Forrights. Բռնի տեղահանումն ընթացել է զինված ադրբեջանցիների ճնշումների ներքո․«կանգնեցրել ու վախեցրել են»

Forrights

Արցախից բռնի տեղահանված 42-ամյա Ռուդիկ Առուշանյանը՝ 1, 3, 5, 8, 9, 11 տարեկան երեխաների և կնոջ հետ հաստատվել է Արարատի մարզի Նոյակերտ գյուղում։ Մի շարք սոցիալական խնդիրներ ունեն։ Մինչ օրվա հոգսերին անդրադառնալը Ռուդիկը պատմում է 44-օրյա պատերազմից հետո տեղից-տեղ բռնի տեղահանվելու մասին։

Ռուդիկ Առուշանյանը Հադրութի Դրախտիկ գյուղից է։ Այնտեղ ապրել է մինչև 44-օրյա պատերազմը։ Երբ գյուղում ապրելն անհնարին է եղել, կնոջն ու երեխաներին ուղարկել է Հայաստան, ինքը մասնակցել մարտական գործողություններին։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո փորձել են հաստատվել Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղում։ Այնտեղ, սակայն, ապրել են մեկ օր։ Նոյեմբերի 19-ին գնացել են, 20-ին՝ տեղահանվել։

«Նոյեմբերի 20-ին երեխաների հետ նստած հաց էինք ուտում, ադրբեջանցիները քացով դուռը բացեցին, լցվան տուն։ Ասացին՝ հելեք, գնացեք։  Իրենց ավտոների կալոնան կանգնեց, չորս հոգի զինված մտան տուն՝ ավտոմատները ձեռքերին։ Ասում է՝ ժամանակ ենք տվել, որ գնանք, ինչո՞ւ չեք գնացել, բայց մեզ բան ասող չի եղել։ Ռուսներ չկային հետները։ Կնոջս ու երեխաներիս ուղարկեցի, ես հետ եկա, ուզում էի փոքր երեխայիս իրերը վերցնեի։ Քացով խփեց ձեռքիս, պայուսակն ընկավ։ Տանն ինչ կար մնաց։ Երեխաները դամաշնիկով, լաթիկով դուրս եկան»,- Faorrights.am-ի հետ զրույցում պատմում է Ռուդիկ Առուշանյանը և նշում, որ մեծաթիվ զորք է լցվել Վազգենաշեն, չորս-հինգ հոգով լցվել են տներն ու բոլորին հանել։

Ադրբեջանցիների բռնի գործողություններից հետո Ռուդիկը սկսել է հայկական վերահսկողության տակ գտնվող գյուղերում տուն փնտրել, տեղափոխվել են Աշան։ Ռուդիկն ընտանիքի հետ մինչև սեպտեմբերի 19-ն ապրել է այս գյուղում։

«Կրակոցները, որ սկսվեցին երեխաների կեսը դպրոցում էին, գնացի բերեցի ու բարձրացա պոստեր։ Հանձնած էր, բայց մեզ չէին ասում, անիմաստ զոհեր տվեցինք, մենք չենք իմացել, որ հանձնած է։ Մեկ օր անցավ զանգեցին, թե զենքերը դրեք, իջեք, Ղարաբաղից դուրս ենք գալիս։ Դիրերում շատ վատ վիճակ էր»,-ասում է, որ այս պատմության դրական կողմնն այն է, որ դիրքում 9 հոգի են եղել, որևէ մեկը չի զոհվել կամ վիրավորվել։ Օգնել են նաև մյուս դիրքերի տղաներին դուրս գալ։

Ռուդիկը երրրորդ անգամ է ստիված եղել լքել իր տոնը։ Սեպտեմբերի 20-ին Աշանից եկել են Ստեփանակերտ։ Ընտանիքի բռնի տեղահանումն ընթացել է զինված ադրբեջանցիների ճնշումների ներքո։ «Գյուղից Ստեփանակերտ տանող ամբողջ ճանապարհին իրենք էին։ Կագնացնում էին ու ստուգում։ Օրինակ մեքենա է եղել, կանգնեցրել են ու սնունդը վերցրել, սոկերը վերցրել են։ Մինչև հասանք Ստեփանակերտ երեք-չորս տեղ կանգնած էին։ Ավտո է եղել, որ կանգնեցրել ու վախեցրել են, եղել է, որ հարվածել են մեքենային, իրենց լեզվով հայհոյել են, վատ վիճակ է եղել»։

Ռուդիկի ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում։ Forrights.am-ի հետ զրույցում փոխանցում է, որ ՀՀ կառավարությունից աջակցությունը թերի է ստացել։ «100 հազար և 50 հազար դրամները լրիվ ստացել ենք (նկատի ունի յուրաքանչյուր անձի միանվագ տրվող 100 հազար և 50 հազար դրամները), 40+10 հազար դրամները նոյեմբեր, դեկտամբեր ամսվանից չեն ստացել, հունվարին միայն 200 հազար դրամ են փոխանցել, բայց չգիտեմ, թե դա ինչի համար է, մենք 8 հոգի ենք։ Գնում եմ սոցապ, ասում են՝ նստելու է քարտին, բայց, թե երբ կնստի, չգիտեմ»,-ասում է նա ու նշում, որ մինչ այս տրված գումարով տան համար օգտագործված գույք է առել՝ մահճակալ, պահարան, ինչպես նաև վառելափայտ, որն արդեն վերջացել է։

