Երևան քաղաքում արցախցիների ընտանիքում նախորդ շաբաթ ծնվել է 29 երեխա

Նախորդ շաբաթ Երևանում ծնված երեխաների քանակը 1902 է ՝ 962 տղա և 840 աղջիկ, բնակչության աճը կազմում է 1 %: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց  Առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը։

Նա հայտնեց, որ նախորդ շաբաթ արձանագրվել է ընտանիքում 8-րդ երախայի ծննդյան 3 դեպք, 7-րդ-ի և 6-րդ -ի՝ երկուական դեպքեր։

«Արցախից բռնի տեղահանվածների շրջանում Երևան քաղաքում նախորդ շաբաթ ծնվել է 29 երեխա՝ 14 տղա և 15 աղջիկ»,- հայտնեց Դավիթ Կարապետյանը։

Վարչության պետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ Արցախից տեղահանված երկու բժիշկ աշխատանքի է անցել Երևանի բուժհաստատություններում։

Նոր Արեշի 34 փողոցում տեղի է ունեցել պայթյուն, նախնական տվյալներով՝ գազի պատճառով

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Երևանի Նոր Արեշի 34 փողոցում տեղի ունեցած պայթյունից;

NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ նախնական տեղեկություններով պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը: Նախնական տեղեկություններով փլատակների տակ երկու մարդ կա, երկուսն էլ կին են: Մեկի ձայնը լսելի է: Այդ տան ընտանիքի մյուս անդամները տանը չեն եղել:

Կիսով չափ փլվել է նաեւ տվյալ տան կողքի տունը: Հարակից գրեթե բոլոր տները վնասվել են, ապակիներն են կոտրվել: Այդ տներում նորածին երեխաներ կան, բոլորին  դուրս են բերում:

Ոստիկանները առանձնացրել են տարածքը, բնակիչներին չեն թողնում ելումուտ անել:

Փրկարարները շներ են բերել, որպեսզի գտնեն փլատակի տակ գտնվողներին:

Դեպքի վայրում նկատելի է 4 մարտական հաշվարկ  եւ շտապօգնության մեքենա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ժամը 11.43-ին ոստիկանությունում ահազանգ է ստցվել, որ Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել:

Նախնական տվյալներով` 1 կամ 2 տուն է փլուզվել, ըստ ականատեսների` 2 քաղաքացի կա փլատակների տակ։ Զոհերի եւ վիրավորների վերաբերյալ տեղեկություններ չունեն:

Արցախցիներին առաջարկում են վերադառնալ ռուսական զորքերի ցեղասպան երաշխիքո՞վ

Սոցիալական ճգնաժամի հասցված Արցախի ժողովուրդը ենթարկվում է նորանոր քաղաքական և հոգեբանական խոշտանգումների։

Ինչ-որ մարդիկ պնդում են, որ Կարմիր Խաչը, ռուս էմիսարները, ռուսներին ծառայող արցախցի քաղաքական գործիչները ցուցակներ են կազմում Արցախ մեկնելու համար։ Արցախում մնացած կնոջը նույնիսկ թույլ են տվել Բաքվի Կարմիր մահիկի ներկայությամբ զրուցել Հայաստանում գտնվող հարազատների հետ և հայտնել, որ Արցախը «պատրաստվում է» նրանց վերադարձին։

30 տարի վառոդի տակառի վրա ապրած արցախցիներին վտանգը խորթ չէ, և շատերը կվերադառնային, բայց միայն անվտանգության որոշակի երաշխիքներով։ Իսկ ռուս «խաղաղապահները» ակնհայտորեն ներառված չեն այդ երաշխիքների մեջ։ 2020 թվականի նոյեմբերից արցախցիներն իրենց աչքով են տեսել նրանց «երաշխիքները»։ Իսկ արցախցիների ցեղասպանությունից եւ զանգվածային տեղահանությունից հետո ՌԴ ղեկավարության ցինիկ հայտարարություններն ինքնին խոսուն են։ Ինչպես նաև Արցախի ղեկավարության ներկայացուցիչների հանձնումը Բաքվին՝ ռուս «խաղաղապահների» բազայից։

