միջազգային հանրության սկզբունքային դիրքորոշումն այսօր կարեւոր է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հայության, այլեւ ողջ տարածաշրջանի ապագայի համար։

 

 

Եթե այսպես շարունակվի, բարբառը կվերանա. Քաջիկ Հարությունյան

Մանկությունս անցել է Արցախի Քոլատակ գյուղի չքնաղ բնությունը վայելելով: Քոլատակը միշտ հայկական էր: Մենք ունենք Հակոբավանքը, որն անվանում էին նաև Մեծարանաց վանք: 7-րդ դարում կառուցված վանքը վկայում է, որ այդտեղ միշտ հայեր են ապրել: Գյուղի եկեղեցում սովետական տարիներին  թատերական խաղեր էին բեմադրում, ես փոքր տարիքից ծակուծուկերով հետևում էի:

Մեր գյուղում մի հյուսն կար: 1915 թ. կոտորածի ժամանակ փախել էր, ընտանիք կազմել և նրա կյանքի պատմությամբ էլ նրան անվանեցին` Գաղթական դայի:

Մանուկ հասակում հաց ուտելիս չեմուչում էինք անում: Մաման ասում էր` «հացդ կեր, հազեր թորքը եկալչի, հանցու սոված չփախչիս»: Միջադեպեր շատ են եղել: Օրինակ, իմ ծառայության տարիներին երեք թուրք զինվոր գլխատել են մի հայ կնոջ Քռասնի գյուղի մոտակայքում: Երեխան իր մոր գլուխը գետի միջից է գտել:

Փոքր հասակից հայրս որոշեց ինձ տանել Շուշիի ինտերնացիոնալ գիշերօթիկ դպրոց, որի տնօրենը հայ էր` Խաչատրյան Արսենը: Ադրբեջանցի երեխաների հետ թշնամանքի պատճառով դպրոցում ամեն օր ծեծկռտուք էր: Ճիշտ է, միշտ իրենց ծեծում էինք և տնօրենը նեղվում էր:

Շուշիից հետո տեղափոխվում եմ Ստեփանակերտ: Քննություն եմ հանձնում բժշկական համալսարան ընդունվելու համար, այնուհետև եղբայրս Բաքվից հորդորում է, որ ընդունվեմ մեխանիզացիայի բաժին: Այնինչ` դերասան դառնալն իմ ճակատագիրն էր: Մի տարուց հետո սկսում եմ մասնակցել տարբեր թատերական խմբակների: Ժողովրդական դերասան Միքայել Հարությունյանը մի ամիս շարունակ ստուգում էր ունակություններս: Տաղանդից բացի ունեի նաև աշխատասիրություն: Բոլորը զարմանում էին, որ ամբողջ Թումանյանն անգիր գիտեմ:

Կարիերաս սկսելու գործում ճակատագրական է դառնում  ներկայացման օրը կենտրոնական դերակատարներից մեկի բացակայությունը: Առաջարկում եմ խաղալ նրա փոխարեն և այդպիսով «փրկում եմ» ներկայացումը: Հաջորդ օրն ինձ թատրոնում ընդունում են որպես դերասան: Ծառայությունից հետո Մոսկվայում դերասանական վարպետության կուրսերն ավարտեցի և ահա 60 տարի է թատրոնն իմ տարերքն է:

Մենք բոլորս խոսում էինք Արցախի երգեցիկ բարբառով: Հետաքրքիրն այն է, որ բարբառն ընդհանուր է, բայց` ճյուղավորված, և համարյա ամեն գյուղ իր բարբառն ունի, սովորույթները: Ռադիոյում երգիծական շարք էի վարում բարբառների մասին: Կարողանում էի բոլոր բարբառներով խոսել: Մեր տանը, մեր ընտանիքում, 8 երեխա էինք, կեսը Մարտակերտի վար-ով էր խոսում, կեսը վեր-ով:  Շատերը խրտնում են բարբառից, հուշտ (խուսափել) են լինում, չեն ուզում լսել, բայց այն շատ քաղցր, շատ մաքուր լեզու է: Եթե այս ձևով շարունակվի, այն ընթացքում կվերանա:

Եթե 1990-ական թթ-ի կեսի չափ հայրենասիրություն ունենայինք` այս օրերը չէինք տեսնի: Մի մարդու նման պայքարում էինք: Շատ լավ եմ հիշում հանրահավաքները: Գյուղերից հաց էին բերում հրապարակում կերակրում ժողովրդին, ոչ թե բլոկադայի ժամանակ հացի հերթերում իրար փրթում ու ասում` սա է հայը: Այն տարիներին մեծից փոքր հայրենասիրությամբ էին տոգորված:

Նկուղներում ինձ հետ միասին շատերը ներկայացումներ էին բեմադրում: Ժողովրդին ոգեշնչում էինք, դա մեր գործն էր: Ասմունքի խաղացանկում մեծ տեղ էի տալիս հայրենասիրական թեմաներին: Հոյակապ էր ամեն ինչ, զգում էինք, որ պետություն ենք կերտում: Մութ ու ցուրտ օրերին ներկայացում էինք խաղում, թատրոնը թնդում էր ծափահարություններից` չնայած ամեն օր 10-15 զոհ ունեինք: Անգամ առաջնագծում էինք ներկայացումներ կազմակերպում: Այսօր այդքանը ջնջել են, ջուրը նետել: Վախենում են Արցախ բառն ասել: Հայատանը իմ հայրենիքն է, բայց ինչպես է, որ մի աթոռ չունեմ այստեղ նստելու, տեղ չունեմ: Վարձավճարներն այնքան են թանկացրել, որ սա հայի պահվածք չէ:

Մենք չճանաչված պետություն էինք, բայց ամեն ինչում ամենաօրինակելի պետություններից մեկն էինք: Հիասթափած եմ Երևանի բնակչության այն խմբերից, որ երեխա ունենալու փոխարեն շուն ու կատու են պահում: Ազգի կեսը մոռացել է, որ տղան տղա է, աղջիկը` աղջիկ: Մեր թվաքանակը չի աճում… Հասել ենք այն օրերին, որ ամաչում ես, որ հայ ես: Պատմությունը շրջում են, և մենք լրիվ ցրված ենք: Չի կարելի…

Վերջին բռնատեղահանումը… Կոմիտասը տեսել է  այդ ամենը և խելագարվել: 60 տարի տուն եմ ստեղծել, քարը քարին դրել, հալալ քրտինքով աշխատել, որ վայելեմ ու վերջում շրջափակման ենթարկեցին ու վերջ, մեզ վռնդեցին…Կնոջս քույրը մահացել էր և վերջին օրերին չէինք կարող հուղարկավորել Արցախում: Ստիպված էինք դիակը մեզ հետ բերել:

Հայը «ցորեն ազգ է», բայց ղարաբաղցին «զյարդա ցորենա» (ընտիր ցորեն), հիմա կորեկից էլ վատ ենք: Ինչու ենք այս օրին հասել, չգիտենք…

Ամեն ինչ արվում է, որպեսզի մոռանանք Արցախի մասին: Ղեկավարության անդամները փտում են բանտում, իսկ աշխարհի ամենասիրուն քաղաքը քանդում են…

Տաթև Ազիզյան