Արցախի ԱԳՆ-ը ողջունել է ԱՄՆ Կոնգրեսում կայացած լսումները

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում Արցախի վերաբերյալ տեղի ունեցած լսումների կապակցությամբ:

«Ողջունում ենք ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող ապօրինի արգելափակման վերաբերյալ արտակարգ լսումների անցկացումը: Բարձր ենք գնահատում Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահներ՝ Կոնգրեսականներ Սմիթի եւ ՄակԳովերնի ակտիվ ջանքերը՝ Արցախում ստեղծված մարդասիրական աղետը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելու ուղղությամբ։

Կարեւորում ենք, որ լսումների ընթացքում բանախոսների կողմից Ադրբեջանի գործողություններին տրվել է հստակ իրավական եւ քաղաքական գնահատական՝ դրանք բնորոշելով որպես Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանություն: Այս համատեքստում բանախոսները կոչ են արել ԱՄՆ իշխանություններին անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել՝ Արցախում ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ:

Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի եւ մյուս միջազգային դերակատարների կողմից արված բազմաթիվ դատապարտող հայտարարությունները կվերածվեն գործնական քայլերի՝ պարտադրելով Ադրբեջանին անհապաղ եւ անվերապահորեն դադարեցնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն ու վերականգնել միջանցքի գործունեության ռեժիմը՝ համապատասխան 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների եւ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումների:

Ցեղասպանության կանխարգելումը միջազգային հանրության բոլոր անդամների ինչպես անհատական, այնպես եւ հավաքական պարտավորությունն է, ինչը ենթադրում է հստակ եւ գործուն քայլերի ձեռնարկում։ Համոզված ենք, որ Արցախում ցեղասպանության կանխումն անհրաժեշտ է ոչ միայն Ադրբեջանի անպատժելիությունը վերացնելու, այլեւ մարդկության դեմ նման հանցագործությունների կրկնությունն աշխարհի այլ անկյուններում բացառելու համար »,- հայտարարել է ԱՀ ԱԳՆ-ն:

 

ՌԴ ԱԳՆ բողոքի նոտա է հղել Հայաստանին

ՌԴ ԱԳՆ հայտարարություն է տարածել, որում ասվում է․

Արձանագրեցինք վերջերս Հայաստանի Հանրապետության պաշտոնական շրջանակներում և քաղաքական վերնախավում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում և Ռուսաստանի հետ երկկողմ հիմունքներով դաշնակցային կապերի նպատակահարմարության, ինչպես նաև 2020-2022 թթ. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղիների մասին Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև եռակողմ համաձայնագրերի իրագործելիության վերաբերյալ որոշակի կասկածների ի հայտ գալը։

Այս ֆոնին Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին ձեռնարկել է մի շարք ոչ բարեկամական քայլեր, այդ թվում՝ ՄՔԴ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մեկնարկը, վարչապետի տիկնոջ՝ Ա.Վ.Հակոբյանի Կիև մեկնելը՝  Կիևի նացիստական ​​ռեժիմին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով և ԱՄՆ-ի մասնակցությամբ Հայաստանի տարածքում զորավարժությունների անցկացումը։

Այս առնչությամբ Մոսկվայում Հայաստանի դեսպան Վ.Վ.Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ և նրան կոշտ հայտարարություն է ներկայացվել։ Բացի այդ, բողոքի նոտա է փոխանցվել, որում նշվում է սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Ա.Ռ. Սիմոնյանի կողմից ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, Տեղեկատվության և մամուլի վարչության տնօրեն Մ.Վ.Զախարովայի և ընդհանուր առմամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հասցեին վիրավորական հայտարարությունների անընդունելիության մասին: Մտահոգություն է հնչել սեպտեմբերի 7-ին Հայաստանում բլոգեր Մ.Բադալյանի և Sputnik Արմենիա ռադիոյի տեսաբան Ա.Գևորգյանի ձերբակալությունների առիթով։

Միևնույն ժամանակ, Մոսկվան համոզված է, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, և գործընկերության զարգացման և ամրապնդման  բոլոր պայմանավորվածությունները լիովին կիրականացվեն՝ ի շահ մեր երկու երկրների ժողովուրդների։ Խոսքը, ի թիվս այլ հարցերի, վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում վարժանքների կազմակերպմանը և հետագայում կազմակերպության դիտորդական առաքելության ուղարկմանը հանրապետություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը նպաստելու նպատակով։