Ռուդիկը նաև էլեկտրական սղոց է գնել, որպեսզի գումարով փայտ կտրտի, սակայն, աշխատանքի առաջարկ դեռ հաճախակի չի ստանում։ Սպասում է գյուղատնտեսական աշխատանքերի մեկնարկին։

Ընտանիքը սննդի և խնամքի միջոցների կարիք ունի։ «Երեխաներին շոր ու կոշիկ գնելու գումար չկա, երեք դպրոցական երեխա ունեմ։ Անգամ փամփերս չկա, որ երեխային հագցնեմ»,-ասում է բազմազավակ մայրը։

Նարեկ Կիրակոսյան

Ազգային անվտանգության ծառայության օրը նշվելու է ոչ թե «Չեկիստի օրը», այլ հունվարի 20-ին

Ազգային անվտանգության մարմինների օրը Հայաստանում կնշվի ոչ թե դեկտեմբերի 20-ին, այլ հունվարի 8-ին։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության հինգշաբթի օրը կայացած նիստում։

Դեկտեմբերի 20-ը ոչ պաշտոնապես նշվում էր որպես Չեկիստի օր։ Ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանում, չնայած անկախությանը, նշում էին ԱԱԾ-ի 90, նույնիսկ 95-ամյակը՝ նույնականացնելով ՀՀ ԱԱԾ-ն խորհրդային անվտանգության մարմինների հետ։ Հետո «տարիքը» փոխվեց, բայց «ծննդյան օրը» մնաց։ Կփոխվի՞ Հայաստանի անվտանգության մարմինների պատկանելությունը ռուսական հետախուզական ծառայություններին և կիրականացվի՞ լյուստրացիա։

Հայաստանի վերանախավը հետեւողական քաղաքականություն է վարում՝ հայերի արժանապատվությունը տրորելու, մարդկանց վրա թքելու ուղղությամբ

Step1.am-ի զրուցակիցն է Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Պարոն Ղուկասյան, իշխանությունը հիմա էլ շրջանառության մեջ է դրել թեզը, որ կարող են հրաժարվել Բաքվի դեմ ներկայացված հայցերից։ Հարցին, թե Ալիևի պահանջ-պարտադրանքով Հայաստանը կարո՞ղ է հրաժարվել միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց «Ես մանրամասներ չգիտեմ, բայց եթե իրենք իրենց հայցերից հրաժարվեն, հնարավոր է՝ մենք էլ հրաժարվենք։ Մեր հանրապետության դեմ եւս հայցեր կան»։ Ինչպե՞ս եք գնահատում սա։

-Հայաստանի վերանախավը հետեւողական քաղաքականություն է վարում՝ հայ ժողովրդին նսեմացնելու, հայերի արժանապատվությունը տրորելու, մարդկանց վրա թքելու ուղղությամբ։ Այդ թեզը շրջանառության մեջ դնող գործիչը հայտնի է հենց քաղաքացիների վրա բառիս բուն իմաստով թքելու արարքով։ Եթե երկու շաբաթ անցնի, եւ իրենք հայերին ցավ պատճառող, նսեմացնող ինչ-որ հակահայկական հայտարարություն չանեն, երեւի կհամարեն, որ իզուր են ապրել այդ երկու շաբաթը։ Մենք անընդհատ այդպիսի հայտարարություններ ենք լսում։ Երեւի մի օր էլ կլսենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերանվանել «Արեւմտյան Ադրբեջան», պետական կրոն ընդունել իսլամը, եւ բոլորի ազգանունները դարձնել ադրբեջանական, գրագրությունն էլ իրականացնել ադրբեջանական տարբերակով։ Այդ դեպքում բացարձակ անվտանգության կհասնենք։

-Բաքվի պատերազմական հանցագոծությունների հարցը միջազգային դատական ատյաններում բարձրացնելով՝ ի՞նչ արդյունքի է հնարավոր հասնել, եթե հետեւողական աշխատանք տարվի։

