ՊՆ-ն արդեն հերքում է Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները

Մամուլում շրջանառվող տեղեկությունները Կոթի գյուղում երկու դիրք հանձնելու մասին չեն համապատասխանում իրականությանը։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Մամուլում շրջանառվում են «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներ: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը», – գրել է նա:

Արցախի ճեղքը հասել է Կալիֆորնիայի համալսարան և Սպիտակ տուն

Չորեքշաբթի վաղ առավոտյան Կալիֆորնիայի Լոս Անջելեսի համալսարանում (UCLA) կատաղի բախումներ են տեղի ունեցել պաղեստինամետ ուսանողների և մի խումբ իսրայելամետ ցուցարարների միջև:

Ըստ Կալիֆորնիայի համալսարանի ուսանողական թերթի՝ Daily Bruin-ի, ոստիկաններ են ուղարկվել համալսարան այն բանից հետո, երբ Իսրայելի կողմնակիցները փորձել են քանդել պաղեստինցի ցուցարարների վրանային ճամբարը:

Ավելի վաղ Նյու Յորքի ոստիկանությունը Կոլումբիայի համալսարանի ադմինիստրացիայի խնդրանքով բացել էր շենքը, որը գրավել էին մի խումբ պաղեստինամետ ցուցարարներ։ Շենքում ձերբակալվել է մի քանի տասնյակ մարդ։ Համալսարանի տարածքում վրանային ճամբարը մաքրվել է այն բանից հետո, երբ ուսանողները անտեսել են ադմինիստրացիայի կողմից տրված վերջնագիրը՝ լքելու ճամբարը մինչև երկուշաբթի երեկոյան ժամը 14:00-ը:

ԱՄՆ-ի բազմաթիվ համալսարաններում Պաղեստինին աջակցող ուսանողները բախվել են ոստիկանության հետ: Վերջին 2 շաբաթվա ընթացքում երկրի 25 համալսարաններում ավելի քան 1000 մարդ է ձերբակալվել։ Հազվագյուտ դեպքերում համալսարանի ներկայացուցիչներին և բողոքի ցույցերի առաջնորդներին հաջողվել է համաձայնության գալ։

Մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է ռազմական գործողություն իրականացնել Գազայի հատվածի հարավում՝ Ռաֆահում՝ անկախ նրանից՝ համաձայնություն ձեռք կբերվի՞ ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի և Գազայում պատանդների ազատ արձակման վերաբերյալ։

«Մեր կողմից պատերազմը դադարեցնելու մասին խոսք լինել չի կարող՝ նախքան դրա բոլոր նպատակներին հասնելը։ Մենք կմտնենք Ռաֆահ և այնտեղ կկործանենք ՀԱՄԱՍ-ի գումարտակները՝ համաձայնությամբ կամ առանց դրա, որպեսզի հասնենք լիակատար հաղթանակի»,- ասել է Նեթանյահուն պատանդների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ։

Նեթանյահուն ասել է, որ իսրայելցի զինվորականները պետք է մտնեն Ռաֆահ՝ ամբողջությամբ ջախջախելու Համասին:

Գազայի հատվածի բնակչության կեսից ավելին ապաստան է գտնում Ռաֆահում, որը գտնվում է Գազայի և Եգիպտոսի սահմանին։

«Ռաֆահի վրա ռազմական հարձակումը կլինի անտանելի էսկալացիա, որը կսպանի հազարավոր խաղաղ բնակիչների և հարյուր հազարավորների կստիպի փախչել», – լրագրողներին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

«Ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր ազդեցություն ունեն Իսրայելի վրա, անել ամեն ինչ՝ դա կանխելու համար», – հավելել է նա: Ամերիկյան վարչակազմը Իսրայելին կոչ է անում հաշվի առնել գործողության հումանիտար ասպեկտները, սակայն չի վիճարկում Իսրայելի «ինքնապաշտպանության» իրավունքը։

ԱՄՆ-ում իսրայելա-պաղեստինյան խնդրի հետ կապված ուսանողների բողոքի ակցիաները շոշափում են ամերիկյան մենթալիթետի խորքերը, որը կառուցված է ազատության և հավասարության վրա։ Իսրայելի նկատմամբ ԱՄՆ-ի հատուկ վերաբերմունքը հատել է «դաշնակցային» հարաբերությունների սահմանը՝ վերածվելով կախվածության։ Եվ քանի որ մուսուլմանները ամերիկյան մենթալ զգալի մասն են կազմում, ամերիկյան վարչակազմի կողմից Իսրայելին անվերապահ աջակցությունը հասարակության մի մասի կողմից ընկալվում է որպես պետության հռչակված հիմքերին հակասող։ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքի արդարացնելը՝ միաժամանակ մերժելով ուրիշների այդ իրավունքը, յրինակ՝ Հայաստանի կամ Իրանի ու Պաղեստինի, խորը դիսոնանս է ստեղծում ամերիկյան հասարակության կողմից քաղաքականության ընկալման մեջ:

Ինչպես և կանխատեսել էինք, 2020 թվականին Արցախում ստեղծված գլոբալ հավասարակշռության ճեղքն արագորեն տարածվում է աշխարհով մեկ։ Ամերիկայում ուսանողական բողոքի ցույցերը միայն սկիզբն են։

Անում ենք հնարավորը արցախցուն վայել արժանապատվորեն ապրելու համար․ Թովմասյանների գաղտնիքը

58-ամյա Սուրեն Թովմասյանը մինչև 2023 թվականի սեպտեմբերի 27-ը չէր հավատում, որ պետք է իր կամքին հակառակ լքի հայրենի հողը։ Բոլոր արցախցիների նման նրա՝ 9 հոգուց բաղկացած ընտանիքը ևս բռնեց գաղթի ճանապարհը և բնակություն հաստատեց Երևան քաղաքում։

36 տարի աշխատանքային փորձով, վերջին 23 տարիներին ԱՀ ԱՎԾ Ասկերանի շրջանային բաժնի պետի պաշտոն զբաղեցնող մարդը կանգնեց մեծ դժվարության առաջ։ Մեծ խնդիր էր ՀՀ քաղաքացիություն չունենալը, որի պատճառով չէր կարողանում աշխատանք գտնել պետական հիմնարկներում, իսկ Արցախ վերադառնալու հույսը դեռևս չի թողնում, որ նա ՀՀ քաղաքացիություն ընդունի։ Հասկացավ, որ հնարավորություն ունի աշխատանք գտնել միայն մասնավոր ոլորտում և, որպես անվտանգության աշխատակից, մտավ աշխատանքի։

-Արցախից դուրս եկանք՝ մեզ հետ վերցնելով ամենաանհրաժեշտ իրերը։ 36 ժամ հետո մեր ընտանիքը հատեց Հակարիի կամուրջը։ Հոկտեմբերի 1-ին հասել ենք Երևան և տուն վարձել շատ բարձր վարձավճարով /300 հազար դրամ/։ Կնոջս հետ միասին անմիջապես սկսել ենք աշխատանք փնտրել։ Դիմել եմ տարբեր գործակալությունների և ստացել նույն պատասխանը․ “Կզանգենք”։ Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, հույսս կորցրել եմ, որ երբևէ իմ մասնագիտությամբ աշխատանք կգտնեմ։ Ամենուր տարիքային սահմանափակումներ են, որը, ինչպես հասկացել եմ, միայն արցախցիներիս չի վերաբերում, այդ խնդիրը համահայկական է։

Ասեմ, որ աշխատավարձս 75 հազար դրամ է կազմում, որը շատ քիչ է ապրելու համար, ու եթե ՀՀ կառավարության կողմից տրամադրվող աջակցությունները չշարունակվեն, ապա իմ ընտանիքը կկանգնի մեծ դժվարության առաջ։ Վերջերս տեղափոխվել ենք ուրիշ տուն՝ 250000 դրամ վարձավճարով։ Տունը սեփական է, ունի հողատարածք, և ես հաճույքով զբաղվում եմ բանջարաբուծությամբ։ Արդեն ցանել եմ կարտոֆիլ, լոբի, կանաչեղեն։ Աշխատելով հողի հետ՝ մի փոքր կտրվում եմ ինձ մտատանջող մտքերից, ուզում եմ բերք ու բարիք ստեղծել՝ դրանով թեթևացնել ընտանիքիս նյութական ծախսերը,-ասում է Սուրենը։

Աղջիկը՝  Էլենը ԵՊՀ առաջին կուրսի ուսանող է։ Այդ իսկ պատճառով Թովմասյանները բնակություն են հաստատել Երևանում, այլապես կգնային որևէ մարզ ու այնտեղ կզբաղվեին ինչպես հողագործությամբ, այնպես էլ անասնապահությամբ։ Մտավորականների այս ընտանիքը Արցախում զբաղվում էր նաև գյուղատնտեսական աշխատանքներով։

Սուրենի կինը, որը մասնագիտությամբ մանկավարժ է ու երկար տարիներ աշխատել է որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, իսկ վերջին՝ 13 տարիները Ասկերանի շրջանային կենսաթոշակային բաժնում գլխավոր մասնագետ էր, ևս կանգնել է զբաղվածության խնդրի առաջ և այսօր աշխատում է ոչ իր մասնագիտությամբ։

-Աշխատավոր մարդը ամեն տեղ էլ աշխատավոր է։ Անում ենք հնարավորը արցախցուն վայել արժանապատվորեն ապրելու համար, սակայն չենք կորցնում մեր հույսը, որ մի օր տուն կվերադառնանք,-ավելացնում է Սուրենը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ապրելու ձայնը հնչելու է միշտ. գրական երեկո Արցախի բարբառով