Ռուսական կողմը կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերն այդ նպատակների համար։

«Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների համատեղ հայտարարությունը

Ազգային ժողովի կողմից Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը լուրջ և, ստեղծված իրավիճակով պայմանավորված, չափազանց պատասխանատու առաքելություն է խորհրդարանի բոլոր պատգամավորների համար: Հենց այդ պատասխանատվությունն է ուղղորդել մեզ ընդունելի թեկնածու առաջադրելու գործընթացում, ինչն էլ իրականացվել է մեր երկրի Սահմանադրության ու օրենքների շրջանակներում:

Մեր խորին համոզմամբ, այսօր, մեր ժողովրդի առջև կանգնած գոյաբանական սպառնալիքների պայմաններում, մեզ համար գլխավոր խնդիրը Արցախի ժողովրդի կողմից թանկագին կորուստների գնով, ծանր զրկանքներով ստեղծված պետականության պահպանումն ու ամրապնդումն է, որը մեզ թույլ կտա շարունակել պայքարը՝ հայրենի հողում արժանապատիվ, անկախ ու անվտանգ ապրելու մեր անօտարելի իրավունքի համար:

Հաշվի առնելով մեր երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները, մենք՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները կոչ ենք անում մեր ժողովրդին՝ մեր քույրերին ու եղբայրներին, բոլոր նրանց, ում համար այս հողի վրա ապրելը վեր է բոլոր քաղաքական ու ոչ քաղաքական խարդավանքներից, զերծ մնալ մեր պետականությունը կասկածի տակ դնող գործողություններից։

Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խմբակցությունը Արցախի հարցով նամակ է հղել Կանադայի արտգործնախարարին

Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խմբակցության համանախագահներ Ռեյչլ Թամսը և Լեո Հուսաքոսը սեպտեմբերի 6-ին նամակով դիմել են Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։

«Կանադայի Օնթավիայի գրասենյակից տեղեկացրել են, որ նամակում  խոսվում է Հարավային Կովկասում Արցախի շուրջ ծավալված ճգնաժամի մասին՝ նշելով, որ Ադրբեջանի կառավարությունը մարդասիրական ու տնտեսական ճնշում է գործադրում Լեռնային Ղարաբաղի 120 000 հայ բնակչության նկատմամբ:

Նամակի մեջ ընդգծվում է, որ, ըստ Genocide Watch կազմակերպության, Լեռնային Ղարաբաղի իրավիճակը մտել է «Հալածանք»-ի փուլ, հատկապես սկսած  2023 թվականի հունիսի 14-ից, երբ արգելափակված էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մուտքը Արցախ ՝ սննդամթերքի ու բժշկական տարրական օգնություն տեղափոխելու համար:

Ռուսական խաղաղապահ զորախումբը, որին վստահված է Լաչինի միջանցքի պաշտպանությունը, ցավոք, չի կարողանում վերահսկել միջանցքը՝ խախտելով եռակողմ հրադադարի համաձայնագրով նախատեսված  իր պարտավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը նշում է, որ, նամակի համաձայն, Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից շրջափակումը բնիկ հայերի նկատմամբ գործադրված մարդու իրավունքների խախտումների շարքին է դասվում: Այդ խախտումների շարքում են  ռազմական գործողությունների ժամանակ  վարձկանների օգտագործումը, ինքնիշխան հայկական տարածքների վրա հարձակումն ու բռնագրավումը, քաղաքացիական բնակչության նկատմամբ  ուժի կիրառումը:

«Կանադայի համար որոշիչ պահ է:  Հրամայական է, որ Կանադան պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի բռնապետական կառավարության պաշտոնյաների դեմ, որոնք խախտել են խաղաղությունն ու անվտանգությունը՝ միաժամանակ կատարելով մարդկային իրավունքների կոպիտ և համակարգված խախտումներ:

ՄԱԿ-ի «Պաշտպանելու պատասխանատվությունը»( R2P) պարտավորության համաձայն՝ Կանադան պատասխանատու է Արցախի բնակչությունը պաշտպանելու այնպիսի վայրագություններից, ինչպիսիք են հալածանքները և էթնիկ զտումները: Ադրբեջանի այս ընթացքը կասեցնելու համար անհրաժեշտ են բոլոր համապատասխան միջամտությունները՝ դիվանագիտական և տնտեսական պատժամիջոցներից մինչև միջազգային քրեական հետապնդումները և որպես վերջին միջոց՝ ռազմական գործողությունները»,- նշել են Արցացի ԱԺ-ից՝ վկայակոչելով Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խմբակցության համանախագահներ Ռեյչլ Թամսը և Լեո Հուսաքոսի Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիին ուղղված նամակը:

Ըստ աղբյուրի՝  Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խմբակցության համանախագահները նամակի ավարտին Կանադայի իշխանություններից խնդրել են ուժեղացնել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ շարունակվող հալածանքները դադարեցնելուն  ուղղված աշխատանքները՝ վերստին շեշտելով, որ նրանք պահանջեն պատժամիջոցներ սահմանել ադրբեջանական իշխանությունների նկատմամբ և ստիպեն Բաքվի կառավարությանը ապաշրջափակել Լաչինի միջանցքը:

ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության հայտարարությունը

«Միասնական հայրենիք» խմբակցությունը չի մասնակցելու Հանրապետության նախագահի թեկնածուի քվեարկությանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Միասնական հայրենիք» կուսակցությունը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Նախորդ ամիսներին, օրենսդրական փոփոխություններով իրավական հիմքեր ապահովելուն զուգահեռ, արցախյան ներքաղաքական ետնաբեմում ընթացող խմորումները գագաթնակետին հասցվեցին Արցախի Հանրապետության չորրորդ նախագահի հրաժարականով եւ, ըստ նախատեսվածի, հանգուցալուծում պիտի ստանան սեպտեմբերի 9-ին՝ պայմանավորվածության արդյունքում առաջադրված թեկնածուի նշանակմամբ։

Խորհրդարանում ներկայացված չորս խմբակցությունները շարունակաբար ստեղծում են իրավաքաղաքական այնպիսի պայմաններ, որոնք ոչ միայն սահմանափակում, այլեւ ոտնահարում են մարդու արժանապատվությունը, նրա հիմնական իրավունքներն ու ազատությունները։ Արցախի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ուստի ժողովրդական լայն զանգվածների կարծիքի շրջանցմամբ Հանրապետության նախագահի ընտրությունը ոտնձգություն է սահմանադրական կարգի նկատմամբ։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը,

հավատարիմ մնալով 2020թ․ ընտրությունների արդյունքում ստացած վստահության քվեին,

դատապարտելով անհավասար մրցակցային պայմաններն ու կանխորոշված ընտրական արդյունքը,

անմասն մնալով Արցախի քաղաքական ուժերի կոլեկտիվ արկածախնդիր անհեռատեսությունից,

ինչպես նաեւ հաշվի առնելով Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ընտրության ֆոնին ստեղծված հանրային անհանդուրժողականության մթնոլորտը,

հայտարարում է, որ «Միասնական հայրենիք» խմբակցությունը չի մասնակցելու Հանրապետության նախագահի թեկնածուի քվեարկությանը։

«Միասնական հայրենիք» կուսակցությունը փոխադարձում է սթափության, հավասարակշռության եւ արկածախնդրության չտանելու կոչերը՝ գործող դերակատարներից պահանջելով դուրս չգալ լիազորությունների շրջանակից, ապահովել մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, իսկ քաղաքացիներին կոչ է անում ցուցաբերել բարձր քաղաքացիական գիտակցություն եւ իրացնել Սահմանադրությամբ ամրագրված իրենց իրավունքները։

Միեւնույն ժամանակ «Միասնական հայրենիք» կուսակցությունն այն համոզմունքին է, որ ներքաղաքական լարվածությունն ու անհանդուրժողականությունը հետեւանք են մի կողմից օտարերկրյա ազդեցության գործակալների երեք հոգանոց խմբակի՝ Արցախի ճակատագիրը սեփականացնելու, մյուս կողմից բոլոր հնարավոր մեթոդներով Սամվել Բաբայանի՝ Հանրապետության նախագահի թեկնածությունը մերժելու փորձերի։ Ուստի իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում են գործող իշխանությունները՝ Հանրապետության նախագահի պաշտոնակատարի գլխավորությամբ»:

 

ԱՄՆ Սենատում եւս Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի վերաբերյալ լսումներ կանցկացվեն

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սեպտեմբերի 14-ին լսումներ են անցկացվելու Լեռնային Ղարաբաղում տիրող ճգնաժամի վերաբերյալ։

Ըստ հանձնաժողովի տարածած հաղորդագրության, լսումներին մասնակցելու են ԱՄՆ պաշտոնյաներ, մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Կիմը, ինչպես նաև Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն։