-Տեղի է ունեցել հանցագործություն՝ էթնիկ զտում։ Միջազգային փաստաթղթերում Ադրբեջանի իշխանությունների գործողություններն արդեն ստացել են այդ ճանաչումը։ Ես նկատի ունեմ Եվրամիության վերջին բանաձեւը, եւ այլն։ Այսինքն՝ ինչի՞մասին է խոսքը, դա պարտականություն է, պարտավորություն է։ Եթե տեղի է ունեցել հանցագործություն, օրենքի կողմը պահող սուբյեկտները պարտավոր են իրավունքի պաշտպանության գործառույթները կատարել, դա ցանկության հարց չէ։ Մարդիկ են մահացել, ցանկացած մարդ մահանում է, քրեական գործ է հարուցվում։ Դա հանցագործություն է, եթե իրավապահ համակարգն այդպես չի գործում, ուրեմն առհասարակ չի գործում ու չի կարող կարող համարվել իրավապահ համակարգ։ Նույնը միջազգային հարաբերություններում է։ Այն ատյանները, որոնք փաստը հաստատող, գնահատական տվող, անաչառ գործառույթ իրականացնելու մանդատ ունեն՝ ճանաչված միջազգային հանրության բոլոր անդամների կողմից, այդ գործառույթը պետք է իրականացնեն՝ փաստերով հիմնավորված թեզերի հիման վրա։ Այն է՝ 1988 թվականից ի վեր Ադրբեջանում հայերի նկատմամբ խտրականության վերաբերյալ, Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի եւ հումանիտար իրավունքի խախտումների վերաբերյալ փաստերը։ Այդ աշխատանքն անհրաժեշտ ու պարտադիր բնույթ է կրում, ոչ թե ցանկության կամ քաղաքական նպատակահարմարության հարց է։

-Ի՞նչ նպատակ եք տեսնում Հայաստան իշխանությունների այսօրինակ գործողությունների հիմքում։

-Նպատակն է նսեմացնել հայ ժողովրդին, անընդհատ դեմորալիզացնել հանրությանը, թքել մարդկանց վրա։ «Քաղաքացիական պայմանագրի» առաջատար գործիչների համար մարդկանց վրա թքելը դարձել է քաղաքականություն, կրեդո։ Իրենք ապրում են հայերի նկատմամբ ատելությամբ։ Եվ միգուցե հրապարակային ելույթներում վարչապետը մարդկանց դիմում է՝ «հպարտ քաղաքացիներ» եւ այլ դիմելաձեւով, բայց այս հանդուժողոկանությունը, որն անձամբ ցուցաբերում է ինքը իր մտերիմ գործիչների հայտարարությունների նկատմամբ, եւ այն արտահայտությունները, որոնք ինքն է անում, երբ խոսում է ազգային ընդհանուր նպատակներից հրաժարվելու մասին, այդ մթնոլորտը, քաղաքականությունը եւ գործողությունները ես որակում եմ ատելություն հայ ժողովրդի, հայկական ինքնության նկատմամբ։ 2018 թվականին մարդիկ իրենց ներկայացրեցին որպես հայ ժողովրդի շահերն առաջ տանողներ, արդարության համար պայքարողներ, բայց մենք տեսնում ենք, որ ոչ այդ արդարությունը հասանելի դարձավ մեր երկրի ներսում, ոչ էլ միջազգայի հարաբերություններում Հայաստանն ինչ-որ առաջընթաց ունի։

Թե ինչու հայերին պիտի դնեն այս վիճակի մեջ, որ մեղքերի համար, ես չեմ հասկանում։ Նույնիսկ եթե թուրքերը հիմա ղեկավարեին Հայաստանի Հանրապետությունը, իրենք ավելի զգուշավոր կլինեին հայ ժողովրդի նկատմամբ անհարգալից իրենց դրսեւորումներում։ Սրանք իրենց հայ են համարում եւ երեւի գտնում են, որ իրենց ցանկացած լպրիշ դրսեւորում այս հանրությունը հանդուրժելու է։

Մեքենայի տեխզննության ժամանակ նոր նախագծով կպահանջվի վճարել միայն նախորդ տարիների պարտքը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վարորդների և մեքենա ունեցողների համար․

Ես և իմ գործընկեր Նարեկ Զեյնալյանը շրջանառության մեջ ենք դրել օրենքի նախագիծ, որն ընդունվելու դեպքում տեխզննության ժամանակ կպահանջվի վճարել միայն նախորդ տարիների պարտքը՝ հնարավորություն տալով գումարները տնօրինել ձեր հայեցողությամբ մինչև դեկտեմբերի 1-ը։

Հարկային օրենսգրքով սահմանված է, որ յուրաքանչյուր տարվա գույքահարկը կարելի է վճարել մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։

Սակայն, միևնույն ժամանակ, օրենսգրքով սահմանված մեկ այլ դրույթ ֆիզիկական անձանց պարտավորեցնում է տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարել մինչև փոխադրամիջոցները տվյալ հարկային տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:

Այսինքն, եթե դուք մեքենան տեխզննման եք տանում, օրինակ, հունվարին կամ փետրվարին և գուքահարկի գծով նախորդ տարիներից պարտք չունեք, միևնույն է՝ ստիպված եք լինում վճարել այդ տարվա ամբողջ գույքահարկը»։

news.am

«Զվարթնոց» օդանավակայանը կարող է նախադեպ դառնալ. ի՞նչ կարող է հակադրել Մոսկվան

Երևանն առաջարկել է Մոսկվային դուրս բերել ռուս սահմանապահներին, ովքեր աշխատում են Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անցակետում, գրում է BBC-ն։

«Առաջարկել» բառն այն ամենն է, ինչ պետք է իմանալ այս քաղաքական և իրավական ակտի բնույթի մասին, որը կարող է դառնալ կարևոր նախադեպ: Կամ այն բանի նախադեպ, որ Հայաստանը կհասնի իր օրինական պահանջի կատարմանը, կամ Մոսկվայի կողմից «անմեղ առաջարկի» համար «պատժվելու» նախադեպ։