Սակայն համառորեն լուրեր են տարածվում (հնարավոր է, արդարացված), թե իբր Կարմիր Խաչը գրանցում է մարդկանց, ովքեր ցանկանում են այցելել Արցախում հարազատների շիրիմներին։ Մյուսներն ասում են, որ «խաղաղապահներն» իրենց արցախցի սպասարկուների միջոցով, իբր, կազմում են այն ​​մարդկանց ցուցակները, ովքեր ցանկանում են վերադառնալ, իրենց տները գրանցել ադրբեջանական կադաստրով, վաճառել, վերցնել իրերը և վերադառնալ։ Մյուսներին ասում են, որ արցախցիները կարող են վերադառնալ և ապրել իրենց տներում՝ մանաթով թոշակ ստանլ եւ այլն:

Արցախի ժողովրդի համար ՀՀ կառավարության սոցիալական ծրագրերի կարճաժամկետ բնույթը և քաշքշուկը  վկայում են այն մասին, որ Հայաստանի իշխանությունը նույնպես հույսը դնում է Արցախի ժողովրդի արագ «վերադարձի» վրա։ Ըստ երևույթին, այն հաշվարկները, թե արցախցիները զանգվածաբար մեկնելու են Ռուսաստան, ամբողջությամբ չիրականացան։

Օրերս Արցախի քաղաքական ուժերի աջակցությամբ՝ Վարդան Օսկանյանի ղեկավարությամբ ստեղծվել է հանձնախումբ, որն նույնպես խոսում է արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ Հանձնախմբի հայտարարության մեջ վկայակոչվում է Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը, որ Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի քաղաքացիների անվտանգ վերադարձը։

Պարզ է, թե դա ինչ երաշխիքներ է ենթադրում. Բաքուն կտրականապես հրաժարվում է միջազգային խաղաղապահներից և ասում, որ միջնորդ և երաշխավոր կարող է լինել միայն Ռուսաստանը։ Բաքուն չի պահանջում ռուսական զորքերի դուրսբերում Արցախից. Ալիեւը դեռ չի խելագարվել։

Մինչդեռ 2023 թվականի դեկտեմբերի 10-ին արցախյան 120 քաղաքական և հասարակական կազմակերպություններ ստորագրել են միջազգային հանրությանը ուղղված կոչ, որում նշվում է, որ վերադարձի համար անհրաժեշտ են հետևյալ պայմանները.

«Առաջինը, մենք բացառում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավասության տակ։ Ադրբեջանական զինված ուժերը, ոստիկանությունը և վարչակազմը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Արցախի Հանրապետության տարածքից, այդ թվում՝ Շահումյանի շրջանից, որտեղ Ադրբեջանը կրում է 1992 թվականին էթնիկ զտումներ իրականացնելու ողջ պատասխանատվությունը։

Երկրորդ՝ Արցախի Հանրապետության ողջ սահմանի երկայնքով պետք է տեղակայվեն ՄԱԿ-ի միջազգային բազմազգ խաղաղապահ ուժեր և ստեղծվի ապառազմականացված գոտի։

Երրորդ՝ միջազգայնորեն ճանաչված Լաչինի միջանցքը պետք է ամբողջությամբ փոխանցվի ՄԱԿ-ի վերահսկողությանը և կառավարմանը։

Չորրորդ՝ Արցախի Հանրապետության տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը՝ ապահովելով բոլոր փախստականների վերադարձի, ժողովրդավարական և իրավական ինստիտուտների ստեղծման և տնտեսության վերականգնման պայմանները։ Բոլոր փախստականները պետք է ունենան հավասար կարգավիճակ, հավասար իրավունքներ և ենթարկվեն անցումային շրջանի ընդհանուր կանոններին՝ մինչև հանրաքվեի անցկացում, որը կհաստատի Լեռնային Ղարաբաղի վերջնական քաղաքական կարգավիճակը, որի արդյունքը իրավաբանորեն կճանաչվի բոլոր պետությունների կողմից։

Հինգերորդ՝ պետք է լիովին բացառվի Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների ցանկացած մեղադրանքով քրեական հետապնդման հնարավորությունը»։

Այսպիսով, խոսքը բազմազգ խաղաղապահ ուժերի պարտադիր ներկայության եւ Արցախը ՄԱԿ-ի մանդատի տակ անցնելու մասին է։ Վերադարձի այլ պայմաններ կնշանակեն ինքնասպանություն կամ ռուս-թուրքական տանդեմի հետ համագործակցություն։

Լիսիչանսկում զոհվել են ճաշող ռուս սպաներ. Z-պատրիոտները խնդրում են մեկ տեղում չհավաքվել

Նախօրեին Լիսիչանսկի վրա ուկրաինական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի։ Տեղի բնակիչներն ասում են, որ ենթարկվել է հարձակման այն ռեստորանի շենքը, որտեղ ճաշում էին ռուս սպաները։ Z-քարոզիչները խոստովանում են, որ ռեստորանում էին նաև «Արտակարգ իրավիճակների նախարարության», «դատախազության» ղեկավարությունն ու «պատգամավորներ», որոնց ռուսական լրատվամիջոցները դեռ փորձում են ներկայացնել որպես «քաղաքացիականներ»: «Հարվածը պատահական չէր. “նավոդչիկը” հաստատ մոտ է եղել»,- ասում է Դմիտրի Զիմենկինը։

Նա խոստովանում է, որ սպաների ճաշելու վայրը կարող էին հայտնել  տեղացի «սպասողները»։ Այս առնչությամբ Z-քարոզիչը կոչ է անում չճանաչված հանրապետության «շեֆերին» չհավաքվել մեկ անպաշտպան վայրում, որպեսզի Ուկրաինայի զինված ուժերը չկարողանան վերացնել բոլորին մեկ հարվածով։

Նրանց, ովքեր ցանկանում են մարդկանց ուղարկել «ռուս խաղաղապահների երաշխիքների ներքո», պետք է արտաքսել Արցախ

Ռուսաստանի շահերը պաշտպանող հայերը պետք է պատասխանատվության կանչվեն կամ վերադարձվեն Ստեփանակերտի ռուս խաղաղապահների մոտ:

Նման կարծիք է հայտնել Ղարաբաղյան շարժման ակտիվիստ Գագիկ Ավանեսյանը՝ մեկնաբանելով Step1.am-ի «Ինչ է կատարվում Ստեփանակերտում» նյութը։

Հիշեցնենք, որ Արցախում մնացածներն ասում են, որ Ստեփանակերտում, որտեղ իրենց միասին պահում են մեկ տանը, լուրեր են պտտվում, որ շուտով արցախցիների խումբ է վերադառնալու։ Հայաստանում Ռուսաստանի շահերը պաշտպանող գործիչները գրանցում են ռուս խաղաղապահների «անվտանգության երաշխիքներով» վերադառնալ ցանկացողներին։

«Բոլոր նրանք, ովքեր ստորագրություններ են հավաքել Արցախի՝ Ռուսաստանի կազմ մտնելու օգտին, պետք է հետ ուղարկվեն Արցախ։ Ռուսամետ քարոզչությունը և նրանց գործողությունները, որոնք մոլորեցնում էին մարդկանց, հանգեցրին նրան, որ Արցախը փորձադաշտ դարձավ Ռուսաստանի համար»,- նշել է նա։

Ավանեսյանը նկատեց, որ նույնիսկ Հայաստանում այդ մարդիկ չեն դադարեցնում իրենց քարոզչությունը և շարունակում են «մակաբուծել Հայաստանի բյուջեի վրա»։

«Այս բոլոր մարդկանց պետք է կանչել քաղաքական պատասխանատվության, որպեսզի դա դաս դառնա մյուսների համար»,- նշեց նա։

Քոչիզի մոռացված մելիքությունն ու Մելիք Փաշայանները

,,Թվ․ ՌՀ․ Դավիթ եպիսկոպոս․ յիշատակ է եկեղեցի վանքս որ լինի սա դամբարան և շիրիմ մերոց նախնեաց,, այս արձանագրությունը Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը ընթերցել է Մելիք Փաշայանների մատուռ դամբարանի ճակատակալ քարին։

Տողի Մելիք Եգանի հայտնի արձանագրության մեջ Արցախում հիշատակվում է ոչ թե 5 այլ 6 մելիքություն։ Ո՞րն է 6-րդը։ Քոչիզի մելիքությունը` մելիք Փաշայանների իշխող տոհմով։

Պատմական Քոչիզը գտնվում է այժմյան Ծովատեղ և Խերխան գյուղերից ներքև ընկած բլրալանջի վրա, որտեղ պահպանվել են տնատեղեր փոսորակների տեսքով, գերեզմանաքարեր և եկեղեցու ավերակներ։ Ծովատեղ գյուղում պահպանված կիսավեր եկեղեցին հանդիսանում էր այդ Քոչիզի մելիքների տոհմական դամբարանատունը։

Ըստ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի` դամբարանատունը բաղկացած էր երեք իրար կից ստորգետնյա մատուռ-դամբարաններից։ Դամբարաններն իրար հետ հաղորդակցվում էին միջնադռներով։ Մակար եպիսկոպոսն իր աշխատության մեջ ներկայացնում է որոշ արձանագրություններ, որոնք նա ընթերցել է սարսափելի մութ ու խոնավ պայմաններում։

Արձանագրություններում հիշատակվում է մելիք Պապի, մելիք Փաշիկի անունները։ Հիշյալ տապանատունը գտնվում է Ծովատեղում մինչ օրս միայն խորանի տեսքով կանգուն Կարմիր եկեղեցու տարածքում։

Հիմք ընդունելով Մակար Բարխուդարյանցի սույն տեղեկությունը, 2022 թվականի ամռանը ԱՀ ԿԳՄՍ նախարարության “Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն” ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Վարդգես Սաֆարյանի ղեկավարությամբ հնագիտական պեղումներ են իրականացվել վերոնշյալ հուշարձանի տարածքում, նպատակ ունենալով գտնել մելիք Փաշայաններին պատկանող դամբարանը, դարձնել դիտարկելի և նոր լույս հաղորդել մոռացված այդ մելիքության ու մելիքական տոհմի պատմությանը։

Ըստ արձանագրության՝ Կարմիր եկեղեցին կառուցվել է 1621 թ.: Մինչդեռ պեղումների արդյունքում բացված արևելյան, հյուսիսային ու հարավային պատերին ագուցված էին ավելի վաղ շրջանի խաչքարեր ու տապանաքարեր, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ եկեղեցին կառուցվել է հին գերեզմանատան տեղում, իսկ գերեզմանային կոթողները ծառայել են որպես շինանյութ, ինչպես սովորաբար հանդիպում ենք։ Խորանի հարավային ու հյուսիսային կողմերում պահպանվել են խաչքարեր 1576 և 1586 թթ թվագրվող արձանագրություններով: Կարմիր եկեղեցին ունի երկու ավանդատներ, որոնք տարբերվում են սովորական ավանդատներից իրենց փոքր չափերով և հավանաբար նախատեսված էին ճգնավորի համար։ Եկեղեցու մուտքը հարավային կողմից էր։

Ինչքան էլ որ գյուղի բնակիչ տիկին Լյուսյան իր պապի (ծնված 1887 թ․) պատմածով պնդում էր, որ աջ կողմից աստիճաններ կային, որով իջնում էին ստորգետնյա դամբարան, այդուհանդերձ աջ մասում պեղումների արդյունքում հայտնաբերվեցին ոչ թե աստիճաններ, այլ թաղում։

Ստորգետնյա դամբարանի մասին հիշողություններ էր պատմում նաև ծովատեղցի, արդեն երջանկահիշատակ Իշխան Աբրահամյանը, ում կարծիքով ստորգետնյա մասի մուտքը պետք է լիներ եկեղեցու հյուսիս-արևելյան կողմից։ Նա հուզմունքով պատմում էր իր հոր հիշողությունները, թե ինչպես են կոմունիստները ավերել եկեղեցին, խաչքարերը ջարդել և օգտագործել գյուղի ակումբի, տարբեր շինությունների՝ այդ թվում Հերհեր գյուղի միջնակարգ դպրոցի շինարարության համար։

Իշխան պապը վերջում հանդիմանեց, որ մենք որպես ժողովուրդ և՛ չենք սիրում մեր պատմությունը, և՛ դասեր չենք առնում։ Գյուղացիներից մեկն էլ պատմեց իր պապի հիշողությունները, համաձայն որի ստորգետնյա մատուռները խաչաձև էին, գեղեցիկ խաչքարերով, և ավերվել են խորհրդային տարիներին։

Թերևս ամենահավանական տարբերակը սա էր, որովհետև Մակար եպիսկոպոս Բարխուդարյանի նկարագրած խաչքարային գերեզմանակոթողներից ու արձանագրություններից թերևս միայն խորանի կողմերին կանգուն մնացած խաչքարերն էին։ Պեղումների ընթացքում շինփլատակներից ազատվել է եկեղեցու խորանն ու դահլիճը, որից հետո հուշարձանը չափագրվել է ճարտարապետներ Մանվել Սարգսյանի և Ռուզաննա Խարազյանի կողմից։

Իսկ ի՞նչ եղավ Քոչիզի մելիքությունը․ Վարանդա գավառում տեղի ունեցած իշխանափոխության մասին Լեոն գրում է “Այս տոհմը ետ մղվեց Մելիք Շահնազարյաններից, որոնք իրենց ձեռքն առան ամբողջ Վարանդան”։ Մեկ այլ հիշատակության մեջ նշվում է, որ Քոչիզի վերջին Մելիք-Մուզաֆֆարը չկարողանալով դիմակայել առավել հզոր այս տոհմին, հրաժարվել է մելիքության պաշտոնը վարելուց հօգուտ Մելիք Բաղու։ Այս դիմակայության մասին հստակ տեղեկություններ չկան, բայց սերնդեսերունդ մնացել է ծովատեղցիների ատելությունը Մելիք Շահնազարյանների հանդեպ։ Ըստ բանահյուսության՝ Մելիք Շահնազարը դավադրաբար, Մելիք Փաշիկի երաժիշտի միջոցով, մելիքը աղբյուրից ջուր խմելուց սպանել է ու տիրացել մելիքությանը։ Սա իհարկե չի հաստատվում պատմագիտության կողմից, բայց փաստն ինքը ենթակա է ուսումնասիրության։

Այժմ էլ գյուղի գերեզմանոցում հանդիպում ենք Փաշայան տոհմին պատկանող տապանաքարերի։

Step1.am

Բերդ. Անգամ շրջափակման ժամանակ գյուղական բնակչությանը փորձել ենք տեղեկացնել իրավիճակի մասին

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արցախի Ասկերանի շրջանի «Բերդ» հրատարակության գլխավոր խմբագիր Կարինե Բախշիյանը։

«Գյուղաբնակները շարունակում են տպագիր լուրեր կարդալ։ Նրանց համար ինտերնետը մնում էր անհասանելի։ Ուստի, չնայած շրջափակմանը, ես փորձեցի չընդհատել թերթի տպագրությունը և տարածել այն։ Շրջափակման վերջին ամիսներին մենք՝ խմբագրակազմով, դա արել ենք մեր միջոցների հաշվին։ Հրատարակչությունից առաքում, բնակավայրերում բաշխումը կազմակերպեցինք ինքներս՝ մեր ընկերների միջոցով, քանի որ գիտեինք, որ թերթին  սպասում են»։

Բախշիյանն ասաց, որ թերթի վերջին հրատարակությունը լույս է տեսել 2023 թվականի հունիսին։ Տպարանում այլեւս հումք չկար։

«Հայաստան արտաքսվելուց հետո արցախյան գրեթե բոլոր թերթերը՝ տպագիր և էլեկտրոնային, դադարեցին աշխատել։ Ինձ սկսեցին զանգել մարդիկ՝ մեր ասկերացիները։ Նրանք պատմեցին իրենց պատմությունները, պարզապես կիսվեցին իրենց փորձով: Ես հասկացա, որ մարդկանց ինչ-որ բան է պետք Ասկերանի հետ կապ պահպանելու համար։ Սկսեցի թարմացնել “Բերդի” էջը սոցիալական ցանցում։ Դիտումներն ու ակնարկները ցույց տվեցին, որ սա ճիշտ որոշում էր, նույնիսկ եթե ես կամավոր հիմունքներով աշխատեմ»:

«Բերդի» գլխավոր խմբագիրը կարծում է, որ անհրաժեշտ է անել հնարավորը, որպեսզի արցախյան լրատվամիջոցները վերսկսեն աշխատանքը, հատկապես՝ շրջանային։ Սա անհրաժեշտ է ոչ միայն Արցախի քաղաքացիներին, այլեւ հենց ղեկավարներին։ Բախշյանը չի բացառում, որ ինչ-ինչ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով սոցիալական ցանցում Բերդի էջը կդադարի աշխատել, և դա դժվար կլինի մարդկանց բացատրել։

«Հիմա ամեն ինչ դնում ենք մեր էջում, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն։ Տեղադրում ենք նաև մարդկային պատմություններ։ Հիշեցնում ենք մեզ համար կարևոր ամսաթվերի և իրադարձությունների մասին: Պատահում է, որ ասկերանցիներն իրենք են զանգում ու խնդրում ինչ-որ բան հրապարակել։ Ամենատարբեր թեմաներով»։

«Իշխանությունները պետք է կապ պահպանեն իրենց ժողովրդի հետ, իսկ մամուլը լավագույն միջոցն է։ Իհարկե, եթե մեր ղեկավարները մարդկանց ասելու բան ունենան»։

Ալվարդ Գրիգորյան

Ռուսաստանի հայերը Հայաստանում մարդկանց հավաքագրում են ուկրաինական պատերազմի համար

Երբևէ լսե՞լ եք, որ ամերիկահայերը գան Հայաստան՝ տեղացիներին հավաքագրելու պատերազմի համար, օրինակ՝ Իրաքում: Կամ որ ֆրանսահայերը տեղացիներին հավաքագրեն Աֆրիկայում պատերազմներին մասնակցելու համար, բրիտանահայերը՝ Կարմիր ծովում և այլն։ Անհեթեթություն։

Բայց ռուսաստանցի հայերը այս գաղափարը անհեթեթ չեն համարում։ Ռուսաստանի հայերը ոչ միայն իրենք են ծուղակում հայտնվել, այլև ակտիվորեն հավաքագրում են հայերին Արցախից և Հայաստանից՝ Ուկրաինայում կռվելու համար:

Թե որքանով է նրանց հաջողվում, այլ հարց է: Փաստն այն է, որ այդ մարդիկ ակտիվորեն աշխատում են այս ուղղությամբ՝ չգիտակցելով, թե ինչ են անում։ Իրենց սեփական հայրենիքը ոչնչացման վտանգի տակ է, և փոխանակ բոլորը հավաքվեն ու փրկեն այն, հայերին հավաքագրում են սպանդի։

Դժվար թե իրենք կարողանան հստակ բացատրեն, թե հանուն ինչի։

step1.am

Դաս թրքամետ Փաշինյանի ռեժիմի քարոզիչներին իռլանդացիների կողմից

Ըստ Փաշինյանի քարոզիչների թեզերի՝ ՆԱՏՕ և ԵՄ անդամ դառնալու համար անհրաժեշտ է հիմնովին փոխել ՀՀ Սահմանադրությունը՝ այնտեղից հեռացնելով տարածքային իրավունքների մասին տեղ գտած որոշակի դրույթները։ Նրանք դա անվանում են «տարածքային պահանջ»։

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, առավել ևս ՆԱՏՕ-ին, որի անդամ է Թուրքիան, առնվազն մոտակա տարիներին իրատեսական չէ և այնպիսի կեղծ հույսեր են քարոզում, որոնք բնականաբար ոչ միայն կյանքի չեն կոչվելու, այլև Արևմուտքի նկատմամբ հիասթափություն են սերմանելու հայ հասարակության մեջ։

Հայաստանի և Արևմուտքի մերձեցումը պետք է կայանա արևմտյան երկրներից յուրաքանչյուրի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում։ Հատկապես կարևոր է հարաբերությունների սերտացումը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ։ ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերությունների համար  գոյություն ունի հատուկ կարգավիճակ, այն է՝ «ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակից» (Major non-NATO ally of the United Sates), որը Ազգային-Ժողովրդավարական Բևեռի կարևորագույն ծրագրային կետերից է։

Վերադառնանք փաշինյանական քարոզիչների մանիպուլյացիաներին և ասենք, որ այդ թեզերի անհիմն լինելու բազում օրինակներ կան, ահավասիկ դրանցից մի քանիսը. ՆԱՏՕ  անդամ Խորվաթիայի Սահմանադրության նախաբանը, որը սահմանում է խորվաթ ժողովրդի պատմական իրավահաջորդությունը և տալիս է իրավաքաղաքական գնահատական։

ԵՄ անդամ Իռլանդիայի օրինակը ևս խոսուն է. Իռլանդիայի Սահմանադրության 2-րդ հոդվածը, որում երկրի ողջ տարածքը Հյուսիսային Իռլանդիայի հետ միասին նշվում է որպես Իռլանդիայի ինքնիշխան տարածք։

Մեջբերենք Իռլանդիայի Սահմանադրությունից Հոդված 2-ը. «Ժողովրդին պատկանող տարածքը բաղկացած է ամբողջ Իռլանդիայի կղզուց, նրան հարակից կղզիներից և տարածքային ծովից»։

Սա դաս է խորվաթների և իռլանդացիների կողմից թրքամետ Փաշինյանի ռեժիմին ծառայող էժանագին քարոզիչներին։

Իռլանդացիները փաստացի «տարածքային պահանջ» ունեն Մեծ Բրիտանիայի նկատմամբ, սակայն անվտանգության խնդիր չունեն։ Այո՛, Թուրքիան և Ադրբեջանը Մեծ Բրիտանիա չեն, բայց Իռլանդիայի անվտանգությունը առաջին հերթին գալիս է նրանից, որ իռլանդացիները պաշտպանում են իրենց ազգային-պետական շահերը քաղաքական և իրավական դաշտում։


Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ

Ւ՞նչ է կատարվում Ստեփանակերտում

Վերջին շրջանում բազմաթիվ լուրեր ենք ստանում Արցախից, բայց լուրերը ստուգելու հնարավորություն չունեինք։ Վերջերս կարողացանք կապ հաստատել Ստեփանակերտում մնացած հայերից մեկի հետ և իմանալ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։

Ստեփանակերտը լրիվ հոսանքազրկված է, քաղաքում մնացած բոլոր բնակիչներին տեղափոխել և բնակեցրել են Կամոյի փողոցում (Կամրջի մոտ) գտնվող “Ցեխավիկ Էդոյի” տանը։

Ադրբեջանցիներ Ստեփանակերտում չկան, մենակ ռուս խաղաղապահներ են, իսկ բոլոր շենքերի և տների մուտքերը փակ են եւ կնքված։

Փողոցները լի են սովից սատկած կենդանիների դիակներով։ Նաև այնտեղ խոսում են, որ մինչև մարտ բոլորս կվերադառնանք։

Հետաքրքիր է, որ այսօր Կարմիր մահիկի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Արցախում, այդ թվում՝ Ստեփանակերտում մնացած հայերին՝ «գնահատելու նրանց կարիքները»։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այցը տեղի է ունեցել շաբաթասկզբին, կազմակերպության աշխատակիցները «ծանոթացել են քաղաքացիների կենսապայմաններին և հարցում անցկացրել՝ պարզելու բնակիչների կարիքները, թե ինչ օգնություն և ծառայություններ կարող են տրամադրել»:

Ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է փետրվարի 7-ին Ալիևի առաջիկա «ընտրություններով»։

ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Հայաստանի ճանապարհները փակելու և «առանց նախազգուշացման» անցակետեր տեղադրելու մասին

Երեկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ նախարարությունը մտադիր է օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել և ներդնել տարածքային պաշտպանության հրամանատարության ինստիտուտ։

«Հրամանատարությունը կունենա նաև բանակի սպա, որը կպատրաստի պահեստազորայիններին։ Վերջիններս էլ իրենց հերթին կիմանան, թե ում անմիջական հրամանատարությամբ և որտեղ պետք է իրականացնեն իրենց առաքելությունը։ Այս հարցում մենք պետք է ապահովենք բոլորի համար հավասարություն և ներառականություն»,- ասաց նա։

Ռեզերվների պատրաստումն ու տարածքային պաշտպանությունը վկայում են այն մասին, որ Հայաստանի ղեկավարությունը պատրաստվում է պատերազմի կամ լոկալ բախումների։ Պատերազմի և նոր օկուպացիայի ուրվականը սավառնում է ամենուր, և այն չի կարող ծածկվել կոռուպցիոն սկանդալներով, ցինիկ դեմագոգիայով կամ ձմեռային անվադողերի համար տուգանքներ սահմանելով: Առավել եւս, որ իշխանություններն արդեն խոստովանել են, որ Բաքուն մտադիր չէ «խաղաղության պայմանագիր» կնքել (Մարուքյան)։

Օտարերկրյա դեսպանատները արդեն վաղուց գործում են տարածաշրջանային կամ տեղական պատերազմի նախապատրաստման ռեժիմում։

Ֆրանսիացի բրիգադային գեներալը ԵՄ դիտորդական առաքելության հետ միասին ստուգել է Հայաստանի սահմանները։

Իսկ ԱՄՆ դեսպանատունը 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած ագրեսիայից հետո առաջին անգամ նախազգուշացում է արել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող իր աշխատակիցներին՝ կոչ անելով չայցելել Հայաստանի մի շարք մարզեր։

«ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է որևէ ոչ էական ճանապարհորդություն դեպի հետևյալ վայրեր, ինչը արտացոլում է սահմանափակումների մեղմացում վերջին ծանուցման հրապարակումից ի վեր. Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսից արևելք, Սյունիքի մարզ՝ Գորիսից արևելք, Սյունիքի մարզ՝ Կապանից հարավ, Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ։

ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգույշ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մոտ։ Իմացեք, որ ճանապարհի որոշ հատվածներ կարող են առանց նախնական ծանուցման հատել միջազգային սահմաններ: Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերով կամ փակ լինել ճանապարհորդների համար առանց նախազգուշացման», – ասված է հաղորդագրության մեջ։

Դեսպանատունը գրեթե բացահայտ զգուշացնում է, որ մոտ ապագայում Հայաստանի որոշ ճանապարհներ առանց նախազգուշացման կարող են արգելափակվել որոշակի ուժերի կողմից, ինչպես դա եղավ 2020 թվականի դեկտեմբերին Գորիս-Կապան ճանապարհին և 2023 թվականի ապրիլին՝ Հակարի գետի՝ Կոռնիձորի և Տեղի մոտակայքում։

Հայտնի չէ, թե կոնկրետ որ կետերում է ԱՄՆ դեսպանատունն ակնկալում ճանապարհների փակում։

Տեղեկություններ հայտնվեցին նաև Բաքվի հատուկ նշանակության ուժերի զորավարժությունների մասին, որոնք պատրաստվում են ինչ-որ գործողության։

Արդյո՞ք Հայաստանում տարածքային պաշտպանության ստեղծումը կապված է Հայաստանում ճանապարհներ փակելու և այնտեղ անցակետեր տեղադրելու գրեթե ակնհայտ ծրագրերի հետ։ Նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերը մտադի՞ր են այս կերպ «լուծել» անկլավների հարցը։

Նաիրա Հայրումյան

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը փետրվարի 4-8-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Հանրապետության տարածքում փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ին, 6-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 4-ին և 7-ին՝ 15-20մ/վ, 5-ին՝ 20-25մ/վ, 6-ին՝ 30-35մ/վրկ արագությամբ։

Երևան քաղաքում փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-6-ին հնարավոր են կարճատև տեղումներ։ Փետրվարի 6-ին սպասվում է  քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։