Լեռնային Ղարաբաղում տիրող ճգնաժամի վերաբերյալ լսումներ էին անցկացվել սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում:

Ի՞նչ են անելու իրավապահ մարմինները “սահմանադրական կարգը խախտելու փորձ կատարողների” հետ

Նախագահի պաշտոնակատար՝ Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանի, Ոստիկանության և ԱԱԾ-ի տագնապալի հայտարարությունները՝ վաղը Արցախում նախագահական ընտրությունները կանխելու կոչերի եւ հնարավոր սադրանքների մասին վկայում են կոնկրետ տեղեկատվությունների առկայության մասին։

Սամվել Բաբայանի կողմնակիցները, ով, ինչպես հայտնի դարձավ, զրկվել է նախագահ ընտրվելու իրավունքից, կոչ են արել վաղը դուրս գալ փողոց և թույլ չտալ, որ «երեք նախկին նախագահները» նշանակեն իրենց կամակատարին։ Աջակիցները զգայուն «փաստարկներ» են բերում՝ խաղալով ղարաբաղցիների ամենաթույլ թելերի վրա։ Ասում են՝ նախկին իշխանությունները «ամեն ինչ թալանել են», հիմա էլ ուզում են Արցախը հանձնել՝ թալանածը «դուրս գրելու» համար, եւ չի կարելի թույլ տալ քվեարկել այն պատգամավորներին, «ում ընտանիքները չեն վերադարձել Արցախ»։

Քիչ բան է հայտնի այն մասին, թե ինչով է Բաբայանի քաղաքական դիրքորոշումը տարբերվում նախագահի միակ թեկնածուի՝ այժմ պետնախարար Սամվել Շահրամանյանի դիրքորոշումից, և որն է նրանց ապագայի տեսլականը։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Բաբայանն ասել է, որ Արցախում մարդկանց մի «նեղ խումբ» ուզում է արցախցիներին սովի մատնել և ստիպել կանգնել մինչև վերջ՝ միայն թե «Երևանում իշխանություն փոխվի»։

Այս հայտարարությունը մատնանշում է Բաբայանի առաջնահերթությունները՝ կարևոր է, որ Երևանում իշխանությունը չփոխվի։ Շահրամանյանի առաջնահերթությունները դեռ հայտնի չեն։

Այն իրավիճակում, որում գտնվում է Արցախը, վաղը նախատեսվում է զուտ սահմանադրական գործընթաց՝ նախագահական ընտրություններ՝ օրենքով սահմանված կարգով։ Նախագահի աշխատակազմը հիշեցրել է ռազմական դրության մասին՝ նշելով, որ ցանկացած չարտոնված հանդիպում կհամարվի ռազմական դրության խախտում։

Դժվար է ասել, թե ինչ կանեն իրավապահ մարմինները “սահմանադրական կարգը խախտելու փորձ կատարողների” դեմ։ Ակնհայտ է, որ հիմա ներքաղաքական քաշքշուկների ժամանակը չէ, ժամանակը չէ հաշվել, թե ով ինչքան է գողացել և ինչ է արել հայրենիքի համար։ Ժամանակն է պահպանել հայրենիքը և չթուլացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անբասիր իրավական դաշտը, որը մնացել է ոչ միայն Բաքվի և Մոսկվայի, այլ նաև հակամարտությունից «հոգնած» միջազգային կազմակերպությունների կոկորդում։

Դավիթ Իշխանյանն Արցախի նախագահի ընտրություններին ընդառաջ հորդորում է չտրվել ժողովրդին պառակտող սադրանքներին

Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը սեպտեմբերի 9-ին երկրում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ հանդես է եկել կոչով՝ ուղղված Արցախի ժողովրդին։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, կոչում ասվում է․
«Հարգելի´  հայրենակիցներ,
Վաղը` սեպտեմբերի 9-ին, Արցախի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն ընտրելու է Հանրապետության նախագահ: Ստեղծված ոչ սովորական իրավիճակում այս քայլին ենք գնում ամեն օր ավելացող մարտահրավերներին արագ արձագանքելու, երկրի ներքին կյանքն արդյունավետորեն կազմակերպելու և արտաքին մարտահրավերներին հավուր պատշաճի դիմագրավելու նպատակով:
Երկրի ղեկավար ընտրելու  իրավունքն ու պարտականությունը Սահմանադրությամբ դրված է ձեր կողմից ընտրված խորհրդարանի վրա: Բացառապես Արցախի Ազգային ժողովի խմբակցություններին է վերապահված  հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու լիազորությունը, ինչն էլ իրականացվել է սահմանված կարգով: Առ այսօր Հանրապետության նախագահի հրաժարականի և նոր նախագահի ընտրության համար նախապատրաստական բոլոր գործընթացները կազմակերպվել են Սահմանադրությանն ու օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով առկա սուր ճգնաժամային իրավիճակը:
Նկատի ունենալով վերջին օրերին հանրային տրամադրություններում զարգացող որոշակի վտանգավոր միտումները՝ այս պատասխանատու պահին, ինձ վերապահված իրավունքով, սթափության կոչ եմ անում բոլորին ու հորդորում չտրվել ժողովրդին պառակտող սադրանքներին, չենթարկվել նեղ խմբային շահերին և հանուն ընդհանուր շահի մի կողմ թողնել անձնական  նախապատվությունները: Ոչ ոք իրավունք չունի մեր հանրությանը, նրա առանձին խմբերի տանել արկածախնդրության մեզ համար ճակատագրական այս ժամանակահատվածում: Ուզում եմ հատուկ ընդգծել և վստահեցնել ձեզ, որ  ներքին կայունությունը խաթարող բոլոր գործողությունները կկասեցվեն օրենքի ուժով:
Մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ ի չիք դարձնելու Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները կազմալուծելու Ադրբեջանի ցանկությունը և որևէ գործողությամբ չպետք է նպաստենք ադրբեջանական հանցավոր նպատակների իրագործմանը:
Մենք հանձնառու ենք պաշտպանելու և ամրապնդելու երեք տասնամյակ կերտած պետականության հիմքերը: Դա մեր ժողովրդի ցանկությունն է, կամքը, և մենք պարտավոր ենք առաջնորդվել այդ պատգամներով:
Հաջողություն եմ մաղթում բոլորիս՝ այս հույժ կարևոր քաղաքական գործընթացն իրականացնելու ճանապարհին:
Հավատացած եղե´ք՝ միասին անհնարը հնարավոր կդարձնենք»:

Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհը շարունակում է փակ մնալ

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժումը շարունակում է փակ պահել Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհը։

Ճակատի ներկայացուցիչ Արշակ Աբրահամյանի խոսքով՝ ցուցարարներին են միացել Ասկերանի և այլ բնակավայրերի բնակիչներ։

«Ակնա-Ասկերան ճանապարհին հերթապահությունն իրականացվում է ըստ ժամանակացույցի, որին մասնակցում են Ասկերանի, Ստեփանակերտի և շրջանների բնակիչները։ Արցախը մերժում է Ադրբեջանի «մարդասիրական օգնությունը».։Արցախցիների համար ընդունելի է միայն Բերձորի միջանցքով Մայր Հայաստանի հետ անխափան կապը»,- ասաց Աբրահամյանը։

ԱԱԾ-ն հորդորում է ցուցաբերել բարձր քաղաքացիական գիտակցություն

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել նշելով, որ սեպտեմբերի 9-ին ԱՀ ԱԺ կողմից ԱՀ նախագահի ընտրություններով պայմանավորված հանրապետությունում ստեղծվել է ներքաղաքական լարված իրադրություն:՛

Ինչպես ասված է հաղորդագրության մեջ` միաժամանակ տարբեր քաղաքական ուժեր, իրավիճակից օգտվելով, հավաքների և ցույցերի անցկացման կոչեր են անում, այդ կերպ փորձելով ապակայունացնել իրավիճակը։

«Տեղեկացնում ենք, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները ԱՀ Սահմանադրական կարգը պահպանելու համար։ Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված սպառնալիքների դեպքում ազգային անվտանգության ծառայությունը պատրաստ է վճռական գործողությունների։

Երկիրը ցնցումների տանելու հայտարարություններ անող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ու առանձին անձանց կոչ ենք անում սթափվել և Արցախի Հանրապետության համար այս վճռորոշ ու օրհասական պահին վտանգի տակ չդնել մեր պետականությունը»,-կոչ է արել ԱԱԾ-ն` քաղաքացիներին հորդորելով ու խնդրելով չտրվել սադրանքների, ցուցաբերել սառնասրտություն ու բարձր քաղաքացիական գիտակցություն և հարգել ԱՀ Սահմանադրությունն ու օրենքները։

Արցախի Ոստիկանության հայտարարությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վաղը` սեպտեմբերի 9-ին, կընտրվի հանրապետության նոր նախագահ։
Հաշվի առնելով ռազմական դրության պայմաններում ԱՀ նախագահի` հավաքներ չանցկացնելու մասին հրամանագիրը, ոստիկանությունը հորդորում է` խստագույնս պահպանել հասարակական կարգը, ցուցաբերել զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների, ստեղծված իրավիճակում չանել երկիրն ապակայունացնող քայլեր։
ՆԳՆ ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակում կիրականացնի հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը։
Հասարակական կարգը կոպիտ խախտած անձանց նկատմամբ ոստիկանությունը կձեռնարկի համապատասխան միջոցներ` օրենքով սահմանված կարգով։

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը դատապարտում է Եվրոպայի րաբբիական կենտրոնի վերջին հայտարարությունն Արցախի վերաբերյալ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը սեպտեմբերի 7-ին տարածած հայտարարությամբ իր խորն ափսոսանքն է հայտնում Եվրոպայի րաբբիական կենտրոնի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ վերջին հայտարարության կապակցությամբ և խստորեն դատապարտում այն։ Այդ հայտարարությամբ եվրոպացի րաբբիներն իրենց վրդովմունքն են հայտնել Արցախում ստեղծված իրավիճակի համար «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման առնչությամբ։

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակն ընդունում է եզրույթի զգայունությունը, հատկապես Հոլոքոստի ժամանակ հրեա ժողովրդի կրած հսկայական տառապանքների լույսի ներքո և լիովին կարևորում հարգանքի տուրք մատուցելու, ինչպես նաև այդ ողբերգական իրադարձությունների հիշատակը պահպանելու կարևորությունը: Եզրույթը չի օգտագործվել որպես պատմական համեմատություն։

Ցեղասպանության միջազգային իրավական սահմանումը, որը ճանաչվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 1948 թվականի համապատասխան կոնվենցիայում, ներառում է հետևյալը՝ «գործողություններ, որոնք կատարվել են ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբին ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնելու մտադրությամբ»։

Ցեղասպանության մասին կոնվենցիայի մասնակից պետությունները ստանձնել են ցեղասպանությունը կանխարգելու և պատժելու պարտականությունը: Արդարադատության միջազգային դատարանի դիրքորոշմամբ՝ «մասնակից պետությունները չպետք է «սպասեն, մինչև կսկսվի ցեղասպանության իրագործումը», և «պարտավորության ամբողջ իմաստը ցեղասպանության կանխարգելումն է կամ կանխարգելու փորձը»:

Տարբեր միջազգային անկախ և մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններ բազմաթիվ զեկույցների ու հայտարարությունների միջոցով ահազանգում են Արցախում Ադրբեջանի շարունակական քաղաքականության մասին, որն իր էությամբ ցեղասպանական է։ Իր վերջին զեկույցում Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն պնդում է՝ «ակնհայտ հիմքեր կան ենթադրելու, որ Ադրբեջանը ներկայումս ցեղասպանություն է իրականացնում Արցախի ժողովրդի նկատմամբ»։ Genocide Watch-ը նույնպես բազմաթիվ ահազանգեր է տարածել այս կապակցությամբ:

Արդեն ինը ամիս է՝ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախի 120 հազար բնակչությանը, այդ թվում՝ 30 հազար երեխաներին՝ բացահայտորեն խախտելով հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ 2023 թվականի հունիսի 15-ից ի վեր Ադրբեջանի իշխանություններն ամբողջությամբ պաշարել են Արցախը՝ արգելափակելով սննդամթերքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիությունը։

Դա տեղի է ունենում, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը, Եվրոպական միությունը, Արդարադատության միջազգային դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոչ են արել Ադրբեջանին անհապաղ վերացնել շրջափակումը: Ադրբեջանն օգտագործում է սովամահության հասցնելու և առաջին անհրաժեշտության ապրանքներից զրկելու քաղաքականություն` հայ ժողովրդին սեփական հայրենիքից հայաթափելու նպատակով:

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Եվրոպայի րաբբիական կենտրոնի անդամներին կոչ է անում ճանաչել իրավիճակի սրությունը Արցախում և հավատարիմ մնալ արդարության և մարդու իրավունքների սկզբունքներին, որպես մի ազգի ներկայացուցիչներ, որը ժամանակին, հանուն արդարության, խիստ կարիք ուներ միջազգային հանրության աջակցության և կարեկցանքի։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