Չորեքշաբթի Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ օդանավակայանում հսկողությունը պետք է ամբողջությամբ իրականացնեն ՀՀ ԱԱԾ-ի սահմանապահ զորքերը։ Հարցին, թե ինչու է նման անհրաժեշտություն առաջացել, Գրիգորյանը պատասխանեց, որ անկախության շրջանում Հայաստանն ստացել է օդանավակայանի ամբողջական վերահսկողության բոլոր հնարավորությունները, հաղորդում է «Արմենպրես»-ը։

«Հայաստանը հստակ դիրքորոշում ունի այս հարցում։ Այս հստակ դիրքորոշման մասին պաշտոնական գրությամբ տեղեկացվել է Ռուսաստանի Դաշնությունը»,- լրագրողներին ասաց Գրիգորյանը։

Մոսկվան չգիտի պաշտոնական նամակի մասին, ավելին, Կրեմլը չի ​​ասել՝ ընդունո՞ւմ է Հայաստանի օրինական «առաջարկը», թե՞ այն անօրինական է համարում։ Սա չափազանց կարևոր հարց է, քանի որ «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահները ծառայում են առանց փաստաթղթային պայմանագրային հիմքի։ Ինչպես օրինական հիմք չկա Հայաստանի և ադրբեջանի պայմանական սահմանին ռուս սահմանապահների ներկայության համար։

Եթե ​​Մոսկվան օրինական համարի “առաջարկը” եւ համաձայնի դուրս բերել սահմանապահներին օդանավակայանից, ապա Սյունիքից և Վայոց Ձորից եւս պետք է դուրս գա։ Իսկ Մոսկվայի մերժումը սահմանապահներին օդանավակայանից դուրս բերելը կարող է կասկածի տակ դնել իր ռազմական ներկայության իրավական հիմքերը Հայաստանում ընդանրապես:

Մոսկվան, ինչպես միշտ նման դեպքերում, գործում է ոչ թե իրավական, այլ սպեկուլյատիվ տարածքում։ Անմիջապես սկսվեց «պատասխանի» մասին խոսակցությունը, կարծես Հայաստանը Ռուսաստանից պահանջում է Կրասնոդարի երկրամասը, այլ ոչ թե «առաջարկում» է դուրս բերել սահմանապահներին սեփական օդանավակայանից։ Խոսակցություններ կան, որ Ռուսաստանը մարտի 6-ից փակում է Վերին Լարսը (այն ​​փաստացի փակվեց բեռնատարների համար՝ բայց վատ եղանակի պատճառով)։ Նորից սկսեցին խոսել այն մասին, որ «Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան Հայաստանում» (առանց նշելու, որ Ուկրաինայի հետ պատերազմը չի խանգարում միլիոնավոր ուկրաինացիների ապրել Ռուսաստանում և հակառակը)։

Հայկական մամուլում եւս արտահոսքեր սկսվեցին։ Այսօր «տեղեկություններ» հայտնվեցին Արմեն Գրիգորյանի՝ «Քաղաքացիական պայմանագրի» իշխող խմբակցության հետ հանդիպման մասին, որտեղ նա իբր ասել էր, թե Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է պորտալարով, որ Ռուսաստանի դեմ կտրուկ քայլերը կարող են հանգեցնել Վերին Լարսի փակմանը և անվտանգության խնդիրների, որ Արևմուտքը պատրաստ չէ «դիվերսիֆիկացիային» և վաղաժամկետ է դիմել ԵՄ-ին անդամակցելու համար: Նա, իբր, ասել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը և ռուսական բազաների դուրսբերումը չի քննարկվում, բայց հայտարարությունները տալիս են իրենց պտուղները՝ Լավրովը զանգահարել է Միրզոյանին (այսինքն՝ նախկինում չէր զանգահարել)։

Եթե ​​տեղեկությունը հավաստի է, և եթե Մոսկվան զորքերը դուրս չբերի Զվարթնոցից, ապա այս պատմությունը կդառնա Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ուժեղացնելու ևս մեկ նախադեպ, ինչպես նաև գործող իշխանության «հակառուսական» իմիտացիոն էության վառ ապացույցը։

1992 թվականին ստորագրված պայմանագրի համաձայն՝ ռուսական սահմանապահ զորքերի չորս ջոկատներ հսկողություն են իրականացնում Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանին՝ Գյումրի, Արմավիր, Արտաշատ և Մեղրի բնակավայրերում։ Ու վերջ:

Նաիրա Հայրումյան

Ֆրանսիան համաձայն է Իրանի հետ Հայաստանի հարցում. բայց Իրանը բաց կթողի՞ զենքը

Իրանը անհանգստացած է Հայաստանի փորձերով՝ դիվերսիֆիկացնելու իր անվտանգության համակարգը և Հայաստանում «արտտարածաշրջանային» ուժերի ի հայտ գալու հնարավորությունից, միևնույն ժամանակ խստորեն հանդես է գալիս սահմանների և տարածքային ամբողջականության պահպանման օգտին: Թեեւ ակնհայտ է, որ առանց արտաքին օգնության Հայաստանը չի պահպանի իր ամբողջականությունը։ Իսկ «դաշնակիցները»՝ ի դեմս Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի և «բարեկամ» Էրդողանի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային ամբողջականության փլուզման հիմնական շահառուներն են։

Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին չորեքշաբթի երեկոյան իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ կովկասյան տարածաշրջանը չպետք դառնա մրցակցային դաշտ այլոց համար։ ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, նա պնդել է, որ «տարածաշրջանից դուրս անվտանգության որոնումը հակառակ արդյունքն է ունենում՝ տարածաշրջանը վերածելով ուժերի բախման վայրի և նոր խնդիրներ ստեղծելով տարածաշրջանային խաղաղության և կայունության համար»:

Իսլամական Հանրապետության վճռական դիրքորոշումն է՝ աջակցել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը և նրանց հողերի նկատմամբ ինքնիշխանության իրավունքին և միջազգայնորեն ճանաչված սահմանների անփոփոխությանը, ընդգծել է Աշտիանին՝ հավելելով, որ Իրանը հավատարիմ է այս քաղաքականությանը Կովկասում։

Միաժամանակ Իրանը հրապարակավ չի հայտարարել տարածքային ամբողջականությունը խախտելու փորձերի դեպքում ռազմական միջամտության իր մտադրության մասին։ Հայտնի չէ նաև, թե արդյոք Իրանը համաձայն է օգնել Հայաստանին անհրաժեշտ սպառազինության մատակարարման լոգիստիկ հարցերում։

Վերջին շաբաթներին Հայաստանը փորձում է «դաշնակիցներ» գտնել՝ ռազմական ներխուժման հնարավորության մասին խոսակցությունների ֆոնին։ Պապիկյանն այցելել է Հնդկաստան, որից հետո համաշխարհային լրատվամիջոցները սկսել են խոսել Հայաստան հնդկական զենք մատակարարելու մասին։ Փաշինյանն ու Պապիկյանն այցելել են Ֆրանսիա, եւ հաջորդ օրերին Հայաստան են այցելել Ֆրանսիայի և Հունաստանի պաշտպանության նախարարները։ Վրաստանի հետ ստորագրվել է ռազմավարական գործընկերության համաձայնագիր, իսկ Հայաստանի դեսպանը վերջերս հանդիպել է Վրաստանի պաշտպանության նոր նախարարի հետ։ Նախատեսված է Կիպրոսի պաշտպանության նախարարի այցը։ Երեւան կատարած այցի ընթացքում հույն նախարարը խոսել է Հունաստան-Ֆրանսիա-Հայաստան-Հնդկաստան ռազմական համագործակցության մասին։

Իրանը բացակայում էր այս շղթայից, բայց Ֆրանսիան «լրացրեց» այդ բացը։

Մենք չենք մտածում ազդեցության ոլորտների բաժանման կատեգորիաներով, մենք մտածում ենք յուրաքանչյուր պետության՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքի տեսանկյունից։ Եվ միայն Ֆրանսիան չէ, որ իսկապես անհանգստացած է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում երեկ ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում Իրանը` Հայաստանի հարևան պետությունը, նույնպես բազմիցս մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ: Մենք շատ հարցերում համաձայն չենք Իրանի հետ, բայց սա այն հարցն է, որի շուրջ մենք միակարծիք ենք»,- ասել է դեսպանը:

Դեռևս 2023 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանում հավատարմագրված Ֆրանսիայի և Իրանի դեսպանները հանդիպել եւ քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները։ Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցության հարցեր։

Ավելի վաղ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Թեհրանում անցկացված զորահանդեսի ժամանակ հայտարարել էր, որ հայերի իրավունքները պետք է հարգվեն, իսկ տարածաշրջանում սահմանները պետք է անձեռնմխելի լինեն։ Նա նշել է, որ Իրանի զինված ուժերը կարող են կանխել աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն և կասեցնել սահմանների փոփոխությունները տարածաշրջանում։

Լոգիստիկան շարունակում է մնալ պաշտպանական համագործակցության կարևոր բաղադրիչ, և այս առումով Իրանի դիրքորոշումը չափազանց կարևոր է։ Ռուսական փաբլիկները ուրախությամբ մեջբերում է Դանիել Իոննիսյանին, ով ասել է, որ Իրանը, իբր, հրաժարվել է թույլ տալ, որ ֆրանսիական զենքը իր տարածքով անցնի Հայաստան, և «Վրաստանը մնում է միակ ճանապարհը»։ Փաբլիկները գրում են, որ Բաքվին և Թեհրանին հաջողվել է համաձայնության գալ Հայաստանի տարածք զենքի տարանցման արգելքի շուրջ։ Ի՞նչ կասի Պապիկյանը։

Պուտինը ճանաչեց Միացյալ Նահանգները որպես գերտերություն, բայց մեղադրեց աշխարհակարգը խափանելու մեջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Համաշխարհային երիտասարդական փառատոնի մասնակիցների հետ, ԱՄՆ-ին անվանել է գերտերություն։