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ կայացավ ևս մեկ ջերմ ու արևային միջոցառում։

Գրական երեկոն նվիրված էր Արցախի բարբառին, որի ընթացքում «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնի սաները հանդես եկան արցախյան բարբառով գրված մի շարք երգերով։

Իրիքնակը տյուս ա եկալ,
Տանըս յերա լյուս ա եկալ,
Սoր մին կորե վեր վար անինքյ,
Գյիդա`սրտես հոյս ա եկալ:

Բանաստեղծ-երգահան Գուրգեն Գաբրիելյանի  «Ղարաբաղի հորովել» երգով մեկնարկեց միջոցառումը:

«Քանի որ անորոշ ու օրհասական օրեր են մեր Հայրենիքի համար, մենք մտածում էինք չանել վաղուց որոշված այս միջոցառումը, բայց հասկացանք, որ Արցախի բարբառի, Արցախի բանահյուսության, ավանդույթների պահպանումն ու սերունդներին փոխանցելն էլ է մեր այսօրվա մեծ պայքարի մի մասնիկը։ Տա Աստված, որ մի օր ունենանք այն Հայաստանը, որի համար պայքարում էին մեր հայրերը, որի համար պայքարում ենք այսօր»,- ասել է Hamazgayin Artsakh office-ի տնօրեն Հերմինե Ավագյանը։

Արցախի գրողներից ընթերցվեցին Գուրգեն Գաբրիելյանի, Վարդան Հակոբյանի, Վազգեն Օվյանի, Ալեքսանդր Մանասյանի, Արիս Գրիգորյանի, ինչպես նաև` երիտասարդ գրող Վաչիկ Դադայանի ստեղծագործություններից։

Երեկոն վարում էր Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը։

Արցախի բարբառը, որպես մեր ոսկեղենիկ մայրենիի մի ճյուղ, ունի իր առանձնահատկությունները, որին անդրադարձավ երիտասարդ բարբառագետ Ռենա Մովսիսյանը։

Հանդես եկան  «Դիզակ Արտ» կենտրոնի հիմնադիր Երազիկ Ավանեսյանը, գրականագետ Նոնա Դավթյանը, հրապարակախոս, թարգմանիչ Միքայել Հաջյանը, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ռուզան Գասպարյանը։

Ընթերցվեցին նշխարներ Արցախի բանահյուսությունից, որի շուրջ կազմակերպվեցին հետաքրքրաշարժ հարցուպատասխաններ ։

Ներկաները անդրադարձան Արցախի սովորույթներին, օրհնանքներին, տարածված շրջասույթներին, կիսվեցին իրենց տպավորություններով։

Երեկոյի հատուկ հյուրն էր շնորհալի երգիչ Արթուր Խաչենցը, որի Արցախի բարբառով գրված երգերը անհույզ չթողեցին ոչ մեկին։

Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատուն խոստացավ, որ «Ապրելու ձայնը» նախագիծը շարունակական է լինելու` Համազգայինի շուրջը համախմբելով Արցախի գրողներին ու արվեստագետներին։

Hamazgayin Artsakh office

Hamazkayin Central

ԴԻԶԱԿ ԱՐՏ. Արցախի բարբառի երեկո

Dizak Art

Լուսանկարները` Գագիկ Հարությունյան / Gagik Harutyunyan

 

Աշխատանքի եւ արժանապատիվ վարձատրության օր

Երևանի մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարակից այգուց Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունն Աշխատանքի միջազգային օրվա առթիվ անցկացրեց ավանդական երթ՝ հիշեցնելով սոցիալական արդարության, աշխատողների համերաշխության, ժողովրդավարության և սոցիալական երկխոսության կարևորության մասին։

Մենք արժանապատիվ աշխատելու կողմնակից ենք, ասում էին երթի մասնակիցները։

Լուսանկարներ՝ Հայկ Հարությունյանի

Բլինքենի հսկողության տակ ՌԴ գենշտաբի քարտեզներով «երկկողմ սահմանազատում»

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անձամբ է մասնակցում Երևանի ու Բաքվի միջև ճգնաժամի կարգավորմանը: Ճեպազրույցի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Պետքարտուղարության ներկայացուցիչ Վեդանտ Պատելը: «Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է Պատելը:

Իր հերթին Ալիևը հայտարարել է, որ «սահմանի դելիմիտացիան և դեմարկացիան իրականացվում են երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա՝ առանց որևէ միջնորդի»:

«Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ, հատկապես նրանք, որոնք բխում են իրենց շահերից։ Այդ միջնորդները չեն ցանկանում օգնել, նրանք ցանկանում են ներթափանցել տարածաշրջան հանուն իրենց քաղաքական և տնտեսական շահերի»,– ասել է նա՝ հավելելով,– «Նրանք ցանկանում են նորից խարույկ վառել։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա Հարավային Կովկասում»։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Բլինքենը զանգահարել է Փաշինյանին եւ Ալիեւին, եւ Փաշինյանը չգիտես ինչու արդարացել է, որ ապրիլի 5-ի հանդիպմանը դու մի ասա գաղտնի օրակարգ գոյություն չունի։ Բաքվում եւս խոսում են, որ Բլինքենը ինչ-որ բանից դժգոհ էր եւ զգուշացրել է դուրս չգալ ապրիլի 5-ի օրակարգից։

Բայց, ըստ երեւույթին, արդեն ուշ է՝ Փաշինյանն ու Ալիեւը որոշել են «երկկողմ» պայմանավորվել՝ չհաշված Ռուսաստանը։ Չէ՞ որ ապրիլի 22-ին Ալիեւը հանդիպել է Պուտինին եւ խոսք տվել, որ ամերիկացիները չեն խառնվելու։

Իսկ Փաշինյանը տավուշցիների հետ հանդիպմանը, ինչպես նրանք են ասում, խոստովանել է, որ ինքն էլ չի իմացել, որ գյուղը կիսվելու է, նախնական տարբերակով` ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմն այդ մասին տեղեկացված չեն եղել, իբր ՌԴ ԳՇ քարտեզները ստանալուց հետո են դա իմացել: Բա թե` ռուսներն են այդպես ուզում, որն իր սրտով էլ չի։

Ստացվում է картина маслом: Բլինքենի աչալուրջ հայացքի տակ Փաշինյանն ու Ալիևը ռուսական Գենշտաբի քարտեզներով «երկկողմանի» կիսում են հայկական գյուղերը։

Մայիսի 1-ին Քարին տակում «Ճինջեխի օր» էր

Բոլոր տոները հետաքրքիր են յուրովի և ու շատ տարբեր ձևերով են նշվում:

Մայիսի 1-ը Քարին տակ գյուղում տոնվում էր շատ յուրօրինակ ձևով: Գյուղում տոնը անվանում էին «Ճինջեխի օր», այսինքն «ճոճանակի օր»: Այդ օրը գյուղի երեխաները և երիտասարդները, ինչու չէ՝ նաեւ մեծերը հավաքվում էին «կաղնու բաղում», ծառերից կապում հաստ, պինդ պարաններ և ճոճվում էին:

Ճոճվելուց բացի խաղ կար․ կաղնու փայտով պետք է կարողանային կպնել ճոճվողի ոտքերին:

Ճոճվելուց և խաղալուց հետո հավաքվում և “փորձարկում” էին գետի ջուրը:

Բոլորը իրենց տներից ուտելիք էին բերում՝ ով ինչ կարող է, միասին սեղան դնում և իրար հետ «քեֆ անում»:

Քրիստինա Ալավերդյան

Խծաբերդ, Փարուխ, Աղավնո, Բերձոր… Տավուշում հետեւանքների մասին կարող են հարցնել արցախցիներին

Lքված Աղավնոն 

Ինչպես և սպասելի էր, ՀՀ վարչապետ Փաշինյանը խաբեց Տավուշի բնակիչներին։ Սպասելի էր, քանի որ այս մարդը ոչ միայն միջազգային հարթակներում է խաբում, այլ նաև սեփական ժողովրդին։ Նա սկսեց ստից, շեղվելով 2018 թվականի թավշյա հեղափոխության սկզբունքներից։ Իշխանափոխությունից հետո նա ոչ թե պետք է նստեր ՀՀ վարչապետի աթոռին, այլ հեղափոխության արդյունքները պետք է փոխանցեր մարդկանց, ովքեր ունեին երկիրը ղեկավարելու մտավոր, դիվանագիտական, քաղաքական կարողություններ, և չզբաղվել պարծենկոտությամբ ու պոպուլիզմով և 6 տարում պետութունը հասցնել կործանման։

Ավաղ, Արցախի Հադրութի, Շուշիի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների բռնի տեղահանված բնակիչների եռամյա պայքարը Երևանի փողոցներում, ՀՀ դեսպանություններում և նախարարություններում հաջողությամբ չպսակվեց և չստացավ հայ հասարակության լայն շերտերի աջակցությունը։ Մենք այդպես էլ չկարողացանք Հայաստանի բնակիչներին համոզել, որ ռուս-թուրք-ադրբեջանական ծրագիրն ուղղված է ոչ թե Արցախը գրավելուն, այլ հայկական պետականության ոչնչացմանը, և գործը միայն Արցախով չի ավարտվի։

Մենք չկարողացանք միջազգային իշխանություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Հայաստանում ԱՄՆ-ի և եվրոպական երկրների դեսպաններին համոզել, որ «տարածքային ամբողջականության վերականգնման» քողի տակ նշված եռյակը բոլորովին այլ նպատակներ է հետապնդում, և ցեղասպանության և բռնագաղթի ենթարկված Արցախի բնակիչների խնդիրը մարդասիրական չէ, սա մարդու իրավունքների քաղաքական խնդիր է, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիր, որը հռչակել են իրենց քաղաքակիրթ համարող համաշխարհային դերակատարները։ Մեզ չհաջողվեց համաշխարհային հանրությանը համոզել, որ Արցախը Հայաստանի վահանն է, և առանց այդ վահանի Հայաստանի Հանրապետության ողջ անվտանգության համակարգը դոմինոյի պես կքանդվի։

Ավաղ, այն ամենը, ինչ կատարվում է այսօր Տավուշում, ցավալիորեն հիշեցնում է Արցախում տեղի ունեցած վերջին երեք տարիների իրադարձությունները։ Մոդայիկ «սահմանագծում և սահմանազատում» բառերն իրենց արյունոտ մարմնավորումը գտան դեռ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Խծաբերդ գյուղերից, երբ ռուս «խաղաղապահները» հայ զինվորականներին և աշխարհազորայիններին հանձնեցին ադրբեջանական զինուժին։

Հետո եղան Փարուխն ու Քարագլուխը, երբ նույն «խաղաղապահները» ստիպեցին հայկական զինուժին լքել դիրքերը՝ իբր ադրբեջան-Արցախ շփման գծից զորքերի հայելային դուրսբերման համար։ Փաստորեն, նրանք ազատել են տարածքը ադրբեջանցի զինվորականների համար։ Հաջորդը Բերձորն էր, Աղավնոն և Սուսը, որտեղ բնակիչները ստիպված էին լքել իրենց տները, որից հետո ռուսները Ադրբեջանին հանձնեցին Բերձորի մարդասիրական միջանցքը, որը օրինականորեն ճանաչվել և շահագործվել է 1992 թվականից սկսած 30 տարի։

Դրան հաջորդեց Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի փակումը, գազի, էլեկտրաէներգիայի փակումը և քաղաքակիրթ ու ժողովրդավար աշխարհի առաջ 10 ամիս տևած լիակատար շրջափակումը։

Ի՞նչ է կատարվում այսօր Տավուշում։ Բառացիորեն նույն մշակված սցենարի կրկնություն՝ առայժմ առանց արյունոտ ավարտի։ Բայց գործընթացները «բռուտալ» է դարձնում Հայաստանի քաջարի ոստիկանությունը, որը բռնի ուժ է կիրառում խաղաղ բնակչության նկատմամբ այն գյուղերում, որոնք Հայաստանի վարչապետը պատրաստ է հանձնել Ադրբեջանին՝ չստանալով այդ գյուղերի բնակիչների անվտանգության երաշխիքներ։ Ի դեպ, հանձնումը բացարձակապես անօրինական է, քանի որ հանրաքվե չի անցկացվում, չկա Ազգային ժողովի որոշում և այլն։

Ի՞նչ սպասել այս գործընթացներից։ Արցախի փորձից կարելի է ասել, որ գյուղի բնակիչները ստիպված կլինեն փախստական ​​դառնալ (կամ՝ ներքին տեղահանված, ինչպես կորոշի Փաշինյանը), ճանապարհները կփակվեն, Հայաստանը շրջափակման մեջ կհայտնվի, իսկ մինչև ձմեռ գազը կդադարեցվի։ Մնացածը Երևանի և Հայաստանի այլ քաղաքների ու գյուղերի բնակիչներն կարող են հարցնել արցախցի փախստականներից, ովքեր ստիպված են թափառել վարձով բնակարաններով, դրա համար առասպելական գումարներ վճարել, ամիսներով թոշակ և հաշմանդամության նպաստ չստանալ։

Միակ բանը՝ այդ մարդկանց «բախտը կբերի», որ ստիպված չեն լինի հայկական մի անձնագիրը փոխանակել մյուսի հետ, բայց ինչ-որ գրությամբ առ այն, որ թողել են իրենց տները և փախել՝ փրկելու իրենց ընտանիքները՝ կանանց, ծերերի ու երեխաների նոր կոտորածից։

Որովհետև մեր երկրի վարչապետը թշնամի երկրներից եկող հանձնարարականներ է կատարում՝ իբր փորձելով փրկել պետությունը պատերազմից, բայց իրականում թշնամուն հրավիրելով պետության տարածք եւ իր ձեռքով ոչնչացնելով առաջնագիծը։

Փաշինյանի կառավարման շրջանը համաշխարհային պատմության դասագրքերում կմնա որպես կոլաբորացիոնիզմի և ազգային դավաճանության դասական օրինակ, որը Հայաստան պետությունը հասցրեց վերջնական կազմաքանդման և կործանման։

Մարգարիտա Քարամյան

Ուկրաինայի զինված ուժերը տապալում են ռուսական հակաօդային պաշտպանությունը Ղրիմում

Ապրիլի 30-ի գիշերը օկուպացված Ղրիմում հրթիռային հարձակման են ենթարկվել ՌԴ ԶՈւ հակաօդային պաշտպանության երեք ռազմական ստորաբաժանումներ։ Ռուս զինվորականների շրջանում կան կորուստներ. այս մասին հայտնում է ռուսական ASTRA Telegram ալիքը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ։ Ղրիմի օկուպացիոն «իշխանությունները» պնդում են, որ իբր հարձակումների համար օգտագործվել են ATACMS հեռահար հրթիռներ։ Նրանք լռում են, թե որն է եղել հարձակումների թիրախը, քանի որ դրանք եղել են ռազմական թիրախներ։

Սիմֆերոպոլի մոտ՝ Դոնսկոյե գյուղում, հարձակման է ենթարկվել ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ՀՕՊ զորամասը։ Աղբյուրները պնդում են, որ հաստատությունում հսկայական հրդեհ է բռնկվել, որը մարվել է գրեթե երկու ժամ։ Զինվորականների թվում կան վիրավորներ, սակայն նրանց թիվը դեռ հայտնի չէ։

ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության 31-րդ ստորաբաժանման ևս երկու տեղամասերում գիշերը «շոգ» է եղել Սև ծովի և Սակի շրջաններում։ Առաջինում վիրավորվել է 4 ռուս օկուպանտ։

Բացի այդ, գիշերը կրկին հարձակման է ենթարկվել Ջանկոյում գտնվող օդանավակայանը, որտեղ տեղակայված է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի օդատիեզերական ուժերի և ՀՕՊ 4-րդ հրամանատարությունը։ Այնտեղ վիրավորվել է 5 ռուս զինվորական։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը և գլխավոր շտաբը լռում են հարձակումների վերաբերյալ։

Ղրիմում հակաօդային պաշտպանության լայնածավալ նոկաուտը տագնապալի ազդանշան է թերակղզում տեղակայված օկուպանտների համար։ Ռուսական հակաօդային պաշտպանության թուլացումը Ուկրաինայի զինված ուժերի նախապատրաստումն է ռուս զինվորականներին զանգվածային հարված հասցնելու համար, գրում է  «Диалог.UA» ։

Ահա թե ինչ են ասում Բաքվում Տավուշի ցույցերի մասին՝ Փաշինյանը հասել է իր սահմանագծին

«Հրապարակ» թերթը գրում է.«Տավուշի մարզպետ Հայկ Գալումյանը փորձում է ցրել միջպետական ​​ճանապարհը փակած կիրանցիներին։ Երեկ փորձեցին համոզել, որ ճանապարհին կանգնեցված վրանը հանեն ու տուն գնան՝ պատճառաբանելով, որ պայքարն անիմաստ է։ Եթե ​​հողային ճանապարհները բաց են, և փորձագետները կարող են հասնել հանձնվող վայրեր և տեղադրել սյուները, ապա այնտեղ կանգնելն իմաստ չունի, ասում են նրանք։ Մարդիկ հրաժարվեցին»:

Տավուշի ցույցերի իմաստը, իհարկե, բանակին կամ ուժային այլ կառույցներին “գետնի վրա” աշխատելը արգելելը չէ։ Խոսքը հրամանների ու ուժայինների գործողությունների անօրինականությունը ցույց տալու մասին է։ Նպատակը՝ ցույց տալ սահմանները փոխելու որոշման կամայականությունը, որը Նիկոլ Փաշինյանի անմիջական պարտավորությունն է.։Բաքվում այս մասին խոսում են բաց՝ հայտարարելով, որ Փաշինյանը որոշակի պարտավորություններ կատարելիս հասել է սահմանագծին երկրի ներսում։

Օդիոզ և իշխանություններին մոտ կանգնած Ֆարհադ Մամեդովը, օրինակ, գրում է, որ «Ադրբեջանի թեմաներն ու արդար պայմանները բյուրեղացվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների օրակարգում, որոնց իրականացմամբ առաջընթաց պետք է ձեռք բերվի բանակցային տարբեր ուղիներում։ Եկեք նրանց նշենք.

Հաշտության պայմանագրի համաձայն՝ փոփոխություններ Հայաստանի Սահմանադրության և օրենսդրության մեջ
Չորս գյուղերի ազատագրում և անցում սահմանի այլ հատվածների 
Կոմունիկացիաների ապաշրջափակմամբ՝ Զանգեզուրի անարգել միջանցք և միջազգային անվտանգության հսկողություն։

Եթե ​​նայեք Հայաստանի վարչապետի հայտարարություններին և գործողություններին, ապա կարող ենք եզրակացնել, որ Փաշինյանը դեմ է ոչ թե խաղաղության պայմանագրի և սահմանի որոշման առաջընթացին, այլ Զանգեզուրի միջանցքին, նա որևէ առաջընթաց չի գրանցում այստեղ, և  դա և՛ Հայաստանի իշխանության, և՛ արտաքին հովանավորների դիրքորոշումն է։

Տարեսկզբից Սահմանադրության փոփոխության, 4 գյուղերի ազատագրման թեմաները, որպեսզի սկսվի սահմանի որոշման գործընթացը, հրապարակային խոսակցության մեջ են նետվել։ Սակայն Փաշինյանը դուրս եկավ Սահմանադրության հանրաքվեի թեմայից եւ որոշեց գնալ չորս գյուղերի ազատագրման։ Այսինքն՝ նա անում է այն, ինչ կարող է անել այստեղ և հիմա։

Ենթադրում եմ, որ Փաշինյանը դա արել է իր սահմանագիժը հասկանալու համար։ Չորս գյուղերի հանձնումը բողոքի ակցիաներ է առաջացրել, որոնք կազմակերպվել են խորհրդարանական ընդդիմության և եկեղեցու կողմից։ Սակայն այս բողոքի ակցիաները մինչ այժմ տեղայնացված են հենց այս գյուղերում, թեև փորձեր կան բողոքի ակցիաները տեղափոխել Հայաստանի այլ քաղաքներ և մայրաքաղաք։ Հիմա տեսնում ենք, թե ինչպես է Փաշինյանը ստիպված պետական ​​ապարատի ռեսուրսները նետում ճնշելու համար․ ներգրավված են հավատարիմ ՆԳՆ հատուկ ջոկատայինները, և ոչ պակաս նվիրյալ Քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցում ցույցերին միացած զինվորականների նկատմամբ։ Այսինքն՝ այս քայլը և դրան հաջորդած բողոքի ցույցերի ցրումը կասկածի տակ չեն դնում նրա օրինականությունը։ Փաշինյանն օգտագործում է իր ողջ ուժը, և դա նորմալ է.

Սակայն Ադրբեջանի հետագա արդար պայմանները կյանքի կոչելու համար Հայաստանի վարչապետին անհրաժեշտ կլինի հանրաքվե անցկացնել, որի արդյունքներն անկանխատեսելի են և կարող են կասկածի տակ դնել նրա լեգիտիմությունը։

Այսպիսով, գալիս ենք այն եզրակացության, որ Փաշինյանը մոտ ապագայում չի գնա հանրաքվեի, այսինքն՝ մի գործընթացի, որի արդյունքները կարող են ռիսկեր ստեղծել նրա իշխանության համար։ Նրա հովանավորները, ինչպես արևմուտքում, այնպես էլ հարավում, նրան խորհուրդ չեն տալիս դա անել։

Ի՞նչ կարող է անել Փաշինյանը:

Կարծես թե Ղազախի ուղղությամբ սահմանագծման և սահմանազատման գործընթացի ավարտից հետո Փաշինյանին մնում է չեղյալ հայտարարել 1992 թվականի Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումները, շտկել Հայաստանի արտաքին գործերի նախարարության փաստաթղթերը… հայցերի հետկանչ չի լինի, քանի որ ընթացակարգն արդեն մեկնարկել է և պահանջում է փոխադարձ համաձայնություն։

Զգացվում է, որ Փաշինյանը հասել է իր լեգիտիմության սահմանին որոշումների կայացման գործընթացում և չի վտանգի իր իշխանությունը։

Հարց է՝ Հայաստանում Փաշինյանի սահմանները Բաքվին կբավարարե՞ն։

Կարելի է ենթադրել, որ Բլինկքենի զանգը հենց այս մասին է, որ Արևմուտքը շահագրգռված չէ Հայաստանում որևէ ընտրական գործընթացի անցկացմամբ, որը կարող է ինչ-որ կերպ վնասել Փաշինյանին և խնդիր ստեղծել նրա իշխանության լեգիտիմության հետ…”։

Բաքվի զանգակատնից ամեն ինչ շատ պարզ է։ Իսկ թե ի՞նչ է երեւում Երեւանի զանգակատնից։ Թե՞ ընդդիմության այն թեզը, թե «Փաշինյանը երբեք ինքնակամ հրաժարական չի տա, իսկ հասարակությունը բավականաչափ մոբիլիզացված չէ» հետագայում էլ թույլ կտա Փաշինյանին կատարել իր “պարտավորությունները”։

“Բանակցային գործընթացի համար պետք է ուղենիշ լինի արցախցու կարծիքը, թե ինչպիսի Արցախ է ուզում վերադառնալ”

“Արդարություն եւ վերադարձ” հայ ազգային եւ մշակութային արժեքների պահպանման հասարակական կազմակերպություն

«Արդարություն և վերադարձ» հասարական կազմակերպությունը ձևավորվել է Արցախի բռնի տեղահանումից մի քանի օր անց: Կազմակերպության նախագահ, Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով` պարտավորության զգացումը շատ ավելի մեծ էր, քան կարող էր լինել երբևէ. «Երևան հասնելուց 2-3 օր դեռևս անհասկանալի ձևաչափով սկսեցինք աշխատել: Առաջնային նպատակն արցախցիներին գտնելն ու մեկտեղ հավաքելն էր: Այցելեցինք գյուղեր, քաղաքներ, մարզեր`փորձելով օգնություն ցուցաբերել մեր համերկրացիներին: Կային խնդիրներ, որոնց լուծման համար պետք էր դռներ թակել: Հասկանալի պատճառներով ՀՀ-ում ոչ մեկը մեզ որպես քաղաքական ուժ չէր դիտարկում: Մենք պաշտոնապես որևէ գործունեություն չէինք կարող ծավալել և խնդրի միակ լուծումը  հասարակական կազմակերպության հիմնադրումն էր, որը մեզ հնարավորություն կտար իրավական դաշտում գործունեություն ծավալելու: Անկախ ամեն ինչից, նախ և առաջ ես հանդիսանում եմ ԱՀ Ազգայի ժողովի պատգամավոր և այս իրավիճակում չեմ դադարելու զբաղվել քաղաքական գործունեությամբ: Մենք արդեն հասցրել ենք բավականին մեծ թվով հայրենակիցների աջակցություն ցուցաբերել, օգնել տարբեր ձևերով, որպեսզի այս իրավիճակում չկոտրվեն, չհիասթափվեն և կարողանան առաջ նայել»:

«Արցախի երիտասարդության ձայնը» ծրագրի շրջանակում հանդիպումներ են կազմակերպվել Հրազդանում, Սյունիքում, Կոտայքում, Շիրակում բնակվող արցախցիների հետ: Քննարկվող թեմաներն էին` ՀՀ վտանգված սահմանագիծը, առկա սոցիալ-հոգեբանական խնդիրները, հայրենակիցներին հուզող հարցերը, դեպի Արցախ վերադարձի հնարավոր տարբերակները:

«Մեր գրանցած հարցումների փոքր վերլուծությունը փաստաթղթային տեսքով ներկայացնելու ենք Արցախի  և ՀՀ իշխանություններին: Վարդան Օսկանյանի գլխավորությամբ միջազգային կառույցներին հետ ակտիվորեն աշխատող հանձնախումբը դեռևս գտնվում է արտերկրում: Բանակցային գործընթացի համար պետք է ուղենիշ լինի արցախցու կարծիքը, թե ինչպիսի Արցախ է ուզում վերադառնալ:

2020թ. հետո Արցախում եղած խնդիրները նույնությամբ կրկնվում են նեկայումս Տավուշում և Սյունիքում: Մենք ոչ թե տարանջատում ենք Արցախը և ուզում ենք առանձին գործունեություն ծավալել, այլ հերթական անգամ միավորելով դեպքերն ու իրադարձությունները, փորձում ենք ճիշտ գնահատականներ տալով, ելքեր գտնել իրավիճակից: 2020–ից հետո շատ հաճախ էինք ասում, որ չի կարող լինել ուժեղ Հայաստան առանց Արցախի: Արցախի հանձնումով սկսվեց Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի փլուզումը և ընդհանրապես պետականության հանդեպ վտանգները: Հիմա էլ համոզված ենք, որ եթե այսօր չաշխատենք Արցախ վերադառնալու ուղղությամբ, ապա Հայաստանը ավելի վատ վիճակում կհայտնվի»,- նշել է Մետաքսե Հակոբյանը:

Արցախի պատգամավորը հավելել է, որ Արցախի իշխանությունները բռնի տեղահանումից հետո ավելի շատ են ենթարկվում թիրախավորումների.«Մենք միշտ կարողացել ենք կանխատեսել և հասկանալ, թե ինչի կտանի այս կամ այն քաղաքականությունը: Վերջերս հաճախ շրջանառվում էր այն միտքը, որ մեր ցանկացած շարժ կամ գործունեություն վտանգ է ՀՀ-ին, ինչին մենք ունենք հետևյալ պատասխանը․ Արցախը միշտ եղել է ՀՀ դարպասը, ՀՀ անվտանգության երաշխավորը: Անընդհատ հնչում էին մտքեր, որ ՀՀ որևէ խնդիր լինելու դեպքում մեղավոր կլինեն Արցախի իշխանությունները, Արցախի ժողովուրդը: Սա իշխանությունների գործելաոճն է: Այն չպետք է մեզ համար պատճառ դառնա մեր գործունեությունը չիրականացնելու: Նրանք ի սկզբանե որևէ պարտության, գործարքի գնալուց առաջ նշանակում են մեղավորներ, պատասխանատուներ: Կամ էլ նշում են, որմինչ զբաղված էին Արցախի հարցերով, Հայաստանում տուժել է ժողովրդավարությունը: Այնինչ` այդ կեղծ թեզերը շրջանառվում են ՀՀ քաղաքացիներին մոլորեցնելու համար»:

Տաթև Ազիզյան