Պուտինն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները մեծ և «յուրահատուկ» երկիր է, որը պատմական համեմատաբար կարճ ժամանակահատվածում իր ժողովրդի տաղանդի շնորհիվ հասել է գերտերության կարգավիճակի։

«Սա ակնհայտ փաստ է»,- ասել է Պուտինը

Այդուհանդերձ, շարունակեց Պուտինը, համաշխարհային հարթակում իր մենաշնորհը պահպանելու ԱՄՆ-ի ցանկությունը հանդիպում է շատ երկրների, այդ թվում՝ դաշնակիցների դժգոհությանը:

Վաշինգտոնը որոշել է, որ միջազգային հարաբերությունների նախկին համակարգը, որը ի հայտ է եկել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում, «իրենց այլևս պետք չէ» և «դա իրենց չի սազում, քանի որ աշխարհում հավասարակշռությունը փոխվել է», – ասել է նախագահը։

Պուտինի խոսքով, «ամերիկյան իշխող վերնախավերը» ստեղծեցին իշխանության մենաշնորհը և սկսեցին ամրապնդել այն, բայց բախվեցին այն փաստի հետ, որ «աշխարհի երկրների ճնշող մեծամասնությանը դա իսկապես դուր չի գալիս», ներառյալ նրանց դաշնակիցները: «Եվ թաքնված, աստիճանաբար բոլորը տեսան, որ նման ձևավորվող աշխարհակարգին դիմադրությունը մեծանում է: <…> Եվ սկսվեցին խնդիրներն ու խափանումները»,- ասաց նա:

«Իրադարձություններ Իրաքում, Սիրիայում, նախկին Հարավսլավիայում… Ես հիմա չեմ խոսի պատճառների մասին։ Բայց այնտեղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներ չկային։ Միացյալ Նահանգներն ինքը բաց է թողել այս ջինին շշից: Բայց եթե թույլատրվում է նրանց, ապա ինչո՞ւ մյուս երկրներին չի թույլատրվում նույն կերպ պաշտպանել իրենց հիմնական շահերը»։ – ասել է Պուտինը։

Այս պահին Վերին Լարսում հայկական բեռնատարների համար արգելք չկա

Հայ արտահանողները լսել են, որ հնարավոր է արգելեն Վերին Լարսի անցակետով հայկական բեռնատարների մուտքը Ռուսաստան, բայց այսօրվա դրությամբ արտահանման հետ կապված որեւէ խնդիր չեն ունեցել։ «Օրիգինալ Տրանսպորտ Գրուպ» ընկերության տնօրեն Վարուժան Քոլյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ ծանոթ է մամուլում շրջանառվող այդ տեղեկություններին, բայց այսօրվա դրությամբ որեւէ խնդիր չկա։

«Մենք լսել ենք նման խոսակցություններ, բայց այս պահին որեւէ խնդիր չկա, մեքենաները նորմալ հատում են սահմանը։ Մենք այս պահին մեքենա ունենք, բարձված գնում է, եւ ինֆորմացիա չունենք, որ չեն թողնելու անցնել մաքսակետով»,-ասաց նա։ Վարուժան Քոլյանը նշեց, որ պատկան մարմիններից չեն փորձել տեղեկատվություն ստանալ այդ հարցով, Վերին Լարսի անցակետի մաքսավորներից են փորձել ճշտել՝ արդյոք այդ տեղեկությունները ճի՞շտ են։ «Մեզ մաքսավորներն ասել են, որ այս պահին նման խնդիր դրված չէ»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը։

Նշենք,որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության Վերին Լարսի անցակետում գտնվող մաքսային կցորդ Վահան Հակոբյանը նույնպես ասել էր, որ ռուս գործընկերները չեն հաստատում տեղեկությունը, թե Ռուսաստանը որոշել է մարտի 6-ից արգելել հայկական մեքենաների անցումը Վերին Լարս անցակետով։

Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում պարբերաբար խնդիրներ են ստեղծվում հայ արտահանողների համար։ Նախորդ տարեվերջին՝ նոյեմբեր ամսին տեղեկություն եղավ, որ հայկական բեռնատարներին թույլ չեն տալիս հատել սահմանն ու անցնել Ռուսաստանի տարածք։ Այդ ժամանակ արտահանողները հայտարարեցին, որ ռուսական կողմը խստացրել է ֆիտոսանիտարական ստուգումները, բուսասանիտարական եւ անասնաբուժական հավաստագրերով բեռները սահմանը հատելու խնդիր են ունենում։ Միրգ-բանջարեղենով, կենդանական ծագում ունեցող ապրանքներով բեռնված մեքենաները հետ էին ուղարկվում Հայաստան։ Դրանից ամիսներ առաջ էլ դարձյալ ահազանգ եղավ, որ ռուսական կողմում ռենտգեն սարքավորումների պակաս կա, ինչը դժվարացնում էր ձեւակերպումների գործընթացը, գոյացել էին մեծ հերթեր։

Վարուժան Քոլյանից հետաքրքրվեցինք՝ այս փուլում արտահանողներն որեւէ խնդրի բախվո՞ւմ են։ «Հիմա մաքսակետը բնականոն աշխատում է, բայց ապրանքներ կան, որոնք հատուկ զննության են ենթարկվում։ Այդտեղ մեքենաներ կան, որոնք երկար սպասում են, բայց դա աշխատանքային պրոցես է, որպես բեռնափոխադրող՝ այս պահին ուրիշ խնդիր չեմ տեսնում»,- նշեց նա։

 

Տնօրհնեք. փախստականներին օգնելու առաքելությունը

Արցախի Մարտունի քաղաքից բռնի տեղահանված Շանթ և Մարինե Չարշաֆճեաններին նմանեցնում են նոր սերնդի Մոնթեի և Սեդայի հետ։

Ամերիկայում ծնված և մեծացած Շանթը Հայաստան էր եկել 2020թ. պատերազմից առաջ։ Արցախի գեղատեսիլ վայրերն այցելելուց հետո զգաց, որ Մարտունին յուրահատուկ ձգողականություն ունի։ Նորաստեղծ ընտանիքը որոշեց «արմատներ գցել »Մարտունիում։

Սովորեցին բարբառը։ Զուգահեռ հասցնում էին օգնություն ցուցաբերել 2020 թ. պատերազմում զոհվածների ընտանիքներին։ Շրջափակման օրերին հնարավորություն ունեին Կարմիր Խաչի օգնությամբ դուրս գալու Արցախից, բայց նախընտրեցին մնալ  ու շարունակել պայքարը։

2023թ. պատերազմից հետո ապրած հիասթափությունը նրանց չստիպեց հեռանալ երկրից, այլ ոգևորեց զբաղվել հայրենանվեր գործով, նպաստել, որ հայը մնա հայրենիքում։ Շանթի ջանքերով ստեղծված Lorik humanitarian fund մարդասիրական հիմնադրամի օգնությամբ Արցախից բռնի տեղահանված 6 ընտանիք արդեն ապահոված է մշտական բնակության վայրով։

«Պատերազմից հետո տեսանք, որ արցախցիները Հայաստան եկած են և տուն ու տեղ ապահովելու շատ մեծ խնդիրներ կան: Եթե ուզում ենք, որ արցախցիները մնան Հայաստանում, պետք է փորձենք կարողություների չափով օգնել, օգտագործել բոլոր առիթները, որ մարդիկ մնան երկրում, ապահովել տնով: Սա 6-րդ ընտանիքն է, որ կարողացել ենք ապահովել մշտական տնով: Շատ կարևոր է ինձ համար, որ պահենք մեր սրբությունները, մեր բարբառը: Ուրախ ենք, որ տեր հայրը եկավ և օրհնեց տունը: Հուսով ենք, որ կկարողանանք միասնաբար վերադառնալ Արցախի մեր տները: Մի քանի տուն էլ վերանորոգման փուլի մեջ է, հուսով ենք շուտով կավարտենք և էլի ընտանիքներ կտեղավորենք: Սփյուռքում կան տարբեր կազմակերպություններ, որոնք փորձում են դրամահավաքների միջոցով օգտակար լինել: Ողջունելի կլինի, որ ավելի շատ մարդիկ ներգրավեն և փորձեն իրար օգնել»,-ասաց  նա:

Տաթեւ Ազիզյան

Արցախի պահեստազորի սպաների միությունը շարունակելու է իր օրինական գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում

Արցախի պահեստազորի սպաների միությունը մտադիր է շարունակել իր գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։

Փետրվարին տեղի է ունեցել Միության հիմնադիր ժողովը։ Նշվել է, որ կազմակերպությունը խթանելու է Արցախի հանրապետության պահեստային սպաների շահերն ու իրավունքները։

Մարտի 4-ին կազմակերպությունը պետական ​​գրանցում է ստացել որպես հասարակական կազմակերպություն։ Նախատեսվում է գրասենյակ բացել։

Նախագահն է Արցախի Հանրապետության Գնահատման և թեստավորման կենտրոնի նախկին տնօրեն Յուրի Քարամյանը։

Նշենք, որ 2001 թվականից Քարամյանը բազմիցս բարձրացրել է Արցախի պետական ​​համալսարանում ռազմական ամբիոն ստեղծելու անհրաժեշտության հարցը՝ անհրաժեշտության դեպքում բանակի շարքերը համալրելու համար անհրաժեշտ է պահեստազորի սպաներ պատրաստել։ Նախագիծը մի քանի անգամ ներկայացրել է Արցախի Հանրապետության կառավարությանը։ Վերջին՝ հինգերորդ անգամը՝ 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թվականին, և կրկին՝ ապարդյուն։

Ալվարդ Գրիգորյան

Գործարկվել է Artsakhcrisis.info պրոյեկտը․ ահռելի աշխատանք է կատարվել

Օրեր առաջ գործարկվել է artsakhcrisis.info պրոյեկտը, որը հանդիսանում է “longread” և “non-code” կայք եւ ներկայացնում է Արցախի պատմությունն ու հակամարտությունը։

Գաղափարի հեղինակները երկու հայ դիզայներներ են` պրոդուկտ-դիզայներ Էննի Հովսեփյանը և Ֆինլանդիայում ապրող Արտեմ Միլիտոնյանը։

“Ինձ ամենաշատը հետաքրքում է դիզայն-լրագրություն ուղղությունը, այս ժանրում ես նախկինում ստեղծել էի http://100.greatarmenia.org պրոյեկտը (Մեծ հայերի մասին) և http://genocide.greatarmenia.org (Հայոց ցեղասպանության մասին), որոնք ստացել են տարբեր մրցանակներ” ,- ասում է Արտեմը։

Արցախի մասին “լոնգրիդ” ստեղծելու միտքը ձագել է անցյալ տարի` շրջափակման ժամանակ։ Արտեմը կապվեց Էննիի հետ, և միանգամից պրոյեկտի հեռանկարը պարզ դարձավ։

Պրոյեկտի համար հավաքվեց բավականին մեծ թիմ, որի անդամներն էին Ռիտա Մկրտչյանը (Մոսկվայում Հայկական Թանգարանի գլխավոր խմբագիրը), Մանե Թաթուլյանը (դիզայներ, փլիսոփայության գիտությունների թեկնածու), ով պատասխանատու էր տեքստերի և պատմությունների համար, և Մանվել Ասատրյանը՝ հետազոտությունների և խորհրդատվությունների պատասխանատուն։

Պրոյեկտի նախնական միտքն է եղել՝ տեղեկացնել աշխարհին Արցախում կատարվող իրադարձությունների մասին։ Սակայն երբ իրավիճակը կտրուկ փոխվեց և սկսվեց պատերազմը, որոշվեց հետաձգել մեկնարկը և պրոյեկտի մեջ ներառել նաև վերջին իրադարձությունները։

“Բացի տեքստերից, պատմություններից և սկզբնաղբյուրներից, մեր խնդիրը՝ այդ ամենը վիզուալ ձևով ներկայացնելն էր։ Կապվեցինք լուսանկարիչների հետ։ Մեզ պետք էին շատ դիպուկ նկարներ, որոնք կկարողանան փոխանցել պատմությունը”,- Step1.am-ին ասաց Էննին։

Լուսանկարների համար դիմել էին 10-ից ավելի լուսանկարիչների և քարտեզագրողների, որոնց մեծ մասը համաձայնել է օգնել։

Կայքը ստեղծելու համար կատարվել է ահռելի աշխատանք, կարդացվել են հարյուրավոր էջեր և լսվել տասնյակ պատմություններ։ Կայքում կարելի է գտնել նաեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին ստույգ ինֆորմացիա և լուսանկարներ։

Թիրախային լսարանը՝ ԱՄՆ և Եվրոպան է, որտեղ շատ քչերը գիտեն Արցախի մասին։ “Մենք արտիստներ ենք, և սա մեր ձևն է կարևոր թեմաների մասին խոսելու” ,- ասում են նրանք։

Հայկ Հարությունյան

«Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունը ամբողջությամբ պետք է իրականացնեն Հայաստանի սահմանապահները, Մոսկվան արդեն տեղեկացված է

Հայաստանի դիրքորոշումը այն է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծառայությունն ամբողջությամբ պետք է իրականացնեն Հայաստանի սահմանապահ զորքերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք քննարկվում է ՌԴ սահմանապահներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դուրս բերելու հարցը։

«Հայաստանը այս հարցում հստակ դիրքորոշում ունի և այդ հստակ դիրքորոշման մասին Ռուսաստանի Դաշնությանը տեղյակ պահել է պաշտոնական նամակով։

Հայաստանի դիրքորոշումն այն է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծառայությունը պետք է իրականացնեն Հայաստանի սահմանապահ զորքերը»,- ասաց Գրիգորյանը։

Հարցին, թե ինչու այդպիսի անհրաժեշտություն առաջացավ, Գրիգորյանը պատասխանեց, որ Հայաստանը անկախության շրջանում տարբեր ուղղություններով կարողություն է ձեռք բերում, և այս պահին Հայաստանը ամբողջական կարողություն ունի օդանավակայանում ամբողջությամբ վերահսկողություն իրականացնելու համար։

Ռուսաստանին հայտնի չէ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին Երևանի կողմից ընդունված որևէ որոշում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը՝ «Գիտելիք․ առաջինները»  ուսումնակրթական մարաթոնում ունեցած ելույթից:

«Ինչ վերաբերում է «Զվարթնոց»-ում ՌԴ սահմանապահներին, ապա այդ առումով, որքան, որ հասկանում ենք, որևէ որոշում չի եղել, և պաշտոնական խողովակներով մեզ ոչ ոք այդ որոշումների մասին չի հայտնել, մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով ինչպես ԱՊՀ, ԵԱՏՄ կառույցների շրջանակներում, այնպես էլ երկկողմ հարաբերությունների մակարդակում», – նշել է Պեսկովը։

Դմիտրի Պեսկովը նաև հավելել է, որ այժմ Ռուսաստանն ու Հայաստանն իրականացնում են մի շարք կարևոր նախագծեր և կշարունակեն իրականացնել դրանք հետագայում ևս: